«Հրայր Մարուխեան» հիմնադրամի Քաղաքական դասընթացների Ազատ լսարան ծրագիրը իր մեկնարկը տվեց Վանաձոր քաղաքում: Դասընթացներին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, թվով 40 երիտասարդներ՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Ծրագիրը տևեց մոտ երկու շաբաթ՝ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 28-ը: Ծրագիրը մինչ այս ևս երկու շրջափուլ կյանքի է կոչվել Երևանում, և հիմա արդեն երրորդ շրջափուլով Վանաձոր քաղաքում է: Առաջին հանդիպումը սեպտեմբերի 15-ին էր: Բացումն արեց ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանը: Դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Կիրո Մանոյանը, ՀՊՏՀ դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, Տ.Գ.Թ., և ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը:
Ծրագրի նպատակն է՝ տեղի երիտասարդության՝ Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների խորացումը՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները: Դասընթացի թեմաներն են.
Հայաստանն արդի աշխարհում,
Պետականաշինության արդի խնդիրներն ու անելիքները,
Հայ քաղաքական միտքը հայության ապագայի շուրջ. հիմնահարցեր:
Ծրագրի մասնակից Նարեկ Փիլոյանի կարծիքով. «Դասընթացները տվեցին մեծ գիտելիքներ, փորձ, շատ հարցերի պատասխաններ, որոնց մենք չէինք տիրապետում, կամ ինչ-որ չափով տեղեկացված չէինք, ձեռք բերեցինք նոր ընկերներ, ամենակարևորը` հնարավորություն տվեց ազատ արտահայտվելու»: Իսկ ըստ Վահե Դարբինյանի, ամենահետաքրքիր թեման` «Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները Եվրոպայի կառույցների հետ, եվրոպական համակարգի հետ թե՛ արժեքային, թե՛ քաղաքական կտրվածքով և ընդհանրապես մեր դերը, մեր հարաբերությունները հարևանների հետ»:
Դասընթացները անց էին կացվում շատ ակտիվ, հարց ու պատասխան քննարկումներով:
Ծրագրի ավարտին առավելագույնս մեծ ակտիվություն ցուցաբերած 26 մասնակիցները, որոնցից 5-ը Սպիտակից, մյուսները` Վանաձորից և շրջակա համայնքներից, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի կողմից ստացան հավաստագրեր:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով.
-Տվյալ դասընթացի գաղափարը առաջ է եկել ընդհանուր քննարկումների արդյունքում, և պարզ էր, որ երկրում կար նման քաղաքական դասընթացների կարիքը, որովհետև հատկապես Երևանում արդեն մի քանի նման դասընթացներ, դպրոցներ եղան, դա նշանակում է, որ երիտասարդությունը շատ հետաքրքրված է, և « Հրայր Մարուխեան» հիմնադրամը հարմար համարեց, որ իր ծրագրերից մեկը լինի նմանատիպ, և փորձի երիտասարդությանը տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք մեր հիմնադրամի տեսակետից կարևոր են, որպեսզի Հայաստանում երիտասարդությունը իմանա, տեղյակ լինի և որպես պատրաստված քաղաքացի ավելի ակտիվ լինի իր առօրյայում, քաղաքական իրականության մեջ անկախ նրանից, որ կուսակցությանը կհամակրի:
-Բացի այս գործունեությունը, հիմնադրամն այլ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-«Հրայր Մարուխեան» հիմնադրամը եկող տարի կնշի իր տասնամյակը և ծրագրերը հիմանականում եղել են ուսումնասիրություններ՝ երկրի սոցիալ-տնտեսական հարցերի մասին, արտաքին քաղաքականության հարցերով շատ չի զբաղվել,-պատասխանեց Կիրո Մանոյանը,- կազմակերպությունը սկզբից կազմակերպել է երիտասարդների թրեյնինգի պատրաստության ծրագրեր, հաճախ դա արել է տարբեր արտասահմանյան հիմնադրամների հետ համագործակցաբար, բայց այս մեկը լրիվ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի ծրագիրն է, որը իր միջոցներով է իրականացնում, և հուսով եմ, կկարողանանք շարունակել:
Հիմնադրամի տնօրենի, «Ազատ լսարան» ծրագրի ղեկավարի՝ Իվան Աղազարյանի, և ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանի խոսքերով, Վանաձորի երիտասարդությունը շատ ակտիվ էին, տեղեկացված էին և պահանջատեր էին: Համեմատած Երևանի մասնակիցների, անընդհատ իրենց առաջարկներով ու գնահատականներով ստիպում էին, որ մենք բարեփոխենք ծրագիրը ընթացքում: Ըստ ծրագրի ղեկավար Իվան Աղազարյանի.
-Ծրագիրը կլինի շարունակական, չորրորդ շրջափուլը կլինի հաջորդ տարի, թե, ո՞ր ամսին, դա դեռ չենք կարող ասել, իսկ թեմաները կլինեն երևի թե նույնը, բայց կավելացնենք արդեն նոր բանախոսների, նոր դասախոսություններ: Հիմնադրամը այս ամենից զատ բացել է աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակ, նաև աշխատանքի իրավունքի ոլորտում իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ազգաբնակչությանը:
Եվ վերջում կցանկանամ եզրափակել ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանի խոսքով.
-Մշտապես լինել տեղեկացված և երբեք չբավարարվել տրվածով, այլ ուսումնասիրել, խորանալ և կատարել ուսումնասիրություններ: Հետևեք ձեր երկրի քաղաքականության աշխատանքներին, քանի որ դա ձեր ներկայի և ապագայի որոշիչն է: Լինենք զինված, ոչ թե զենքով, այլ գիտելիքներով:
Ազատ տարածք խորագրի արխիվներ
IGen-ի մեկ օրը
Երեկոյան խանութներում երկար թափառելուց հետո վերջապես 8-ին տուն հասա: Տոպրակները հենեցի միջանցքի պահարանին, ոտքերս իրար սեղմելով մի կերպ հանեցի բոթասներս, հանեցի նաև վերարկուս ու տոպրակները քարշ տվեցի դեպի սենյակս: Դատարկեցի, որ վերջնական նայեմ գնածս ապրանքները: Մի քանի անկապ իրեր, «Աստղալից գիշեր»-ով արտ-բուք, գունավոր մատիտներ, գունավոր երկար գուլպաներ, սև շալվար, ու որ ամենահավանածս էր` տաք սվիտեր: Մանուշակագույն, հաստ գործվածքով, ձմեռային ու շատ տաքուկ սվիտեր: Երկու ամիս փնտրտուքներից հետո ես վերջապես գտել էի այն, ու ես ես չէի լինի, եթե առաջինը հենց դա չփորձեի: Արագ-արագ, մեծ ոգևորությամբ հագա, աաա~խ, ինչ փափուկ է…
«Ես սիրում եմ քեզ»,- մտովի շատ բարձր ձայնով գոռացի ես:
Հանեցի հեռախոսս, որ արագ նկարվեմ ու ուղարկեմ ընկերուհուս, նրա կարծիքը ամենակարևորն է հագուստիս հարցում: Ուղարկեցի..
«Հըն, ո՞նցն ա»:
«Աաաա… Դու ուզում ես` ես քեզ սպանեմ»:
«Մերսի»,- հասկացա, որ շատ է հավանել:
Մի կողմ նետեցի հեռախոսս, գնացի հայելու մոտ, երկար նայում էի ինձ ու չէի կարողանում կտրվել նման աչք ծակող տեսարանից:
Հը՞, թեյ խմե՞մ: Ըհը, արժի, տաք սվիտերով թեյ խմելուց էլ հրաշք պա՞հ:
Գնացի խոհանոց, ջուրը լցրեցի թեյնիկի մեջ ու միացրեցի:
-Մամ, հենց եռա, կասես, հա՞:
-Էդ տաք սվիտերը հագել ես` հերիք չի, մի հատ էլ տաք թեյ ես խմու՞մ: Հեսա` ջերմությունդ կբարձրանա, ու ես քեզ խնամողը չեմ:
-Ինձ հենց էդ ջերմությունն էլ պետք ա էս պահին:
10 րոպե հետո մայրս կանչեց, որովհետև ջուրը եռում էր: Գնացի խոհանոց, վերցրի իմ ամենասիրած բաժակը, որի վրա իդեպ ինքս ֆլոմաստերով խզմզել էի: Ինչպիսի արվեստի գլուխգործոց… Հա, ինչ էի ասո՞ւմ, ըհը, լցրեցի ջուրը, չորս գդալ շաքարավազ, Ժասմինի համով կանաչ թեյի գույնը… Հրաշալի է բուրում: Վերցրի տաք բաժակս ու գնացի սենյակ:
-Ահա, սվիտերը կա, թեյը կա, մնաց մի բան նայեմ, որ ջերմության կոլորիտը ամբողջանա: Միացրեցի նոթբուքը, իմ ամենա-ամենա մուլտիկը` Gravity Falls դրեցի, ու հարմար տեղավորվեցի, սկսեցի «ըմբոշխնել» երեկոս: Մենակ մեկը չկար ինձ «անմահացներ», ոչ մեկը մեր տանը նորմալ ֆոտո անել չի կարողանում: Հա, իդեպ մուլտիկիս գլխավոր հերոսուհին ինձ ստիպեց սվիտեր հագնել, ինքն ամեն օր տարբեր գունավոր սվիտերներ էր հագնում, ես էլ ուզեցի: Ճիշտ է, ամեն օրվա համար մեկը դժվար կարողանամ գնել, բայց սա էլ ինձ հերիք է:
Խորասուզվել էի մուլտիկիս մեջ, չէի էլ զգացել, թե ոնց եմ քնել: Մենակ առավոտյան արթնացա, տեսա, որ սվիտերս դարակին է դրած, նոթբուքը նույնպես, թեյի բաժակը ընդանրապես չերևաց աչքիս:
-Մամ, դո՞ւ էս արել էս ամենը:
-Չէ, երևի գիշերը այլմոլորակայինները հատուկ իջել են, որ քեզ քնեցնեն:
Դե հա, մաման «շատ հումորովա»:
Ուֆֆ, էլի մուլտիկը մինչև վերջ չնայեցի, արդեն չորրորդ անգամն է, ինչ կեսից քնում եմ ու չեմ նայում մինչև վերջ: Մոտավորապես հենց այսպես են անցնում իմ երեկոները, որոշ մարդկանց համար, օրինակ տանեցիների, դրանք շատ անհետաքրքիր ու անիմաստ են անցնում, բայց ինձ համար դրանք կյանքի հաճույքը զգալու իրական միջոց են:
Տարվա եղանակները. Ամառ
Էլի մի օր

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
-Երեխեք, դա՛ս կրկնեք:
-Հեսա, ընկեր Գյուրջյան, հա, Մար, լսի, ուրեմն երեկ մաթեմի էի…
Բարև՛, ես Ֆլորան եմ: 17 տարեկան եմ, բայց բոլորն ասում են, թե նման եմ 21 տարեկանի: Լավ, դա էական չէ: Շատ եմ սիրում մաթեմ ու խոսել: Երբ մտքումս քաոս է, և մտածում եմ մի ելք գտնել ստեղծված իրավիճակից, դուրս «պլստալու» համար, սկսում եմ լարվել: Իսկ երբ լարվում եմ, դառնում եմ շատախոս: Եզրակացություն՝ ես միշտ լարված եմ: Ծիծաղելի է, բայց փաստ:
Խոսելը օգնում է նաև ճանաչել դիմացինիս: Ես պատմում եմ մի անհավանական պատմություն, իսկ նա, ում ականջներն արդեն այրվում են ձայնիցս, լարված գրիչն է շարժում վանդակավոր տետրի վրայով և նկարում որևէ թեորեմի ապացույց:
Թվային ֆունկցիա: Հիմա կգրեմ մի քանի վարժություն, հետո տետրի լուսանցքում կխզբզեմ որևէ մեկի դեմքը, ում երբևէ չեմ էլ հանդիպել, կսիրահարվեմ գլուխգործոցիս և կշարունակեմ մտածել:
-Բարև ձեզ:
-Բարև, բարև:
-Ո՞նց եք, ընկեր Մանասյան:
-Դու ո՞նց ես,- ու մի անգամից ավելացնում,- գործ արե՞լ ես, «ընգեր»:
Երևի շատերը կծիծաղեն՝ իմանալով, որ մաթեմն ինձ համար ամեն ինչի հիմքն է, բայց ինձ համար միևնույնն են այն «կարծիքասացները», ովքեր կփորձեն ինձ հակառակն ապացուցել:
Կնստեմ իմ տեղում ու կսկսեմ խոսել:
-Երեխեք, կոֆե խմո՞ւմ եք:
-Հա:
-Դե գնա՛, դի՛ր,- ու ծիծաղելով կգնամ մեր խոհանոցիկ:
Ինձ համար արդեն երկրորդ տուն է դարձել այն սենյակը, որտեղ մենք՝ ես ու էլի մի քանիսը, խորտակվում ենք «թեորեմների օվկիանոսում»:
-Վա՜յ, էլի թափվեց, էս անգամ բաժակներն ո՞վ ա լվանալու:
Նորից մտքեր: Նորից թվեր:
Ո՞նց չեմ գժվում, զարմանում եմ: Ով իմ չափ մտածեր ու խոսեր, ամենաուշը մի տարուց ինքն իր հարցերը կլուծեր: Գիժը դուք եք:
-Ան, մի հատ բացատրի:
Թվե՜ր: Իսկ ես մտածում եմ, որ տղա լինեի, ինչ լավ կլիներ, ինչքան տղա կծեծեի: Մի՛ ծիծաղի:
Իջնում եմ աստիճաններից ու մտածում լիքը ախմախությունների մասին: Թո՜ւ, էլի ընկա էն փոսը, որի մեջ ամեն անգամ ոտքս ոլորում եմ: Տենց էլ չսովորեցի էդ փոսը շրջանցել:
Ավտոբուսը կանգնեց: Ականջակալները փորձում են խլացնել աշխարհի աղմուկը, բայց… Հայացքս կսահի բոլորի դեմքերի վրայով: Ըհը, էլի մեկը, ով վազելով հասավ արդեն փակվող դռներին:
Տարօրինա՜կ: Ես լուռ լսում եմ մտքերս, ու անաղմուկ վիճում ինքս ինձ հետ:
Տե՛ս, ինչ սիրուն է մայրամուտը: Ես նայում եմ նրան և այդ օրվա անցուդարձը տալիս նրան, որ տանի ու այրի հեռուներում, ինձ այլևս դրանց մասին չհիշեցնելու նախապայմանով:
Նրա հետ և առանց նրա
-Տաթ, էն ի՞նչ համար ա գալիս, հո 44-ը չի՞:
-Էհ, Սոն, մոռանում ես, որ էսօր ակնոցս չեմ վերցրել, էնքան շտապեցրիր, տանը մոռացա:
Մանկուց դեռ մի հիմար երազանք ունեի, որը, ցավոք, զարմանալիորեն դարձավ իրականություն (դե, երազանքները ընդհանրապես իրականանալու հատկություն չունեն): Երազում էի ակնոց կրել. հա, հա, ճիշտ կարդացիր: Բնականաբար չէի գիտակցում, թե ինչի համար է նախատեսված ակնոցը: Ինձ համար այն ուղղակի սիրուն էր, ու պատկերացնում էի, որ պետք է ունենամ տարբեր գույնի ակնոցներ, ու ամեն շորի հետ որը սազի, էն էլ դնեմ: Բայց արի ու տես, որ էս դեպքում էլ պատկերացումներն ու իրականությունը լիովին տարբերվում էին: Ակնոց դնելն արդեն պարտադիր էր: Կարիքը զգում էի ամեն տեղ, որտեղ հեռվում տեսնելու որևէ բան կար: Սկզբում ակնոց կրելը ինձ դուր էր գալիս, դե, նոր ոճային փոփոխություն էր արտաքինիս մեջ, բայց հիմա փոփոխությունների սիրահար լինելով՝ հոգնել եմ դրա անընդմեջ ներկայությունից: Բայց ամեն դեպքում հրաժարվել իմ փոքրիկ բարեկամից… Ոչ, աչքերս դեռ պատրաստ չեն դրան:
Իսկ երբ ինչ-ինչ պատճառներով կյանքիդ անբաժանելի դարձած մասը՝ ակնոցը, բացակայում է, ակամա հայտնվում ես զավեշտալի իրավիճակում: Քեզնից նեղանում են զուտ նրա համար, որ քեզ հեռվից բարևել են, բայց դու իրենց բարևին չես պատասխանել, որովհետև դեմքը չես տեսել:
-Տաթև, մեր հարևան Ասյա տոտային խի՞ չես բարևում, երեկ ասում ա՝ մեծ կնիկ եմ, անցնում ա, մի հատ չի էլ բարևում:
-Մամ, լավ էլի, ես անշնորհք չեմ, ուղղակի ակնոցս մոտս չէր:
Հա, ու հիմա էլ, պիտի սպասեմ, որ երթուղայինը հասնի կանգառ. ախր, ակնոցս…
Քեռի ջան, ողջ լինես
-Քանի քեռին ողջ է, երեխաները պետք է շոկոլադ ուտեն, – ամեն անգամ այս արտահայտությամբ են դիմավորում ինձ քույրերս, երբ ես գնում եմ իրենց տներ:
-Վա՜յ, հազար եմ ասել՝ քաղցրը նպաստում է ատամների էմալի քայքայմանը և ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնմանը։ Էլ չասեմ, որ էդ շոկոլադի մեջ բացի շոկոլադից՝ ամեն ինչ կա…
Ասեք, որ ճիշտ եմ ասում։ Չի կարելի մատաղ սերնդին «փչացնել» նմանատիպ ոչ օգտակար սննդով, բայց այսօր նյութս դրա մասին չէ:
Ես Հայկն եմ, 16 տարեկան, ու վերջին 6 տարիների ընթացքում ես հասցրել եմ 4 անգամ քեռի և մեկ անգամ հորեղբայր դառնալ: Դժվար է, դժվար է կյանքը առանց ֆինանսական աջակցության պետության կողմից: Այս ի՞նչ խտրականություն է, ֆինանսական օժանդակություն ստանում են բազմազավակ ծնողները, իսկ այ, քեռիներին բոլորը անտեսում են: Նրանք գոյություն չունեն այս երկրում։
Գիտակցելով, որ 16 տարեկանը բավականին լուրջ տարիք է, պետք է որոշ չափով արդեն ինքնուրույն լինես, ես սկսեցի դիմանկարներ նկարել։ Առաջ 3000 դրամով էի վաճառում, բայց քանի որ դա շատ թանկ էր, ու գնորդներ չկային, ես միշտ զեղչեր եմ անում, ու բոլորը դրանք գնում են 1500-2000 դրամով: Սա է իմ եկամտի միակ աղբյուրը: Այդ խղճուկ 1500 դրամով ես հազիվ կարողանում եմ հեռախոսիս ապառիկը մուծել, այն էլ միայն ծնողներիս կողմից գումարի 85 տոկոսը ավելացնելուց հետո։ Եվ ինչպե՞ս կարող եմ ես բավարարել «երեխաներիս» կարիքները: Հիմա կասեք՝ ի՞նչ է, այդ երեխաները ծնողներ չունե՞ն, որ դու պետք է բավարարես նրանց կարիքները։ Կարիքներ իմ տեսանկյունից չի նշանակում հաց, ջուր, հագուստ։ Ախր, շոկոլադը մի կերպ «ցրելով» իրավիճակ չի փոխվում: Ես նրանց համար գնում եմ մատիտներ, ֆլոմաստերներ, «Ներկիր ինքդ»-ներ, ռետիններ, ջրաներկեր, կպչուկներ (ստիկեր), գրքեր, խաղալիքներ, տարբեր տեսակի զրթիկներ և փրթիկներ, դրանք ախր, քեռու պարտականություններն են:
Եվ ուրեմն, համայն աշխարհի բազմազավակ քեռիներ, եկեք համախմբվենք ու մի բռունցք դառնանք: Միայն այդ դեպքում մենք կլինենք անկոտրում և ուժեղ: Միայն այդ դեպքում մեր խնդիրները կստանան դրական լուծումներ: Միայն այդ դեպքում հասարակությունը և կառավարությունը մեզ վրա ուշադրություն կդարձնի:
Մեր նոր այգին. Բաղրամյան 26
- Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Լիլիթ Հովսեփյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Արաքս Ներսիսյանի
Ամեն անգամ սկզբից
Տուն. երևի բոլորդ տուն ասելով կպատկերացնեք այն միակը, որտեղ ծնվել ու մեծացել եք, իսկ ես՝ ոչ։ Ես Արաքսն եմ, 14 տարեկան, չորս անգամ փոխել եմ տունս, չորս անգամ սկսել սկզբից։
Ծնվեցի, երկու տարի ապրեցի մի տան մեջ, որից տեղափոխվելու պատճառը 9-րդ հարկն էր։ Մի քիչ անհասկանալի էր, թե ինչը խանգարեց ծնողներիս 9-րդ հարկում։ Ես բան չեմ հիշում։
Մինչև 7 տարեկանը մանկությանս շատ լավ, հաճելի պահերը ապրեցի երկրորդ հարկում։ Հարմար էր շատ, հիշում եմ իմ բոլոր ընկերներին և մեր խաղերը։ Հիշում եմ բոլորին, անգամ մեր բակի տատիկ պապիկներին, որոնց հանգիստը միշտ խանգարում էինք՝ առավոտից երեկո անիմաստ գոռգոռալով։ Ու չեմ ուզում հիշել այն պահը, երբ մայրիկս սկսեց հավաքել իրերը ու ասաց, որ տեղափոխվելու ենք նոր բնակարան։ Գնացի, կանչեցի մոտ ընկերուհուս, և չգիտեմ՝ ինչու, սկսեցի լացել։ Նա էլ, առանց որևէ բան հարցնելու, լացեց, հետո խոսեցինք։ Իրար գրեթե ամեն օր հրաժեշտ էինք տալիս, իսկ իմ գնալու օրը առանց խոսելու միայն լացում և իրար խոստանում էինք, որ միշտ կմնանք լավ ընկերներ։
Տուն 3-րդ․ գրեթե երկու ամիս տանից դուրս չէի գալիս, ինձ թվում էր, որ դրսում ոչ ոքի հետ չեմ կարող խաղալ, որ նրանք իմ իմացած խաղերը չգիտեն։ Դե, ես ճիշտ էի, ես այդ տան մեջ դարձա 13 տարեկան և ոչ մի անգամ բակ չիջա։ Միայն երեկոյան՝ միայնակ զբոսնելու։
Դարձա 14 տարեկան, և մենք կրկին տեղափոխվեցինք։ Ես կարծես եկել էի իմ հին տուն, նորից գտա լավ ընկերներ, իմ հասակակիցների հետ ամեն օր խաղում էինք իմ խաղերը։ Ինձ թվում էր՝ գտա կիսատ թողած խաղերիս շարունակությունները։
Հիմա մի բանից եմ վախենում․ 15-ամյակս նոր տան մեջ չլինի։
Մշակութային շոկի զոհերը
-Սամ, արդեն որոշել ես, թե ի՞նչ ես հագնելու:
-Հա, ոնց որ մտածում էի` Ջոկերի դիմակս կդնեմ:
-Իսկ ես չեմ կողմնորոշվում: Կամ կմախքի կերպար կընդունեմ կամ էլ Ջոկերի: էն էլ, որ ասում ես` Ջոկերը դու ես, ես երևի կլինեմ կմախք:
-Իսկ ես կլինեմ «մանյակ»,- սերիական մարդասպաններին բնորոշ ժպիտով մեջ մտավ Դավիթը:
-Բայց զգույշ, չափից շատ նման չլինես,- ծիծաղեցինք բոլորս:
-Որոշել ես, չէ՞, թե ում տներն ենք մտնելու,-հարցրեց Սամվելը:
-Հա, Լիլիթի հետ պայմանավորվել եմ, իրանք լիքը լավ կոնֆետներ են գնելու,- մեծ ախորժակով պատասխանեցի ես:
-Իսկ դդո՞ւմ:
-Արմեն, մենք Ավշարում ենք ապրում, ի՞նչ դդում:
Հնչեց զանգը այդ օրը վերջին անգամ, ու բոլորս գնացինք տուն` պատրաստվելու:
Արդեն ժամը 6-ն էր, պայմանավորվածությանը համաձայն, պետք է հանդիպեինք գյուղամիջում: Ոչ ոք չէր ուշացել: Փողոցով քայլում էին մի քանի գժուկներ, որոնք նշում էին կելտական յուրօրինակ ու սարսափազդու այս տոնը: Մարդիկ մեզ նայում էին ինչպես Արմաշի հոգեբուժարանի հիվանդների, որոնք փախել էին Ավշար, որպեսզի վեհաժողով գումարեին:
-Ուրա՜խ Հելլոուին…
-Վա՜յ, էրեխեք, լեղաճաք եղա,- պատասխանեց մեր առաջին հյուրընկալը:
Սա այդ օրվա ամենատարածված ռեակցիաների Թոփ 10-ում 1-ին տեղն էր զբաղեցնում: Նրանց հաջորդում էր «Ինչ հավես ա՜, էրեխեք», «Սա սատանիստական տոն ա, այ անամոթներ, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը…» արտահայտությունները: Բայց դե մեզ ոչինչ չէր կոտրում, քանի որ մեզ միավորում էր մի մեծ տոպրակ քաղցրավենիք ու հույս, որ շուտով ուտելու ենք այդ քաղցրավենիքը:
Արդեն 8-ի կողմերն էր: Մեր բարեկամների և դասարանցիների տներն այցելելուց հետո, միտք ծագեց այցելել նաև անծանոթ մարդկանց տներ, սակայն այդ ժամանակ ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ինչի կհանգեցնի մեր այդ միտքը:
-Եկեք դե այս տունն էլ մտնենք,- չեմ հիշում ով առաջարկեց` մատնացույց անելով այդ չարաբաստիկ տունը:
-Եկե՛ք,- համաձայնվեցինք բոլորս:
-ՈՒՐԱԽ ՀԵԼՈՈՒԻՆ…
-Աաաաա՜աաաա…,- մեզ տեսնելուց հետո մի աղջնակ ճչաց ու լացելով վազեց դեպի ծնողները` բացականչելով. «Պապ, պաա՜պ, գողերը…»
Լսելով նրա ճիչը, դժվար չէր կռահել, որ նա մեզ դրել էր գողի տեղ, ինչը մեզ համար շատ անսպասելի էր, որն էլ հանգեցրեց նրան, որ բոլորս փախանք այդ տնից:
Փախուստի ընթացքում մեր բոլոր կոնֆետները թափվեցին, մեր թանկարժեք շոկոլադե (և ոչ միայն) կոնֆետները, որոնք մենք հավաքել էինք կյանքի գնով, բայց ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե ես պատահաբար չշրջվեի ու չտեսնեի, որ մեզ հետապնդում են այդ աղջնակի հայրիկը և պապիկը: Նրանք վազում էին վագրերի նման, որոնք հետապնդում էին իրենց որսը: Նրանց հայացքում կար ատելություն, դաժանություն ու որսին ինչքան հնարավոր է շուտ հասնելու մոլուցք: Բայց ես էլ հո եղնիկ չե՞մ, որպեսզի նրանք ինձ որսան: Ես քաղաքակիրթ անհատ եմ, որը չէր ուզում փախներ:
«Հոպ, բայց ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ վազում եմ ինչպես «Ֆերրարի»,- մտածեցի ես, ոտքս հանեգի գազի ոտնակից:
-Մենք գողեր չենք…
-Այ, հիմարներ, էդ ո՞ւմ տուն եք մտել,-բղավելով հարձակվեց վրաս տղամարդը:
-Մի խփեք, էսօր հելլոուինն ա, մենք գողեր չենք… ,-բայց միևնույն է, նա շարունակում էր ինձ քյուֆթայի մսի տեղ դնել:
-Ի՞նչ հելլոուին, դուք գողեր եք:
-Չէ, էսօր…
-Թե՞ մտածում եք` կարաք իմ տուն մտնեք: Լավ կայնի, ո՞ւր փախան քո հանցակիցները,- այս ասելով նա բաց թողեց ինձ ու վազեց մյուսների հետևից:
Սա դեռ քիչ չէր, նրանց հաջորդեց տան պապը, ով «ծանր թաթ» էր, ում թաթի ծանրությունը անձամբ ես զգացի իմ մարմնի վրա:
-Տո, այ հիմարներ, գոնե գիտե՞ք ում տունն եք մտել:
-Մենք գողեր չենք…
Ինչպես տեսնում եք, կանգնելը ու քաղաքակիրթ մարդկանց պես խոսելը նրանց համար չէր: Նրանք ուղղակի բռնության մեծ ալիք էին բարձրացրել անչափահաս երեխաների վրա: Ու այս ամենի հետ մեկտեղ, մենք լսեցինք ոստիկանական մեքենաների շչակների ձայնը: Նրանք ոստիկանություն էին կանչել…
…Չեմ ուզում հիշել այս մղձավանջը: Այո, դա իրոք մղձավանջ էր մի խումբ երեխաների համար, որոնք ուղղակի ցանկանում էին նշել Հելլոուին տոնը և ընկերներով ուրախանալ: Սակայն իմ ուղեղում մի քանի բան չի տեղավորվում: Ո՞ր մի գողը կգար և դուռը կթակեր բացականչելով` «Ուրախ Հելլոուին», ո՞ր մի գողը ներկված կլիներ ասես մանկական թատերական ներկայացումից փախած դերասան, և ո՞ր մի գողը զենքի տեղը կօգտագործեր մի տոպրակ կոնֆետ…
Հա, քիչ էր մնում մոռանայի` բոլորին բարություն և ցտեսություն:
Մեր նոր զբոսայգին. Ազգային ժողով
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Դավիթ Գորգոյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի
- Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

















