Ազատ տարածք խորագրի արխիվներ

milena movsesyan

Մենք սիրում ենք հեքիաթներ

Մենք սիրում ենք լսել հեքիաթներ։ Այնտեղ ամեն ինչ այնքան ուրիշ է, գունավոր է, պայծառ ու անթերի։ Ու մենք խաբվում ենք, տարվում ենք երևակայական ու հորինված այդ աշխարհով, հավատում ենք, որ սերը պիտի հաղթի, որ վերջում բարին պիտի վարակի չար հերոսին։

Սիրում ենք, երբ մեզ համար գեղեցիկ սուտ են հորինում ու վախենում ենք հիշել, որ դա դատարկ ու մտացածին մի բան է։ Մենք մեր առօրյայից հեռանալու համար պատրաստ ենք հավատալ ամենաֆանտաստիկ ֆիլմերին, ծովահենների արկածներին, խոսող մեքենաներին, ակերի վրա շարժվող քաղաքներին, ավատարների երկրի փայլփլուն բնությանը, տարօրինակ գազանների ու վամպիրների գոյությանը։

Մեզ խաբում են, որովհետև հնարավոր չէ այլմոլորակայինին սիրահարվել, անմահ լինել, կերպարանափոխվել, նստել գորգին ու հասնել աստղերին։ Մենք գիտենք, որ ձիերը թռչել չեն կարող, իսկ թռչունները խոսել չգիտեն։ Գիտենք, որ մեկ համբույրով կամ արցունքի կաթիլով մարդուն կյանք չես վերադարձնի։ Վստահ ենք, որ ջրի տակ խոսել ու իրար լսել հնարավոր չէ, որ փոքրիկ աղջիկը արջի հետ ապրել չի կարող, կատուն մկանը ի վերջո կհասնի, իսկ գայլը նապաստակին վերջապես կբռնի․․․

Բայց մենք այդ ամենին կուրորեն հավատում ենք, մենք ուզում ենք խաբվել ու տարվել այդ հնարովի աշխարհներով․․․

nane exiazaryan

Զբոսանք

Ուզում եմ գրել ամեն ինչի մասին: Գրելու շատ բան կա, չնայած հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչ գրել:

Եղանակ: Իմ սիրելի քամու մասին, որի շնորհիվ հաճախ պարանին կախված սպիտակեղենը և շորերը հազար անգամ պտտվում են, ու երբ չգիտես ինչ անել, ճարահատված զանգում ես ԱԻՆ ու պարզվում է, որ դա նրանց պարտականությունների մեջ չի մտնում, ու դու ստիպված ինչ-որ տեղից ծանոթ-բարեկամների միջոցով բեռնատար ես գտնում, ու էլի ինչ-որ մեկի անձնվիրության շնորհիվ կարողանում բառացիորեն պոկել շորերը, դեռ լավ է գոնե երկրորդ հարկի պարանից (իսկ Ջերմուկում բնակարանները ունեն բավականին բարձր առաստաղներ):

IMG_20200806_170531

Անվերջ չդադարող քամի, որ եթե նույնիսկ դադարում է մի փոքր, գիտես, որ նրան անպայման կգտնես ինը հարկանիների և դրան կից շենքի արանքում: Քամի, որն այն օրը կայծակի ու ամպրոպի ուղեկցությամբ շարքից հանեց համակարգիչս ու շատերի տեխնիկական սարքերը:

IMG_20200806_145111

Քամի, որի ժամանակ միշտ հաճելի է քայլել փոքրիկ, բայց միշտ սիրով լցված քաղաքի փողոցներով, այգով ու մի քիչ մրսելուց հետո ուղղակի զբոսնել ըմպելասրահում ու խմել 53 աստիճան տաքություն ունեցող հանքային ջրից, միանգամից տաքանալ ու միաժամանակ հիանալ՝ նայելով այն փոքրիկ լճակին:

IMG_20200806_161831

Երաժշտություն։ Վերջապես վերադառնալ քո երեսը գրեթե ինը ամիս չտեսած դաշնամուրին, բայց պարզել, որ այդ բացակայությանդ ընթացքում հիմա նաև վերևի, կողքի ու ներքևի հարևաններիդ տներում փոքրիկ բալիկներ են բնակվում, ու որոշել դաշնամուրի ձայնը լսել իրենց քնի ժամերի արանքում (չնայած՝ որոշելն ու անելը տարբեր բաներ են): Վերջապես լսել Բիլի Այլիշի երգացանկից մի քանի երգ ու հասկանալ, թե ինչու են շրջապատիդ մարդիկ այդքան շատ խոսում նրա մասին: Այս ընթացքում նաև սկսել եմ սիրել փոփ երաժշտությունը՝ շնորհիվ կորեացիների: Ու էլի նրանց շնորհիվ սկսել եմ նորից պարել ու հիշել երանելի վեց տարիները, որ անցկացրել եմ պարի դպրոցում ու կարոտել. կարոտել պարի խումբը, երգչախումբը ու ընդհանրապես, ինձ շրջապատող մարդկանց ու հիշողությունները:

Համացանց։ Իմացա Լիբանանում տեղի ունեցած պայթյունի մասին, այն մասին, որ ընկերներով միգուցե ինչ-որ տեղ գնանք, Ամուլսարի հերթական ցույցերի մասին, ու սիրելի արտիստիս՝ նոր գովազդում նկարվելու մասին: Ամեն ինչի մասին, բայց արդեն միայն երկու րոպեի ընթացքում միանգամից ավելի շատ բանի մասին, քան կհասցնեի այդ նույն ժամանակահատվածում հասկանալ մաթանալիզի որևէ տեղը տեղին թեորեմը, մի՞թե․․․ է՜հ…

Պատմություններ։ Չգիտես՝ որտեղից արթնացավ խորը քուն մտած սերս դեպի գրքերը, ու ինձ համար անհավանական արագությամբ սկսեցի կարդալ արդեն հետաքրքիր թվացող գրքերի մի շարք ու հույս ունեմ՝ դեռ կշարունակեմ: Հետո սկսեցի ուղղակի գրել պատմություններ, որոնց կեսից շատը այդպես էլ կիսատ մնացին ու հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ կգա ու հետաքրքիր ավարտ կունենան:

IMG_20200806_141037

Հիմա էլ դրսում այն ամենասիրելի քամին է, ականջակալներս էլ ինձ են փոխանցում մի նոր հետաքրքիր մեղեդի, իսկ համակարգիչս հույսով սպասում է վերանորոգման:

DSC01713

Կարանտինը մարդկանց օգնում է սպորտով զբաղվել

Կորոնավիրուսի պատճառով ազատ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել: Միայն այն մարդիկ, որոնք ուտում են, հեծանիվ վարում կամ սպորտով զբաղվում, կարող են առանց դիմակ լինել:

Վերջերս Երևանում շատացել են հեծանիվ վարողները և սպորտով զբաղվողները: Ամեն օր՝ երեկոյան ժամերին, փոքր երեխաներից մինչև պապիկներ իջնում են մոտակա այգի կամ դաշտ՝ հեծանիվ, անվաչմուշկ կամ ինքնագլոր վարելու:

Բացի սպորտով զբաղվողներից՝ կան նաև մարդիկ, որ իջնում են իրենց փոքր երեխաների, ընտանի կենդանիների հետ: Ծեր մարդիկ էլ իջնում են մաքուր օդ շնչելու: Իսկ երեխաները պահմտոցի, գործագործ ու բռնոցի են խաղում:

Կարանտինի շնորհիվ մարդիկ ընտանիքի հետ անցկացնելու և սպորտով զբաղվելու ավելի շատ ժամանակ ունեն:

 

karin eranosyan

Լսի՛ր ինձ մինչև վերջ

Գիտե՞ս, ես նեղացնում եմ թղթերին։ Հա, լուրջ։ Գուցե հիմա դու էլ կմտածես, որ ամենավատ մարդն եմ, բայց հա, ես թղթերին նեղացնում եմ, այն էլ ամենաստոր ձևով։ Հիմա գիտեմ, գլուխդ տանում եմ, բայց լսի՛ր ինձ մինչև վերջ։

Ես վերցնում եմ թղթերը, դրանց փոխանցում ամենատխուր ու ամենաբացասական մտքերս, կիսվում նրանց հետ, դե նրանք էլ հիմարիկների պես լսում են ինձ մինչև վերջ։ Նրանք ամենալավ ընկերներն են, ամենամաքուրն ու անկեղծը, ամենաճերմակն ու պարզը։ Միշտ լուռ լսում են՝ առանց որևէ մերժման, առանց ինձ շտապեցնելու։ Այո, ճիշտ նկատեցիր, ամենաբարին են, գիտեն, որ եթե չլսեն, հնարավոր է՝ նեղանամ ու կոտրվեմ, դրա համար էլ միշտ ինձ հետ են։

Երանի խոսեին, երանի կարողանայի ես էլ իրենց խնդիրների մասին լսել, նրանց տալ կամ նրանցից վերցնել ամենալավ խորհուրդները, չնայած, որ ատում եմ խորհուրդներ տալ կամ լսել։ Բայց չէ, նրանք համր են, և քանի դեռ այդպես է, ես ամենավատ ընկերն եմ երբևէ, ես նույնիսկ չեմ էլ հարցնում, թե ինչի կարիք ունեն, ինչն է նրանց ստիպում երջանիկ զգալ կամ ինչն է անհանգստացնում։

Ես նրանց օգտագործում եմ, գուցե մտածում ես, որ շահամոլ եմ։ Գիտե՞ս, երևի ճիշտ ես, գուցե հենց շահի համար եմ շփվում ճերմակ թղթերիս հետ, նրանց եմ տալիս իմ վատ էներգիան, պահում որոշ ժամանակ, հետո էլ՝ անխղճորեն պատռում ու դեն նետում։ Ես ամենավատ ընկերն եմ։

Հիմա էլ զարմանում եմ թղթերիս վրա՝ ինչո՞ւ են այդքան միամիտ։

margarita ghazaryan

Չգտնված երիցուկներ

Ակամա հիշեցի Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գրքի այս հատվածը.
«Ասում են՝ այնտեղ, որտեղ աստղ է ընկնում, երիցուկ է աճում, և որ երիցուկները փոքր արեգակներ են, որոնք իրենց ճերմակ թերթիկներով բազմաթիվ արահետներ են խաչաձևում իրար»։

Elen Hakobyan Ararat

Ամենակարևորը

Դե հա, իհարկե, ժամանակի ընթացքում սովորում ենք ամեն ինչի հետ ապրել, ապրել կողք կողքի ու շատ մոտ իրականությանը։ Մենք առաջ ենք գնում, գտնում ենք, կորցնում, բարձրանում, ընկնում։ Մեր սերունդը տեսավ նաև պատերազմ, ապրեց դժվար օրեր, հետո 16 թվի դեպքերը դարձան պատմություն, մեկուկես էջանոց մի սովորական թվացող պատմություն դպրոցական 12-րդ դասարանի գրքի մեջ։ Մենք սովորեցինք պատմել այդ դասը սառնասրտորեն՝ կանգնելով դասարանում, թվանշաններ ստացանք ու շարժվեցինք առաջ։ Ի՜նչ հեշտ է, չէ՞։

Չգիտեմ՝ բոլորն են գիտակցում դա, թե ոչ, բայց մենք այսօր էլ պատերազմում ենք, ուղղակի երկու կամ երևի թե երեք-չորս ճակատով։ Մենք պայքարում ենք համացանցում ապատեղեկատվության դեմ, հիվանդանոցներում՝ անտեսանելի վարակի դեմ, երկրի ներսում՝ թշնամու, ով կրկնակի վտանգավոր է և իհարկե, սահմանին՝ միշտ զգոն։
Լիրիկական զեղումներն անիմաստ են էստեղ, պարզապես մի բան, որ պիտի շատ ասվեր, արի ու տես՝ չի ասվում։

Վախենամ՝ այս վարակը թողնի իր անջնջելի հետևանքները։ Չէ՞ որ մենք սովորեցինք մարդկանց գրկել ու համբուրել հեռվից, սովորեցինք հեռվից սիրել, հեռվից կարոտել ու հենց էդպես էլ քիչ-քիչ հեռացանք իրարից։ Մենք սովորեցինք նայել աչքերին ու այնտեղ կարդալ ամեն ինչ, դիմակի ետևից տեսանք ժպիտներ, որոնք գուցե չտեսնեինք առանց դիմակի, իրար սկսեցինք դիմակներ նվիրել՝ որպես հոգատարություն, ու հեռացանք իրարից նույն հոգատարությամբ։

Պատերազմները խլում են մեզնից ամեն-ամեն ինչ, բայց մենք նորից սովորում ենք ապրել, ապրել առանց ոչնչի ու ոչնչի կողքին։

Եկեք թույլ չտանք, որ այս բազմաճակատ պատերազմը մեզնից խլի ամենաթանկը՝ մարդկային սերն ու շփումը։ Մենք բոլորս պատերազմում ենք, պիտի սովորենք սիրել ու առաջ շարժվել պատերազմի լայն ճակատում, պիտի չդադարենք սիրել, երբե՛ք։

karin eranosyan

Ամենաշքեղ փերին

Մենք ուղղակի քայլում էինք, ծիծաղում, գուցե երբեմն-երբեմն էլ անգիտակցաբար ուղղում մեր կարճ, քամու հետ միաձուլված մազերը։

Նա էլ դուրս էր եկել երևի հերթական երեկոյան զբոսանքի։ Ձեռքերը հետ էր տարել, ինքը թեթևակի կռացած էր, արդեն փոքրացել, մի բուռ էր դարձել։ Մոտ յոթանասուն տարեկան էր։ Բայց մազերը ճերմակ չէին, միգուցե միշտ էլ սիրել է ներկել։ Նա տեսածս բոլոր հեքիաթների տատիկներից էլ շքեղ ու փայլուն էր։ Անուշ ժպտում էր։

Չդիմացա, որոշեցի բարևել, չնայած՝ առաջին անգամ էի տեսնում։

-Թիթիզնե՜ր, ձեզ եմ նայում ու ջահել օրերս հիշում,- սիրունիկ ձայնով փերին խոսեց։ Իսկ մենք ամաչում էինք, շփոթված չգիտեինք էլ, թե ինչ ասենք։

-Միշտ էսպես սիրուն մնացեք, գեղեցկուհիներ եք՝ ոտքից գլուխ,- միայն ի վիճակի էինք շնորհակալություն հայտնել, ինքն էլի անուշ ժպտում էր։

Խոսեցինք հետը, ասացինք, որ ինքն էլ շատ սիրուն է, ամենասիրուն փերին է, բայց տխուր էր, չէր համակերպվում, որ ծերացել է, ասում էր, որ գեղեցկությունը անհետացել է։ Բայց նա տգեղ չէր, ամենասիրուն փերին էր։ Միշտ էլ էդպես սիրուն է մնալու։

-Գնամ, մի քիչ քայլեմ, որ հանգիստ կարողանամ քնել։

Գնաց…