
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Ամառային արձակուրդները Լոնդոնի ազգային պատկերասրահում

Եվ ամեն ժամ դու այլ ես

Ամառային արձակուրդները Բրիտանական թանգարանում

Առավոտ՝ 8:35, կիրակի օրը տանը մնալու մտքեր
Ամբողջ շաբաթվա ցանկությունդ կիրակի օրը մի քիչ երկար քնելն է, բայց գյուղն այլ պլաններ ունի: Առավոտ 8:35 է, առաջիկա 3 ժամն արթնանալու միտք չունես, երբ մեքենայի բարձր ազդանշան ես լսում: Սկզբում թվում է` երազումդ քեզ հետապնդող ավազակախումբն է ազդանշան տալիս, որ կանգնես, հետո քիչ-քիչ վերականգնվում է գիտակցությունդ, արթնանում ես, զգում արևի շողերն աչքերիդ մեջ ու հասկանում, որ աղմուկը ձեր փողոցից է:
Ինչ-որ մեկը որոշել է բանջարեղենն առավոտ շուտ վաճառել, որ հասցնի տարածքի բոլոր գյուղերում շրջել, հերթով բակերում կանգնել ու գյուղի կանանց հետ լոլիկի գնի շուրջ երկար վիճել, խնդրել, որ խառը լցնեն, ոչ թե միայն գեղեցիկներն ու լավերն ընտրեն. ախր, էդպես օրվա վերջում ոչ ոք այլևս ոչինչ գնել չի ուզի:
Ազդանշանը չի դադարում, որովհետև վաճառողը պետք է համբերատար սպասի, մինչև մարդիկ կհասկանան, որ ինչ-որ բան են վաճառում, դուրս կգան` տեսնելու, թե ինչ է, հետո կստուգեն` արդյոք իրենց ինչ-որ բանջարեղեն պե՞տք է, հետո գումար կվերցնեն ու կգան դուրս: Իսկ այդ ամբողջ ընթացքում դու լսում ես ազդանշանն ու կրկնում` ինչի՞ համար, աստված իմ, ընդամենը մի օր պիտի մի քիչ երկար քնեի:
Եթե անգամ քո իրավունքներին տեր կանգնող մեկն ես, որ ցանկացած այլ պարագայում պատրաստ է դուրս գալ ու պահանջել` այլևս աղմուկ չանել ու չխանգարել անդորրը, գյուղում այդ մտքերն անգամ չեն էլ ծագում գլխումդ. այստեղ մարդկանց օրը սկսվում է ժամը 7-ից, ամռանը` 6-ից: 8:35-ին մարդիկ իրենց երկրորդ սուրճն են խմում ու գործերի մեծ մասն արդեն արել են, իսկ դու համարձակվելու ես գնալ ու պահանջել, որ մարդն իր բանջարեղենը չվաճառի՞:
Գյուղի խաղաղության մեջ առավոտյան ամեն ձայն բարձր ու հնչեղ է. երբ ոռոգման ժամանակն է, ջրի համար հարևանների վեճերն են արթնացնում, շաբաթվա մեջ մեկ օր աղբ հավաքող մեքենան է գալիս, մյուս օրը` ջուր վաճառող, հանգստյան օրերին էլ մեկն անպայման կորոշի առավոտ շուտ բանջարեղեն վաճառել: Երբ, միևնույն է, արդեն արթնացել ես, առաջին պահի զայրույթդ անցել է, սկսում ես սիրել գյուղի աղմուկը, հատկապես` ամռանը, հատկապես, երբ դեռ արևը չի վառում, բայց կա, ու մարդիկ լուսաբացի հետ նոր օրվա կյանքն ու աշխատանքն են ազդարարում:

Վերջին զանգ, Արցախ

Մշուշի մեջ

Ժուկով-ժամանակովից մինչև Իսրայել
Այսօր իմ կյանքում շատ կարևոր օր է։ Ասում են` կարևոր օրերը պատահական են գալիս։ Այդպես է, որ կա։ Ես երեկ իմացա, որ իմ հայրենի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տանը տեղի է ունենալու հանդիպում ընթերցասերների ու պարոն Հովիկ Չարխչյանի միջև։ Անկեղծ ասած, նախկինում նրա գրքերի մասին լսել էի, բայց չէի մտածել հեղինակին հանդիպելու մասին։ Այսպես, մի քանի բան նրա մասին կարդալուց հետո և իհարկե Սևակի մասին զրուցելու մեծ ցանկությամբ, ես ու իմ բանասեր ընկերը ճանապարհ ընկանք դեպի մեր քաղաքի ամենագունեղ շենք։ Կարմրահեր այս շենքի ներսում հեզ հարսի պես թաքնված է Բյուրեղավանի համայնքային գրադարանը։ Այստեղ կան բազում գրքեր` դասական և ժամանակակից գրողների գլուխգործոցները։
Ճանապարհին ուժեղ քամի էր, հետո անձրև սկսվեց, բայց տաղանդաշատ գրողին բացահայտելու ցանկությունը ամեն ինչ մոռանալ տվեց։ Եվ ահա այդ տպավորիչ հանդիպման հույզերով եկել եմ կիսվելու ձեզ հետ։
Պարոն Չարխչյանը շատ անմիջական ու անկեղծ գրող է։ Նա հեղինակ է մի շարք գրքերի, որոնցից թերևս ամենաընթերցվածը «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» փաստագրական վեպն է։ Բնականաբար մեր զրույցը կիսատ կլիներ առանց Սուլամիթայի մասին խոսելու։ Հարցին, թե նա հանդիպե՞լ է Սուլամիթային, գրողը պատասխանեց, որ Իսրայելում ապրող տիկնոջ հետ միայն հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով է կապ հաստատել և ի վերջո ձեռք բերել Սևակի և Սուլամիթայի արժեքավոր նամակները։
Արիստոտելի, Ռեմարկի, Սելինջերի ու շատ այլ հռչակավոր մարդկանց մասին խոսեց պարոն Չարխչյանը. իսկապես հաճույք էր նրան լսելը։ Նա մեզ պատգամեց լինել հետաքրքրասեր և հաճախ տալ «ինչու» հարցը։
-Երբ ասում ենք` ժուկով-ժամանակով, այդ բաղադրյալ բառի մեջ ի՞նչ է նշանակում ժուկովը,- ծիծաղկոտ հայացքով հարցրեց նա, ապա նկատելով մեր անորոշ հայացքը` շարունակեց։- Ժուկովը առասպելական ծերունի է, ով ժամանակն է խորհրդանշում։ Նրա ամեն ձեռքում մի կծիկ կա։ Երբ սև կծիկը վեր է բարձրացնում` մթնում է, իսկ երբ սպիտակ կծիկն է բարձրացնում` բացվում է լույսը։ Նման հարցեր հաճախ տալով ու փորձելով բացահայտել տարբեր երևույթների պատճառը, դուք ավելի կհարստանաք գիտելիքներով։
Հեղինակության մասին խոսելիս պարոն Չարխչյանը մտաբերեց Արիստոտելի մասին մի պատմություն, թե ինչպես նա պնդում էր, որ ճանճը չորս ոտք ունի, և միայն շատ դարեր անց մի մարդ համարձակվեց ասել, որ իրականում ճանճը չորսի փոխարեն վեց ոտք ունի։ Ի վերջո պարոն Չարխչյանը նշեց, որ իր համար անկարևոր են փառքն ու հեղինակությունը ու սիրում է գրելու գործընթացը և հավելեց, որ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքը լավ կատարենք, ամեն բան լավ կլինի, ու հայրենիքը կշենանա։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։
Քանի դեռ հայ գրականությունը ունի Հովիկ Չարխչյանի նման գրողների, մենք հարատևելու ենք սերնդեսերունդ։ Թումանյանի հաջորդները նույնպես կարող են լուսավորել մեր կյանքը իրենց յուրահատուկ մտածողությամբ, պարզապես պետք է արժանի ձևով գնահատենք մեր բոլոր ժամանակների մեծերին։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն…

ԵՊՀ օրեր մարզերում
Հայաստանի մայր համալսարանը «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրն էր իրականացնում այս շրջանում։ Նպատակը` աշակերտներին իրազեկելը, մեր համալսարանի ողջ կառուցվածքին ու գործառույթներին ծանոթացնելն ու մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելն էր։ Ես էլ ծրագրի մասնակիցներից էի և մեծ հպարտությամբ ներկայացնում էի հայ բանասիրության ֆակուլտետը, իսկ տպավորություններով չկիսվել չէի կարող։
Եղա մի քանի քաղաքներում և հիացա շատ աշակերտների՝ մայրենիի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ։ Բայց այդ հետաքրքրության կողքին նաև շատերի կողմից անտարբերություն կար։ Թերևս ամենահաճելի պահերից էր այն, որ մոտենում էին դպրոցի ուսուցիչները և հարցեր տալիս մեր ֆակուլտետի կրթական մակարդակի, կրած փոփոխությունների վերաբերյալ, ուսումնասիրում մեր ցուցադրած գրքերը։ Այդ դպրոցներում, կարծում եմ, հայոց լեզուն և գրականությունը բարձր մակարդակով են ուսուցանվում։ Համենայնդեպս տպավորությունն այդպիսին էր։
Եվ առհասարակ, եթե տվյալ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը իր մասնագիտությամբ հետաքրքրված չէ, եթե չի կարողացել աշակերտների մոտ հետաքրքրություն և սեր առաջացնել ամենաազգապահպան մասնագիտություններից մեկի նկատմամբ, ապա հազիվ թե տվյալ դպրոցի աշակերտներից մեկը մի օր որոշի գալ հայ բանասիրության ֆակուլտետ։ Շատ ուսուցիչներ պարզապես արժեզրկում են այն, ինչի ջատագովը պիտի լինեին։ Ինչո՞ւ։ Հավանաբար այն պատճառով, որ ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ են պարզապես և իրենց ոլորտում որևէ աճ գրանցել չեն կարողացել։ Բայց ես ճանաչում եմ բանասերների, ովքեր երբեք չեն լճանում, միշտ գնում են նոր հնարավորությունների ետևից, և իրենց աշխատանքն էլ տալիս է սպասված պտուղները նաև նյութականի տեսքով։ Ավելի լավ մասնագետ դառնալու, առավել լավ կյանքով ապրելու հնարավորություններ միշտ էլ կան, իսկ ցանկությո՞ւն…
Իհարկե, նոր սերնդի հետաքրքրությունների շրջանակի համար միակ պատասխանատուն ուսուցիչը չէ, և շատ հաճախ նա էլ անզոր է գտնվում։ Բայց արժե՞ հույս ունենալ, որ օրերից մի օր կվերանա բանասիրության նկատմամբ եղած թերահավատությունն ու սխալ ընկալումը։ Այո՛, արժե, որովհետև ես շատ աշակերտների աչքերում տեսա այն կայծը, որը մի օր հրդեհի վերածվելով՝ կփոշիացնի այս անտարբերությունը լավագույն մասնագիտություններից մեկի նկատմամբ։
Ալավերդի քաղաքում մեզ մոտեցան քույր և եղբայր՝ համապատասխանաբար 4-րդ և 2-րդ դասարանի աշակերտներ, որոնք իրենց քաղցր մանկական լեզվով ասացին, որ սիրում են մեր մայրենին և օտար լեզուների նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն ունեն։ Արդեն հասցրել են սովորել մի քանի լեզուներ, և մեծ է ցանկությունը՝ այլ լեզուներ ևս սովորելու։ Հենց այս փոքրիկների շնորհիվ է մի օր ամեն ինչ փոխվելու, և դրա համար նրանց կողքին ենք լինելու մենք՝ նրանց ավագ ընկերները, ծնողներն ու ուսուցիչները։
Սիրելի՛ ուսուցիչներ և ծնողներ, հեռո՛ւ և մո՛տ բարեկամներ, ավա՛գ ընկերներ, երեխաներին թևեր տվեք իրենց երազած ուղով գնալու. դա կլինի ճանապարհ դեպի բանասիրություն, տնտեսագիտություն թե փիլիսոփայություն, կարևոր չէ։
Կարևորը` լինի իրենցը, իրենց բնությանը և ցանկություններին համապատասխան։ Ինչ-որ մասնագիտություն մի դարձրեք ժամանակակից և սահմանափակեք երեխայի ընտրության հնարավորությունը։
Բանասիրությունը գիտության լավագույն ճյուղերից մեկն է, և այն չի սահմանափակվում միայն ուսուցչի աշխատանքով։ Գրեթե բոլոր ոլորտներում էլ պահանջվում են բանիմաց ու շնորհալի լեզվաբաններ։ Բայց եթե նույնիսկ միակ հնարավոր աշխատանքը ուսուցչինն է, ապա եկեք ճիշտ գնահատենք այդ աշխատանքի կարևորությունն ու անփոխարինելի դերը սերունդների դաստիարակման գործում։