Ազատ տարածք խորագրի արխիվներ

anush margaryan ararat

Ես վազում եմ

Մտքերս նման են գրասեղանիդ ցաքուցրիվ եղած թղթերին կամ էլ դարակումդ անկանոն դրված վանդակավոր վերնաշապիկներին։ Գիտեմ, որ էլի կծիծաղես, բայց ես ծիծաղիդ մեջ չեմ գտնում իմ խաղաղությունը։ Խաղաղությո՞ւն․․․ Ինձ մի հարցրու, որովհետև դրանից չունեմ ոչ մի գաղափար, ճիշտ այնպես, ինչպես դու իմ սիրած գրքերից։ Մտածում էի, որ այն կգտնեմ գրելով՝ բառերի մեջ, բազմակետերի արանքում կամ էլ վերջակետերից մի քայլ առաջ, բայց պարզվեց, որ նույնիսկ միջակետերից հետո հասարակ հարցերս չունեն պատասխան։ Իսկ դու դրանց կպատասխանե՞ս, կամ էլ թեկուզ խաղաղության տեղը կասե՞ս։

Առաջ երբևէ չէի մտածել խաղաղության մասին, նույնիսկ չգիտեմ, թե երբ ու որտեղից այդ միտքը հայտնվեց ուղեղումս։ Գուցե հայտնվեց այն պահին, երբ միտքս ինձ ամենախաղաղն էր թվում, կամ էլ այն ժամանակ, երբ դրա հայտնվելուն ամենաքիչն էի սպասում։ Գուցե այն եկավ խաղաղ աչքերիդ խորքից, կամ էլ պահարանի վրա դրված բաց ապակե շշերից։ Խաղաղության մասին գաղափարը եկավ, բայց միևնույն պահին միտքս լցրեց խաղաղության բացակայությամբ ու փնտրտուքներով։ Գիտե՞ս, ես փնտրում եմ այն ամեն օր, հարցաքննում նրա գոյությունը ամեն վայրկյան, փնտրում եմ բաց ապակե շշերում, խոհանոցի կանոնավոր դարակներում, խնձորի արկղերում, բայց չեմ փնտրում քո աչքերում․․․

Միգուցե հենց այդտե՞ղ է թաքնվում․․․ Չգիտեմ, ես վազում եմ ինչ-որ անհայտ, բայց ինձ ծանոթ ճանապարհով։

Ես վազում եմ, որովհետև ժպիտիդ ու իմ խաղաղության միջև մի մեծ ու անթափանց պատ կա։ Վազում եմ, որովհետև մութ գիշերում ոչ ոք չկա։ Իսկ ես մթությունից վախենում եմ։ Վազում եմ, որովհետև օվկիանոսում փոթորիկ է, իսկ իմ միտքը վաղուց կորցրել է իր առագաստը։ Ես վազում եմ, որ գտնեմ իմ խաղաղությունը։ Ես վազում եմ, որովհետև ինձ հետ վազում են աշխարհում բոլորը։

Բոլորի մեջ միշտ մեկը պակասում է․․․ Ես վազում եմ, որովհետև ինձ հետ վազում ես դու։

tigran davtyan

Սիրո երկու բևեռներ

Մենք չենք ընտրում մեր ծննդավայրը, բայց մենք ենք ընտրում մեր բնակավայրը։ Այդ որոշման ճանապարհին կան մի շարք հարցեր ու փուլային փորձություններ, որոնց միջով ստիպված ենք անցնել։ Սակայն ավելի դժվար է, երբ ապրելով մի վայրում, գտնվում ես լրիվ այլ վայրում։ Դժվար է, երբ ծնվել ու մեծացել ես մի վայրում, որտեղ ապրում ես մինչ օրս, կրթությունդ շարունակել ու աշխատել ես լրիվ այլ միջավայրում, և արդյունքում գտնվելով երկու տարբեր կենսակերպում՝ հասկանում ես, որ ապրում ես երկու ծայրահեղ բևեռներում։ Անհամեմատելի բևեռներ, որոնց մեջ ստիպված ես ընտրություն կատարել։ Ապրել դժվարին կյանքի պայմաններով, թե՞ թեթև կյանքի ու վայելքների կիզակետում։ Մյուս կողմից էլ ծննդավայրդ էլ մի ուրիշ սեր ու կապվածություն է քեզ համար, և ուր էլ լինես, միևնույնն է, այնտեղ ես քո հանգիստը գտնելու։

Գյո՞ւղ, թե՞ քաղաք, ա՛յս է խնդիրը։ Ինքս արդեն 10 տարի է, ինչ գյուղ-քաղաք հակասության ու հակամարտության մեջ եմ և շատ լավ գիտեմ, թե դա ինչ է։

Կան շատ նրբություններ այս խնդրում ևս, որում կուզեի ծնողների դերը մանուկ հասակից էլ ավելի մեծ ու խորքային լիներ (գյուղ, թե քաղաք՝ կապ չունի)։ Այնքան տարածված գյուղացի-քաղաքացի հասկացությունը, որը հաճախ որոշակի հակամարտություն է, չկա, գոնե ինձ համար։ Ուղղակի կան ինչպես տարբեր կարծիքներ, այնպես էլ մարդկային տարբեր էություններ, ըստ որի կյանքը քեզ ուղղորդում է՝ ինչ անել։ Իհարկե, կան նաև ակամա ստացված հակառակ պատկերներ, բայց դա էլ ոչինչ չի նշանակում։ Մարդու արժեքը վայրով չի կարելի որոշել ու պիտակավորել, մարդու արժեքն էությունն է, ոչ թե տեղամասը։
Խնդիրներ, որին վստահ եմ՝ շատերն են բախվել ու բախվում, թե՛ ուսանողների, և թե՛ ավելի ավագ սերնդի շրջանում։ Խոսքս սկսում եմ այս կետից, որովհետև կարծում եմ՝ սա հարց է, խնդիր, որի մասին բացարձակապես չի խոսվում։ Ճիշտ է, ես ո՛չ հոգեբան եմ, ո՛չ էլ այլ համապատասխան բաժնի մասնագետ, որ հարցին տամ լուծում, բայց գուցե մի օր սա օգնի ինչ-որ մեկին սկսել հարցին տալ որոշակի լուծում։ Ամեն դեպքում կխոսեմ հարցի մասին, որովհետև սա մարզերում ապրող մարդկանց, եթե ոչ մեծ մասի, ապա մի մասի համար մեծ խնդիր է, մանավանդ, որ կենսակերպից բացի՝ իրենց բնույթն է տարբեր, աշխարհայացքը, մտածելակերպը։ Իրենց համար մարզի կենսակերպից պահանջվող մի շարք կետեր դժվար է կատարել, շատ դեպքերում նաև շոկային, հենց իրենց ձևավորված ես-ի խիստ տարբեր լինելու համար։ Դժվար է նաև այդ գյուղ-քաղաք հեռավորությունն ամեն օր անցնել։ Այդ ճանապարհը ինչքան էլ կարճ լինի, ոչինչ քեզ այդքան չի հոգնեցնի, ինչքան ճանապարհը, որքան էլ երկար ճանապարհի սիրահար լինես, ուղղակի գոնե պետք է ի օգուտ քեզ այդ ժամանակը օգտագործես։ Գյուղի ծանր, բայց գրեթե անաղմուկ կյանքին սովոր էությունդ միանգամից նկատել է տալիս նաև քաղաքի հոգնեցնող աղմուկը, որը հաճախ ստիպում է փախչել ինչ-որ մի տեղ, քանի չես խելագարվել։ Քաղաքում կարող է քեզ շատ բան դուր չգալ ու չպահել, բայց, իհարկե, քեզ էլ ոչինչ չի մնում անելու, եթե քո ուսման կամ աշխատանքի բնույթը քեզ ստիպում է օրվա մի մասը, հաճախ նաև մեծ մասը անցկացնել քաղաքում։ Այս դեպքում ի՞նչ անել։ Ո՞րն է ժամանակը՝ ապրելու այնտեղ, որտեղ կապրես, ինչպես ձուկը ջրում։ Ուսման պարագայում գոնե կարող ես ոչ շատ մեծ հեռավորության դեպքում ինչ-որ չափով դիմակայել, կարող է ծննդավայրի հետ կապվածությունն էլ օգնել, բայց աշխատանքի հարցում դա երկար չի կարող տևել։

Իհարկե, ամեն դեպքում ոչ թե պետք է կոտրվել ու կոմպլեքսավորվել նման իրավիճակում, այլ պետք է հպարտ լինել մարզից ու հենց ծննդավայրիցդ լինելու համար և պետք է ամեն իրավիճակում կարողանալ դրականն էլ տեսնել ու քաղել։ Եվ իրոք, այս հարցում ևս կան դրական կողմեր։ Բացի դրանից՝ ամեն բան անցողիկ է կյանքում, ընդամենը խելացի պայքար է պահանջում։ Պետք է հիշել նաև՝ ժամանակը կտա լուծում, եթե կա ցանկություն ու խելացի դիրքորոշում։

milena movsesyan

Երբ համացանցը չի անջատվում

Այն հաճելի պահը, երբ վերջապես անջատում ես համացանցը ու մնում մենակ ինքդ քեզ հետ։ Երբ մտքերդ դանդաղ ընթացք են ստանում, հանդարտվում են, ու փորձում ես ոչնչի մասին չմտածել։ Բայց չի ստացվում․ այնքան հիշելու բան կա, այնքան շատ խնդիրներ՝ լուծելու: Մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր, մեկը՝ քեզ համար, մյուսը՝ ուրիշի։ Ու դրանց չափից ավելի լինելը ազդում է հանգիստ շնչելուդ վրա։ Այդ մանր to do-ները, ծավալուն հանձնարարությունները, հետոյին թողած գործերը անընդհատ պտտվում են ուղեղումդ, հիշեցնում, որ էլի բան կա անելու, ինչ-որ բան կիսատ է մնացել։

Ու դու, համակարգիչն անջատելով, to do list-ը մի կողմ դնելով՝ ուզում ես մոռանալ ամեն ինչ, վանել շրջապատը, մի կողմ դնել պարտականությունները, փորձում ես մենակ մնալ քեզ հետ, մի քիչ լսել ինքդ քեզ, մտածել կյանքի մասին, մի քիչ էլ փիլիսոփայել։ Բայց նորից չի ստացվում։

Համացանցից դուրս գալով՝ ուզում ես կտրվել վիրտուալ մարդկանցից ու նրանց հետ ունեցած հաղորդագրություններից․ չէ՞ որ դրանք օրվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն են թողնում քեզ վրա։ Նրանց խոսքերը, ստատուսները, խելացի մտքերը, կարծիքներն ու սմայլիկները նետերի պես մխրճվում են զգայարաններիդ մեջ։ Ազդեցությունը տարբեր է՝ ուրախություն, ծիծաղ, ջերմություն, հոգատարություն, ընդվզում, անհամաձայնություն, զզվանք ու տհաճություն։ Մեկի նամակին սպասում ես, մյուսին՝ արհամարհում, մեկի գրածը վրադ ազդում է, մյուսինը՝ ոգևորում, 100 հոգի հավանել են նկարդ, բայց այն մեկը չի էլ տեսել․․․

Գլուխդ սկսում է պտտվել ինֆորմացիոն ու էմոցիոնալ մեծ հոսքից, երբեմն ուղղակի ուզում ես չկարդալ, չպատասխանել, երբեմն՝ փոխել թեման, երբեմն արագ անջատել, լքել համացանցը։ Ուզում ես մի քանի օր ապրել այդ սարդոստայնից դուրս, առանց այդ նետերի ազդեցության, առանց կեղծ ու սխալ լուրերի, առանց ֆեյքերի ու լայքերի, դիտումների թվի ու դիտողների, առանց ուրիշի կյանքին խառնվելու, առանց հեռախոսի՝ տագնապ առաջացնող ծնգոցը լսելու։

Բայց հիմա համացանցը բոլորիս աշխատանքային գործիքն է․ մեկը սովորում է, մյուսը՝ աշխատում։ Դու ստիպված ես անընդհատ լինել կապի մեջ, ապահովել քո վիրտուալ ներկայությունը, տնայինը ուղարկել օնլայն, կարդալ գիրքը օնլայն, լսել դասընթացը օնլայն, ընկերներիդ հետ հանդիպել նորից օնլայն․․․

Թեև ծանր օրվանից հետո համացանցը վերջապես անջատված է, բայց նամակները, ստատուսները, մեկնաբանություններն ու նորությունները չեն վերանում մեր ուղեղից, դրանք ատոմների նման արագ պտտվում են այնտեղ, խառնում ու փոխում են մեր մտքերի ուղղությունը։ Փակում ես աչքերդ, դրանք նորից հայտնվում են դիմացդ։ Թվում է՝ երբեք քեզ հանգիստ չեն տա։ Իսկ քո ուզածը միայն մենակ մնալն է։ Անհնար ցանկություն չէ, չէ՞․․․

sargismelknyan12

Ախ, կարանտի՜ն, կարանտի՜ն

Չնայած որ միլիոնավոր մարդիկ համատարած մեկուսացումն ու կարանտինը դիտարկում են որպես նոր տնտեսական ճգնաժամի սկիզբ, ես ու ինձ նման շատերը գտնում ենք, որ այն նոր հնարավորություններ է բացելու։

Օրինակը մեր գյուղի վրա բերեմ։ Երբ շատ ոլորտների աշխատատեղեր փակվեցին, ու գյուղացիները, ովքեր Երևանում էին աշխատում, ավելի շատ ժամանակ սկսեցին անցկացնել գյուղում, սկսեցին առավել կենտրոնանալ առողջ ապրելակերպի ու գյուղատնտեսության վրա։ Կարանտինի օրերին ամեն առավոտ շատերն են դուրս գալիս վազելու, մյուսներն էլ երեկոյան են զբաղվում սպորտով։

Գյուղատնտեսությունը սկսեց առավել արժևորվել։ Շատ մարդիկ սկսեցին վարել ու ցանել իրենց չմշակվող հողերը։ Մյուսները վերագործարկեցին իրենց ջերմոցները, ու քանի որ շատ ժամանակ էին անցկացնում տանը, առավել մեծ խնամքով ու նվիրվածությամբ սկսեցին վերաբերվել այս ամենին։
Մի քանի օր առաջ այցելեցի իմ հորեղբորորդուն, ու երբ տեսա, թե ինչ նվիրվածությամբ էր նա սրսկում իրականացնում իր ջերմոցում, որոշեցի վերցնել հեռախոսն ու որպես #agent17՝ անմահացնել պահը։

Կարանտինն այսօր ավարտվեց, թեև ոչ բոլոր աշխատատեղերն են բացվել, իսկ կրթական համակարգը շարունակում է հեռավար ուսուցումը: Եվ ես ուզում եմ հավատալ, որ մենք այս օրերին կլինեն ավելի զգույշ, կազմակերպված և պատասխանատու:

Shushan nersisyan

Բալենու օրագրից

Ինձ գտնելու համար տարվա եղանակներից քեզ բաժին հասավ գարունը, իսկ դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի…

***

Սիրուն էի ու միայնակ: Իմ կողքին ոչ մի ծառ չկար:

Տարվա բոլոր հնարավոր ու անհնար եղանակներն ապրել էի միայնակ: Բնության բոլոր մարտահրավերների դեմ մենակ եմ եղել: Մենակ եմ եղել մեղմ քամիների ու ուժեղ փոթորիկների ժամանակ (փոթորկին դիմանալ դեռ մի տեղ հնարավոր էր, մեղմ քամիները չէր կարելի միայնակ վայելել), մենակ եմ եղել ամռան ամենատաք արևների ու գարնանային անձրևների ժամանակ, մենակ եմ եղել աշնանն ու ձմռանը:
Ոչ ոք երբեք չէր տեսել, թե ես ինչպես եմ ծաղկում, որովհետև գիշերը բոլորը քնում են, իսկ ես մշտապես գիշերն էի ծաղկում: Սիրուն էի ծաղկում (ես այդ մասին լսում էի անընդհատ, երբ անցորդներն ինձ մոտ մի քիչ ավելի երկար էին կանգնում): Ասում են, որ ես ժպտում էի անկեղծ ու սիրուն, ու որ իմ բոլոր թերթիկներից սեր էր կաթում:

Ես ժպտում էի, ու անցորդները սիրահարվում էին: Ես դա տեսել եմ…

Ինձնով հիացել են, ես՝ չէ: Ժամանակավոր հրապուրանքներն ինձ համար չէին: Ես էի այդպես որոշել, ու դա ինձ դուր էր գալիս այնքան ժամանակ, մինչև իմ տեսադաշտում չհայտնվեց նոր ծառ:

***
Գարնանային մի օր ինչ-որ անծանոթներ եկան՝ բահերով զինված մարդիկ, իրենց հետ ջուր էին բերել ու մի ծառ: Մի քանի ժամում հողը փորեցին, փխրեցրին, խոնավացրին, ու իմ տեսադաշտում նոր ծառ հայտնվեց: Ես այլևս մենակ չէի:
Մենք չէինք խոսում իրար հետ մի պարզ պատճառով. մենք խոսել չգիտեինք, բայց հասկանում էինք իրար ու շատ լավ էինք հասկանում: Մենք չնկատեցինք էլ, թե ինչպես մտերմացանք, բայց ես զգում էի, որ հայտնվել եմ իմ նոր հարևանի ծառային էության մեջ:

Այդ տարի առաջին անգամ ես երկար, շատ երկար մնացի ծաղկած, երևի որովհետև զգում էի, որ այդ գարունն իմ կյանքի վերջին գարունն էր, երբ ինձ վիճակված էր ծաղկել: Ու ես սկսեցի սովորել իմ նոր կարգավիճակին, իմ՝ այլևս մենակ չլինելուն…

***
Մի օր զգացի, որ քո նոր տեղը քեզ դուր չի գալիս, ու դու ուզում ես տեղափոխվել: Ես չէի հավատում, որովհետև ընտելացել էի քո ներկայությանը: Ես սովորել էի, որ քամիների ժամանակ ես այլևս ստիպված չեմ լինելու միայնակ մնալ, այլ կպչելու եմ քեզ, հետո դժվարությամբ եմ ճյուղերս պոկելու քեզնից: Վերջին փոթորկից հետո որոշել էինք չառանձնացնել մեր ճյուղերը, ես այդպես ավելի պաշտպանված էի: Ես սովորել էի այլևս մենակ չլինելուն: Բայց քո ծառային էությունը արժանի չէր իմ հավատարմությանը: Դու որոշել էիր գնալ:

Ինձ համար ամենաերկարը ճյուղերն առանձնացնելու ցավոտ գործընթացն էր: Այնքան զգուշությամբ էիր առանձնացնում իմ ճյուղերը քեզնից, այնքան նուրբ, որ չվնասես: Բայց վնասեցիր: Ճյուղերից մի քանիսն այնպես էին խճճվել, որ առանձնացնելու համար ստիպված եղար քեզ ուժով պոկել ինձնից: Մեզ առանձնացրիր՝ իմ մի քանի ճյուղը խճճված թողնելով քո ճյուղերի մեջ:
Ինձ այդպես, ինչպես դու, ոչ մի քամի երբեք թափ չէր տվել: Իմ թերթիկները մի քանի վայրկյանում թափվեցին, ու ես ամբողջությամբ մերկացա: Ես դարձյալ մնացի միայնակ, որովհետև դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի:
Ես դարձյալ մնացի միայնակ: Իմ կողքին դարձյալ ոչ մի ծառ չկար:

***

Այս տարվա գարնանը ես առաջին անգամ չծաղկեցի: Չուզեցի ծաղկել: Իմ ապրվելիք հետագա գարունները սովորական գարուններ են լինելու, իսկ քանի որ սովորական գարուններ աշխարհում չկան, ուրեմն իմ կյանքում այլևս գարուններ չեն լինելու:
Ես որոշել եմ: Չորանում եմ: Աստիճանաբար, դանդաղ, տխուր:

***

Ինձ կորցնելու համար նույնպես տարվա եղանակներից քեզ բաժին կհասնի գարունը, որովհետև դու չսովորեցիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի։

Sose Martirosyan

Եթե պապս խոսեր…

Եղե՞լ եք Խուստուփ լեռան գագաթին, լսե՞լ եք նրա խուլ հևոցները, շնչել Սյունյաց աշխարհի աննկարագրելի մաքուր և սուր օդը, ակնդիր եղել գագաթի մոտ սավառնող թռչուններին՝ ակամա մրթմրթալով նրանց դայլայլի վերջին նոտաները:

-Իսկ լեռը ինչո՞ւ էր հևում,- կհարցնեք դուք։

Հևում էր պատերազմի դաշտում ընկած ամեն մի հայի համար: Հևոցները գնալով դառնում էին ավելի ու ավելի ծանր և անհաշվելի…

Պապս ինձ միշտ պատմում էր.

-Չորս տարեկան էի: Հայրս մեկնեց պատերազմ: Այլևս ոչինչ չլսեցինք նրա մասին: Սպասեցինք, բայց ոչ մի լուր, ոչ մի հույս: Նրան սպասեցի մինչև կյանքիս վերջին պահը, հետո լսեցի նրա արձագանքի նմանվող ձայնը՝ այնքա՜ն մոտ, այնքա՜ն հարազատ. կարոտած ու ինքնամոռաց գնացի նրա հետևից…

Գեղեցկուհի մայրիկս դարձավ գյուղի խոսակցության թեման: Նա սպիտակադեմ էր, լայնաճակատ, խորունկ, խաժ աչքերով, որոնք օրվա տարբեր ժամերին փոխում էին իրենց երանգները, սլացիկ հասակով և սքանչելի ժպիտով: Հորս անհետանալուց հետո ժպիտը սառեց նրա գծված շուրթերին, աչքերը խունացան, բայց միևնույնն է, ոչ ոք անտարբեր չէր անցնում նրա կողքով: Բոլոր հարևանները հորդորում էին մայրիկիս ամուսնանալ: Մի օր էլ հարևան գյուղերից հարուստ մի մարդ, որը հավանել էր մայրիկիս, եկավ մեր գյուղ` խնդրելու նրա ձեռքը: Երբեք մտքովս չէր անցնի, որ մայրս կլքի իր միակ որդուն, կթողնի բախտի քմահաճույքին և կգնա պահելու այդ օտար մարդու չորս զավակներին:

Ինչպես եմ ատում քեզ, պատերազմ: Դու ինձնից խլեցիր ամեն ինչ՝ հորս, մորս, անհոգ մանկությունս…

Հորեղբորս կինը շատ ուշադիր էր իմ նկատմամբ: Երբեմն թվում էր` ինձ ավելի շատ է սիրում, քան իր հինգ զավակներին: Դժվար ժամանակներ էին. ալյուր չկար, ուտելիք դժվար էր գտնել, հագուստի մասին էլ չեմ խոսում: Գործը շատ էր, աշխատողները՝ քիչ: Մեր ամենաերջանիկ օրերը հաց թխելու օրերն էին: Երբեք չեմ մոռանում նոր թխած լավաշի աննման բույրը: Յուրաքանչյուրս մի-մի լավաշ էինք ստանում, կրծում մինչև վերջ՝ ուրախանալով, որ այդ օրը կուշտ ենք քնելու: Ես ինձ չէի կորցնում, հավաքում էի լավաշների կտորտանքները, փշուրները, դնում մայրիկիս բույրը դեռևս պահպանած սպիտակ գլխաշորի մեջ ու այն թաքցնում վաղվա համար: Գարնանը հորեղբորս տղաների հետ գնում էինք անտառ՝ շուշան, սիբեխ, քեղ, խնջլոզ քաղելու: Տանում էինք քաղաք և վաճառում: Գումարը հորեղբորս կնոջը տալիս մի քանի կոպեկ պահում էի ծածուկ: Գոմում՝ քարե պատերի արանքում, մի թաքստոց էի պատրաստել և մայրիկիս գլխաշորի մեջ, որտեղ լավաշի փշրանքներն էի պահում, սկսեցի հավաքել իմ խնայած կոպեկները: Շուտով անցքը նեղացավ և այն այլևս խնայողությանս բավարար չէր: Փոխեցի թաքստոցս. ավելի հարմար տեղ գտա: Սկսեցի ավելի շատ փող վաստակել և մեծացնել կուտակած գումարս: Հասկանում էի, որ հույսս պետք է ինձ վրա դնեմ: Հողի՞ց էր, թե՞ ջրից՝ ծանր կյանքը ինձ հաղթահարել սովորեցրեց, գլուխս բարձր պահել և առաջ գնալ սովորեցրեց, հասկացա, որ պետք է գնամ քաղաք և փորձեմ ինքնուրույն ապրել…

Բոլորը սիրեցին ինձ: Վազում էի այս ու այն կողմ՝ ականջս թեթև, հպարտությունս՝ բարձր: Խնայողությունս օգնեց ինձ տուն վարձել, սեղան ու աթոռներ գնել ու օջախ ստեղծել…

Խնայելու լավ սովորույթը ինձ տարավ հեռու հեռուներ՝ արժանացա «Աշխատանքային հերոսի» կոչման, ընտրվեցի ՀԽՍՀ, այնուհետև՝ ԽՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Սակայն ամենամեծ հարստությունս հինգ զավակներս են՝ բոլորը կրթված, խելացի, դաստիարակված: Նրանց նույնպես սովորեցրի խնայելու արվեստին, ճիշտ ապրելուն, նեղ օրվա համար միշտ հոգեպահուստ ունենալուն:

Ծանր ու դժվար կյանքը պապիցս խլեց առողջությունը, սակայն նրա հոգին այնքա՜ն խաղաղ է ճախրում երկնքում: Հպարտ եմ իր ապրած կյանքով, վաստակած անունով և դաստիարակած զավակներով…