Սոնա Թումանյանի բոլոր հրապարակումները

Sona Tumanyan

Թևեր տալ երազանքներին

Երազել, երազել ու էլի ու էլի երազել: Դե չենք կարողանում ապրել առանց դրա գոյության: Ոմանք հասնում են դրանց` դիմելով անհնարինին, բայց կա մարդկանց մի խումբ, որ թողնում է անկատար:

Ես ունեցել եմ շատ երազանքներ` հասել դրանց ամեն գնով: Ունեցել եմ երազանքներ կապված ընտանիքիս, շրջապատիս, ուսման ու գիտելիքի հետ: Ցանկացել եմ դառնալ կայացած մարդ ու երեխա, որով հպարտանան ծնողներս: Ինչպես բոլորը, այդպես էլ ես, երազել եմ նմանվել հոլիվուդյան ֆիլմերի դերասաններին կամ հերոսներին: Ցանկանում եմ նմանվել Ավալոնին, ինձ թվում է, որ քչերն են դիտում այդպիսի ֆիլմեր, բայց ես կփորձեմ նկարագրել նրան: Նա պաշտպանում է էլֆերին, չնայած նա տղամարդ է, բայց ինձ դուր է գալիս նրա դրական կերպարը: Ինչևէ, անհնարին երազանք: Ունեմ մեծ երազանք նկարահանել ֆիլմ, իմ պատկերացումներով: Դասարանում, երբ խոսում ենք ֆիլմերից, ոմանց համար դրանք անհետաքրքիր են լինում: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ֆիլմեր չեն դիտում, իսկ ոմանք էլ` միայն սիրային ու ռոմանտիկ ժանրի: Նայելով դրանք, հավատում են միայն սիրո գոյությանը: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում նրանց: Ու ամենահետաքրքիրն այն է, երբ խոսում ենք ֆիլմերից, դերասաններից, Անին զարմացած հարցնում է.

-Երեխե’ք, էդ ի՞նչ կինո ա, ասեք` գնամ-նայեմ:

-Անի ջան, մեկ ա, չես նայի, դու մենակ ռոմանտիկ կինոներն ես նայում,- ասաց հավաքվածներից մեկը:

-Դուք էլ են ֆանտաստիկայից դուրս չեք գալիս, էլի,- քմծիծաղով ասաց Անին:

Խոսում էի երազանքներից, հասա ֆիլմերին: Իմ հասակակիցներին խորհուրդ կտամ պայքարել անգամ չնչին երազանքի համար, բայց չապրել դրանցով:

Հ. Գ.  Հա մեկ էլ,  չհենվեք շրջապատի կարծիքների վրա, հնարավոր է` նրանք ուղղակի նախանձում են ձեզ:

Sona Tumanyan

Ամենակարճ ամառային արձակուրդները

 Արդեն ամառային արձակուրդներ են: Մարդիկ վայելում են ամառը, հանգստանում` լիցքաթափվելով լցվում են ամառային արևի դրական էներգիայով: Իսկ արդյոք որտե՞ղ են ինները, ինչո՞ւ դրսում չեն խաղում, չեն զգում ամռան ջերմությունը և. ի վերջո, ինչո՞ւ են նրանց փայլող աչքերը գիշերային անքնությունից ուռել և «դեֆորմացվել»:

Ես գիտեմ դրա պատասխանը. մենք քննության ենք: Օրերն անցնում են մեկը մյուսին հաջորդելով, բոլորի համար սովորական, բայց մեզ համար անսովոր. երևի ցանկանում ենք տարբերվել մյուսներից: Կարծես թե չեն եկել այդպես սպասված ամառային արձակուրդները, վերջապես մեր «սիրելի» դպրոցին չենք  ասի այդքան սպասված բառերը. «Հաջողություն, երեք ամիս էլ չեմ գալու»:

Ահա եկավ առաջին քննության օրը: Բոլորս պարտաճանաչ եկել էինք: Աղջիկ-տղա հորանջելով մտանք դպրոց: Վերցրինք նստարանի համարները. ինձ ընկավ 9-րդ համարը: Կարծես թե ամեն ինչ լուռ էր, չկար ոչ մի շշուկ, անգամ շատախոսները լուռ խորհում էին: Բերեցին հայոց լեզվի քննության թեսթերը: Դավիթը, համարձակ գտնվելով, բացեց ծրարը, իսկ տղաները կատակեցին.

-Դավո՛, ձեռդ խերով ըլնի:

Մեծ ակնկալիքներ ունենալով` ջանասիրաբար գրում էին` չմտածելով արդյունքների մասին: Երեխաները չորս կողմից հարցախեղդ էին անում, իսկ մենք` ուսուցիչներին, ու ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք չէին պատասխանում հարցերին, քանի որ Ն.Զ.Պ-ի և երկրաչափության ուսուցիչներ էին ու գաղափար չունեին հայոց լեզվից և գրականության քննական թեստերից: Եվ հենց այսպես անցավ մեր` չարաճճիներիս, առաջին քննությունը:

Շուտով քննությունները կավարտվեն, և կսկսեն երկար սպասված արձակուրդները:

Արդեն ութանասունչորս տարեկան եմ, է…

 Հարցազրույց Մարին տատիկի հետ

-Մարին տատիկ, դուք երգչուհի Նարինե Դովլաթյանի տատիկն եք, արդյո՞ք դա պարտավորեցնող է:

-Այո, ո՛չ թե պարտավորեցնող, այլ հպարտացնող, որ այդպիսի թոռնուհի ունեմ ու ես էլ պարապում եմ իր հետ: Նարինես իմ թոռնիկն է, ես պահել ու մեծացրել եմ նրան, սովորեցրել այն ամենը, ինչ գիտեմ: Երգելը սովորեցրել եմ, երգել է ինձ հետ: Երգելու ժամանակ անգամ մարդիկ են լսել և հարցրել , թե`  ով  է քեզ սովորեցրել երգել, իսկ նա ասել է` իմ Մարին տատիկը: Չորս տարեկանից իր հետ պարապել եմ:

-Ձեր ընտանիքում արդյոք եղե՞լ են երգիչներ: Ումի՞ց է ժառանգել Նարինեն երգելու կարողությունները:

-Մեր ընտանիքում շատ կային երգիչներ՝ ես, եղբայրս: Միշտ մեր տանը երգն անպակաս է եղել: Մենք մանուկ հասակից երգել ենք, ու մեզնից էլ ժառանգել են մեր թոռները: Նա հարցազրույցների ժամանակ նույնպես չի թաքցնում, որ ես եմ սովորեցրել նրան երգել: Հիշում եմ, մեր դպրոցում կար երգի և պարի համույթ, որի ղեկավարը ես էի, նաև ինձ առաջարկում էին ուսումս շարունակել  Եղեգնաձորում:

-Ես լսել եմ, որ ձեր տանը կա գրադարան, և դուք կրթված կին եք:

-Այո, դա ճիշտ է: Ես ունեմ շատ գրքեր: Դրանք հիմնականում իմ պատշգամբում են: Անգամ սիրում եմ գրքեր կարդալուց  հետո տպավորություններս գրել: Ես միշտ ամեն ինչում եղել եմ առաջինը, ձգտել բարձունքների:

-Իսկ ունեցե՞լ եք երազանքներ, որոնք չեն կատարվել:

-Այո, ցանկանում էի սովորել, բայց  չկարողացա, քանի որ հորս աքսորեցին, ու մայրս միայնակ  չկարողացավ չորս երեխաների ուսման տալ:

-Իսկ  ի՞նչ  էիք ուզում դառնալ:

-Մանկավարժ, ցանկանում էի ունենալ լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորում:

-Լավ , շնորհակալություն հարցազրույցի համար:

-Տու էլ ապրես, Սոնա ջան, մըկը իմ թայը վիրն էլ խարցուցես, մե բառ չինը ասի: Արդեն ութանասուն չորս տարեկան եմ, է:

-Դե, քեզ առողջություն ու երկար տարիների կյանք, Մարին տատի:

Զրույցը վարեց Սոնա Թումանյանը

 

Մենք արդեն թղթակից ենք

Երբ  դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:

Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:

Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.

-Մամ, տե՛ս, նկարողներն են,- ժպտալով ասում էին նրանք:

Շատ հաճելի էր լսել, որ մենք արդեն ոչ միայն իրենց համագյուղացի էսինչի թոռ Սոնան ու Անին ենք, այլ լրագրող, թղթակից: Դա նաև պարտավորեցնող է:

Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի

Sona Tumanyan

Ժամանակ ունեմ

Երբ փոքր էի, երազում էի դառնալ մանկավարժ, ցանկանում էի գնալ հորաքրոջս հետքերով: Սիրում էի այդ մասնագիտությունը: Երբ 10 տարեկան էի, լեզվի և գրականության ուսուցչուհի էի խաղում եւ ուղագրություն էի սովորեցնում 8-ամյա քրոջս: Կազմում էի տեստեր, թելադրում նյութեր: Անգամ ժամանակ առ ժամանակ բարկանում, երբ չէր անում ասածներս: Բայց ես միշտ ներողամիտ էի գտնվում նրա հանդեպ: Փորձում էի անել այնպես, որ նա սիրի այդ առարկան, ոչ թե սովորի միայն գնահատականի համար: 

-Ուֆ, Սոն, ի՞նչ լեզու, ի՞նչ գրականություն, ես ավելի լավ ա` դասերս սովորեմ,- ասում էր քույրս:

Եվ այսպես ամեն օր: Իսկ երբ մեծացա, փորձեցի հետաքրքրվել այդ մասնագիտությամբ, հասկացա, որ միայն լեզվի և գրականության իմացությունը չէ, որ քեզ պետք է դարձնի մանկավարժ: Իմացա, որ պետք է հոգեբանորեն մոտենաս երեխային, մտնես նրա դրության մեջ: Բայց օր-օրի հիասթափվում էի այդ մասնագիտությունից, պատճառն այն էր, որ փոխվում էին ուսուցչուհիները: Դեռ չէի հասցնում սովորել մեկին, գալիս էր մյուսը` նոր մոտեցումներով, նոր պահանջներով…

Հիմա արդեն 14 տարեկան եմ, բայց դեռ ժամանակ ունեմ ընտրելու նոր և ինձ համար ավելի հոգեհարազատ մասնագիտություն, դե ինչպես մեր մեծերն են ասում` ժամանակը ցույց կտա:

Sona Tumanyan

Ամպերից կախված

Մանկությունս անցել է Մալիշկայում: Մեր բակում իմ տարիքին երեխաներ չկային, բայց ես խաղում էի ինձանից 2-3 տարով փոքրերի հետ: Երեք  ընկեր էինք, միշտ միասին: Խաղում էինք շատ զվարճալի խաղեր՝ պահմտոցի, գոռոզա նաև ունեինք մեր հորինածները՝ շեֆ-շեֆ, խանութ-խանութ: Երբ 5 տարեկան էի, հետևում էինք մեր թաղի հարևաններին, պարզում նրանց գաղտնիքները: Երբ կռվում էինք` ասում էինք. «Բարիշենք, բարիշենք, հազար տարի չկռվենք»: Ճանկռում էինք իրար, մազեր քաշում ու այդպիսի սարսափելի բաներ: 

Երբ 6 տարեկան էի, խաղացի կալիումի պերմանգանատի փոշու հետ ու թափեցի աչքիս մեջ: Մենք սարսափ-կինոների մոլի երկրպագուներն էինք: Մեր երազանքներից մեկն էր` լինել Նյու-Յորքում,  ու ես ապրիլի 1-ին  խաբեցի ընկերներիս` ասելով, որ եթե փորենք գետինը, ապա Նյու-Յորքի ամպերից կընկնենք ցած: Ես սկզբում չմտածեցի, որ նրանք այդ փաստը լուրջ կընդունեն, բայց երբ տեսա, որ բահերով իջնում են այգի, ասացի նրանց, որ դա ընդամենը կատակ էր:

Հիմա մեծ ենք, այդ «կախարդական» բառերն ասելով մի ակնթարթում րենք հաշտվում, խաղեր էլ վաղուց չենք խաղում, ամեն բանի էլ միամտաբար չենք հավատում: Չգիտեմ` երբ էր ավելի լավ:

Sona Tumanyan

Կորցրած օր

Առավոտյան արթնացա դասղեկիս զանգից:

-Բարի լույս, Սոնա ջան, այսօր կգա՞ս դպրոց,- հարցրեց ընկեր Կոստանյանը:

-Ոչ,  ընկեր Կոստանյան, ինձ վատ եմ զգում,- պատասխանեցի ես:

Առաջին բանը, որ հագնվելուց հետո արեցի, դա մոտենալն էր վառարանին: Իհարկե, ես տրամադրություն չունեի, քանի որ չէի գնացել դպրոց: Այսօր դասարանով որոշել էինք խնջույք անել, որովհետև երեկ մեր հանդեսն էր, և դա մեզ համար առիթ էր նշելու հաջողված և, ինչու չէ, նաև չհաջողված ելույթները: Հանդեսը անցավ բարձր տրամադրությամբ, ծափերը չէին պակասում, և հյուրերը ժպտում էին անդադար: Միայն վերջին երգի ժամանակ ունեցանք տեխնիկական խնդիրներ, քանի որ անջատվեց երաժշտությունը, բայց երգողները՝ Անին և Հասմիկը, չկորցնելով  իրենց, շարունակեցին երգել ակապելա: Իսկ մենք վարագույրների ետևից ձայնակցում էինք նրանց: Դա երևի ամենահաջողված ելույթն էր:

Լավ, չշեղվենք թեմայից ու անցնենք խնջույքին: Ես անընդհատ զանգում էի Լիդային ու հարցնում, թե ինչ է կատարվում այնտեղ:

-Հը՞ն, Լիդ, ի՞նչ եք անում,- հարցրեցի ես:

-Սոն, արի, շատ լավ ա անցնում, շուտ արի ,-պատասխանեց նա:

-Չէ, Լիդ ջան, չեմ կարող,-ասացի ես:

-Լավ, դու գիտես, հետո փոշմանելու ես,-ասաց  նա:

Տղաները հրավիրել էին նաև մյուս դասարանների աշակերտներին, և դասարանական խնջույքը դարձել էր համադպրոցական:

Ես տխրեցի ավելի շատ, երբ իմացա ֆիլմի մասին: Խնջույքից հետո Վահեն, Անին, Հասոն, Սերոժը, Գոհարը և Նարեկը նկարահանել էին ֆիլմ, և ուղարկել 17.am-ին: Ֆիլմն Ամանորի մասին էր: Դե, ես չէի գնացել ու չէի նկարահանվել ֆիլմում: Դա ինձ համար երկրորդ մեծ  ցնցումն էր օրվա մեջ: Մանավանդ, երբ ամանորյա մեր շնորհավորանք-ֆիլմը տեսա կայքում:

Այդ օրը ինձ համար դարձավ տխուր ու ձանձրալի: Երևի  Լիդան ճիշտ էր, երբ ասում էր` փոշմանելու ես չգալու համար: Բայց դե վաղը կգա  նոր օր, և ես միգուցե այն դիմավորեմ ժպիտը դեմքիս: