-Մանե, կցանկանա՞ս ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:
-Այո, կցանկանամ: Ի՞նչ ճամբար է: Որտե՞ղ է: Մենակ ե՞ս եմ գնում,- միանգամից տվեցի մի քանի հարցեր:
-Ճամբարը «Միասին»-ն է կազմակերպում: «Գոյատևելու դասընթաց» թեմայով է լինելու ,- հայրս փորձեց հիշել իմ տրված հարցերը հերթականությամբ,- Սևանա լճի ափին է լինելու: Մենակ կարող ես գնալ, բայց Սարգիսին հարցնենք, նոր:
Երբ մենք հարցրեցինք եղբորս, նա համաձայնվեց:
Մեր համաձայնությունից հետո, սահմանված կարգով «Միասին»-ի կենտրոնական գրասենյակ ներկայացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը:
Մեզ այնտեղ ասացին, որ մեր ջոկատավարը մեզ կզանգահարի: Շատ էի սպասում ջոկատավարիս զանգին:
Եվ ահա: Վերջապե՜ս: Շատ սպասված զանգ …
«Անծանոթ համար է: Հետաքրքիր է, ո՞վ է: Իսկ միգուցե ջոկատավա՞րս է»: Մի ներքին ձայն ինձ ասում էր, որ այդ զանգի հեղինակը ջոկատավարս է :
Փաստորեն իմ ներքին ձայնը ճիշտ էր: Վերջ, մենք գնում ենք ճամբար:
Ճամբարն սկսեց անախորժ դեպքով: 12-րդ ջոկի ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ոչ-ոք չէր ստացել: Հիվանդանոց, բուժզննում, վախ, ստրես… Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
Չեմ նկարագրի մնացած օրերը: Միայն կնկարագրեմ ծննդյանս օրը:
Մի աղջիկ, որը շատ երազանքներ ունի ապագայի հետ կապված, որը չի կարողանում ընտրություն կատարել ազատության և սահմանափակ կյանք վարելու միջև, որը շատ է ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում, դառնում է 16 տարեկան:
Ճամբարում ժամը 22:00- ին սկսվում է ուրախ ժամանցը: Պարում ենք, լիցքաթափվում…
Պարելու ժամանակ հանկարծ լսում եմ.
-Այսօր շատ հետաքրքիր և հաճելի մի անձնավորության ծննդյան օրն է: 15-րդ ջոկի Մանեի: Շնորհավորենք նրան,- լսելով այս նախադասությունը ես միանգամից նայեցի ժամին՝ կես գիշերն անց էր: Բոլորը սկսեցին շնորհավորել, գրկել, համբուրել…
Առաջինը ինձ շնորհավորեց ջոկատի տղաներից մեկը, իսկ հետո ինձ գրկեց ջոկատավարուհիս՝ մի հաճելի, աշխույժ, էներգիայով լեցուն անձ:
Հետո ջոկիս երեխաների կողմից շնորհավորանքի խոսքեր լսեցի: Մի խոսքով, ծնունդս սկսեց լավ տպավորություններով:
Առավոտ… Ժամը 6:10…
Ինչպես միշտ, ես շուտ էի վեր կացել: Զանգ ստացա մայրիկիցս: Նրանք պետք է գային՝ տորթ, միրգ և էլի նման բաներ բերեին:
-Մամ, բարև:
-Բարի լույս: Ես քեզ չեմ շնորհավորելու: Չնեղանաս` դեռ դու չես ծնվել:
- Չեմ նեղանում: Դուք ե՞րբ եք գալու…
Ու մենք այսպես խոսեցինք մեկ ժամ, բայց մորս կողմից շնորհավորանքի խոսքեր չստացա:
Օրս սկսվեց հորս շնորհավորանքով և մորս չշնորհավորանքով:
Առավոտվա իրադարձությունների շարունակությունը մի քիչ ձանձրացնող է: Զանգ… Շնորհավորում եմ… Հասնես նպատակներիդ…
Իսկ այ, կեսօրվա իրադարձությունները ինձ համար անմոռանալի հուշերի աղբյուր դարձան:
Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես լողալ չգիտեմ, բայց շատ եմ ուզում սովորել: Այդ օրը ես սովորեցի, բայց իհարկե, երեխաների օգնությամբ: Մարիամը, Օնիկը, Կարենը, Վահեն ինձ սովորեցրեցին ջրի վրա մարմինը պահելու նրբությունները, սովորեցրեցին նստել ջրի հատակին և այլն:
-Ինձ բաց չթողնեք: Խեղդվում եմ: Վախենում եմ: Պինդ բռնեք,- նման խոսքեր իմ շուրթերից ոչ-ոք չի լսել:
Ես սիրում եմ ջուրը… Պարելով ջրի մեջ ես հասկանում եմ, որ ազատ եմ, որ ճախրում եմ` թևեր ունեմ:
Մենք լողափից վերադարձանք տուն: Գրեցի տու՞ն: Անկեղծ ասած, այս ճամբարը ինձ համար բոլորից առանձնացված մի քաղաք է «Միասին» անվամբ, իսկ իմ ջոկատը` երեք սենյականոց բնակարան: Ունենք մայր, բայց չունենք հայր՝ նա խոպան է գնացել: Ունենք երեխաների տեսականի՝ չար-չարաճճի, խելոք, համեստ, եփող-թափող և այլն: Մի քիչ շեղվեցի թեմայից: Տուն վերադառնալուց հետո մայրս զանգեց:
-Մենք հասնում ենք:
Նրանք եկան, նրանք գնացին, մենք քեֆ արեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք…
Նշեմ նաև, որ իմ ծննդյան օրը առաջին անգամ անձրև եկավ: Անձրևի պատճառով տեխնիկան փչացել էր: Եվ մենք չպարեցինք:
Անցավ այդ օրը… Անցան նաև այդ օրվա հաջորդ օրերը… Եկավ հրաժեշտի պահը…
Արցունքներ, հրաժեշտի խոսքեր, կրկին հանդիպման մտքեր, գրկախառնություններ…
Կհանդիպենք…