Անուշ Աբրահամյանի բոլոր հրապարակումները

«Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմը

 Հարցազրույց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի հեղինակ- ռեժիսոր Գոռ Ղազարյանի հետ

-Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը։ 

-Տիգրան Մեծի և Հալեյի գիսաստղի միջև եղած կապի մասին առաջին անգամ տեղեկացա պատմաբան Արտակ Մովսիսյանի հեղինակային «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» փաստագրական ֆիլմից, որտեղ հեղինակը հակիրճ անդրադարձել էր այդ իրադարձությանը։

Զինվորական ծառայությանս վերջին շրջանում, երբ պատրաստվում էի «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում գրել հերթական գիտական հոդվածը, որոշեցի անդրադառնալ Տիգրան Մեծի գիսաստղին, քանի որ մեր կարծիքով, այն շատ ուշագրավ իրողություն է, որը արժանի է հասու լինել նախևառաջ հայ ազգի, ապա նաև օտարազգի ուսումնասիրողների լայն շրջանակներին։ Հարցրի պարոն Մովսիսյանից, ով որոշակի տեղեկություններից հետո ինձ ուղարկեց այս հարցը լուսաբանող մասնագետների՝ դրամագետ- պատմաբան Ռուբեն Վարդանյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հոդվածը, որը համացանցում տեղադրված էր միայն անգլերենով։

Ուսումնասիրելով վեջիններիս հոդվածը գիսաստղերի մասին, տիեզերագիտական նյութերը, ինչպես նաև Տիգրան Մեծի ռազմաքաղաքական հաջողությունները՝ պատրաստեցի հոդված, որը «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում տպվեց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» վերնագրով։ Պետք է ասեմ, որ հենց հոդվածի աննախադեպ տարածումը նպաստեց այն ֆիլմ դարձնելու գաղափարի առաջացմանը։

-Ինչո՞վ է տարբերվում ձեր հոդվածը կամ ֆիլմը վերոնշյալ անդրադարձներից։

-Ռ. Վարդանյանը և Վ.Գուրզադյանը փաստել են՝ Տիգրանի դրամների վրա իսկապես Հալեյի գիսաստղն է, իսկ Ա.Մովսիսյանը իր ֆիմում իրազեկել է այդ մասին։ Մեր ֆիլմում մենք փորձել ենք տալ այդ իրողության գիտական բացատրությունը, մասնավորապես Տիգրան Մեծի հաջողությունների և գիսաստղի հայտնվելու կապի մասին։ Բացի այն, որ Հայոց երկնակամարում գիսաստղի հայտնվելը ընկալվել է Տիգրան Մեծի հաջողությունների երկնային նախանշան, ունի նաև իր գիտական հիմքերը։

-Ֆիլմը ինչպե՞ս ընդունվեց հանրության կողմից, և ինչպիսի արձագանքներ եղան։

-Ֆիլմը հիմնականում դրական ընդունվեց։ Չնայած Տիգրանի գիսաստղի մասին իրողությունը վերոնշյալ ուսումնասիրողների կողմից հաստատվել է 2005թ.-ին, սակայն հայոց մեջ առավելապես տարածվեց մեր հեղինակային ֆիլմի միջոցով, դրա մասին են վկայում նաև համացանցում բազմաքանակ դիտումները։ Ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց տեղեկացա, որ մի շարք դպրոցի տնօրեններ, նաև մասնագետ -ուսուցիչներ դպրոցներում կազմակերպել են ֆիլմի ցուցադրություններ։ Տիգրան Մեծի գիսաստղին անրադարձել է նաև գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը իր «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» գրքում։ Այս ամենը միաբերան վկայում են այն մասին, որ այս փաստը առաջիկայում մեծ ճանաչում կվայելի՝ մտնելով տարբեր ոլորտներ՝ գեղարվեստական գրականություն, պատմագրություն, կերպարվեստ և այլն։

Այստեղ պետք է խոսեմ նաև քննադատությունների մասին: Ոմանք առարկեցին՝ Վերջինյան աստղն է Տիգրանի դրամներին, բացատրեցինք, որ Վերջինյան աստղը իրապես պատկերված է Տիգրանի դրամների վրա, բայց այստեղ խոսքը ոչ թե առավել տարածված դրամների մասին է, որտեղ Տիգրանը պատկերված է «ավանդական» թագով, այլ դրամների համեմատաբար քիչ քանակության մասին, որոնք տարբերվում են իրենց պատկերագրությամբ։ Տիգրանի թագին ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը։ Որոշներն էլ պնդում էին, իբր թե այն դրամահատարանի թույլ տված սխալ է՝ մոռանալով իհարկե, թե ինչպես կարող էին տարբեր դրամահատարաններ, տարբեր ժամանակաշրջաններում միևնույն սխալը թույլ տալ, և որ ամենակարևորն է, ինչպես կարող էին այդ «թերի» դրամները շրջանառվել փառահեղ արքայի կառավարման ժամանակաշրջանում։

-Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այդ ընթացքում։

-Բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարելի են, եթե շրջապատված ես հայրենասեր մարդկանցով, որոնց մեջ պետք է նշեմ Մերի Ստեփանյանին, ով առաջարկեց և անշահախնդրորեն կատարեց ֆիլմի սցենարի ռուսերեն և անգլերեն թարգմանությունները։ Ֆիլմի տարբեր լեզուներով թարգմանությունը միտում ունի օտարների շրջանում մեծացնել հայագիտական նյութերի հանրամատչելիությունը, ինչպես նաև լրացնել այն կռվանների շարքը ընդդեմ պատմության կեղծարարների, առավելապես Ադրբեջանի։

-Արդյո՞ք սա Ձեր առաջին աշխատանքն է այս ոլորտում, եթե ոչ, ապա հակիրճ պատմեք մյուսների մասին։

-Հայագիտական ֆիլմեր սկսել եմ պատրաստել տասնվեց տարեկանից։ Առաջին աշխատանքս «Ես մարդասպան չեմ» փաստագեղարվեստական ֆիլմն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հիմքում ուներ հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ձեռամբ եղեռնագործ Թալեաթի սպանության դրվագը։ Այդ ֆիլմը ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից ճանաչվեց ուսումնաօժանդակ նյութ։ Նկարահանել ենք նաև «Այլոց աչքերով» կարճամետրաժ գեղարվեստական համր ֆիլմը, ինչպես նաև «Սովորենք պատմությունից» հաղորդաշարը, որտեղ անդրադարձել ենք հայոց պատմագրության մեջ ըստ արժանավույն չգնահատված նշանավոր գործիչների։

-Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, որոշ ֆիլմերում նաև օպերատոր։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ։

-Ֆիլմերը պատմագիտական են: Իմ մասնագիտությանը համապատասխանում է միայն ֆիլմի հեղինակ լինելը։ Մնացածը յուրացրել եմ ինքնուս։ Իրականում բոլորն էլ հոգեհարազատ են։ Պատմության հանդեպ սերը և վերջինիս չափազանց կարևոր նշանակության գիտակցումը իմ մեջ իհայտ է եկել դեռ մանկությունից: Երբեք պատմությանը չեմ վերաբերվել իբրև մասնագիտություն։ Պատմության կարևորությունը ընդգծեմ Նժդեհի խոսքերով. «Սիրով և երկյուղած մոտեցիր ազգային պատմությանը, և մի՛ մոռացիր, որ ցեղի հոգին ճանաչելու համար բավական չէ միայն ուսումնասիրել նրա պատմությունը, պետք է վերապրել այն»։ Ռեժիսորի համար ասեմ, որ փոքր հասակից սիրել եմ կինոաշխարհը և միշտ մտածել եմ` ինչու մենք ֆիլմերով այնպես գեղեցիկ չենք ներկայացնում մեր պատմության փառահեղ և էպիկական էջերը։

Ստեղծագործելիս միշտ փորձում եմ պահել շատ կարևոր պատվիրաններից մեկը. «Մի՛ ավելացրու աշխահի աղբը»։ Այսինքն, քո ստեղծագործության չգոյությունը ավելի օգտակար չպիտի լինի բնությանը, քան գոյությունը։ Այստեղ պետք է նշել, որ ֆիլմերը երբևէ չեն ունեցել որևէ հովանավոր և ստեղծվել են առանց զգալի նյութական միջոցների՝ հեղինակի նախաձեռնությամբ։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆիլմերում մի շարք գործառույթներ վերցրել ենք մեզ վրա։ Ինձ է պատկանում նաև ֆիլմերի համակարգչային մոնտաժը, որոշակի անիմացիաներ և գրաֆիկական աշխատանքներ։ Այս ամենը բնականաբար պրոֆեսիոնալ անձնակազմ չունենալու պատճառով է։ Օրինակ, «Ես մարդասպան չեմ» ֆիլմում տեքստը կարդում էի ես, իսկ «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմում ցանկություն հայտնեց Մարիամ Գևորգյանը։

-Ի՞նչ նշանակություն ունեն այս և նմանատիպ այլ ֆիլմերը։

-Տարիներ առաջ, երբ դեռ նոր էի սովորել օգտվել համացանցից, դեռ չգիտեի հայոց պատմության թեմաներով ինչ ֆիլմեր ունենք, և որոշեցի փնտրել։ Սկսեցի ինձ համար ավելի նախընտրելի թեմաներից` Պապ թագավոր, Արտաշես 1-ին։ Ոչինչ չգտա։ Մտածեցի՝ որոնեմ Տիգրան Մեծի մասին տեղեկություններ, ի վերջո մեր ամենաճանաչված արքան է, իր մասին մի բան գոնե պետք է լինի: Ցավոք գտա միայն Արտակ Մովսիսյանի փաստագրական ֆիլմը։ Այդ պահից նպատակադրվեցի հայոց պատմության թեմաներով ֆիլմեր պատրաստել, սկզբում վավերագրական, իսկ հետագայում, նյութական միջոցներ ունենալու դեպքում, նաև գեղարվեստական։ Բարեբախտաբար մենք հայոց պատմության մեջ ունենք այնպիսի առասպելական իրադարձություններ, որոնց մասին կարելի է հոլիվուդյան մակարդակի ֆիլմեր նկարահանել:

-Կա՞ն կինոաշխարհում այնպիսի ռեժիսորներ, որոնց կցանկանք նմանվել։

-Ինձ համար համաշխարհային կինեմատոգրաֆիայի գագաթը Սերգեյ Փարջանովն է, իսկ նրա ֆիլմերից «Նռան գույնը», որն ինձ համար դեռ շաունակում է մնալ առեղծվածային, և ես շարունակում եմ այն բացահայտել։ Նմանվել ինչ-որ մեկին, երբևէ չեմ ցանկանա, բայց նաև չպետք է թաքցնեմ, որ իմ ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Հենրիկ Մալյանը, Մոկո Հակոբյանը, Ներսես Հովհաննիսյանը և այլք:

-Ի՞նչ ծրագրեր կան կապված 2019 թվականի հետ։

-2019թ.-ին շարունակելու ենք «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի թարգմանությունները այլ լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն), ինչպես նաև նախապատրաստվում ենք նկարահանել վավերագրական ֆիլմ Գառնիի ճակատամարտի առեղծվածի մասին և խոհափիլիսոփայական ֆիլմ «Խենթի» մասին։ Ծրագրերը հիմնականում կախված են նյութական միջոցներից, իսկ մենք նպատակ ունենք նկարահանել հայոց պատմության թեմաներով գեղարվեստական ֆիլմեր։

Anush abrahamyan

Թվում է

Դուք չեք ճանաչի նրան։ Նրա անհարթ ճանապարհին ոչ մեկը չի պատահել, ոչ մեկը չի սրբել իր այտերը, չի մաքրել իր հոգին կասկածանքից, չի կապել երջանկությանը։ Նրա սիրելին չեկավ հեռավոր ու ձիգ ճանապարհներից։ Երևի մեռավ կամ իրենից սիրուն աղջկա հանդիպեց։ Չհիշեց, որ աշխարհից մոռացված մի գյուղում իր ճանապարհին պառավեց մի օրիորդ, ինչպես ինքն է ասել՝ երկարածամ, բարակ մեջքով, սև աչք ունքով, հիմար մի օրիորդ։

Ժամանակը Սոնա մորաքրոջ հոգուն ոչ հանգստություն է բերել, ոչ նոր սեր ու ոչ էլ սիրելիին։ Հակառակը, գյուղի ծանր աշխատաքից մեջքի անտանելի ցավ է բերել, բոստան (բանջարանոց) մենակ ջրելուց, սառելուց՝ ոտքերի ցավ, ու ամենավերջին, ամենածանր ցավն է բերել՝ սպասման, կարոտի ու խեղճ ժպիտի ցավը։ Հեռավորությունը Գառնիկին տարել, ու ոչ մի ճանապարհ նրան հետ չի բերել, ոչ մի հեռագիր կամ նամակ նրա ողջությունը չի փաստել, ոչ մի լուսաբաց գյուղի վրա այդքան գեղեցիկ ու թախծոտ չի իջել, որքան նրանց հրաժեշտի օրը։ Բլրի ճանապարհին տղաների խմբից հետ ընկած Գառնիկը ամուր բռնել է Սոնայի մատները.

-Կգամ, կգամ, հաստատ կգամ։

Ասում են՝ Սոնա մորաքույրը ամեն առավոտ կովերին անտառ տանելուց հետո էդ ճանապարհի քարին նստելիս կիսաձայն ասել է այս խոսքերն ու նայել բլուրների կողմը, որտեղ ճանապարհը երկու մասի է կիսվում ու կորչում բլուրների մեջ։ Էդ ճանապարհով քչերը եկան, շատերը մնացին բլուրներից այն կողմ։ Ճանապարհը մի սառը հայացք դարձավ սպասողների համար։ Սև ու սպիտակ հիշողությունների հայացք։

Սոնա մորաքույրը վաղուց է մահացել խոր ծերության մեջ, ոչ միայնակ․ եղբոր թոռներով, հարսներով շրջապատված։ Ու թվում է՝ օտարության վերջին ու խորը ցավը սրբել տարել է իր հետ, սպասումը ու հոգի մաշող կարոտը՝ ևս։

Թվում է…

Anush abrahamyan

Օձը հիշողության միջով

-Եթե կյանքս բաժանեի փուլերի, ապա դրանցից յուրաքանչյուրը որևէ կեդանու անուն կունենար: Ապրածս երեսունութ տարիների հիշողությունների միջով, սակայն, մերթընդմերթ սողում է օձը,- հերթական մի գյուղական երեկո, երբ հավաքվել էինք վառարանի կողքին, իր պատմությունն սկսեց Մարգարիտ մորաքույրը,- Մինչ այժմ, երբ արդեն մոռացել եմ խոտհարքի ճամփան ու քամուց քանդվող վրանի ճռռոցը, այնուամենայնիվ, դեռ չեմ մոռացել ինձ պատահած օձերի տեսակներն ու ձևը: Օձի ու մարդու բախումը վայրի բնության մեջ դրական ելք չի խոստանում:

Խմում է սեղանին դրված ջուրը, հայացքը թաքուն սահեցնում սեղանի շուրջ նստածների վրայով: Զգում եմ նրա` ինչ-որ բան դեռևս թաքցնող հայացքն ու ժպտում:

-Առաջին անգամ հորս հետ խոտհարք գնացի, երբ վեցերորդ դասարանում էի: Միշտ էլ այն վախը կար, թե անձրև կգա, ու դեպի սար տանող ոլորապտույտ ճանապարհը կփակվի, ուստի մայրս մեզ հետ մեկ ամսվա ուտելիք դրեց, չնայած մեկ շաբաթով էինք գնում: Երբ արդեն գյուղից շատ հեռու էինք ու անփորձանք անցել էինք օձանոցը, ես ու հայրս անմիջապես անցանք վրանը պատրաստելու գործին: Սարի քամին պակաս վտանգավոր չէ, դրա համար վրանը փորձում էինք հնարավորինս ամուր պատրաստել: «Պապ, իսկ վրանի շուրջ պարան չե՞նք փաթաթելու, ասում են` օձերը պարանից վախենում են»: «Չէ՛, մենք էլ օձերից չենք վախենում»:

Էսպես ինչքան էլ ասի, հորս չկարողացա համոզել, ու դրա հետ ես էլ մի քիչ սիրտ հավաքեցի. հերս չի վախենում, նշանակում է ոչ մի վտանգավոր բան չկա:

Էսպես սկսվեց մեր մեկ շաբաթվա խոտհարքը:

Առավոտը հայրս շուտ արթնացրեց, որ հետը տանի մոտակա աղբյուր` ճանապարհը իմանամ, մյուս անգամները ես ջուր բերելու գնամ: Ոչ մի անսովոր դեպք չպատահեց, իհարկե, ես չգիտեի, որ այդ ջրի գնալը առաջին ու վերջին անգամն է լինելու: Աղբյուրից վերադարձանք թե չէ, դաշտի բոլոր մարդիկ հավաքվեցին, բա պետք է գյուղ իջնենք, ընտրություն կա:

Հերս էլ ստիպված ինձ թողեց մենակ, հավաստիացրեց` մեկ ժամ չի տևի, կարգադրեց վրանից դուրս չգալ ու ինքը գնաց: Դեռ երկար նայում էի հորս հետևից: Քանի դեռ նրանք օձանոցը չէին անցել, ես դեռ համարձակ էի, այ, դրանից հետո իմ երեխայական ու տեղին տագնապներն սկսվեցին:

Վրանում մեկ ժամ սպասելուց հետո դուրս եկա, որ տեսնեմ` հայրս չի՞ երևում: Իմ դուրս գալու հետ մի կանաչ օձ, ինձնից մոտ մեկ մետր հեռավորության վրա, առվի միջից գլուխը բարձրացրեց: Մինչև հիմա մտքիցս չի ջնջվում նրա` գրեթե գլխին սվաղված դեմքն ու հաստությունը: Հենց էդ պահին էլ նկատեցի, որ հեռվում` գրեթե գյուղի գլխավերևում, սև ամպերը կայծակում են ու անձրև թափում: Արդեն պարզ էր, եթե անձրև ա, ոչ մեկն էլ չի կարող գալ: Մտա վրան ու վախից կուչ եկա մեջտեղում: Հայացքս անընդհատ շրջում էի այս ու այն կողմ` ասես սպասելով օձին: Քանի գնում էր, ավելի էր մթնում, դրա հետ քամին սկսում էր վրանը տեղից պոկել: Չգիտեմ` ինչ անեմ: Կարծես համոզված եմ, որ գյուղից շատ հեռու՝ բարձր ու վտանգավոր սարերում, լրիվ մենակ եմ: Վախն էդպիսին է, կարևոր չէ` մեծ, թե փոքր: Մտքիդ ամենասարսափելի անկյուններից քո երևակայությանը համապատասխան մի բան կբերի:

Վերջապես գլխի ընկա՝ հնարավոր չէ, որ բոլորը պարտաճանաչ կերպով գնային ընտրության` իրենց գործը թողած, պետք ա ուղղակի վրանից դուրս գամ և ուշադիր նայեմ մեզնից հեռու մյուս վրաններին (դրանք օձանոցի մյուս կողմում էին): Հազիվ հաղթահարելով վախս` զգույշ դուրս եկա վրանից ու համոզվելով, որ առվի միջի օձը հեռացել է, սկսեցի սրել տեսողությունս: Ես երևի էդ պահին աշխարհի ամենաուրախ վեցերորդ դասարանցին էի (չհաշված Սուրենին, որը օձին սատկացնելու անհաջող փորձից հետո ողջ էր մնացել), քանի որ մեկին նկատեցի: Իհարկե, հետո կպարզվի, որ քեռի Սևակն է եղել: Առանց մտածելու նետվեցի առաջ, ոտքերիս մեջ եղած ողջ ուժով իջնում էի ձորը, որ հասնեմ մյուս վրաններին, չնայած` օձանոցը դեռ առջևում էր: Այ, հիմա ժամանակը եկավ ասելու՝ վերջապես ի՞նչ է այդ օձանոցը: Այն մի ոլորապտույտ նեղ գետի էր նման, որն անցնում էր ձորի միջով: Այդ մասում հողը թաց էր, դրա համար խոտերը շատ բարձր էին աճում: Օձանոց էր կոչվում, քանի որ այդտեղ ամենաշատն էին ամեն տեսակի թունավոր, վտանգավոր օձերը:

Հասա օձանոցի մոտ ու կանգ առա: Երբեք չեմ անցնի ինձնից բարձր խոտերի միջով, այն էլ նման վտանգի դեպքում: Հետ նայեցի. վրանը մնացել էր հեռվում, ու հետզհետե մթնող օրը կարծես ավելի չարագուշակ էր դառնում: Հաստատ հետ էլ չէի դառնա: Սկսեցի վազել օձանոցի երկայնքով այնքան, որ մի առվի չափ տարածություն մնաց, բացի այդ` խոտերի կարճ լինելու շնորհիվ հնարավոր կլիներ ցատկել:

Առանց վարանելու ցատկեցի. նույնիսկ չէի նկատել, որ ոտքս դնում էի ուղիղ իր հանգիստը վայելող գյուրզայի գլխին:

-Ո՞ւ:

-Ու իմ վախից հենց օդում ոտքիս ուղղությունը փոխեցի: Իհարկե, բացի խոտերի միջով գլորվելուց ոչ մի վատ բան չպատահեց: Վերջապես հասա վրանների մոտ ու գլխիս եկածը պատմեցի քեռի Սևակին: Բնականաբար չասացի՝ ինչքան եմ վախեցել, դա ինքնըստինքյան հասկանալի էր: Շատ չանցած` հայրս մյուս բոլոր մարդկանց հետ, հակառակ վատ եղանակին ու սպասվող վտանգներին, եկավ: Սա առաջին օրն էր, բայց ոչ վերջին վախն ու արկածը, ի վերջո մենք դեռ վեց օր էլ այնտեղ էինք մնալու` շրջապատված ամեն տեսակի օձերով ու վտանգներով…

Anush abrahamyan

Բժի՛շկ, բուժիր, վերքս խորն է

Մաս 1

-Դու նրանց քեզ հետ չես տանի, նրանք նաև իմ երեխաներն են,- իրեն կորցրած ձեռքը պատին հարվածելով ասաց Սուրենը։

Նրա այդ ժեստից դռան մոտ կանգնած երկու երեխաները դողացին, ու եղբայրը իր սառը մատներով բռնեց քրոջ ձեռքը, որը նկատելիորեն դողում էր թե ՛ցրտից, թե՛ վախից։

Վերարկուն հագնող կինը արհեստականորեն մի քանի րոպե ծիծաղեց։ Դեղին ատամները ու կարմիր լնդերը էլի երևացին, կարծես հատուկ էր անում՝ ամուսնուն ավելի բարկացնելու համար։ Նրա ծիծաղը ավելի խորը գնաց երեխաների մեջ ու նստեց այնտեղ, որը նախատեսված էր մանկության օրերի, հրաշքների, ամռանը առաջին պաղպաղակը վայելելու հաճույքի, ու շատ այլ գեղեցիկ բաների համար։ Նրանք ավելի պինդ իրար ձեռք բռնելով, մեկ քայլ հետ գնացին ու կպան պաղ դռանը։

-Իրո՞ք, արի՝ հարցնենք երեխաներին։

Կնոջ հոնքերը վեր քաշվեցին։ Դեռ լրիվ չհագած վերարկուն նա մի քայլ արեց դեպի երեխաները, որոնց շնչառությունն էլ ավելի բարձր լսվեց։ Քաշեց երկուսի ձեռքից ու նայելով նրանց, գրեթե գոռաց.

-Ուզում եք էստե՞ղ մնաք, հա՞: Եթե հա՝ հետևիցս չգաք, ես գնում եմ, ձեզ էլ ուրիշ մայր կգտնեք, էղա՞վ։

Մի ակնթարթ կինը լռեց, կարծես օդը սառեցրեց լեզուն ու իր կանաչ աչքերը գործի դնելով մեկ նայեց աղջկան, մեկ՝ տղային։

-Դե, խոսա,- նա թափահարեց աղջկա՝ Աստղիկի ձեռքը, հատկապես նրա լռությունից բարկանալով։

Երեխան նայեց հոր մրոտած ճաքճքած ձեռքերին։ Մի ակնթարթում նա հիշեց իր վերջին ծննդյան օրը ու նվեր ստացած Պանդա արջուկին, հիշեց, որ այդ պատճառով տանը մի քանի օր մայրը նախատել է հորը։ Ու մի քանի շաբաթ անընդհատ պարտադրում էր հորը այդ թանկ ապրանքի պարտքը մարել, որ ինքը կարողանա իր ուզած օծանելիքը վերցնել։ Հիշեց, որ ծնունդին երբեք տորթ չի ունեցել, բայց հայրը վերջին ծննդյան նախօրեին խոստացել էր տորթ գնել։ Այդ ընթացքում նրա փոքրիկ, սև աչքերը արցունքոտվեցին: Հաջորդ օրը իր ծննդյան օրն էր, ու ինքը ուզում էր իմանալ. հայրը իր խոսքի տե՞րն է, իր համար տորթ գնե՞լ է։

-Դե, շուտ արա, հավերժ չեմ սպասելու, քո քմահաճույքների հավեսը չունեմ, կերաք ջահել կյանքս, էլի,- մայրը ևս մեկ անգամ թափ տվեց աղջկա ձեռքը։

Երեխան նայեց հոր դեմքին, բայց աչքերին չկարողացավ, գլուխը հանգիստ թեքեց դռան կողմը։

-Տղա, դու ի՞նչ կասես,- շարունակեց մայրը։

Տղան գլուխը կախեց։

-Չէ՞, դե ուրեմն առաջ ընկեք,- մայրը հրեց երեխաներին։ Աղջիկը միայն հասցրեց դռան կողքին դրված աթոռից վերցնել Պանդային։ Դուռը ամուր փակվեց նրանց հետևից։

Սուրենը դեռ կանգնած էր խոհանոցի դռան մոտ, ու թվում էր այդպես անշարժ օրեր, ամիսներ կմնա, միչև երեխաները հետ գան ու խնդրեն իրենց կոշիկները կարել։ Մեկ ժամ տեղից չշարժվեց, հետո դանդաղ քայլերով մտավ խոհանոց, բացեց դարակը, նայեց այնտեղ դրված գունավոր տորթին ու հանգիստ ժպտաց։ Ուզում էր հավատալ, որ աղջիկը կտեսնի սա, ու պատկերացրեց այդ պահին նրա ուրախությունը։ Հանկարծ դուռը թակեցին։ Սուրենը սթափվեց ու արագ քայլերով մոտեցավ դռանը։ Մոտ 70 տարեկան կին էր եկողը, Սուրենի հարևան Սիրանուշ տատը։

-Հա, Սիրանուշ տատ,- դուռ բացելով անտարբեր ասաց Սուրենը։

Տատի շունչը դեռ տեղը չէր եկել, աստիճանները դժվար է բարձրանում-իջնում։

-Գնացի՞ն- կարեկցանքով հարցրեց տատը։

-Հա,- կտրուկ պատասխանեց Սուրենը ու մի կողմ քաշվեց, որ տատը անցնի։

-Վայ, քոռանամ ես, Սուրեն ջան։ Մի մտածի, էրեխեքդ դրա հետ չեն մնա, հետ կգան։ Քո արդար վաստակը Աստծուց ա, տղա ջան։ Մի մտածի։

-Չէ, տատ, էլ չեն գա,- հազիվ հավաքվելով ասաց Սուրենը։

-Կգան, էն էլ ոնց կգան, սիրտդ լայն պահի, քու էրեխեքը քո քրտինքը գնահատող են։

-Սիրանուշ տատ, երեխուն ով թանկ նվեր տա, էն էլ իր հարազատն ա։

-Չէ, մի սխալվի, տղա ջան, մի սխալվի։

Նստեցին սևացած բազմոցին, ու Սուրենը գլուխը ինքնաբերաբար տատի ծնկներին դրեց, ով քանի տարի ասես իրեն մայր էր։ Տատը իր թառամած ու տաք ձեռքերով շոյեց Սուրենի ճակատը, որ բարկությունից արդեն պայթում էր։

-Սուրեն ջան, արի գնանք մեր տուն, քեզ մի բաժակ տաք չայ տամ, մի քիչ քնես, հանգստանաս, հետո կգաս,- ժպիտով ասաց տատը՝ Սուրենին մի քիչ ցրելու համար։ Ինքը հո լավ գիտեր՝ ինչ է կատարվում Սուրենի սրտում, գիտեր, որ չի կարողանում ասել սրտում լցվածը ու դրանով մեծացնում իր վերքը։ Գիտեր, որ Սուրենը ընտանիքը լավ պահելու համար ջանք չի գործադրում, իր ոսկի ձեռքերով հասարակ բանը հրաշալի իրի է վերածում։ Գիտեր, որ իր երկու մանկահասակ երեխաներին լավ պահելու համար կյանքն էլ կտար։

-Տատ, իմ նման մեռած մարդկանց համար կյանքը էլ բաժին չունի, չէ՞։ Սպասում է՝ մեռնենք գնանք, որ ինքը մեր պես թերություններից ազատվի։

-Հավաքվիր, Սուրեն ջան, դու էլ գիտես, որ էդպես չի: Կյանքի ծառը առատ ա. պետք ա ձեռդ ձգես ու քաղես։

-Չէ, տատ, ծառի ցածր ճյուղերից արդեն ինձպեսները քաղել են, մնացել են վերևներինը, իսկ դրանք քաղելու համար աստիճան ա պետք։

-Սուրեն ջան, քո աստիճանը քո էրեխեքն են, մի քանի օրից կգնաս կբերես։

-Չեն գա, տատ ջան, էլ չեն գա։

Այս անգամ Սուրենը էլ չդիմացավ ու, մինչ այս ավելի ուժեղ թվացող տղամարդը աչքերը թաքցրեց ու սկսեց հեկեկալ։

-Լաց, ամոթ չէ, տղա ջան, լաց թող սիրտդ թեթևանա։ Քու ցավը արցունքների հետ հանի, լաց, ամոթ չէ։

Սիրանուշ տատի ձեռքերը զորավոր էին: Սուրենը հենց էդպես՝ գլուխը տատի ծնկներն, տատի ցածր երգը ականջներում, քնեց։

Մաս 2

Պատմությունը շարունակվում է Սուրենի աղջկա հուշերի ձևով։ Նա համարձակվեց շարունակել ու ավարտին հասցնել այս պատմությունը։ Որպես տեղեկություն ասեմ, որ նա այժմ մոտ երեսուն տարեկան կին է և ունի երեք մանկահասակ երեխա։

«1989 թվականի հունվարի 11-ը ուրիշ էր։ Հորիցս հեռացանք, երբ ես ինը տարեկան էի, իսկ եղբայրս՝ տասներկու։ Մեր հեռանալուց հետո, մի քանի անգամ թաքուն հանդիպեցի հորս հետ, բայց միևնույն է, հունվարի տասնմեկի հիշողությունները իմ մեջ ավելի վառ մնացին։ Նրա ճաքճքած ձեռքերը, նրա դեմքը։ Մեկ ամիս դեռ չանցած, մայրս ամուսնացավ։ Նրա նոր ամուսնու՝ պարոն Արտակի հետ մեկնեցինք Ռուսաստան։ Տունը, ուր ապրում էինք, շատ մեծ ու հարմարավետ էր, մի ցուրտ անկյուն անգամ չկար։ Ամեն օր մայրս իր ամուսնու հետ մեզ զբոսանքի էր տանում, քաղաքում չկար մի այգի, մանկական զվարճանքի կենտրոն, որ եղած չլինեինք։ Այդ ընթացքում մի քիչ դժվար էր հիշել հորս։

Օր առ օր ամեն ինչ փոխվեց։ Իմ ու հորս միջև չերևացող մի պատնեշ բարձրացավ։

Ես փոխվեցի, այսինքն, միջավայրս ինձ փոխեց։ Երբ առաջին անգամ ոտք դրեցի ռուսական դպրոց, ինձ թվաց, որ ես չեմ դիմանա օտար հայացքների տակ, ու անվերջ զննող աչքերի ուժին։ Բացի այդ, լեզուն էլ լավ չգիտեի, ու օտար շրջապատը իր ազդեցությունը ունեցավ։ Դպրոցում սովորելու տարիներին հորս հետ փորձում էի կապը պահել, ամեն տարի իր կամ իմ ծննդյան օրերին ժամերով զրուցում էինք, ու ես հավաստիացնում էի, որ կվերադառնամ իր մոտ։ Իհարկե, այդպես չեղավ։ Ծննդյանս տասնյոթ ամյակին ես առաջին անգամ խնջույքի ժամանակ պարոն Արտակին «հայր» անվանեցի։ Դա զարմացրեց միայն մորս, դասընկերներս միշտ էլ կարծել էին, թե պարոն Արտակը հայրս է։ Աղջիկներից առաջինը ես էի, ով տասնյոթամյակին մեքենա էր նվեր ստացել։ Բոլորը ցանկանում էին ինձ հետ անցկացնել օրվա մի մասը, գրավորների ընթացքում բոլորը ցանկանում էին օգնել ինձ։ Ես դարձա բոլորի նման, ու դա ինձ դուր էր գալիս, նույնիսկ ազգանունս փոխեցի։ Դա էր իմ նահանջը՝ նահանջն առանց երգի։ Հորս ծննդյան օրը մոռացել էի կամ ուղղակի չէի ցանկանում հիշել: Մի տեսակ մեղք կար սրտիս, չէի համարձակվում խոսել նրա հետ։ Դրա փոխարեն նամակներ էի գրում, որոնք երբեք չէի ուղարկում»։

1997 թ., փետրվարի 20

Կանգնած եմ այն տան առաջ, որից ութ տարի է, ինչ հեռացել եմ։ Չեմ ցանկանում ներս մտնել, հավանաբար այն պատճառով, որ վախենում եմ նայել հորս աչքերին։ Վախենում եմ ասել՝ կարոտել եմ։ Իսկ ես հավատում եմ դրան։ Ո՛չ։ Ո՞ւր էր իմ կարոտը, երբ պատահած հարուստին հայր էի անվանում ու վայելում հարուստի կյանքը ընկերներիս հետ, մինչդեռ նա սպասել էր զանգիս ու հույսը կտրելով քնել։ Ո՞ւր էի ես, երբ նա սոված գալարվել է անկողնում։ Ո՞ւր էի։ Չէ՛, ես չկայի։ Ու ոչ էլ հիմա կամ ու ոչ էլ նրա աղջիկն եմ այլևս։ Ուզում էի հեռանալ, բայց հասկացա, որ գնալուցս հետո ավելի շատ պետք է մեղադրեմ ինքս ինձ։ Ներս մտա։ Տունը լիքն էր մարդկանցով, ու պատերի գորշությունը ասես իջել էր բոլորի դեմքին։ Ինձ նույնիսկ չնկատեցին (արտաքնապես բավականին փոխվել էի), բայց ինձ թվում էր՝ յուրաքանչյուր հայացք ատելությամբ է լցված իմ նկատմամբ։ Մտնում եմ հյուրասենյակ ու անծանոթ հայացքների մեջ փնտրում հորս, միաժամանակ ավելի լարվում։ Աչքերս կանգ են առնում, ու թվում է, այդպես ամիսներ կմնամ։ Այդ այն զգացողությունն է, երբ կորցնում ես, երբ մեկը քեզնից ամենակարևորը գողանում է ու տանում հեռու՜-հեռու՜։ Կորցրի, սպանեցի իմ էությամբ… Մեռավ, հայրս մեռավ…»:

Աստղիկը հազիվ քայլելով դուրս եկավ տնից ու նստեց փոշոտ աստիճաններին։ Գրպանից հանեց չուղարկված նամակներից մեկը ու լուռ կարդաց։ Հետո ոտքի կանգնեց ու ցածրաձայն ասաց.

-Չեմ հավատում, որ այսպիսին երբևէ եղել եմ…

Anush abrahamyan

Հիշողությունների ցուցահանդես-վաճառք

Վարորդը հարմար տեղավորվեց և գործի գցեց շարժիչը: Անձրևը չէր դադարել, աշնանային այդ օրը մի տեսակ շատ թաց էր, ասես մտածված չէր դադարում, ու ասես դա էությունները կապելու փորձ էր, ես հաստատ չգիտեմ: Ինչպես չգիտե՞մ՝ ինչո՞ւ պատուհանից չնայեցի այդ կնոջը՝ գոնե աչքերով նրան ուղեկցելու համար: Հավանաբար, դա կապված էր վերջին հայացքից ունեցածս վախի հետ: Դա այն վերջին հայացքն էր, որ քեզ հաշվետու էր դարձնում: Գուցե մի քանի քայլ ցեխոտ ճանապարհով անցնելուց հետո նա իր արցունքների հետ մաղվի ու վերջանա:

Տիկին, ես գիտեմ, որ Դուք սա երբեք չեք կարդա: Չնայած դրան՝ չեմ գրում Ձեր վերջին խոսքերն ու մահվան մասին Ձեր տեսակետը: Կգրեմ մի քանի բան ընդամենը՝ ոչ մեկին չնեղացնելու համար:

Որոշել էի հանգստյան օրերս անցկացնել հարազատներիցիս մեկի տանը ու գլուխս մի քանի օրով ազատել դասերի մասին մտածմունքներից: Շնչակտուր ինձ ներս գցեցի մեքենան և ուշացողի դժկամ հայացքս բոլորի վրա սահեցնելով հասկացա, որ ոտքի վրա պետք է անցնեմ ոչ երկար ճանապարհը: Այդ պահին մի երիտասարդ, միանգամայն գոհ իր արարքից, ոտքի կանգնեց, ու հայացքով առաջարկեց նստել: Շնորհակալություն ասացի ու նստեցի:

Շունչս դեռ տեղը չէր եկել, երբ վերջապես վարորդը հիշեց իր առաքելության մասին: Նկատեցի կողքիս նստած կնոջ պաղ հայացքը, որը կարծես մանրամասն ուսումնասիրում էր շրջապատը: Գուցե մտածում էր՝ ինչ գեղեցիկ է աշխարհը անձրևի տակ, կամ ինչու են մարդիկ սարսափահար փախչում ու թաքնվում անձրևից: Սկսեցի չդադարող անձրևի մասին մի քանի բան ասել, բայց նա ձևացրեց, թե չի լսում ու շարունակեց դուրս նայել պատուհանից: Փաստորեն, ես անգամ մի հայացքի չարժանացա: Ահ, իր գործն է:

Որոշեցի էլ հայացք չմուրալ ժլատ կնոջից ու ինքս իմ վրա թեթևակի բարկացած՝ աչքերս կախեցի: Մտածում էի՝ ինչպես կանցնեն այդ մի քանի օրերը, ու ես արդյո՞ք կկարողանամ վերջացնել ու ճիշտ ժամանակին վերադարձնել գրադարանից վերցրած գիրքը: Անձրևը շարունակում էր համառել:

-Սիրո՞ւմ ես անձրևը:

-Ոչ այնքան շատ:

-Ինչո՞ւ:

-Մի բան ինձ վանում է:

-Իսկ աղջիկս քո տարիքում շատ էր սիրում: Ուրիշ էր, շատ էր տարբերվում իր ընկերներից: Բայց հաճախ դրա համար նրան ապտակում էի:

Կանգ է առնում: Թույլ ժպիտով նայում ինձ ու շարունակում.

-Մի անգամ դասերի վերջանալուց մեկ ժամ ուշ եկավ տուն: Ամբողջովին թրջված էր, բայց բարձր տրամադրութամբ: Հարցրի՝ ինչու է ուշանում, երբ տանը այդքան գործ կա անելու: Հաջորդ օրը ծննդյանս օրն էր, ու հյուրեր էին գալու: Չպատասխանեց: Մի քանի անգամ էլ հարցրի, էլի չպատասխանեց, բարկացա ու ապտակեցի: Նա սկսեց լաց լինել, պայուսակից հանեց ինչ-որ գեղեցիկ փաթեթավորված տուփ ու տվեց ինձ: Հասկացա, որ ամեն ինչ փչացրի ու անտանելի վատ զգացի: Բայց դա ոչնչով չօգնեց. նա արցունքները սրբելով գնաց իր սենյակ: Մի քանի օր հետո նա չէր էլ հիշում՝ ինչ էր եղել այդ օրը: Չնայած՝ լավ էլ հիշում էր, ուղղակի կարողանում էր լավ ձևացնել: Ես այդ ապտակը երբեք չմոռացա: Ու գիտե՞ս, դա այն հիշողությունն է, որը ոչ մի կերպ իր սրությունը չի կորցնում, ամեն անգամ ծակում է:

Նա լռեց: Հոնքերը մոտեցան իրար, ձեռքը տարավ աչքերին, բայց չնկատեցի արցունքները: Գուցե էությունն էր լացում, դրա համար արցունքներ չկային: Այդքանով հիշողությունները չվերջացան: Թվում է՝ ամբողջ ճանապարհը, չդադարող անձրևը նրան հնարավորություն էին տվել ասելու տարիներ շարունակ իրեն տանջած խոսքերը, թվում էր՝ իր համար նշանակություն չուներ՝ ով կնստեր իր կողքին, նա, միևնույնն է, կխոսեր, նա կփորձեր հանգստանալ: Ինչևէ:

Զգացմունքները երբեք տառերի չեն վերածվելու, իսկ եթե ցանկանում ես վերածել, ուրեմն պետք է ժլատ գտնվես, որ քեզ էլ մի բան մնա, որ քո մութ խորքերում միշտ արձագանքի նրա ձայնը:

Շուտով հիշողությունների ճանապարհը վերջացավ, նա նայեց ինձ մի վերջին հայացքով: Չժպտաց: Կարծես գիտեր, որ տխրությունն իր դեմքին սազում է: Իջավ մեքենայից ու արագ կորավ մարդկանց մեջ: Ես, չգիտեմ՝ ինչու, չնայեցի նրա ուղղությամբ մի վերջին անգամ:

Տիկին, այժմ ինչքան կուզեի, որ այդ օրը անձրևոտ չլիներ, ու ես երբեք քեզ ժլատ անվանած չլինեի:

Anush abrahamyan

Աշնան ապտակ

-Աշունը դեռ չէր ավարտվել, բայց անսպասելի ցրտերը վրա հասան, դրա հետ մեկտեղ էլ առաջին ձյունը դրեց: Գյուղացու հոգսը միայն սարից անասուններին բերելն էր, որը առաջին ձյան դնելու հետ մեկտեղ դժվարացավ:

Գյուղի հերթական ցուրտ առավոտն էր: Արթնացա ու տեսա, որ գյուղը ճերմակին ա տվել: Ինքս իմ վրա մի լավ բարկացա ՝ ինչի շուտ չեմ բերել անասուններին սարից: Ախր, հարևան Մեսրոպը երեք օր առաջ էր բերել իր անասուններին, հլա մի բան էլ խնդրել էր, որ հետը գնամ: Բայց ո՞ւր գնայի, տան միակ տղամարդը ես էի, մեծ ախպերս ու հերս անցած տարի էին մեռել: Ախպորս կնոջ, երեք երեխի, ծեր մորս՝ Ազնիվի հոգսը ուսերիս էր մնացել: Մեսրոպի գնալու օրը ես ախպորս մեծ տղու՝ տասնչորս տարեկան Սուրիկի հետ հանդից բերած խոտն էի տեղավորում հացատան տանիքին, որ հենց անասուններին բերեմ, գործս էլ չծանրանա:

Որ էդ առավոտ տեսա ձյուն ա եկել, արագ վերցրի մի երկու տաք շոր, մի երկու օրվա ուտելիք ու ասի՝ գնում եմ անասունը սարից բերեմ: Մերս բա՝ տղա ջան, մենակ մի գնա, սպասի էս երկու օրն էլ, ձյունը հալվի, հովիվները սարից կբերեն: Ես բա՝ չէ: Ողորմած հորս բնավորությունն էր վրաս, մի բան որ ասի, էլ տեր չի փրկի, պիտի անեմ: Մերս տեսավ, որ ինձ հետ չի համոզի, ախպորս մեծ տղուն դրեց հետս: Բա՝ գոնե երկուսով գնացեք:

Էդ առավոտ կանուխ ոտով ճամփա ընկանք: Ճանապարհի կեսն էլ չէինք անցել, երբ տեսա, որ էս երեխեն հազիվ ա հասնում ինձ: Հիմա, դե, տասնչորս տարեկան երեխա, վրան բարկանաս՝ էն չի, ստիպես քայլի՝ մեղք ա: Մենք էլ դեռ գետ ունենք կտրել անցնելու, գոնե լուսով հասնենք, հա: Մեկի տանը կքնենք, առավոտը կգնանք: Վերջը խիղճս տանջեց, ասի՝ լավ, արի մի քիչ հանգստանանք ու մի կտոր հաց ուտենք: Մեծ քարերից մեկի վրայի ձյունը ձեռքով մաքրեցինք ու դողալով սկսեցինք հաց ուտել: Քիչ էլ անցավ, ու անսպասելի սկսեց ձյուն գալ: Արագ հավաքվեցինք ու սկսեցինք քայլել: Հիմա սիրտս վախ ա ընկել, էս անաստված ձյունը քանի գնում շատանում ա, դրա հետ մեկտեղ՝ մեր քայլերը դանդաղում են: Աշնան օրն էլ ի՞նչ օր ա, աչքդ թարթեցիր՝ մթնեց: Քայլում եմ ինձ ու իրան ռիսկ տալու համար ասում, որ հեսա կհասնենք յայլայի տներն ու չենք շարունակի քայլել: Քայլում ու մտածում եմ՝ հիմա մերս ոնց ա վախեցել: Ամուսինն ու տղեն սարի ճամփին մեռան, հիմա էլ կրտսեր տղեն:

Մի քիչ էր քայլեցինք, հասանք խորը ձորի մոտ, որ գիլու ձոր էին ասում: Հիմա ուշադիր նայում եմ, հանկարծ էս օրվա հետ մի անիրավ կենդանի չպատահի:

Ոնց նայեցի՝ ձորը դատարկ էր, ասի՝ լավ ա, շուտ կանցնենք, մի ժամից արդեն հաստատ տուն կպատահի: Շարունակեցինք գնալ: Հիմա ինձ ու ինձ սրտնեղում եմ՝ էս անտեր ձյունը հիմա՞ պիտի գար, ու հիմա՞ պիտի ես ճամփա ընկնեի: Բա որ գել պատահի, ես հեչ, բա էս երեխեն: Շատ չէր անցել, երբ Սուրենս վախից գոռաց՝ գելը: Ես էլ ինձ միանգամից կորցրի, ասի՝ վերջ, մեռանք: Հույս չկա:

Շրջվեցի, ասի՝ տեսնեմ, որ կողմից ա վրա տվել ու քանի հատ են: Հլա չէի հասցրել էդ սպիտակի մեջ բացի Սուրենից ուրիշ բան տեսնել, երբ էս կենդանին հասավ ու քսմսվեց ոտքերիս: Սիրտս հանգստացավ: Մեր հին ծանոթ Արծրուն պապի (ով դեռ յայլայում էր) շունն էր՝ Չուկմանը: Մի լավ ուրախացա, որ համ փորձանքից պրծանք, համ սպասվածից շուտ հասանք տներին: Գնացինք Արծրուն պապին հյուր ու գիշերն էլ մնացինք էնտեղ: Առավոտը հանգիստ խղճով շարունակեցինք մեր ճամփան ու անասուններին անփորձանք բերինք հասցրինք: Էդ երեկո վառարանի կողքին նստած, տաք կաթի բաժակը ձեռքին՝ Սուրենը ծիծաղելով պատմում էր՝ ոնց էր շնից էդքան վախեցել:

-Սարո պապ, իսկ դրանից հետո էլ ձյունով գնացի՞ր սար:

-Չէ, էդ առաջին ու վերջին անգամն էր:

Anush abrahamyan

Հին օրերի արահետն ու հոկտեմբերի մութը

Հոկտեմբերը վերջանալու վրա էր: Տնից դուրս եկա ուղիղ ութն անց երեսուն րոպեին, երբ դասերը սկսվում են: Շնչակտուր քայլում էի, երբ նկատեցի հարևան Գևորգ պապին պատուհանի մոտ, մի ձեռքը՝ գլխի տակ, մյուսով չիբուխը բերանին մոտեցնելիս: Չմտածեք, թե միայնությունն էր ցանկանում խեղդել չիբուխից բարձրացող քուլաների մեջ, չնայած՝ անժառանգ պապի աչքերում հաճախ կարելի էր դա կարդալ, կամ էլ ներքին մի տխրություն էր, որն արտահայտվում էր «օջախի ծուխը շարունակող պիտի լինի» արտահայտության մեջ: Հիմա հաստատ Արուս տատը մի բան է սարքում ուտելու հին, սևացած սյուների վրա հենված հացատանը ու էլի պապի լռությունից նեղսրտած՝ քթի տակ ասում է. «Թող Սուրբ (եկեղեցի) գնա ու մոմ վառի, որ իմ նման կնկա է հանդիպել»:

Ժպտացի ու գլխով արեցի, նա էլ ինձ տեսնելով լայն ժպտաց ու գլխով արեց, ինչպես միշտ՝ ձեռքը հորիզոնական մի քանի անգամ թափահարեց, որ նշանակում էր կամ ո՞նց ես, կամ ինչի՞ ես ուշացել: Ես էլ դրան համարժեք վեր բարձրացրի ուսերս, նա ևս մեկ անգամ ժպտաց, ու ես շարունակեցի շնչակտուր քայլել:

Դեպի դպրոց տանող ճանապարհը դատարկ էր, բոլոր ուսումնատենչները վաղուց դպրոցում էին, իսկ ես արդեն 5 րոպե է, ինչ ուշացել եմ: Սկսեցի դանդաղ քայլել, միևնույնն է՝ ուշացումը նույն սարսափելի երևույթն է, կապ չունի՝ երեք, թե հինգ րոպե, դասղեկին էլ նույն բացատրությունն եմ տալու, լավ է՝ հանգիստ քայլերով հասեմ: Ամբողջ ճանապարհին մտածում էի Գևորգ պապի ու Արուս տատի մասին: Երկուսն էլ ութսունն անց են, բայց սերը չի թառամել, ինչպես թառամել են տատի սպիտակ ձեռքերը: Թեև պապը երբեմն, ինչպես ինքն էր ասում, հոգին դուրս եկած ժամանակ նախատում էր տատին ճաշը աղի անելու համար, այնուամենայնիվ, սիրում էր նրան ինչպես այն օրը, երբ հանդիպեց Գայանենց տնից ջուր բերելիս: Տատը, ուրախ ժպիտը դեմքին, հաճախ է պատմում այդ մասին՝ ձեռքերը հին միզարին (գոգնոցին) քսելով: Ասում է, թե էդ օրը պապը էնպես է տարվել իրենով, որ իր ձիերին թողած (այդ ժամանակ ձի է ունեցել)՝ Արուսենց կովերին է ջրել, որ մի քանի անգամ տեսնի Արուսին: Ասում է նաև, որ հայրը համաձայն չի եղել իրենց ամուսնությանը, բայց իրար հետ փախել են: Նա շատ բան է հիշում, և ուրախ աչքերը լցվում են միայն այն ժամանակ, երբ խոսում է զավակ չունենալու մասին: Ծեր կինը գոգնոցի փեշով թաքուն սրբում է աչքերը, որ պապը չտեսնի: Ասում է, որ պապն էլ լաց կլինի, ու հին վերքերը էլի կցավեցնեն նրա մի բուռ սիրտը: Չնայած դրան՝ նրանք երջանիկ են:

Գարնան հետ տատը իր սիրելի ծաղիկներն է ցանում ու վարունգի մարգեր անում, իսկ պապը միակ կովը դեմ արած տանում է գյուղի կողքի դաշտերը՝ նոր դուրս եկած անուշահոտ խոտ տալու: Ամառը նույնքան հետաքրքիր է անցնում: Տատը շուտ վեր է կենում, ուտելիք սարքում ու տալիս պապին, որ հետը տանի հանդ: Կեսօրին թաղի երեխեքից մեկին խնդրում է, որ իր սարքած նոր ուտելիքը հասցնեն պապին, չնայած պապը միշտ իրեն հատուկ խռպոտ ձայնով ասում է, թե՝ էդքան մի ուղարկիր, մեկ է՝ չեմ ուտելու: Տատը նեղսրտում է, թե՝ իմ սարքածը չես հավանում, էլ չեմ սարքի: Բայց, միևնույնն է, ամեն անգամ նույնքան ուղարկում է:

Արդեն աշուն է, նշանակում է՝ պետք է գնանք տատենց խնձորներն ու տանձերը քաղելու: Աշնան ամենահետաքրքիր օրն է մեզ համար: Հեշտությամբ տատից կորզում ենք իր կյանքի հետաքրքիր պատմություններն ու ողջ երեկոն անցկացնում լիաթոք ծիծաղով:

Բայց այսօր ուրիշ է լինելու: Ես չգիտեի, թե ինչ էր լինելու: Չգիտեի, որ դպրոցից տուն եմ գալու, ու թաղի երեխաներից մեկը լացելով ասելու է, թե Գևորգ պապը մահացել է: Ես չգիտեի, որ այդ օրից Արուս տատին տեսնելու եմ միայն ձեռնափայտը ձեռքին՝ հին գոմի պատի տակ լացելիս, ես չգիտեի, որ գարնան հետ Արուս տատը ոչ ծաղիկ է ցանելու, ոչ էլ վարունգի մարգեր է փորելու: Չգիտեի, որ էլ երբեք չեմ տեսնելու Գևորգ պապին հին չիբուխը ձեռքին՝ պատուհանի մոտ կանգնած:

Նոյեմբերը նոր էր սկսվել, բայց այգու խնձորները դեռ քաղված չէին: Ո՞վ սիրտ կաներ, ո՞վ կհիշեցներ…

Ինչպես անցկացնել աշնանային արձակուրդները

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են դպրոցական աշնանային արձակուրդները, որոնք մեկ շաբաթ են տևելու: Մեզ շատ հետաքրքիր էր, թե ինչով կարող է զբաղվել դպրոցականը իր արձակուրդի ընթացքում: Այդ պատճառով մեր թղթակիցները հարցումներ անցկացրին տարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում: Տեսնենք, թե ինչ են խորհուրդ տալիս ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ դպրոցականներին. ինչ անել, ուր գնալ, ինչով զբաղվել աշնանային արձակուրդների ժամանակ: 

Տավուշի մարզ, գ. Ներքին Կարմիրաղբյուր 

-Խաղերով զբաղվի, դասերով զբաղվի, էլ ինչո՞վ զբաղվի, թող ծնողին օգնի (Լաուրա Սազբանդյան, 71տ., վաճառողուհի):

-Էս սահմանի՞ն, ստեղ րեխա կա՞, վեր մեկ էլ հանգստանա: Եթե սահմանըմ ենք` վետներս մեր կարպետնու գորա պետք ա մեկնենք (Ռոմիկ Ադամյան, 80 տ.):

-Պետք ա քնան՝ մի տեղով մակարդակնիքը փոխեն, ես 50 տարի աղաք եմ դպրոցը պրծել: Էն ժամանակ կոմունիստների վախտն ա լել, էն ժամանակ սկի ծնողնիքը հիլ չեն արել՝ րեխեքը տանից տուս կան: Իրավունք չեն ունեցել, վեր կինո քնան, էն վախտ նոր էր «վեչեր-մեչերը» ադաթ ընգնըմ: Բայց հմի կարան րեխեքը ազատ էքսկուրսիա քնան, տա շատ լավ ա (ժենյա Առաքելյան, 67 տ.):

-Մեծերի տուն գնացեք, օգնեք իրենց, հնարավոր է՝ փայտերը կոտրած լինեն, դասավորած չլինեն, գնացե՛ք օգնեք, ձեզ էլ լավ կզգաք (Էմմա Ադամյան, 53 տ.):

-Ֆիզկուլտով թող զբաղվեն, տատիկ-պապիկին էլ չմոռանան (Վեներա Ադամյան, 69 տ.):

-Տասերո՛վ, տասերո՛վ, ջա՜ն, մաթեմը, մաթեմը շատ եմ սիրըմ (Արտյոմ Գալստյան, 9 տ.):

-Եթե դրսում մարդ ունեն, թող գնան՝ հանգստանան, օդը փոխեն, մեր էս գյուղիցը մի շաբաթով կտրվեն, իսկ եթե չկա էդ մարդը, թող ծնողներին օգնեն, գյուղում տհենց հետաքրքրություն չկա, վեր րեխեն դպրոցից դուրս զբաղվի (Նարգիզ Հովհաննիսյան, 44 տ.): 

-Թող գրականություն կարդան, թող Աստվածաշունչ կարդան, ամենալավ պանն ա (Սվետա Չոբանյան, 47 տ.):

-Գործ արեք ծեր տներըմը, ընկերների հետ խաղ արեք, վատ գործերով չզբաղվեք, ծեր ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք (Վերա Ադամյան, 83 տ.):

-Գիրք կարդան առաջինը, ամենավստահելին գիրքն է, շախմատ թող խաղան, միտք զարգացնեն (Աստղիկ Առաքելյան, 33 տ.):

Լիա Ավագյան

***

Երևան

-Առաջարկում եմ, որ դպրոցականները գնան կինո կամ թատրոն, կարդան գրքեր և ամեն առավոտ գնան վազելու (Էսթեր Մխիթարյան 28տ., գրող, հրապարակախոս):

-Գիտե՞ք` արդեն աշնանային տոներին գումարվել է ևս մեկ, այն էլ մեկ շաբաթ տևողությամբ աշնանային արձակուրդը: Բայց դե, եկեք լիարժեք չտրվենք «տոնին»: Վերջապես հիշենք վերոնշյալ տոնի իմաստը. hանգստանալ դպրոցական առօրյայից, ոչ թե ուսումից: Հետևաբար, չմոռանանք օրվա որոշակի, թեկուզ չնչին հատվածը տրամադրել դասերի կրկնողությանը կամ ամրապնդմանը: Նաև մի՛ մոռացեք, որ դրսում ամենագեղեցիկ եղանակն է ընկերների հետ հավաքվելու, կինոթատրոն կամ թատրոն գնալու ու պարզապես միմյանց հետ լավ և առողջ ժամանակ անցկացնելու համար (Լիլիթ Խլոյան, 26տ., ուսուցիչ):

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը` Անուշ Աբրահամյանի

-Միանշանակ, ազատ ժամանակ թող շատ կարդան: Դա կարևոր է: Ես չեմ կարդացել, գոնե իրենք թող կարդան (Անդրանիկ Հարությունյան 35տ., դերասան, հումորիստ):

-Իմ փորձից ելնելով՝ հորդորում եմ, որ ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնեն խաղահրապարակում և հաճախեն սպորտային մարզումների (Հովհաննես Բաչկով, 25տ., բռնցքամարտիկ):

-Ես կարծում եմ, որ հանգիստը լավ բան է, երբ տրվում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Խորհուրդ եմ տալիս դպրոցականներին էդ մի շաբաթը հանգստանալ: Ուղղակի հանգստանալ: Ուրիշ բան անել պետք չի: Նաև կառաջարկեի աշնանային զբոսանքներ, արշավներ, ընկերների հետ անտառային պիկնիկներ: Նաև ուղեղի հանգիստ` բառախաղերի և գրադարաններ այցելությունների միջոցով: Հայրենասիրական, մայրական քնարերգության թեմաներով ասմունքի երեկոներ կան: Ցանկալի է, որ գան լսեն ու հարստացնեն իրենց գիտելիքների պաշարը (Լիանա Զուրաբյան, 38տ., ասմունքող):

-Թող միանան ԱԿԿ-ին (ակտիվ կամավորների կազմակերպություն) և մեզ հետ անցկացնեն արձակուրդները պրոդուկտիվ, ընկերական ու զվարճալի միջավայրում: Դպրոցականները ձեռք կբերեն աշխատանքային փորձ և իհարկե, նոր ընկերներ (Արեգ Գալոյան, 16տ., դերասան, ԱԿԿ ղեկավար):

-Վերջերս կենդանաբանական այգում էի, բավականին փոխվել է։ Վստահ եմ՝ հետաքրքիր կանցնի։ Բուսաբանական այգին էս սեզոնին շատ սիրուն է, կարող եք գնալ ու սիրուն տերևներ հավաքել: Այս սեզոնին Գեղարքունիքի մարզում կարտոֆիլ են հավաքում ու սիրուն մի արարողություն կա՝ կոչվում է փուռ։ Աթարի մեջ կարտոֆիլ են եփում, շատ համով է ու հետաքրքիր: Կարող եք գնալ Գեղարքունիք (Զոհրաբ Հարոյան, 32տ., լրագրող):

-Խորհուրդ կտամ կազմակերպել կամ մասնակցել ճանաչողական ու զարգացնող միջոցառումների, էքսկուրսիաների և այցելությունների (Թամարա Հակոբյան, 34տ., աշխարհագրագետ, մանկավարժ):

-Նստել տանը, ուտել և քնել, ապա դասերն անել (Հարութ Բալյան, 21տ., օպերատոր):

-Խորհուրդ կտամ երեխաներին այդ մեկ շաբաթը հնարավորինս օգտակար անցկացնել: Ճիշտ է՝ հիմա շատ են բարկացած իրենց դասերից, բայց թող վերցնեն մի գեղարվեստական գիրք, որը խորհուրդ են տալիս հարազատները կամ ընկերները, և սկսեն կարդալ: Եվ ի վերջո, չմոռանան լավ ու որակով երաժշտություն լսելու մասին (Վահե Մարգարյան, 20տ., երգիչ):

-Գիրք կարդալուց լավ հանգիստ չկա դպրոցականի համար: Հետո կարդալու ժամանակ չի լինում, բայց պետք է (Վահագն Դավթյան, 25տ., գրող, ռեժիսոր):

-Այցելություններ թանգարաններ և կինո (Արկադի Գրիգորյան, 38տ., պատմաբան, լրագրող):

-Լավ է, երբ հնարավորության դեպքում աշխատող մարդը մեկնում է հանգստի Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր: Խորհուրդ կտամ 7-օրյա հանգստի մեկնելիս վերցնել սիրած գրականությունը և վայելել այն բնության գրկում (Սավուղ Չիլինգարյան, 68տ., ինժեներ):

-Արձակուրդը հաճախ ամենաարդյունավետ ու հագեցած ժամանակահատվածն է լինում ուսումնական տարվա մեջ, եթե, իհարկե, հաջողվում է այն լավ կազմակերպել։ Այն օգտագործեք որպես լավ հնարավորություն՝ գեղարվեստական գրականության մի քանի լավ նմուշ կարդալու համար:

Եթե կան համապատասխան կարճաժամկետ դպրոցներ նշված ժամանակահատվածի համար, ըստ հետաքրքրության՝ կարելի է հաճախել ու նոր հմտություններ ձեռք բերել:

Ձեռքի աշխատանքի սիրահարների համար իդեալական է համացանցից վերցնել մի ուսուցողական հոլովակ ու ինչ-որ կահույքի մաս կամ դեկոր սարքել դպրոցի կամ տան համար: Աշնանային եղանակը շատ տրամադրող է մի քանի գլխարկ, շարֆ, կիսաշրջազգեստ կամ այլ հագուստ գործելու համար (Աշխեն Հակոբյան, 26տ., լեզվաբան, ազգագրագետ):

-Թող կարդան շատ գրքեր և գնան «Սուպեր մամա 2»-ը նայելու (Ռուբեն Եսայան, 21տ., սցենարիստ):

Վալենտինա Չիլինգարյան, Արարատի մարզ, գյուղ Ավշար

***

-Ի՞նչ ասեմ, աղջիկ ջան: Շատ զբաղմունքներ կան: Իրենք պետք է գտնեն իրենց համար զբաղմունք: Իրենք պետք է իմանան՝ որն է իրենց համար լավ, որը՝ վատ (Ալոյան Անահիտ, 60 տարեկան, գործազուրկ):

-Մաքուր օդի դուրս գան, գնան թանգարաններ, գրքեր կարդան, հեռուստացույցով քիչ նայեն էդ ապուշ ֆիլմերը: Ընկերների, ընկերուհիների հետ գնան զբոսանքի՝պուրակում, այգում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում (հրաժարվում է նշել անունն ու տարիքը, մոտ 58-60 տարեկան տղամարդ): 

-Դպրոցականները պիտի ունենան իրենց ազատությունը, բայց նաև չպիտի մոռանան հանձնարարականների մասին: Լրիվ կտրվել դպրոցից չեն կարող, բայց պիտի զբաղվեն սպորտով, կողմնակի զբաղմունքներով, իհարկե, ծնողը պիտի կարողանա ծրագրել, որը խիստ կասկածելի է մեր օրերում, որովհետև ծնողները չունեն դրա ժամանակը (Հովհաննիսյան Անահիտ, 60 տարեկան, ուսուցիչ, դասախոս):

-Դպրոցականները կարող են ամեն լավ բան անել: Զբաղվել ամեն ինչով՝ բացի ձեր այդ ձեռքի հեռախոսներից, ամբողջ օրը դրանով զբաղվում են էլի (Նաիրա Սարգսյան, 58 տարեկան, փոստատար):

-Գիրք կարդան: Ով ինչ սիրում է, թող էն էլ անի, բայց լավ բաներ անի: Չբամբասեն: Ավելորդ բաների վրա ժամանակ չծախսեն: Էդ էն տարիքն է, որ ավելի շատ պետք է ուսումով զբաղվեն, էլի, հետո արդեն ուշ կլինի, էդ տարիքը պիտի օգտագործել ճիշտ (Գևորգ Մարտիրոսյան, 24 տարեկան, երգիչ):

-Ես ամեն օր խաղում եմ, բայց գրավորներս բոլորը գրել եմ: Ֆուտբոլ եմ խաղում, պահմտոցի, հիվանդանոց: Ես 7 օրում պիտի աղյուսակը լավ սովորեմ (Կորյուն, երկրորդ դասարանի աշակերտ):

-Մի շաբաթում ձեռագիրս կսիրունացնեմ, վարժ կկարդամ, տենց, էլի, տենց բաներ (Ալեքս, երկրորդ դասարանի աշակերտ):

Անուշիկ Մկրտչյան, Արագածոտնի մարզ, գյուղ Արագած (հարցումներն անցկացրել է Երևանում)

***

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ներքին Գետաշեն

-Դե, Ներքին Գետաշենում ժամանցի վայրեր չկան, որտեղ կարող է իր օրն անցկացնել դպրոցականը, բայց կարծում եմ՝ այս օրերին ավելի հարմար կլինի դպրոցի դասերից կտրվել և գեղարվեստական գրականություն կարդալ (Կարինե Ավետիսյան, 38 տ.):

-Կարծում եմ՝ դպրոցականը այս օրերին պետք է ավելի շատ կարողանա օգնել իր ծնողներին, որովհետև աշուն է, և գյուղում շատ անելու բան կա: Բացի այդ՝ կարող է նաև իր օրերն անցկացնել որևէ հարազատի տանը (Տաթևիկ Սահակյան, 34 տ.):

-Արձակուրդի ժամանակ դպրոցականը պետք է հանգստանա և շատ չծանրաբեռնվի այլ բաներով: Կարող է մեկ շաբաթն անցկացնել տատիկի տանը կամ, օրինակ, ճամաբարում: Թե չէ՝ գյուղում նա մեծ հնարավորություններ չունի իր օրը ճիշտ կարգավորելու համար (Անուշ Պողոսյան, ուսուցչուհի):

-Դպրոցականը ավելի շատ կարող է իր օրը անցկացնել գրադարանում՝ հետաքրքիր գրքեր ընթերցելով ու որևէ հետաքրքիր բան սովորելով (Զանիկ Գորանցյան, 57տ., տնային տնտեսուհի):

-Դպրոցական արձակուրդներին աշակերտը պետք է ուղղակի հանգստանա ու փորձի տրամադրվել ավելի լավ սովորելուն: Այսքանը (Սարիբեկ Գևորգյան, 67տ., հաշվապահ, այժմ արտագնա աշխատող):

-Դպրոցականի համար համապատասխան վայրեր չկան, բայց նա կարող է այդ օրերին ինքնակրթվել, որևէ հետաքրքիր բանով զբաղվել կամ մասնակցել արշավների (Ժաննա Մալխասյան, ուսուցչուհի):

-Այ, աղջիկ ջան, հիմա ո՞վ է մեզնից խորհուրդ հարցնում ու լսում: Հիմա դպրոցականի դեմքն էլ է կորել, սովորելու ցանկությունն էլ: Էս օրերին գոնե մի օգտակար բան թող անի, իր ծնողին օգնի (Կազբեկ Գևորգյան, 75տ.):

Անուշ Աբրահամյան

***

Լոռու մարզ, գյուղ Դսեղ

-Աշնանային արձակուրդները դպրոցից հանգստանալու հիանալի հնարավորություն են: Այս օրերին ես նախընտրում եմ ավելի շատ բնության գրկում լինել, ֆուտբոլ խաղալ կամ տեսանյութեր մոնտաժել: Չի կարելի ասել, թե հետաքրքրությունները շատ են մեզ մոտ, բայց անձամբ ես նախընտրում եմ աշնանային արձակուրդները գյուղում անցկացնել, այլ ոչ թե քաղաքում: Այստեղ այնքան շատ վայրեր կան այցելելու, որոնք այս եղանակին ուղղակի հեքիաթային են: Ինձ թվում է՝ քաղաքացիներն էլ շատ կցանկանային հիմա մեզ մոտ լինել: Ձանձրանալու ժամանակ չի լինում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ ֆուտբոլի թիմով ենք հավաքվում՝ մարզվելու: Կարևոր է նաև ինքնակրթությունը. համակարգչային ծրագրերով եմ աշխատում ու փորձում եմ խորացնել հմտություններս: Հա, մեկ-մեկ էլ ֆրանսերեն եմ սովորում: Գրքեր քիչ եմ կարդում, կամ ավելի ճիշտ, համարյա չեմ կարդում: Եթե կարդամ էլ, միայն վատ եղանակին, իսկ հիմա ավելի շատ պետք է դրսում լինել (Սյուզի Ղուլինյան, 13 տ.):

Անի Ղուլինյան

***

Կոտայքի մարզ, գյուղ Արզական

-Նստեն իրանց դասերը սովորեն, չարություն չանեն, խելոք լինեն, հիրանց տատիկներին, պապաներին չջղայնացնեն (Արմեն Հովհաննիսյան, 40 տարեկան, գործազուրկ):

-Քանի որ մեկ շաբաթ է արձակուրդը, թող ամեն մեկն իր ցանկությամբ անցկացնի և ամենակարևորը՝ լիարժեք հանգստանա (Անահիտ Մարկոսյան, 38 տարեկան, տնային տնտեսուհի):

-Հագուստ գործելով, օրինակ՝ ժակետներ, գլխարկներ, ձեռնոցներ: Քանի որ աշուն է, թող պտուղ-բանջարեղենը հավաքեն, երաժշտություն լսեն, տարբեր միջոցառումներ անցկացնեն (Քնարիկ Ասատրյան, 50 տարեկան, թոշակառու):

-Հիմնականում պետք է զբաղվեն գրքով, ընթերցանությամբ, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, ոնց որ առաջ է եղել (Սյուզի Սողոմոնյան, 31 տարեկան, տնային տնտեսուհի):

-Բնականաբար, արձակուրդները երեխաների հանգստանալու համար են՝ սակայն միշտ չէ, որ պարապ-սարապ պիտի թրև գան: Անհրաժեշտ է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ընթերցել, լինել Լեռնային Ղարաբաղում, հայրենաճանաչությունը շատ մեծ դեր ունի երեխայի ընդհանուր զարգացման համար, այդ իսկ պատճառով պետք է լավ ճանաչել հայրենիքի յուրաքանչյուր ծառ ու թուփը, կենդանական և բուսական աշխարհը, մարդկանց կենցաղը, սովորությունները և անպայման ընթերցել, որովհետև ընթերցանությունն է, որ մարդուն տանում է գիտելիքների մեծ տաճարը, որտեղ մարդը դառնում է բազմակողմանի զարգացած անձնավորություն: Այնպես որ, արձակուրդը նրա համար չէ, որ պարապ-սարապ թրև գան, անհրաժեշտ է ռացիոնալ օգտագործել յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, որովհետև կյանքն էնքան կարճ է, շատ արագ է թռչում, ինչը որ կորցրիր, այլևս հետ բերել չես կարող (Սուսաննա Մանասյան, 67 տարեկան, թոշակառու):

-Օգնեն այգիներից միրգը հավաքել, ծառերի տերևները հավաքեն վառեն, ձմռան համար ցախ հավաքեն, էլ չեմ մանըմ (Գոհար Սուքիասյան, 93 տարեկան, թոշակառու):

-Ազիզ, իմ թոռնիկները դուրսն են, լավ էլ սովորում են, հըմի իրանք հանգստով են, դասերով են, իրանց խաղերով են, գրքեր են կարդըմ, կինոներ են նայըմ (Ռազմիկ Մնացականյան, 63 տարեկան, գործազուրկ):

-Կուզեմ, որ գնան ծովափ, հանգստանան ու հետ գան երեխեքս (Հայկանուշ Գրիշիկյան, 41 տարեկան, աշխատող):

-Ուղղակի լավ անցկացնեն իրենց արձակուրդները (Նատալյա Մկրտչյան, 75 տարեկան, թոշակառու):

-Գնան անտառ արշավի, կրկնեն հիրանց դասերը (Պետրոսյան Էլիդա, 71 տարեկան, թոշակառու):

Էլադա Պետրոսյան

Anush abrahamyan

Մեր նորընտիր տնօրենը

Հարցազրույց Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջն դպրոցի նորընտիր տնօրեն`Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, նախքան Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն դառնալը որտե՞ղ եք աշխատել և քանի՞ տարի:

-1993 տվականից աշխատել եմ Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցիչ: 1997 թվականի նոյեմբերի 2-ից ուսումնական գծով փոխտնօրեն միչև 2017-ի օգոստոսի 24-ը: Այսպիսով, շուրջ 20 տարի փոխտնօրեն եմ աշխատել:

 -Երկար ժամանակ աշխատել եք աշակերտների հետ, տարեցտարի ինչպիսի՞ն է դառնում սերունդը: Ինչո՞վ են գերազանցում կամ զիջում միմյանց:

-Այժմյան սերունդը շատ աչքաբաց է ու շուտ կողմնորոշվող, քան նախկինը, բայց նախկին սերունդը ավելի հարգալից էր ավագի նկատմամբ: Դրանով է միայն այս սերունդը զիջում նախորդին:

-Ըստ ձեզ ինչպիսի՞ն էր կրթական մակարդակը նախորդ կրթօջախում ու ինչպիսի՞ն է այստեղ, ի՞նչ փոփոխություններ եք նկատել աշակերտների սովորույթների մեջ:

-Կրթական մակարդակը երկու դպրոցներում էլ գրեթե նույնն է: Նախորդ դպրոցի աշակերտների սովորույթներից լիովին տեղյակ էի, բոլորին ճանաչում էի, ուսուցչական կոլեկտիվին նույնպես: Այս դպրոցում դեռ լավ տեղյակ չեմ, բայց մի բան ևս նկատել եմ. այս դպրոցի աշակերտների ծնողները ավելի ուշադիր են, ավելի շահագրգռված ուսման հարցում:

-Կարո՞ղ եք որևէ հետաքրքիր դեպք հիշել կապված աշակերտների հետ:

-Այո: Դպրոցում մի առաջատար մասնագետ կար` պարոն Շառոյանը, և մեծ հեղինակություն ուներ աշակերտների շրջանում: Մի օր հերթական աշխարհագրության դասն էի անցկացնում, մի աշակերտ թույլտվություն խնդրեց ջուր խմելու: Թույլ տվեցի, մի քանի րոպե հետո շնչակտուր ներս մտավ, հարցրի` ի՞նչ է եղել, ասաց. «Պարոն Փորձանքյանը միջանցքում էր»…

-Այս դպրոցը տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի:

-Դպրոցը ժամանակակից ուսման պարագաներով բավականին հագեցված է: Դպրոցում կա շուրջ 50 նոր և թարմ վիճակում գտնվող համակարգիչներ: Կեսից ավելին այժմ օգտագործվում է աշակերտների կողմից ինֆորմատիկայի սենյակում, իսկ մյուսները նախատեսում ենք նոր ինֆորմատիկայի սենյակ բացելուց հետո օգտագործել:

-Ի՞նչ եք կարծում, աշակերտը իր ունակությունները լիովին կարո՞ղ է դրսևորել այս կրթօջախում: Եթե՝ այո, ապա ի՞նչ հնարավորություններ ունի, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:

-Թե տնօրինությունը, թե ուսուցչական կազմը հակված է աշակերտի ունակությունները լիովին դրսևորելուն, ու բոլոր հնարավոր միջոցները տրամադրելուն: Դպրոցում գործում են ն տարբեր խմբակներ, և մշակութային, և մարզային, և տեխնիկական, ուստի աշակերտը կարող է դրսևորել իր ունակությունները այս դպրոցում:

-Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրագործել դպրոցում կրթական մակարդակը բարձր պահելու համար:

-Կրթական մակարդակի բարձրացմանը առաջին հերթին նպաստելու է առարկայական մեթոդ միավորման ընդլայնումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու դրանց հստակ գործունեությանը: Ուշադրության կենտրոնում է լինելու նաև դասապրոցեսին համակարգչային տեխնիկայի ներգրավմանը, նոր տեխնիկակակն միջոցների ավելացմանը և այլն:

-Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել նոր սերնդին:

-Կուզենայի յուրաքանչյուրը գնահատեր հայրենիքի նշանակությունը: Այս երկրից այն կողմ ես ապագա չեմ պատկերացնում, ուստի թող շենացնեն Հայոց երկիրը: Կցանկանայի նաև, որ Գարեգնի Նժդեհի, Արամ Մանուկյանի արժանի հետնորդները լինենք:

Anush abrahamyan

Արջին վնաս տվողը հանգիստ չի քնի

Էնտեղ, որտեղ ավարտվում է քեռի Անդրիասի գայլի մասին պատմությունը, Գեղարքունիքի բարձր սարերում սկսվում է մարտունեցի Պլատոնի, երիտասարդ որսորդ Հերբերդի ու մի քանի այլ տղաների պատմությունը: Երբ վերջացրած ենք լինում մեր օրվա անելիքը, թաղի ջահելներով հավաքվում, նստում ենք թաղի մեծերի մոտ: Նրանք միանգամից հասկանում են բանն ինչումն է, ու սկսում են պատմել: Մի օր էդպես էլի հավաքվել էինք մեր հին գոմի պատի տակ, երբ մեծերից Մարգարիտ տատը սկսեց.

-Էս պատմությունը ես լսեր իմ իմ հորից: Էն վախտ մենք էլ ձեր նման կհավաքվենք ու լավ պատմություններ կլսենք: Մի անգամ հերս ու իր ընգերները էս սարերում գածաձ ան խոտքաղ: Հուլիս ամիսն ա: Սարի բարձր դոշերուն խոտ ա քաղած, մեգ էլ տեսած, որ էն ներքևներն արջ կա: Ինչ էնին, ինչ չենին, որոշաձ մեծ քարեր գլորին սարից ցած: Հա գլորաձ ան, հա գլորաձ ան, ու էս խեղճ կենդանի փախեր ա: Սրանք էլ ուրխծաձ՝ բա արջին վախեծուծ ենք՝ փախե: Վերջը, իրիգուն հոկնուգ էգած վրան, որ հանգստանան, սրանց մեջ մի խելոք մարդ ա էղե ու սե՝ տղեք, արջին վնաս տվողը հանգիստ չկռնա քնի, էն էլ էս սարերի մեջ: Արեք՝ իջնինք սարից, ոնց էլ էղնի, տուն կպատահի, կմնանք, առավոտ հանգիստ գիկանք մեր գործին: Գելնին ու էս մթով սարից կիջնին:

Բոլորը մտովի հայտնվեցին սարի ճամփին:

-Վերջը էսրանք կերտան, կքնին, կհանգստանան: Լուսը լա չբացվուգ՝ կերտան, կերտան ու ինչ տենան, վրանը լրիվ ջղուգ, գերնդիները ջարդուգ, իսկ ուդելինք էլ չկար: Բա, էրեխեք, էդրա համար կենդանուն վնաս չպետք ա տաս:

-Խա՛նմ տատի, հիմա դու պատմի էն մարդու պատմությունը, որ արջին սպանել ա:

-Հա, հա,- լսվեց բոլոր կողմերից: Չնայած՝ արդեն մի քանի անգամ լսել էինք, բայց, միևնույնն է, հետաքրքիր էր:

-Տարիներ առաջ Մարտունիում մի որսորդ կար, անունը՝ Պլատոն: Էս Պլատոնը շատ քաջ մարդ էր, հա, էս աշխարհում ոչ մի բանից վախ չուներ: Մի օր բարձրացել ա սար՝ որս էնելու, էնպես է ստացվե, որ մդե արջի բնան մեջ ու էլ չկռծե դուրս գա: Հենց էդ պահին արջը էգեր ա ու էս մարդ էլ չկռցե կրագա: Վերջը էս մարդը մի կերբ բնից դուրս ա գիկա, բայց կողերը լրիվ ջարդուգ, արունոտ, մի խոսքով՝ հազիվ շունչ առնելով:

-Բա հետո՞,- էլ չհամբերեցինք:

-Գիկա գեղ, կանցնի մի քանի ամիս, էս մարդը արդեն լավծուգ, էլի կերտա սար, կերտա նույն բնի մոտ, էս անգամ արջը բնի մեջն ա կեղնի, կսպանա, նոր խիղճը կհանգստնա: Հանգիստ խղջով գիկա տուն:

-Էդ մարդու վերջ լավ ա էղել, բա էն ջահել տղեն, որ մեռավ:

-Էդ ի՞նչ պատմություն է, Ծաղիկ տատ: Հլա պատմի,- բոլորս հայացքներս ուղղեցինք Ծաղիկ տատի կողմն, ու նա սկսեց:

-Էս դեմի սարին մի մատուռ կար, որ փոքր ենք, Վարդևրին կերտենք էդ տեղ երգենք, պարենք, կուրխնենք: Ճամփեն երգար էր, ու երբ կնստենք հանգստանալու, իմ պապը կսկսեր պատմություններ էնել: Իմ հիշողության մեջ մեգն ա լավ մնածեր:

Մի ջահել տղա կեղնի մեր գյուղից, անունը՝ Հերբերդ: Էս էլ միշտ սարերում որս էնելու կերտեր: Մի տարի էլի սովորականի պես կերտա որս էնելու ու էլ չի կա: Գյուղացիկ կհավաքվին իրար գլուխ ու կերտան ման գալու: Մի քանի օր ոնց ման գիկան՝ չկա ու չկա: Դու մի սա էս տղեն մտել ա մի քարնձավ ու էդ դուռը քարերով փագե, երևի ուզեծե գիշերն մնա, թե ինչ՝ էդ չգիտնամ: Կմդնի ու կմնա էտեղ, էլ չկռնա դուրս գա:

-Տատ, բա ի՞նչ գիտեք, որ ինքը չի կարողացել դուրս գալ:

-Այ բալամ, լսի միչև վերջ: Տարիներ կանցնին ու մի օր հովիվները կմդնին էդ քարանձավ: Կտենան՝ մենակ ոսկորներն են ու մի քիչ էն յան՝ հրացանը: Այ հրացանից էլ իմացաձ, որ Հերբերդն ա:

Լռություն տիրեց: Բոլորիս դեմքից սահում էր ափսոսանքը: Հանկարծ տատս, նայելով 6-ամյա Ավետին, հարցրեց.

-Հըն, Ավետ ջան, հո չվախեցա՞ր:

Էս երեխան էլ առանց բան ասելու փաթաթվեց տատին, ու բոլորս կրկին ժպտացինք:

Մեզ շրջապատող անսահման դաշտերից մթան հետ ուժեղանում էր շների հաչոցը: Ինձ թվում էր, թե այդ հաչոցի մեջ լսում էի օգնություն կանչող մեկի ձայնը:

-Էրեխեք, էն ո՞վ ա գոռում, կարո՞ղ ա շներն են հարձակվել էդտեղ բոստան ջրողի վրա:

Բոլորս մի պահ լարեցինք լսողությունը:

-Հա էլի, վազեք ջահելներ, սոված շուն ին, կուդին խեղջ մարդու:

Մի քանի վայրկյան հետո գոմի հին պատի տակ էլ մարդ չկար: