Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Երկինքներ իմ աշխարհից

Կյանքը`  երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն:

Կյանքը` կրակ ճահիճներում՝ կա ու չկա,

Կյանքը` ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը` երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն…

 

Իմ ծննդավայր Գոգհովիտը

Ես սիրել և սիրում եմ իմ ծննդավայրը, որտեղ ծնվել, մեծացել ու հիմա ապրում եմ։

Իմ գյուղը քչերին հայտնի մի փոքրիկ անկյուն է, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Իմ գյուղը Գոգհովիտն է։

Գոգհովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս։

Գյուղի բնության մասին խոսելն ավելորդ է։ Տարվա բոլոր եղանակներին Գոգհովիտը միշտ գեղեցիկ է։ Նա գեղեցիկ է նույնիսկ գիշերով, երբ դրսում մթնում է, սկսվում են վառվել փողոցի լապտերները։

Ես շատ եմ իմ սիրում իմ գյուղը եւ երբեք այն չեմ մոռանա, կանեմ հնարավոր ամեն բան իմ ծննդավայրը զարգացնելու համար։

20220518_084448(0)-min

Սորան

Ես ապրում եմ քաղաք Բերդում։ Դուք չեք պատկերացնի այստեղի բնությունը ինչքան գեղեցիկ է։

Մեր տեսարժան վայրերից Սորանն այնքան բարձրադիր է, որտեղից անգամ Կովկասյան լեռներն են երևում։ Սորանը դենդրոպարկ է։

Վերջերս մենք դասարանցիներով գնում էինք Սորան, որի ճանապարհը շատ երկար էր, և պետք է ավտոմեքենայով գնալ։ Որոշեցինք գնալ կարճ ճանապարհով, բայց պարզվեց այլ տեղ ենք դուրս եկել: Նորից հետ ենք դարձել ու երկար ճանապարհով գնացել։ Մեր դասարանցիներն ասում էին.

-Ետա եկել ենք էլի, էլ ո՞ւր ենք ետ տառնմ: Ետա քըմ ենք քյնյանք:

Ճանապարհը շարունակեցինք ու հասանք Սորան։ Մենք տեղյակ չէինք, որ զորավարժություններ էին ընթանում այնտեղ: Կանգնել էինք ու շատ ոգեշնչված  նայում էինք զինվորներին: Մեր դասարանի տղաները չէին ուզում պարզապես կանգնել ու դիտել: Դրա համար մոտեցան և  նույնպես մասնակցեցին զորավարժություններին, իսկ մենք` աղջիկներս հպարտանում էինք մեր ընկերներով և մեր ապագա զինվորներով։

Նարեկը իր բոլոր գույներով

Ամեն մարդ հոգով և սրտով կապված է իր գյուղի հետ։ Գյուղի օդը, արևը, ջուրը, ամեն ինչ ուրիշ է։ Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, նայում եմ այս ձեռակերտ հրաշքին ու մտածում, թե որքան հեռու կարող է գնալ մտքի թռիչքը, ինչքան մեծ են մարդկային երևակայության սահմանները։

Հայրենի ծննդավայր, Արարատի մարզի Նարեկ գյուղ,  ծննդավայր, որտեղ ամեն ժայռ​ ​ ու սար, քար ու ծառ ունեն իրենց գույները: Գույներ, որոնք բնորոշ են միայն մեր երկրին։ Կարծես բնությունը ոչ մի ներկ չի խնայել` ստեղծելով  մի հոյակերտ «կղզի» լեռների  մեջտեղում։ Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, ուր տաք է, հիասքանչ, նրա լեռներում, որտեղ ցուրտ է, բայց էլի հիասքանչ…
Երեկոները ավելի գեղեցիկ են դառնում գյուղում, երբ​ վառվում են փողոցների լույսերը, որոնք ձգվում են ողջ գյուղի երկայնքով և լուսավորում խոր քնի մեջ ընկած իմ գյուղը։
Հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից,  մտերիմներից և իհարկե, հայրենի ծննդավայրից` մեր սիրելի գյուղից, իսկ հետո շարունակվում է իմ հոգով, իմ շնչով, մեր հինավուրց ճարտարապետությամբ։
Նարեկ գյուղը ունի իմ թվարկած բոլոր  հատկանիշները։ Գյուղը, ճիշտ է, այդքան մեծ չէ, բայց երբ բարձրանում եմ բարձունքին, իմ դիմաց բացվում է մի հրաշք տեսարան: Սկզբում զարմանում եմ: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ տեսնում այդ դրախտային տեսարանը` գյուղը իր հարազատ գույներով։ Այնպիսի տեսարան է բացվում, որ եթե  նկարիչը տեսներ, ձեռքը կառներ վրձիններն ու ներկերը և թղթին կհանձներ այդ հրաշք տեսարանը։
Նարեկի ամեն կոթող ունի իր պատմությունը, պատմություն, որ քայլում է մեզ հետ կողք կողքի` Նարեկացու մատյանից մինչև  Նահատակաց մատուռ։