Հիշում եմ՝ երեք տարի առաջ էր, առաջին անգամ ընկերուհուս հետ ուշացած եկանք դասի: Դպրոց մտնելուն պես ուսուցչուհիս ասաց, որ գնանք ինֆորմատիկայի սենյակ, շատ կարևոր դաս է: Ներս մտանք, բայց մեր ուսուցիչները չէին, ներկա գտնվեցինք մի դասընթացի և ծանոթացանք «Մանանա» կենտրոնի թիմի հետ:
Իհարկե, հենց առաջին պահից սկսած ամեն ինչ շատ լավ էր: Այն փաստը, որ այսուհետև քո մտքերը լինելու են ոչ միայն քեզ համար, այլ բոլոր ընթերցել սիրողների, և այն, որ տարբերվելու ես մյուսներից, արդեն իսկ տպավորիչ էր:
Հետո հաճախեցինք քառօրյա դասընթացներին և որոշեցինք դառնալ պատանի թղթակիցների ցանցի անդամ:
Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ իրականում կայացնում եմ կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկը, որը հետո է իր պտուղները տալու:
Եվ այդպես սկսեցի պարբերաբար նյութեր հրապարակել: Ընկերներս ասում էին, որ լավ է ստացվում գրելը, ինչից էլ ոգեշնչվում էի:
Անցավ ժամանակ: Եկավ հաջորդ ու կրկին ինձ համար շատ կարևոր մի փորձություն: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը յուրաքանչյուր մարզից պետք է ընտրեր երեք թղթակցի մարզում նորությունները լուսաբանելու համար:
Իրականում մտքիս ծայրով էլ չէր անցնում, որ երեք մասնակիցներից մեկը ես եմ լինելու: Սկսվեցին եռօրյա դասընթացները: Պարբերաբար մեկնում էինք Գյումրի վերապատրաստումների, և իրար հետևից սկսեցին լույս տեսնել իմ հոդվածները` արդեն «Ասպարեզ» շաբաթաթերթում:
Ու կարծես քայլերս կամաց-կամաց գնում էին դեպի լրագրություն: Երբեք չէի մտածի, որ այս մասնագիտությունն եմ ընտրելու: Բայց շատ ուրախ եմ այդ որոշմանս համար: Եվ արդեն կարող եմ հպարտությամբ ասել, որ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի լրագրության բաժին:
Կյանքի մի նոր ուղի և ճանապարհ կա առջևում: Նոր հաջողություններ և փորձություններ: Արդեն նյութերս լինելու են համալսարանից, այլ ոչ դպրոցից: Կարծում եմ` ակնառու փոփոխություն է:
Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով:
Հարցազրույց Երևանի մշակույթի համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանի հետ


Իմ կյանքի առանձնահատուկ, կարևոր և հիշարժան օրերից մեկն էր. առաջին անգամ գտնվում էի նախագահի նստավայրում: Հանդիպեցինք և անձամբ շփվելու հնարավորություն ունեցանք վարչապետ Կարեն Կարապետյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամեն տարի բարձր առաջադիմություն ցույց տվող աշակերտները խրախուսվում և պարգևատրվում են նախագահի կողմից: Այս տարին նույնպես բացառություն չէր: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի կրթական պարգևների հանձնումը: Պարգևատրվեցին լավագույն առաջադիմություն ցուցաբերած 17 աշակերտներ և 26 ուսանողներ 6 բուհերից և 8 ավագ դպրոցներից: Այս տարի աշակետների կողքին էինք գտնվում նաև մենք, քանի որ մասնակցել էինք «Technovation» աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթին և մեր ստեղծած «Ժեստերի լեզու» հավելվածով դարձել հաղթող: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք այս պարգևների հանձման արարողությանը ներկա գտնվել: Ինչպես իր ելույթում նշեց նախագահը՝ երբեք պետք չէ հիասթափվել, միշտ պետք է շարունակել սովորել, կատարելագործվել և քայլ առ քայլ մոտենալ երազանքին:












Հուլիսի 14-ը Կարբի համայնքում շատ կարևոր օր էր: Երեսունից ավելի խելացի, գործունյա երիտասարդներ ջանք ու եռանդ չխնայեցին գյուղն ավելի զարգացնելու համար: Նպատակն էր՝ գյուղում ստեղծել երիտասարդական կենտրոն: Կենտրոնի ֆինանսավորմանը աջակցել է «ԿԱԶԱ» հիմնադրամը:
Ակումբի բացման գործում իրենց մեծ ներդրումն ունեն Անուշ Խուդավերդյանը, Ծաղիկ Գրիգորյանը, Անի Սարգսյանը և շատ այլ բանիմաց երիտասարդներ: Ներկա էին խորհրդի բոլոր անդամները, դպրոցական աշակերտներ, համայնքապետարանի անձնակազմը և Կարբիի բնակիչները: Իհարկե, որոշ խնդրիների պատճառով հետաձգվեց բացման օրը, բայց այն երկար սպասեցնել չտվեց: Երեխաները միշտ դժգոհում էին, որ գյուղում չկա ժամանցի վայր, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել: Իսկ այսօր այդ խնդիրն արդեն կարելի է համարել լուծված:
Ամեն շաբաթ և կիրակի օրերին կրկին գործի են անցնելու երիտասարդական խորհրդի անդամները՝ համայնքի երիտասարդների օրը ավելի լավ, զվարճալի և գիտելիքներով լեցուն դարձնելու համար: Այս ակումբը առաջինն էր, բայց համոզված եմ, որ ոչ վերջինը: