
Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
Չհասցրի գրկեմ փոքրիկ Էլենին, երբ բարևից հետո եղավ նրա այս հարցը: Մի պահ զարմացա, հետո ուրախացա նրա հետաքրքիր մտքերից, ու քանի որ ես էլ շատ կուզեի, պատասխանեցի.
-Հա, բա ոնց չէի ուզենա,- ու ամուր գրկեցի Էլենին:
Ե՞ս եմ դեռ շատ փոքր, թե՞ նա է բավականին մեծացել, կամ գուցե երկուսիս աշխարհներն էլ բախվում են միևնույն տեղում` նրա 6-ամյա աշխարհն ու իմ 21-ամյան:
Հետաքրքիր է, չէ՞, թռչել անսահմանության վրայով ու չհասնել հորիզոնին, այն հորիզոնին, որը թվում է` վերջանում է պատուհանիցս երևացող սարի ու երկնքի հատումից: Այն հորիզոնի, որը այդպես էլ կմնա առեղծված:
Երբ ես հարցրի նրան, պատասխանեց.
-Կուզեի թիթեռ լինել:
(Էլենը կլիներ անչափ գեղեցիկ, կանաչ աչքերով, թմբլիկ թիթեռ):
Գուցե ճիշտ է այն խոսքը, որը կարդացել եմ. «Մարդու ամենամեծ երջանկությունը թռչելն է»: Եթե երջանկություն է, պատկերացնո՞ւմ եք` ի~նչ երջանիկ են թռչունները: Անսահման երջանիկ են: Նրանք կրկնակի երջանիկ են. գիտեն և թռչել, և քայլել:
Ես ու Էլենն էլ չենք կարող թռչել, բայց հո՞ մեր հոգին ու միտքն էլ կարող են հասնել անծայրածիր հեռուները ու թռչե~լ… թռչե~լ…
Ես ուղղակի վստահ եմ, որ բոլորդ էլ լսել եք այսպիսի ազգանուններ, որոնք շատ տարօրինակ ու յուրօրինակ են։ Ես էլ եմ ձերոնցական։ Իմ ֆեյսբուքյան ընկերներում կան այնպիսի մարդիկ, ովքեր ունեն այդպիսի ազգանուններ։ Չկարողացա անտարբեր անցնել իմ այդ ընկերների կողքով որոշեցի բացահայտել, թե ու՞մ անվան հետ է կապված իրենց ազգանունը. և ո՞վ է եղել նրանց պապու պապը կամ պապու պապու պապը։
Եվ այսպես.
Բլոգեր Արգամ Ուստյան
Իմ պապիս պապը եղել է Ավագ Ուստյանը: Ազգանունս առաջացել է ոչ թե անունից, այլ մասնագիտությունից, եթե կարելի է այդպես ասել: Եղել է մի մարդ, ով ունեցել է ձեթի գործարան ու հմուտ մասնագետ է եղել: Նրան ուստա են դիմել, այդտեղից էլ առաջացել է Ուստյան ազգանունը։ Պապուս պապի մասին հետաքրքիր պատմություններ չեմ լսել, բայց պապուս հորը վերաբերող մեկ հետաքրքիր պատմություն կարող եմ հիշել։
Նրա անունը Դանիել է եղել: Բավականին հարգված ու գրագետ մարդ է եղել: Ապրել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ Նրա գրագետ լինելու փաստը տեղի գյուղացիների շրջանում հումորով է ընդունվել, քանի որ Մեծ Պարնի գյուղում հանդիպել է մի պաշտոնյա մարդ, ով խոսել է միայն մաքրամաքուր հայերենով: Տեղյակ եմ, որ գրագետ լինելուն զուգահեռ շատ խիստ մարդ ու պաշտոնյա է եղել։ Մի անգամ մտնում է գյուղի միակ խանութը, որը մեր օրերում կարող է փաբ հիշեցնել: Տեղացի տղամարդիկ տեսնելով, որ իմ պապիկի հայրը մոտենում է խանութին, պայմանավորվում են, որ Դանիելի բարևը չառնեն, ուղղակի հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի այդ փաստին Դանիելը պապը։
Մարդը մտնում է խանութ, գլխարկը հանում ու բարևում է համագյուղացիներին, սակայն բարևն անպատասխան է մնում։ Թարս նայելով նստածներին՝ մոտենում է վաճառողին ու մի շիշ օղի պատվիրում մեկ բաժակի հետ։ Էդ շրջանում սովորաբար մենակ չէին խմում ու, ըստ դրվածքի, նա պետք է նստածներին էլ հյուրասիրեր։ Բայց դե նա մեկ բաժակ էր ուզել։ Վաճառողը բացում է շիշը, լցնում բաժակը։ Վերցնելով բաժակը, այն մոտեցնում է օղու շշին ու ասում.
-Խմենք կենդանի մեռելների կենացը, ովքեր լսում են բայց չեն խոսում։
Կարատեի հրահանգիչ, WSKF Եվրոպայի երեք մրցանակակիր և Ասիայի WSKF 2 մրցանակակիր Ալբերտ Թեվատրոսյան
Մեր ազգանունը ստացել ենք իմ պապի պապու անունից՝ Թեվատրոսից։ Պապիս պապը եղել է Պարսկաստանի Խոյ քաղաքից։ Ազգանունս իսպաներենից թարգմանած նշանակում է Աստվածափայլ։ Ցավոք որևէ հետաքրքիր պատմություն չգիտեմ կապված նախնիներիս հետ։
Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» ծրագրի խմբագիր Սոսի Խանիկյան
Ըստ իս, իմ ազգանունը կոնկրետ ոչ մեկի անվան հետ կապված չէ։ Ուղղակի իմ մեծ պապիկը անհավանական հարուստ և իշխանական մարդ է եղել։ Նրան աղա Սեդրակ են ասել։ Կարծում եմ ազգանունս՝ Խանիկյան, կազմված է հենց աղա բառի հոմանիշ հանդիսացող «խան» արմատից։ Նա գաղթեցրել է ամբողջ Կողբը, այսինքն կարողացել է այնպես անել, որ ի տարբերություն մյուս վայրերի, այդտեղ հայերին չկոտորեն։ Նա բոլորին ապահովել է տներով և նրանց անվնաս հասցրել է այնտեղ։ Չնայած այն հանգամանքին, որ եղել է դաշնակցական՝ շատ մոտ է եղել Աղասի Խանջյանի հետ։
«Համազգային Թատրոն» ստուդիայի ուսանող, մշակութաբան ու ապագա դերասան Արտավազդ Կլեկչյան
Ազգանունս որևէ մեկի անվան հետ կապ չունի։ Արմատներով Տավուշի Թովուզ ցյուղից ենք։ Իմ նախնիները Թովուզում զբաղվել են կլեկությամբ (պղինձ, ալյումին փայլեցնել)։ Կլեկել նշանակում է` փայլեցնել։ Էդտեղից էլ եկել է ազգանունս։ Երեք եղբայր կլեկչիներ են եղել։ Կլեկչյանների ցեղը սկիզբ է առել այդ երեք եղբայրներից ու հետագայում ճյուղավորվել։ Իմ ճյուղի սկզբնավորողը Հովհաննեսն է եղել։ Իրեն նաև Օգան (քանի որ ռուսերենը ավելի տարածված է այդ կողմերում, օգտագործել են Օհանի ռուսերեն տարբերակը)։ Օգանի ճյուղի վերջին ու միակ տղա Կլեկչյանը ես եմ։ Կլեկչյաններս շատ քիչ ենք ու բոլորս իրար ինչ-որ կերպ բարեկամ ենք գալիս, բայց դե բոլորս իրար չենք ճանաչում։ Օգանի մյուս եղբայրների անունը անկեղծ ասած չգիտեմ։ Օհանի (Օգան) հետ կապված գիրք կա գրված։ Լեգենդներ են պտտվում իր անվան շուրջ։ Ասում են, իբր ինքը ամիսներով անտառներում է եղել ու առանց զենքերի, օգտագործելով միայն ձեռքերը, գայլ ու արջ է սպանել։ Բոլոր Կլեկչյաններիս աչքերը շատ սիրուն ընդգծված է ու իրար շատ նման։
Իրանագետ Հասմիկ Գյոզալյան
Մեր ազգանունը վաղնջական ժամանակներում Հաճի-Կյուզելյան է եղել։ Մերոնք Հաճի են անվանվել, որովհետև գնացել են Երուսաղեմ ուխտի։ Հետո ջարդի տարիներին Կ.Պոլսից գաղթել են Երևան ու ստիպված են եղել ազգանունը փոխել Գյոզալյան։ Բայց թե որտեղից է եկել այդ ազգանունը, չեմ կարող ասել, չգիտեմ։ Պապիս՝ Գրիգորը, երաժիշտ է եղել, պապիկիս պապան՝ Սուրենը, մսավաճառ, իսկ պապիկիս պապիկը՝ Հարությունը, վաճառական։ Ճիշտն ասած, ես փոքր եմ եղել, որ պապիկս մահացել է, ու շատ բան չեմ հասցրել լսել նախնիներիս մասին։
Չեխիայի Թոմաս Բատայի համալսարանի ուսանող և տուրիստական խորհրդատու Արսեն Ջոմարդյան
Ջոմարդը պարսկերեն բառ է։ Այդ ազգանունը բացառիկ է, ու միայն մեկ տոհմի է պատկանում, այսինքն` բոլոր Ջոմարդյաններն իրար բարեկամ են։ Պատմությունը կարծեմ սկսվում է 1819 թվականից, երբ իմ նախապապը (մոտ 20 տարեկան) գութան անելու սեզոնի ժամանակ իր գութանի գործը թողնում ու օգնում է հարևանին վերջացնել իր գործը՝ իրենն անտեսելով։ Դա չլսված բան է եղել գյուղում։ Հարևանը այդ ժամանակ ասել է. «Էս ինչ ջոմարդ մարդ ա», այսինքն, էս ինչ առատաձեռն է, որ ամեն հարցով օգնում է։ Դրանից հետո բոլորը սկսում են իրեն դիմել ջոմարդ։ Ջոմարդը հետագայում դառնում է Ջոմարդյան։ Ջոմարդ պարսկերենից թարգմանած նշանակում է առատաձեռն:
Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.
-Սարգի՛ս դայի, տունդ վառվում ա:
Բոլորը վերցնում են ձեռքի տակ եղած դույլերն ու վազում հանգցնելու այրվող տունը:
-Թողեք, թողեք վառվի տունս, որ ուշս դբեդ չմնա,- լսվում է Սարգիս պապի ձայնը: Ժողովուրդը քարանում է: Այրվում է գյուղի պահեստապետի տունը, այրվում են հյուրընկալությամբ ու ջերմությամբ լցված տան պատերը: Սարգիս պապը լուռ է: Նրա աչքերի առաջ այրվում է տունը, որի հետ կապված է նրա ողջ կյանքը: Ահա բոցը բացում է իր երախն ու վերածում հսկա տունը մի կույտ մոխրի…
Իսկ հիմա արի մի պահ տեղափոխվենք Ճամբարակ: Մոտենում ենք Ճամբարակին: Ճանապարհի եզրին մարդկանց մի մեծ ամբոխ է հավաքվել: Բոլորի անհանգիստ հայացքներն ուղղված են Ճամբարակից Արծվաշեն տանող ճանապարհին: Նրանք սպասում են ավտոբուսին. հասարակ մի մարդատար մեքենա, որի վերադարձը պիտի որոշի այս մարդկանց ապագան: Ավտոբուս, որը կվերադառնա՝ իր հետ բերելով ուրախություն, կամ էլ կզրկի այս մարդկանց երջանիկ լինելու իրավունքից: Ավտոբուս, որն ուղևուրվել է Արծվաշեն՝ այս մարդկանց բարեկամների ու հարազատների կյանքը փրկելու: Ահա և հայրս՝ Գրիգորը: Նրա հայացքն ուղղված է ճանապարհին, իսկ սիրտն այրում է միայն մի ցանկություն՝ կրկին տեսնել պապին…
Վերջապես ավտոբուսին հաջողվում է գյուղ մտնել: Գյուղացիները քայլում են դեպի ավտոբուսը, և բոլորին միայն մի հարց է հուզում. «Ինչու՞ Սարգիս դային չփրկեց իր տունը»: Սարգիս պապը շրջվում է, նայում գյուղին ու պատասխանում.
-Ես էս գյուղը էլ էրեխա չեմ բերի:
Նա առաջ է քայլում, գիտակցելով, որ ընդմիշտ հեռանում է այս գյուղից: Նրա մեջքի հետևում է մնում իր ծննդավայրը, այրվող տունը, կնոջ՝ Նազանի գերեզմանը: Հասնում են ավտոբուսին…
Ճանապարհի վրա հայտնվում է ավտոբուսը: Հուսահատված մարդիկ աչքերին չեն հավատում… Բայց գալիս է, կասկած չկա, գալիս է… Գալիս է ավտոբուսը, որն իր հետ բերում է անսահման երջանկություն, ու միմյանց է հասցնում օրեր առաջ մեկնված ձեռքերը: Գրիգորը խառնված ամբոխի մեջ իր պապին է փնտրում: Ավտոբուսի դռներում հայտնվում է Սարգիս պապը ու հաջորդ վայրկյանին նրան արդեն ամուր իր կրծքին է սեղմում Գրիգորը…
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամռան ձանձրույթին անփոխարինելի է ճամբարը: Նոր ընկերներ, նոր շրջապատ և նոր միջավայր: Եվ ահա հուլիսին11-ին վաղ առավոտյան ավտոբուսը, որի վրա գրված էր «Երևան-Լոս Անջելես», շարժվեց Օձուն (ես էլ մտածում էի ճանապարհին, թե ինչի են մարդիկ փողոցից զարմացած մեզ նայում և անգամ բարևում):
Երբ հասանք, տղաներն արդեն տեղադրել էին վրանները, և իմ առաջին ու վերջին տխուր միտքը եղավ, թե ինչպե՞ս եմ այս ցրտին մնալու վրանում:
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Այս ծրագրի նպատակն էր երիտասարդների մեջ ավելի խորացնել հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդույթները: Եվ հենց այդ պատճառով էլ մասնակցում էինք ժամերգություններին, պատարագներին, աղոթում հացից առաջ և ստանում հոգևոր դասեր: Իհարկե, առօրյա կյանքում ժամանակ չի մնում այս ամենի համար, բայց պետք է աշխատենք գոնե այս ամենի կեսի կեսը անել:
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում խաղացինք մի խաղ, որն այսպես էր կոչվում «Գաղտնի ընկեր»: Բացատրեմ, թե ինչպես էր՝ թղթերի վրա գրված են աղջիկների անունները, որոնք քաշում էին տղաները, և հակառակը: Եվ մեկ շաբաթվա ընթացքում նրան տալիս ես նվերներ, գաղտնի:
Դե էլ ինչ ճամբար առանց ուխտագնացությունների: Առաջինը եղավ ոտքով դեպի Հովնան Օձնեցու դամբարան, Արդվի գյուղ: Ճիշտ է, շատ հոգնեցինք, բայց հետաքրքիր էր: Երկրորդը դեպի Սանահին, որն ուղղակի հիասքանչ տեղ էր:
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամեն օր մի ջոկատ անցնում էր հերթապահության: Եվ բոլորն էլ ոգևորված անցնում էին գործի, որպեսզի լավագույնը լինեին: Մեկը ծաղիկներ էր դնում սեղանին, խրատներ, մյուսը անձեռոցիկները մեկ այլ ձևով էր դասավորում, ինչպես նաև շնորհակալական խոսքեր: Մեզ՝ հերթապահներիս, թվում էր, թե հենց նոր նախաճաշեցին, և դեռ անցել է կես ժամ, երբ եկավ ճաշի ժամը:
Մեր վրանը այդպես էլ ամենամաքուրը չճանաչվեց, չնայած աղջիկներով էինք:
Ահա և վերջին օրը: Բացահայտվեցին բոլորիս «գաղտնի ընկերները», իրոք շատ հետաքրքիր էր:
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ինչպես կարող եմ ես մոռանալ այն 7 օրը, երբ վրանի մեջ քնելուց անգամ տեղ չունեի ձեռքս երկարացնելու, թե ինչպես էինք միջատներից պաշտպանվելու համար բամբակներով փակում ականջներս, այն անուշաբույր խնկի հոտը, հերթապահության ժամանակ շա՜տ ու շա՜ տ ափսեներ չորացնելը, ու ոնց էին մնացածը գալիս ու հարցնում՝ ինչո՞վ օգնենք: Մեր բոլորիս ծիծաղը, ուրախ հումորները, ինչպես կարող եմ մոռանալ առավոտյան մարմնամարզությունը, ժամերգությունները: Իրոք, ճամբարը շատ բան տվեց, թե հոգեպես, և թե ֆիզիկապես: Այս ամենի համար շնորհակալ եմ առաջին հերթին Խաչիկ դպիր Վարդանյանին (ում չկարողացա ոչ մի պահ հարմարեցնել և դիմացից նկարել), ով մի տեղից մյուս տեղն էր վազել, որպեսզի մեզ համար հովանավորներ գտներ, և իրականանար ճամբարը: Այնքան եմ ուզում նորից լսել, թե ինչպես էր նա ամեն անգամ երգում երեկոյան, և նոր միայն բարի գիշեր ասելով շտապում էինք քնելու: Այնքան հոգնած էինք լինում, որ ոչ մտածում էինք միջատների մասին, ոչ նեղված քնելու և ոչ էլ այլ դժվարությունների մասին:
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Շնորհակալ եմ մեզ հովանավորողներին ՝ Արագածոտն թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Սուրբ Մարիանե եկեղեցու ծխական խորհրդին և մի խումբ այլ բարերարների, մեր ջոկատավարներին և իհարկե, իմ լավ ընկերներին:
Այնտեղ կարծես, թե կտրված էինք ամեն ինչից և տեղյակ չէինք երկրի լարված իրավիճակից, որը մի կողմից լավ էր, մյուս կողմից՝ վատ:
Տատիկիս բացօթյա պատշգամբում ամեն տարի գարնանը իրենց բներն են հյուսում մեր փոքրիկ հարևանները՝ ծիծեռնակները: Ամեն օր նստում եմ այդտեղ ու երկար նայում նրանց: Շատ հետաքրքիր թռչուններ են. գեղեցիկ ու հիանալի ձայն ունեն: Երբ այս գարնանը եկան, բները նորոգեցին, ձու ածեցին ու երկար տաքացրին, մինչև դուրս եկան ձագերը: Իսկ հետո տեսնում էի, թե ինչպես են հոգատար ծնողները հերթով կեր բերում դեռ անփետուր ձագուկներին: Մի օր էլ լսեցի ձագուկների ծլվլոցը և տեսա, թե ինչպես են գլուխները հանել փոքրիկ բնի միջից, ու սպասում իրենց ծնողներին: Իսկ նրանք, ինչպես միշտ, հերթով կեր են հասցնում փոքրիկ ձագերին:
Այդ ժամանակ հասկացա, որ փոքրիկ թռչունները ոչնչով չեն տարբերվում մարդկանցից: Նրանք էլ հոգատար ծնողներ են: Մարդու նման կարող են գուրգուրել ու փայփայել իրենց ձագերին և, հարկ եղած դեպքում, դուրս գալ թշնամու դեմ ու պաշտպանել նրանց:
Ահա արդեն երրորդ տարին է, ինչ մենք՝ Վայքի ակտիվ երիտասարդներս, կազմակերպում ենք ամառային ճամբար, որին մասնակցում են 6-15 տարեկան երեխաներ, ովքեր կտրվում են համակարգչից ու պարապ չեն մնում:
Մի փոքրիկ պատմություն ճամբարի նախապատրաստական և առօրյա կյանքից:
Նախորդ երկու տարիներին կամավորական աշխատանք ենք կատարել Սյունիք ՀԿ-ի հետ, և ամեն ինչ շատ բարեհաջող էր ստացվել: Տարածքի, երաժշտության և այլ նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնել:
Այս տարի առաջարկություն ստացանք մեկ այլ ՀԿ-ի հետ սկսել ճամբարը: Սակայն մինչ ճամբարը սկսելը, ՀԿ-ի տնօրենը մեզ տարածք և երաժշտություն էր խոստացել, բայց չտրամադրեց: Ճամբարային առաջին օրվա ծրագիր էինք գրել ու շատ հետաքրքիր, բայց ապարդյուն… Քանի որ իր խոստացած երաժշտությունը չկար, որ կարողանայինք անել այն, ինչը որ մտածել էինք: Նա խոստացավ, որ վաղը կլինի, բայց… Անընդհատ վաղը պետք է լիներ, բայց չեղավ:Վերջապես գտնվեց մի ծնող, ով իր տան երաժշտական սարքը վստահեց մեզ: Տարածքի առումով էլ տրամադրեց ընդամենը մեկ սենյակ, այն էլ երեխաներին գրեթե չէր կարելի ներս մտնել: Մենք էլ ստիպված հով տարածքներ էինք փնտրում դրսում՝ արևից պաշտպանվելու համար: Այդ սենյակն ու շենքն էլ մենք աղջիկ ջոկատավարներով ամեն օր մաքրում, հավաքում նոր դուրս էինք գալիս: Արդեն չէինք կարողանում այդպես շարունակել, ուստի որոշեցինք գնալ քաղաքապետարան (քաղաքապետն էր հովանավորել, որպեսզի երեխաների համար գրենական պիտույքներ գնեինք), խնդրեցինք կա՛մ մեզ տարածք տրամադրել, կա՛մ ավելի լավ է այսքանով ավարտենք ճամբարը: Նա էլ զանգեց ՀԿ-ի տնօրենին, և մի կերպ բացեցին տարածքի դուռը:
Երեխաների հետ աշխատելն իրոք հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, աշխատատար և հոգնեցուցիչ: Չնայած այս ամենին, ամեն-ինչ շատ բարեհաջող ավարտվեց: Եղավ մեր փակման միջոցառումը: Մտածում էինք՝ լավ չի լինի, բայց սխալ էինք ենթադրում, շատ լավ անցավ: Երեխաներն ու ծնողները շատ գոհ էին, և ցանկանում էին, որ շարունակվի այս ծրագիրը:
Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին երգել, պարել, սպորտով զբաղվել, ձեռքի աշխատանքներ կատարել, նկարել, թատրոնում խաղալ:
Մի խոսքով, ունեցանք նյարդային, ուրախ, հոգնած ու հետաքրքիր 10-օրյա ամառային ճամբար:
Օգոստոսի տասն էր։ Ճամբար գալուս մնացել էր երկու օր, բայց ես գնացել էի խոտ հավաքելու։ Ասեմ, որ մեր հողերը, որոնք մենք հնձում ենք, մոտ երեսուն հեկտար տարածք, գտնվում են ադրբեջանական սահմանից 200-300 մետր հեռավորության վրա, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում այդ հողերը հնձել։ Պատահել է, որ մի անգամ ադրբեջանցիներն այրել են ամբողջ երեսուն հեկտար տարածքը։ Գնում ենք մոտիկ գյուղերից հողեր ենք առնում ու հնձում։
Ես այնքան էի հոգնել, որ տուն հասնելուն պես քնեցի։ Առավոտ շուտ ընկերս զանգեց.
-Ալո։
-Բայլուս, Դավ։
-Բայլուս։
-Ի՞նչ կա։
-Բան չկա։
-Խո՞ւ քնած չէիր։
Ես ասացի, որ քնած չէի, բայց իրականում քնած էի, խաբեցի, որ ընկերս իրեն վատ չզգա։
-Դավ, գնում ենք խոտի, կարո՞ղ ա գաս։
-Հա, բա ոնց, տասը րոպեից ձեր տանն եմ, սպասի։
-Լավ։
Ես արագ հագա շորերս ու վազեցի։ Մենք գնացինք, խոտն արդեն հնձած էր։ Հօգուտ մեզ, մենք շատով էինք ու այդքան էլ չհոգնեցինք, արագ-արագ հավաքեցինք ու նստեցինք, սպասեցինք, որ պրեսսը (մամլիչը) գա։ Պրեսսն ուշանում էր, իսկ տղաներից մի քանիսը գործ ունեին ու չկարողացան սպասել: Նրանք գնացին, մնացինք չորս հոգով։ Պրեսսը մի քիչ հետո եկավ։ Մենք արագ գործի անցանք, որովհետև արդեն շատ ժամանակ էինք կորցրել սպասելով։ Մենք տուկը կապեցինք, բարձեցինք մեքենաներին ու տուն վերադարձանք։
Շատ էինք հոգնել, որովհետև 257 հատ տուկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 20 կիլոգրամ, չորս հոգով բարձեցինք մեքենաներին։ Ւմ մեջքը ցավում էր ու նաև գործ ունեի. պետք է տեղ գնայի, բայց չէի կարող ընկերներիս մենակ թողնել։ Մենք արագ դատարկեցինք, ու ես շուտ գնացի։
Իսկ հաջորդ օրը ես եկա ճամբար։
Երևի չնկատեցիք, թե մեջքս ոնց էր ցավում…