Սեյրան Սողոյանի բոլոր հրապարակումները

Seyran Sogoyan new

Ամեն ինչ իր ժամանակին

Արդեն մեկ տարի անցել է պատերազմից։ Շատերը գոնե մի պահ ժամանակ չտրամադրեցին մտածելու` ինչով բուժեն,  օգնեն, կարեկցեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեին և ունեն հիմա։ Նրանց համար, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա՝ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է։

Ցավոք, ազգս կրկին դաս չքաղեց. էլի արհամարհական թերթեց էջն ու անցավ առաջ։

Պատերազմից հետո հասկացա, որ մարդիկ ու երևույթները ժամանակից արագ են փոխվում։

Իմ  կյանքը երկու մասից բաղկացած եմ համարում. պատերազմից առաջ և հետո։

Ուզում եմ և առաջինին բաց թողնեմ, և հետո-ին։

Ինձ համար կյանքը երեք օրերն են։ Երեկն արդեն անցել է, ու դու ոչինչ չես կարող փոխել, վաղը դեռ չի եկել, ու կարող է չլինի։ Դրա համար փորձենք այսօրը պատվով գործել, որ չզղջանք մեր արածների համար։

Մի խոսք կա, որի հետ 100 տոկոս  համաձայն եմ. ամեն ինչ ժամանակին կլինի։

Եվ իրոք: Դու կարող ես պայքարել մինչև վերջին քրտինքը, բայց եթե դեռ ժամանակը չէ, քո մոտ կամ ոչինչ չի ստացվելու, կա’մ էլ դու չես կարողանալու արժանվույն գնահատել այն, ինչի համար պայքարում էիր։ Ու վերջիվերջո, կկորցնես ընդմիշտ։

Մի շտապեցրու կյանքիդ, շարունակիր առաջ գնալ, բայց մի սպանվիր՝ փորձելով ինչ-որ բան ստանալ։

Ամեն ինչ ժամանակին կլինի։

Մենք ենք մեր պատմության հեղինակը։

Եթե զգում ենք, որ մնացել ենք նույն էջի վրա, հիշենք, որ ամեն վայրկյան կարող ենք նոր գլխից սկսել գրել:

seyran soghoyan

Կյանքից ավելի թա՞նկ

Միլիարդավոր մարդիկ այցելել են այս կյանքն ու գնացել՝ հանգիստ փակելով դուռն իրենց հետևից։

Ապրել են, զգացել են, սիրել են, ինչպես մենք։

Բոլորը՝ առաջինից մինչև վերջինը, վերացել են։

Եթե յուրաքանչյուր մարդ այս երկրում հասկանա դա, ժամանակ կունենայի՞նք հիմարությունների, չսիրելի աշխատանքի, ատելության, ագահության, տրտմության, անհավատ լինելու, ծուլության, ցինիզմի, թուլության, արհամարհանքի։

Կծախսեի՞նք մենք մեր թանկագին ամիսները կյանքի՝ ուրիշների կյանքերին խառնվելով ու խանգարելով։

Կվախենայի՞նք այն մտքից, ինչ է մտածում ամբոխը մեր մասին։

Օգտագործենք մեզ տրված ժամանակն առավել քան ճիշտ, ու օգտակար դարձնենք և’ մեզ համար, և’ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։

seyran soghoyan

Ճամփաբաժանին

Լուսնի լույսով էինք լուսացնում։

Մեկ` դըմփ, երկու` դըմփ, երեք` դըմփ, ու երբ դադարում էր դմփալ, միանգամից հայտնվում էի տանը՝ տաք, կուշտ, ուրախ, անհոգ։ Մորս մոտ նստած  էի՝ հենց նոր սիրածս թխվածքը թխած տաք ձեռքերը բռնած, բայց… Մի պահ, հենց նայում էի վերև, էլի նույն սառած տանկս էր, ես էլ նստած էի սառը գետնին՝ գիշերվա սառնությունը հավաքած զենքը բռնած։

Սառնությունը երևի զգոնություն էր հաղորդում, բայց միևնույն ժամանակ կտրում էր մեզ մեր տներից, մեր հույսերից, մեր ճանապարհներից։ Երբ ընկերոջս՝ մեր տանկի մեխանիկին, ասում էի` տեսնես վերջը ողջ կմնա՞նք, ասում էր. «Մեր վրա ատոմային ռումբ էլ ընկնի, ողջ ենք մնալու, չմտածես»։

Ու այդպես էլ եղավ. երկուսս էլ փրկվեցինք։ Փրկվեցինք մի քանի ժամերի տարբերությամբ: Ես նրան վերջին անգամ տեսա վիրավորված, իսկ հետո արդեն հիվանդանոցում՝ իմ կողքին նստած։

Երևի հավատը փրկեց մեզ: Հավատում էինք, որ մի քանի օրից վերջանալու է, ու ամեն մեկս գնալու ենք մեր ճանապարհով։

Վերջացավ: Ու ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով։ Ոմանք ստանձնեցին հավերժ ճամփորդի պաշտոնը, ոմանք էլ արդեն հասել են ճանապարհի վերջին։ Ես էլ դեռ գնում եմ, գնում եմ, որ գտնեմ այն, ինչի համար ճանապարհ եմ ընկել։

Աստված օգնական բոլորիս։

seyran soghoyan

Մայրերը

Մի օր եկեղեցում կատարվեց իմ կյանքի ամենացավոտ հանդիպումներից մեկը։ Եկեղեցում ինձ մոտեցավ մի  զոհված զինվորի մայր՝ շատ հուզված, ճերմակած, տխուր ու ծերացած։ Ինձ գրկեց ու առողջություն ցանկացավ՝ արցունքն աչքերին։ Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հետս։ Նա ինձ ասաց, որ այս աշխարհում լրիվ մենակ է մնացել։ Ժպտաց ինձ ու գնաց՝ շարունակելու աղոթքը։ Նույնիսկ այս պարագայում նա չէր կորցրել իր հավատը, շարունակում էր աղոթել՝ իր որդու խաղաղ քնի ու հանգստության համար։

Եկեք մենք էլ ամեն վայրկյան աղոթենք նրանց  համար, որովհետև մեր խաղաղ քնի համար նրանք քնեցին հավերժ։

Աստված թող համբերություն և ուժ տա բոլոր որդեկորույս մայրերին։

seyran soghoyan

Ամեն ինչ լավ է լինելու

Հոգ տար քո մասին:

Առջևում դու ունես այնպիսի հնարավորություններ, որոնց մասին դու անգամ  մտածել չես կարող։ Քեզ սպասում է մեծ երջանկություն, դու անպայման կհասնես նրան, ինչի մասին երազում ես։ Քո վերքերը կսպիանան, ժպիտդ ավելի վառ կլինի, քո կողքին կհայտնվեն լավ մարդիկ, դու կստանաս կրթություն, կգտնես աշխատանք՝ տալով քեզ միայն հաճույք։

Մի կոտրիր քեզ: Չի կարելի ձեռքերը թուլացնել, պայքարիր ու հասիր քո նպատակին` փոքր քայլերով։ Լսիր քո սեփական ձայնին. դու ուզում ես, ուրեմն դու կարող ես։ Ես քեզ հավատում եմ, դու էլ քեզ հավատա։ Մի նստիր տեղդ, զարգացիր։ Կատարելագործվիր ու դարձիր լավը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա իրական էությունը յուրաքանչյուր մարդու։ Քոնը կլինի լավագույններից մեկը, որովհետև դու կարողացար հաղթել քեզ։ Չգիտեմ՝ արդյոք կլինի՞ դա, կիրագործվի՞  իրական կյանքում, բայց դու փորձիր հավատալ, որ ոչ մի անհնարին բան չկա։ Շատերը սկսել են զրոյից, ու նայիր որտեղ են նրանք հասել։ Իսկ ի՞նչն է խանգարում քեզ։ Խորը շունչ քաշիր ու նայիր առաջ, քեզ սպասում է նոր օր, և դրա հետ նոր հնարավորություններ։

Ամեն ինչ կլինի, ոչինչ, որ ոչ առաջին փորձից։

Ահա թե ինչ եմ ինքս ինձ ասում ամեն օր։

Աստվածն առաջ, ամեն բան լավ է լինելու։

seyran soghoyan

Երեք բառ

Երեք բառ, որ ստիպեցին ինձ շարունակել պայքարել հանուն ապրելու, հանուն քրոջս, եղբորս, ծնողներիս ժպիտը տեսնելու։

Հիմա մարդիկ կան՝ շարունակում են ապրել սեփական նստատեղը պահելու համար, մարդիկ կան՝ ապրում են ճանապարհներ փակելու համար, մարդիկ կան՝ ապրում են աթոռ ու սեղան ջարդելու համար, մարդիկ կան՝ ապրում են թվաքանակ ապահովելու համար, մարդիկ կան՝ ապրում են քննադատելու ու նվաստացնելու համար, մարդիկ կան՝ ապրում են ծափ տալու, գոռալու, սուլելու համար։ Ապրում են, էլի, ի՞նչ ասեմ: Մինչդեռ քանիսը կուզեին ապրել` իրենց մորը, քրոջը, ընկերուհուն, ուսուցչուհուն, սիրած մարդուն գոնե ապրեցնող ժպիտ պարգևելու համար, երկար ու կարճ բարեմաղթանքներ ասելու համար, նպատակներին հասնելու ու արարելու համար, ապրելու համար…

Երբ վերակենդանացման բաժանմունքում էի, մայրս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս, ժպտաց ու անվերջ նայում էր ինձ, երբ ես ասացի մորս, որ ոտքերս չեմ զգում՝ չիմանալով, որ մայրս չգիտի։ Մայրս զսպեց իրեն, որ ես վատ չզգամ ու ասաց.

-Ոչինչ: Կզգանք: Չմտածես…

seyran soghoyan

Մենք ուղղակի «մենք» չենք

Մենք ուղղակի «մենք» չենք: Մեր «մենքը» մնացած բոլոր ազգերի «մենքերից» ամենահզորն ու ամենաուժեղն է: Բայց մեր խնդիրն այն է, որ մեր «մենքը» գնալով դառնում է «ես»՝ ամեն մեկը իր անհատական «ես»-ի մասին մտածելով։

Այս տարին իր ամեն ինչով դաս էր, որ պետք է ամեն մեկս վերցնեինք պետքականը ու օգտակարը։ Ոմանք վերցրին, ոմանք չվերցրին, ոմանք էլ ընդհանրապես չմասնակցեցին դասին։

Այս տարին ինձ համար գնահատման, սիրելու, ներելու, օգնելու, հաղթահարելու ու պայքարի տարի էր։ Հաջորդ տարուն սպասում եմ շատ ակնկալիքներով, բայց միայն չեմ սպասելու, այլ գործելու եմ, պայքարելու եմ։

Պայքար բառը շատ եմ սիրում. շատ մեծ ուժ ունի  ցանկացած պարագայում։ Վարժություններ անելիս, երբ կանգ եմ առնում, լսում եմ. «Հանձնվեցի՞ր», ու մեջս հենց պայքարն է արթնանում, ու սկսում եմ ավելի լավ անել։

Ես ու ընկերս պայքարում ենք ու պայքարելու ենք մնացած տղերքի հետ միասին։ Այս տարում շատ բաներ տեսանք, հասկացանք, ապրեցինք, կորցրեցինք, բայց ուզում եմ, որ շարունակենք ապրել՝ իրար մասին հոգ տանելով, մեկի ցավը ճիշտ պահին կիսելով, սիրելով, նվիրվելով, որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։

Մենք ուղղակի «մենք» չենք:

seyran soghoyan

Հավատա՛, հրաշքներ լինում են

Մինչ պատերազմը ծառայում էի Որոտանում: Վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էի: Պատերազմի առաջին օրերից մեկնեցինք մարտադաշտ: Կյանքը փոխվեց:

Առհասարակ մինչ պատերազմը «հրաշք» բառն ինձ համար շատ սովորական բառ էր, մանավանդ «Հավատա՛, հրաշքներ լինում են» նախադասությունը։ Էս ամեն ինչը մինչև պատերազմի սկսվելը:

Հիմա պատմեմ իմ «հրաշքներից»։ Էն, որ մենք քնում ու արթնանում էինք՝ մի աչքը բաց, մեկը՝ փակ, արկերի անձրևի տակ, դա ձեզ մի հրաշք։

Մի տանկից մյուս տանկ վազելիս, մանկությունից մինչև էդ պահը գալիս էր աչքերիս առաջ, մինչև բարեհաջող տեղ էի հասնում. էս մի ուրիշ հրաշք։

Տանկիս մի քանի անգամ արկերով հարվածեցին, իմ հմուտ մեխանիկիս շնորհիվ մեր տանկին բան չեղավ. էս մի այլ հրաշք։

Էս մի հրաշքը տարբերվում ա մնացած բոլոր հրաշքներից նրանով, որ երբ զգացի, որ ոտքերս չեմ զգում, որ չեմ կարող խոսել, չեմ կարող շարժվել, չգիտեմ՝ ոնց իմ «հրաշք» ընկերների շնորհիվ դուրս եմ բերվել տանկից։ Երբ զգացի, որ պառկած եմ սառը գետնին, աչքերս հանգիստ փակեցի։ Երբ լսեցի, որ ինձ ուզում են զոհվածների հետ տեղափոխեն, կատարվեց հերթական հրաշքը, և ես սկսեցի խոսել. «Ես սաղ եմ»։

Հիվանդանոցում ընկա հրաշագործների ձեռքը: Վերածնվեցի։

Բժիշկները «հրաշքով» փրկեցին կյանքս, որի համար այդքան պայքարում էի ողջ դաժան ճանապարհի ընթացքում։

Հիմա էս պատմությունը ունի շատ ավելի «հրաշք» ընթացք։ Երբ ընդհանրապես չէի կարողանում խոսել, չէի կարողանում շարժվել, նորմալ շնչել, հիմա, փառք Աստծո, կարողանում եմ անել բոլոր թվարկածներս։

Ու ամենակարևորը, սպասում եմ հաջորդ «հրաշք»-ին, որը հավատում եմ, անպայման լինելու է  շնորհիվ Աստծո և հրաշագործ մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են ինձ հետ. ես քայլելու եմ: էս էլ մի ՀՐԱՇՔ։

Ամեն:

Seyran Soghoyan

Քառակուսի կյանք

Երբ դուրս ես գալիս բակ, քեզ թվում է, թե մտել ես համակարգչային սենյակ: Բոլորը հեռախոսները գրկած նստած են, տանը ասելով, թե` գնում եմ բակ խաղալու:

Ես ուղղակի հիացած եմ, որ որոշ ժամանակ ունեցել եմ, գոնե առանց «հեռախոսի» մանկություն:

Հիմա, երբ երեխային հագուստ կամ հասարակ մի բան՝ գրիչ ես առնում, նա ասում է, որ դրանից իմ ընկերն էլ ունի: Արի` ավելի լավը առնենք, իսկ առաջներում ընդհակառակը, ասում էին` ինչ լավ է. ես էլ, ընկերս էլ նույն շորից ունենք: Այս ամենի մասին տեղեկությունները, ավելի հարստացնում է մայրս, պատմելով իր ջերմ մանկություն մասին:

Ինչու հենց վերնագրեցի քառակուսի կյանք, որովհետև այս կյանքում ամեն ինչը կախված է հեռախոսից, բառիս ուղիղ իմաստով: Ամեն մի խոսքի մեջ կա այդ չարաբաստիկ բառը: Մայրս ասում է, ճիշտ է, հիմա հեռախոսով կարող ես զանգել ու գտնել տվյալ մարդուն ու շուտ գտնում ես, բայց առաջ մենք վազում էինք տնից տուն` իմանալու, թե որտեղ է կորել նա: Դա էլ ցավոտ կողմ ունի, գոնե այդ ժամանակ տեսնում էին իրար հարևանները, հավաքվում, ուրախանում, իսկ հիմա, բոլորը իրարից առանձնացած կյանք են վարում:

Ես հավատում եմ, որ ի վերջո այդ պահն էլ կգա…

Seyran Soghoyan

Սևան մեդիա ճամբար. Ես էլ ընտրվեցի

Ահա և եկավ ֆիլմերի գաղափարների որոշման պահը: Բոլորը հավաքվել էին ու արագ-արագ իրենց գաղափարներն էին առաջարկում: Դե իհարկե, կային շատ լավ ու միաժամանակ շատ վատ գաղափարներ, բայց դրանք էլ մշակվեցին ու սկսվեցին նկարահանումները: Բոլորս անհամբեր սպասում էինք, թե ովքեր էին լինելու ֆիլմերի հերոսները: Պետք է ձևավորվեր դերասանական խումբ:

Արդեն գիտեք, որ սոցիալական գովազդներ էինք նկարահանում վիրտուալ և իրական կյանքի մասին:

Կանչում էինք լավ «սելֆի» անող աղջիկների, որոնք պետք է ցուցաբերեին իրենց տաղանդները տեսախցիկի առաջ: Բոլորն էլ լավ էին «սելֆի» անում, բայց ոչ ընկեր Արայի չափ: Բայց ի վերջո ընտրվեց Զարուհին, և նկարահանող խումբը անցավ գործի: Զարուհին անցավ բազում-բազում փորձությունների միջով` ընկնել գետնին, առավել ևս ձյան մեջ:

Առաջարկվեց նկարահանել ֆիլմ սիրահարների մասին, որոնք շփվում էին իրար հետ համացանցով, սակայն իրական կյանքում իրար չէին էլ նկատում: Պետք էր ընդամենը մեկ տղա ու աղջիկ: Սիրահար աղջկա դերում ընտրվեց գեղեցկուհի Շուշանը, որը պարզվեց դերասանական տաղանդ ունի: Ես էլ ընտրվեցի սիրահար տղայի դերում և շատ ուրախացա: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նկարահանող թիմի և Շուշանի հետ: Ամեն-ինչ շատ հետաքրքիր էր: Առաջին անգամ տեսախցիկի առաջ, դա ուղղակի գերագույն հաճույք էր: