Մանե Բաբաջանյանի բոլոր հրապարակումները

Mane Babajanyan

Հանուն երազանքի

Գիտե՞ք, այն ինչ կասեմ հիմա, գուցե շատերիդ համար անընդունելի կամ անհասկանալի թվա, բայց հաճախ մեռած երազանքներն ավելի մեծ ցավ են պատճառում, քան հարազատ մարդու կորուստը:

Հիմա բացատրեմ: Պատկերացրեք դուք ունեք մի նվիրկան երազանք՝ դուք դրան եք տրամադրում ձեր ողջ ժամանակն ու մտքերը, օրեր ու ամիսներ շարունակ գիշերները քնելու փոխարեն պատկերացնում եք դրա իրականացումն ու անկախ ձեզանից ժպտում,  ու մի օր…

Մի օր պարզապես ամեն ինչ փշրվում է՝  անսպասելի ու միանգամից,  ուղղակի կորչում է վայրկյանների գլխապտույտ հոսքի մեջ,  ու դու հասկանում ես, որ երազանքդ մեռնում է,  ու դրա հետ նաև՝ սրտիդ մի մասը:

Ես դա հասկացա ամիսներ առաջ՝ ինձ համար շատ անսպասելի պահի, սկզբում չհավատալով, ապա՝ խելագարության հասցնող ցավով ընդունեցի այն ու հասկացա, որ երազելը միայն ցավ է պատճառում: Երբ հասկանում ես, որ հաշված օրեր հետո օդ բարձրացող ինքնաթիռն իր հետ տանում է երազանքդ, ու այն էլ՝ անդարձ, դադարում ես այլևս երազել: Եվ հիմա ես պարզապես էլ չեմ երազում ու չեմ էլ ցանկանում երազել:  Համաձայն եմ, շատերդ հիմա զարմացաք, կամ գուցե նաև մեղադրեցիք ինձ, բայց այո, ես մեկն եմ, ով չունի և ոչ մի երազանք, ոչ մի:

Ու գիտե՞ք ինչու, երբ երազանքդ փշրվում է քո իսկ աչքի առաջ՝ սիրտդ ասես փախչում է տեղից, բաբախում է գլխապտույտ արագությամբ, հետո… Հետո դանդա՜ղ մեռնում է: Ու դրանից հետո նորից երազել շարունակելու համար մեծ ուժ ու համարձակություն է պետք, որը, ցավոք, ես չունեմ: Եվ այո, ես էլ չեմ երազում, քանզի հասկացել եմ, որ կյանքում ամենացավալին դա երազանքդ թաղելն է, ու դադարելը երազել դրանից հետո:

Խնդրում եմ ինձ նման երբեք չվարվեք. պայքարե՛ք ձեր երազանքի համար, ու անկախ ամեն ինչից, երբեք մի դադարեք երազել, հիշե՛ք՝  երազանքը թևեր է տալիս կյանքում առաջ շարժվելու համար…

Դե իսկ ինձ մնում է միայն սպասել մինչ երազանքիս ինքնաթիռը նորից հետ կգա, կամ գուցե և չգա էլ: Բայց դուք սպասեք ձեր ինքնաթիռին ու երբեք, լսո՞ւմ եք, երբեք չդադարեք երազել:

Խմբագրության կողմից. Մանե, այն որ ուրշներին խորհուրդ ես տալիս չվհատվել, կեցցես, հենց նույնը քեզ ենք մաղթում: Երբեմն մենք երազում ենք բաներ, որոնք բոլորովին էլ մեր երազանքները չեն: Կամ` դեռ ժամանակ ու պատրաստություն ես ուզում մեզնից, մի տեսակ փորձում են մեզ` արդյո՞ք իսկապես ուզում ենք իրենց, արդյո՞ք պատրաստ ենք ընդունելու: Վեր կաց և մի վհատվիր: Ամեն բան լավ է լինելու:

Mane Babajanyan

Կյանքը տանիքից

Ամեն օր արթնանալով նույն միջավայրում ու անընդհատ տեսնելով շրջապատը նույն կետից, հաճախ ամբողջությամբ չենք կարողանում ընկալել կյանքը: Պետք է կարողանաս այն դիտել տարբեր կողմերից, ու գուցե ամենաչնչին իրերն ու երևույթներն անգամ քեզ նոր գույներով երևան: Ինձ համար միշտ երազանք է եղել տանիք բարձրանալն ու այնտեղից տեսնել ինձ արդեն հարազատ դարձած միջավայրը: Ընկերուհիներիցս մեկի հետ մի օր որոշեցինք իրականացնել այդ երազանքն ու բարձրացանք շենքի տանիք: Սկզբում մի քիչ վախենալով, բայց հետո այդ վախը վերածվեց մի հաճելի զգացողության, որն այժմ դժվարանում եմ բացատրել: Կյանքը տանիքից մի տեսակ ավելի գունեղ ու հիասքանչ է երևում: Երբ ամեն ինչին նայում ես շատ վերևից, ու քեզ թվում է, թե քո ու ներքևում գտնվողների միջև մի անհաղթահարելի տարածություն է, սկսում ես գնահատել այն, ինչն ունես:

Ամեն անգամ տանիք բարձրանալիս իմ ողջ հույզերն ու զգացումները խառնվում են իրար, ու ինձ պարուրում է մի տարօրինակ զգացում, որն ասես հաճելի վախ լինի: Հետաքրքիր է հնչում, չէ՞: Հաճելի վախ, կարծում եմ տարօրինակ արտահայտություն է, բայց միայն դա է բնութագրում այն, ինչ զգում եմ: Եվ ամեն անգամ տարբեր են զգացմունքներիս չափն ու ուժգնությունը: Մանավանդ, երբ տանիքից դիմավորում եմ մայրամուտը:

Մայրամու՜տը… Նարնջագույնով պատված երկինքը, որը քեզ այնքա՜ն մոտ է թվում, այնքա՜ն հասանելի: Երբ տխուր եմ լինում, միշտ բարձրանում եմ տանիք և ուղղակի լուռ նստում եմ այնտեղ: Այդ հանգստությունը, որ կա վերևում, մի տեսակ ապրեցնում է. վերադարձնում է կյանք: Ու ամեն անգամ, երբ նորից ցած եմ իջնում տանիքից, երկար ժամանակ չեմ կարողանում ուշքի գալ, ասես ամպերի վրայով քայլելիս լինեմ: Երբ մտածում եմ, որ ընդամենը մի քայլ, ու կարող էր ամեն ինչ ավարտվել, սկսում եմ ավելի ուժգին սիրել կյանքն ու ժպտալ ամեն ինչին և ամենքին: Դե, իսկ տանիքն ինձ համար դառնում է բաց պատուհան, որտեղից ծագում է արևը ու տալիս հնարավորություն կյանքը նոր գույներով ընկալելու համար:

Mane Babajanyan

Ժամանակն անզոր է

Ամեն ինչ սկսվեց չորս ամիս առաջ: Ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրը մտերմացա նրա դասընկերուհու՝ Սյուզիի հետ, ով բոլորովին նոր մարդ էր մեր շրջապատում: Այդ օրվանից հետո ես և նա էլ ավելի մտերմացանք: Հետո ստացվեց այնպես,  որ ես տեղափոխվեցի նրանց դասարան, և այժմ մենք մտերիմ ընկերուհիներ ենք: Իրականում մենք շատ տարբեր մարդիկ ենք, ու հենց դա էլ միավորում է մեզ,  որովհետև մենք լրացնում ենք միմյանց,  ինչպես ասում են, մեկը սիրտն է, մյուսը՝  ուղեղը: Մենք մեզ իրար հետ շատ լավ ենք զգում,  քանի որ ազատորեն կարող ենք խոսել ամեն ինչի մասին և վստահ լինել,  որ միմյանց հասկանում ենք ու կարող ենք օգնել իրար: Ամեն ինչ հրաշալի էր, ավագ դպրոց գալով ես հենց այդպես էլ պատկերացնում էի՝ կգնամ նոր դպրոց, կծանոթանամ նոր մարդկանց հետ ու գուցե կգտնեմ այն ընկերուհուն, ում հետ ազատորեն կկարողանամ խոսել իմ զգացմունքների ու հույզերի մասին:  Եվ կարծես իմ պատկերացումներն իրականացել էին,  թվում էր, թե ոչ-ոք չի կարող բաժանել մեզ,  սակայն… Մեր մտերմանալուց ընդամենը երկու ամիս անց ես իմացա,  որ ամռանը նրանց ընտանիքը գնալու է Հայաստանից՝ իր հոր մոտ:  Այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց, աշխարհը կարծես դադարեց գոյություն ունենալուց, ու առաջին հերթին ես ինքս փոխվեցի: 

Դա ինձ համար շատ ծանր հարված էր, որից հետո ամեն բան խառնվեց իրար: Սյուզին և ուզում է գնալ, և՝ ոչ: Ուզում է գնալ, քանի որ քաջ գիտակցում է, որ հորից հեռու ապրելն անհնար է,  իսկ ուզում է մնալ,  որովհետև այստեղ շատ բան է թողնելու՝ մի ողջ կյանք, հուշեր,  երազներ և վերջապես մարդիկ, առանց որոնց շատ դժվար կլինի իր համար:

Երբ հարցնում եմ իրեն՝ ասում է,  որ ամենից շատ կկարոտի շրջապատը՝ ընկերներին: Դե, իսկ ես… Ես ամեն ինչ կտայի, որ նա մնար,  քանի որ առանց իրեն դժվարանում եմ պատկերացնել ինձ: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք շատ ենք մտերմացել,  ու հիմա ես պարզապես չեմ ուզում կորցնել նրան: Այդ լուրն իմանալու օրից ի վեր ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ,  որ գուցե էլ երբեք չհանդիպեմ նրան,  չկարողանամ նայել աչքերին ու ասել, թե ինչ եմ մտածում: Չկարողանամ տեսնել ինձ այդքան հարազատ դարձած ժպիտը…

Մնում է հավատալ,  որ հեռավորությունը չի կարող բաժանել մեզ: Վերջում մի բան եմ ուզում ասել բոլոր նրանց,  ովքեր երբևէ կհայտնվեն նույն իրավիճակում՝ երբեք չհանձնվեք ու թույլ չտաք,  որ ժամանակն ու տարածությունը խանգարեն ձեզ:

Հ.Գ. Սյուզ,  եթե դու կարդաս սա, իմացիր,  որ անկախ հանգամանքներից դու ինձ համար ամեն ինչ ես, ու առանց քեզ ինձ համար շատ դժվար կլինի: Ոչ ժամանակը,  ոչ էլ անգամ տարածությունը չեն կարող խանգարել մեր ընկերությանը: Քեզ միշտ կկարոտեմ ու կսպասեմ,  որ մի օր այստեղ ամեն ինչ առաջվանը կլինի, ու ես էլի կտեսնեմ ինձ այդքան հարազատ ու ջերմ դարձած ժպիտդ:

Վարդանը

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Մեր սրտի մի փոքրիկ անկյունում բոլորս էլ ունենք երազանքներ, ձգտումներ ու նպատակներ, որոնք շաղկապված են խաղաղության հետ ամենանուրբ ու ոսկեփայլ լարերով: Խաղաղությունն այն է, ինչի համար ամեն մի հայրենասեր զոհում է իրեն: Այսօր այն մեզանից յուրաքանչյուրի համար կյանքի նպատակ է, ազատ, հանգիստ ու արժանապատիվ ապրելու ձգտում: Եվ հանուն այդ մեծ նպատակի, հանուն լուսավոր ու խաղաղ ապագայի, մեծ կյանքի շեմից դեռ նոր ներս մտած երիտասարդը անքուն, ամբողջովին միայնակ՝ ցրտի, բնության ու թշնամու առաջ, կանգնել ու հսկում է մեր խաղաղ քունը: Այդ երիտասարդը եղբայրս՝ Վարդանն է: Կյանքով լեցուն քսանամյա այս տղան մինչ բանակ գալն ուներ իր պատկերացումները կյանքի ու ապագայի հանդեպ: Երազում էր բժիշկ դառնալու մասին, որպեսզի մարդկային կյանքեր փրկեր: Նա սիրում էր, սիրում՝անմնացորդ, ու մտովի արդեն իսկ կառուցել էր իր երջանիկ ապագան, որի անբաժան մասնիկը սիրած աղջիկն էր: Նրանց սերն այդ երկու տարիների ընթացքում հաղթահարել էր բոլոր դժվարությունները: Ընդամենը երկու ամիս… Երկու ամիս, և Վարդանը կվերադառնար բանակից՝ աղջիկը նրան էր սպասում ու… Հնչեց կրակոցի ձայնը: Թողնելով ապագայի կիսատ երազները, նա վերցրեց կողքին դրված զենքն ու գիտակցաբար գնաց մահվանն ընդառաջ: Ու այդ անվերջանալի թվացող կրակոցների ներքո, որոնք ասես մահվան քայլերգ լինեին, նա զոհվեց հանուն կյանքի, հանուն ապագայի և… հանուն սիրո:

Նա մահացավ, որ մենք ապրենք, ապրենք արժանապատիվ, որ այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում կարողանանք անել այն, ինչ ինքը չհասցրեց: Եվ այդ ամենը հանուն խաղաղության, մի խաղաղության, որ կյանք արժի: Բայց թեև կիսատ, միևնույն է, այդ պատմությունը կկարդացվի, այն կապրի մեր բոլորի սրտերում հավերժ:

Նրա կորստյան ցավին խառնված հպարտությունն օգնեց մեզ ոտքի կանգնել ու շարունակել ապրել, որպեսզի ավարտին հասցնենք իր կիսատ թողած գործերը: Իսկ սիրած աղջիկը… կհասկանա նրան, ու գուցե մեծ դժվարությամբ, բայց կշարունակի ապրել, կշարունակի ժպտալ ու հպարտանալ, որ նման ընկեր է ունեցել:

Վարդանն այդպես կուզենար, վստահ եմ…

Գովք գրքերին

 

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երբ հանկարծ մի հետադարձ հայացք ես նետում դեպի անցյալ, հասկանում ես մի պարզ ճշմարտություն: Այն, որ աշխարհը գոյություն է ունեցել և հիմա էլ կա հենց գրքերի շնորհիվ: Այդ գրքերն են, որ ունակ են փոխելու աշխարհը և մեզանից յուրաքանչյուրին, ով ձգտում է դեպի գեղեցիկն ու երկնայինը: Նրանք են, որ թափանցում են մարդու ամենամութ անկյունները, բացահայտում նրա հոգին, նրա հույզերն ու երազները: Այդ գրքերն են, որ մեզ լցնում են հավատով կյանքի ու աշխարհի հանդեպ, որ ստիպում են հավատալ հրաշքներին: Ճիշտ է, մարդիկ դուրս գալով հեքիաթից տարբեր կերպ են արձագանքում իրականությանը, բայց հավատացեք, նրանք երբեք չեն չարանում այն հեքիաթի հանդեպ, որն իրենց երջանկացրել է, թեկուզ կարճ ժամանակով, բայց հույս է պարգևել: Եվ հենց այդ հույսն էլ օգնում է ինձ հավատալ, որ կգա մի ժամանակ, երբ մարդիկ մեծ նշանակություն կտան գրքերին: Ես անկեղծ հավատում եմ դրան, քանի որ հենց հավատն է մեզ թևեր տալիս երկինք սլանալու ու աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

Այսօրվանից դասերն սկսվում են: Գուցե հենց այսօրվանից  սկսենք այլ կերպ վերաբերվել գրքին և ընթերցանությանը: