Արտյոմ Ավետիսյանի բոլոր հրապարակումները

Artyom Avetisyan

Որոշում ընդունելուց առաջ

Շատերին է ծանոթ որոշում ընդունելուց առաջ խնդրի դրական կամ բացասական կողմերի կշռադատումը: Սակայն այս դեպքում, բացի դրականից ու բացասականից, կարող ենք դիտարկել նաև հետաքրքիր հատկանիշներ: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, որ գաղափարը ոչ միայն կարող է լինել վատ կամ լավ, այլ նաև կարող է տանել դեպի այլ գաղափարների ակտիվացմանը:

Եթե բոլոր մեքենաները ներկվեին կարմիր գույնով:

Դրական կողմեր.

● Հեշտ կլիներ ճանապարհներին նկատել,

● Հեշտ կլիներ գիշերը տեսնել,

● Խնդիր չէր լինի, թե որ գույնն ընտրել,

● Հեշտ կլիներ արտադրողի համար,

● Վաճառքի կետերը ավելի քիչ պահեստների կետեր կունենային,

● Կբացառվեր թիթիզությունը,

● Եթե ներկը վնասվեր, դժվար չէր լինի նույն գույնի ներկ գտնելը:

Բացասական կողմերը.

● Ձանձրալի կլիներ,

● Դժվար կլիներ ճանաչել սեփական մեքենան,

● Դժվար կլիներ գտնել մեքենան կայանատեղիում,

● Կարմիրի առատությունը կարող էր հոգնեցնել աչքերը,

● Ոստիկանության աշխատանքը կդժվարանար (չնայած այդ մեկը լավ կլիներ),

● Ընտրության ազատությունը կսահմանափակվեր,

● Ներկ արտադրող ընկերությունները կարող էին սնանկանալ:

Հետաքրքիր կողմերը.

● Հետաքրքիր կլիներ բացահայտել կարմիրի նոր երանգներ,

● Հետաքրքիր կլիներ տեսնել՝ արդյո՞ք մեքենաների նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր,

● Հետաքրքիր կլիներ, թե մարդիկ հեշտությամբ կընդունեին առաջարկը, թե ոչ:

Այսպիսով հետաքրքիր կլիներ, եթե այս մեթոդը կիրառվեր, որովհետև նորանոր գաղափարների ու փաստարկների ոգեշնչման աղբյուր է հանդիսանում:

Մարդկանց դեպքում երբեք չէի ուզի այսպես վարվել:

Artyom Avetisyan

Հաջողության բանաձևը

Արդեն երկար ժամանակ է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Թիմի հետ ծանոթանալու առաջին իսկ օրվանից հետաքրքրությունս շատ մեծ էր: Երբ մի քանի նյութ գրելուց հետո պարզվեց, որ ընդգրկված եմ մեդիա ճամբարի ցուցակում, սկսեցի ավելի լուրջ վերաբերվել այս ամենին, որովհետև հասկանում էի, որ ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, և դեռ չբացահայտված գաղտնիքներ ու տաղանդներ կան իմ ներսում, որոնց բացահայտվելու ժամանակն է: Գիտակցում էի, որ այն մարդկանց, որոնք ինձ ներառել են ճամբարի մասնակիցների ցուցակում, պետք չէ հուսախաբ անել, այլ անհրաժեշտ է արդարացնել թե՛ նրանց, թե՛ իմ հույսերը: Սա 2016թ.-ի արդեն իմ երկրորդ մեծ հաջողությունն էր՝ «Հայ ասպետ» մրցախաղի կիսաեզրափակիչ փուլում հաղթանակից հետո:

Մեդիա ճամբարն անցավ շատ աշխույժ և հետաքրքիր: Օրեցօր նոր գիտելիքներ էինք ստանում և նոր ընկերներ էինք ձեռք բերում: Այնպես կուզենայի հիմա դպրոցական մի քանի դասաժամերի փոխարեն լինեին ֆոտոյի, կինոյի ու լրագրության վարպետության դասեր, և դասավանդեր մեզ 17.am-ի ամբողջ անձնակազմը:

Երբ համեմատում եմ հին նյութերս վերջին նյութերիս հետ, տեսնում եմ ահռելի տարբերություն առաջվա և այժմյան մտածելակերպիս միջև:

Երբ ամառվա տապին գնում էինք դպրոց՝ «Հայ ասպետին» նախապատրաստվելու համար, շատ էինք նեղվում ու նվնվում, որովհետև այդ շոգին շատ քայլելուց քիչ էր մնում արդեն հալվեինք: Գրքերն ու տետրերը պահում էինք գլխներիս և դեմքներիս, որպեսզի պաշտպանվենք արևի ճառագայթներից: Երբ տուն գնալու ճանապարհին էինք լինում, տեսնում էինք, որ կոշիկներիս ինչ-որ սև գույնի ծամոն է կպել ու ասում էինք. «Տես, կոշիկներիդ գուդրոն (ձյութ) է կպել»: Ու այդպես ծիծաղելով, միաժամանակ՝ հոգնելով տեղ էինք հասնում: Բայց երբ վերջում հասանք հաղթանակի գագաթնակետին, հասկացանք, որ մեր ջանքերը զուր չեն եղել: Դա այդ տարվա առաջին մեծ հաղթանակն էր, որին մենք հասանք շատ աշխատանքի, ջանքերի ու եռանդի շնորհիվ: Երկրորդ հաջողությանը ես հասա թղթի, գրիչի, մտքի շարադրանքի, մտածելակերպի ու հասկանալու միջոցով: Խոսքը թղթակցելու մասին է: Նյութը պետք է լինի գրագետ գրված, հասկանալի բոլորին ու հետաքրքիր իրադարձություններով լեփ-լեցուն:

17.am-ին թղթակցելուց հետո հասկացա, որ ես իմ ձեռքը ոչ թե պետք է վերցնեմ նշտար, բամբակ, յոդ, սպիրտ, դեղամիջոցներ ու բուժիչ սարքեր, այլ թուղթ ու գրիչ, հետո նաև՝ խոսափող, նկարող սարքեր, իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, կփորձեմ նաև հայտնվել հեռուստաէկրաններին՝ հանդես գալով հաղորդավարի, մեկնաբանի ու դերասանի դերում:

Այնպես որ, պատանի թղթակիցների այս ցանցի միջոցով մտածելակերպս ու նախասիրություններս 180°-ով փոխվեցին, ինչի համար շնորհակալ եմ 17.am-ին:

Բոլոր նրանք, ովքեր ուզում են նմանատիպ հաջողությունների հասնել, թող թղթակցեն 17.am-ին: Հավատացած եղեք՝ արդյունքը ամենաուշը մեկ ամսից կերևա, և իհարկե, իր դրական կողմերով:

Հիմա բացատրեմ նյութիս վերնագիրը՝ «հաջողության բանաձև»: Այսինքն՝ պահ, ժամանակ, երբ նվաճումներիդ հասնում ես մեծ ջանքերի, եռանդուն կերպով աշխատելու, մեծ ուժ գործադրելու շնորհիվ: Իսկ այդ ամենին, երբ խառնում ես երազանքդ ու կամքդ, ստացվում է մի նոր ռեակցիա, մի նոր խառնուրդ, մի նոր բանաձև: Եվ այդ ամենը կարելի է արտահայտել երկու բառով՝ հաջողության բանաձև:

Իսկ սա հաջողության իմ բանաձևն է.

Ջանք2 + 2երազանք + (աշխատանք)n = 2նպատակ + (հաջողություն)n

Artyom Avetisyan

Որտեղից սկսեցի՜նք, ո՜ւր հասանք․․․

Հարցազրույց 60 տարվա պատմագետ, Լիճք գյուղի մանկավարժ Սերյոժա Գևորգյանի հետ: 

-Ընկեր Գևորգյան ո՞ր թվականին եք ծնվել: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում Ձեր մանկության և պատանեկության տարիներից:

-Ծնվել եմ 1928 թ. սեպտեմբերի 21-ին, սովորական, տոհմիկ գյուղացու ընտանիքում:

Մանկությունս և պատանեկությունս ընթացել է շատ ծանր պայմաններում: Հիշում եմ, թե ինչպես 1931 թ. այդ սուղ պայմաններում Սովետական Միությունը բռնագրավեց 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ համարելով, որ մենք կուլակ ենք։ Եվ կուլակաթափ արեցին ոչ միայն մեզ, այլև ամբողջ գյուղին: Գոմում թողեցին ընդամենը 2 եզ, որոնց հայրս օգտագործում էր ցորեն, գարի և այլ հացահատիկի ցանքսի, հողը մշակելու և վարելու համար: Բայց 1933 թ. ձմռանը գյուղղեկավարները եկան և առանց որևէ մեկին հարցնելու, տեղյակ պահելու, տարան այդ 2 եզին:

Դպրոց գնացել եմ 1935 թվականին։ Աշակերտական աթոռներին նստում էինք երեքով: Աջ կողքս նստում էր Գալստյան Վարազդատը, իսկ ձախ կողքս՝ Ենոքյան Բաբկենը: Երկուսն էլ սովորում էին գերազանց, և հիշում եմ, թե ինչպես նրանց տանը բեմադրվեց «Անուշ» պոեմը։ Ամբողջ գյուղը հավաքվել էր նրանց տանը: Իսկ ինչո՞ւ նրանց տունը մի քանի ժամով դարձավ թատրո՞ն։ Որովհետև այն համարվում էր գյուղի ամենամեծ տունը: Անգամ ժողովների ու խորհուրդների համար հավաքվում էին նրանց տանը:

Հիշում եմ, մի անգամ դասարանիս աշակերտուհիներից մեկը, (ով նաև գրելու տաղանդ ուներ) իր եղբորը՝ Սուրենին (ով ծառայում էր բանակում) նամակ էր գրել, ես ու ընկերներս, հետաքրքրությունից ելնելով, քրքրեցինք նրա գրքերը և պատահաբար գտանք նամակը։ Սկսեցինք կարդալ, ծիծաղել ու կատակել: Դե այդ ժամանակ երեխա էինք և չէինք հասկանում:

Նամակում գրել էր․ «Ալխանմից, Բալխանմից, Գուլխանմից, Յուրդաբեկից, Բոյխանմից Չապաևից բարև մեր ախպեր Սուրենին»:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց պատմագետի մասնագիտությունը, ինչպե՞ս պատահեց:

-Դե գիտեք, պատանիները հիմնականում ռոմանտիկ մտածելակերպ են ունենում: Նախ ուզում էի բժշկի մասնագիտություն ընտրել, բայց երբ ծանր ու թեթև արեցի, հասկացա, որ ես բաց աչքով չեմ կարող նայել վերքին կամ բուժել այն: Եվ երբ 10-րդ դասարանում պատմությունից ինձ հանձնարարվեց ռեֆերատ կարդալ Ստալինի զեկուցումը ՍՍՀՄ սովետին ութերորդ համագումարի ծրագրի մասին, այդ ամենը տպավորվեց իմ մեջ և հիմք դարձավ պատմագետի մասնագիտության ընտրության հարցում:

-Երբվանի՞ց սկսեցիք աշխատել դպրոցում: Քանի՞ տարվա մանկավարժական փորձ ունեք:

-Երբ 1954 թ. վերջին բանակից վերադարձա, 1955թ. մարտի 1-ից դպրոցում անցա աշխատանքի: Նույն տարում ընդունվեցի համալսարան: Ինձ հանձնարարեցին դասարաններ, և սկսեցի աշխատել՝ միաժամանակ սովորելով համալսարանում: Եվ երբ ավարտեցի ուսումը, 1962թ. նշանակվեցի փոխտնօրեն՝ ընթացքում ավելացնելով դասաժամերիս քանակը:

Ունեմ 61 տարվա մանկավարժի փորձ: 61 տարի դասամատյանները ձեռքիս մտել եմ դասարաններ, դասավանդել և դուրս եմ եկել:

-Ճի՞շտ է, որ Դուք եղել եք Լիճք համայնքի գյուղապետ: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ տարիներից: Տարիների ընթացքում փոփոխություններ եղե՞լ են:

-Երբ 1969 թ. փոխտնօրեն էի աշխատում, ինձ կանչեցին Մարտունու շրջկոմ և երկար զրույցից հետո եկան այն եզրահանգման, որ ես պետք է դառնամ կուսկազմակերպության քարտուղար: Սակայն ես դեմ գնացի նրանց որոշմանը և հրաժարվեցի: Բայց նրանք պնդեցին և ասացին, որ կդիմեն բյուրո, իսկ բյուրոյի որոշումը պարտադիր է: Եվ այդպես ես ընտրվեցի կուսկազմակերպության քարտուղար և աշխատեցի 1969 թ նոյեմբերի 5-ից մինչև 1982 թ. մայիսը: Արդեն 1982 թ. մայիսին առաջարկ ստացա ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Եվ մայիսի 4-ին գումարվեց ժողով, որի արդյունքում ես դարձա գյուղապետ: Այդ ժամանակ գյուղապետի հնարավորությունները շատ սահմանափակ էր: Գյուղում չկար կուլտուրայի պալատ, չկար կուլտուրայի շենք, չկար փողոցային լուսավորվածություն, բայց իմ ղեկավարության ժամանակ կիսով չափ նորոգվեցին և կառուցվեցին մի քանի շենքեր և կառույցներ: Իսկ այժմ գրեթե ամեն ինչ բարվոք վիճակում է գտնվում՝ ճանապարհները, կառույցները և այլն, շնորհիվ ներկայիս գյուղապետի՝ Գնել Գրիգորյանի:

-Իսկ այժմ կուզենայի՞ք կրկին ուսուցչություն անել դպրոցում:

-Գիտե՞ս, ցանկանալը ուրիշ բան է, հնարավորությունը՝ մեկ ուրիշ բան: Պայմանները չեն թույլատրում: Դժվար է գնալ-գալը, այն էլ իմ ծեր տարիքում: Բնությունը ինձ հրամայում է դպրոց մտնել, դասավանդել, բայց հանգամանքները ուրիշ կերպ են թելադրում:

-Դուք ունեք շատ լավ հիշողություն, որը զարմացնում է բոլորին: Ո՞րն է Ձեր փայլուն հիշողություն ունենալու գաղտնիքը:

-Ինձ թվում է՝ լավ հիշողություն ունենալու համար պետք է կարդալ, որպեսզի տեղեկանաս և մտապահես: Գիրքը ամենամեծ գանձն է, ամենամեծ հարստությունն է, ամենամեծ կարողությունն է: Ինչպես նաև պետք է հոգով ապրել յուրաքանչյուր պահը, վայրկյանը, որպեսզի այն տպավորվի քո հիշողության մեջ և հարկ եղած ժամանակ վերարտադրել այն:

Գրադարանը դպրոցի սիրտն է

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Կրկին հարցազրույց, որը այս անգամ կապված է Լիճքի դպրոցի գրադարանի և գրադարանավարի հետ: Գրադարանն անվանակոչված է Բեգլար Հայրապետյանի անունով: Նա եղել է մեր դպրոցի պատմության ուսուցիչը: 

 Գրադարանում շատ են թե՛ դասագրքերը, թե՛ գեղարվեստական գրքերը՝ տարբեր գրական ուղղություններով, շատ են արկածային և ֆանտաստիկ ժանրի գրքերը, կան նաև այլ աշխատություններ ու գրվածքներ: Գրադարանը հարուստ է նաև հանրագիտարանի 13 մասերով և դեռ Խորհրդային Միությունից մնացած ԼենինիԵրկերի լիակատար ժողովածուի բազմաթիվ հատորներով: Գրադարանում կարելի է հանդիպել նաև արտասահմանյան հեղինակների գրքեր, որոնց մի մասը համարվում են գրադարանի գանձերը:

Գրադարանի անցյալը եղել է շատ «թախծոտ», իսկ ներկան աշխույժ է, և հուսով եմ, որ ապագան կլինի ևս այդպիսին:

 Եվ այս ամենը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես որոշեցի հարցազրույց վարել մեր դպրոցի գրադարանավարի՝ Մանուշ Հոխիկյանի հետ:

-Ընկեր Հոխիկյան, մի քանի խոսքով կպատմե՞ք գրադարանի մասին: Քանի՞ տարվա վաղեմություն ունի այն, ե՞րբ է հիմնադրվել:

-Արտյոմ ջան, դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է իր աղքատիկ գրադարանը, որը իր բարեխիղճ գրադարանավարների շնորհիվ պահպանվել է մինչև օրս: Ներկայիս գրադարանը մոտ 7 տարվա վաղեմություն ունի: Սկզբում դպրոցի գրադարանը իր հիմնական տեղում չէր, չուներ ընթերցասրահ, և նեղվածք էր թե՛ դասագրքերի, թե՛ գեղարվեստական գրքերի, թե՛ աշխատողների և ընթերցասեր երեխաների համար: Սակայն, շնորհիվ դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Հոխիկյանի, 2010թ. դպրոցի գրադարանը տեղափոխվեց ավելի ընդարձակ տեղ և վերանորոգվեց: Այժմ ունենք ընթերցասրահ, հարուստ գրականություն, գրապահարաններ և անհրաժեշտ ամեն բան, ինչպես նաև գրադարանին վայել պայմաններ:

-Կպատմե՞ք գրադարանի ֆոնդերի մասին, քանի՞ միավոր գիրք կա: Կա՞ն մարդիկ, որոնք աջակցում են գրադարանին:

-Գրադարանը ունի մոտ 4000 օրինակ գեղարվեստական և 500 և ավելի մանկական գրքեր:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Դպրոցի գրադարանը համալրվել է մեր դպրոցի լավագույն շրջանավարտների՝ Լևոն Պողոսյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Ադիբեկյանի շնորհիվ: Նրանց աջակցությամբ և ձեռնարկած միջոցներով գրադարանը լրացվել է մի շարք գրքերով, աշխատություններով ու մատյաններով:

-Որքա՞ն հաճախակի է համալրվում գրադարանը ժամանակակից հեղինակների գործերով:

-Արտյոմ ջան, ցավոք ասեմ, որ ժամանակակից հեղինակների գրքեր և նոր տպագրվող գեղարվեստական գրականություն գրադարանը չունի, բայց մեր աշակերտները սիրով օգտվում են դպրոցի ունեցած գրքերից, լինի դա հայ, թե արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

-Ովքե՞ր են հանդիսանում հիմնականում ձեր ընթերցողները: Ի՞նչ գրականություն են ցանկանում ընթերցողները:

- Չնայած այսօրվա զարգացած տեխնոլոգիաների դարում, մեր աշակերտները սիրով և հաճույքով են օգտվում գրքերից: Հիմնականում ընթերցողները բարձր և կրտսեր տարիքի են, պահանջում են հայ գրողների գործեր: Կան աշակերտներ, ովքեր նախընտրում են ֆանտաստիկ և արկածային ժանրը:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

-Իսկ գրադարանում կազմակերպվո՞ւմ են միջոցառումներ:

-Այո, գրադարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք հիմնականում նվիրված են տոներին, հիշատակության օրերին, հայ գրողներին և հայոց մեծերին, ինչպես նաև նշանակալից օրերին: Աշակերտները մասնակցում են գրադարանում կազմակերպվող գրական, երաժշտական միջոցառումներին, որոնք կրում են հայրենասիրական, ուսուցողական բնույթ:

-Եվ, ի՞նչ է Ձեզ համար գրադարանը:

-Գրադարանը ինձ համար տեղեկության, ինֆորմացիայի և ամենակարևորը՝ գիտելիքի գանձարան է: Ես գրադարանը համարում եմ հենց դպրոցի սիրտը, որովհետև առանց դրա դպրոցը դատարկ է: Եվ ոչ միայն դպրոցը, այլև աղքատ է մարդ էակը, և ինչու ոչ, նաև համայնքը:

Artyom Avetisyan

Փոքրիկ ընդմիջում

Վերջին շրջանում գրածս նյութերի թվաքանակի մեջ մեծամասնություն են կազմում հարցազրույցները, և դա իմ կարծիքով նրանից է, որ մեր համայնքում շատ են նշանավոր մարդիկ, կյանքի հետաքրքիր իրադարձություններ ունեցած, ականավոր և ակնառու լիճքեցիներ: Բացի բնությունից ու տեսարժան վայրերից, հարուստ միջավայրերից ու շրջապատից, համայնքս հարուստ է նաև իր անվանի լիճքեցիներով (Տեր Շահե քահանան, Աբով Արամայիսի Ջուլիկյանը՝ «Ники ТВ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը և սեփականատերը, Վանիկ Պողոսյանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլոք): 

Երբ առաջին հարցազրույցս իրականացրի, ինձ թվում էր, թե ամեն ինչ շատ բարդ ու դժվար է լինելու։ Մտածում էի, որ հնարավոր է այլևս հարցազրույց չանեմ, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ամեն ինչ փոխվեց: Երբ երկրորդը իրագործեցի, կարծիքս սկսեց քիչ-քիչ փոխվել, էլ չասեմ երրորդի, չորրորդի և մյուսների մասին։ Չխոսեմ նաև այն մասին, որ հարցազրույցների ձայնագրությունները առկա են հեռախոսիս մեջ՝ ձայնագրության տեսքով, ուղղակի այնքան երկար ձայնագրություններ են, որ միացնելիս արդեն գրառելու հավեսս փախչում է։ Բայց իրականում շատ հետաքրքիր են:

Այնքան դժվար է նստել, մտածել, մտքերն իմի բերել ու գրի առնել թղթի վրա։ Մինչդեռ, հարցազրույցն այնքան հեշտ է՝ հարց ես տալիս ու պատասխանը ստանում, ուղղակի պետք է հարցերը ճիշտ, գրագետ ու հասկանալի կազմել, որպեսզի այն ընթանա սահուն, հետաքրքիր ու բովանդակալից: Հարցազրույցը նման է ճաշի՝ որքան բանջարեղենն ու անհրաժեշտ մթերքները շատ են, այնքան համեղ ու բուրավետ է դառնում։ Որքան հարցերը շատ ու բովանդակալից են լինում, այնքան այն համով ու հոտով է դառնում: Դե ինչ, երևի սրանից հետո կրկին հարցազրույց գրեմ, ուղղակի մի փոքր սպասեք:

Բոլոր նրանց, ովքեր որոշել են լրագրող դառնալ, խորհուրդ եմ տալիս հարցազրույց գրել սովորել:

Երբ կարևոր թեմա ես վերցնում ու գտնում ես մարդկանց, որոնք իսկապես ասելիք ունեն՝ համարիր, որ ինքդ էլ ես կարևոր գործ անում…

Artyom Avetisyan

Դեպի արմատներ

Վերջերս ankakh.com կայքում մի հոդված էի կարդում լրագրող Նաիրի Հոխիկյանի մասին, որը մեր համագյուղացի է, Լիճքից, և հանդիպեցի այսպիսի տողերի.

«2014 թվականն էր: Ավելի քան 5000 կմ շրջել էի Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, հանդիպել բազմաթիվ հայերի հետ: Մուշ քաղաքում ուշ երեկոյան հանդիպեցի մի խումբ էթնիկ հայերի, որոնց մեջ կար նաև մի քուրդ տղամարդ: Իսմայիլ անունով այդ մարդն ասաց, որ իր կինն է հայ, 1984-ից փնտրում են նրա ազգականներին, որոնց նախնիները, հնարավոր է, փրկվել են Ցեղասպանության տարիներին»,- պատմում է Նաիրին: Հաջորդ օրը միասին գնում են Իսմայիլի տուն: Նաիրին միանգամից նկատում է, որ Իսմայիլի կինը` 50-ամյա Սուսլին, նման չէ ո՛չ թուրքի, ո՛չ քրդի, հայի արտաքին ունի: Խոսելու ընթացքում էլ թուրքերենի մեջ մի քանի անգամ օգտագործում է «բոյիդ մեռնիմ» արտահայտությունը: «Իմ հարցին պատասխանեց, թե դա լսել է իր հայուհի տատից, չգիտի բացատրությունը, գիտի միայն, որ դրական իմաստ ունի, հարազատներն են իրար այդպես դիմում»: Քիչ անց սենյակ է մտնում Սուսլիի 20-ամյա դուստրը, և Նաիրին այնքան է նրան նմանեցնում իր զարմուհուն, որ քիչ է մնում` հենց նրա անունով դիմի աղջկան: Սուսլին էլ արձագանքում է, թե Նաիրին էլ շատ նման է իր որդուն, որն այդ ժամանակ Ստամբուլում էր: Սակայն դա ընդամենը առաջին տպավորություն էր, որին ոչ ոք լուրջ ընթացք չէր տա, եթե Սուսլին չպատմեր իր նախնիների պատմությունը: «Սուսլիի հարազատները Ցեղասպանության զոհ են դարձել: Բինգյոլի Կնծու գյուղում բոլորին ողջ-ողջ այրել են սեփական տների մեջ: Ողջ է մնացել միայն հայրական կողմի պապը, որն այդ ժամանակ երջանիկ պատահականությամբ գտնվել է Ստամբուլում և թաքնվելով նկուղներում` կարողացել է փրկվել, իսկ ամիսներ անց, երբ վերադարձել է հայրենի գյուղ, գտել է միայն ավերակներ, նույնիսկ ընտանիքի անդամների դիակները չի տեսել: Ամուսնացել է նույնպիսի պատահականությամբ փրկված հայուհու հետ, քրդի անվան տակ ապրել Մուշում: Ծնվել է որդին, հետո՝ Սուսլին և նրա եղբայրները, քույրերը»: Սուսլիի քուրդ ամուսինը խոստովանում է, որ միշտ հոգու պարտքն է համարել օգնել կնոջը՝ գտնելու ազգականներին, գուցե դրանով կարողանա փարատել այն վիշտը, որը նաև իր ազգակից քրդերի ձեռքով է հասցվել սիրելի կնոջը: Հետո Սուսլին պատմում է, որ իր նախնիները Բինգյոլ են գաղթել Ալաշկերտից 1810-ական թվականներին: Նախապապի անունը Ղազար է եղել, որն ունեցել է 3 որդի, իսկ ճանապարհին ծնվել է չորրորդը: Բինգյոլում Ղազարի ընտանիքն ապրել է մինչև 1828 թվականը: Ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրից հետո Ղազարը վերցրել է իր որդիներից Հակոբին ու Վարդանին ու գնացել Արևելյան Հայաստան, հաստատվել Ալաշկերտին շատ նման վայրում: Ղազարի երկու ավագ որդիները՝ Մանուկն ու Մարտիրոսը (Մարտոն), մնացել են Բինգյոլում (Սուսլին Մանուկի հետնորդն է): Ավելի մանրամասն զրույցի ժամանակ Նաիրին հանկարծ մի շարք համընկնումներ է նկատում Սուսլիի ու իր գերդաստանների պատմություններում: «Իմ՝ Հոխիկյանների պատմությունը նույնն է, նույն անունները, նույն թվականները, նույն վայրերը: Ղազարը հաստատվել է ՀՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, որը բացի նրանից, որ ունի հրաշք բնություն, նաև շատ նման է Ալաշկերտի տարածաշրջանին: Ղազարի որդիների՝ Սուսլիի նշած անունները ևս համընկնում են. ես մեր Ղազարի կրտսեր որդու՝ Հակոբի ճյուղի շարունակությունն եմ: Ստացվում է՝ եթե կա ազգակցական կապ, ապա Սուսլիի և իմ վեցերորդ սերնդի պապերը եղել են հարազատ եղբայրներ, մեկը մնացել է Բինգյոլում, մյուսը եկել է Արևելյան Հայաստան… Մի խոսքով` հուզումնալից հայացքներ, գրկախառնություն, արցունքոտ աչքերով բաժանում»:

Ինձ շատ հետաքրքրեց այս պատմությունը, և ես փորձեցի ավելի մանրամասն տեղեկանալ նրա տոհմի մասին: Զրուցեցի նրա հորեղբոր աղջկա՝ Արաքս Հոխիկյանի հետ, ով իմ ուսուցչուհին է:

-Ընկեր Հոխիկյա՛ն, Նաիրին դժվարությա՞մբ գտավ իր ազգակցական կապերը, ինչպե՞ս ստացվեց: Դուք և Ձեր ընտանիքը ինչպե՞ս վերաբերվեցիք դրան:

-Ինչպես գիտես, Նաիրին 2010 թվականին է Արևմտյան Հայաստան գնացել, և այն բացառիկ լրագրողներից է, ով գնում է հետքերով և անպայման հասնում նպատակին: Երբ 2014 թվականին Նաիրին կրկին Արևմտյան Հայաստանում էր, հայրիկս հեռախոսազանգով մշտապես կապ էր հաստատում Նաիրիի հետ, և շատ զարմացանք, երբ ասաց, որ հանդիպել է մարդկանց, ովքեր հնարավոր է, որ մեր արյունակիցները լինեն: Սկզբում կասկածելի էր թվում, հոգու խորքում ուզում էի հավատալ, բայց հավատս չէր գալիս:

Որոշ ժամանակ անց Նաիրին նորից է հանդիպում այնտեղ հանդիպած մի կնոջ՝ Սուսլիին, և որոշում են գենետիկ անալիզ հանձնել, որն էլ հաստատում է արյունակցական կապը: Իհարկե ընտանիքը ոգևորված է, որովհետև նման դեպքեր միայն գրքերում և ֆիլմերում կարող ես հանդիպել, և ինչպես տեսնում ես, այս ամենն իրականություն է:

-Արդյո՞ք անսպասելի էր այդ ամենը ձեզ համար, հաճելի էր, թե՞ զարմանալի:

-Զարմանալիորեն հաճելի էր, որովհետև իմանալով մեր ազգի դաժան անցյալը, սա հրաշքի նման մի բան է:

-Դուք և Ձեր ընտանիքը, նաև Նաիրին, այժմ պահպանո՞ւմ եք ձեր նորահայտ ազգակցական կապերը: Ինչպիսի՞ զգացողություն եք ունենում, երբ լսում եք նրանց մասին:

-Ցավալի է, բայց միայն Նաիրին և իր ընտանիքն է կապը պահում հեռախոսազանգերի և համացանցի միջոցով: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս նրանք կվերաբերվեն մեզ, երբ հանդիպենք, ինչպիսի՞ մտածելակերպ ունեն իրենք, արդյո՞ք հայի գենը դեռ ապրում է իրենց մեջ:

-Իսկ Դուք եթե լինեիք պատմական հայրենիքում ի՞նչ կուզենայիք անել, գտնել նոր ազգականնե՞ր, թե՞ շրջել պատմական քաղաքներով:

-Ես այն երջանիկներից եմ, ով այժմ ձեռքի տակ ունի մի ուղեգիր՝ դեպի Արևմտյան Հայաստան, որը վաստակել ենք «Հայ ասպետ» հեռուստախաղի ժամանակ: Կյանքիս ամենամեծ երազանքներից է եղել տեսնել մեր պապերի երկիրը, զգալ անցյալի շունչը, և այս ամռանը այն իրականություն է դառնալու: Երազանքս է տեսնել Անին, Վանա լիճը, Կարսը, պապերիս երկիր Ալաշկերտը, տեսնել Սուկավետ լեռը, որը ի դեպ՝ շատ նման է մեր Արմաղանին: Ու եթե բախտս բերի՝ հանդիպել մեր ազգական Սուսլիին:

-Ձեր ազգանունը հազվադեպ հանդիպող ազգանուններից է, կարո՞ղ եք մի փոքր պատմել, ի՞նչ ծագում ունի:

-Իսկապես, մեր ազգանունը շատ հազվադեպ է հանդիպում, ու բոլոր Հոխիկյանները վստահաբար կարող եմ ասել, որ բարեկամներ են:

Հոխիկը Ալաշկերտից չի եկել, այստեղ է եկել իր որդի Ղազարը: Ղազարն ի պատիվ իր հայր Հոխիկի՝ իր որդիներին Հոխիկյան ազգանունն է տվել:

-Իսկ կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել Ձեր տոհմի ծագումնաբանությունը: Որտեղի՞ց են գալիս ձեր արմատները, ծագումով որտեղի՞ց են:

-Նախնիներս Ալաշկերտից են՝ Բերդ թաղամասից: 1828 թվականի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրից հետո նախապապ Ղազարը վերցրել է որդիներին և եկել Արևելյան Հայաստան։ Ի դեպ, մեր նախապապ Ղազարի սվինը այժմ պահպանվում է մեր տանը: Նրանք հաստատվել են ներկայիս Լիճք գյուղում, որն իր բնապատկերով շատ նման է Ալաշկերտին, նույնիսկ Արմաղանը և Սուկավետ լեռները նմանություն ունեն: Հոխիկյանների տոհմը բավականին մեծ է:

-Իսկ կարո՞ղ եք պատմել մեր՝ լիճքեցիների արմատների մասին: Ինչպիսի՞ ծագում ունեն, որտեղի՞ց և ե ե՞րբ են եկել:

-Գյուղի նախնիներն այստեղ են վերաբնակվել 1829-1830 թթ.՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Բայազետի կենտրոնական թաղամասում տեղակայված Բերդ թաղամասից: Ըստ 1831-1842 թթ. արխիվային տվյալների, Ալաշկերտից գաղթած ընտանիքների թիվը 43 է եղել: Բնակչության ընդհանուր թիվը կազմել է 273 մարդ: Լիճքը շատ հարուստ աղբյուրներ ունի, որը օգնել է զարգացնել տնտեսությունը, վարելահողեր մշակել, նույնիսկ ջրաղացներ ենք ունեցել: Լիճքը մեր տարածաշրջանի եզակի համայնքներից է, որտեղ բնակչությունը կառչած է իր հողին, արմատներին: Ներկայումս բնակչության թիվը մոտ 6000 է:

-Եթե լինեիք Նաիրիի փոխարեն, Դո՞ւք էլ կանեիք այն ամենը, ինչ Նաիրին:

-Արտյո՛մ ջան, Նաիրին անհատականություն է, բացառիկ մարդ և բացառիկ մասնագետ: Ես կվախենայի լինել Նաիրիի փոխարեն, որովհետև երբ ֆիլմերն եմ նայում ծպտյալ հայերի մասին, մտածում եմ՝ ինչպե՞ս է Նաիրին դիմացել այսքան ապրումներին, այսքան մարդկանց կարոտած հայացքներին, որոնք նույնիսկ վախենում են խոստովանել, որ իրենք հայ են: Պատկերացրու՝ ինքը շփվել է այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեկ դար վախվորած սպասում են իրենց ինքնության վերադարձին: Դրա համար մեծ կամքի ուժ է պետք: Այնպիսի աշխատանք, ինչպիսին  Նաիրին է արել և անում, դա միայն իրեն է տրված: Ոչ մեկը չի կարող փոխարինել նրան: Իր կատարած աշխատանքն անգնահատելի է: Ես ուղղակի հպարտանում եմ նրանով:

Այս ամենը լսելուց հետո ես նույնպես հպարտանում եմ Նաիրիով։ Հուսամ, որ ես էլ մի օր կբացահայտեմ իմ արմատները։

Artyom Avetisyan

Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն

Ամիսներ առաջ թե՛ ծանոթներս, թե՛ ընկերներս, և թե՛ դասընկերներիցս յուրաքանչյուրն զբաղվում էր իր սիրելի աշխատանքով: Մեկը՝ սպորտով, մյուսը՝ իր պարապմունքներով, այն մյուսը տարված էր սելֆի անելով, մյուսներն էլ կամ ազատ ժամանակը անցկացնում էին ֆեյսբուքում, կամ էլ զրուցում, շփվում էին միմյանց հետ: Ոմանք ասում էին, որ արդեն քիչ են օգտվում հեռախոսներից և համարում էին, որ դրանք միայն զանգ ուղարկելու և միմյանց հետ խոսելու միջոց են: Բայց այժմ, արի ու տես, որ բոլորը թողել են իրենց գործերը, աշխատանքներն ու պարապմունքները՝ անջատելով թե՛ բարեկամի, թե՛ ծանոթի զանգը, և խաղում են հայտնի դարձած, «համաճարակի» աղբյուր հանդիսացող Color Switch խաղը: Ճիշտ է, առաջին իսկ հայացքից թվում է, թե հիմար խաղ է: Շատերը սկսում են վատաբանել խաղը, բայց երբ ընթացքում չեն կարողանում թաքցնել իրենց հետաքրքրասիրությունը, թաքուն ու արագ ներբեռնում են խաղը և ընկնում թակարդը: Ասեմ, որ դասընկերներս ևս տառապում են այդ հիվանդությամբ: Չես կարողանում հասկանալ այն խա՞ղ է, հիվանդությո՞ւն, «ներվերի դե՞ղ», թե՞ մրցակցության մի եղանակ: Այս դեպքում թվարկածներիցս յուրաքանչյուրը իրար հոմանիշ և միմյանց լրացնող բառակապակցություններ են, որովհետև ընթացքում չես կարողանում քեզ տիրապետել, և կամ հեռախոսն ես ձեռքիցդ նետում, կամ ոտքի տակ ընկած ցանկացած առարկայի հարվածում ես: Սկսեցի երկրորդ դեմքով խոսել, որովհետև չորս շաբաթ է, ես ինքս էլ եմ ընկել այդ ծուղակը և չեմ կարողանում դուրս գալ: Եթե կա որևէ մեկը, ով կարողացել է ազատվել դրանից, ինձ ասեք՝ ես էլ ազատվեմ: Միայն չասեք, թե՝ ջնջիր, որովհետև փորձել եմ և չի օգնել, նորից ներբեռնել եմ՝ պարապությունից և հետաքրքրասիրությունից ելնելով: Իսկ հիմա գրեթե վերջացրել եմ խաղը և նորից կրկնում եմ, այսինքն, նորից խաղում եմ, և ձեռքս էլ չի գնում, որ ջնջեմ:

Օր օրի այն աներեսի նման թարմացվում է, և հայտնվում են նոր մակարդակներ, որից էլ առաջ է քաշվում հետաքրքրությունը:

Իսկ ինչ վերաբերում է դասընկերներիս, երբ մտնում եմ դասարան, կարծես թե նրանց փող կամ մեդալ են տալիս խաղը ավարտելու համար, դրա համար էլ մրցակցության մեջ են մտնում, և մեկը մյուսին ասում է.

-Տե՛ս, նոր աշխարհ է եկել ինձ, քեզ եկե՞լ է:

-Ոչ, ո՞ւր է:

-Հա հա հա, ես արդեն սա էլ եմ վերջացնում ու կհաղթեմ:

-Ես այս աշխարհն էլ անցա: Արտյոմ, իսկ դու կարա՞ս էս աշխարհը անցնես, վերցրու իմ հեռախոսը, խաղա, անցիր և տուր, էլի:

Դե, ինչ վերաբերվում է խաղը չիմացողներին, ոչ էլ փնտրեք ու խաղացեք, թե չէ կընկնեք կրակը, իսկ նրանց, ովքեր արդեն ընկել են կրակը, ցավակցում եմ:

Artyom Avetisyan

Աշխատասեր խոհարարուհիները

Արդեն շուրջ 7 տարի է, ինչ տիկին Նարինեն, Լիանան, Մարինեն, Նարինեն, Վարդուհին և Անին մասնակցում են բարեգործական ծրագրին և աշխատում են Լիճքի դպրոցում որպես խոհարարուհիներ: Նրանք այնքան հոգատար են և նվիրված, որ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 16:00-ը լինում են դպրոցում: Մոտ ժամը 10:30-ից մինչև 10:45-ը և 11:20-ից մինչև 11:35-ը ճաշարան են գալիս նախադպրոցական տարիքից սկսած մինչև չորրորդ դասարանի աշակերտները: Երբ նրանք մտնում են ճաշարան, սոված գայլի տեսք են ունենում, իսկ երբ ճաշարանից դուրս են գալիս, նմանվում են թիթեռնիկների, և ուրախ-զվարթ դուրս են գալիս ճաշարանից՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին: Իսկ աշխատողները, երբ տեսնում են նրանց ժպտացող դեմքերը և լսում հաճոյախոսությունները, էլ ավելի են ոգևորվում և սիրով են կատարում իրենց գործը: Նրանք իրենց օրվա կեսը տրամադրում են երեխաներին, և մեկը մյուսին օգնելով՝ ավարտին են հասցնում գործը:

Նրանք բոլորն էլ հոգատար և բարի են: Փորձեցի հարցազրույց անցկացնել տիկին Նարինեի հետ, որպեսզի էլ ավելի լավ ծանոթանամ նրանց գործին:

-Տիկին Նարինե, երբվանի՞ց է սկսել գործել այս բարեգործական ծրագիրը, աշխատողների և երեխաների քանակը որքա՞ն է:

-Մեր բարեգործական ծրագիրը սկսվել է 2010 թվականին, այդ ժամանակ մենք 260 աշակերտի էինք կերակրում, բայց գնալով երեխաների թիվը ավելացել է: Այժմ աշակերտների թիվը հասնում է 420-ի: Ժամանակին մենք աշխատում էինք 4 հոգով, իսկ հիմա, աշակերտների թվի ավելանալուն զուգահեռ, բնականաբար, ավելացել է նաև աշխատողների թիվը, որովհետև գործը արդեն դժվարացել և բարդացել է: Հիմա 6 աշխատող ենք, և միասին ենք եփում, թխում, ամեն ինչը մաքրում, որպեսզի ժամանակին կարողանանք մատուցել երեխաների թարմ հացը և ճաշը:

-Աշխատողները միմյանց օգնո՞ւմ են, թե՞ յուրաքանչյուրը զբաղվում է միայն իր գործով:

-Մենք բոլորս համատեղ ուժերով ավարտին ենք հասցնում մեր սկսած գործը, որը շատ դժվար է և պատասխանատու: Այդ պատճառով էլ իրար օգնում ենք, որպեսզի թերություններ չլինեն: Մենք գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք մեր ապագա սերունդն են, և ուզում ենք, որ ամեն ինչ շատ լավ լինի:

-Ձեր պատրաստած ուտեստներից ո՞րն է երեխաներին դուր գալիս, ի՞նչն են ամենաշատը սիրում, հաճույքո՞վ են ուտում:

-Նրանք միշտ հաճույքով են ուտում մեր պատրաստած կերակուրները: Պատրաստում ենք տարբեր տեսակի ուտելիքներ: Ամենաշատը սիրում են ոսպով և ոլոռով ճաշը և բուլկիով թեյը:

-Եղե՞լ են դժվարություններ, պահեր, երբ չեք հասցրել պատրաստել ճաշը:

-Եղել են դեպքեր, որ գազի բացակայության ժամանակ ճաշը եփել ենք էլեկտրական վառարանների վրա: Ամեն ինչ արել ենք, որ երեխաները ժամանակին սնվեն և գոհ մնան: Նույնիսկ եղել են դեպքեր, որ շաբաթ և կիրակի օրերին մենք եկել ենք դպրոց, հաց թխել, մաքրություն արել, որպեսզի երեխաներին ժամանակին կերակրենք: Իսկ ինչ վերաբերում է ճաշ չեփելուն, դեռևս նման դեպքեր չեն եղել, և կարծում եմ, որ չեն էլ լինելու:

-Տիկին Նարինե, Դուք և մյուս աշխատողները հաճույքո՞վ եք կատարում ձեր գործը:

-Մենք մեր գործին նվիրված անձինք ենք և շատ սիրով ենք կատարում մեր գործերը, որովհետև յուրաքանչյուր երեխայի մեջ մենք տեսնում ենք մեր երեխային: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք գոհ մնան և հաճույքով գան ճաշարան:

-Իսկ տնօրենությունը լրացնո՞ւմ է պակաս ապրանքները, սննդամթերքը, խոհանոցային պարագաները:

-Տնօրենը մեզ աջակցում է ցանկացած պահի և ամեն ինչով, բայց, եթե երբևէ լինի մի որևէ բարեգործ, ով կկարողանա մեզ դրամական աջակցություն ցուցաբերել, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի, որովհետև դժվար է ամեն առավոտ շուտ արթնանալ և ուշ տուն գնալ. մեզ լրացուցիչ աշխատողներ են պետք:

Անսովոր դաս

Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարջ դպրոցի 9-րդ «բ» դասարանում անցկացվեց յուրահատուկ մի բաց դաս՝ նվիրված Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրներին: Ինչու եմ ասում յուրահատուկ, որովհետև այն վարում էր պատմության ուսուցիչ իննսունամյա Սերյոժա Գևորգյանը:

-Ընկեր Գևորգյան, ինչպիսի՞ն եք պատկերացնում այսօրվա բաց դասը: Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է լինի այն:

-Իմ կարծիքով, աշակերտների պատասխանները պետք է լինեն համակարգված, ամբողջական, պետք է, որ լավ պատրաստված լինեն, որովհետև դասի թեման հեշտ է, և բացի դրանից, աշակերտների մեծամասնությունը լավ սովորողներն են կազմում: Նրանց դասավանդում են հոյակապ և գրագետ ուսուցիչներ:

-Ընկեր Գևորգյան, այսօրվա աշխարհագրության բաց դաս վարելը վերապահված է Ձեզ, ի՞նչ ձևով Դուք այն կվարեք, ինչպե՞ս կհետաքրքրացնեք:

-Ես իմ ուսուցչության տարիներին ունեցել եմ բազմաթիվ բաց դասեր, որոնց ժամանակ սկզբից աշակերտներին տեղեկացրել, բացատրել եմ նրա մասին, ինչի մասին փորձել են ինձ ներկայացնել: Կարծում եմ, որ այս անգամ աշակերտները լավ պատրաստված կլինեն և թող այս անգամ էլ նրանք հետաքրքրացնեն բաց դասը:

Ընկեր Գևորգյանը շուրջ 45 րոպե տրամադրեց աշակերտներին և նրանց հասկանալի բացատրեց Սևանա լճի հիմնահարցը, առաջ քաշելով մի քանի վարկածներ և փաստեր: Նա երեխաներին պատմեց նաև մի քանի տարվա վաղեմություն ունեցող դեպքեր, կապված ևս Սևանա լճի հետ, իսկ աշակերտները զարմացել ու հիացել էին ուսուցչի արտակարգ հիշողության վրա:-Դուք ավելի քան 60 տարվա մասնագետ եք և Ձեր ուսուցչության տարիներին մասնակցել, կազմակերպել եք բազմաթիվ բաց դասեր, սակայն այս մեկը ինչո՞վ է տարբերվում մնացածներից, կամ արդյոք կա՞ն ընդհանրություններ:

-Հիմնականում ոչնչով չի տարբերվում, գրեթե նույնն է, միայն փոխվել են աշակերտները:

-Ինչպես տեսանք, այսօրվա բաց դասը կապված էր Սևանա լճի աղտոտվածության հետ, և աշակերտները նշեցին մի քանի տարբերակներ, թե ինչպես կանխել աղտոտվածությունը, իսկ Դուք ի՞նչ կառաջարկեք, արդյոք այժմ հնարավո՞ր է կասեցնել լճի աղտոտումը:

-Հնարավորություն միշտ էլ կա, ուղղակի մնում է ջանք ու եռանդ չխնայել և ուշքի բերել այն աղտոտողներին: Պետք չէ արհեստականորեն իջեցնել ջրի մակարդակը, թափոնները և կոմունալ-կենցաղային կեղտաջրերը բաց չթողնել լիճ:

-Շնորհակալություն, և հուսով եմ, առիթներ դեռևս կունենանք Ձեզ դպրոց հրավիրելու, որպեսզի նմանատիպ բաց դասեր վարեք և ձեր հմտությունն ու փորձը հաղորդեք երիտասարդ սերնդին:

Artyom Avetisyan

Մեկ բացիկ` մեկ բնակարան

Աշակերտական խորհրդի անձնակազմով որոշեցինք պատվիրել «1 բացիկը 1 բնակարան է 1 անօթևանի համար» բացիկ նամակները, վաճառել և գումարը հատկացնել Գյումրիի անօթևան որևէ ընտանիքի: Պատվիրելու և ձեռք բերելու հոգսը վերապահեցինք ընկեր Հոխիկյան Արաքսին: Ամբողջ հարցերով զբաղվում էր նա: Երբ նա մեզ ասաց, որ արդեն պատվիրել է, մենք գրեթե ամբողջ շաբաթը դասասենյակից դուրս չէինք գալիս և ամեն րոպե նրանից հարցնում էինք, թե արդյո՞ք լուրեր չկան բացիկների մասին, թե ե՞րբ պատրաստ կլինեն, ե՞րբ կսկսենք վաճառել:

Պատրաստվում էինք Ամանորին, երբ տեսանք բացիկները: Սկսեցինք հետաքրքրվել և փորձեցինք ծրագիր կազմել, թե ինչպես կարելի է դրանք վաճառել: Նշեմ, որ բացիկը Գյումրու Յոթ վերք եկեղեցու բարեգործական խումբն է իրականացնում, որից գոյացած հասույթը տրամադրվում է 1988թ. երկրաշարժի հետևանքով մինչև օրս անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների գնմանը: Ստացանք մեր հասանելիք բացիկները: Նախ սկսեցինք վաճառել դպրոցում, հետո նաև մեր շրջապատում: Բացիկն արժեր 400 ՀՀ դրամ: Ուսուցիչներն առանց գումար խնայելու գնում էին, երբ լսում էին, որ դա Գյումրիի անօթևան ընտանիքների համար է արվում: Իսկ մենք, երբ վաճառում էինք, շտապում էինք դասասենյակ, բոլորին ներկայացնում գնորդի անունը և գումարը լցնում տարայի մեջ: Բոլորս շատ էինք ուրախանում ամեն մի հաջողությունից, որովհետև իրականանում էր մեր երազանքներից մեկը՝ օգնել անտուններին: Մենք շատ էինք չարչարվում, սակայն ոգևորվում էինք, երբ մեզ գնահատում և գովում էին: Կային աշակերտներ, ովքեր սկսեցին գնել և օգնել, որ վաճառվեն բացիկները: Երբ տեսանք, որ դպրոցում այլևս հնարավոր չէ վաճառել, սկսեցինք արդեն մեր` Լիճք գյուղում վաճառել: Հաշվեցինք տարայի գումարը և տեսանք, որ մեր ակնկալիքները գերազանցել են…

Երբ արդեն բոլոր բացիկները վաճառել էինք, ուրախանում և հպարտությամբ էինք լցվում մեկս մյուսի նկատմամբ: Հաջորդ օրը ընկեր Հոխիկյան Արաքսի հետ գումարը փոխանցեցինք բարեգործական կազմակերպության հաշվեհամարին: Ասեմ, որ բացի մեզանից կային նաև այլ մարզերի երիտասարդներ, ովքեր զբաղվում էին այդ ծրագրով, իսկ կազմակերպությունը հասույթը ամբողջացնում է ու զբաղվում բնակարան գնելու և տրամադրելու հարցերով:

Այս տարի, երբ հերթական ընտանիքը նվեր կստանա բակարան, մեր ուրախությունը կրկնակի կլինի. չէ որ մենք էլ մաս կունենանք այդ ուրախությունից: