mher tumanyan

Մենք

Երևի բոլոր հասակակիցներս էլ մտածել են այս հարցի շուրջ: Կփորձեմ հակիրճ ձևակերպել կարծիքս: Նախ` մենք այն սերունդն ենք, որը չէր նստում տանն ու հեռուստացույցի կամ էլ համակարգչի առաջ, ժամերով «քրքրում» այն: Ճիշտ է` շատ ու շատ ենք խոսել դրա մասին, շատ ու շատ մարդիկ են ասել այս նույն խոսքերը, թե բա մեր «վախտով» սենց էր, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չենք փոխվում, ու երևի չենք էլ կարողանում փոխվել: Ինտերնետն ու հեռուստացույցը դարձել են բոլորիս օրվա մի մասնիկը: Հենց արթնանում ենք բոլորս «զոմբիացած» ձեռքը տանում ենք դեպի հեռախոսը` զուտ պատճառաբանելով.

-Մա՛մ, դե ժամ էի նայում:

Հասակակիցներս կհաստատեն ասածս: Ասեմ ավելին, քթի տակ կժպտան` հիշելով այդ պատկերը կողքից: Ու գիտե՞ք, իրոք ծիծաղելի է: Այսպես ուրեմն, պատկերացրեք մի օր զարթնում եք ու հեռախոսը ձեր սենյակում չէ, տանն ինտերնետ չկա, իսկ հեռուստացույցի մասին խոսելն անգամ անիմաստ է:

Ինձ ճիշտ հասկացեք, հա՛, ես էլ եմ սենց, բայց այստեղ Մամիկոնյանի խոսքը տեղին չէ, այստեղ «գիտակցված մահն» ավելի շուտ հիմարություն է:

Ժողովու՛րդ, մենք այն սերունդն ենք, որ դուրս էինք իջնում ու «ռեզին» խաղում` կապ չուներ տղա, աղջիկ: Մենք ուրախ էինք. մինչև գիշերվա  տասնմեկը «պախկվոցի» ու «հալամուլա» էինք խաղում, ու միշտ այնպես էր ստացվում, որ վերջին «պախկվողները» տանն էին «պախկվում»: Այ, այսպիսինն էինք մենք, որ դրսում խաղալիս մեկ էլ մի ծանոթ ձայնով կիսաջարդված ֆուրգոն էր մոտենում, ու սաղս սկսում էինք գոռալ.

-Մա՛մ, ա՛յ մամ, հարյուր դրամ «քցի», էլի` բամբակ առնեմ:

-Ա՛յ տղա, էրեկ չե՞ս կերել:

-Ա~, դե հիմի սաղ առնում են, ես չառնե՞մ:

-Լավ, սպասի՛:

Ժողովու՛րդ, այ էս էինք մենք,  ու հաստատ դա ավելի լավ է,  քան այսօրվա սմայլիկներն ու վիրտուալ խոսակցությունները: Կամ այն, որ էլի ամբողջ շենքի երեխաներով սկսում էինք գոռալ ու փող ուզել.

-Հիմա ինչի՞ համար, տղա՛ ջան:

-Տղերքով գնում ենք «կոմպնոց»:

Այդ «կոմպնոց»-ը դարձել էր մեր փոքր ժամանակվա խաղատունը: Ամբողջ շենքի տղաներով ամեն չորեքշաբթի օրը գնում էինք “Medal of honor” խաղալու: Չգիտեմ, հիմա դեմքս լուսավորվում է ժպիտից, որովհետև դա ավելի լավն էր: Չգիտես ինչու, մի տեսակ ավելի շատ էիր վստահում մարդկանց այդ ժամանակ:

Մենք այն սերունդն ենք, որն արդեն առանց ամաչելու կարողանում է  տանն ասել, որ սիրում է ինչ-որ մեկին, իսկ  երեսունից երեսունհինգ տարի առաջ այ դա էր «կատաստրոֆա». «Ո՞նց թե, իմ աղջիկը տասնվեց տարեկանում «սիրած» ունենա: Ոչ մի դեպքում, մտքիցդ հանի…»: Բայց նաև մենք այն սերունդն ենք, որը դեռ ստեղծագործում է, որը դեռ իր մտքերը, թեկուզ հեռախոսի մեջ, գրում է: Մենք այն սերունդն ենք, որն ունի 17.am: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե գալիք սերունդը կմտածի՞ դրա մասին: Կամ լավ, ասենք` մտածեց, ի՞նչ պետք է գրի: Երևի այսպես

-Հիշու՞մ եք, սիրելի՛ ինտերնետակիցներ, թե ինչպես մենք նշեցինք iPhone10-ի գալուստը մեր վիրտուալ աշխարհ:

-Այո˜, սիրելի՛ ցանցային ադմինիստրատոր:

Հոդվածիս մեջ չակերտավոր բառերը շատ եղան. դա է ցավալին: Հիմա քչերը գիտեն, թե «պախկվոցին» ինչ է: Չեմ ուզում, որ երեխաների բառապաշարից դուրս գան այդ բառերը, բայց դուրս են գալիս` տեղը զիջելով shopping, TV, keyboard, browser  կամ նմանատիպ բառերին: