Լաուրա Մանուկյանի բոլոր հրապարակումները

laura manukyan

Հոգատար ընկերներս

Երբ ես 6-րդ դասարանում էի, միջոցառում էինք կազմակերպել, և հերթական փորձի օրն էր: Երգելու էինք «Երազ իմ երկիր հայրենի» երգը: Այդ օրը երգը կատարելու էինք համակարգչային սենյակում, որտեղ շոգ էր կամ ես էի տաք հագնված: Բանն այն էր, որ ես ինձ շատ վատ էի զգում, բայց չէի ցանկանում տեղեկացնել ուսուցչին: Դեռ ինձ զսպում էի և փորձում լավ ձևանալ: Բայց եկավ պահը, որ այլևս հնարավոր չեղավ դիմադրել, և ես կորցրեցի գիտակցությունս: Եթե չլինեին կողքիս կանգնած դասընկերներս, ապա ես մեծ թափով կընկնեի հատակին: Ես «արթնացա» այն ժամանակ, երբ ինձ վրա ջուր էին ցանում: Ընկերներս էլ խուճապահար գնում էին այս ու այն կողմ: Երբ ուշքի եկա, ոչինչ չէի հիշում: Չէի հիշում անգամ, թե ինչո՞ւ էի դպրոցում: Բայց կամաց-կամաց սթափվեցի ու սկսեցի հիշել կատարվածը: Հետո մի քանի ուսուցիչ եկան, սկսեցին հարց ու փորձ անել: Հարցնում էին, թե հաց կերե՞լ եմ,  թե՞ ոչ: Իսկ ես, ինչպես միշտ՝ գլխով բացասական շարժում էի անում: Բոլորն ասում էին, որ հաց չուտելու պատճառով եմ կորցրել գիտակցությունս: Ինչևէ: Հետո բոլորով միասին գնացինք տուն: Դասընկերներս նույնիսկ չթողեցին բռնել պայուսակս, իրենք բերեցին: Հետո խանութից գնեցին քաղցրավենիք և տվեցին ինձ, բայց ես չվերցրեցի: Նրանք գտան լուծումը. տեղավորեցին պայուսակիս մեջ: Ճանապարհին հանդիպեցինք հայրիկիս, ով իմանալուն պես՝ եկել էր իմ հետևից: Դասընկերներիս նման պահվածքը երևի հոգատարության դրսևորում էր: Ես ամեն օր մտածում եմ այդ մասին և ամեն անգամ մտքումս շնորհակալություն հայտնում նրանց:

laura manukyan

Տատիկիս «արկածները»

Ես ունեմ երկու մեծ քույր: Երբ ծնվել է մեծ քույրս` Մետաքսյան, տատիկս չի ցանկացել, որ նրան տան իր անունը` Լաուրա: Ավելի ճիշտ, տատիս իսկական անունը Գյուլնարա է, բայց նա, ինչպես և շատերը, ունի երկրորդ անուն` Լաուրա: Միջնեկ քույրս էլ բացառություն չէր: Բայց, երբ ծնվեցի ես, հայրս ինձ անվանեց տատիս անունով` Լաուրա: Ես շատ սիրեցի իմ անունը: Լաուրա  անունը հունարենից թարգմանաբար նշանակում է` «հաղթանակած»:

Այս ամենը կարծես տատիկիս սրտով չէր. նա ինձ ամեն անգամ ասում էր՝ թե ինչու քեզ իմ անունը դրեցին: Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ես նման եմ իմ տատին թե’ արտաքինով, թե’ բնավորությամբ, և թե’ ճաշատեսակների ընտրությամբ. ինչ սիրում է նա, նույնությամբ ժառանգել եմ ես: Երևի անվան հետ կապ ունի:

Տատիկս ճակատին ունի մեծ խալ, որը հիշեցնում է հնդիկներին: Եվ ամեն անգամ, երբ հարցնում էինք, թե ինչու է այդ խալն  այդպես մեծ, նա կատակով պատասխանում էր.

-Դե ինչ ասեմ: Ես ազգությամբ հնդիկ եմ, դրանից ա: Էն ջահել ժամանակս եկա Հնդկաստանից Հայաստան` բժշկականում սովորելու նպատակով: Դե մեզ մոտ վարձը թանկ էր, բժշկությունն էլ զարգացած չէր:

-Բա ո՞նց եղավ, որ հիմա հայերեն ես խոսում:

-Ահ, որ եկա, մի քիչ գիտեի: Հետո պապդ ինձ տեսավ, հավանեց,  բերեց հարս, ու  մնացածն էլ կամաց-կամաց սովորեցի:

Ու երբ հարցնում էինք, թե էսինչ բառը հնդկերեն ոնց կլինի,  միշտ ինչ-որ բառեր էր հորինում ու ասում: Ախր այնպես էր պատմում, որ հավատում էինք, այստեղ-այնտեղ պատմում էինք ու հպարտանում, որ մեր տատիկը հնդկուհի է:

Հիմա էլ տատիս ճակատի այդ խալը նույնությամբ իմ ճակատին է ու գնալով ասես մեծանում է:

laura manukyan

Սոլակն ու իմ նախնիները

Դեռ մանուկ հասակից ինձ հետաքրքրել է իմ ընտանիքի պատմությունը, գյուղի անցյալը: Որտեղի՞ց են արդյոք եկել նրանք և ինչպե՞ս հասել իմ գյուղ՝ Սոլակ: Եվ այդ պատճառով այսօր որոշել եմ  հարցազրույց անցկացնել իմ պապիկի՝ Դավիթ Մանուկյանի հետ:

-Բարև, պապ: Գիտե՞ս, երբ ես փոքր էի, կարծում էի, որ դու ու քո պապերը հենց եղել եք Սոլակից, բնիկ գյուղացի:

-Բարև,  թոռնիկս: Իրականում դա այդպես  չէ: Մեր գյուղը ստեղծել են մեր նախապապերը` բնակվելով այստեղ: Նրանք 1827 թվականին եկել են Մուշի Ջուջան գավառից, այսինքն՝ գաղթել են:

-Հետաքրքիր է,  պապ: Լավ, հիմա ինձ ասա, թե ի՞նչ հանգամանքներ կային, որոնք դրդեցին գաղթել Մուշից:

-Պարսիկները այդ ժամանակ հալածանքներ էին հասցնում հայերին, տանջում էին: Իսկ մշեցիները այդ հալածանքներից փրկվելու համար ստիպված գաղթում են:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հասան այս կողմերը ու սկիզբ դրեցին գյուղին:

-Թափառելով այս ու այն կողմ, վերջապես Հրազդանի կիրճը կարծես դուր եկավ մեր պապերին, ու նրանք հաստատվեցին Սոլակում, որը սկզբում ծավալվում էր Հրազդան գետի ձախ ափին: Հետագայում, մեծացնելով իր սահմանները, գյուղը դարձավ այսպիսին՝ մեծ ու հարուստ:

-Պապ, մի հարց էի մոռացել: Իսկ ինչո՞ւ է մեր գյուղը Սոլակ կոչվում:

-Դե, երբ հասան Սոլակ, թագավորը դարձավ Ցոլակը: Նրա անունով այն սկզբում կոչվեց Ցոլակակերտ, ապա Ցոլակ, և վերջապես հնչունափոխությամբ` Սոլակ: Գեղեցիկ է, չէ՞ հնչում:

-Շատ, պապ: Մի այսպիսի հարց էլ: Մյուս գյուղացիները գաղթել են Ալաշկերտից, Էրզրումից, Վանից, բնականաբար, գյուղում կան տարբեր ազգանվամբ մարդիկ: Ինչպե՞ս են կոչում այդ ազգանվամբ մարդկանց:

-Ասեմ, գյուղում կային ու կան տարբեր տոհմեր, որոնք սերվել էին իրենց նախապապերից: Ես կասեմ մի քանիսը. «Բավոյի գայլեր» (մեր ազգը)- սերվել են Գալուստ պապից ու իր սերունդներից, «Վռշիկներ»-սերվել են Ռշտունիներից, «Ջաթեյի ու Բռսալոյի ազգերը»- խոշոր ազգեր են, «Գսպեի ազգ»- սերվել են Գասպար պապից:

-Պապ, իսկ ինչո՞ւ մեր ազգը կոչվեց «գայլերի ազգ»: Միգուցե մենք ուժե՞ղ էինք, դրա՞ համար : Ի՞նչ կապ ունի գայլը մեզ հետ:

-Չէ, ջանս: Հիմա կպատմեմ պատմությունը: Գալուստ պապը, լինելով մեծահարուստ, ուներ ոչխարների հոտեր, որոնց խնամում էին  քուրդ  հովիվները: Երբ հովիվների պայմանագրի ժամանակը լրանում է, գնալուց առաջ նրանք գտնում են 5  գայլի ձագ, կտրում են նրանց պոչերն ու ականջները: Երբ ձագերը մեծանում են, բոլորը մտածում են, թե դրանք շներ են: Այդ գայլերը առանց հալածվելու անում են իրենց սև գործը. հոշոտում են ամեն պատահած ոչխարի: Հետո Գալուստ պապը ունենում է 5 որդի, որոնք չեն վախենում ոչ մի բանից: Մեծանալով դառնում են գայլերի նման ուժեղ ու հաստատակամ: Պատժում են նրանց, ովքեր վատ արարք են թույլ տալիս: Այդ անվախության և քաջության համար  ժողովուրդը նրանց անվանում է «Բավոյի գայլեր», իսկ Գալուստի որդիների անուններով  առաջացան մեր ազգանունները:

-Պապ, սկզբնական շրջանում ինչո՞վ էիք  զբաղվում: 

-Սկզբում բոլորը զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ:  Հետագայում  երկրի զարգացմանը զուգահեռ փոխվեց մեր առօրյան, կյանքը: Սկսեց գործել  շինարարությունը: Մեր հայրերը  տիրապետեցին մեխանիզմներին, դառնալով մեխանիզատորներ: Իսկ ես ինքս,  պոլիտեխնիկը ավարտելուց հետո, աշխատել եմ աշխղեկ, տեղամասի պետ, այնուհետև ջրմուղկոյուղում`  տեղամասի գլխավոր ինժեներ, հետո անցել թոշակի:

-Իսկ ինչպիսի՞ն  է գյուղը այսօր:

-Առաջ երեխաները խաղում էին  դրսում մինչև գիշերվա կեսը: Իսկ այսօր երեխան չգիտի` ինչ է  պահմտոցին, հավալան, հալամուլան և այլն: Համակարգիչը երեխային կտրել է ամեն ինչից: Այսօր գյուղում ստեղծվել է  կոոպերացիա, որը հոգ է տանում գյուղատնտեսական աշխատանքների մասին: Ժամանակի ընթացքում զարգացել է մեղվաբուծությունը, այգեգործությունը, որոնք գործում են մինչ այսօր, ընդարձակվել է վարելահողի տարածքը: Զարգացել է մշակույթը իր մեծ մշակութային  պալատի շնորհիվ, որը չես գտնի  Հայաստանի ոչ մի մարզում: