
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Նստարանի հետ զրույց
Դու էլ ես կարոտում, չէ՞։
Հա, բան չկա: Կանցնի։
Ինձ ասում են, որ էլ չկարոտեմ, բայց ես նույնը քեզ չեմ ասի: Գիտեմ, որ անհնար է չկարոտել մեզ: Մենք քո տեսածներից ամենասիրունն էինք:
Դեռ երևի դու ավելի շատ ես կապված նրա հետ, ի վերջո ամեն օր տեսնվել եք: Իսկ իմ ու նրա հանդիպմանը միշտ դու էլ ես ներկա եղել: Լսել ես, թե ոնց ենք երեխայի նման հրճվել, որ յութուբում հայտնի երգերից մեկի 11 ու 12-րդ դիտողները հենց մենք ենք եղել: Լսել ես, թե ոնց է ինքն ինձ համոզում, որ շները փիսոներից լավն են ու ես երբեք չեմ համաձայնել: Եվ ինքը մեզ երկուսիս էլ սովորեցրել է սև հումորից վատ չզգալ:
Ես կամաց-կամաց, բայց սովորեցի նրա գնալուն ու էլ երբեք չգալուն:
Դու, լինելով հասարակ նստարան, կարոտել ես: Շատ ես սպասում, չես սովորում նրա բացակայությանը, չափից ավելի էիր կապվել:
Իսկ ես կարողացա հասկանալ, որ փիսոները միշտ էլ շներից լավն են: Սովորեցի չուրախանալ հայտնի երգերի առաջին լսողը լինելուց: Էլ վաղուց չեմ նեղանում սև հումորից ու հակառակը` սիրում եմ:
Ու շատ կամաց-կամաց, բայց սովորեցի ապրել առանց նրա:
Հիմար նստարան ես, որ սպասում ես նրա գալուն, ոնց գարունը՝ վերջին փաթիլի հալվելուն, Դի Կապրիոն` իր Օսկարին:
Իսկ գիտե՞ս, որ գարունը գալիս է առանց փաթիլների հալվելու, Դի Կապրիոն էլ Օսկար վաղուց ստացել է:
Սովորիր, նա, ով գնում է, էլ երբեք չի գալիս, հրաժեշտի կողքին երբեք վերադարձը չի լինում: Երբեք:

Երգ խաղաղության
Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։
Սա սիրո ու արարումի երկիր է․ ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը, բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝ խաղաղություն գրված․․․
Եվ նորից մենք պարտադրված ենք գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել․․․
Ուզում եմ ամեն առավոտ առաջվա նման նորից հեծանիվս վերցնել ու մտքերիս հետ ծալ-ծալ թերթվող դաշտերի մեջ խորանալ։ Ուզում եմ ոսկի հասկերի եզրին նստել ու ծղրիդի ձայների ներքո խճճված մտքերիս կծիկն ի մի բերել, հետո նայել ծավի երկնքին ու խորհել․ արդյո՞ք ամենասիրուն գույնը երկնագույնը չէ, մի՞թե խաղաղաբեր գույնը երկնագույնը չէ։ Նայել արևից խանձված արտերին ու դրա մեջ էլ գեղեցիկը տեսնել, և մտքերի խոժոռ բեռից ծանրացած՝ հասկերի մեջ պառկել ու քնել՝ ասես Տավշո աշխարհի հոգին չի վրդովվել երբեք։ Երազիս մեջ դարձյալ երկնքի կապույտը ու քամու՝ մեղմ շնչից օրորվող մայրացած հասկերը տեսնել․․․ Երեկոյան արթնանալ մայրամուտի՝ հրդեհի մատնած բոսորաթույր լույսի հունձքից և սպասումի հայացքով մայրամուտին նայել ու հրաշեկ կտավի մարող երանգները հաշվել։
Մտմտալով ու հոգոց հանելով բռնել կածանը վերադարձի՝ կրկին ու նորեն խորհելով մարդու անմիտ քայլերի ու, չգիտես՝ ինչու, հավերժորեն կրկնվող պատերազմների մասին․․․

Ասում են
Դատարկություն։ Ընդհանրապես, որտե՞ղ է լինում դատարկ։ Ջրհորո՞ւմ՝ գարնանը չտեղած անձրևների պատճառով, մառանո՞ւմ՝ ամռանը չքաղված բերքի պատճառով, սառնարանո՞ւմ՝ չկատարված գնումների պատճառով, ուղեղո՞ւմ՝ չստացված գիտելիքի պատճառով, հոգո՞ւմ՝ չստացված հոգևոր սննդի պատճառով, թե՞ ի վերջո սրտում՝ չստացած սիրո պատճառով։ Բոլոր տեղերում էլ դատարկ լինում է, բայց որի՞ դատարկությունն է առավել անտանելի։
Առանց ջրհորից հանած ջրի, ասում են, կապրես միջինում 2-10 օր (կախված միջավայրի ջերմաստիճանից)։ Առանց մառանում և սառնարանում եղած սննդի, ասում են, կապրես միջինում մեկ ամիս, պատկերացրեք՝ ինչքա՜ն շատ է։ Առանց ուղեղի կամ ունեցած դատարկ ուղեղով հա՜ էլ կապրես՝ հուսադրող համարելով, որ մեդուզաները առանց այդ ծալքավոր օրգանի ապրում են հարյուրից ավել տարիներ։ Առանց հոգևոր սննդի էլ կապրես ոնց էլ չլինի, դե հա, ասենք ես Մոցարտ չլսեցի, կամ Վան Գոգի կտավներով չզմայլվեցի, չե՞մ ապրի, կապրեմ, էն էլ ոնց կապրեմ։
Բայց այ երբ սիրտն է դատարկ, երբ սիրտը տածած սիրուն փոխադարձը չի ստանում, այ այդ ժամանակ է, որ դադարում ենք ապրել, կարելի՞ է ապրել առանց սիրտ, չէ՛, չի կարելի, ես թույլ չե՛մ տալիս։ Ապրել կկոչվի՞ այն կյանքը, որը առանց սեր է ու առանց զգացմունք, կամ որում սեր և զգացմունք տածողը միայն դու ես։ Կլինի՞ ապրել, եթե կլինի, խնդրեմ, եկեք և ապացուցեք ինձ, նորօրյա գիտուններ, դե ես էլ՝ խելոքս ու հնազանդս, կլսեմ ձեզ, կհամոզվեմ, ու «կապրեմ»՝ արդեն առանց սրտի։
Աշխատեք հագեցած պահել ձեր հոգին էլ, մարմինն էլ, բայց դրանք հագեցնելու մոլուցքով տարված՝ չմոռանաք հանկարծ սիրելու մասին։
Ասում են՝ ներսը դեռ չի դատարկվել, ափսոս, ասողն էլ եմ մենակ ես։

Սահմանից 300 կմ հարավ
Հիշում եմ՝ մեզ դպրոցում ասում էին՝ մենք տարածք չենք գրավում, մենք ազատագրում ենք: Մենք Հայրենիք ենք ազատագրում: Հիմա այս տողերի իմաստը էլ ավելի լավ եմ գիտակցում:
Երկու օր է մտքումս պտտվում են Սևակի տողերը․ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…»։
Չգիտեմ՝ ինչ գրեմ:
Այն սերն ու հպարտությունը, որ զգում եմ իմ երկրի, իմ հայրենիքի ու հայ լինելուս համար, անբացատրելի է: Ու վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ այդպես:
Շունչներս պահած հետևում ենք նորություններին՝ լարված, բայց մտքներումս գիտենք, որ մենք ենք ուժեղը, մենք են հաղթողը: Դա այդպես եղել է ու լինելու է:
Հաստատ չեմ կարող զգալ այն, ինչ զգում են սահմանամերձ շրջաններում ապրող հասակակիցներս, բայց գիտեմ, որ նրանք էլ ավելի ուժեղ են ու անվախ:
Մտքով գնում եմ չորս տարի հետ: 2016-ին ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Ապրիլյանը մի ուրիշ զգոնություն ու զորություն բերեց իր հետ:
Աշխարհի վրա կա՞ մի այնպիսի ժողովուրդ ու ազգ, որ անցած լինի մեր ճանապարհը, որ տեսած լինի այն արհավիրքները, որոնց միջով մենք արժանապատվորեն անցանք: Չկան…
Ու հիմա բաց ճակատով կանգնում ենք աշխարհի առաջ, որովհետև ոչինչ չունենք ապացուցելու. մեր գծած ճանապարհը ամեն բան ցույց է տալիս, ու պատմությունը, որը հավերժ կերտելու ենք, դառնալու է դրա ամենավառ ապացույցը:
Ուժը ոչ թե քանակի, այլ ոգու զորության մեջ է: Նժդեհն ասում էր. «Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության»:
Չէ, պատրիոտիկ խոսքեր չեմ ուզում ասել, մենք ամենքս էլ մեր մաշկի վրա զգում ենք հայրենասիրության ու հայրենիքի արժեքը:
Թեև հիմա խոսքերով դժվար է նկարագրել ամեն ինչ ու նույնիսկ անհնար, այն դեպքում, երբ հայրենակիցներդ կյանքի, հայրենիքի ու ազատության կռիվ են մղում բարբարոսների դեմ, իսկ դու տանն ես ու հնարավորություն ունես այս ամենը գրելու: Ու էլի նրանց շնորհիվ: Շնորհակալ ենք, տղե՛րք, ձեր գործն անմահ է: Ուժե՛ղ եղեք: Դուք խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ու միշտ ձեր կողքին:
Հազար փառք հայոց անպարտելի բանակին, զինվորներին և սպայակազմին:
#TavushStrong

Երջանիկ պատահականություն
Կրկին սահմանին լարված իրավիճակ է, և հայ ազգը կրկին պայքար է մղում իր գոյության համար: Հուլիսի 12-ին առժամանակ տիրող հանգիստը ընդհատվեց: Ականների պայթյունի ձայնից դող է անցնում մարդու մարմնով, բայց ոչ նրա, ով տարիներ շարունակ ականատեսն է եղել մի պատերազմի, որն այդպես էլ չկրեց այդ անունը: Գիտե՞ք, թշնամին նման է քնած հրաբուխի, որը ամեն վայրկյան պատրաստ է ժայթքել՝ փորձելով կուլ տալ այն ամենը, ինչը կփորձի հայտնվել իր ճանապարհին:
Աշխարհը գիտի՝ որքան քաջարի և տոկուն է հայ ազգը, ինչը ամեն վայրկյան ապացուցում են սահմանին կանգնած մեր հայրերն ու եղբայրները: Խաղաղությանը երևի պատերազմի միջոցով են հասնում, հա՞: Հիմա, երբ դրսում պայքար է մղվում՝ կյանքի պայքար, կրտսեր քրոջս փորձում եմ բացատրել՝ ինչ է կատարվում, թե ինչի համար է այս ամենը: Եվ գիտե՞ք՝ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեկը ձգտի մի բանի, որը երբեք էլ իրենը չի եղել: Ցավալի է, երբ գիտակցում ես, որ կյանքդ երջանիկ պատահականությունից է կախված: Ամեն պահ շուրթերիս «Հայր մերն» է հնչում, սակայն ոչ այն բանի համար, որ հուսահատ եմ, այլ նրա համար, որ շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որ նման զինվորներ կան սահմանին, ովքեր անկոտրում են և քաջասիրտ: Ամեն բան իր ավարտն ունի, և սա էլ կանցնի: Եվ վստահ եմ, որ մենք կհաղթենք, քանի որ մեր պայքարն ազնիվ է: Փա՜ռք մեզ և մեր զինվորներին, իսկ սահմանին՝ խաղաղություն:

Հայաստանն սկսվում է սահմանից
Տասներեքը հուլիսի, 2020 թվական…
Արդեն առավոտ դարձող գիշերը մի վայրկյան աչք չփակած՝ կողքիս դրված փոքր գրասեղանից վերցնում եմ սմարթֆոնը և սկսում թերթել լրահոսը։ Աչքիս առաջ նույն բովանդակության լուրեր են՝ «Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Իրավիճակը սահմանին սրվում է։ Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի։ ՀՀ ԶՈՒ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Կոչ ենք անում հետևել ու տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն…»։
Մի քանի ժամ մտքերս իրար խառնելով ու ինչու-ների պատասխաններն էդպես էլ չգտնելով (որովհետև երևի պատասխանները չկան)՝ գրում եմ համակուրսեցուս՝ սահմանապահ Տավուշում ապրող.
-Աննա, ո՞նց եք։ Շա՞տ եք վախեցել, թե՞ սովոր եք։
-Որ մի քանի մետր էն կողմ տանկը խփի, ո՞նց կլինի գիտակից մարդը։ Սովոր չենք արդեն մի քանի տարի…
-Գիտեմ, լրիվ ուրիշ զգացողություններ են. Ապրիլյանի ժամանակ ես Արցախում էի՝ սահմանին շա՜տ մոտ…
-Ահավոր ա, սիրտդ մի րոպե չի հանգստանում.․.
-Բայց տեղահանվելու մասին չեք էլ ուզում լսել, չէ՞։
-Չէ՜, չէ՛, ընդհանրապես…
-Զգույշ եղեք, մինչև կխաղաղվի…
Էլ չգրեցի Աննային, բայց մտածեցի՝ իսկ երբևէ կխաղաղվի՞ արդյոք…
Սահմանապահները միայն զինվորներն ու սպաները չե՛ն, սահմանապահները սահմանին ապրողներն են՝ ամեն օր կյանքի ու մահվան սահմանագծին կանգնածները…
Եվ այս երկիրը՝ իմ մի բուռ Հայաստանը, սահմանից է սկսվում, սահմանով էլ ավարտվում է։
Խաղաղասեր ազգ ենք, բայց խաղաղություն չունենք…
Փա՛ռք, ուժ և տոկունություն մեր սահմանապահներին և անառիկություն մե՛ր սահմաններին։

Մովսես, հուլիսի 13, Ալլայի նամակը բոլոր հայերիս
-Ալլա, վեր կաց, վեր կաց, իջնում ենք նկուղ,- քնիցս վեր թռա: Մութ գիշեր էր:
Վեր կացա, բացեցի աչքերս, բայց ոչինչ չտեսա: Աշխարհում գիշեր էր, բայց Տավուշ աշխարհը չէր էլ հասցրել նիրհել:
Իջանք նկուղ: Ես դեռ քնած էի, չէի հասկանում` ինչու ենք գնում խոնավ նկուղ, մինչև որ ականջիս հասավ մի ուժեղ պայթյուն, որը վերջին անգամ լսել էի մի քանի տարի առաջ:
Տեղիցս վեր թռա, սիրտս սկսեց արագ բաբախել: Ես հասկացա, որ դա ամենևին էլ հրավառության ձայն չէր, այլ մի ահարկու սպառնալիք, մահվան սպառնալիք:
Ականջներս ու աչքերս ամուր փակեցի, որ չլսեմ, որ ուղղակի չտեսնեմ այն, ինչ մթության մեջ ավելի լավ է երևում: Ամբողջ գիշերը անցավ իմ դողով, քույրերիս վախի բացականչություններով, մորս սփոփանքով, հորս քաջալերումներով և տատիկիս հայրենասիրական երգի ցածր անուշ ձայնի հնչյուններով:
Լույսը բացվեց, բայց կարծես չէր էլ մթնել, աչքերիս կոպերն էլ չէին հպվել իրար, բայց վեր կացա խոնավ գետնից, նայեցի պատուհանից: Եղանակը սառն էր, արև չկար, լռություն էր՝ սառը լռություն, որը ըստ իս, ավելի վախենալու էր, քան պայթյունի ձայները:
Նորից լսվեց բարձր պայթյուն, բայց ես աչքերս չփակեցի, որովհետև չէր երևում այն. նրա կարմիր լույսը միայն գիշերն էր երևում: Ես միայն լսում էի, լսում ու ցնցվում, մտքումս մի բան էր պտտվում, շուրթերս մի բան էին արտասանում.
Հա՜յր մեր, որ յերկինս ես …
Փոքր քույրերս մեկ-մեկ լացում են, բայց հաջորդ վայրկյանին բարձր ծիծաղում և դիմում մայրիկին.
-Մամ, ամեն ինչ լավ դի լիլ, չէ՞…
Եվ նորից սկսում են խաղալ ոգևորված դրական պատասխանից:
Սիրելի ընթերցող, ես հիմա նստած եմ նկուղում, լսում եմ պայթյունները ու պատմում քեզ այն, ինչ զգում եմ և տեսնում: Նայում եմ գյուղին. ամեն ինչ նույնն է թվում, բայց էլ առաջվանը չէ… Զգում եմ նկուղի պատուհանի ցնցումները պայթյունից հետո, փորձում եմ բառերով նկարագրել այն, ինչն անհար է:
Քեզ խնդրում եմ աղոթել մեր սահմանների անառիկության համար, մեր զինվորների տոկունության համար, մեր Հայաստանի, մեր Տահույս աշխարհի համար, ԱՄԷՆ…
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Խոսք ճշմարտության՝ նորակոչիկներին
Սկսվեց ամառային զորակոչը։ Որպես արդեն հին ու հետհաշվարկը համարյա թե ավարտող զինվոր՝ ցանկանում եմ այս նյութում կիսվել մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն ավելի հեշտ համակերպվել ծառայության հետ։ Նախքան կարդալը, սիրելի նորակոչիկ, կխնդրեի՝ մոռանայիր այն ամենի մասին, ինչ պատմել են քեզ սովետի տարիներին ծառայած «մեծերը»։
Ասեմ, որ բավականին լավ ժամանակ ես գալիս ծառայության։ Սնվելու ես շատ լավ ճաշարանում: Ամեն օր համտեսելու ես 7-9 ճաշատեսակ, ընդ որում՝ մեկը մեկից համեղ։ Չես հասցնելու կարոտել մամայի եփած համով ճաշերը, որովհետև խոհարարները ամեն ինչ անում են, որ դու համի պակաս չզգաս։ Ստանալու ես բավականին լավ, որակյալ ու հարմարավետ համազգեստ։ Էլ չես տեսնելու «բաստուրմա» համազգեստը կամ «3 ծականոց» ծանր կոշիկները։
Սկսենք զորամաս մտնելուց։ Հենց մտար զորամաս, առաջին տեղը, որտեղ քեզ ուղեկցելու են, լինելու է զորամասի շտաբը, որտեղ քեզ կտան մի քանի հարց՝ անձնական տվյալները լրացնելու համար։ Այնուհետև գնալու ես բուժկետ։ Բուժկետում լրացվելու են քո առողջական տվյալները, տալու են հետևյալ հարցերը.
1) ծխո՞ւմ ես,
2) խմո՞ւմ ես,
3) սպի, դաջվածք ունե՞ս,
4) վիրահատություններ տարե՞լ ես,
5) խոզուկ, կարմրախտ, ջրծաղիկ հիվանդություններ ունեցե՞լ ե՞ս։
Չափելու են ճնշում և ջերմություն, անցնելու ես կոնսուլտացիա ատամնաբույժի մոտ, որը նշելու է, թե որ ատամների հետ կապված խնդիր ունես։
Բուժկետից հետո գնալու ես զորանոց, ծանոթանալու ես վաշտիդ հրամանատարի ու սերժանտների հետ։ Հետո, ամենայն հավանականությամբ, շարվելու եք։ Այդ ընթացքում անընդհատ կհնչեն անուններ։ Էդ էլ արդեն էն պահն ա, երբ սկսում են հարազատները զանգել սրան-նրան, որ լավ նայեն ձեզ ու հարմար «տեղավորեն»։ Օրվա վերջում՝ երեկոյան անվանականչը (պրավերկա) ավարտելուց հետո գնալու ես քնելու։
Օր 1-ին, ժամը՝ 06:00․
Օրապահը 3 անգամ բացականչելու է «Վա՛շտ, վեր կաց», հետո կսկսի քնից դժվար արթնացողներին հատիկ-հատիկ «բզել»։ Խորհուրդ կտամ «ոտ կախ չգցել»։ Հենց քնից արթնանում ես, միանգամից հագնվիր, անկողինդ հավաքիր ու գնա սափրվելու, դա ամենահարմար ժամն է սափրվելու համար, թե չէ հետո լվացարանում մեծ հերթ է գոյանալու, որովհետև վաշտը մոտ 90-120 հոգի է լինելու։ Այնուհետև շարվելու ես «ֆիզոյի» համար։ Մինչև 7:30 րոպե անելու ես ֆիզիկական նախավարժանքներ, արագացումներ։ Այնուհետև գնալու ես քեզ կարգի բերելու ու միանգամից շարվելու ես ճաշարանի համար։ 9:00-ին շարվելու ես առավոտյան տողանի՝ «ռազվոդի» համար։ Իսկ հետո սկսվելու են պարապմունքները:
Հավսա՛ր, զգա՛ստ, քայլո՛վ մարշ, ե՛տ դարձ, վազքո՛վ մարշ…
Ամեն կլոր ժամից 15 պակաս ունենալու ես դասամիջոց, որի վերջում ենթարկվելու ես «հոգեբանական բռնության», երբ լսես «վաշտը շարվավ» տողը։
Էլ չեմ ասում «զենք-բռոնի-կասկով (զենք-զրահ-սաղավարտ)» հրաձգարան բարձրանալու մասին։ Հրաձգարանում (պոլիգոն) ամենահավես պահը կրակելն է։
Օրվա էս մի քանի դրվագի մասին մի քանի բան ասեմ։ Հիշի՛ր, քնելու տեղով ոչ մի բան չի որոշվում, կապ չունի՝ քնելու ես առաջին, թե երկրորդ յարուսում (հարկ), անկյունում, համարյա անկյունում, թե միջանցքի վրա, մեկ ա՝ դու նույն մարդն ես։ Ու մի կարևոր բան էլ. մաքրություն անելը ամոթ բան չի։
14։00 մտնելու ես ճաշարան։ 15:00-16:00 հետճաշյա հանգստի ժամն է, որին հաջորդելու են շարային պարապմունքները, զենքի մաքրման ժամը ու նորից ֆիզոն։
Ունենալու ես նաև հատուկ ժամ բուժկետ դիմելու համար՝ 16:00-18:00։ Բուժկետ գնում են վաշտի հերթապահի հետ, վաշտի հիվանդների գրանցման մատյանով։ Խորհուրդ կտամ բժիշկների հետ վեճի չբռնվել, որովհետև նրանց դու դիմելու ես քո ծառայության 2 տարիների ընթացքում։ Խորհուրդ կտամ ամեն չնչին բանի համար բուժկետ չդիմել, չփորձել բուժկետի միջոցով «քերվել» ինչ-որ միջոցառումից։ Հավատա, դա նորմալ չի դիտվում բուժկետի կողմից։ Չփորձես նաև «սաչկավատ» լինել (խուսափել, ձև բռնել, իբրև լավ չես), բժիշկները շատ լավ են նկատում դա։ Մի՛ փորձիր խաբել բժիշկներին։
19:00 մտնելու ես ճաշարան, դուրս գաս ու, արդեն եթե չկան հավելյալ միջոցառումներ, ապա մնացած ողջ օրը մինչև «պրավերկա» քո տրամադրության տակ է։ Փորձիր այդ ժամանակը խելացի օգտագործել ու ավելորդ խնդիրների առաջ չկանգնել։
Ծառայողական որևէ խնդիր չունենալու համար փորձիր պահպանել զինվոր-հրամանատար հարաբերությունը։ Հիշի՛ր, որ հրամանները կատարում են արագ և ճիշտ, իսկ դիմում, բողոք, առաջարկությունները ասում են հրամանը կատարելուց հետո։
Ինչքան էլ խորհուրդ տամ, միևնույնն է, քո ծառայությունը կազմակերպողը դու ես։ Փորձիր գնահատել քո լավն ու վատը, փորձիր կշռադատել ճիշտն ու սխալը, փորձիր լինել առողջ հոգով ու մտքով, որ կարողանաս անփորձանք անցկացնել ծառայությանդ 731 օրը, քանի որ տանը քեզ սպասող կա։

Եվ նորից լարվածություն սահմանին
Առավոտյան նորություններին էի ծանոթանում, երբ իմացա Ադրբեջանի կողմից նոր միջադեպերի մասին: Սիրտս, որ վաղուց էդպես արագ չէր զարկել, միանգամից սկսեց անհանգստանալ ու միտքս գնաց դեպի Աստված:
Հա, լավ, ինչքա՞ն կարելի է: Մի՞թե մարդիկ կարող են այդ աստիճան անխիղճ լինել: Երբ ամբողջ աշխարհը, որի մեջ մտնում է նաև հարևան պետությունը, պայքարում է համաճարակի դեմ ու կորուստներ ունենում, պետությունը որոշում է սկսել նոր պատերազմ: Միգուցե լավ տեղեկացված չլինեմ, բայց հարևան պետությունը ավելի հաճախ է նման քայլերի դիմում, քան մենք: Ամեն անգամ նման լուր լսելիս՝ կապ չունի՝ ինչով եմ զբաղված լինում, միանգամից, չգիտեմ էլ՝ որտեղից, միջիս քաջությունն ու հավատը մի քանի անգամ բազմապատկվում են:
Պատերազմներ միշտ եղել են ու կլինեն, բայց ես միշտ չեմ հասկանա դրանց այդքան անհրաժեշտ լինելու իմաստը, մարդկանց ագահության սահմանը, որը կարող է հասնել նման մասշտաբների:
Հիշեմ նաև Սուրբ Սոֆիայի տաճարի մասին, որը մզկիթի վերածեցին: Լավ, իբրև թե իրենց կրոնի ու ուժի մասին են ուզում հայտնել աշխարհին, բայց հրաման տվողին մի՞թե չեն ասել, որ կառույցի հենց կառուցվածքը, օդը ու պատերը, ամբողջը լցված են քրիստոնեությամբ: Ինձ հետաքրքիր է, ինչպե՞ս են մուսուլմաններն իրենց աղոթքն անելու այն մզկիթում, որն ամբողջ աշխարհին հենց իր ներկայությամբ քրիստոնեություն է քարոզում:
Քաղաքական հետապնդումներ լրագրողների դեմ, իբրև թե ազատ խոսքի իրավունք ու նման լիքը բաներ: Ամբողջ աշխարհն է աչք փակում անմարդկային վերաբերմունքի ու 21-րդ դարում դեռ մի քանի դար առաջ եղած մտածելակերպով երկրի նախագահի վրա միայն ինչ-որ նյութական արժեքների համար: Երևի Ադրբեջանի առաջադեմ երիտասարդությունը մեծ ցավ է ապրում այս ամենի համար, ու հույս ունեմ, որ կկարողանա վերջապես փոխել իր երկիրը ու դարձնել այն ավելի մարդասիրական ու քաղաքակիրթ:
Այսքան գրելուց հետո միայն հասկացա, թե ինչու են նրանք այդպիսի ռեժիմով կառավարվող երկրում ապրում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք պատմություն չունեն, ու չունեն քաղաքակրթության դասեր քաղելու փորձ, մինչդեռ պնդում են հակառակը:
Մեծ հիասթափություն եմ ապրում այդ երկրին «հարևան» անվանելիս, չէ՞ որ իմ հարևանները միշտ այն մարդիկ են, որոնցից առաջին օգնությունն ու քաջալերումն եմ ստանում:
Հուսով եմ՝ կգա մի ժամանակ, երբ իրենք կպարզեն իրենց ծագումը, չեն դասավանդի ատելություն ու վերջապես կդառնան քաղաքակիրթ հարևաններ գոնե:
Հպարտ եմ, որ հայ եմ, ու որ ունեմ այդքան քաջ ու անպարտելի զինվորներ իմ երկում: