Ազատ տարածք խորագրի արխիվներ

Mane Khachatryan

Այլևս մի թվա

Այլևս մի թվա

Շշնջա ականջիս

բառերն այն,

որ ամենաշատն եմ

ուզում լսել,

Ու ինձ կթվա, թե

ամենաբարձր ձայնով հնչում է

երջանկության տավիղը։

Խոսիր ինձ հետ

ամենասովորական բաներից.

Ինձ կթվա, թե

օդում հյուսվում են

ամենասիրուն պոեմները։

Անցիր կողքով իմ

ու հայացքով դիպիր դեմքիս.

Ես կկարծեմ, թե

քնքշության տաք

քամիներն են

փարվել ինձ։

Մոտեցիր ինձ դանդաղ

ու արագ հեռացիր,

Որ կարծեմ, թե ժամանակը

ծոր է տալիս

քո ներկայությունից։

Մեկնիր ձեռքդ

ու հանիր ինձ անհուսության անկումներց.

Ես կկարծեմ, թե ինձ մեկնվել է

կյանքի ալիքների փրկօղակը։

Երբեմն եղիր շուրջս

Ու թող, որ թվացյալ  չլինի

ինձնից դուրս

քեզ զգալը։

Այլեւս մի թվա,

պարզապես եղիր կողքիս։

Գոյություն չունեցող քաղաք

«Բիլեֆե՞լդ, այն գոյություն չունի»,- ասում են Բիլեֆելդում ապրողները։

Բիլեֆելդը գոյություն չունեցող քաղաք է։ Քաղաք, որտեղ տեղի ունեցող ամեն ինչ մնում է այնտեղ։ Այն գոյություն ունի միայն մարդկանց հիշողություններում, որոնք այնտեղ եղել են։

Բիլեֆելդը չափից դուրս հանգիստ է։ Վախենալու աստիճան հանգիստ։ Երբ գիշերվա 11-ին գարեջրատան կողքով անցնելը ավելի ապահով է, քան որևէ այլ տեղ։

Բիլեֆելդը փոքր շենքերի ու սեփական տների քաղաք է, որտեղի մարդիկ նույնպես գոյություն չունեն։ Բիլեֆելդը հեծանիվ քշող թոշակառուների ու շուտ փակվող խանութների քաղաք է։

Բիլեֆելդի բնակիչները անհոգ են։ Երեկոյան նրանք վերցնում են իրենց հեծանիվները, բացովի աթոռները, ծածկոցները և հավաքվում քաղաքի կենտրոնական հրապարակում։

Բիլեֆելդում մարդիկ շուտ են քնում, իսկ նրանք, ովքեր այդ ժամին հրապարակում են, խոսում են շշուկով, ջերմացնող միջավայրում, որտեղ յուրաքանչյուրը ունի իր փոքրիկ գաղտնիքը, որով ուզում է կիսվել։

Բիլեֆելդում եղանակը փոփոխական է․ ցուրտ առավոտյան, անտանելի շոգ ցերեկվա ժամերին և զով երեկոյան։

Բիլեֆելդի մարդիկ հանգիստ են։ Քաղաքը գոյություն չունի, իսկ մարդիկ չհիշվող են։ Փողոցները՝ ոչ մարդաշատ, իսկ կենտրոնական հատվածները՝ մարդկանցով լի։

Բիլեֆե՞լդ հարցնում եք, այդպիսի քաղաք գոյություն չունի։

Մեր ժայռերը

Երեխաները երանության մեջ էին: Գյուղի բլրի հետևից գլորելով դեպի վերև էին բարձրացնում ավտոմեքենայի դեն նետված անիվները ու իրենց ծիծաղի միջից ականջ դնում աշնան արևից չորացած ոսկե խոտի խշխշոցին, որ ծով ալիքի պես կատաղի գալիս  զարնում է հազարամյա ափերին, սրբում տանում ավազե հատիկները, բայց կանգուն թողնում ափը ժայռակերտ: Նրանց համար աշունը նոր չէր և նոր չէր խոտի, չորացած տերևների այրվածքի հոտը, մինչև ոտքի ճաները թաթախված ցեխի ծանրությունը  ու ձեռքերի սև մուրը: Այնտեղ բլրի գագաթին, քարերի արանքից ծակել, դուրս էր եկել մասրենին և արդեն հասցրել էր կարմրել, թոռոմել, թափվել: Երեխաների համար նոր չէր աշնան ցուրտը, պատերազմն էր նոր: Անիվները բլրից գլորվելով իջնում էին դեպի գյուղ, նրանց հետևից` երեխաները: Գյուղում Սահակ պապը ասել էր, որ անիվը տղերքին պաշտպանելու համար է, երեխաներն էլ նստել հաշվել էին գյուղի զինվորների քանակը ու ամեն մեկի համար, ոչ թե մեկ, այլ երկու անիվ ճարել:

Ինքնագոհ կատարած աշխատանքից, գյուղամեջ էին իջնում ու ամեն հանդիպած մարդու պատմում, որ իրենց գյուղի տղերքը անփորձանք տուն են գալու: Այդ մարդկանց դեմքին ժպիտ էր հայտնվում, և ամեն մեկը հոգու խորքում երազում էր, այդ տարիքում լիներ ու երազանքները բավարար լիներ ապրելու համար:

Սահակ պապը, որ գյուղի ամենաիմաստունն էր, իջնում էր երեխաների հետևից ու կռիվ տալիս աշնան մռայլ գույների հետ: Հետը ոչ ոք գլուխ չէր դնում. « Մեծ մարդ է արդեն, որ էն ժամանակ կյանքի հետ լեզու չգտավ, հիմա էլ չի գտնի»,- ասում էին ու անցնում առաջ: Սահակի թոռները բանակում են, նա վաղուց իր տաքարյուն կռիվն ավարտել էր կյանքի հետ, հիմա միայն երկխոսում է: Վաղը, մյուս օր, երբ պատերազմն ավարտվի, այլևս կարիք չի լինելու Թումանյանից իր սիրելի մեջբերումը անելու. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Սահակի կռիվը ավելի շատ աշխարհի հիմարությունների դեմ էր ու առաջվա պես իր սովորական, չկապակցված մտքերը գլխում չէր պահում.

-Ախր, ո՞վ տվեց թուրը հիմարի ձեռքին,- հարցնում էր և ինքն էլ պատասխանում,-մենք տվեցինք, Ավետիք ջան, մենք, որ շատ կարդում ենք` քիչ հասկանում: Կեղծիքն ու սուտը հոշոտում է մեզ, մաքուր բան չի մնացել: Չնայած ոսկին ազնիվ մետաղ է, մի հատ սրբում ես` հավերժ փայլում է, էս երեխեքն էլ կգնան ձեռքերն ու դեմքը մրից կմաքրեն: Էս տարվա աշնան բերք չտվեց` տարավ, հողը մյուս տարի պարարտ կլինի, բերքը` առատ: Մռայլ աշուն է, հույսի շող չկա: Արևն էլ արդեն աշնանն է` մեռնում է դանդաղ, իսկ երազումս ծովն եկել  ոռնում էր լեռներիս վրա, ալիքի ձայնով: Թուրը ձեռքիս կռիվ էի տալիս. ալիքը շատ էր` ինձ կուլ տվեց:

Առավոտյան ավտոմեքենան անիվները բարձեց և սահման տարավ: Երեխեքը խորը շունչ քաշեցին: Մահը տղերքին ավելի շուտ հասավ, քան անիվները: Կեսօրին սար բարձրացան ու լուռ նստեցին ժայռի վրա: Իրենք հասկանում էին, որ ընդամենը մի քանի ժայռ այնկողմ պայթում են հրանոթները, բայց այնպես խաղաղ էին այս լեռները, որ ասես պատերազմը միայն իրենց երակներում էր:

Սահակ պապը գիշերը չկարողացավ քնել: Նա կրկին երազ էր տեսել, թե ինչպես է ալիքը տանում ավազահատիկները: Նա` մի բուռը ավազ, պինդ բռնել էր բռունցքի մեկը, բայց երբ ալիքը եկավ ու հարվածեց դեմքին` ձեռքից գլորվեցին հատիկները:

Արդեն չորս օր է թոռը չի զանգել, փոքր եղբայրը անհանգիստ է: Սահակը պարտադրել էր թոռան մոտ արցունք չթափել: Մայրն ու տատը գիշերն էին լացում, Սահակը նույնպես: Երեխան ամեն ինչ լսում էր:

Նա վաղուց հոգնել էր տան ճնշող լռությունից, ու պապը դա հասկացավ, նստեց կողքը ու սկսեց երգել, երեխան ձայնակցեց, հետո գլխում մի միտք ծնվեց. կայտառացավ, հագավ վերարկուն ու մեն մենակ վազեց դեպի բլուրը: Մտքով անցել էր, որ եղբոր համար անիվները քիչ են, ավելի շատ պիտի հավաքի: Սահակը նայում էր պատուհանից, թե ինչպես էր թոռը բլրի գագաթը հանում անիվները ու գլորում վար: Նրան արդեն զանգել էին` ավագ թոռը տուն չէր գալու, հավանաբար վաղը կբերեն: Ինքը հազիվ էր ոտքի վրա մնում, ասես դարբինները սրտին էր խփում, բայց նա անդադար մտածում էր, թե որքան պիտի էս երեխեքը պատմության մաշված անիվը ժայռն ի վեր գլորեն: