Մերի Ավետիսյանի բոլոր հրապարակումները

meri avetisyan

Իսկ երկիրը հավերժ է

«Անցնում է մի  սերունդ, գալիս է ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է… Ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է»:

Հերթրուդ  Սթայն

 

-Մերի, բարև, ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում։

-Աաա, Տաթև, դու՞ ես, բարև, լավ եմ, քնած եմ, դու՞։

- Քնա՞ծ, ժամը գիտե՞ս քանիսն է, արթնացի՛ր արագ ու արի: Մենք պետք է պարապենք. քննություններին բան չմնաց, էլ չեմ ասում, որ մենք պիտի գրադարակը քանդենք, մաքրենք ու դասավորենք՝ ախր, խոստացել ես, է,-Տաթևի ձայնի մեջ մի տեսակ բարկություն և անհանգստություն կար։

-Գալիս եմ,-ամփոփեցի ես։

Տաթևը իմ ընկերուհին է, երկուսս էլ այս տարի պետք է ավարտեինք դպրոցը և ըստ մեր ծրագրի, պետք է ընդունվեինք համալսարան։ Այդ օրը մենք միասին քանդեցինք Տաթևենց տան վաղուց մոռացված, և ինչպես իր տատիկը կասեր. «Հազար տարի դուռը չբացած գրադարակը»։

-Սպասիր աթոռ բերեմ, շատ բարձր է,-գրադարակի դուռ մի կերպ բացելով ասաց Տաթևը։

Ես բարձրացա աթոռի վրա, և մենք սկսեցին մոռացված, փոշոտված ու խունացած գրքերը իջեցնել։Ես գրքերը զգուշությամբ տալիս էի Տաթևին, իսկ նա շարում էր հատակին։ Քիչ հետո նկատեցի, որ ձեռքերս սևացել են, ես սկսեցի գրքեր սրբել, ոպրեսզի տեսնեմ, թե ինչ գրքեր են։Ահա և մեկը՝ կազմը չկա, զգուշությամբ սրբեցի ու կարդացի. «Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի…»։

-Տե՜ս, Տաթև, սա Հովհաննես Թումանյանն է, վերցրու, բայց զգույշ, էջերը պատռված են, գիրքը մաշված, հազիվ են տառերը երևում։

Տաթևը վերցրեց գիրքը, զգուշությամբ սրբեց ու դրեց մյուսների կողքին, հետո նայեց ինձ ու ասաց.

-Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրե՛ք… Թումանյանն էր ասում ,- Տաթևի ձայնի մեջ տխրություն կար, հայացքը գցել էր ինչ-որ անորոշ կետի ու ըստ երևույթին մտածում էր  տողերի մասին, որովետև հետո շարունակեց,- ի՞նչ է նշանակում իրենց պես չապրել, ի՞նչը նկատի ուներ։

-Չգիտեմ։

Մենք լռեցինք։ Երևի երբեմն լռելը ավելի ճիշտ է, լռությունը ունակ է ավելին ասելու, քան դատարկ ու օգտագործված բոլոր բառերը։ Մենք լռեցինք այնպես, ինչպես լռում են բոլոր գրքերը՝ տարիներով կամ գուցե դարերով, ո՞վ գիտի, և դա գուցե հիմա կարևոր էլ չի, որովհետև գրքերի մեծ մասը քսանմեկերորդ դարում վաղուց լուռ են…

Ես իջեցրեցի բոլոր գրքերը և նկատեցի, որ ամբողջ հատակը ծածկված է գրքրով։Հետո միասին գրքերի անունները կարդալով սկսեցինք առանձնացնել այն գրքերը, որոնք մեզ հետաքրքրում էին։

-Մի անգամ մի իմաստուն ասել է. «Ինչպես գրքեր, այնպես էլ մարդկանց ընտրելիս պետք է ուշադիր լինես, եթե դրանք միջակ եղան ՝կյանքդ կկործանվի»,-ասացի ես։

-Ո՞վ է ասել,-հարցրեց Տաթևը։

-Ե՛ս։

-Աննորմալ,- ծիծաղեցինք,- նայիր, այստեղ Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» գիրքն է, տե՜ս-, բացականչեց Տաթևը,- ի դեպ, Հեմինգուեյը գրել է նաև վեց բառից բաղկացած ամենակարճ պատմվածքը ՝ «Վաճառում եմ մանկական կոշիկներ՝ հագած չեն», իսկ օրինակ ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է, նա գրել է. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»։

-Իսկ ամենակարճատև ներկայացումը համարվում է իմ շատ սիրելի գրող Սեմուել Բեկետի «Breath» պիեսը։Դրա տևողությունը՝ 35 վայրկյան է, որի ընթացքում լսվում են միայն ձայներ ու բղավոցներ։ Բա՞։

-Տեսնո՞ւմ ես, որքան շատ բան կարող ենք սովորել միմյանցից։

-Երեխե՞ք, այ երեխեք, սուրճը պատրաստ է,- Տաթևի տատիկի ձայնն էր։

-Գալիս ենք, տատ,- բղավեց Տաթևը։

-Ի՞նչ, ասում եմ` սուրճը պատրաստ է, եկե՛ք,- տատին սուրճը դրեց սեղանին ու հետո մեղադրական հայացքով նայեց մեզ,- առավոտից իրիկուն էդ տելեվիզրի մեջ եք, ախր, մեղք եք, աչքներդ կցավա, է։

-Տատ, տելեվիզր չէ, համակարգիչ ա ու բացի դա, մենք համակարգչով չէինք զբաղվում, գրադարակդ էինք դասավորում, բա՞…

Տատին ուրախացավ.

-Հա՜, երեխեք ջան, լավ գրքեր ունեմ, երևի ամեն մեկին երեք մանեթ փող եմ տվել: Թե գիրք ա պետք, տարեք կարդացեք: Լավ է, որ հիմա կարդացողներ կան: Ասենք, հիմա դարը շատ է փոխվել՝ առաջ հեռախոս միայն շրջկենտրոնում կար, իսկ հիմա՞։ Չէ՜, ուրիշ սերունդ եք, ուրիշ աշխարհ ունեք, ոչ մի բան չեք տեսել։ Ո՛չ կարմիր հեղափոխություն, ո՛չ տասնհինգ թիվ, ո՛չ կորցրած երկիր, ոչ էլ քառասունմեկ թիվ։

Բոլոր մեծահասակները իրենց կյանքում փորձում են հարմարվել երիտասարդների բարքերին և համոզում են բոլորին, թե ամեն դեպքում իրենց ժամանակներում ամեն ինչ ուրիշ էր ՝մի տեսակ պարզ, մաքուր։ Այդպես խաբում են իրենք իրենց` հաշվի չառնելով, որ մարդը մարդ է ցանկացած դարում։ Պարզ է, որ տասնվեցերորդ դարի մարդն էլ չէր հարմարվի քսաներորդ դարի մարդու բարքերին, բայց ինչպե՞ս բացատրել այս ամենը…

-Տատ, մենք Քառօրյա պատերազմ ենք տեսել. պատերազմի օրերին  դաս չէինք անում, նստում  էինք դասարանում ու լռում:  Մենք  տեսել ենք Թավշյա հեղափոխություն, բակում յոթ քար ենք խաղացել, հետո, երբ եկավ համակարգիչը, (որը ի դեպ, ձեր սերունդն ա ստեղծել), մենք փոխվեցինք՝ երևան եկավ զանգվածային տեղեկատվությունը ու գերարագ հաղորդակցումը: Բա մենք դրանում մեղավո՞ր ենք։ Աշխարհը առաջ է գնում և ապրողներին մղում առաջ, կարելի է ասել` մարտահրավեր, որից պետք չէ հրաժարվել, քանի դեռ ապրում ես` հնարավորություն ունես,- ասաց Տաթևը։

Տատիկը լռեց, մենք վերադարձանք մեր աշխատանքին, հետո նկատեցի, որ մթնում է։

-Այսօր կմնաս մեր տանը. կպարապենք,-ասաց Տաթևը։

Գիշերը ավելի էր խորանում, և ավելի պարզ էր լսվում կիսաբաց պատուհանների տակից քամու սուլոցը։ Տաթևի ննջասենյակը գնալով նմանվում էր թոքախտով հիվանդ մարդու աչքերին՝գունատ էր կամ ինչպես մայրս կասեր՝ կիսամեռ։ Էլեկտրական լույսի տակ մենք լուռ ընթեցում էինք գրքերը, գրում շտեմարաններ, հետո միմյանց համար կարդում սիրելի գրողների գրքերից մեջբերումներ։ Ամենավերջում, երբ արդեն լուսանում էր, մենք վերջացրեցինք ամեն ինչ և վերջապես դասավորեցինք գրադարակը, իսկ լույսը արդեն բացվել էր:

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար…

Այն, որ կան մարդիկ, ովքեր չեն հարմարվել այս դարին, դա փաստ է: Գուցե մեր սերո՞ւնդն էլ չհարմարվի մյուս դարին, ո՞վ գիտի, բայց սերունդը մեղավոր չէ իր ծնված ժամանակաշրջանի համար, իսկ գրքերը, հատկապես լավ գրքերը, պետք է ծառայեն բոլոր ժամանակներին։ Սակայն, այն, որ Հեմինգուեյ կարդացած Տաթևն ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան ՝ ռեժիսուրայի բաժինը, իսկ նրա սենտիմենտալ ընկերուհին՝ ԵԹԿՊԻ-ի սցենարադրամատուրգիական արվեստ բաժինը, այ,  սա  իրոք աշխարհի պարադոքսներից մեկն է։

Սա Բոհեմն է, մեր Բոհեմը

Սևանի Սայաթ-Նովա փողոցի գողտրիկ անկյունում գտնվող մշակութային այդ փոքրիկ օջախը մենք անվանում ենք Բոհեմ: Բոհեմը արվեստանոց է, թեյարան, սրճարան կամ մեկ բառով ասած՝ ամեն ինչ արվեստի հետ կապված՝ նկարչություն, երաժշտություն, ֆիլմ, խոհանոց և այլն։ Մեր Բոհեմը մի տեսակ տան նման է, ազգային տան: Բոհեմը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնաարտահայտվելու, զարգանալու, նորը ստեղծելու: Բոհեմը իրոք սիրելի է դարձել բոլորի կողմից, այնտեղ հաճախ կարելի է տեսնել Սևանի տաղանդաշատ երիտասարդներին:

Մեր Բոհեմի դռները բաց են բոլորի առջև, այստեղ կազմակերպվում են տարբեր երեկույթներ: Բոհեմը մշտապես մասնակցում է ազգային բոլոր տոներին և իր մեծ ներդրումն է ունենում դրանց կազմակերպման գործում:

Ու ինչպես ամեն տարի՝ սկսած 2015 թվականից, այս տարի ևս կազմակերպվել է Sevan international Music Festival 2019-ը: Սա երաժշտական փառատոն է, որը տեղի կունենա օգոստոսի 3-ին և 4-ին: Փառատոնի առաջին օրը տեղի կունենա Սևանա լճի ափին՝ հանրային լողափում, մուտքը կլինի ազատ, եկվորները կտեսնեն լիճը, հնարավորություն կունենան մեկ օր վրաններով մնալ լճի ափին՝ վայելել մաքուր օդը, լսել լավագույն երաժշտությունը, իսկ երկրորդ օրը կանցկացվի Սևան քաղաքում, ինչն էլ մեծ հնարավորություն կտա ծանոթանալու մեր քաղաքին: Փառատոնի գլխավոր նպատակներից մեկն էլ բնապահպանությունն է, ուստի մինչև փառատոնը կազմակերպվել է վիդեո չելենջ facebook-ում և instagram-ում, որի մասնակիցները պետք է պարզաբանեն, թե ինչու են շնորհակալ Սևանին: Չելենջին կարող են մասնակցել բոլորը: Տեսանյութի տևողությունը մասնակցի հայեցողությամբ է, պետք է միայն ասել այն պատճառը կամ պատճառները, ինչի համար կարելի է շնորհակալություն հայտնել Սևանին, իսկ վերջում պետք է պարտադիր նշել` #ՇնորհակալությունՍևան, #ThanksSevan, #SevaninternetionalMusicFest, #SIMF5: Ի դեպ նշեմ, որ փառատոնի կազմակերպման համար Բոհեմի տաղանդավոր երիտասարդությունը ջանք չի խնայել, արել է ամեն ինչ` անմոռանալի օր և կատարյալ հանգիստ ստեղծելու համար: Ինչի համար կարելի է ասել նաև՝ շնորհակալություն, Բոհեմ: Եվ այսպես, սպասում ենք բոլորին՝ օգոստոսի 3-ին և 4-ին Սևանում ամենագեղեցիկ, հիշարժան, գունեղ փառատոնին:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար կարելի է ասել շնորհակալություն Սևանին կամ հենց ձեր քաղաքին, որտեղ ապրում եք։ Եթե ոչ, ապա ժամանակն է խորհելու այդ մասին:

Ցամաքաբերդի ճոճանակը

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Ժամը չորսն անց կլիներ, արևի ճառագայթները սաստիկ այրում էին: Ես և մորեղբորս դուստրը, որը չորս տարեկան է, միասին մանկապարտեզից քայլում էինք տուն: Ճանպարհին սկսեց պատմել, որ նախորդ օրը իրեն ու եղբայրներին ծնողները տարել էին Ցամաքաբերդի միակ կարուսելները, և այնտեղ իրենք խաղացել էին, իսկ տուն վերադառնալու ճանապարհին չորս տարեկան Անահիտը նկատել էր, որ կոտրված ճոճանակը շարունակում էր օրորվել: Նա ինձ հարցրեց, թե ինչպես է դա հնարավոր: Իսկ ես, մոռանալով երեխայի տարիքը, սկսեցի բացատրել, որ Ցամաքաբերդը գտնվում է լեռների ու լճի արանքում, ինչի պատճառով էլ մշտական քամու տակ է, և որ ճոճանակի շարժվելը ճիշտ և ճիշտ կապված է քամու սրընթաց շարժման հետ: Երեխան լսեց ինձ և գլուխը դրական շարժեց, ինչն էլ վկայում էր այն մասին, որ նա ամեն ինչ հասկացել է: Հետո, երբ բաժանվեցի երեխայից, սկսեցի հիշել ճոճանակը, որը ամեն անգամ օրորվելիս ճռռում էր, և որի ձայնը անտանելի էր թվում կողքին գտնվողների համար: Ցավալին այն է, որ դա թաղամասի միակ խաղահրապարակն է, և երեխաները այդ կոտրված և հնությունից ճռացող կարուսելներից բացի՝ ուրիշ խաղալու տեղ չունեն:

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Այդ խաղահրապարակը գտնվում է Ցամաքաբերդի դպրոցից մի փոքր ներքև: Հիշում եմ՝ երբեմն մենք մեր դասարանով դասից փախչում էինք և գնում այնտեղ, իսկ երբեմն էլ մեզ այնտեղ տանում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Իմ սովորության համաձայն նստում էի կոտրվաճ ճոճանակին և երևի ժամերով օրորվում, իսկ քամին օրորում էր իմ վարսերը: Մի օր էլ հանկարծակի անձրև սկսվեց, և մինչև վազելով դպրոց հասանք, թրջվել էինք: Ուսուցչուհիս բարկացել էր, բայց ոչ այն բանի համար, որ դասի չէինք նստել, այլ որ թրջվել էինք:

Մենք դասարանում չորս աշակերտ էինք, տասներկուերորդ դասարանում մեզ միացավ ևս մեկը: Դպրոցում մեր ամենասիրելի վայրը փոքրիկ գրադարանն էր, բայց այնտեղ երկար չէինք մնում․ սարսափելի ցուրտ էր:

Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություններ կային, որ դպրոցը փակվելու է՝ աշակերտ չունենալու և պայմանների բացակայության պատճառով: Բայց դա, վստահ եմ, երբեք չի լինի: Ճիշտ է, Ցամաքաբերդի դպրոցը ունի հարյուրից էլ քիչ աշակերտներ, բայց ունի ուսուցման բարձր մակարդակ և հիանալի ուսուցիչներ: Իսկ խաղահրապարակը անշուշտ պետք է վերանորոգեն, որպեսզի այնտեղ խաղան այդ հարյուրից էլ քիչ աշակետները ու Ցամաքաբերդի նոր սերունդը:

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Լուսանկարը` Մարի Ավետիսյանի

Այս ամենը հիշելուց հետո նկատեցի, որ ժամը յոթն է, այսինքն՝ արևը մայր է մտնում: Ու ինչպես մանուկ ժամանակ էի մտածում, հիմա էլ կմտածեմ, որ արևը մայր է մտնում միայն Ցամաքաբերդի սարերի հետևում, իսկ լեռներից դանդաղ իջնում է մառախուղը՝ ծածկելով սար ու դաշտեր, քամին սուլելով անցնում է բոլոր նեղ փողոցներով, մարդիկ բոլորը իրենց աշխատանքները ավարտած տուն են գնում, իսկ գիշերը գալիս ու գրկում է բոլոր տները ու իմ դպրոցը։ Իսկ այնտեղ հեռվում միայնակ օրորվում է կոտրված ճոճանակը:

meri avetisyan

Արտիստը

Այդ օրը սովորական օր էր, ներկայացում դիտելու էինք գնացել Երևանի թատրոններից մեկում: Դեռ ներկայացումը չսկսված՝ մեր հետևի շարքում տեղավորվեցին երեք կին, հավանաբար աշխատանքից էին եկել, բայց հոգնած տեսք չունեին, ավելի շատ մարտական էին տրամադրված։ Թե ինչին էին մարտական տրամադրված՝ շուտով կիմանաք, քանի որ ես ինքս էլ չեմ կարողանում բառերով բացատրել:

Ներկայացումը սկսվեց՝ կատակերգություն էր երկու գործողությամբ: Երևի հինգ րոպե էլ չէր անցել, երբ կանանցից մեկը խոսեց.

-Թող խաղան, սրանց խաղացածը ինչ պետք ա լինի:

-Մի նորմալ դերասան էլ չունենք,- ավելացրեց մյուսը:

-Բա հլը հագածները…

Ես շրջվեցի և խնդրեցի, որ լռեն, քանի որ խանգարում են և ավելացրի, որ ամեն դեպքում պետք է հարգել նրանց, ովքեր կանգնում են բեմի վրա, իսկ վերջում շեշտեցի, որ հագուստը բեմական հագուստ է: Ի պատասխան իմ խնդրանքի՝ կանայք ավելի բարձր շարունակեցին իրենց քննադատությունները, և նրանց զրույցը ավարտվեց դռնապահուհու նկատողությամբ: Ներկայացման երկրորդ գործողության ժամանակ կանանցից մեկը զրուցում էր հեռախոսով և դռնապահուհին երկրորդ անգամ նկատողություն արեց և ասաց, որ պետք է անջատել բջջային հեռախոսը կամ բարի լինել և լքել դահլիճը:

Ներկայացումը ես շատ էի հավանել, բայց մի տեսակ տրմադրության անկում ունեի, արդյո՞ք պատճառը կանանց վերաբերմունքն էր առ թատրոն: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես նրանք պետք է ոտքի կանգնեին ներկայացման վերջում ու ծափահարեին դերասաններին, և չտեսա էլ՝ կանգնեցին ոտքի, թե ոչ: Ի վերջո, պետք է ընդունել, որ դերասանի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտությունն է: Թատրոնում դերասանը գործի է դնում իր ողջ զգացմունքները, հոգևոր, մտավոր, ֆիզիկական կարողությունները, այնտեղ նա պարտավոր է լաց լինել, եթե դերը դա է պահանջում, անգամ այն դեպքում, երբ հոգին երջանկությունից թնդում է, և պարտավոր է լիաթոք ծիծաղել, երբ հոգին նույնիսկ սգի մեջ է: Դերասանը թատրոնում լոկ խամաճիկ է, և նա պարտավոր է ստիպել հանդիսատեսին ժպտալ և լաց լինել իր հետ միասին:

Հիշեցի մի դեպք, որը ինձ հետ պատահել է տարիներ առաջ: Մենք դասարանով ներկայացում դիտելու էինք գնացել։ Բեմադրվում էր Ա. Շիրվանզադեի «Արտիստը»: Ներկայացման ավարտին, երբ Լևոնի դերակատարը փռվել էր բեմահարթակին՝ իբրև մահացած, ես սկսեցի լաց լինել: Ներկայացումից հետո, երբ արդեն դուրս էինք եկել դահլիճից, ինձ մոտեցավ դերասանը և հարցրեց, թե ինչու եմ լաց լինում:

-Դուք մահացաք այնտեղ՝ բեմի վրա,- պատասխանեցի ես՝ զարմանքս ու հուզմունքս զսպելով:

Դերասանը ասաց, որ դա ընդամենը խաղ է, որը արդեն ավարտվել է։ Նա ժպտում էր, որովհետև կարողացել էր հանդիսատեսին ստիպել հավատալ, որ կերպարը մահացել է: Այդ դեպքից հետո՝ ամեն անգամ պատմվածքը կարդալիս, ես այդ արտիստին էի հիշում, որը բեմահարթակից նկատել էր լաց լինող երեխային:

meri avetisyan

Թե ինչպես պարզվեց, որ Սևանում ապրում է երեսուներեք կամ երեսունչորս մարդ

Սևան-Երևան ավտոմեքենան շարժվեց: Ժամը յոթն էր կամ յոթն անց տասը րոպե, դա կարևոր չէր։ Կարևոր չէր, քանի որ ես հոգնած էի. ամբողջ գիշեր չէի քնել, իսկ ավտոմեքենայի մեջ լռություն էր տիրում: Ես նայում էի պատուհանից դուրս։ Անձրև էր գալիս: Անձրևի դանդաղ կաթիլները իջնում էին՝ ապակու վրա հետք թողնելով, իջնում էին, որ մի քանի րոպեով խլացնեն քաղաքի աղմուկը բամբասանքներից։

-Սևանում մարդ չմնաց,- ցածրաձայն խոսեց վարորդը,- սաղ գնացին։

-Ինչպե՞ս թե,- ասաց կարմիր վերնաշապիկով կինը։

-Եսիմ է, սաղ գնացին, երեկ էլ հարևանս գնաց, ասում էր՝ ստեղ անելու բան չկա։ Մի աղջիկ ուներ, անցած տարի ավտովթարից մահացավ։ Ինքն էլ մենակ էր ապրում, ուսուցչուհի էր:

-Ախր, այ հոպար ջան, աշխատանք չկա, բա մարդիկ ինչպե՞ս ապրեն, հը՞ն,- խոսեց վարորդի կողքին նստած երիտասարդը,- տատս պատմում էր, որ ԽՍՀՄ-ի տարիներին Սևանում գործում էին վեցից ավելի խոշոր գործարաններ, ամեն մեկը ուներ հազարից ավելի աշխատող, հա- հա, մի զարմացեք։ Իսկ հիմա՞, ոչ մի գործարան չկա, բա էդ խեղճ մարդիկ ի՞նչ անեն, հը՞ն:

-Ինչ էլ որ լինի, սևանցիք չպիտի գնան, ո՞վ է ասել, որ Սևանում աշխատանք չկա։ Թող գան, գործարանները բացեն, աշխատեն:

-Գործարան բացելը հեշտ չի, տարիներ են պետք, ես էլ օգոստոսի վերջին գնալու եմ,- ասաց երիտասարդը:

-Ես երեք օրից եմ գնալու Մոսկվա՝ որդուս մոտ,- խոսեց կարմիր վերնաշապիկով կինը:

-Գնացե՛ք,- բարկացավ վարորդը,- սաղդ գնացեք, թող Սևանում մարդ չմնա՛:

-Բայց նոր դուք ասացիք, որ Սևանում էլ մարդ չի մնացել,- փորձեց սրամտել սև զգեստ հագած աղջիկը:

Ըստ երևույթին՝ աղջիկը քասնմեկ կամ քսաներեք տարեկան էր և ուսանող։ Իսկ այն, որ սևանցիները գնում են, ճիշտ է։

-Իսկապես, քանի՞ մարդ է ապրում Սևանում,- հարցրեց կարմիր վերնաշապիկով կինը:

Ես մտքումս սկսեցի հաշվել․ «Սևանում ապրում է իմ ընտանիքը՝ երեք մարդ, գումարած իմ հարևան Օլգա տատիկը, դերասան Արման Խաչատրյանը, ձուկ վաճառող Աշոտ պապիկը, իմ դպրոցի ուսուցիչները, մեր բակում խաղացող երեք երեխաները, իմ դասարանի չորս աշակերտներ, հետո ուղղեցի ինձ, մեկը Սևանից չէ, ու Բաքվից եկած թիթիզ տատիկը (նա միշտ հագնում է վարդագույն կիսաշրջազգեստ, կանաչ կոշիկներ, շատ է սիրում չամիչով հացաբուլկեղեն, պաղպաղակ և քաղցր բամբակ)։

-Սևանում ապրում է երեսուներեք մարդ,- վստահ ասացի ես:

-Ինչպե՞ս թե,- ուրախացավ վարորդը,- ինձ հաշվել ես, չէ՞: Ես սարսափեցի․ ինչպե՞ս կարող էի այս կոլորիտային սևանցուն չհաշվել։ Ես գունատվեցի, սարսափեցի ու պատասխանեցի.

-Ոչ, բայց դա խնդիր չի,- սխալս ուղղելով՝ ասացի ես,- դուք էլ գումարած ՝ երեսունչորս։

-Կնոջս, երեխեքիս, մորս էլ հաշվի,- հրամայեց վարորդը:

-Ինձ էլ հաշվի,- ասաց երիտասարդ աղջիկը:

-Մորս էլ հաշվի,- ասաց երիտասարդը,- պապիկիս էլ, մորեղբորս երեք երեխաներին էլ, հա մեկ էլ էն հեռախոս վերանորոգող Հրաչին էլ հաշվի, լավ տղա է, ու կանաչ աչքերով Մանանին էլ հաշվի:

Հետո շատ հանկարծակի երիտասարդը լռեց, երևի մտածում էր՝ արդյոք Մանանի աչքերը կանաչ էին, հետո ուղղեց իրեն.

-Կապույտ աչքերով Մանանին:

-Սպասե՜ք, սպասե՜ք,- ասացի ես,- ես կորցրի հաշիվս, օգնեք ինձ:

Վարորդի դեմքը պայծառացավ, երևի մտածեց, որ Սևանում ավելի շատ մարդ է ապրում:

-Հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք հապա, թե ինչ ձևերով աղջիկը պարզեց, որ Սևանում ապրում է միայն երեսուներեք մարդ:

-Երեսունչորս,- ուղղեց վարորդը:

-Հաշվեցեք նաև, մի վերջին անգամ,

Թե այդ ինչ ձևով,

Ինչ մեքենայի օգնությամբ բարի

Դեռ կարելի է Սևանում ապրել,- շարունակեց երիտասարդ տղան:

-Սևակ եք սիրում, հա՞,- դիմեց կինը երիտասարդին:

-Սևակ չեմ սիրում, Սևակ կարդում եմ,- նեղացավ երիտասարդը:

-Հա լավ, ի՞նչ ասացի, որ նեղացար, շատ լավ է, որ կարդում եք, ես շատ ուրախ եմ:

Երիտասարդը ասաց, որ չի նեղացել: Անկասկած, Սևանում աշխատատեղեր քիչ կան, և մարդկանց արտագաղթը կապված չէ սեփական քաղաքը չսիրելու հետ: Բայց իհարկե, կարելի է այս խնդիրը լուծել. բացել գործարանները, ոչինչ, թող տարիներ տևի, բայց մարդիկ աշխատանք կունենան, չէ՞։

Ավտոմեքենան կանգ առավ Երևանի Երիտասարդական մետրոյի դիմաց: Երևանում անձրև չէր գալիս, շոգ էր, օդ չկար շնչելու: Երեխա լինեի ու հավատայի, որ հնարավոր է եղանակը տեղափոխել այնտեղ, ուր գնում եմ: Հետո մտածեցի, որ շատ եմ փիլիսոփայում։ Անշուշտ հոգնածության հետևանք է։ Երբ մարդը շատ հոգնած է լինում և ոչինչ չի կարողանում անել, սկսում է փիլիսոփայել։ Հետո Երևանում բնակվողներին նայեցի ու սրամտելով շարունակեցի ճանապարհս։

Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք, խնդրեմ, հաշվեցեք նաև,

Թե ձեզանից գոնե մեկը իր կյանքում

Քանի անգամ է եղել Սևանում։

Ծիծաղեցի իմ այս մտքի վրա և մտածեցի, որ Սևանում շատ հետաքրքիր մարդիկ կան՝ դերասան Արմանը, թիթիզ տատիկը, կանաչ կամ կապույտ աչքերով Մանանը, Օլգա տատիկը, կոլորիտային վարորդը, Սևակ կարդացող երիտասարդները: Բայց մի րոպե․ քանի՞ մարդ է ապրում Սևանում:

Մեր նոր թղթակիցները

Հունիսի 25-28-ը «Մանանա» կենտրոնում անց էին կացվում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքի նոր թղթակիցների նախապատրաստման դասընթացները: Մասնակիցները տարբեր մարզերից էին`  Սյունիքից, Երևանից, Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից,Կոտայքից, Տավուշից և այլն:Anahit Badalyan

-Բարև Ձեզ, ես Անահիտ Բադալյանն եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքից, 17 տարեկան, սովորում եմ Իտալիայում UWC քոլեջում, հիմա ամառային արձակուրդները անցկացնում եմ Հայաստանում։

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել այդ ծրագրին և կրթությունդ շարունակել Իտալիայում։

-Առհասարակ, մշակութային, փորձի փոխանակման և նմանատիպ այլ ծրագրերը լավ հնարավորություն են, որպեսզի ընդլայնես քո մտահորիզոնը, շփվես այլ մտածելակերպի տեր մարդկանց հետ ու իրենցից սովորես լավը ու հետաքրքիրը, որը դու երբևէ չես նկատել, ու դու էլ իրենց փոխանցես քո իմացածը։ Փուլերը հաղթահարելով ընդունվեցի։

-Ինչո՞ւ որոշեցիր թղթակցել 17.am-ին, ի՞նչ հետաքրքրություն տեսար կայքի մեջ։

-Ես հետևում էի 17-ի թղթակիցների հոդվածներին, որոնք ներկայացնում էին իրեց գյուղը, քաղաքը և խնդիրները, ու մտածեցի, որ ես էլ գրեմ, կլինեն մարդիկ, որ իմ պես կկարդան իմ հոդվածները, և իրենց համար հետաքրքիր կլինի։

-17.am-ը դրական ազդեցություն ունեցա՞վ քո վրա։

-Այո, մտածեցի, որ իմ համայնքի խնդիրների մասին, և ոչ միայն խնդիրների, կիսվելը և արտահայտելը իմ մտքերը կհետաքրքրի մարդկանց։ Այն ինձ համար մեծ հնարավորություն էր ինքնաարտահայտվելու։

-Լրագրությունը քո հոբբի՞ն է, թե՞ ընտրած մասնագիտությունը։

-Երկար ժամանակ մտածել եմ, որ լրագրող եմ դառնալու, մասնակցել եմ լրագրողական ծրագրերի, սակայն երբ իմացա այլ մասնագիտությունների մասին, ուսումնասիրեցի, հասկացա, որ ինձ ավելի համապատասխանում է տնտեսագետի մասնագիտությունը։ Ես արդեն իմ մասնագիտությունը ընտրել եմ, և թղթակցում եմ 17-ին, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, ես շարունակելու եմ լրագրությունը, քանի որ ես սիրում եմ այն։

-Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնց կառաջարկես թղթակցել 17-ին և ընտրել լրագրողի մասնագիտությունը։

-Իմ ընկերներից շատերը չգիտեին 17-ի մասին, բայց երբ գրեցի հոդվածներ, տեղադրեցի, բոլոր ընկերներս արդեն իմացան կայքի մասին։

-Կրթությունը վերջացնելուց հետո կմնա՞ս Իտալիայում, ի՞նչ պլաններ ունես։

-Այս տարի կավարտեմ քոլեջը և կդիմեմ բարձրագույն հաստատություն, ցանկություն ունեմ Միացյալ Նահանգներում շարունակելու, վերջացնելուց հետո անպայման վերադառնալու եմ Հայաստան և այստեղ եմ գործունեություն ծավալելու։

Աննա Վարդանյան

***

Anush Muradyan-Ես Անուշ Մուրադյանն եմ, Վանաձորից։ Սովորում եմ Վանաձորի պետական համալսարանի լրագրության բաժնում։

-Ցանկություն ունե՞ս Վանաձորում կրթություն ստանալուց հետո այն շարունակել հայրենի քաղաքից դուրս։

-Այո, ցանկություն ունեմ։ Մագիստրատուրան հավանաբար կշարունակեմ Երևանում։ Չեմ սահմանափակվի միայն լրագրությամբ։ Ամենայն հավանականությամբ, իրավաբանական բաժնում։ Դեռևս հաստատ չեմ որոշել, բայց երկրորդ մասնագիտություն ձեռք բերելը համարում եմ անհրաժեշտ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունես 17.am-ի կազմակերպած դասընթացներից։

-17.am-ի կազմակերպած դասընթացներն ինձ իսկապես ոգեշնչում են, և ակնկալում եմ այստեղ ավելի մասնագիտանալ, տեսնել իմ սխալները, սովորել։ Օրինակ՝ երբ 17.am-ը չի հրապարակում ուղարկածդ նյութը, սկսում ես մտածել, թե որտեղ ես թույլ տվել սխալ, և ինչն է քո աշխատանքի թերությունը։ Այսպես դու կարողանում ես տեսնել քո թերությունները և դրանք շտկել։

-Երազե՞լ ես լրագրող դառնալու մասին մանկության տարիներից, թե՞ ավելի հասուն տարիքում ես կատարել ընտրությունդ։

-Մասնագիտական ընտրությունս կատարել եմ հասուն տարիքում։ Մանկության տարիներին երազում էի նկարչուհի դառնալ, սակայն փոխեցի որոշումս և չեմ զղջում իմ ընտրության համար։

-Ի՞նչ կմաղթես բոլոր ապագա լրագրողներին։

-Խորհուրդ կտամ լինել պատրաստակամ, որովհետև լրագրությունը բավականին բարդ մասնագիտություն է։ Կմաղթեմ ուժ ու եռանդ, որ կարողանան հասնել իրենց նպատակներին և չհիասթափվեն։

Մարի Ենգոյան

**

Mary YengoyanՄարի Ենգոյանը Վարդենիս քաղաքից է, 14 տարեկան։ Խոսելով հարազատ քաղաքի մասին՝ Մարին նշում է. «Փոքր քաղաք է, որտեղ բոլոր մարդիկ մեկը մյուսին ճանաչում են,

բոլոր մարդիկ քեզ հարազատ են»։

Դեռ հստակ մասնագիտություն չի ընտրել, սակայն նրա ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է և պատմում է, որ ֆուտբոլ սկսել է նայել 4 տարեկանից և ուզեցել է հաճախել 5-6 տարեկան հասակից, սակայն չի ստացվել։ Մարին ասում է. «Ֆուտբոլը սիրելու համար պետք է տեսնել էն կողմը, որը չես կարող տեսնել։ Պետք է ապրել ֆուտբոլով»։
Արդեն ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի բաժինը։ Ասում է. «Դաշնամուրը իմ արյան մեջ է»։

«Ես հետաքրքրված եմ լրագրությամբ, իսկ 17.am-ը շատ լավ հնարավորություն է տալիս արտահայտելու սեփակաան մտքերդ»։

Տեսնելով 17.am-ի 4-օրյա դասընթացների հայտարարությունը՝ Մարին շատ է ոգեշնչվում և որոշում է մասնակցել։

«Շատ եմ սիրում այս կայքում տեղ գտած նյութերը, հատկապես՝ շատ եմ սիրում գյուղական կյանքին վերաբերող նյութերը, բոլորը ունեն իրենց հետաքրքիր կողմերը»։

Նա հուսով է, որ 17.am-ը կօգնի իրեն հասկանալու՝ արդյո՞ք լրագրությունը իր մասնագիտությունն է, թե ոչ։ Պնդում է, որ այստեղ բոլորը շատ հետաքրքիր են, իր ճանաչած բոլոր մարդկանցից տաբերվում են։
Մարին թղթակիցներին մաղթում է նորանոր հաջողություններ, անսպառ ուժ և եռանդ, որ միշտ վստահ լինեն իրենց ուժերի վրա։

«17.am-ը կանվանեմ շատ հետաքրքիր կայք, շատ կցանկանամ, որ չփոխի այս ոճը, միշտ անկեղծ ու իրական պատմություններ տեղադրվեն»։

Անուշ Մուրադյան

***

Haykush-Ողջույն, ես Հայկուշն եմ Հովսեփյան, Կոտայքի մարզից, գյուղ Նոր Երզնկայից:

-Ինչպե՞ս իմացար 17.am-ի մասին, և ինչո՞ւ ցանկացար դառնալ թղթակից:

-Ես 17.am կայքի մասին իմացել եմ համացանցի միջոցով, և իմանալուն պես սկսել եմ գրել իմ առաջին հոդվածը, որը հետագայում տպագրվեց կայքում: Իսկ այժմ մասնակցում եմ 17.am-ի կողմից կազմակերպած դասընթացներին:

-Ի՞նչի մասին էր քո առաջին նյութը:

-Առաջին նյութս բնապահպանության մասին էր, որը, կարծում եմ, արդիական թեմա է մեր ժամանակներում: Ես ընտրել էի օդի աղտոտվածության թեման և ներկայացրել էի դրա հետևանքները: Կարծում եմ, որ հասարակությանը դա կհետաքրքրի:

-Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, և արդյոք 17.am-ը օգնո՞ւմ է քեզ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում:

-Ես ցանկություն ունեմ դառնալ հեռուստալրագրող, և դասընթացները, իհարկե, կնպաստեն. ես ձեռք կբերեմ գիտելիքի զգալի պաշարներ, որոնք նաև հետագայում ինձ պետք կգան մասնագիտության մեջ կիրառելու համար:

-Մոտիվացվա՞ծ ես գրելու հետագայում նյութեր 17.am-ի համար:

-Այո,՛ ես կգրեմ նյութեր ինձ հուզող խնդիրների մասին և կփորձեմ որոշ չափով դրանց նաև լուծում տալ, ինչը կօգնի ոչ միայն ինձ, այլ նաև իմ տարածաշրջանում բնակվող մարդկանց:

-Ի՞նչ ես կարծում՝ քո գրած նյութերը կհետաքրքրե՞ն հանրությանը, և ինչո՞ւ:

-Այո՛, անշուշտ կհետաքրքրեն, քանի որ այն, ինչ գրելու եմ, վերաբերելու է մեր տարածաշրջանին և իրենց:

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ պետք է լինել 17.am- ի թղթակից:

-Այստեղ անհատը ստանում է գիտելիքի ահռելի պաշարներ, և ինչու չէ, նաև ձեռք է բերում նոր ընկերներ: Ես խորհուրդ կտամ բոլորին դառնալ թղթակից և կիսվել իրենց հուզող խնդիրների մասին։

Մերի Ավետիսյան

meri avetisyan

Կարմիր կակաչները

Ցամաքաբերդի լքված ու մոռացված հյուրանոցի մոտ բուսնող միակ ծաղիկները կարմիր կակաչներն են: Հյուրանոցի կառուցման հստակ տարեթիվը ինձ հայտնի չէ, և դա այդքան էլ էական չէ: Կառույցը ունի գեղեցիկ և տարօրինակ տեսք և անցորդներին միշտ գրավում է հաղթանդամ դիրքով, որքան էլ որ այն ավերված լինի:

Ցամաքաբերդի լեռների մառախուղի մեջ հպարտ ցցված շինությունում նախկինում աշխատում էր տեղի բնակչության զգալի մասը, և այն շատ մեծ հնարավորություն էր տալիս զբոսաշրջիկներին` տեսնելու լիճը բարձրությունից, զգալու նրա մոգական ազդեցությունը ու կատարյալ մաքուր օդը: Հյուրանոց եկող զբոսաշրջիկների մեծ մասը ծանոթանում էր նաև Ցամաքաբերդի հանճարեղ, իմաստուն, հյուրասեր բնակչության հետ, և վստահ կարող եմ ասել, որ երբեք չէին մոռանում Սևանի յուրօրինակ ուրցը, սառնորակ, բնական աղբյուրները և այդ փոքրիկ թաղամասում գտնվող չքնաղ եկեղեցին, որի կողքին էլ գտնվում էր տեղի միակ միջնակարգ դպոցը (որը այժմ իմն է): Ես քայլում էի այդ ճանապարհով, և հանկարծ վայրագ քամին քշեց նուրբ կակաչների թերթիկները, հետո նկատեցի, որ մի կակաչ համառորեն պայքարում էր քամու դեմ, հյուրանոցի պատի տակ:

-Այս հյուրանոցում տատիկս է աշխատել,- ասացի ես:

-Այս հյուրանոցում բոլորս ենք աշխատել,- ինձ դիտողություն արեց մի պապիկ:

-Իսկ ինչո՞ւ հիմա չի գործում,- հարցրի ես:

-Հյուրանոցը գնել էր մի արտասահմանցի և փորձում էր այն վերանորոգել և շահագործման հանձնել, բայց մեր նախկին իշխանությունը ցանկացավ ևս մասնբաժին ունենալ հյուրանոցից, իսկ գնորդը չհամաձայնեց, քանի որ մեր իշխանությունը ուզում էր մասնաբաժնի մեծ մասը: Եվ այդպես մոտ երկու հարյուրից ավելի մարդ զրկվեց աշխատանքից:

-Իսկ եթե հիմա վերանորոգվի ու շահագործման հանձնվի՞:

-Օ՜,- հառաչեց պապիկը,- դա շատ լավ կլինի, միայն թե մեկը խոսի սրա մասին:

-Ես կփորձեմ մի բան անել:

-Ցամաքաբերդի՞ց եք,- հարցրեց պապիկը:

-Ո՛չ, այստեղ տատիկս է ապրում, և բացի դրանից` ես այս դպոցում եմ սովորել,- մատով ցույց տվեցի դպրոցս. այն հյուրանոցից ներքև էր գտնվում,- այս տարի ավարտեցի,- շարունակեցի ես:

-Հա՜, մեր գյուղը լավն է, մեր դպրոցը լավն է, որ հյուրանոցն էլ բացվի, շատ լավ կլինի, մեկ էլ ճանապարհները պիտի վերանորոգվեն: Բա ինչի՞ ես կանգնել էդտեղ, քամի է, տուն գնա:

-Կգնամ, ուզում եմ տեսնեմ` քամին կպոկի՞ կակաչը, թե՞ չէ:

-Իմ աղջիկ, կակաչը հայի պես է՝ ամեն դժվարության դիմանում է, մի անհանգստացի, քամին չի պոկի, գնա տուն, ուշ է: Ես էլ տեսնեմ` ուր է կովս, ինձ չի լսում, թե սենց շարունակվի, վայթեմ ծախեմ, հաա՜, բա ես ոտք ունե՞մ, որ դրա հետևից վազեմ,- բարկացավ պապիկը,- հենա՛, դու հլը նայի` էն փոսի մեջ է, սաղ գյուղը խոտ է, ինքը գնացել մտել է փոսը, վա՜յ, նայի՛ր, այնտեղ կակաչներ էլ կան , տեսնո՞ւմ ես:

-Այո՛, բայց քիչ են, հյուրանոցի կողքի բլուրների վրա ավելի շատ կան:

-Ճիշտ ես նկատել, բայց կակաչների համար դժվարություններ չկան, նրանք դիմանում են ամեն ինչին, դրա համար էլ բլուրի վրա են բուսնել, էլ ուրիշ որտե՞ղ:

-Ինչպես հայե՞րը:

-Ինչպե՛ս հայերը:

Այն, որ Ցամաքաբերդը Սևան քաղաքի թաղամասերից մեկն է, դա փաստ է, բայց տեղացիները փոքրիկ տարածքին գյուղ են անվանում, և դա ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխել, ինչպես և չի կարող փոխվել այն, որ Սևանա լճին ծով ենք անվանում: Իսկ եթե բացվեր հյուրանո՞ցը, անկասկած, եկվորներն էլ կտեսնեին երկրային դրախտը ու աշխարհի ամենաբարի մարդկանց: