Իմ էջը խորագրի արխիվներ

meri hakobyan

Թե ինչպես սիրեցի հասակս

«Չեմ սիրում բոյս, շատ եմ կոլոտ», – արտահայտություն, որը կարող էր փոխարինել իմ ամենօրյա «Բարի լույս»-ին: 15 տարեկան եմ, բոյս էլ 1մ 53սմ: Կմտածեք, ի՞նչ է որ, ավելի ցածրահասակներ էլ կան: Ես էլ այդպես կմտածեի, եթե փոքր տարիքից էլ այդպիսին լինեի: Դե, խնդիրն էլ հենց դա է: Ախր, փոքր ժամանակ ամենաբոյովն էի դասարանում: Ինչևիցե: Ես միշտ չեմ սիրել իմ հասակը, միշտ ինձ վատ եմ զգացել դրա համար: Բայց եկավ մի պահ, երբ կարծիքս փոխեցի, սկսեցի մտածել, որ կարճահասակությունն էլ ունի լավ կողմեր:

Ուրեմն, 13 տարեկանում ընդունվեցի պարի խմբակ: Երբ ուղիղ գիծ էինք կանգնում, շարքի մեջ ես նախավերջինն էի: Հենց այդ ժամանակ ավելի ու ավելի էի ատում կարճահասակությունս: Մերոնք միշտ ինձ մխիթարում էին, ասելով. «Հիշի՛ր, նախավերջինն ես, ոչ թե վերջինը»: Դիպուկ է, ինչ խոսք: Բայց չէր օգնում: Պարի ժամանակ, շարքի հետևում, ավելի ճիշտ բարձրահասակների հետևում, ես միշտ տանջվում էի, որ պարել սովորեմ: Չնայելով այն փաստին, որ անգամ հայելու մեջ չէի կարողանում ինձ տեսնել:

Հիմա հետ եմ նայում ու զարմանում, թե ինչու եմ այդքան վատ զգացել հասակիս համար: Խմբակ ընդունվելուցս շատ չանցած, ես արդեն պարում էի բարձրահասակների հետ: Իհարկե շարքի վերջում, բայց ամեն դեպքում նրանց հետ: Իսկ երբ արդեն նախավարժանքի ժամանակ ուսուցիչս կանգնեցրեց ինձ առաջին շարքում, հասկացա, թե ինչ լավ է ցածրահասակ լինելը: Կմտածեք, չնչին բան է, բայց հենց դրանից հետո սկսեցի սիրել իմ հասակը: Ես վերջապես կարող էի տեսնել ինձ հայելու մեջ, տեսնել, թե ինչ եմ պարում:

Եվ վերջում, խորհրդի կարգով. ցածրահասակ աղջիկներ, միշտ հիշե՛ք, ադամանդն էլ է փոքր:

anahit ghazakhecyan

Լավ կլինի

Կարմիր կծիկի ծայրը բռնում եմ ու բացատրում՝ ոնց ենք ծանոթանալու.

-Ներկայացնեմ ինձ, հա՞: Ուրեմն՝ ես Անահիտն եմ, 16 տարեկան, սիրում եմ մի աշխարհ բան, մասնագիտության հարցով էնքան էլ չեմ կողմնորոշվել, երևի՝ իրանագետ: Մի շաբաթ է ՝ կամավոր եմ «Օրրան»-ում: Վա՜յ, մի րոպե. մեկ էլ սիրում եմ ֆուտբոլ. Ռեալ Մադրիդ:

Ծայրը մատիս եմ փաթաթում ու կծիկը շպրտում շիկակարմիր մազերով մի տղայի, ինձնից երևի 4-5 տարով փոքր: Ինձ թվում է՝ բոլորը իրենց կյանքում մի «ռիժիկ» պիտի ունենան: Ներկացավ, անունը, կարծեմ, Արեն էր:

Կծիկը գնում-գալիս էր, իսկ Բարսելոնայի երկրպագուները շատանում էին: Թարս-թարս նայում էին ինձ ու հատուկ առոգանությամբ շեշտում իրենց ֆուտբոլային նախասիրությունները: Ասում եմ ՝ լավ, երեխեք են, ես էլ եմ էդպիսին եղել:

…Խմբի հետ ծանոթանալիս հազվադեպ է եղել, որ միանգամից հավանել եմ: Միշտ ինձ մի բան վանում է խմբի մեջ. ես մարդկանց մենակ եմ ճանաչում ու սիրում: Մենակ եմ զգում մարդուն:

Ամենավերջում լիքը թուշիկներով մի տղա հայտարարեց.

-Երազանք էլ ունեմ: Ուզում եմ գնամ իմ սիրած թիմի ՝ Բարսելոնայի մարզադաշտ ՝ Կամպ Նոու , ու տեսնեմ ՝ ոնց ա Բարսան Ռեալին 10-0 հաղթում:

Ու էնպիսի հայացքով ինձ նայեց, ոնց որ արդեն գնացած ու հաղթած լիներ: Հայացքներ կան, որ ուղեղումդ գամվում են՝ չմոռացվելու պահանջով, մեկ-մեկ գալիս, հեգնում, քթի տակ ծուռ-մուռ ժպտում, հիշեցնում քեզ հաղթած լինելու մասին:

…Լոռվա գյուղերից էին: Տղաներից մի քանիսը պատմեցին, որ գյուղերից մեկում Smart կենտրոն էին բացել, ծրագրեր էին ուսումնասիրում: Հետո տխուր-տխուր ասացին, որ դպրոցում մի համակարգչային սենյակ կա, բայց համակարգիչների կեսը չեն աշխատում: Հետո էլ՝ Microsoft-ից էն կողմ բան չեն տեսնում, հոգնել են:

Պատմեցին, որ ազատ ժամանակ atc.am-ով մաթեմատիկայի ու ֆիզիկայի ավարտական կամ միասնական թեստեր են գրում: Բոլորը աշխարհագրություն էին սիրում ու ինտելեկտուալ խաղեր:

Ասացին, որ Վանաձորում գոնե գնալու մի տեղ կլինի, գոնե օրը հետաքրքիր դարձնելու հնար կա: Ասացին, ես էլ տխուր-տխուր լսեցի:

Դովլաթովն ասում էր ՝ դե, լավն են մարդիկ. ում մեջ էլ խորանաս, լավը կլինի: Դե Դովլաթովը գիտեր ՝ ինչ էր ասում: Մենակ մարդը ամենաշատն է մոտ ինքն իրեն ու ամենշատն է թույլատրում մոտենալ, հասկանալ, գիտակցել իրեն:

Արևից խանձված մաշկով, շոկոլադագույն աչքերով նայում են, պատմում ծրագրերի մասին, հավատում, որ լավ կլինի: Իսկ ես ուզում էի, ես աշխարհի չափ ուզում էի, որ էն տղան գնար Կամպ Նոու, անպայման գնար, տեսներ Բարսելոնայի խաղը… Ու թեկուզ հաղթանակը: Մենակ թե` երազանքը կատարվեր: Միայն թե, լավ լինի:

Իսկապես-իսկապես, լավ կլինի:

artyom safaryan

Ֆուտբոլային կրքեր

Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ, շուտով կլրանա 18 տարեկանս, սակայն մարդիկ, նայելով մազածածկույթիս, փորձում են գուշակել, թե քանի երեխա է ինձ «պապա» ասում և անկեղծորեն զարմանում են` լսելով իրական տարիքս: Երբ դեռ հաճախում էի կարատեի, մրցումների ժամանակ հաճախ վիճում էի մրցավարների և այլ մասնակիցների հետ տարիքիս հարցով: Հաճախ ասում էին.

-Գոնե թրաշվի, այ տղա, ոնց որ մոջահեդ լինես,- ինչին հնչում էր պատասխան.

-Թրաշը մարդկանց մեջ սարսափ է ներշնչում:

Ես ունեմ ընդամենը մի մոլուցք, որն, ի տարբերություն իմ հասակակից ստեղծագործ պատանիների, ոչ թե գիրքն է, կամ կինոն, կամ էլ, առավել ևս, փիլիսոփայությունը, այլ մի պարզ խաղ, որտեղ 22 միլիոնատեր վազում են 1 գնդակի հետևից և ուզում են այն ուղղել ուղղանկյուն դարպասների մեջ: Ճիշտ գուշակեցիք, դա ֆուտբոլն է. խաղ, որն ինձ ուղեկցում է ամենուրեք. և տանը, և դրսում, և նույնիսկ պարապմունքների ժամանակ, երբ ուսուցիչս աղաչում էր, որ ես սովորեմ «թոփիկը», իսկ ես մերժում էի, պատճառաբանելով, որ երեկոյան խաղում է Բարսելոնան, Բավարիան կամ էլ Արսենալը:

Մեր հարևանները հաճախ ասում են, որ խաղերը չեն նայում, քանի որ հաշիվը կարող են գուշակել մեր գոռոցներից: Սիրում եմ վերլուծել ֆուտբոլը և հաճախ գրում եմ ուղղակի ինձ համար, իսկ ամեն պարապմունքի գնալս ուղեկցվում էր մտքում չեմպիոնների լիգայի վերլուծությամբ: Ես ունեմ երազանք, որ նույնպես կապված է ֆուտբոլի հետ: Ես երազում եմ գեթ մեկ անգամ հայտնվել Einfield  մարզադաշտում և պարուրվել այդ ֆուտբոլային դարբնոցի ոգով և մեկնաբանել այնտեղ որևէ հանդիպում: Այսպիսին եմ ես, և եթե հետաքրքրեցի, կարող եք դիմել: Սիրով, Արտյոմ Սաֆարյան:

ani avetisyan portret

Եվ փոխվել եմ, և չեմ փոխվել

Մարդու կյանքը հիշողությունների մի ողջ շղթա է, անցնում են օրերը, և ներկան դառնում է անցյալ՝ թողնելով միայն հուշեր…

…Թերթում եմ լուսանկարներիս ալբոմն ու հիշում մանկությունս: Որքա՜ն ջերմություն ու սեր կա այդ լուսանկարներում, որքա՜ն սեր կար այդ օրերում…

Հիշում եմ, գրեթե տասը տարի առաջ, երբ ընդամենը հինգ-վեց  տարեկան էի, աշխարհն ինձ համար այնքան գունավոր ու պարզ էր, այնքան անկեղծ… Հիշում եմ՝ ինչպես էի երազում քրոջս ու եղբայրներիս պես դպրոց գնալ, բարձր գնահատականներ ստանալ: Այսօրվա պես հիշում եմ առաջին սեպտեմբերս ՝ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը: Նստել էի դպրոցական նստարանին ու մտածում, որ նոր կյանք է սկսվել ինձ համար… Եվ իրոք դա մի նոր կյանք էր՝ նոր գույներով ու պատկերներով: Տասը  տարի առաջ բացվեց իմ առջև գրքերի կախարդական աշխարհը, որն այսօր էլ իմ անբաժան ուղեկիցն է: Տասը տարի առաջ փոխվեց իմ կյանքը: Մի կողմ դրեցի սիրելի խաղալիքներս ու ձեռքս գրիչ վերցրեցի:

Արդեն տասը տարի է անցել: Տասը տարի… Այն այնքան երկար է  թվում, այնինչ ընդամենն ակնթարթ էր, որն անցավ՝ դառնալով հիշողություն: Անցած տասը տարիների  մասին  այսօր պատմում են   միայն հուշերս, լուսանկարներս և  այդ տարիներին ստացած և մինչ այսօր մնացած գիտելիքներս ու տպավորություններս:

…Երբեմն հետ եմ նայում ու փորձում համեմատել ինձ՝ տասը տարի առաջ և այսօր: Փոխվել է թե՛ արտաքինս և թե՛ ներաշխարհս: Այն ժամանակ անհոգ ու անփորձ երեխա էի և միակ զբաղմունքս էլ խաղալն էր, իսկ այսօր  արդեն քիչ թե շատ ճանաչում եմ աշխարհն ու մարդկանց, տարբերում լավն ու վատը, այսօր ես ունեմ հստակ նպատակներ և ձգտում՝ դրանց հասնելու… Այդ օրերից տասը տարի անց՝ այսօր, ես արդեն սովորում եմ ավագ դպրոցում՝ նոր հույզերով ու երազներով լցված: Տասը տարի անց ես բոլորովին այլ կերպ եմ տեսնում ու պատկերացնում աշխարհը:

Դպրոցական կյանքիս առաջին գարնանից տասը տարի անց աշխարհն այնքան էլ չի փոխվել ինձ համար: Նորից նույն գարուններն ու նույն աշուններն են, նույն երկինքն ու աստղերը: Ամեն ինչ գրեթե այնպիսին է, ինչ տասը տարի առաջ էր, միայն մարդիկ են փոխվել, այդ նրանք են սկսել  այլ կերպ տեսնել աշխարհը… Ես էլ բացառություն չեմ:

Հիշում եմ, թե տասը տարի առաջ որքան  էի սիրում  նստել բակում ու հաշվել աստղերը, երազում էի մի օր վերջապես հաշվել բոլորը, երազում էի տեսնել, թե ինչպես են վայր ընկնում աստղերը, և թե ինչ է լինում դրանից հետո: Այս բոլորն անցյալում  էր, այսօր արդեն գիտեմ, որ հաշվել աստղերն անզոր եմ, որ աստղերը չեն ընկնում… Բայց  երազանքներս այնքան էլ չեն փոխվել, ուղղակի այժմ ես ցանկանում եմ ոչ թե հաշվել աստղերը, այլ տեսնել դրանք, այնտեղ՝տիեզերքում…

Հետ եմ նայում ու հասկանում, որ տասը տարի առաջ և անց՝ և՛ փոխվել եմ, և՛ չեմ փոխվել…

Sona

Իմ և իմ աշխարհի մասին

Ես Սոնան եմ: Ապրում եմ Ակնալիճ գյուղում: Ես շատ եմ սիրում երազել. դրա համար ժամանակ եմ գտնում միայն գիշերը: Երբ պառկում եմ քնելու, միշտ երաժշտություն եմ լսում և ընկնում երազանքների գիրկը: Միևնույն ժամանակ, չեմ մոռանում վերադառնալ իրականություն, որովհետև ճիշտ ապրելու համար չպետք է կտրվել իրականությունից: Ես շատ ինքնավստահ եմ. մարդը պետք է իր ուժերի վրա վստահ լինի: Դա ապացուցելու համար պատմեմ մի դեպք: Մեր դպրոցում տեղի էր ունենալու Եղեռնի տարելիցին նվիրված նկարների ցուցահանդես: Իմ նկարները քիչ էին, և կազմակերպիչին ասացի, որ նորը կնկարեմ ու կբերեմ: Ես ունեի 2 օր նկարելու համար: Պատմության ուսուցչուհին ինձ առաջարկեց Պիկասոյի «Գերնիկա» նկարը, բայց ասաց, որ շատ բարդ նկար է, և ես դժվար թե կարողանամ նկարել: Ես տանը ուսումնասիրեցի այդ նկարը և որոշեցի, որ հենց դա պիտի նկարեմ: Նկարեցի շատ մեծ չափսի և ապացուցեցի, որ չստացվող ոչինչ չկա. միայն պետք է ցանկություն և վստահություն:

Սիրում եմ, երբ ընկերներս ինձ իրենց գաղտնիքներն են վստահում, խորհուրդ են հարցնում. դա ինձ համար ամեն ինչ արժե: Իսկ այ, ես չեմ կարողանում վստահել և իմ գաղտնիքներով կիսվել նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր ինձ վստահել են: Իմ աշխարհը փակ է, ես եմ փակ:

Ես ընկեր անվանում եմ միայն այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչում են ինձնից լավ: Մարդկանց մի քանի տեսակ կա. ըստ իս, ես մելանխոլիկ եմ: Պաշտում եմ մենակությունը, երբ մենակությունը լցնող հաճելի երաժշտություն կա: Մենության մեջ ամեն ինչ լուռ է, հանգիստ: Չկա որևէ մեկը, որ ինձ խանգարի, նյարդայնացնի: Հենց մենակ եմ լինում, անիմաստ օրս չեմ անցկացնում, այլ նկարում եմ, իսկ դա նշանակում է, որ հանգստություն է տիրում շուրջս: Ինձ երբեմն թվում է` ինձ միայն ես եմ հասկանում:

Նկարելիս աշխարհը գունավոր է թվում, ամեն ինչն է գունավոր` մարդիկ, տները, շենքերը, փողոցները և ամեն բան, բայց ինչպես ասացի, դա թվում է: Երբ նկարում եմ սև և սպիտակ գույներով, ամեն ինչ մի վայրկյանում խամրում է: Ես տխուր անձնավորություն չեմ, բայց սևի և սպիտակի մեջ մի ուրիշ զգացում կա, որը ձգում է ինձ: Միշտ չեմ ընդունել այն փաստը, որ մարդիկ ձգտում են այնպես ապրել, որ հանկարծ կողմնակի որևէ մեկը սխալ կարծիք չկազմի իրենց մասին: Ճիշտ է, դա վատ չէ, բայց հաճախ դա տանում է նրան, որ մարդը ինքն իր կարծիքը այլևս չի արժևորում: Մարդկանց կարծիքները նման են եղանակին. ամեն պահի կարող են փոխվել: Մարդ պետք է ապրի այնպես, որ իր խղճի առաջ «պարտքեր» չունենա, իսկ մնացածը հետին պլան մղված հարցեր են: Եվ վերջապես, լավ մարդ ասելով ամեն մեկը մի կերպար է պատկերացնում, և հնարավոր չէ բոլորին գոհացնել:

Մի տեսակ հուզառատ գրառում ստացվեց, բայց ես դրական, կենսուրախ և կատակասեր աղջիկ եմ:

Mishel Harutyunyan

Ուզում եմ փոխվել

Ես Միշել Հարությունյանն եմ: Ապրում եմ Արտաշատում: Լավ եմ սովորում դպրոցում, համարյա բոլոր միջոցառումներին ու մրցումներին մասնակցում եմ: Մի քանի ամիս առաջ  մասնակցեցի Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադային և հասա մինչև մարզային փուլ, սակայն այդ փուլում ինձ տվեցին, ոչ թե վեցերորդ, այլ ութերորդ դասարանի թեստ: Դե պարզ է, որ այդ հարցերից միայն երեքին կարողացա պատասխանել:

Այդ օրվանից հետո ես հուսահատվեցի: Ինձ թվում էր, թե մյուս բոլոր մրցույթները նույնպես անարդար կլինեն: Դրանից հետո ես մասնակցեցի ընթերցանության օլիմպիադային և հասա հանրապետական փուլ: Սակայն այդ օրը համընկավ «Ամենախելացին» մրցույթի օրվա հետ, ես շատ տխրեցի: Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր, որ ես պետք է մասնակցեի նման մրցույթի: Րոպե առաջ ուզում էի վերադառնալ Արտաշատ: Մայրս բարկացավ ու ասաց, որ ես արդեն հաղթող եմ, որ հասել եմ հանրապետական փուլ, և լինելու բանը կլինի:

Իմ ընկճվելու պատճառով վատ ընթերցեցի և, բնականաբար, գրավեցի ցածր հորիզոնական: Հետո մենք հետ վերադարձանք: «Ամենախելացի»-ի աշխատակիցները ինձ թույլ տվեցին մասնակցել մրցույթին Երևանի բնակիչների հետ: Հիմա ես շատ եմ ափսոսում, որ կարող էի հաղթել, բայց իմ` շուտ հուսահտվող բնավորության պատճառով միայն տուժեցի:

milena khachikyan

Րիկին, Ռեքսը, մենք

-Ուզում եմ իմանալ, թե ինչ գիտեն   շները մարդու մասին եւ ինչպես են կարողանում անդավաճան սիրել:

-Երեւի նրանք մեր մասին ավելին գիտեն, քան մենք ինքներս:

Աղասի Այվազյան

 

Երեք տարի առաջ, երբ ես երջանիկ պատահականությամբ ծանոթացա Միլենայի հետ (մեր անունները համընկել են նույն պատահականությամբ), սերը դեպի կենդանիները, մասնավորապես շները, իմ մեջ ավելի խորացավ: Դե հա, շուն ունենալը իմ մանկության ամենալուսավոր երազանքն էր, որի ձեռքը բռնած մինչեւ օրս քայլում ենք` մի օր իրականանալու անհավատալի հույսով: Իսկ եթե լուրջ՝ մենք իրականանալու ենք, եւ անպայման, դա` մի կողմ:

Միլենան իմ ճանաչած ամենահոգատար տերն է, իսկ իր շունը՝ Րիկին՝ ինձ հանդիպած ամենախելացի ու դաստիարակված աղջիկը, ով հայերենից բացի տիրապետում է նաեւ ռուսերենին:

-Рики, садись, Рики, проси…

Էս խոսքերից հետո Րիկին նստում է, սկսում է նվնվալ այնքան, մինչեւ մենք հագենում ենք ու ի վերջո տալիս ենք ուտելիքը, որին այդքան սպասում էր: Չէ, սա նրան տանջելու ձեւ չէ, սա սովորական խաղ է, որ խաղում ենք երկու կողմս էլ՝ իրար սիրելով:

Ամեն անգամ իրենց տուն գնալիս՝ դեռ դռանը չհասած, ներսից լսվում էր Րիկիի անհանգիստ հաչոցը, որը տեւում էր ոչ կարճ, բայց ավարտվում էր իմ ու իր համերաշխ գրկախառնությամբ:

-Էսպես ոգեւորված որ հաչում ա, ուրեմն սիրում ա,- բացատրում էր Միլենը,- հետո էլ տես՝ պոչը ոնց ա շարժում:

Րիկին ու ես ընկերացանք բավականին շուտ եւ դարձանք ոչ պակաս մտերիմ, որքան ես ու Միլենն ենք: Բայց պատմությունը սրանով չավարտվեց:

Եկավ մի շրջան, երբ դպրոցի ճանապարհին (հա, մենք էն հեռավոր անցյալում դպրոցական ենք եղել) մի անծանոթ շուն սկսեց հանդիպել մեզ ամեն օր եւ ամեն անգամ: Մինչ ես Միլենենց բակում սպասում էի նրա իջնելուն, շունը գալիս էր, պտտվում շուրջս, նստում ու սպասում ինձ հետ (չգիտեմ՝ որտեղից էր Միլենի տեղն իմացել): Դե պարզ է, որ բախտավոր կենդանին արժանացավ մեր ջերմ վերաբերմունքին, ինչի արդյունքում էլ մենք միանգամից ընկերացանք նրա հետ, ում, ի դեպ, Միլենը անվանեց Ռեքս: Էսպես ամեն առավոտ Ռեքսի հետ քայլում էինք մինչ դպրոցի մոտակայքը, եւ եթե մեզ հետ հարմար ուտելիք էինք ունենում, հյուրասիրում էինք (ոչինչ, որ այդ օրը դպրոցում անցնում էր սովորականից քաղցած), եթե չէինք ունենում, ճանապարհին հատուկ շան կեր էինք առնում (սա էլ մեր հաճախակի ուշացումների պատճառը): Այդ կերից Րիկին էլ ուներ, ու երբեմն Միլենը հետը մի քիչ բերում էր: Ռեքսը երջանկացած շոյվում էր դրանից, իսկ այ Րիկին…Այդ օրերին Րիկիի մեջ զարգանում էր խանդ ասվածը:

Դպրոցական խելառ օրերը մեկ ամիս առաջ ավարտվեցին: Հիմա ես չգիտեմ, թե որտեղ է մեր Ռեքսը ու արդյո՞ք իրեն կերակրողներ ունի, կամ էլ կա՞ մեկը, ում հետ միասին իրենք անցնում են կյանքի ինչ-որ ճանապարհ, թե՞… Համենայն դեպս շատ կուզեմ, որ այդպես լինի: Իսկ թե որտեղ կլինի Րիկին մի քանի օրից, ես իմացա վերջերս, եւ հիմա չգիտեմ՝ ուրախանա՞մ իր համար, թե՞ տխրեմ ինձուինձ: Րիկին պատրաստվում է չվել Մոսկվա, դե պարզ է՝ իր հետ տանելով նաեւ Միլենին (իրականում ճիշտ հակառակն է): Իրենք շուտով կգնան, ու մեր էս երջանիկ ընտանիքը արդյունքում կտուժի:

Ես մտածում էի սրա մասին, երբ հայտվեց եղբայրիկս, ով բակում խաղալու փոխարեն մի քանի ժամ էր՝ հրճվում էր: Տրամաբանական է, որ իմ ունեցած էն մեծ սերը շների հանդեպ, գիտակցաբար թե ենթա, փոխանցվել է նաեւ նրան, ու էստեղ է, որ մեր երազանքները խաչվել են: Ուրեմն էսպես. եղբայրս մեն-մենակ գնում է խանութ, իսկ վերադառնում ինչ-որ մեկի հետ, ով, արդեն հասկանալի է, մի նրբագույն շուն է: Ես պատուհանից ուտելիք եմ շպրտում, շունն ուտում է, բայց չի հեռանում: Երեկոյան պարզվում է, որ Վահրամը հերիք չի բակի չարաճճիներին արգելել է շանը նեղացնել, մի հատ էլ, չգիտեմ որտեղից, տուփ են պեղել, տնակ սարքել երջանիկ կենդանու համար: Հետո շենքի կանանցից սպառնացել են, ջղայնացել, ու խեղճ երեխաները ստիպված են եղել լքել իրենց նոր ընկերոջը, բայց…

-Միլ, ես էսօր հասկացա՝ ինչ ա նշանակում շան հավատարմություն (կարեւոր գիտակցություն ա, ինչ խոսք): Տանում էինք դպրոցի բակ, ուտելիք դնում դիմացը, որ ինքը զբաղվեր, մենք էլ շուտ հետ գայինք, չէր ուտում, հետեւներիցս գալիս էր: Էլի էինք տանում, էլի էր գալիս:

Հասկանո՞ւմ եք:

Հիմա ուշ գիշեր է, եղբայրս երեւի երազում վերադարձել է իր ընկերոջ մոտ, իսկ թե որտեղ է վերջինս, ես դժվարանում եմ կռահել, բայց որ պատուհանիցս շների յուրահատուկ սիմֆոնիա է լսվում, դա հաստատ: Էլ ի՞նչ կարող են անել այդ կանայք, կամ առհասարակ, ի՞նչ կարող է անել մարդը շան հավատարմության դիմաց. ըհը, ոչինչ, ոչ մի բան:

Մի քանի ժամից Րիկին արդեն ինձնից հեռու կլինի, մի քանի տարի հետո՝ գուցեեւ ինձ մոռացած: Հա, ես շների հիշողության մասին գաղափար չունեմ ու շատ կուզեմ, որ սա կարդալուց հետո ինչ-որ մեկն ինձ ասի.

-Բալի՛կ ջան, դու սխալվում ես. շները, ի տարբերություն մարդկանց, առմիշտ հիշում են իրենց հին ընկերներին, հիշում են հայացքը, աչքերը, ձեռքերի հոտը, գրկի ջերմությունը, ու շարունակում են սիրել անկախ ժամանակատարածական չափումներից:

Երեւի…

Ես Րիկիին բարի ճանապարհ եմ մաղթում, իսկ Ռեքսին ու մեր բակի լավ ընկերոջը, ում համար մենք դեռ կհասցնենք անուն մտածել, ցանկանում եմ, որ հանդիպեն հնարավորինս լավ մարդկանց : Դե ձեզ էլ՝ բարի գիշեր:

Հ. Գ. Հա, Մի՛լ, ես քեզ սիրում եմ, բայց շատ զգացվե՞ց, որ ցնդել եմ մի քիչ:

ani avetisyan portret

Անսպասելին

Մարտի վերջն էր՝ համացանցում տեսա Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության հայտարարած շարադրության մրցույթը կանանց հիմնախնդիրներին նվիրված թեմայով և որոշեցի մասնակցել:

Դեռ մանկուց սիրել եմ մասնակցել տարատեսակ մրցույթների: Կհաղթեմ թե ոչ՝ ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Հաճախ մասնակցելով, արդեն սովորել եմ, թե անհաջողություններին, և թե անարդարություններին: Բայց հաղթանակներս ևս քիչ չեն եղել…

Մի խոսքով, երկու-երեք օրում գրեցի շարադրությունը, և, ինչպես միշտ, արդյունքն ինձ դուր չեկավ, բայց ուղղեցի գրածիս վերջին մասն ու մրցույթի վերջին օրն աշխատանքս ուղարկեցի:

Դրանից հետո սկսվեց սպասման շրջանը, որը, պատկերացնել անգամ չէի կարող, թե որքան երկար էր շարունակվելու: Արդյունքների ամփոփումը պետք է լիներ ապրիլին, սակայն ապրիլը դարձավ հունիս, և մրցույթից տեղեկություն այդպես էլ չստացա ոչ հաղթելու, և ոչ էլ պարտվելու վերաբերյալ: Արդեն մոռացել էի, թե ինչ շարադրություն եմ գրել, ու ինչի մասին էր այն, երբ մի արևոտ օր դպրոցից զանգ ստացա, և ասացին, որ մրցույթում հաղթող եմ ճանաչվել, իսկ ամեն ինչ այսքան երկարել էր, քանի որ կազմակերպիչներն ինձ հետ կապ հաստատել չէին կարողացել: Ստացվեց, որ երկու ամիս ես իրենց էի սպասել, իրենք՝ ինձ: Այդպես, հունիսի 17-ին ինձ կանչեցին՝ մրցանակը ստանալու: Իսկ մրցանակս iPad էր…

Երևի այնքան չուրախացա հաղթանակիս ու թանկարժեք մրցանակի համար, որքան նրա, որ երկար սպասումս տվեց իր արդյունքը, և որ  այդքան հաճախ հանդիպած անարդարություններին այս անգամ չհանդիպեցի: Հա՜, մոռացա՝  նաև նրա համար, որ այսուհետ ավելի հաճախ նյութեր գրելու հնարավորություն կունենամ:

Հ. Գ. Գարսիա Մարկեսը երևի հենց նման դեպքերի համար է ասել, որ ամեն լավ բան անսպասելի է լինում….

milena khachikyan

Հետավարտական օրերի եւ նախաքննական սպասումների մասին

Տասնութ, տասնինը, քսան… Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, քսանյոթ… Չէ, ես հաշվել չեմ սովորում, սրանք ընդամենը օրերն են, որ մնացել են իմ ու քննությունների միջեւ: Թվում է՝ ինչքան հանձնեմ, էլի մնալու են հանձնելու. գնում-գնում եմ, դեռ չորսն էլ կան: Ոնց որ վրեժխնդիր լինեն ինձնից. ոչ կարողանում եմ ուզածս գիրքը կարդալ, ոչ ֆիլմը նայել, տատիս տուն էլ արդեն չեմ հասցնում գնալ. սրանից լավ պատի՞ժ:

-Քիչ մնաց, դիմացի՛ր,- կասեր ինձ մայրս, եթե կարդար այն, ինչ գրում եմ այստեղ Նարեկացուց, Չարենցից մի քանի անգիր կրկնելու փոխարեն: Եվ քանի որ նա հավանաբար մտածում է, թե ես հենց դրանով էլ զբաղված եմ հիմա, ուրեմն հաստատ չեմ լսի ամենալուսավոր «քիչ մնաց»-ը, ինչը միայն մաման է կարողանում այնպես ասել, որ իսկապես հավատամ:

Ուրեմն՝ բարեւ: Ես սովորական մեկն եմ, ով, երեք տարի տառապելով ավագ դպրոցի լծի տակ, շուտով հայտնվելու է համալսարանում:

-Մի փոսից դուրս ենք գալիս, ընկնում մյուսի մեջ,- ասում է Մինասյան Լուսինը: Ո՞վ է նա. նա մի աղջիկ է, ում քամիները եւս բերել-հասցրել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Բայց դա ուրիշ պատմության նյութ է:

Չէ, իրականում իմ պատկերացումները համալսարանական կյանքի մասին ավելի լավն են, սպասելիքները՝ շատ ուրիշ, որքան էլ կողքից հուշեն, թե ամեն ինչ նույն ձանձրալին է, անհետաքրքիրը: Ամեն ինչ չի կարող նույնը լինել գոնե սկզբնական շրջանում, քանի դեռ նոր են մարդիկ, միջավայրը: Հետո գուցե հոգնենք, գուցեեւ՝ հակառակը: Չնայած՝ ինքներս պիտի հետաքրքրություն մտցնենք, թե չէ առանց դրա միշտ եւ ամենուր նույնը կլինի, չէ՞:

Հիմա քննությունների ավարտը այնքան անիրական է թվում, որքան մի քանի ամիս առաջ՝ դպրոցն ավարտելը: Իսկ դրան այսօր արդեն միայն մի քանի օր է մնացել: Պատկերացնո՞ւմ եք: Ես՝ դեռ չէ: Շուտով այլեւս ստիպված չեմ լինի օրերիս մեծ մասը ուղարկել գրողի ծոցը՝ ծախսելով ժամանակ եւ անսպառ նյարդեր, ինչը սպասվում է բոլոր նրանց, ովքեր դեռ մեկ տարի էլ ունեն դպրոցում: Խոսքը մեր մեջ՝ նրանց ընդհանրապես չեմ նախանձում ու եթե հանկարծ հայտնվեմ ընտրության առաջ՝ կրկնել տասներկուերորդ դասարանը թե հանձնել բոլոր քննությունները նորից, վստահաբար կընտրեմ վերջինը, որքան էլ այն դեպրեսիոն է ու լարված, կարեւորը՝ առանց շտեմարան: Դպրոցը դպրոց է, կյանքի սովորական մի շրջան, որ յուրաքանչյուրի հետ պատահում է յուրովի, դառնում լավագույնը կամ հոգնեցնում, իրենից թողնում վերքեր կամ հակառակը: Բայց ինչ էլ որ լինի, hետ դառնալու կարիք չկա: Ի վերջո, ապրածը ապրած է արդեն: Հա, ի դեպ, առանց շտեմարան ապրելը մեծ անհոգություն է, ազնիվ խոսք: Դրա համար բոլոր պարապողներին միայն ծով, դեռ ծով էլ չէ, օվկիանոս համբերություն եմ մաղթում, որովհետեւ այս խառնիխուռն շրջանում ամենալուսավորը միայն վերջին դաս-վերջին զանգ օրերն են, չստացված փորձերն ու թաքուն լուսանկարներն են, մեկի անկեղծ լացը, մյուսի զվարթ ծիծաղը, որ պահելու եմ ինձ հետ մշտապես: Իսկ դպրոցը կարոտելու մասին հայտնի լեգենդները ծալում-դնում եմ մի կողմ. մենք կարոտելու ենք մեր ընկերներին, մեր մարդկանց, նրանց հետ ապրած ամեն խելառ արարք, միասին բարձրացած ամեն դժվարին աստիճան, կարոտելու ենք ուսուցիչների, ովքեր դպրոցի դասերից բացի նաեւ կյանքի դասեր են տվել, ովքեր թողել են իրենց մեծ հետքը մեր մեջ, կարոտելու ենք անհոգ օրերի այն շղթան, որ մշտապես կախված ենք պահելու մեզանից, բայց դպրոցն ու դասերը այս ամենի հետ ոչ մի կապ չունեն: Եվ կարոտելու ենք հատկապես այն դեպքում, երբ ներկայում այդ ամենից ինչ-որ բան պակասի մեզ հանկարծ: Հա, երեւի փոխվել եմ:

-Ծերանում ենք, Խաչիկյա՛ն, ծերանում ենք, սիրելի՛ս, – կասեր Պարույր Սեւակը, եթե հանդիպեր ինձ մի օր:

Ծերանում չէ, բայց հաստատ մեծանում ենք: Եվ մեծանալով ենք սովորում արժանապատվորեն տանել թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն, մեծանալով ենք սովորում լինել դավաճանված, մնալ հավատարիմ, սովորում կարոտել, հասկանալ, ներել, կորցնել, սովորում մարդկանց: Մեծանալով ենք սովորում սովորել:

-Ե՞րբ ա հաջորդ քննությունդ:

-Չորեքշաբթի:

-Վախ կա՞:

-Բա առանց դրա՞:

Չնայած՝ մեկ էլ տեսար, ի՞նչ կա որ:

Տասնինը, քսան, մեկ, երկու, երեք…Հետո՞:

Անգիրներս մնացի՜ն:

gohar zaqaryan

Երբ քեզ չեն մոռանում

-… Հորքուրի պատկերն ա է, շա՜տ նման ա,  մեր երկրորդ Լուսինեն ա…

Այս խոսքերը մանկուց եմ լսել, դեռ փոքրիկ երեխա էի, երբ մեր տուն հյուրեր էին գալիս, կամ մենք էինք հյուր գնում, միշտ ասում էին, որ հորաքրոջս եմ նման տեսքով, անգամ ինձ հաճախ Լուսինե էին անվանում: Վերջում անպայման ավելացնում էին` հուսանք նրա նման լավ կսովորի և բարձունքների կհասնի:

Երբ առաջին անգամ գնացի դպրոց, ինձ մոտեցավ մի տատիկ և ասաց.

-Վա՜յ, էս իմ պուճուր Լուսինեն ա: Է՜ս ինչ նման ա, բայց դու՝ Գոհարիկ ջան, պետք ա հորքուրիդ նման փայլուն սովորես, որ քեզնով էլ էնքան հպարտանանք, ինչքան մեր Լուսինեով:

Երբ նա գնաց, մայրիկին հարցրեցի, թե ո՞վ էր, իսկ նա պատմեց, որ հորաքրոջս դասղեկն է եղել և շատ է սիրել ու հպարտացել նրանով:

Երբ դեռ փոքր էի, չէի հասկանում նրանց խոսքերը, թե ինչով եմ նման հորաքրոջս, բայց հիմա հասկանում եմ և հպարտանում, որ նման եմ նրան: Նա մեր դպրոցի, մեր գյուղի պատիվն ու հպարտությունն է եղել, մեր դպրոցի ամենալավ սովորող աշակերտուհիներից մեկը: Հաղթել է բազմաթիվ մրցույթներում և հանրապետական օլիմպիադաներում: Պատկերացրեք, թե ինչ մեծ պատիվ է ինձ համար, երբ ինձ համեմատում են նրա հետ:

Հորաքույրս և նրա ընտանիքն այժմ արտերկրում են ապրում և մեզ շատ ուշ-ուշ են այցելում: Շատ եմ կարոտում նրանց: Գյուղում բոլորն են նրան կարոտում, հատկապես դպրոցում: Ահա թե ինչ է նշանակում` բարի հետք թողնել: Հուսամ, ինձ էլ վաղը կհիշեն նույն ջերմությամբ: