Անիկ Ավետիսյանի բոլոր հրապարակումները

anik avetisyan

Կարմիրգյուղ

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում: Գյուղն ունի շատ հին պատմություն: Այն նախկինում անվանվել է Ղուլալի: Այդպես են անվանել գյուղում նախկինում բնակվող թուրքական ցեղերը: Այնուհետև այն վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղը Հայրենական և Արցախյան պատերազմի տարիներին մեծ մասնակցություն է ունեցել: Հայրենականի տարիներին շատերը գնացին, բայց քչերը վերադարձան: Սակայն այն փաստը, որ գյուղը մասնակցել է ժողովրդի ազատության համար մղված պայքարներին, մեծ հպարտության առիթ է տալիս: Դա է վկայում գյուղի սկզբնամասում կառուցված Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած, զոհված կամ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողը:

Գյուղում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ և 1 արվեստի դպրոց: Գյուղի ոչ մի երեխա առանց կրթության չի մնում: Շատերը, ստանալով բարձրագույն ուսում, հասնում են մեծ հաջողությունների: Գյուղում գործում է նաև բռնցքամարտի խմբակ: Գյուղը շատ հայտնի բռնցքամարտիկներ է տվել:

Չնայած նրան, որ գյուղի երիտասարդները աշխատանք չլինելու պատճառով լքել են երկիրը, բայց չեն մոռանում նաև վերադառնալ: Գյուղի մեծամասնությունը տարվա 3 եղանակներին կազմում են մեծահասակները:

Գյուղում կա նաև համայնքային գրադարան, որը գործում է արվեստի դպրոցում: Այն ունի 40 000 կտոր գիրք:

Գյուղում գործում է նաև նախակրթարան: Այն գտնվում է թիվ 2 դպրոցի մասնաշենքում: Նախակրթարան հաճախած երեխաները, արդեն մասամբ գրաճանաչ դարձած, հաճախում են դպրոց:

Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Հիմնական մշակաբույսերն են ցորենը, գարին, կարտոֆիլը: Մասամբ զարգացած է նաև մեղվապահությունը: Մեղուներին հիմնականում ամռանը տեղափոխում են «Դուրան» կոչվող տարածք, որտեղ հարուստ բուսականություն կա:

Գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց հույս ունենք, որ այդ խնդիրները կստանան իրենց դրական լուծումները:

 

anik avetisyan

Սևանի ձկնորսներից մեկը

Հարցազրույց պապիկիս՝ Ռոբերտ Ավետիսյանի հետ, ով մասնագիտությամբ ձկնորս է արդեն 40 տարի

-Պապի՛կ, մի քիչ կպատմե՞ս քո մանկությունից:

-Ծնվել եմ Կարմիրգյուղում՝ ձկնորսի ընտանիքում: Մանկությունս անցել է գյուղում: Ունեցել եմ հետաքրքիր մանկություն: Մանուկ հասակից ինձ շատ է հետաքրքրել հորս մասնագիտությունը՝ ձկնորսությունը: Հորս  հետ հաճախ էինք գնում ձուկ որսալու, և շատ հետաքրքիր  էր անցնում:

-Կպատմե՞ս մի հետաքրքիր դեպք հայրիկիդ հետ ձկնորսությունից:

-Երբ մենք գնում էինք ծովափ, հայրիկիս հետ նավակով դուրս էինք  գալիս  ծովի վրա: Հայրս թոռ էր գցում ջուրը: Մի անգամ ես էլ փորձեցի գցել և ճիշտ է վախենում էի, բայց կարողացա: Երբ  թոռը արդեն հանում էինք ջրից, 10 ձուկ կար իմ գցած թոռի մեջ: Ես շատ ուրախացա, բայց  ջրից հանելու  պահին 2 հատը փախան թոռից: Ես տխրեցի, բայց հայրս ասաց, որ դա սովորական դեպք է: Ես  սկսեցի ավելի հաճախ գնալ հորս հետ և  թոռ ավելի հաճախ  գցել:

-Պա՛պ, իսկ ձեր ցեղում ձկնորսությամբ  վաղու՞ց են զբաղվում:

-Հայրս նույնպես ձկնորս  է  եղել, բայց  քանի որ առևտրով էլ  էր զբաղվում, երկար ժամանակ չի զբաղվել ձկնորսությամբ: Երբ գնում եմ ձկնորսության, հանգստանում եմ և մի պահ կարծես  կտրվում առօրյա հոգսերից: Ձկնորսությանը, իմ կարծիքով, ունի  բուժիչ հատկություն. Լռություն, հանգստություն, մաքուր օդ… Բայց հաճախ Սևանում մանավանդ, շատ վտանգավոր է. մեկ էլ ալիքներ են բարձրանում, նավակը շուռ տալիս, կամ ոտքից գլուխ թրջվում ես…

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ձկնորսը:     

-Ձկնորսը պետք է լինի համարձակ, չվախենա ալիքներից:

-Իսկ ի՞նչ ձկնատեսակներ կան Սևանա լճում:

-Հիմնականում սիգ, կողակ, կարաս` (ծածան): Մի ժամանակ Գեղարքունյաց  իշխան  էլ կար, բայց վերացավ, վատ պայմանների պատճառով:

-Ի՞նչ պայմաններ է պետք, որ ձկները չվերանան:

-Ջուրը պետք է մաքուր լինի, Սևանը չպետք է աղտոտել:

-Իսկ ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմես, որ տեղի է ունեցել ձկնորսության ժամանակ:

-Մի օր մի մեծ ձուկ էր ընկել թոռի մեջ: Մենք շատ ուրախացանք, քանի որ վերջին տասնամյակում նման մեծ ձուկ չէինք հանդիպել: Ցավոք, այդ ձուկը, թոռը նավակ քաշելու ժամանակ ընկավ ջուրը: Մենք ափին մոտ էինք, և խորությունն  էլ այնքան շատ  չէր: Ես որոշեցի ցատկել ջուրը, որ բռնեմ ձկանը: Ցատկեցի, մի 10 րոպե լողալուց հետո  բռնեցի ձկանը: Ի դեպ, հոկտեմբեր ամիսն էր: Ճիշտ է, ես մի քիչ հիվանդացա, բայց հասա նպատակիս: