Նարե Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

Nare Hovhannisyan

Օրացույցիս թերթերը և «լավ չէ»-ներիս ցուցակը

Վերջին անձրևի կաթիլն էլ թափվեց, ծորեց ու կորավ։ Վերջին քամու նշույլն էլ թաքուն դիպավ դեղձի ծաղիկներին և իր հետ տարավ գարնան վերջին հուշը։ Թեթև կայծակ խփեց ու տանիքներից այն կողմ արևն անհետացավ։ Պատուհանները ուժեղ հարվածով չրխկացին ու տաք ծածկոցի շրշյուն լսվեց տան տարբեր անկյուններից։ Տատս տաք շալով պարուրեց սառած մեջքն ու վայելեց տաք ուրցի վերջին ումպը։ Ես բացեցի խունացած գրքիս էջերը ու անցած աշնան տերևները տեսնելով՝ մի կեղծ ժպիտ թողեցի, հետո անցած գարնանից մնացած դեղձի ծաղիկները գտա ու հասկացա, որ մեկ տարի անցել է… Մեկ կլոր ու քառակուսի, կեղծ ու շիտակ, գեղեցիկ ու տգեղ, խառն ու պարզ, ուրախ ու տխուր տարի։ Թվաց, թե օրացույցի՝ այդ սևաներկ թվերը նոր-նոր են մտել կյանք, ու դեռ մեկ տարեկան երեխայի պես առաջին քայլերն են անում՝ սկզբում անվստահ, բայց հավատով, իսկ հետո այնքա՜ն արագ անցան, այնքա՜ն արագ մեծացան ու դարձան մեկ կլոր տարեկան։ Ուզում եմ հասկանալ այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր իրենց պատի օրացույցի ամեն հաջորդող օրվա թվանշանը հաճույքով ջնջում են. ջնջում եք, որովհետև հոյակապ օր եք ունեցե՞լ, որովհետև մի հոյակապ օր էլ մեռցրի՞ք, որովհետև ևս մեկ անգամ բողոքեցիք ու անիծեցի՞ք այս կյանքը։ Անցած տարվա օրացույցս մի քանի տեղերում կարմրաներկով ընդգծել եմ, չէ՜ իմ դեպքն այլ է, ես այդ օրերին իսկապես երջանիկ էի։ Այս տարի այդ կարմրաներկից էլ չունեմ՝ վերջացել է։ Վերջացել է այնպես, ինչպես կյանքիս այդ ուրախ օրերն են վերջացել։ Չէ՜, չհավատաս, կատակում եմ, զուտ այդ սովորությունս կորցրել եմ։
Հիմա, երբ օրացույցիս թերթերը խունացել են, իսկ տատիս ուրցն արդեն վերջացել է, ու գարունն էլ նոր է բացվել, կասեմ, որ հեչ լավ չէ տան պատուհանից 19-րդ գարնանը հետևելը, ով արդեն բոլորում է իր երկրորդ ամիսը։ Լավ չէ, երբ արևի ջերմությունը կլանում և ընկալում ես վարագույրի շերտերից այս կողմ և լավ չէ, իսկապես լավ չէ, երբ միակ լույսը, որը լուսավորում է և՛ սենյակդ և՛ կյանքդ, արհեստական է կամ էլ էլեկտրական։ Լավ չէ նաև այն, որ մի բնության երևույթ էլ սկսեցիր սիրել… անձրևը։ Լավ չէ նաև այն, որ մտքերդ ու հայացքներդ կիսում են սենյակիդ չորս սառը պատերը, որոնք անգամ արհամարհում են քեզ, իսկ դու ընկերացել ես հետները։ Լավ չէ, որ սեղանին գոյացած սուրճի ու թեյի բաժակները խոհանոց չեն հասել, չնայած, եթե մայրդ չի տեսել, ուրեմն այս կետը համարենք դրական։ Լավ չէ, որ ողերդ անտանելի ցավում են, իսկ աչքերդ ուռել են։ Լավ չէ, ու նաև անտանելի է, որ միակ պատկերը, որը տեսնում ես պատուհանից երկու կիսապատուհան տներն են և երեկոյան՝ համապատասխան երկար լուսացույցը։ Եվ նաև լավ չէ, որ արդեն մեկ ժամ է այդ մաստակը ատամերիդ հետ սերտ կապի մեջ է մտել, նկատի ունեմ՝ հանի՛ր վերջապես, հոգնեցի այդ միանվագ ձայնից։

Nare Hovhannisyan

Իմ նվիրած փողկապը

Էս աուրան կթողնեմ էստեղ, իսկ դու կկառչես դրա ճոթերից, կօրորվես։ Հետո մի պահ կփորձես հիշել դիմագծերս, լուռ ու մուգ աչքերս, երկար ու խիտ թարթիչներս, նեղ ու կիսակարմիր շուրթերս․․․ Դրանք բոլորը աղոտ տպավորված կլինեն գլխումդ, ու նորից կձևես ինձ ու կփոշմանես, որ կազմվածքս լավ չես հիշում։ Կնստես բազմոցին, կվառես վերջին ծխախոտդ, ամուր կպահես ատամներիդ արանքում, ու կխեղդվես, որովհետև էլի ծխել չսովորեցիր։ Կհանես մուգ կապույտ վերարկուդ, անփութորեն կշպրտես դռան մոտ դրված պահարանի վրա, ակնթարթի պես վերարկուդ կսահի ու կփլվի գետնին՝ մոռանալով իր անհրաժեշտության մասին։ Նորից կփլվես բազմոցին, ճմլված ծխախոտը վերջապես կհանես բերանիցդ ու կնետես աշխարհից ծանրացած մոխրամանի մեջ։ Տաք թեյին կկարոտես, մտքումդ մի քիչ դարչին կավելացնես՝ նուրբ կծվություն պահանջելով, թզի մուրաբան էլ կհալչի բերանումդ։ Փողկապդ կարձակես, որը միշտ վզիցդ բռնում է ու թափ տալիս քեզ՝ հիշեցնելով ով լինելդ։ Մի թեք հայացք կնետես, որ էլի իմ նվիրածը չկապեցիր, որովհետև մանուշակագույնն ու նարնջագույնը քեզ համար համատեղելի չեն։ Աչքերիցդ այն կողմ ծակող ու անտանելի ցավեր կզգաս, կտրորես, կմտածես իմ ասած մեթոդների մասին, ու աչքերդ 20 անգամ աջ ու ձախ կտանես, 30 անգամ վերև-ներք և միայն մեկ անգամ այդ ամենը կանես հավատով։ Կփնտրես բազմոցին շարված բարձերից մեկը, գլուխդ կդնես ու կհիշես, որ ասել եմ, որ չի կարելի առանց ծածկոց քնել, այն էլ հունվար ամսին։ Միտքդ ինձ կհիշի, ու հենց այդ պահին գլուխդ ծուլորեն կբարձրանա բարձից։ Մարմինդ՝ կմախքացած ու նվաղած, օրորալով հյուրասենյակից կուղղվի ննջարան ու քնելուն ծարավ հայացքով կանիծի չխմած թեյերի համար։ Մարմինդ կնետես մահճակալին ու կմոլորվես նրա ծալքերում… Թեյնիկը կեռա, տաք թեյի կկանչի, իսկ դու իմ նվիրած փողկապը էդպես էլ չես կապի։

Nare Hovhannisyan

Ասք փոխադրամիջոցների և իմ մտքերի մասին

Հիմա այնքա՜ն հոգնած եմ, է՜հ, սխալ ասացի, ալարում եմ։ Քեզ մոտ էլ է պատահել, որ մեծ պլաններ կազմած, արդեն այդ պլանները գլխումդ մի քանի անգամ իրականացրած, վստահ, գլուխդ բարձր, իջնում ես ավտոբուսից ու հանդարտ քայլերդ ուղղում տուն։ Դե՜ վստահ ես, որ մաման մի լավ բան ա պատրաստել, որի հոտն արդեն զգացել ես, դե՜ հոտառական ընկալիչներդ էլ էնպես են զարգացած, է՛լ դու սուս։ Մի լավ հաց ես ուտում, ու այդ պահին արդեն գիտակցում ես, որ քունդ տանում է, ու մեկ ժամ առաջ ծրագրածդ լեգենդները հօդս են ցնդում վայրկյանական… բա՜։

«Հենց այսպես էլ ապրում ենք»,- կասեր Ֆորշը, երբ կրկին միացնեի հեռուստացույցի երաժշտական ալիքը, բայց չէ, ես կսահմանափակվեմ ինքս կատարելով և ձայնալարերս վնասելով։ Հիշո՞ւմ ես՝ մի քանի վայրկյան առաջ ավտոբուս գոյականն եմ օգտագործել։ Հա՜, ավտոբուս ասացիք, հիշեցի. ի՞նչ փոխադրամիջոցներից ես օգտվում՝ առավոտյան 9։30 համալսարան հասնելու համար։ Դու մինչ կպատասխանես, ես կասեմ։ Ես ամեն օր Էրեբունյաց Էրեբունի հասնելու համար փոխում եմ երկու ավտոբուս. դե՜, նախ Երևան հասնում եմ ուսանողական ավտոբուսով, ի դեպ, եթե չգիտես, թե այդ ուսանողական ավտոբուս հասկացությունն ինչ է, ապա ես կբացատրեմ։ Ուրեմն, այն ևս հանդիսանում է «փոխադրամիջոց» (չակերտավոր ասված) և հատուկ տրամադրվում է տվյալ համայնքի (գյուղի) ուսանողներին։ Իրականում լավ գաղափար է։ Հա՜, շարունակեմ։ Այնուհետև համպատասխան ավտոբուսով, որոնք իհարկե շա՜տ են, հասնում եմ համալսարան։ Միանշանակ, սա մի գեղեցիկ տեղափոխման գրաֆիկ է, որն այս պահին շատերին կթվա բավականին անիմաստ, սակայն մի շտապեք կարծիք կազմել, քանզի առաջին տպավորությունը սովորաբար սխալ է լինում։ Ինչևէ, ժամանակին ինձ թվում էր, որ երբեք չեմ կարող տեղափոխվել նման ավտոբուսներով, մտածում էի, թե, այդ ինչպե՞ս պետք է գտնեմ համապատասխան ավտոբուսը, ինչպե՞ս բարձրանամ, որ պահին ասեմ, որ կանգնի կանգառում… Մի խոսքով՝ նման անիմաստ մտքեր, ինչպիսիք վստահ եմ՝ բոլորդ ունեցել եք։ Դե, իսկ հիմա, երբ պտույտ եմ տալիս մտքերիս անտառում, որն ի դեպ բավականին խիտ է, հասկանում եմ, թե ինչքա՜ն ժամանակ և հավես եմ ունեցել այդպիսի լեգենդներ հյուսելու համար։ Իսկ այժմ ես էլ այդպես չեմ մտածում, ինձ համար այնքա՜ն սովորական է դարձել «ավտոբուս» նստել, համապատասխան կանգառում իջնել, ամուր բռնվել, որ հանկարծ նահատակ չդառնամ և այլ շատ ու շատ նմանատիպ հասկացություններ։ Այնքան սովորական է, որ տպավորություն է ստեղծվում, որ միշտ հենց այսպես էլ եղել է, որ միշտ տեղափոխվել եմ իմ սիրելի դարձած 41, 10, 22 և 67 համարի ավտոբուսներով։

Իսկ վերջում պատմեմ մի դեպք, որը հենց այսօր առավոտյան տեղի ունեցավ։ Ես, սովորականի նման, կանգառում կանգնած դեգերում էի, որի ընթացքում գարնան տա՜ք արևը այրում էր դեմքս, ու արդյունքում դեմքիս տոնային կրեմը «ծորում էր»։ Ես հասկանում էի, որ դա շա՜տ վատ է, սակայն հազիվ ոսկրերս տաքացել էին ձմռան մեղմ ցրտից հետո։ Ու հանկարծ եկավ 7 համարի ավտոբուսը, որը սովորաբար ես չեմ նստում, քանզի այն ինձ դուր չի գալիս և մի քանի անգամ համոզվել եմ, որ այդ ավտոբուսից պետք է օգտվել միայն ծայրահեղ դեպքերում։ Սակայն, չես հավատա, եթե ասեմ, որ մի քանի վայրկյան տատանվելուց հետո ես բարձրացա 7 համարի ավտոբուսը ու հարմար տեղավորվեցի։ Չգիտեմ, թե ինչու, ուղղակի։ Տե՛ս, ես չէի շտապում և սա էլ այն ծայրահեղ դեպքը չէր, բայց բարձրացա…

Բավականին ճանապարհ էինք անցել, հասել էինք Կայարան, երբ իմ սիրելի ավտոբուսը փչացավ, ու շարժիչից սկսեց ծուխ արձակել։ Ես կասեմ, որ վարորդի բախտը բերեց, քանզի լուսացույցը փոխել էր կարմիրը, և մեքենաները հանգիստ կանգնած սպասում էին կանաչ լույսին։ Ու այս ընթացքում վարորդը հասցրեց ուսումնասիրել շարժիչից ելնող ծուխը ու դրա առաջացման պատճառները, ինչն ի դեպ անում էր մի գործիքով, որն ինձ հիշեցրեց հարթաշուրթ։ Մի քանի վայրկյան բարկացած վարորդը զննում էր շարժիչը, երբ ավտոբուսի տարեց ուղևորները խե՜ղճ վարորդի կողմն էին ուղղում իրենց գեղեցիկ բառերը։ Այդ պահին կարմիր լույսը ակնթարթորեն փոխվեց կանաչի, ու լսվեց մեքենաների ականջ ծակող ազդանշանները։ «Խե՜ղճ վարորդ, ոնց են անիծում էս խեղճ մարդուն»,- մտածում էի ես, երբ ավտոբուսը շարժվեց։ Լավ էր, ամեն բան կարգավորվեց և 7 համարը սահուն ընթացավ արդեն կիսադատարկ փողոցով։ Գիտե՞ս, երբ ավտոբուսը կանգնել էր փողոցի հենց մեջտեղում, երբ վարորդը տանջվում էր շարժիչից դուրս եկող ծխի «ձեռքում», ես մտածում էի մի բան. հետաքրքիր է, չէ՞, երբ մենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վայրկյան կարող ենք գտնվել տարբեր ավտոբուսներում, կանգնել տարբեր մարդկանց կողքին, նրանց հետ անցնել նույն ճանապարհը, վճարել նույն 100 դրամը, չնստել ու մի կերպ ճխլվելով կանգնել, բայց երբեք չմտածել՝ ով ենք նրանք։ Իսկ ես մտածում էի, երբ 7 համարը կանգնած էր փողոցի մեջտեղում, երբ չէր շարժվում։ Ես մտածում էի, ու հայացքս ուղղում մի ուղևորից մյուսը։ Մեկը՝ խոժոռ դեմքով, մյուսը՝ ճաղատ, մեկը՝ դժգոհ, մյուսը ուղղակի շնչում էր, կողքիս նստած կինը, պահը բաց չթողնելով, անընդհատ կրկնում էր. «Վա՜յ, Աստված ջան», մյուսը ուղղակի խաղում էր մազերի հետ, իսկ ես հանդարտ ու հանգիստ նստած էի։
Կյանքում շարժման ընթացքում մենք երբեք մեր շուրջը չենք նայում, մենք չենք ուսումնասիրում, չենք հարցնում, մենք ուղղակի շտապում ենք, իսկ երբ վերջապես կանգ ենք առնում, երբ գիտակցում ենք, որ աջ կամ ձախ կողմում կա մեկը, կա մյուսը, ով հնարավոր է՝ օգնության կարիք ունի, կամ ուղղակի ինչ-որ մեկի հետ խոսելու ցանկություն, մի ժպիտի կարիք, մի շնորհակալության, մի «կներեք»-ի, մի հայացքի… Այդ պատճառով այդ մի քանի րոպեների ընթացքում ես զննում էի մարդկանց, ինչը չէի անում, երբ մենք շարժման մեջ էինք, ու գիտե՞ս՝ ես այնքա՜ն բաներ նկատեցի, որը եթե ցանկանայի, չէի տեսնի այն ժամանակ, երբ շարժվում էինք… Կանգնի՛ր մի պահ և ուղղակի շուրջդ նայիր, տե՛ս, ինչքա՜ն բան է փոխվել…

Nare Hovhannisyan

Որոնե՞նք արևդ

Վերջերս գլխումս մի արտահայտություն է հայտնվել, մի նախադասություն, որն անընդհատ վերլուծում եմ, բայց այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու հենց դա լսեցի ականջներումս։ Զարմանում եմ, գիտե՞ս։ Ախր ես ականջակելներս խրել էի ականջներս, որ չլսեի այդ վարորդի վեհ մտքերը կյանքի մասին ու հանկարծ երաժշտության փոխարեն սա լսեցի․

«Արևդ գողանա՞մ, մնաս առանց արև»։ Ես չհասկացա՝ դա ասաց ինչ-որ մեկը, թե ուղղակի ականջներս լցված լինելով կյանքի մասին ճահճացած խոսքերով՝ արդեն իրենք իրենց մտածում են։
Ես անընդհատ մտածում եմ, թե որն է այդ մտքի էությունը, բայց այդպես էլ չեմ հասկանում։ Ես կարծում եմ, որ ես շատ եմ ճանաչում այնպիսի մարդկանց, ովքեր մնացել են առանց իրենց արևի, դու երևի կարծում ես, որ այն հենց մեր լուսատուն է, բայց չէ՜։ Արի՛ այլ կերպ մտածենք, օրինակ՝ այսպես. էս աշխարհում մի կտոր երջանկությունն անգամ չափազանց թանկ արժեք ունի, և չնայած այդ ամենին՝ մենք ունեցածն էլ չենք գնահատում։ Գիտե՞ս մեկին, ով արդեն ամեն բան իր կյանքում կորցրել է, ով ոչինչ չունի, բացի մի շիշ ռոմից ու սև հացից, նրան անգամ, եթե հարցնես՝ երջանկության գինն ի՞նչ է, ապա հաստատ քեզ կասի… Մարդիկ տարբեր են. մեկի համար երջանկությունը սահմանափակվում է նոր ու թանկ հեռախոսով, մյուսի համար դա մի հոյակապ դետեկտիվ գրականությունն է, կամ շոկոլադե պաղպաղակը, մի տուփ քաղցր մաստակը, մյուսի համար՝ լիքը փողն ու կարիերան, մյուսն էլ միայն մենակության մեջ է ձգտում գտնել այն։ Ես, ե՜ս չգիտեմ, երևի ինձ համար էլ երջանկությունը շատ ու շատ կետեր ունի, բայց ես երջանկությանը սահմանների մեջ չեմ առել, ես այն տեսնում եմ ամենուր, այնտեղ, որտեղ քո միտքը չի էլ հասնի, ես նրան տեսնում եմ անգամ 41-ի բարկացած վարորդի աչքերում, բարկացած կնոջ, որը հենց նոր մեզ կոչեց «մումիաներ»՝ չնայած նրան, որ ես այդպես էլ իր դեմքը չտեսա, բայց պատկերացրի։ Պատկերացնո՞ւմ ես, ես անգամ երջանկություն եմ գտնում իմ հետևից մեկ ժամ քայլող անծանոթ շան մեջ, որը երևի երջանիկ էր իմ անմիջական ու սովորական բարևից։
Ես երջանիկ եմ անգամ այն ժամանակ, երբ դու կարող ես աշխարհում միայն սևը տեսնել։ Թող չթվա, որ տխրելու առիթ չունեմ, ու չկա մի բան, որն իմ հոգում սև առաջացնի, ուղղակի ես սովորություն չունեմ աշխարհը լցնելու իմ խնդիրներով, դիմացինը ի՞նչ մեղք ունի, որ ես այդ օրը որոշել եմ սպանել ավտոբուսի վարորդին, որն ինչպես միշտ հեռախոսը մոռացել էր ականջախեցիում՝ ավտոբուսը լցնելով իր բարոյախրատական խոսակցությամբ։
Ոչ ոք երբեք էլ չի հասկանա, որ երջանկության հետ մենք միշտ մի խաղ ենք խաղում, որում միշտ էլ նա է հաղթում։ Տե՛ս, այսպես. մենք փակում ենք մեր աչքերը, հաշվում մինչև տասն ու բարձր բղավում.
-Ես արդեն փնտրում եմ քեզ, հե՜յ։
Այն տեղում, ուր նա է թաքնված, մենք չենք տեսնում, ուղղակի որոնում ենք այնտեղ, որտեղ նա երբեք էլ չի եղել։ Իսկ շատ դեպքերում մենք գտնում ենք նրան՝ մեր երջանկությանը, ու կրկին բաց թողնում, ու ոչ թե նրա համար, որ մեզ այն անհրաժեշտ չէ, ուղղակի մենք էդպես էլ այդ խաղի իմաստը չսովորեցինք ու նրա հետ չկարողացանք խաղալ այնպես, ինչպես հարկն էր…
-Ես հաշվում եմ։ 1, 2, 3, 4… չմոռանաս, Նարե, որ ես քեզ մի՜շտ գտնում եմ, տես, այս անգամ չսխալվես… 5, 6, 7, 8, 9, 10։
Հավանեցի՞ր, սա իհարկե առաջինն էր, ինչը մտքիս եկավ։ Դե, ինչպես հասկացար, ես արևը համեմատեցի երջանկության հետ։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ կապ ունեն, գուցե դու այլ միտք ունես, բայց ես հստակ մի բան գիտեմ. աշխարհիս երեսին երջանիկ է նա, ով ապրում է հանգիստ խղճով, ով ճիշտ է իր խոսքում, ով մաքուր է իր մտքերում, ով անիմաստ չի խոսում, չի բողոքում ու վերջապես նա, ով լի՜քը գրքեր ունի, դե ուրեմն ես կարող եմ ասել, որ երջանիկ լինելու համար մի աստղ արդեն ունեմ՝ գրքերս։
-Հանգիստ ապրիր, թույլ չեմ տա, որ արևդ գողանան, ես դրանք ամո՜ւր քողարկել եմ։
-Օ՜, շնորհակալ եմ, բարի մարդ։

nare hovhannisyan

Իմ մեծ սերն ու գալակտիկան

Երբ բառերի, վերջակետերի, ստորակետերի ու մնացած այլ կետադրական նշանների տակ փորձում եմ թաքցնել այն, ինչ ուզում եմ բարձրաձայն գոռալ ու պատմել…

Երևի թե, այս պատմությունը հենց այսպես էլ պետք է սկսվեր, քանի որ ամեն անգամ փորձում եմ սկիզբ տալ դրան, փորձում եմ պատմել նրա մասին, բայց ամեն անգամ ուղեղիցս հետ են տանում մատներս ու … Վերջ, էլ ոչինչ չեմ կարողանում գրել։
Ես շատ քիչ եմ բարձրաձայնում նրա մասին, շատ քիչ խոսում նրա՝ իմ կյանքում չափազանց մեծ տեղ գրավելու մասին, շատ դեպքերում հենց ես երբեք չեմ ասում, թե որքա՜ն եմ նրան պաշտում և, թե որքա՜ն կարևոր մի անկյուն է զբաղեցնում նա իմ սրտում։ Իսկ ինչու՞ եմ կրկին ասում անկյուն. ա՜խ, կրկին նրան թաքցնելու համար, հա՜ ես նրան միշտ թաքցնում եմ սրտիս, հոգուս ամենատաքու՜կ անկյուններում, ես նրան միշտ գրկում եմ հենց իմ սրտի անկյուններում։
Կյանքիս լավագույն էակն է… Գիտե՞ս, ուղղակի չեմ կարողանում գտնել ավելի վեհ հոմանիշներ, որ արտահայտեմ, թե որքա՜ն կարևոր է նա ինձ համար։ Ես ուղղակի ուզում եմ պատմել նրա մասին, որ դու իմանաս, որ աշխարհի այս ծայրում ապրում է իմ Հրաշքը։
Իմ Հրաշքը… Մայրս։ Ու էլի վերջակետ, մա՜մ, հիմա երևի նուրբ ժպտում ես, ու ակնթարթորեն բացում փղոսկրե ատամներդ, որոնք միշտ երազել եմ ունենալ։ Հիմա, երբ աչքերդ փակում ես, որ ծածկես նրանց տակ թաքնված արցունքները, ես կխոսեմ քո մասին, ու այս փոքրիկ հեքիաթս կնվիրեմ քեզ, որ իմանաս, որ աշխարհի այս ծայրում ես թաքցնում եմ իմ սերը, իմ անչա՜փ մեծ սերը։ Գիտե՞ս, որ սերը, այն սերը, որը ես կհամեմատեմ ֆիզիկայից սովորած իմ գալակտիկաների հետ, որոնք երբեք ավարտ ու սկիզբ չունեն, այն գալակտիկաները, որոնց մասին քեզ այնքա՜ն էի պատմել, որ գլխուդ տարել էի, դե, դա իմ ֆիզիկա՜ն էր (դու կրկին ծիծաղում ես)։
Մամ, հիշու՞մ ես անցած տարին, որ ամեն գիշեր բարկանում էիր վրաս.
-Հենց հիմա անցի՛ր քնելու, փակի՛ր էդ գրքերդ ու ուղիղ քնելու։ Տե՛ս, փորձվիր, ես քեզ առավոտյան էս բազմոցին քնած գտնեմ…
Ու միջակետեր, դու արագ փակում էիր դուռը՝ իբրև վրաս անչափ բարկացած ես, բայց իրականում տխուր գնում էիր, որ չտեսնես ուռած աչքերս, գլխիս անվերջ ծառացած մազերիս կույտը, ֆիզիկայիս ու կենսաբիս անվերջ շարված գրքերը։ Դու գիտեիր, այսպես, թե այնպես, ես էլի կարթնանայի բազմոցին ՝ մեջքիս ցավից, կարթնանայի ուրախ, որ ինձ էդպես չես տեսել։
Իսկ հիշու՞մ ես, երբ քննություններս ավարտեցի, դու պատին ամրացված բոլոր պլակատները պոկել էիր, ու երբ եկա տուն, ուրախ տոնով ասացիր.
-Պլակատներդ պատից հանել եմ, դե՜ պրծար, երբ պետք լինի` կհանես կօգտագործես։ Դե ճիշտն ասած, հանելուց մի փոքր ճմրթվել են, բայց դե ոչինչ, էնպես չի, որ դու դրանք լավ էիր պահել։
Մամ, անգամ հիմա, որ ցանկանամ գտնել դրանք, թե ուր ես պահել, չեմ կարողանա, որովհետև շա՜տ ամուր քողարկել ես, որ նորից չփակցնեմ պատին ՝ նորից փոշին վրան ծածկելով։
Իսկ հիշո՞ւմ ես, որ ամեն անգամ ասում էիր.
-Էս գրքերդ թափելու եմ մի օր: Գաս, տեսնես ոչ մի գիրք չկա գրասեղանին, նոր հասկանաս, որ կարելի է գոնե գրքերից առաջացած բուրգը մեկ-մեկ հավաքել, բա փոշի՜ն, որ ամիսներով չես մաքրում։ Քո գրքերն են, է՜, իմը չեն…
Ու արագ դուրս էիր գալիս սենյակից, կրկին ահավոր բարկացած ու կրկին այն հույսով, որ կհավաքեմ բուրգը, բայց մինչ օրս չեմ հավաքել։ Ես գիտեի մա՜մ, որ ինչքան էլ բարկանայիր, միևնույնն է, հաջորդ օրն իմ գրքերի բուրգն այնքա՜ն գեղեցիկ էր դասավորված, որ ձեռքս անգամ չէր գնում, որ մի գիրք տեղաշարժեմ։
Մա՜մ, իսկ հիշու՞մ ես, որ շա՜տ սիրուն քարեր էի գտել ու տուն բերել, հիշու՞մ ես, որ դրանց համար գրապահարանումս մի անկյուն էի հատկացրել ու շարել։ Իսկ դու ո՞նց էիր բարկացել, որ չգիտեի, ոնց քեզնից պաշտապանեմ քարերս… Ու մի օր, երբ պատահական տեսա քարերի վրա գոյացած փոշին ու քո հայացքը, փորձեցի կրկին արդարանալ, բայց չհասցրի.
- Կբացատրե՞ս, ինչի՞ համար բերեցիր էս քարերը, որ փոշին ե՞ս մաքրեմ, իսկ դու հիանա՞ս։ Ես գիտեմ, մի օր էլ գալու եմ, տեսնեմ մի տոննա ավազ ես լցրել էստեղ, դե դա քեզ համար գեղագիտական հաճույք է…
Ես ուղղակի չդիմացա ու ծիծաղելով փախա սենյակից, որովհետև մա՜մ, ահավոր բարկացել էիր։
Մա՜մ, դու հաստատ հիշում ես, իսկ ես միշտ մոռանում եմ.
-Նարե ջան, արդեն ցրտել ա, միգուցե՞ էդ (ինչպես դու ես միշտ բնորոշում) թրթռիկ շորերդ հանես, թե՞ դեռ քեզ համար ամառ է։
Իհարկե, ես չափազանց մրսկան եմ, ես դա գիտեմ, բայց այն հորդորները, որոնք դու ես հնչեցնում յուրաքանչյուր աշնան սկզբին ՝ ես փորձում եմ չմոռանալ։
Մամ, իսկ հիշու՞ մ ես, թե մի քանի օր առաջ ինչ ասացիր, երբ հերթական անգամ գոլորշին պատած ապակու վրա սկսեցի հիմարություններ գրել.
-Հետքերդ ե՞ս թողնում պատուհանին, թե՞ ուղղակի տանը թուղթ չկա, որ վրան նկարես, պատուհանն ես ընտրել որպես քեզ թիրախ…
Ես բնականաբար, մի հիմարություն ասացի ու հետո կրկին ծիծաղելով փախա։
Մա՜մ, ես հիշում եմ քո ցանկացած ասած նախադասություն, քանի որ, երբ արտահայտում ես դրանք, ես ուղղակի չեմ կարողանում հրամայել ձայնալարերիս, որ ձայն չհանեն, ու այդ պատճառով փռթկոցով փախչում եմ սենյակից։
Մամ, ես ուղղակի ամեն օր, երբ տուն հասնելուս մնում է ընդամենը մեկ ժամ, երազում եմ, որ մտնեմ տուն ու դեռ միջանցքից գուշակեմ, թե այդ օրն ինչ ես եփել (դե, պատահում է, որ իմ չսիրած ճաշն ես պատրաստում, որի հոտը դեռ դարպասի մոտից եմ զգում), կամ արագ մտնեմ խոհանոց համբուրեմ այտդ ու տեսնեմ չքնաղ դեմքդ, որ արագ հարցնեմ, թե ո՞նց ես, իսկ դու միայն լայն ժպտաս։
Մամ, իսկ դու գիտե՞ս, որ այն միակ մարդն ես, ով ինձ միշտ ուրախացնում է ՝ մանդարինի տոպրակը ձեռքս հանձնելով, ու միշտ մեղմ ժպտում, ու գլուխն օրորելով նայում հիմարի պես թռչկոտողիս։ Ու միակն ես, ով Նոր տարուց ժամեր առաջ տխուր դեմքով ասում ես, որ ոչ մի նվեր այս տարի չես գնել, որ չես հասցրել, որ եթե քեզ օգնեի, ապա նվերները հաստատ կհասցնեիր գնել, դե իսկ ես էլ միշտ հավատում եմ, դե միամի՜տ աղջնակ… Իսկ հետո տասներկուսն անց մեղմ ժպիտը դեմքիդ կտայիր նվերս։ Ու կրկին միակն ես, ով սենյակիս պատերին ամրացված ոգեշնչող գրություններն անվանում ես «Կոշկակարի բուդկա»։
Մա՜մ, սրանք դեռ այն չնչին մասն են կազմում այն ամենի, ինչ մենք ապրել ենք միասին։ Ու սրանք ամենափոքրիկ և ուրախ հիշողություններն են, որոնց ամեն մասնիկը գրելուց ամբողջ էությամբս վերապրեցի։
Ես գիտեմ, ի՜նչ էլ լինի, չնայած իմ կամակորություններին, անվերջ խոսակցություններին, անիրական մտքերին ու քայլերին, միևնույնն է, դու չես բարկանում դրանց վրա ու ներսումդ միշտ ծիծաղում ես ինձ վրա։ Գիտե՜մ, մամ, որ շատ դեպքերում քեզ չափազանց բարկացրել եմ, որ ուշադիր և զգոն չեմ եղել, ու մոռացել եմ ասածներդ՝ ջեռոցում թողնելով անուշաբույր խմորեղենները…
Ուղղակի ես ուզում եմ, որ դու իմանաս, որ աշխարհի այս ծայրում ապրում է մի աղջնակ, ով քեզ սիրում է անսահման ՝ իր գալակտիկաների չափ, որ իմանաս, որ թանկ բառին էլ հոմանիշ չգտավ, որ արտահայտի կարևորությունդ, որ իմանաս ուզում է քեզ փարվել ու ավերջ համբուրել ու ասել, չնայած նրան, որ ինքը քաղցրի սիրահար չէ, միևնույնն է, քո թխվածքներն ուղղակի աննկարագրելի համեղ են, մա՜մ։
Եվ վերջում ուզում եմ մի կարևոր փաստ նշել. մա՛մ, շնորհավոր ծնունդդ։
Հ.Գ. Համբուրում եմ ձախ այտդ…

nare hovhannisyan new

Պապս

Մեր կյանքում կան մարդիկ, որոնց ներկայությունը շատ կարևոր է։ Եվ հետաքրքիրն այն է, որ նրանց բացակայությունը մենք արագ ենք նկատում, որովհետև ի սկզբանե մենք կապված ենք նրանց հետ։
Այդպիսի մարդիկ սովորաբար հենց փոքր տարիքից ուղեկցում են մեզ, ու մենք դեռ մանկուց նրանց հպարտության առարկան ենք դառնում՝ անկախ ամեն ինչից։ Այդպիսի մարդիկ միշտ շատ խորհրդավոր ու իմաստուն են լինում, միշտ խոսում են կարևոր թեմաներից, տալիս տրամաբանական հարցեր ու սպասում խելացի պատասխանների։
Ի՜մ պապը, ի՜մ Արայիկ պապը։ Արտաքնապես նա շատ բարի ու վեհ կեցվածք ունի՝ չնայած փոքր ու մուգ աչքերին։ Բնավորությամբ չափազանց պատասխանատու, ճշտապահ և ինչպես տատս է միշտ նշում. «Պապդ իսկը գերմանական ժամացույց է»։ Նա շատ մարդասեր ու կամեցող է, օգնում և աջակցում է ցանկացածին, ով իրենից օգնություն է խնդրում։
Ինձ համար նրա արտաքինում միշտ առեղծված կմնան ամբողջ վերին շրթունքին տարածվող սև ու արդեն սպիտակ բեղերը։ Երբ դեռ փոքր էի, միշտ փորձում էի պապիս պատկերացնել առանց այդ բեղերի, բայց ցավոք, անգամ հիմա, երբ փոքր-ինչ մեծ եմ, չեմ կարողանում պատկերացնել նրան առանց իր բեղերի։
Ինձ համար պապս շատ արտասովոր ու հետաքրքիր անձնավորություն է, քանի որ նա ունի այնպիսի սովորություններ, որ մինչ այսօր ես ոչ մեկի մոտ չեմ նկատել։ Պապս ամեն մարտի 1-ին պարտադիր գնում է ձնծաղիկ քաղելու, քանի որ հենց ձնծաղիկն է ազդարարում գարնան սկիզբը։ Եվ ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել մասնակցելու այդ չափազա՜նց հետաքրքիր արարողությանը։ Այս ամենի հետ մեկտեղ, մի փաստ կա պապիս մասին, որն ինձ միշտ զարմացնում է. պապս աթեիստ է։
Մի քանի օր առաջ, երբ սովորականի նման պապիս հետ գնում էի Երևան, ես՝ դասի, նա էլ՝ աշխատանքի, զգացի, որ այդ օրը պապս սովորականից ավելի առույգ էր ու ուրախ։ Եվ առաջին բանը, որ նկատեցի, ռադիոն էր, որը սովորականի նման չէր հաղորդում Հայաստանում կատարվող իրադարձությունները, այլ ուղղակի հանգիստ երգում էր։ Զարմացա, քանի որ պապս միշտ պարտադիր ամեն առավոտ աշխատանքի էր շտապում ռադիոյի վեհ հնչերանգների ներքո, դե, ես էլ արդեն դրա անբաժան մասնիկն եմ դարձել՝ մեկ ամսից ավելի է։ Ինչևէ, մի փոքր անհանգստացա և ուզում էի հարցնել, բայց չհասցրի, քանի որ պապս արագ պատմեց ամեն բան.

-Այսօր իմ ազատ օրն է, աշխատանքի չեմ գնալու, մի օր էլ թող առանց ինձ աշխատանքն անցնի։ Պետք է, չէ՞, որ մարդ մի օր էլ իրեն նվիրի, դե՜ այսօր էլ իմ օրն է, գնում եմ վայելեմ,- ես չհասցրի հարցնել, թե ուր, բայց անչափ ուրախ էի, որ մի օր կհանգստանա։

-Տատիդ չեմ ասել է՜, մենակ քեզ եմ ասում։ Գնում եմ Գեղարդ կամ Գառնի, դեռ չեմ որոշել, դե, տատդ էլ սովորության համաձայն հետս հաց է դրել։

Ես լուռ ժպտում էի, և գլխով համաձայնում ամեն ասածին։ Ես ուղղակի ուրախ էի, որ պապս թողել էր հայկական տխուր ռադիոյի ելևէջները և լսում էր հանգիստ երաժշտություն, ուրախ էի, որ գնում էր Գեղարդ ու գնում էր մենա՜կ։

-Ճիշտ է, Նարե ջան, պապդ աթեիստ է, բայց ես սիրում եմ մեր եկեղեցիները, էնտեղ միշտ հանգիստ է և անվրդով։ Ախր զարմանում եմ, է, էն մարդկանց վրա, ովքեր գնում են եկեղեցի ու Աստծուց խնդրում, որ իրենց օգնի։ Ախր թամբալ մարդուն Աստված ո՞նց օգնի, եթե մարդ աշխատել չի սիրում։
Պապս ճիշտ էր, նա միշտ է ճիշտ։ Հետո հանգիստ ու վստահ տոնով եզրափակեց մեր զրույցը։

-Նարե ջան, գիտե՞ս՝ մարդ երբ պետք է թողնի էս աշխարհն ու գնա։ Էն ժամանակ, երբ խելքին, մտքին ոչի՜նչ չի հասնում, երբ արդեն խելագարվել է, երբ մարմնական ուժից զրկվել է։ Իսկ ես դեռ առողջ եմ, դեռ պետք եմ, դեռ կարող եմ աշխատել…
Ես տխրեցի, որ պապս ասաց դա, բայց մտքումս Աստծուն խնդրեցի, որ պապս երկար ապրի, քանի որ նրա իմաստուն մտքերը դեռ շա՜տ են պետք մեր այս աշխարհին։

 

nare hovhannisyan new

Դարչինով թեյն ու տիկին Նազիկը

Ես կմտածեմ նորից ու կրկին: Դասախոսս է ասում, որ կարող ենք մտքով անծայրածիր հեռուն գնալ, տարօրինակ հեռուն, ու մեզ ոչ ոք չի կանգնեցնի… Ճիշտ է, ոչինչ չեմ ասի, բայց ու՞մ են պետք այդ մտքերը։ Եթե մարդիկ կարողանային կարդալ ու հասկանալ մեր մտքերը միայն, ապա նրանք կարող էին մեզ իսկապես ճանաչել, ի՜նչ հետաքրքիր ու, վերջապես, իրական կլիներ։ Դու երջանիկ ժպիտը տպում ես դեմքիդ ու գնում առաջ։

Դու փորձե՞լ ես մի օր ապրել դարչինով թեյի մեջ, իսկ ե՞ս. մի՜շտ: Կատակում եմ, այ դա է իմ իրական դեմքը, ու անիրական քայլերը, չնայած ես հավատում եմ, որ օր կգա, որ մեր ցանկացած միտք կլինի իրական ու տեսանելի։ Ը՜մ, ավելի կատարյալ ի՞նչ կա աշխարհում, քան դարչինով թեյը։

Մի օր սա ասացի մեր հարևան տիկնոջը, նա լուռ ու հպարտ վեր բարձրացրեց ձախ հոնքն ու խիստ տոնով ասաց.

-Դու խելացի աղջիկ, սովորող, ո՞նց է մտքովդ անցնում էդ անիրական բաները։ Գիտե՞ս՝ ես քո տարիքում արդեն ամուսնացել էի, դեռ մի բան էլ վրադիր՝ աղջիկս ծնվել էր։ Իսկ դու քեզ տվել ես գրքերին, կինոներին, բժշկականին։ Կյանքում ավելի կարևոր բաներ կան։

-Տիկին Նազիկ, իսկ դուք, երբ փոքր էիք, երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք Հայաստանից Ռուսաստան խոսել մարդու հետ ու տեսնել նրան էկրանից այն կողմ։

Մի պահ կարկամեց, աչքերը հառեց ամպամած երկնքին ու ևս 2 րոպե մտածելով՝ ասաց.

-Գիտե՞ս, երբևէ չեմ մտածել, որ հնարավոր է բջջային հեռախոս ստեղծեն, անգամ մտքիս ծայրով չէր անցնի, որ էստեղից Ռուսաստան կարող եմ տղայիս հետ խոսել, բայց էլի հազար անգամ շնորհակալ եմ, որ կան էդ հեռախոսները, թե չէ տղուս դեմքն էլ կմոռանայի։

-Է՜հ, տիկին Նազիկ, ա՜խր հենց դա է մեր իրականության սխալը, դու ինձ ասում ես՝ ամուսնացի, ի՜նչ սովորել, բայց նաև մտքումդ հազար անգամ շնորհակալ ես էդ համակարգիչը ստեղծողին, որ քեզ նման հնարավորություն է տվել՝ տղայիդ հետ շփվելու հազարավոր կիլոմետրերից։ Ա՜խր, բայց չէ՞ որ ինձ ու իմ նման մարդիկ են պատանի հասակում եղել այդքան ֆանտաստիկ ու անիրական, որ ստեղծել են նման սարքեր, նրանք են, չէ՞ սիրել այդքան գիրքն ու տետրը, այդքան կարդալն ու սովորելը, որ հիմա մենք ա՜յ այսքան հզոր ու գիտաֆանտաստիկ իրականությունում ենք ապրում։
Ես համաձայն եմ, ես անիրական եմ ու ֆանտաստիկ, բայց ես քայլ եմ, չէ՞ անում, որ մի քանի անգամ առաջ շարժվեմ, որովհետև ժամերն առաջ են գնում, մեր մոլորակն է շարժվում ու նորը պահանջում, իսկ դուք ստիպում եք տեղում դոփել ու վերջ։

-Չէ՜, այ բալա, մի բարկացի, է՜, ես ուղղակի քո հարցին եմ պատասխանում, դու ճիշտ ես, ճիշտ, լա՛վ սովորի, որ մի օր էլ քո արած գյուտերը մեզ օգնեն,- ասաց ու արագ քայլերով հեռացավ։

Ես մնացի փոշոտ փողոցում մենակ կանգնած, մի պահ ինձ լավ զգացի. իմ արած գյուտե՜րը։ Հետո մտածեցի, որ իսկապես շատ կոպիտ խոսեցի տիկին Նազիկի հետ, ուղղակի նա շատ բարի կին է, պետք չէր, բայց միևնույն ժամանակ շա՜տ բարկացած էի այժմյան մարդկանց մտքերի վրա, ու «մուռս թափեցի էդ խեղճ կնոջ վրա»։
Բայց ախր ճիշտ եմ. մարդիկ եսասեր են, տե՛ս, նա ուրախ է ու չափազանց շնորհակալ, որ տղայի հետ կարողանում է խոսել, բայց դրա հետ մեկտեղ՝ նա քարկոծում է այն մարդկանց, ովքեր այդպիսին դառնալու ցանկություն ունեն, որ կարող են այդպիսին դառնալ, ու աշխարհին նոր մի կարևոր բան նվիրել։ Ցավոք, մարդիկ այդքա՜ն կարճ մտքեր ունեն, ափսոս, որ մեր իրականությունն այնքա՜ն լճացած է, որ այդ տիղմը մաքրելու համար մեզ չափազանց ժամանակ ու ջանք է հարկավոր։

Հետո, կրկին հիշեցի իմ այդքան շա՜տ սիրելի դարչինով թեյի մասին, հիշեցի, թե քանի՜ անգամ եմ կռիվ արել նրա համար ու փախա տուն՝ ցրտից սառած ոսկորներս տաքացնելու։

nare hovhannisyan

Մի փոքր խոսենք

Երջանկության համար մենք որոշ չափանիշներ ենք սահմանում, ապրում այդ չափանիշներով, չնայած՝ մեկ-մեկ գիտակցում ենք, որ կարելի է ապրել առանց դրանց, կարելի է ապրել առանց որևէ չափման միավորի։

Մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց խնդիրների, մենք միշտ ձգտում ենք որևէ բան խառնել, անգամ անգիտակցաբար։ Մենք միշտ բողոքում ենք, որ խնդիրներով ապրելով՝ մենք կորցնում ենք մեր կյանքը, մենք դժգոհում ենք մեր կյանքից, բայց հաջորդ վայրկյանին մենք ինքներս ենք ստեղծում այդ խնդիրը, ու վազեվազ կրկին բողոքում։
Մենք չենք փոխվում, նույն կերպ մենք պահպանվում ենք մեր կյանքի բոլոր փուլերում։ Մի կերպ հարմարվում ենք դպրոցին, երբ հազիվ գլուխներս ենք լցնում մաթեմն ու պատմությունը ու հազիվ դիմակայում ենք 45 րոպե տևող դասին, գալիս է այդքան սպասված 80 րոպեն, դե՜, ինչպես ասում են՝ լավից լավն էլ կա։
Մենք գլորվում ենք առաջ, մենք երբեք մեզ լիարժեք երջանիկ չենք զգում, ապրում ենք հավերժ մի գդալ բողոքը լեզուներիս վրա, սպասում ենք, թե երբ են հետաքրքրվելու մեր որպիսությամբ, որ միանգամից վրա տանք ու բողոքենք։ Դրա հետ մեկտեղ՝ մենք ատում ենք ժամանակը, երազում ենք հետ տալ այն՝ չհասկանալով, որ կարելի է կյանքի ամենալավ պահերը ուղղակի վայելել ու պահել հիշողությունների տետրում։
Մենք այդպես էլ չենք հասկանում կյանքը, դրա լեզուն, չենք սովորում դրան, մենք երազներ ենք տեսնում ու վազքով ջրին պատմում՝ չհասկանալով, որ վատագույնը երազը չէ, այլ լճացած իրականությունը։
Մենք երազանքներով ենք լցվում դեռ մանկուց, մեծանում ու դրանց կոչում նպատակ։ Բայց միշտ վախենում պատմել, թե իրականում ինչ էինք երազում անել 5 տարեկանում, դրանից վախենալով՝ մենք ամպագոռգոռ նպատակները ձեռքներիս գնում ենք դեպի պատանեկություն, հետո դառնում չափահաս ու հասկանում, որ լավագույն նպատակը 5 տարեկանում ունեցածն էր, որ վախից չիրագործեցիր։
Չնայած այս ամենին՝ մենք շարունակում ենք ապրել նույն կերպ, ապրում ենք նույն չոր ու կոպիտ բնավորությամբ, նույն ահարկու դեմքով, նույն տխուր խոսքերով ու մտքերով։ Համարյա միշտ վախենում ենք մայրիկին մոտենալ ու գրկել, վախենում ենք համբուրել ձեռքերը ու մի անգամ շշնջալ. «սիրում եմ քեզ, մա՜մ»։ Մենք վախենում ենք ամենաթանկ մարդկանց տեսնելուց փարվել նրանց, ժպտալ ու երջանիկ գոչել. «Լա՛վ է, ամեն բան լավ է»։ Մենք միշտ սպասում ենք տատիկի անուշաբույր ճաշերին, չհնացող խորհուրդներին, բայց փոխարենը օրվա մեջ գոնե մեկ անգամ չենք զանգում նրան։
Եվ էսպես, մենք հիմարի պես գլորվում ենք աշխարհում, կուտակում շատ փող, փչացնում ամենաթանկ առողջությունը, հիմարի պես քնում մինչ կեսօր՝ պատճառաբանելով, որ հոգնած ենք, ու հենց էդպես կորցնում կյանքի ժամերը։
Մենք ապրում ենք չափանիշներով, հնացած խոսքերով, այնպես, կարծես ակվարիումում ապրող ձկներ լինենք՝ սահմանափակ ու տհաճ։ Մենք էլի երջանկության համար չափանիշներ ենք հորինում ու մոռանում, որ կարելի է ուղղակի ժպտալ և ուրախ լինել ամենափոքր բանից անգամ. երկնքի կապույտից, տնից այն կողմ ծառացած կարմրանարջագույն մայրամուտից, գունագեղ փուչիկներից, մայրիկի նվիրած ամառային զգեստից, համեղ քաղցրավենիքից ու անուշաբույր խմորեղենից:

narehovh

Այն մեկին, ով մոռացել էր Ձմեռ պապին նամակ գրել

«Դրսում ձնեռ է, բայց շա՜տ լուսավոր է.

-Այսօր ի՞նչ օր է, ասա՜։

Սպասում են մեզ այս աշխարհում բոլորը։

-Այսօր ի՞նչ օր է ասա՜» (Կարդալ երգելով)…

Բավականին ժամանակ կլինի, ինչ այս երգը մտքիս ու շուրթերիս ման եմ գալիս, կարծես Արարատ-Երևան ավտոբուսից լինի, որը միշտ` պատշաճ կարգով ուղևորներ է տեղափոխում։ Չգիտեմ, թե ինչու հենց այս համեմատությունն եմ անում, բայց միակն է, որ մտքիս եկավ այս պահին։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ գեղեցիկ երգը մտքիս է գալիս յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին. դե՜ իհարկե, Նոր տարին է ազդարարում։

Չգիտեմ դու ինչպես, բայց եթե չհաշվենք մնացյալ իմ սիրելի տոները, ապա կարող եմ ասել, որ Նոր տարին անասելի շատ եմ սիրում։ Գիտե՞ս, յուրահատուկ տոն է, ոչ թե նրա համար, որ ջեռոցում խոզուկի փափուկ ազդրն է եփվում, որ գունագեղ աղցաններ ու խմորեղեն ենք պատրաստում, որ մսով նրբաբլիթներ ենք թխում, որ… Լավ չշարունակեմ։ Որովհետև եղևնին ենք զարդարում, որովհետև Ձմեռ պապիկը բարձիս տակ մի տուփ շոկոլադ է դնում ու Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գիրքը։ Դե իհարկե, այս վերջին կետը ուղղակի երազանքներիս տոպրակից հանեցի, որովհետև Ձմեռ պապը նամակներս չի կարդում, որ իմանա, թե այա տարի ինչ եմ ուզում։

Ափսո՜ս, երանի, թե փոքր լինեի, այնքան փոքր, որ էլի ու էլի, ամեն տարի թրթռուն ժպիտը դեմքիս մի ծրար պատրաստեի, վրան նկարեի ինձ, Ձմեռ պապին ու մի եղևնի` գունագեղ լուսավորված։ Հետո սպիտակ թղթին թողնեի երազանքներիս տոպրակից հանած կտորները։ Ու վերջում Ձմեռ պապին խնդրեի, որ անպայման բարևի Ձյունանուշին։ Ծալեի, սոսնձեի ու հորս խնդրեի, որ այն անպայման փստի մեջ գցի, որ Ձնեռ պապը ինձ չմոռանա։ Ու այս ամենը ես կանեի դեռ նոյեմբեր ամսին։ Բայց ես արդեն մեծ եմ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, գիտե՞ս։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան է փոխվել։ Դու քեզ հարց չե՞ս տալիս, հա, քեզ հետ եմ, դու ` 17-ամյա պատանի, ինչո՞ւ Ձմեռ պապին էլ չես գրում։ Մեծացե՞լ ես, դրանի՞ց է արդյոք։ Ո՛չ, դու ուղղակի հավատդ ես կորցրել, դու հիմա չես հավտում ամանորյա հրաշքների։ «Ի՜նչ Ձմեռ պապ, ի՜նչ ամանորյա հրաշքներ, ի՜նչ Նոր տարի…»։ Դու այսպես ես մտածում, իհարկե, ու հիմա քեզ համար ավելի կարևոր, ես կասեի, իրական բաներ կան։

Ճիշտ է, մենք մեծանում ենք և յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի խրվում երկրագնդի ժամացույցի մեջ, ու այդ ժամացույցի մեջ ապրելով կորցնում ենք երազելու, սպասելու, կարոտելու ու սիրելու հմտությունները։ Մեն ուղղակի մեզ հրում ենք առաջ, մենք մեծանում ենք, բայց մեր հոգին մնում է նույն չարաճճի մանուկը, ով յուրաքանչյուր Ամանորին ազնիվ ու մաքուր սրտով նամակներ էր գրում Ձմեռ պապին, եղևնին էր զարդարում ու ամեն կախվող խաղալիքի հետ մի երազանք պահում, գժի նման ցատկոտում ու անհագ ծիծաղում, երբ ձյան սպիտակ փաթիլներ էր տեսնում։ Տե՛ս, չենք մեծացել, ուղղակի աշխարհի ժամերն են փոխվել, ինչպես ասում էր տատս։

Թո՛ղ ամեն բան, արի՛ գնանք, ես այնքա՜ն ձևավոր թղթեր ունեմ, միասին նամակ կգրենք Ձմեռ պապին, միասին տոնածառ կզարդարենք, մայրիկի պատրաստած համեղ խմորեղենը կուտենք, ու դու էլի անփութորեն բերանիդ շուրջը շաքարափոշի կանես, իսկ ձեռքերիդ ` քաղցր կրեմ։ Հիմարի պես կծիծաղես ու կգամվես հեռուստացույցի էկրանին, որովհետև վերջապես Ամանոր է, և հաստատ Հարրի Փոթերը ցույց կտան…

Դե, իսկ ինձ մնում է քեզ ասել. Շնորհավոր Նոր տարիդ, ծրարդ չմոռանաս գցել փոստը…

nare hovhannisyan

Համակարգը չաշխատեց

Բարև, գիտեմ, որ դու էլ ինձ նման տխուր նստած ես, չափում ես սենյակի լայնությունը, հետո ոտքերդ ուղղում ու հիմա արդեն որերորդ անգամ շրջանագծով քայլում սենյակում։ Հաշվում ես գցած քայլերդ ու նորից տեղավորվում աթոռին՝ նորից սենյակում դեգերելու մտքով լցված։

Գիշերվա կեսին կարևոր չէ, թե աշխարհում ինչ է կատարվում, կարևոր չէ, որ մարդիկ երջանիկ են, սիրված, կարևոր չէ, որ 21-րդ դար է, ու դրան տեխնիկայի դար են կոչում, կարևոր չէ, թե վաղն ինչ եղանակ է սպասվելու, կարևոր չէ…

Կարևորները միայն թղթին են գրում ու ամպագոռգոռ արտահայտություններ կազմած օդում հնչեցնում, իրականում սրանք էլ կարևոր չեն։ Կարևորները մենք հեռվում ենք թողնում, կամ ծալում, դնում մեր սիրած գրքի վերջին էջերում, ինչպես աշնան չորացած տերևը կդնենք։ Հետո մի օր բացում ու համարում կարևոր հնություն՝ չորացած, անէացած, բայց աչքին սիրելի։

Միևնույնն է, չենք տարբերում, աշխարհում ամեն բանի անուն ենք կպցնում՝ կարևոր է, անկարևոր։ Կարևորները պահարանի առաջին դարակում ենք խցկում, երկրորդ դարակում կարևորների երկրորդ աստիճանն է, սրանք մեկ-մեկ ենք հիշում, վերցնում, թերթում այն հույսով, որ մի օր պետք կգա։ Դե, իսկ երրորդն էլ լցված է ցաքուցրիվ անկարևորներով՝ առանց դասավորելու, ուղղակի մատնված մոռացության։ Չնայած՝ մեկ-մեկ մոտենալու և դասակարգելու հույսը մտքներումս պահած։

Ու նորից, կրկին իջնում ես քո չոր աթոռից ու մտքումդ քայլերիդ թիվը մոռացած՝ փորձում ես սենյակիդ այս պատից մյուս պատն ընկած հեռավորությունը չափել, բայց փոշմանում ես ձեռքիդ տակ համապատասխան չափիչ սարք չունենալու պատճառով։ Այնուամենայնիվ, դու չես ընկճվում, ի վերջո 21-րդ դար է, և որ վաղը հեռուստացույցը միացնես, հաստատ կտեսնես, որ մի նոր չափիչ սարք են հորինել։ Գիտեմ՝ դու էլ սպասում ես, որ մի օր, երբ հեռուստացույցը միացնես, զիլ ձայնով մի տղամարդ կհաղորդի. «Բրիտանացի, կորեացի և ճապոնացի գիտնականների համատեղ ուժերով ստեղծվել է կարոտը չափելու սարք»։ «Ա՜յ քեզ գյուտ»,- կմտածես դու ու վազքով կփնտրես քո արխիվներում պահած, վաղուցվանից հավաքած գրոշները այն հույսով, որ դու էլ ձեռք բերես այդ սարքից։ Չնայած, այն դժվար վաճառեն մահկանացուներին։ Այդ միտքը գլխումդ՝ գրոշները հետ կշպրտես տեղը, թող մնան, մի օր պետք կգան։ Կգամվես հեռուստացույցի առաջ, ուշադիր կլսես զիլ ձայնով տղամարդուն, որն արդեն հազար անգամ կկրկնի, թե սարքը ձեռք բերել կարող են միայն չափահասները։ Դե, իսկ դու, ցավոք, դեռ տասնյոթ ես։

Տեսնես` ինչպե՞ս են օգտագործում սարքը, ո՞նց են ստեղծել։ Հա՜, երևի մարդկանց հոգին առանձնացրել են սրտից, տեղափոխել հարմար տարրայի մեջ և զննել, թե հոգին ինչ է զգում ամեն անգամ «կարոտ» բառն արտաբերելիս։ Հոգին, բառը լսելուն պես, կծկվել է և փոքրացել… Այն ցավ է զգացել, անասելի ցավ։ Հոգին չի խաբում, ցավ ես զգում, որովհետև գիտես, որ չես կարող անցնել այդ պատնեշը, չես կարող շրջանցել, քանդել։ Ա՜յ, էդպիսին է կարոտը։ Չգիտեմ՝ ինչպես են չափում այդ գիտնականները կարոտը, բայց, ըստ իս, անհնար է չափել տիեզերքը, անհնար է չափել սերն ու կապվածությունը դեպի ամենաթանկ մարդը։ Ճիշտ է, այն սկիզբ ունի, բայց ոչ երբեք ավարտ, այն միշտ ցավեցնում է հոգիդ, այն միշտ ստիպում է հիշել ու կորչել հիշողությունների քարտեզում։ Փակի՛ր այդ քարտեզը, արդեն շա՜տ ուշ է…

Ու դու նորից հազարերորդ անգամ կդեգերես սենյակումդ, կչափես լայնությունն ու հեռավորությունը, իսկ զիլ ձայնով տղամարդը կասի, որ կարոտ չափող սարքը փչացել է, իսկ գիտնականների Նոբելյան մրցանակը հետ են վերցրել…