sirun

90-ականների ուսանողությունը

Զրույց մայրիկիս հետ, ով չցանկացավ «հայտնի դառնալ»

-Մա՛մ, ինձ հիշում ես, չէ՞: Ոնց նայում եմ` ահագին ժամանակ ա` չենք խոսել սուրճի սեղանի շուրջ (թեթև ժպիտ մայրիկի կողմից՝ ի նշան համաձայնության): Ասում եմ` մի-մի բաժակ չչխկացնենք (աչքով եմ անում): Լավ, ուզում եմ մի փոքր պատմես քո ուսանողական կյանքից, նե՜նց հետաքրքիր ա…

Հենց տեսավ տետր ու գրիչս առաջին ռեակցիան այն եղավ, որ ասաց.

-էս ինչի՞ ես գրում, հանկարծ իմ մասին բան չգրես (արդեն տեղյակ էր լրագրողական առաջին քայլերիցս):

Պատասխանը հետևյալն էր. չէ, ի՞նչ ես ասում, ես հո քննիչ չե՞մ:

-Կպատմե՞ս քո ուսանողական կյանքից:

-89 թվականին ընդունվեցի Երևանի կոոպերատիվ տեխնիկում, պարենային ապրանքներ վաճառող: Էտի ես չեմ ուզել, պապաս ա տարել: Էն ժամանակ խանութում աշխատելու համար պետք ա ավարտեիր վաճառողուհի մասնագիտությունը: Ապրում էի հանրակացարանում, օրս շատ հետաքրքիր էր անցնում:

-Կասե՞ս ինչով էր հետաքրքիր անցնում, առաջին անգամ, երբ ոտք դրեցիր Երևան, ի՞նչ էիր մտածում:

-Մանկությունից Երևանը ինձ համար Ոսկի քաղաքի պես բան ա եղել, որտեղ մարդիկ բարի են, լավն են, շենքերը գեղեցիկ են, փողոցները մաքուր են, իսկ երբ եկա, միանգամից հիասթափվեցի մարդկանց չարությունից …

-Ի՞նչ չարություն ես տեսել:

-Վատ տրամադրվածություն ուսանողի նկատմամբ:

-Իսկ ինչպե՞ս ա դա դրսևորվել:

-Օրինակ, հանրակացարանում բնակվելու համար պիտի փաստացի գրանցում արվեր, իսկ ես չգիտեի: Գյուղից անմիջապես տեղափոխվեցի Երևան՝ հանրակացարան, իսկ հանրակացարանի պարետը թույլ չէր տալիս բնակվել:

-Իսկ այդ ընթացքում ուզո՞ւմ էիր հետ` գյուղ գնալ:

-Հա՛, կարոտում էի ծնողներիս, քրոջս, եղբորս:

-Միայն իրե՞նց:

-Ես գյուղ ընդհանրապես չէի ուզում հետ գնալ, ուզում էի քաղաքում սովորել, աշխատել, տուն ստանալ, հետո ծնողներիս օգնել, քրոջս օգնել: Էդ նպատակն էր ինձ պահում, որ ես մնում էի, էդ ծանր դժվարությունների միջով անցնում էի:

-Իսկ ինչո՞վ էիք զբաղվում օրվա ընթացքում, ինչպիսի՞ն էր ձեր առօրյան:

-Գնում էինք դասի, գալիս էինք, մեզ համար ճաշ էինք պատրաստում:

-Բոլորով հավաքվում մի բան էիք սարքո՞ւմ, թե՞ ամեն մեկն իր համար:

-Չէ՛, ամեն սենյակում երեք աղջիկ էին, հերթով սենյակը մաքրում էինք, լվանում էինք, ամաններն էինք լվանում, լվացքն էինք անում:

-Քանի՞ անգամը մեկ էիք տուն գնում:

-Դե, չորս ամիսը մեկ՝ արձակուրդներին՝ Նոր տարուն, մայիսին…

-Ի՞նչն ա ամենաշատը տպավորվել էդ ժամանակներից:

-Ուղղակի էդ կյանքը ուսանողության, որ ինքդ քո գլխի տերն ես, ամեն ինչը քո պատասխանատվության տակ ա, դու ինքդ ես պատասխանատու քո համար:

-Իսկ սիրահարվե՞լ ես էդ տարիներին:

-Երկու րոպեանոց: Ես շուտ էի հիասթափվում մարդկանցից:

-Երկու րոպե՞: Էնքան շուտ, որ երկու րոպե՞: Ո՞րն ա երկու րոպե սիրահարվելը: Ի՞նչ ա եղել, որ դուրդ եկել ա, կամ ի՞նչ ա եղել, որ հիասթափվել ես:

-Ես չեմ հասցրել սիրահարվել: Ժամանակ չեմ ունեցել: Ես ամուսնություն չեմ սիրել: Փոքր տարիքում ամուսնությունից ստացած տպավորություններից. որ ամուսնանում էին շրջապատում, ծեծ ու ջարդ էր լինում, ամուսինները դավաճանում էին, հարսին ստրուկի նման աշխատացնում էին…

-Դու ո՞նց էիր տեսնում այդքանը:

-Շրջապատիս հարևանների հարսներին, քույրերիս… Չեմ տեսե՞լ: Էդ ամեն ինչը տեսնելուց հիասթափվել

-Իսկ քե՞զ… Քեզ սիրահարվե՞լ են:

-Հա՛, շատ (խորհրդավոր լռություն):

-Իսկ ո՞նց ես իմացել:

-Քայլեր են ձեռնարկել:

-Օ՜, էդ ի՞նչ քայլեր Էին: Ժամանակակից տղաների պե՞ս:

-Դե, փորձել են մոտենալ, շփվել, տուն գալ, բայց սառը ժայռի են հանդիպել:

-Հիմա որ նայում ես ուսանողական կյանքին, նմա՞ն ա առաջվանին:

-Որոշ բաներ կա նման, բայց հիմնականում հիմա ուսանողության ուշադրությունը կրթության վրա չի, իհարկե, ոչ բոլորինը: Մեծամասնությունը էնքան որ ուսանող են համարվում, հիմնականում կոչվում են ուսանող, բայց իրենց մեջ ուսման սերը, ձգտումը, նպատակը չկա, ընդամենը իրենք ուսանող են դարձել կամ իրենց ծնողների ցանկությամբ, կամ ուղղակի ընդունվել են խաղալու, թռվռալու համար,ասեն, որ ուսանող են:

-Ձեր ժամանակ էլ էին «թռվռում»:

-Մեր ժամանակ տենց չէր: Մեր ժամանակ մենք գալիս էինք սովորելու նպատակով, իսկ ազատ ժամերին գնում էինք հրապարակ, գնում էինք սրճարան, գնում էինք ֆիլմ էինք նայում, բայց մինչև ժամը 8-ը:

-Իսկ ի՞նչ նմանություն, կամ ի՞նչ կոնկրետ տարբերություններ կան:

-Նմանությունը սովորելու, կուրսեցիների հետ դուրս գալ, ման գալը, ինչ-որ տեղ գնալը, նոր շրջապատ, նոր կոլեկտիվ, նոր ընկերներ… Հիմնականում էդ: Դե էն ժամանակ ուսանողները միասին հանրակացարանում մնում էին, իրար հետ մի սենյակում ապրում էին, իրար հետ կիսում էին ամեն ինչը, իսկ հիմա տենց չի: Հիմա ուղղակի ամեն մարդ իրա տնից կամ բարեկամի տնից գնում ա դասի, գալիս: Հիմա չկա իրար հանդեպ վստահությունը, ազնվությունը, իրար ձեռք մեկնելը: Հետո` ուսանողի նպատակը: Էն ժամանակ մենք նպատակ ենք ունեցել սովորելու, աշխատելու, տուն ստանալու, ապագայի երազանք ենք ունեցել, իսկ հիմա ուսանողները ուղղակի… Ես ի՞նչ իմանամ` հիմիկվա ուսանողներն ինչ են մտածում (մի փոքր հարձակողական)

-Լա՜վ, ի՞նչ կա հիմա, որ կուզենայիր լիներ էն ժամանակ՝ քո ուսանողական տարիներին, որ կարող էր օգնել:

-Իմ համարձակությունը: Հիմիկվա իմ համարձակությունը էն ժամանակ լիներ, ու շատ բան կփոխվեր:

-Իսկ տեխնիկական միջոցներից ի՞նչ լիներ:

-Օրինակ, ինձ համար ավելի լավ է գիրք կարդալ, քան համակարգչով ինչ-որ բան բացել, նայել:

-Այսինքն, լա՞վ էր, որ չկար համակարգիչ:

-Էտ էնքան լավ էր, որ մենք ռեալ, իրական շփվում էինք, մեկս մյուսից հարցնում էինք, գիրք էինք վերցնում գրադարաններից, փորփրում էինք, իսկ հիմա ի՞նչ ա, մի հատ կտտացնում ես` Թումանյան, բերում ա, էս ինչ հեքիաթը՝ բերում ա… էդ երկու տարեկան էրեխեն էլ կարա անի:

-Բայց հիմա այսպես ավելի հեշտ չի՞, ավելի ձեռնտու չի՞: Սենց գոնե ժամանակի մեջ տեղավորվում ես…

-Նրա լավը էն էր, որ մեր ուղեղը աշխատում էր, որ մեր ուղեղը մտածում էր, իսկ հիմա մեր ուղեղը չի մտածում: Էն ժամանակ մեր ուղեղը մտածում էր շարադրություն գրել, իսկ հիմա շարադրությունը պատրաստ բերում են, արտագրում, ընդամենը աչքի տեսած են անում: Հիմա ընդամենը նայում են, բերում ա, կարդում կամ արտագրում են, տանում են հանձնում, իսկ մեր ժամանակ դիպլոմայինը գրում էինք, սովորում էինք, ծանոթանում էինք հազար գրքի, հեղինակի հետ: Հիմա, օրինակ, ինձ դուր չի գալիս էս ինտերնետայինը…

-Այ, եթե հիմա ուսանող լինեիր, ի՞նչ կանեիր: Կամ կուզենայի՞ր ուսանող լինել, բացի համարձակությունից, է՞լ ինչ կփոխեիր: Կա՞ ինչ-որ մի բան, որ սխալ ես արել ու կուզենայիր շտկել, կամ էնպիսի լավ բան ես արել, որը հիասթափեցրել ա, ու փոշմանել ես դրա համար:

-Հա՛, կուրսս փոխելու համար եմ փոշմանել: Երկու տարի չէի ամուսնանա ու կյանքս այլ կերպ կդասավորվեր: Հնարավոր ա` դրանից կախված շատ բան փոխվեր: Իմ կուրսը չպիտի փոխեի իրա պատճառով, նրան էլ չպիտի բերեի ինձ մոտ պահեի… Ինքս իմ վրա ծանրություն վերցրեցի ու շատ բանից կտրվեցի: Եթե ես իմ դասընկերուհուն չհանդիպեի, երկու տարի խոհարար հրուշակագործ կսովորեի, վաճառող չէի սովորի, բնականաբար, ուրիշ կերպ կլիներ իմ կյանքը, և հնարավոր էր, ես ինչ-որ տեղ աշխատեի:

-Իսկ էլ ի՞նչ կուզենայիր պատմել: Որ գնում էիք կինո, թիթիզանում էիք, չէիք թիթիզանում… Կամ ո՞նց էիք թիթիզանում:

-Սովորական: Հագնում էինք մեր լավ շորերը, որը որ սիրուն ա, տոնական տեսքով ա, հագնվում էինք, քսվում էինք, մազերներս սարքում էինք, մեզ էնտեղ տենում էին, հետևներիցս էին ընգնում… Ու ոնց որ հիմա ասում էին` քուր ջան, մի րոպե կարելի ա… (մտածմունքը դեմքին և անկեղծ ժպիտով):

-Իսկ ինձ՝ որպես ուսանողի, ի՞նչ խորհուրդ կտաս:

-Ավելի համարձակ լինել, ավելի նպատակասլաց լինել, խոչընդոտները ինքնուրույն հաղթահարես, փորձես հասնել ինչին ձգտում ես, չդադարեցնես ձգտումը, մի կետի չհասնես ու կանգնես, ասես` լավ, էսքանը հերիք ա: Փորձես ամեն օր քեզ համար մի նոր բան ստեղծել, որ քո կյանքն ավելի հետաքրքիր լինի:

-Բայց ես տենց անո՞ւմ եմ:

-Բա ինչ ես անում: Սաղ օրն էլ դրա վրա ես, որ չանեիր, հիմա էտ ինչ ես գրում… (անկեղծ ժպիտներով ու սիրով)…

Սա էլ իմ առաջին հարցազրույցը….