Ազատ տարածք խորագրի արխիվներ

Արվեստը կարող է միավորել բոլորիս

Հայարփին ու Նունեն լավագույն ընկերներ են, և մեկն առանց մյուսի արդեն դժվարանում է պատկերացնել կյանքը։ Ուղղակի Հայարփին նման չէ մյուսներին, իսկ Նունեն նրա հետ շփվելու համար փորձել է հնարավոր բոլոր եղանակները, հետո՝ սովորել ժեստերի լեզուն ավելի արագ, քան որևէ մեկը կարող էր ցանկացած այլ լեզու սովորել։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Նրանց ու նման այլ պատմություններ ոգեշնչել են մի խումբ երեխաների նկարելու ֆիլմեր իսկական ընկերության, սիրո ու ուրիշ մնայուն արժեքների մասին, որոնք մեծերը հաճախ չեն էլ նկատում։

«Մանանա» կենտրոնի սաների ֆիլմերը՝ նվիրված ներառականությանը և հաշմանդամություն ունեցող անձանց, ներկայացվեցին «Նարեկացի արվեստի միությունում»՝ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում։

Գաղափարը Մշակույթի նախարարությանն է, իրականացվում է արդեն երրորդ անգամ: Այս տարի այն կազմակերպում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան: Ասոցիացիայի տնօրեն Արմեն Մանասյանը նշում է, որ կազմակերպչական աշխատանքների ընթացքում և հետո իրենք համագործակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՄԱԿ-ի և այլ մեծ ու փոքր կազմակերպությունների հետ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

«Արտկոնցեպտ»-ը զբաղվում է մշակութային ձեռնարկների, միջոցառումների կազմակերպմամբ և ոչ միայն: Կազմակերպությունը ինքնաարտահայտվելու ու սեփական արվեստը Հայաստանում և արտերկրում ներկայացնելու հնարավորություն է տալիս հայ ստեղծագործողներին։ Միաժամանակ կազմակերպությունը արվեստի տարբեր ճյուղերը միավորող գործառույթ ունի: Արմեն Մանասյանը նշում է, որ իրենց ծրագրերի մեծ մասն այդ սկզբունքով են իրականանում:

-Մեր հիմնական պրոդուկտներից մեկը` «Օպուս» միջազգային փառատոնը, որն արդեն ունեցել է չորս համերգաշրջան՝ Մոսկվայում, Փարիզում, Երևանում, համարվում է երաժշտական փառատոն, բայց սկզբունքի համաձայն իր մեջ ներառում է արվեստի այլ ճյուղեր ևս: «Ձեռք ձեռքի» փառատոնն էլ բացառություն չէ. այստեղ ունենք կերպարվեստ, լուսանկարչություն, կինո, երաժշտություն և փորձում ենք արվեստի համադրման համար հարթակ ստեղծել: Մենք չենք ցանկանում շեշտել ներառականության սկզբունքը։ Ցանկանում ենք, որ մասնակցեն բոլոր երեխաները՝ անկախ առողջական խնդիրներից ու այլ պայմաններից: Նրանք այստեղ հնարավորություն կունենան արտահայտվելու, իրենց տաղանդն ու ընդունակությունները ցուցադրելու, բեմ դուրս գալու»:

Փառատոնն անցկացվում է արվեստի 7 ճյուղերը ներկայացնող ոլորտներում` երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ:

Փառատոնի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` արվեստի տարբեր ոլորտներում։ Կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, ինտերակտիվ հանդիպումներ ու վարպետության դասեր․ սրանք հնարավորություն կտան երեխաներին բացահայտելու սեփական ու արտաքին աշխարհը, ճանաչելու միմյանց ու գնահատելու։

Երեխաների՝ աշխարհը ճանաչելու փորձերից մեկն էլ նրանց նկարահանած ֆիլմերն են։ «Մանանա» կենտրոնի սաները իրենց վավերագրական ֆիլմերում հաճախ են անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց, բայց ոչ միայն նրա համար, որ ցույց տան նրանց խնդիրները, այլ որովհետև նրանք ոգեշնչման աղբյուր են եղել երեխաների համար։

«Մանանա» կենտրոնի ֆիլմերի ցուցադրությունը երկրորդ կինոդիտումն է փառատոնի շրջանակներում։

«Ձեռք-ձեռքի» մանկապատանեկան արվեստի փառատոնը կշարունակվի հաջորդ շաբաթ ևս։ Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը։

Անի Ավետիսյան

Անի Հարությունյան

annaTumanyan

Իմ ուղեկիցը

-Դըմփ, դըմփ, դըմփ…

Ու այսպես ամեն բացվող առավոտ, երբ ես դուրս էի գալիս տնից, լսելով այս ոտնաձայները՝ իսկույն պաշտպանված էի ինձ զգում։
Մի տարի կլինի։ Դեռ նոր էր սկսվել ուսումնական տարին, սև ու սպիտակ հագուստներ, զանազան պայուսակներ, ճիչեր, երգեր, նույնիսկ՝ տխուր դեմքեր։ Մի սովորական օր ութն անց քառասուն ես դուրս եկա տնից։ Միանգամից ականջակալներս դրեցի ու պատրաստվում էի արդեն միացնել երաժշտությունը, բայց լսվեց.

-Դըմփ, դըմփ, դըմփ…

Վախից քարացա։ Թեթևակի շրջվեցի, տեսա մի մեծ շան. ամբողջովին շագանակագույն, խոշոր ականջներով, սև աչքերով։ Նա արագ քայլերով մոտենում էր ինձ։ Սիրտս քիչ էր մնում կանգ առներ։ Ի դեպ, ես սարսափելի վախենում եմ շներից, մանավանդ՝ փողոցի։ Շատ էի հեռացել տնից, այլևս ճար չկար. պետք է կա՛մ շարժվեի, կամ էլ… Սկսեցի դանդաղ քայլել՝ ցույց տալով իբրև ոչինչ չի եղել։ Քայլերի ձայնը կամաց մոտենում էր։ Ինչքան շատանում էին դմփդմփոցները, այնքան սիրտս տակնուվրա էր լինում։ Շատ չերկարացնեմ։ Մի քանի վայրկյան անց մոտեցավ ու սկսեց հավասար քայլել. ո՛չ մի դիպչել, հաչալ ու նմանատիպ ավելորդություններ։ Երկյուղս քիչ թե շատ նվազեց։ Քայլում էի հանդարտ, բայց չէի ուզում երաժշտությունը միացնել, որովհետև իմ ֆանտազիան գերզարգացած մակարդակի վրա է։

-Ամեն ինչ հնարավոր է։ Միայն թե ցույց չտամ լարվածությունը։ Նա կզգա դա։

Անընդհատ կրկնում էի մտքումս, ու անգամ չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը։ Ժամանակն էր ճանապարհն անցնելու։ Անսպասելիորեն շունն առաջս ընկավ և իսկույն կանգնեց փողոցի մեջտեղը։ Չհասկանալով կատարվածը՝ արագ անցա կողքով ու տեսա, որ գալիս է։ Մտորելուց հետո հասկացա, ու գրպանիցս մի կտոր շոկոլադ գտա, տվեցի իրեն։ Մտա դպրոց։

Ու այսպես ամեն առավոտ կրկնվում էր, մինչ եկավ ամառը. ամռանը հազվադեպ էի տեսնում նրան։

Ես այս տարի փոխադրվեցի ավագ դպրոցի 10-րդ դասարան. նոր ճանապարհ, նոր դպրոց, նոր շրջապատ, ուսուցիչներ։ Գրեթե մոռացել էի շան մասին, երբ հոկտեմբերյան առավոտներից մեկին տնից դուրս գալուն պես տեսա նրան։

-Ինչքա՜ն է մեծացել։

Իսկապես նա այնքան ծերացել էր, ու քայլերն էլ շատ դանդաղ էին և փոքր։ Այդ օրվանից հետո մեկ-երկու անգամ եմ տեսել, ոչ ավելի։

Մտածում եմ՝ մի՞թե որևէ անծանոթ նման քայլի կգնար ինձ համար ամեն առավոտ՝ վտանգի տակ դնելով կյանքը։

Հաճախ միայնակ մնացած մարդկանցից ոմանք էլ ուզում են բարություն անել, թեկուզ՝ անծանոթին։ Մեր օրերում նման մարդկանց կարիքը շա՜տ է զգացվում։

Hayk Qalantaryan

Ես խառնվում եմ հասարակությանը

Ես ուսանող եմ՝ մեկը այն ուսանողներից, որոնք ամեն օր մտնում են համալսարան ու նոր գիտելիքներով հարստանում, բայց այնպիսի մեկը, որը դասերից հետո չի վազում տուն` մի բաժակ սուրճով օրը շարունակելու և երիտասարդական եռանդը ձեռքից բաց թողնելու, այլ գիտության քաղցրությունը զգալուց հետո մխրճվում է հասարակության մեջ, դառնում հասարակության ոչ թե մի մասնիկը, այլ ինքնին հասարակությունը, իսկ մխրճման արագությունը մղում է դառնալու շարժիչը հասարակության:

Մարդկային կյանքը նման է անդադար կրկնվող իրադարձությունների մի շղթայի, որ հաճախ տրտում և անհետաքրքիր է դարձնում ներկան: Ակամա մենք հետ ենք նայում մեր անցած օրերին և հանկարծ նկատում, որ հիշողության մեջ պահպանվել են առանձին դրվագներ. որևէ տոն, ուրախության յուրահատուկ պահ, գուցե որևէ տխուր հիշողություն, որոնք ճանկռում են մեր հոգին… Հասկանալով, թե քանի-քանի օրեր, իրար ձուլվելով և վերածվելով միապաղաղ զանգվածի, դուրս են մղվել մեր հիշողությունից, և որքա՜ն ժամանակ ենք կորցրել մենք, որքա՜ն հնարավորություններ` մեր և մեր դիմացինի կյանքը առավել գունեղ դարձնելու, ես գիտակցեցի, որ ժամանակն է գործել: Գործել հանուն ընդհանրական գործի:
Որքան էլ զարմանալի է, այս միտքը այցելեց ինձ 13-14 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ ասել է կամավորություն, ինչ հնարավորություններ ու առավելություններ է տալիս այն, մինչդեռ այժմ շռայլորեն կիրառում եմ այն ամեն հնարավոր պահի: Արդարև ես հիմա էլ չեմ ընկալում այդ բառերի իմաստը: Ըստ իս, այն ամենը, ինչ մենք համարում ենք բարեգործություն, իրականում մարդկայնություն է շրջապատի նկատմամբ, կարեկից վերաբերմունք դրսևորելու պարզագույն միջոց:
Փոքր տարիքում գյուղի երեխաներս իրար էինք օգնում անշահախնդրորեն. մենք պաշտպանում էինք մեզնից թույլին, բարեկարգում դպրոցը, մեր բակը, օգնում ճերմակ մազերով ու երկար հյուսքերով տատիկներին և ալևոր ծերունիներին` վար ու ցան անել մի քանի խնձորի կամ կոնֆետների դիմաց: Եվ պատճառը այդ ամենի ամենևին էլ ուտելիքները չէին, այլ տատիկների ու պապիկների ջերմ ու պայծառ ժպիտը, իրենց քաղցր խոսքն ու լոկ մի համբույրը մեր պարզ ճակատին: Մենք չէինք անվանում դա բարեգործություն, և դա մեզ ոչ ոք չէր սովորեցրել, և երևի թե մեր ճիշտ քայլերն էլ սկսվեցին այդտեղից, երբ մեր արարքները դիտարկեցինք որպես պարտք, ոչ թե բարեգործություն:
Երբ ավելի մեծացա, հասկացա, որ կան մարդկանց օգնելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ, և անդամագրվեցի բազմաթիվ կազմակերպությունների և կամավորական ծրագրերի, իսկ հիմա կյանքս առանց այդ ծրագրերի դժվար է պատկերացնել: Նպատակն էլ մեկն էր. օրը գեթ մեկ անգամ տեսնել մի շնորհակալ ժպիտ, մի թախծից ազատված աչք, մի նոր ձևավորված անհատ: Օրերս ավելի ու ավելի գունավորվեցին: Ես զգացի, որ ապրում եմ ոչ միայն ինձ համար, և կյանքս էլ այլևս միայն ինձ չի պատկանում: Եվ հենց այս փորձառություններն էին, որոնք եղան նպաստող խթաններից մեկը մասնագիտական աճի, գիտական գործունեության և նոր ձեռքբերումների:
Ես խառնվում եմ հասարակությանը, բայց չեմ փորձում երբևէ խառնել հասարակությունը:
Ես պարզապես մեկն եմ, կամ էլ` մեկնումեկը:

ani beglaryan

Գրքեր, գրքեր ու էլի գրքեր…

Որքան ինձ հիշում եմ, շատ եմ սիրել գրքերի հետ կապված ամեն-ամեն ինչը՝ գրքի հոտից մինչև նկարազարդումը։

Երբ ասում են` գիրք, առաջինը մտքիս է գալիս իմ գիրք գնելու արարողությունը։ Բավականին երկար տևող պրոցես է, հիմնականում ինձ հետ երկու անգամից ավելի չեն գալիս գիրք գնելու։ Ես միշտ գնում եմ ընդամենը մեկը գնելու մտադրությամբ: Մինչև գնալը արդեն ունեմ հատուկ «ցանկալի գրքերի» ցուցակ, չնայած միշտ չէ, որ գնված գրքերը նախապես գրված ցուցակի մաս են լինում։ Գրախանութում նախ ընտրում եմ 5-ից ոչ պակաս գիրք, հետո մանրամասն ուսումնասիրում ու համեմատում դրանք, փորձում եմ քանակը մի կերպ կրճատել։ Վերջում դուրս եմ գալիս մի քանի գրքով, բայց երբեք ոչ մի հատով։ Ախր, շա՜տ լավն են։ Ընկերներիս համար չափազանց հոգնեցուցիչ գործընթաց է։ Գրախանութ մտնելիս` գրքերի մեջ եմ խորանում, իսկ ժամանակը սահում է մի փոքր ավելի արագ, քան մտքերս։
Եթե կարծում եք, որ վերջ, արարողությունն ավարտված է, ապա ստիպված եմ հուսախաբ անել։ Ոչինչ չի փոխարինի նրան, ինչ զգում եմ գրախանութից նոր գրքերով դուրս գալիս։ Գնելուց հետո մոտիվացված վազում եմ տուն ու հիացած նայում գրքերիս, հետո ուսումնասիրում դրանք, ընտրում մեկը, բացում ու սկսում կարդալ…

Որքան հրաշալի են գրքերը։ Կյանքում հանդիպող բազմապիսի խնդիրների մասին նախապես տեղեկանում ես գրքերից, ու երբ առերեսվում ես դրանց, դու արդեն գիտես լուծման բանաձևը։
Գրքերի մի աշխարհ կա, որ ուզում եմ կարդալ։ Մի ժամանակ երազում էի կարդալ աշխարհի բոլոր գրքերը։ Իսկ հիմա դասերի ու քննությունների մեջ գտնվող Անին նույնիսկ չի կարողանում մեկը ավարտին հասցնել:

Դե լավ, քանի ազատ ժամանակ ունեմ, գնամ «Harry Potter and the Goblet of Fire» կարդամ։ Երևի ինչքան էլ մեծանամ, չեմ դադարի սիրել Ռոուլինգի կախարդական աշխարհը:

mariam yavrumyan

Գրկող մեկը

Կներեք, չէ՞, որ էսպես միանգամից սկսեմ։

Հուսով եմ՝ կներեք, իսկ եթե ոչ, հոգ չէ, հա։

Տեսնես կենդանիները չե՞ն մրսում։ Առհասարակ, բոլորը։ Միշտ մտածել եմ, որ մորթին իրենց տաքացնում է, բայց հնարավոր չէ, է: Տաքանալու համար գրկող մեկն է պետք, նրանք ունե՞ն այդ մեկին։ Այդ հարցն է ինձ շարունակ մտահոգում:

Մութ կանգառներում ծառերի տակ կուչ եկած կատուներին ես հիմնականում չեմ կերակրում: Իհարկե, չեմ կարող ասել՝ բոլորը, բայց ինձ նման շատերը չեն անում դա: Դե, գլուխ չեմ գովում, վատ է, ինչ խոսք:

Շատ հաճախ չենք մտածում, որ գուցե իրենց սիրտն էլ է կոտրել մեկ ուրիշ կատու, շուն կամ ցանկացած կենդանի: Իրենք էլ այսօր գիշերելու տեղ չունեն, իրենք էլ են մի բաժակ տաք թեյ ու պինդ գրկող կամ հոգատար զրուցակից ուզում:

Կանգառում եմ, սպասում եմ ավտոբուսին: Երկար ժամանակ կողքիս պառկած փիսիկին ինչպե՞ս չէի նկատել: Ժպտացի նրան: Թաթն ուրախությամբ պարզեց, թվաց՝ գտել էր այն միակին, ով պետք է իր կյանքը փոխեր: Թվաց՝ գտել է հենց նրան, ով այդ վայրկյանին պիտի պայուսակից դուրս բերեր տաք ծածկոցն ու թեյի բաժակները: Բայց ամենևին: Ես ուղղակի ժպտացել էի: Կշոյեի անհանգիստ մռռացող մեջքը, բայց ավտոբուսս եկավ: Ավտոբուսը սիրուն կադրերը փչացնելու հատկություն ունի։

Տաքանալու համար գրկող մեկն է պետք, ոչ բոլորն ունեն այդ մեկին…

Կներեք, չէ՞, որ էսպես միանգամից ավարտեմ։

Հուսով եմ՝ կներեք, իսկ եթե ոչ, հոգ չէ, հա։

annaTumanyan

Աբգարյանների հարսը

Մայրական կողմի տատս՝ Անահիտը, պատմում էր, թե ինչպես է հարս եկել Աբգարյանների տուն, ու ինչ հետաքրքիր դեպքեր են եղել։

-Դե՜, Աննա ջան, կյալիցս մի երկու օր յեդը մի կծոտան հավ հարձակվել էր վրես ու վետներս ծվրտորել, էդ ա ահագին վախտ տհե կցա։

-Տատ, էլ պատմի, մի տեսակ հետաքրքիր տյառավ։

-Բա պատմե՜մ։ Ուրեմն ես ու կիսուրս՝ մեր Անիկ տատը, փռնըմ հաց ենք թխըմ, մթուշ շուռ կյամ տենամ պատրոնս՝ Ռուբեն պապն ու քու պապը, վերցակ են մորթըմ, ահագին վախտ յեդը, վեր յեկա կուխնի, տեհա էդ հավը մաքրել են, լվացել, հմի էլ ճաշ են էփըմ։ Մնացի ըրմացած։ Իմ հերական տանը տղամարդը ճաշ էփած չէր, էդ թըվըմ` հերս։ Հըմի վեր մին-մին քու պապին ասըմ եմ շուլուղով՝ ճաշ էփի, ասըմ ա, թե վախտն անց ա կացել։

-Տա՜տ, բա ծիծաղիլի դեպքեր լել չի՞։

-Գիդըմ չեմ՝ ծիծաղիլի ա՜, թե լաց ըլիլի՜, նախդի մհետ խայտառակ եմ լել նոր յեկածս վախը։

-Էդ ի՞նչ ա լել, վեր։

-Ջահիլ վախտերս միամիտ-միամիտ խոսալ ունի։ Մեր հըրևան Շաքար պապը, հիվանդ մարդ էր, մի օր վեր կցավ յեկավ տուն, իրեք լիտրանոց դեղձի սոկը մհետըմ խմեց, հատիկներիցը հետ կերավ ու բրախեց քնաց։ Մացանք մհել, վեր էտ քշեր վատացել ա։ Աննա ջան, քու տատն էլ միամիտ ու զո՜լ միամիտ, ասեց. «Մի՜ լյավ էլ էդ սոկը մըչև վերջ խմեց, նոր քնաց…»։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«Մանանա» կենտրոնի ֆիլմերը ցուցադրվեցին Նարեկացի Արվեստի միությունում

Նոյեմբերի 27-ին «Նարեկացի Արվեստի Միություն»-ում կազմակերպվել էր

«Մանանա» կենտրոնի պատանեկան կինոստուդիայի սաների կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։ Ցուցադրությունը տեղի ունեցավ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում: Փառատոնն իրականացնում է “Արտկոնցեպտ” միջազգային ասոցիացիան ՝  ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Արտկոնցեպտի» տնօրեն Արմեն Մանասյանը նշում է, որ ծրագրի մեկնարկից հետո մի շարք կազմակերպությունների հետ են սկսել համագործակցել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«Մանանա» կրթամշակութային կենտրոնի հետ «Արտկոնցեպտի» համագործակցությունը սկսվել է դեռ նախորդ համերգաշրջանի կազմակերպումից, երբ «Մանանայի» պատանի ֆիլմմեյքերները սիրահոժար նկարահանեցին համերգային ծրագրերը,- բացման խոսքում նշեց Արմեն Մանասյանը, – այս շաբաթվա ծրագիրն էլ կազմելիս դիմեցինք «Մանանա» կենտրոնին` իմանալով, որ «Մանանայի» նկարահանած շատ ֆիլմեր բովանդակային ընդհանրություններ ունեն ինտեգրման շաբաթի հետ։

Բացման խոսքով հանդես եկավ նաև «Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը.

-Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենտրոնի 12-20 տարեկան պատանիների տարբեր տարիների նկարահանած ֆիլմերը: Մենք խնդիր չենք ունեցել հատկապես շեշտելու սահմանափակ կարողությունների տեր մարդկանց կյանքը: Այս ֆիլմերի հերոսները մարդիկ են, ովքեր թեև այդ փաստին, բայց ոգեշնչել են մեզ: Սրանք ֆիլմեր են սիրո, ընկերության, մարդասիրության, աշխարհում իրենց տեղը գտնելու, կյանքը ու մարդկանց սիրելու մասին: Մեր պատանի կինոգործիչները համոզված են եղել, որ նրանք կարող են ոգեշնչման օրինակ լինել շատերի համար, կարող են օգնել հասկանալու, իսկապես այս կյանքում ձեռք ձեռքի քայլելու համար: Ներառականությունը մենք այսպես ենք հասկանում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

«Մանանա» կենտրոնը հանդիսատեսին ներկայացրեց տասը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Կինոդիտմանը հանդիսատեսի շարքերում էին նաև միջին դասարանի աշակերտներ. հյուրերին, ֆիլմերից բացի, զարմացրել էր նաև նրանց ներկայությունը և այն, որ երեխաները լուռ և ուշադիր դիտում էին ֆիլմերը:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Ես աշխատում եմ դպրոցում, ուսուցիչ եմ, հունվարից մենք անցնելու ենք ներառական կրթության: Իհարկե, բոլորս մտահոգ ենք՝ թե՛ ուսուցիչները, թե՛  երեխաները, դեռ չենք պատկերացնում՝ ինչպե՞ս երեխաները միմյանց կընդունեն, ինչպե՞ս կհարմարվեն,  բայց երբ ֆիլմերում տեսանք խնդիրներով մարդկանց, նրանց աշխարհը, կյանքը, հասկացանք, որ հարկավոր չէ այդքան մտածել, իրականում նրանց միայն ջերմություն ու ընկերություն է հարկավոր: Ուրախ եմ, որ այդ ամենը տեսան մեր աշակերտները ու հասկացան։ Շատ կցանկանամ, որ «Մանանան» շարունակի ցուցադրությունները ու հատկապես դպրոցներում, – ասաց Արևիկ Աբելյանը:

-Ես կարծում եմ, որ այս ֆիլմերը անտարբերության, չարության դեմ լավագույն դեղամիջոցներն են, ու դրանք հատկապես շատ կարևոր են այսօրվա աշխարհում, որովհետև, ցավոք, երեխաները երբեմն չեն ստանում այն դաստիարակությունը, որ հարկավոր է: Ամենակարևորն այն է, որ հասկանանք, որ եթե մարդկանց մոտ որևէ բան այլ է` ֆիզիկական կամ անգամ հոգեկան տեսանկյունից, չի նշանակում, որ նրանք մեզնից վատն են,-ասաց հանդիսատես Անահիտ Հակոբյանը,- այստեղ ներկայացված յուրաքանչյուր ֆիլմ ստիպում էր փշաքաղվել, ու ես մեծ ցանկություն ունեմ, որ «Մանանա» կենտրոնը և երեխաները իրենց սկսած ճանապարհին կանգ չառնեն ու շարունակեն այս հիանալի գործը, բայց անպայման այդ ճանապարհի ընթացքին պետք է միացնել նաև դպրոցներին, խոսել տնօրենների հետ, և գոնե ամիսը մեկ անգամ նման ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել, էական չէ՝ դպրոցներում, թե տարբեր երիտասարդական կամ արվեստի կենտրոններում:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Հիանալի է, որ երիտասարդները, ովքեր այս ֆիլմերի ստեղծողներն էին, կարողանում են այդքան խորը զգալ, տեսնել, մտածել ու նաև իրենց մտածածը հասցնել բոլորին։

-Շատ տպավորված եմ, անկեղծ ասած՝ չգիտեի ու չէի մտածում, որ սահմանափակ կարողություններով մարդկանց մասին են լինելու ֆիլմերը։

Ես գյումրեցի եմ: Տպավորվածությունս քառապատկվեց, երբ տեսա, որ ֆիլմերից մեկի գլխավոր հերոսը իմ ծանոթներից մեկն է. մենք միասին սովորել ենք նույն դպրոցում։ Ես երկար տարիներ ականատես եմ եղել նրա ծնողների ու ընկերների անսահման ջերմությանը, թե ինչպես էին մեծ համբերությամբ դպրոց ու դպրոցից տուն ուղեկցում այդ տղային, օգնում ու աջակցում, ու պարզվեց, որ հիմա նա ինքն է կամավորության սկզբունքով աջակցում որոշակի խնդիրներ ունեցող երեխաների: Ուրախ կլինեմ, եթե ցուցադրությունները շարունակվեն, ու նոր ֆիլմեր նկարահանվեն, – իր տպավորություններով կիսվեց ուսանողուհի Անի Կիրակոսյանը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ֆիլմերի նկարահանումներից մի քանիսին ինքս մասնակցել էի, գրեթե բոլոր հեղինակներին ճանաչում եմ, բայց շատ ֆիլմերի վերջնական տարբերակները չէի տեսել, ու անգամ նրանք, որոնք մի քանի անգամ դիտել էի, այսօր լրիվ ուրիշ կերպ ներկայացան ինձ. մթնոլորտը, թեման թույլ էին տալիս ամբողջությամբ զգալ յուրաքանչյուր ֆիլմ ու հատված, – այսպես իր տպավորություններով կիսվեց «Մանանա» կենտրոնի անդամ Սուրեն Կարապետյանը։

Անի Ավետիսյան, Անի Հարությունյան

elen harutyunyan

Զգուշացե՛ք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը` Սասունցի Դավիթ։

Ամեն օր` աշխատանքից հետո, քայլում եմ դեպի մետրո` «Երիտասարդական» կայարան։ Կարող եմ նստել Չարենցից, նստել չէ՝ կանգնել։ Եթե ցանկանում ես նստած գնալ, պետք է հասնես «Սասունցի Դավիթ» կայարան։ Բայց դա ինձ չէր անհանգստացնում. սիրում եմ երկար ճանապարհներ։ Լավագույն վայրը ստեղծագործելու համար վաղուց ընտրված էր տրանսպորտը՝ մետրոյի վագոններ, արդեն հնացած միկրոավտոբուսների ամենահետևի նստատեղը, տրոլեյբուսի նստարանը՝ անմիջապես պատուհանի կողքին։ Պատահել է անգամ՝ մի քանի անգամ գնացել եմ մետրոյի մի ծայրից մինչ ամենավերջին կայարանը, որ վերջացնեմ պատմվածքս․ տանը ոչ մի ձև չէր ստացվում գրել։

Մետրոյի աշխատողը արդեն 10 տարի է` չէր փոխվել։ Նույնն էր։ Նույնն էր նրա հայացքը, միայն աչքերի տակ կնճիռներ էին ավելացել։ Ամեն անգամ, երբ հինգ հազար դրամանոց էիր տալիս մեկ ժետոնի համար, ջղային ու արհամարհական հայացք էր նետում դեմքիդ ու ասում. «Մանր չունե՞ս»: Բացասական պատասխան ստանալուց հետո դժգոհ դեմքով սկսում էր փնտրել չորս հատ հազար դրամանոցներ, ու մնացածը՝ հիսուն դրամանոց մանրադրամ։ Դրանով ուզում էր հասկացնել, որ մյուս անգամ երկու հարյուրից ավելի չվճարեմ։ Երբեք չեմ տեսել նրան գոհ ու երջանիկ դեմքով։ Տասը տարի նույն տեղում աշխատելով, նույն ֆունկցիաները կատարելով` դժվար թե ուրախ դեմք ունենաս, մանավանդ, երբ ոչ մի դրական վերաբերմունք չես ստանում քո փոքրիկ պատուհանից այն կողմ գտնվող մարդուց։ Իր փոքրիկ խցիկում նստած տարեց կինն անգամ երազում էլ էր զգուշացնում, որ պետք է քայլել միայն աջ կողմում կամ երեխաներին բաց չթողնել շարժասանդուղքի վրա։ Երազում էլ նրան չէին լսում․ էլի շարունակում էին քայլել ոնց պատահի։

Բոլորը կանգնած սպասում են գնացքի մոտենալուն։ Աչքերը անհագ նայում են ցուցանակի փոխվող թվերին, հայացքով փնտրում գնացքի լույսը։ Ոմանք անգամ հանում են ականջակալները, որ բոլորից շուտ լսեն գնացքի՝ ռելսերի վրայով ընթանալու ձայնը ու դռները բացվելուն պես արագ նետվեն վագոնների մեջ։ Բա որ չհասցնե՜ն։ Մետրոյի հոտը ամենահաճելին է, մետրոյի հայացքները` ամենաանկեղծը։ Երբ վագոնների ձայնը չի թողնում, որ որևէ բան լսես, դու սկսում ես խոսել հայացքներով։ Հայացքով մարդուն հասկացնում, որ աչքերը սիրուն են, որ դեմքին ժպիտ ավելացնի, կամ միգուցե` բաճկոնը կոճկի. դուրսը ցուրտ է, իսկ իր կայարանը ուր որ է՝ կմոտենա։ Մարդիկ վագոնների ներսում տարբեր են` ջղային, հիասթափված, նեյտրալ, ժպտացող։ Ժպտացող… Ժպտացող մարդիկ քիչ են հանդիպում վագոնների ներսում։

Բոլորը շտապում են ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ։ Իսկ միգուցե նրանցից ոչ մեկը չունի ինչ-որ տեղ գնալու, կամ չունի իրեն սպասող մեկին։ Բայց փոխարենը վաղը առավոտյան պետք է շտապի աշխատանքի։ Այն աշխատանքի, որից հասցրել է արդեն սարսափելի նողկանք ապրել։ Փոխարենը գնացքների ներսում մարդկանց աչքերը իրական են. նրանք կարող են իրական հիացմունքով կամ զզվանքով նայել քո հագուկապին, մազերին, հանգած աչքերին։ Նրանք հասցրել են սովորել աչքերով քեզ երկար ու հասկանալի տեքստ ասելու ձևը։ Նրանք գիտեն` քեզ ոնց հասկացնել, որ պայուսակդ բաց ես թողել, կամ որ բաճկոնդ կոճկես. դուրսը ցուրտ է, կմրսես։ Բայց հաճախ չեն հասցնում։ Գնացքները ունեն տարօրինակ հատկություն․ կիսատ են թողնում խոսակցությունները։

Գնացքը կանգնեց։ «Սասունցի Դավիթ»։