Մարի Արշակյանի բոլոր հրապարակումները

mariarshakyan

Ջերմուկ՝ ջերմ ջրերի աշխարհ

Ջերմ ջրերի, ջերմ ակունքների, ջերմ գեյզերների, ջղային ջրվեժի իմ քաղաքն անվանում են Ջերմուկ: «Այստեղ է գտնվում հանքային ջերմ ջրերի համաշխարհային նշանակության պաշարների 67 տոկոսը: Այս քաղաքի ճակատագիրը կանխորոշել է Արփան՝ քաղաքը բաժանելով երկու թաղամասերի: Այստեղ է գտնվում հայաստանյան գեղեցկագույն «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Եվ այստեղ է առանց որևէ մարդկային գործոնի ազդեցության հոսում տաք ջուր»: Այսպես կասեր կոմունիստական գաղափարախոսության մոլի պաշտպան թոշակառու մի գրող՝ զբոսաշրջիկների քանակը քաղաքում ապահովելու համար: Իրականում, դժբախտաբար, թե բարեբախտաբար, Ջերմուկում չէ, որ գտնվում են ջերմ ջրերի համաշխարհային նշանակության պաշարները: Արփայի՝ քաղաքի բաժանումը երկու թաղամասերի այդքան էլ բախտորոշ չէ քաղաքի համար, իսկ ջուրը, որ թափվում է 70 մետր բարձրությունից, ջրվեժ համարելը գիտականորեն այդքան էլ ճիշտ չէ: Շատերն էլ նույնիսկ չգիտեն, որ ջրվեժի անունը «Ջրահարսի վարսեր» է: Չնայած այս ամենին՝ չենք կարող հերքել, որ հանքային տաք ջուրը իրոք հրաշալի բնական հարստություն է:

Ջերմուկ բնակավայրը հիշատակվում է դեռևս 13-րդ դարերից, սակայն քաղաքի հիմքը դրվել է միայն 1940-ականներին, երբ կառուցվում է առաջին առողջարանը: Հետո մեկը մյուսի հետևից կառուցվեցին առողջարանային համալիրներ, գործարաններ, բնակելի շենքեր ու սկսեց սկիզբ առնել քաղաքային կյանքը՝ լի խորհրդային հանրապետությունների տարբեր անկյուններից եկող զբոսաշրջիկներով, որոնք գալիս էին ոչ միայն բուժվելու, այլև հետաքրքիր հանգիստ անցկացնելու տարվա բոլոր եղանակներին: Մաքուր ու անարատ օդը, բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ շփումը ձևավորել են ջերմուկցու կերպարը, որը առաջին հերթին աչքի է ընկնում շռայլ հյուրասիրությամբ, մի քիչ բամբասկոտությամբ ու ավանդապահությամբ, բայց բարի ու բանաստեղծական տրամադրությամբ: Այսօր էլ քաղաքը մնում է իր որդեգրած սովորույթներին հավատարիմ՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կողք կողքի ապրելով, ժառանգել են աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկների սովորույթներն ու վարվելակերպը՝ ձևավորելով ջերմուկցիների կերպարները, որոնք քաղաքը լցնում են ջերմությամբ…