Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ազգային ոգի ներարկողները

Ձմեռային լուսապայծառ առավոտներից մեկի ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ տնից և գնալ դպրոց, Սոնան՝ քույրիկս, ինձ ընդառաջ գալող տվեց մի փաթեթ և ասաց, որ իրենց դասարանի Նարեկը դասերի ընթացքում կգա դրա hետևից (նրանք արդեն երեք տարի է, ինչ ավարտել են դպրոցը, բայց գրեթե միշտ իրար կողքի են, և ոչ միայն Նարեկը, այլ նաև Աննան ու Հասմիկը): Դասերի վերջում, երբ արդեն հույսս կորցրել էի, որ Նարեկը կգա, մեկ էլ նա եկավ, ու տարավ փաթեթը: Հետո ինձ ասաց, որ սպասեմ, քանի որ Սոնային փոխանցելու բան ունի: Այո, դու ճիշտ նկատեցիր, ես ժամանակավոր փոստատարի դերն էի խաղում: Հետո նա մոտեցավ ու տվեց մի թուղթ, թե բա՝ սա կտաս Սոնային, բայց երկուսիդ համար է: Հրավիրատոմս էր: Սևով սպիտակի վրա գրված, որ հրավիրում են դեկտեմբերի 9-ին «Ազգային ոգով» բաց դասին:

-Էս ամսի 9-ին ազգային բաց դաս կա, իրականում չգիտեմ՝ ինչ ա լինելու, բայց պետք ա անպայման գնանք, մերոնք են գալու:

Ու ես մինչև էդ օրը մեղվի պես տզզում էի երեխաների ականջների տակ, որ պետք է գնանք: Օրը եկավ, Աննան, Հասմիկը ու Նարեկն էլ հետը: Իսկապես այդ օրվա բարին նրանք էին:

09/12/2017 Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Ազգային ոգով» խորագիրը կրող ազգագրական երգերի և պարերի ուսուցողական առաջին բաց դասը:

Մտնելով դահլիճ, միանգամից հասկացանք, որ նրանք եկել են նոր սերնդի ազգային ոգին բարձրացնելու և «Հայերեն պարելու» համար: Նրանց հագուստն արդեն իսկ տրամադրող էր: Այնքան հաճելի մթնոլորտ էր տիրում: Նրանք մեզ սովորեցնում էին ազգային պարեր ու երգեր, իսկ հետո բոլորս միասին պարում ու երգում էինք հայերեն: Տղաների խրոխտ յարխուշտան հիշեցնում էր մեր հայորդիքի առյուծ ոգու մասին: Իսկ աղջիկների նուրբ մատների շարժը՝ հայուհու հեզության մասին:
Իսկապես, նրանք կարողացան ազգային ոգի ներարկել սերնդին, այն սերնդին, որը կողմ է կորցնելու իր ազգային դիմագիծը, որը կողմ է ուրիշի լծի տակ լինելուն ու լեզուն փոխելուն (իհարկե, ոչ բոլորը):

Նրանք են մեր ավագները, և ես վստահ կարող եմ ասել, որ հենց նրանցից պետք է օրինակ վերցնենք: Հենց այսպիսի հայեր են պետք մեր ազգին: Հենց այսպիսի ոգով երիտասարդներ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

vrezh sargsyan

Մի կտոր իմ 2017 թվականի կյանքից

Սա իմ առաջին նյութն է: Ու ես ցանկանում ազնիվ լինել: 2017 թվականը իմ կյանքում ժամանակի անիմաստ կորուստ էր: Չիրականացված երազանքներ, կորցրած ընկերներ, ձանձրույթի պահեր և անկում: Վերլուծելով տարին հասկացա, որ իմ առաջ դրված նպատակների 99%-ը այդպես էլ նպատակ մնաց: 2017-ի առաջին ամիսները շատ վատ անցան, միակ բանը, որ անում էի՝ երեկոյան աղոթելն էր, ու անիմաստ ծրագրեր իրականացնելու իմ փորձերը: Որպես ապագա ռեժիսոր փորձեցի նոր գիտելիքներ ձեռք բերել, սակայն դա ապարդյուն անցավ, ինչ-ինչ պատճառներով:

Գարնանը մի փոքր աշխուժություն մտավ իմ կյանք: Մի քանի առաջարկ ստացա, բայց ցավոք, դրանք բավարար մակարդակ չունեին ինձ գրավելու համար: Եկավ ամառը, իմ 2017 թվականի ամենասթերսային, ամենաէմոցիոնալ, ամենատխուր և ուրախ ամառը: Ամռան առաջին ամիսը փորձում էի պատրաստվել ընդունելության քննությանը հոգեպես: Մի քանիսն ինձ խոստացել էին օգնել այդ հարցում, բայց ավաղ, կյանքի ինչ-ինչ պահերի պատճառով, չկարողացան ինձ օգնել:

Հուլիսին առաջին քննությունս էր: Ես մինչև ինստիտուտ հասնելը սարսափած էի: Մտածում էի, որ ինձ նման շատ-շատ մարդիկ պիտի լինեն ինստիտուտում, որոհետև շատ են ռեժիսոր դառնալ ցանկացողները, բայց սխալվեցի: Մենք 10 դիմորդ էինք: Ճիշտն ասած, ես վերջին համարն էի ու վերջում պիտի մտնեի քննության: Երբ մի փոքր ժամանակ անցավ, սարսափը վերածվեց հանգստության: Բայց ներս մտնելու պահին հասկացա, որ ես պատրաստ չեմ ստեղծագործելով, բառերից կախվելով, իմպրովիզացիաներով տակից դուրս գալ, բալերս չգոհացրեցին: Երկրորդ օրը նույն ձևով անցավ, առանց փոփոխության: Իսկ երրորդ քննությանս նախորդող օրը զանգ ստացա Գյումրիից, ինձ հետ կանչեցին: Մի խոսքով չընդունվեցի: Անիմաստ տարի:

Իհարկե, պետք է լավատես լինել: Մարդը կարող է ինքնակրթությամբ շատ բաների հասնել: 2018-ը բարդ տարի է լինելու. եռանդուն, ռիթմիկ, նպատակներով լեցուն: Իսկ ես ավելի վճռական կլինեմ, և ուժեղ:

2018 թվականը լավն է լինելու, բարին ընդ ձեզ:

Ամանորյա տնակը

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Եղեգնաձորի Մշակույթի տան կինոդահլիճի դռները բացվել էին, դահլիճը լեփ լեցուն էր թե՛ երեխաներով, թե՛ մեծահասակներով: Բոլորը հավաքվել էին նայելու ռեժիսոր Հրաչյա Հովհաննիսյանի «Անտառի տնակը» խորագրով թատերական բեմականացումը:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Դահլիճը այնպես էին ձևափոխել, որ թվում էր իրական անտառ է: Շնիկի կերպարով հանդես եկած աղջնակը իր խոսքը սկսեց այսպես.
-Այս տարի շան տարի է լինելու, այս տարի իմ տարին է լինելու:
Հետո անտառում սնկերի կողքին հանդիպելով մրջյունին, հարցրեց.
-Էսպես, էս ցուրտ ժամանակ ի՞նչ ես անում մեն-մենակ:
-Էս մեր ծանոթ կողմերում ես մի տաք տեղ եմ փնտրում:
-Խելոք մրջյուն ինձ հետ եկ, չես փոշմանի դու երբեք: Էս մեր ծանոթ կողմերում, էս մեր սիրուն անտառում կառուցելու ենք մի տաք տուն, որտեղ բոլորս միասին կդիմավորենք այս նոր տարին:
Մրջյունը ուրախացավ և միացավ շնիկին, հետո նրանք հանդիպեցին ցրտից մի անկյունում կուչ եկած փիսիկին, որը սկզբում վախեցավ շնից, իսկ հետո ընկերացավ նրա հետ:
Կարծես այն հետաքրքիր մուլտֆիլմերից լիներ, որտեղ անգամ մկներն էին փիսիկի հետ ընկերություն անում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Նրանք միավորվեցին և կառուցեցին իրենց ամանորյա տնակը, իսկ ամեն առավոտ աքաղաղը արթնացնում էր նրանց:
Բայց դե ինչ ներկայացում առանց չար կերպարի, այս դեպքում առանց ծովահենների, որոնցից մեկն ընկերացավ շնիկի հետ, իսկ հետո նրան առևանգեց, ցանկանալով փչացնել ամանորյա տոները: Բայց ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ նույնպես ամեն ինչ ուրախ ավարտ ունեցավ: Ձյունանուշը և շնիկի ընկերները գանձերով լի արկղը տարան ծովահենների մոտ, երկար բանավիճելուց հետո գանձերը իջեցրին ծովի հատակը: Ծովահենները ներողություն խնդրեցին իրենց վատ պահվածքի, չարամտության համար և ազատեցին շնիկին: Իսկ վերջում բոլորը պարեցին, երգեցին միասին: Իսկ երեխաները ուրախ տրամադրությամբ դուրս եկան դահլիճից…

Շնորհավոր Նոր՝ 2018

IMG_5638-2Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

Պարույր Սևակ

tina maqoyan kotayq

Մի նամակի պատմություն, կամ նամակ Մալիշկայից

«Բարև: Արի զրուցենք: Այս անգամ մեկ ուրիշ տարբերակ ընտրեցի քեզ հետ կապվելու: Հետաքրքիր է, չէ՞: Ո՞վ կմտածեր, որ ես ինչ-որ մեկին մի օր նամակ կգրեմ թղթի վրա: Կամ կպատկերացնեի՞ր, որ մի օր ինչ-որ մեկից ձեռագիր նամակ կստանաս: Արի միասին կարոտախտ ապրենք»:

Դասերս էի սովորում ու դրան զուգահեռ երգ էի լսում, կարծեմ՝ The Lumineers-ի Sleep on the floor-ն էր: Հաղորդագրություն էկավ՝ Էլիզան էր.

-Թին, Վահեն ասում ա, որ Աննան քեզ ինչ-որ բան ա ուղարկել:

-Ի՞նձ: Հարցրու՝ ի՞նչ ա:

-Ասում ա՝ մարինադ: Չի երևում՝ բանկան փաթաթված ա:

-Յա, չլինի՞ թթու վարունգ ա ուղարկել,- ինձ հատուկ անհամբերությամբ հարցրի ես (բոլոր մոտիկներս գիտեն, որ թթու վարունգի համար խելքս իմը չէ):

-Ա՞ն: Էդ ի՞նչ ես ուղարկել ինձ:

-Դեռ չի հասե՞լ քեզ: Մոռացա Վահեին զգուշացնեմ, որ մինչև «պայոկը» քեզ չհասնի՝ ձենը դուրս չգա:

-Ան, ասա՝ ի՞նչ ա: Սիրտս կպայթի: Ասա էլի:

-Ոչ մի արտասովոր բան:

-Ասում ա՝ բանկա ա: Մարինադ ա, ինչ ա: Թթու վարունգ ե՞ս ուղարկել:

Աննան մալիշկեցի է, նրա հետ ծանոթացել եմ վիրտուալ: Իմանալով, որ ինքը նույնպես 17-ի թղթակից է՝ նրան ընկերանալու հարցում ուղարկեցի:

«-Բարև:

-Բարև, Աննա ջան:

-Ինձ ճիշտն ասած քո պորտրետը շատ էր դուր գալիս, սիրուն ես:

-Շնորհակալություն: Դու էլ ես սիրուն, Աննա ջան:

-Չէ լավ: Արի ծանոթանանք: Աննա, 17 տարեկան: Սիրում եմ գիրք կարդալ ու ֆիլմեր դիտել, իսկ դու՞:

-Ես էլ 16 տարեկան եմ, ես էլ եմ սիրում գրքեր ու ֆիլմեր, բայց էս ամառը ինչ-որ շատ կարճ ա՝ չեմ հասցնում:

-Մի տեսակ ինձ թվում էր ինձնից մեծ ես ,բայց չէ՝ ավելի լավ, ազատ կշփվեմ: Ո՞րերորդ փոխվեցիր:

-10 փոխվեցի ու մի ամիս անիմաստ ջուրը գցեցի քննությունների պատճառով: (Էս ընթացքում դեռ էն պատմության քննությանը հաջորդած դեպրեսված վիճակն էր)»:

Էսպես սկսեցինք շփվել:

«Դու ինձ ընկերանալու հարցում ուղարկեցիր, ես սիրով ընդունեցի, որովհետև անկեղծ քո նկարն ինձ ամենից շատն էր դուր եկել: Հետո ես գրեցի (որովհետև դու սովոր չես առաջին քայլին), հետո ծանոթություն, ու արդեն իրար համար այն ենք, ինչ կանք»:

 

Մոտ մեկ շաբաթ սպասեցի ուրբաթ օրվան՝ որ Էլիզան «Մանանա» գնա ու բերի «պայոկս»: Ահա և եկավ սպասված ուրբաթ օրը:

-Էլիզ: Բանկաս մոտդ ա՞:

-Բանկա չի: Թուղթ ա:

Բայց պարզվեց, որ մոռացել էր իր հետ բերել, ու ես ստիպված եղա ևս մեկ շաբաթ սպասել:

Ահա և եկավ սպասված ուրբաթ օրը: «Մանանա»: Կարնավալ: Եղվարդ-Երևան ընկած տարածություն: Պատրաստություններ: Ու ես ամբողջ ժամանակ մտածում եմ «պայոկի» մասին:

Արդեն «Մանանայում» ենք: Ներս մտնելուն պես հանձնեցին «պայոկս»: Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր դա: Դե դա էդքան էլ դժվար չէ գուշակել: Նամակ: Հասարակ նամակ: Թղթի վրա գրված ու դրված ծրարի մեջ: Հենց նույն պահին էլ բացեցի ու սկսեցի կարդալ՝ մամայի ասած «ապուշի ժպիտը» դեմքիս: Դե, ժամանակ չեղավ մինչև վերջ ընթերցելու ու մնացածը տանը շարունակեցի:

Հասկանում եմ, գուցե ձեր համար ձանձրալի է սա կարդալը, բայց սա իմ առաջին թղթե նամակն էր: Բայց չէ, մի րոպե: Բա եղբո՞րս նամակները: Դա մոտ 10 տարի առաջ էր՝ երբ զինվոր էր եղբայրս, ու մենք թղթե նամակներ էինք ուղարկում միմյանց: Ես 5-6 տարեկան էի: Հըմ, շեղվեցի թեմայից:

«Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկը քեզ անօգնական ու թույլ համարի: Աշխատիր սեփական խնդիրներիցդ չկորցնել ինքդ քեզ, չփախչել, կամ չշրջանցել դրանք: Էդ քեզ երբեք չի օգնի ու չի տա էն բոլոր հարցերիդ պատասխանները, որոնք կառաջանան մեջդ: Եթե անգամ ներսիցդ ինչ-որ բան կրծում ա, ու դու այլևս անզոր լինես ապրել էս հասարակության մեջ՝ ցույց մի տուր, ցույց մի տուր, որ դու անօգնական ես, որ էլ ուժ չունես՝ դրանով քեզ կվնասես: Համոզված եմ, որ էդպես կանես, ու շատ հարցերում արդեն իսկ արել ես: Դա իրոք մեծ բան ա: Շատերը չեն կարողանում: Հաճախ ես էլ չեմ կարողանում»:

Ան, կհետևեմ խորհրդիդ:

Հա, չմոռանամ ասել, որ ամբողջ օրը նամակը ձեռքիս տան մեջ քայլում եմ, երևի 100 անգամ կարդացել եմ՝ ամեն տառը հատ-հատ, ու իրեն վերաբերվում եմ այնպես, ինչպես «Մատանիների տիրակալը» ֆիլմում՝ մատանուն: «Моя прелесть» (խնդրում եմ էս արտահայտությունը չջնջել):

«Վանիլային» հյուսվածքային ճարտարագիտության դասընթաց

Սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցից նոր էի տուն վերադարձել, բայց չգիտեմ, թե ինչու, այդ օրը տրամադրություն չունեի:
-Անու՛շ, նոր նամակ ունես, ինձ թվում է՝ այն ծրագրից է, որին վերջերս ես դիմել. չե՞ս ուզում տեսնել, թե ինչ է:
-Չէ, մա՛մ, մեկ է՝ ընտրված չեմ լինելու. ո՞վ կընտրի ինձ պես անփորձ դպրոցականին:

Հետո, երբ «այծիկներս հեռացան», (ինչպես մայրս է ինձ կատակով բնութագրում), որոշեցի ստուգել, թե ինչ է գրված: Նամակի առաջին տողը կարդալիս աչքերս փայլեցին, իհարկե, այնպես պայծառ չէ, ինչպես արևը: Բայց  այ, արևի պես պայծառ փայլեցին այն ժամանակ, երբ իմացա, որ ընկերներիցս մեկը նույնպես ընտրվել է, և միասին ենք մասնակցելու Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացին:

Այժմ՝ որքա՜ն ուրախ եմ, որ ստացա այդ նամակը: Եվ  որքա՜ն տխուր, որ կյանքում ամեն բան ունի նաև ավարտ:

Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացն ավարտվեց, որը տեղի էր ունենում Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Դասընթացի ղեկավարը ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն էր՝ լավագույն հայ գիտնականներից մեկը, ով ոչինչ չէր խնայում իր գիտելիքները մեզ փոխանցելու համար, ոգեշնչում էր, իր խորհուրդներով մեզ օգնում ու քաջալերում:

Դասընթացի տևողությունը 4 ամիս էր. ամիսներ, որոնք լի էին նորանոր բացահայտումներով, գիտական փորձերով ու տիեզերքի պես անսահման գիտելիքներով: Մասնակիցներս 12-ն էինք՝ բաժանված 4 թիմերի:Ես ելակի պես կարմիր թիմից էի, որը կազմված էր 3 աղջիկներից՝ աղջիկների աստղային եռանկյուն:

Մասնակիցները տարբեր տարիքի անչափ խելացի ու պայծառ մարդիկ էին, որոնք իրենց փորձը և գիտելիքները պատրաստ էին կիսել միմյանց հետ, օգնել և աջակցել իրար: Ես ամենափոքր մասնակիցն էի, սակայն ոչ մի վայրկյան  ինձ միայնակ չզգացի, որովհետև իմ կողքին կային այնպիսի՜ բարի մարդիկ, որոնք հանդիպում են հեքիաթներում: Անկեղծ ասած, երբ առաջին օրը ուշացած ներս մտա, առաջին վայրկյանից սկսեցի մտածել, որ նրանք ինձանից ավելի մեծ են, խելացի ու բանիմաց, ինչպե՞ս եմ հարմարվելու: Բայց հետո նրանք ժպտացին ինձ իրենց բարի ժպիտներով, աստղերի պես փայլուն աչքերով: Այժմ սա գրելիս հիշում եմ նրանցից յուրաքանչյուրին, հիշում նրանց հետ յուրաքանչյուր օրը և հասկանում, որ հասցրել եմ շատ սիրել նրանց: Այս 4 ամիսների ընթացքում որքա՜ն նոր բաներ սովորեցի, ինչպիսի՜ լավ ընկերներ ձեռք բերեցի, նաև հասկացա, որ ապագայում ուզում եմ գիտությամբ զբաղվել:

Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին  այս ծիածանի պես գունեղ, արևի պես ջերմ, մանդարինի և վանիլի անուշ բույրերով պարուրված ամիսների համար:

«Ով կարողանում է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը»: Այս ասույթը եկավ միտքս, մտածում եմ՝ տեսնես՝ քանի՞ տարով երկարեց կյանքս այս մի քանի ամիսների ընթացքում:

janna sargsyan lori

Սպասված տոնն ու «Տանը միայնակ»-ը

Եթե գոնե մեկ անգամ դիտել ես «Տանը միայնակ» ֆիլմը, ապա կհասկանաս, թե որ տոնի մասին է խոսքս: Նախքան տոնին անցնելը՝ մի քիչ խոսեմ ֆիլմից: 1990 թվականին էկրան բարձրացած այս ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց ֆիլմարտադրության մեջ: Ֆիլմ, որ կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից, ֆիլմ, որ ինչքան էլ դիտես, ամեն անգամ նոր հետաքրքրություն կգտնես, ֆիլմ, որում ներկայացվում է փոքրիկ երեխայի միամտությունն ու խորամանկությունը և, վերջապես, ֆիլմ, որ ազդարարում է Նոր տարվա գալը: Նախատոնական օրերին ամենուր կլսես նույն արտահայտությունը: Վաճառողները բողոքում են, որ առևտուր անող չկա, բնակչությունն էլ բողոքում է գումար չունենալուց և թանկացումներից: Մեծահասակներն էլ, արդեն հոգնած այս ամենից, նստում ու պատմում են, թե իրենք առաջներում ինչպես են նշել Ամանորը, իսկ հիմա Ամանորի համն ու հոտը կորել է: Պատմում են, թե ինչպես են ընտանիքի 6-7 զավակները սահնակներով մի խանութից մյուսը վազել, գնումներ կատարել ու լիմոնադների չխկչխկոցով տուն վերադարձել: Չեն մտածել գումարի մասին, որովհետև ամեն ինչ մատչելի է եղել և հասանելի բոլորին: Նոր տարին էլ դիմավորել են հարևան-բարեկամի հետ մի մեծ ընտանիք դարձած: Բողոքում են նաև ամանորյա սեղանից: Պատմում են, որ իրենց ժամանակ ամեն ինչ բնական արտադրանք էր, քիմիական հավելումներով ոչ մի բան չէին գտնի ամանորյա սեղանին: Մի խոսքով՝ բողոքում, բարկանում, բայց բոլորը նշում են Ամանորը: Չէ՞ որ իսկապես սպասված տոն է:

Հ.Գ. Եթե դեռ չես դիտել «Տանը միայնակ» ֆիլմը, ապա արագ փնտրիր և դիտիր: