Իմ էջը խորագրի արխիվներ

astgikHunanyan

Իսկ մեր ԱԺ֊ները ցրովի չեն

-Լսի, չփորձես ցեխը մտնես, դու հո անուղեղ չե՞ս, ախր, դու ինձ ունես։ Նայիր, ամբողջ ճամփան չոր֊չոր ա, էդտեղով պետք ա քայլես, ոչ թե հենց էն մի թիզ ցեխի միջով,-աղաչում էր ուղեղս,- Ա՞ստղ, Ա՞ստղ, լսո՞ւմ ես…

Ցեխով անցա։ Ոչ էն բանի համար, որ հետևել եմ «սրտիդ լսիր» հայտնի խոսքերին, որ ցանկացածը գոնե մի անգամ (թեկուզ նախորդ կյանքում) ցիտել է իր սոցիալական էջում, ուղղակի «օրգանաժողովի» հերթական նիստի աղմուկի պատճառով ուղեղիս բազմաբովանդակ ճառի համարյա կեսը չեմ լսել։ Ինչպես միշտ։ Հաստատ էդ նիստերի ձայնային ռեժիսորի հարցերը պիտի լուծվի, էսպես շարունակվել չի կարող։

-Է ինչի՞ չի կարող, բա լավ չի՞։ Խելքիդ ինչ փչում եմ՝ անում ես, հենց փող ա ընկնում ձեռքդ՝ ծախսում ենք, ամեն անգամ լիքը հիմար որոշումներ ենք կայացնում, ազատ ժամանակդ պարապելու կամ մի հետաքրքիր բանի վրա չենք ծախսում, կյանքդ մի լավ հարամում ենք. ի՞նչ վատ ա որ, դու էլ մենակ բողոքես,- բեմահարթակը իր ձեռքն առավ սիրտս, որը, եթե ուզում եք իմանալ, ձեր՝ մատիտով նկարած սրտիկներին ոչ մի բանով նման չի։ Գրիչով նկարածներին էլ։

-Հա՜, սրտի հետ ես էլ եմ համաձայն, էս կյանքի իմաստն իրոք ուտելու մեջ ա, ուրեմն քեզ զրկենք ամեն օր անառողջ զիզի֊բիզի բաներ ուտելուց, ինչ է թե աչքերդ Փարիզ են ուզում տեսնել ու էդ փողերը որ կուտակես, կկարողանաս ճանապարհորդե՞լ,- նիստի երրորդ խոսնակը ստամոքսս էր։ Հա, եթե մի օր մտածեք, թե ինչի է ստամոքսն աղմկում, որովհետև կենսաբանության էդ դասը անամոթաբար շրջանցել եք, իմացեք, որ ՕԺ-ի (օրգանական ժողով) հերթական նիստն է։

-Ձեզ ի՞նչ կա, է: Էդ մենք ենք, որ ամեն օր ստիպված ենք նույն դեմքերը տեսնել, նույն փողոցները, նույն փողոցների սև կատուներին, նույն շենքերն ու խանութները, մե՛նք։ Ու հլը մի բան էլ Փարիզ չտեսնե՞նք,- աչքերս էին։

-Բա լավ չի՞, իրեն էլ եք տեսնում,-արտահերթ, նորից խոսեց սիրտս։ Փորիս միջի թիթեռները լուռ ժպտում էին։

-Հավանելը դա դեռ սիրահարված լինելը չէ,-հայկական արտադրության քիթս էր, որը հավանում է բենզինի, ներկերի, հին ու նոր գրքերի հոտը, բայց պնդում, որ սիրահարված չէ դրանց։ Ի դեպ, ուրիշ ժողովներին այդ լեգենդին ուրիշ կերպ են անվանում (If you know what I mean)։

-Այ, աչքեր ջան, այ, ցավներդ տանեմ, դուք գոնե փողոցներ ու կատուներ տեսնում եք, բա ե՞ս ինչ ասեմ. ոնց կույր կայի, էդպես կույր էլ մնացել եմ,- պահը չկորցրեց մի քիչ վատ տեսնող աղիքս, որը ցանկացած նիստին «երեսով էր տալիս» իր կույր լինելը։

-Քիչ խոսի ու գոհ էղի՝ կաս, թե չէ որ համով բաներ ուզեցի, էնպես կանեմ՝ քեզ հանել կտան, էս քաղաքի բժիշկներն էլ էդ ա, որ կարողանում են։ Ատամ ցավա՝ դու ես մեղավոր, գլուխ ցավա՝ դու ես մեղավոր, թև ու ոտք ցավա՝ դու ես մեղավոր, միանգամից կհանեն,- հայտարարեց սիրտս։ Բացի բեմահարթակից, իրավիճակն էլ էր իր ձեռքերում, չես վիճի։

-Գիտե՞ք, ձեր ասածները «խլապուշկաներ» են մեր խնդրի առաջ։ Կյանքը շատ ավելի դժվար է, երբ բոլորը քեզ սիրում են միայն փողի համար, երբ պատրաստ են ցանկացած պահի վաճառել ձեր «սերը»,-սկսեցին իրենց դարդով կիսվել երիկամներս։

-Դե լավ, էկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել. պիտի Աստղի օրվա շարունակությունը մտածենք։ Ըհը, «բռատ», դու մի հատ էդ գրողի տարած ցեխոտ կոշիկներդ հանի, արագ հաց կեր ու նստի դասերիդ, հետո պարապմունք կանես, հետո նոր մի սերիա սերիալիցդ կնայես, ու կպառկես քնելու,-հանդիսավոր փորձեց նիստի վերջին խոսքն ասել ուղեղս, քաջ գիտակցելով, որ էլի իրեն լսող չկար (մեկ֊մեկ ուղեղիս ինքնավստահությունից եմ ուզում)։

-Չէ, ես ավելի լավ միտք ունեմ. ցեխոտ կոշիկներդ հանի, հաց կեր, մի քանի սեզոն սերիալիցդ նայի ու քնի։

-Ցեխոտ կոշիկներդ հանի, մի քանի սեզոն սերիալիցդ նայի ու քնի։

-Ցեխոտ կոշիկներդ հանի ու քնի։

-Քնի։

Որոշումն ընդունված է, նիստը՝ փակված։ Շնորհակալություն։

Shushan nersisyan

Միշտ չհերիքող մանրուքներ

Դու արդեն վաղուց էլ ոչ մի տեղ չես շտապում, միշտ քայլում ես դանդաղ, մտածկոտ, չես խոսում ծանոթներիդ հետ: Դու վաղուց նրանց մեջ ինչ-որ մեկին ես փնտրում, փնտրում ես ամենուր, և քանի որ չես գտնում, սկսում ես խուսափել նրանցից:

Այդ օրը հերթականն էր: Ոչնչով չտարբերվող նախորդ ու հավանաբար հաջորդ օրերիցդ: Ձգված, ծամածռված, խեղճացած օրդ, որ չգիտես՝ ոնց էր սկսվել ու ոնց էր ավարտվելու, քեզ էր սպասում:
Այդ օրը կանգառում դու էլի ինչ-որ բան, կամ ավելին՝ ինչ-որ մեկին էիր փնտրում: Մինչև տեղ հասար, հազար անգամ շուրջդ նայեցիր ու չգտար: Անկեղծ ասա՝ ո՞ւմ գալուն էիր սպասում: Լա՜վ, կարող ես չասել, գիտեմ, սպասում էիր, որ պիտի գա՞ր, գալու էր, բա չէ՜, հետն էլ ծաղիկներ պիտի բերեր` էն քո սիրած դաշտայիններից: Տալու էր քեզ, ժպտալու էիր, ու բոլորը քեզ երջանիկ էին տեսնելու, ու զարմանալու էին՝ վերջապես քեզ էլ ուրախացնող հայտնվեց… Չկար, չեկավ, ծաղիկներ չբերեց, չզարմացան, չուրախացար:
Իսկ ո՞վ էր անընդհատ զանգում, մինչ սպասում էիր երթուղայինիդ, մի քանի անգամ առանց նայելու անջատեցիր, գիտեի՞ր, որ ինքը չէ: Բայց մի քանի անգամ աչքդ գցեցիր հեռախոսիդ, հա՜, մտածում էիր՝ հեռվից տեսել է քեզ, ուզեցել է առաջարկել միասին մի կանգառ ավելի քայլել, դրա համար է զանգում: Դե հա, ինքը չէր, դու հո չէի՞ր կարող սխալվել:
Բա ինչո՞ւ առաջին պատահած երթուղայինը չնստեցիր, դատարկ էր, չէ՞, լա՜վ, գրեթե դատարկ, ինչո՞ւ չնստեցիր: Բեր խոստովանիր, որ հույս ունեիր՝ կհայտնվի ու կհրավիրի մոտակա սրճարանը: Ծիծաղելի տեսք ունեիր, գիտե՞ս: Պիտի շուտ բարձրանայիր, որ չսառչեիր:
Ինչո՞ւ էիր ձեր թաղամաս հասցնող երթուղայինում պայուսակդ դրել կողքիդ: Դրել էիր, որ մարդ չնստի՞: Հա՜, սպասում էիր, որ հաջորդ կանգառից պիտի ինքն էլ բարձրանար: Կողքիդ պիտի նստեր, քիչ չի, իջնելիս էլ տոմս պիտի վերցներ, չէ՞, քեզ համար: Հետո ճարդ կտրած պայուսակդ դրիր ծնկներիդ, որ էդ խեղճ ուղևորները նստեն, որովհետև նա, ով պետք է բաձրանար, չբարձրացավ, կողքիդ չնստեց, չզրուցեցիք, տոմս չգնեց… Ամեն դեպքում, դու մենակ էիր:
Իսկ որ բակ մտար, ո՞ւմ էիր փնտրում: Չնայած՝ բակերում էլ ո՞ւմ պիտի փնտրեն: Մտածում էիր՝ էն ծաղիկները, որ փողոցում չէր համարձակվել տալ, պիտի բերած դրած լիներ շքամուտքում՝ ձեր դռան առաջ: Չկար: Չէր դրել: Իսկ դու արդեն մտածում էիր՝ ոնց ես սեթևեթելու, ոնց ես սկզբում չեմուչում անելու, հետո հանձնվելու ու վերցնելու: Դու արդեն նույնիսկ մտածել էիր՝ որ ծաղկամանում ես դնելու դրանք: Ծաղիկներ չկային:
Հարևաններդ ի՞նչ էին ուզում, էդ օրն ինչքա՜ն դուռդ թակեցին: Լավ, ինչի՞ էիր նեղսրտում, էդ մարդիկ հո չէի՞ն մտածում, որ դու կարևոր թակոցների ես սպասում: Ամեն թակոցից վեր էիր, չէ՞, թռչում, ախր, ամբողջ օրը չկար, էդ գիշե՞րն էր գալու։ Խորհրդավոր կլիներ, բայց դու ինձանից լավ գիտես, որ չէր գալու:
Լսիր, անհարմար է: Հանիր կոշիկներդ, արձակիր մազերդ: Հանվիր: Շպարդ չմաքրես, չի օգնելու: Հագիր թեթև մի բան ու պառկիր, որ մի քիչ հանգստանաս: Բարձդ փոխիր, վերցրու փոքր, ավելի փափուկ ինչ-որ բան: Գլուխդ իջեցրու բարձին: Ծածկվիր ողջ մարմնով, բաց տեղ չթողնես, որ քամին չսառեցնի առանց այդ էլ սառած մարմինդ: Անջատիր ուղեղդ ու քնիր:
Դե քնի՜ր, ափսոս ես: Հա, ճիշտ ես, քնելն էդքան էլ հեշտ չի, եթե ուղեղդ չես կարողանում անջատել, բայց փորձիր, էլի, ախր, ափսոս ես, շատ ես խեղճացել, ժպիտիցդ էլ բան չի մնացել: Չես քնելու, չէ՞…
Ու միշտ չես քնելու, որովհետև քեզ պակասող մանրուքներ կան: Էդ ծաղիկները, երթուղայինի չգնված տոմսը, կողքիդ դատարկ նստարանը քեզ միշտ պակասելու են, չեն հերիքելու, իսկ եթե պատահմամբ ինչ-որ մեկը հայտնվի ու փորձի դրանք քեզ վերադարձնել, ուղղակի չես ընդունելու, մերժելու ես, կոպտորեն արհամարհելու, որովհետև նա լինելու է մի ինչ-որ մեկը, որ չի հասկանալու մանրուքների նշանակությունը քո կյանքում: Քեզ միշտ պակասելու են մանրուքներ, որոնք կարևոր են, և որոնք չես գտնելու, որովհետև ծաղիկներն արդեն ուրիշներին են տվել, երթուղայիններում ուրիշների համար են տոմսեր վերցրել, դատարկ նստարաններին անծանոթներ են նստել: Այդ ամենը քեզ համար չէ, քոնը քեզնից հեռու է, չի գալու, չես գրկելու… Ծաղիկները, երթուղայինի տոմսը, դատարկ նստարանը մանրուքներ են, քեզ միշտ չհերիքող, պակասող մանրուքներ:

Եթե չես կարողանում քնել, բարձդ շրջիր, սառը երեսի վրա ավելի շուտ են քնում:

Anush abrahamyan

Թվում է

Դուք չեք ճանաչի նրան։ Նրա անհարթ ճանապարհին ոչ մեկը չի պատահել, ոչ մեկը չի սրբել իր այտերը, չի մաքրել իր հոգին կասկածանքից, չի կապել երջանկությանը։ Նրա սիրելին չեկավ հեռավոր ու ձիգ ճանապարհներից։ Երևի մեռավ կամ իրենից սիրուն աղջկա հանդիպեց։ Չհիշեց, որ աշխարհից մոռացված մի գյուղում իր ճանապարհին պառավեց մի օրիորդ, ինչպես ինքն է ասել՝ երկարածամ, բարակ մեջքով, սև աչք ունքով, հիմար մի օրիորդ։

Ժամանակը Սոնա մորաքրոջ հոգուն ոչ հանգստություն է բերել, ոչ նոր սեր ու ոչ էլ սիրելիին։ Հակառակը, գյուղի ծանր աշխատաքից մեջքի անտանելի ցավ է բերել, բոստան (բանջարանոց) մենակ ջրելուց, սառելուց՝ ոտքերի ցավ, ու ամենավերջին, ամենածանր ցավն է բերել՝ սպասման, կարոտի ու խեղճ ժպիտի ցավը։ Հեռավորությունը Գառնիկին տարել, ու ոչ մի ճանապարհ նրան հետ չի բերել, ոչ մի հեռագիր կամ նամակ նրա ողջությունը չի փաստել, ոչ մի լուսաբաց գյուղի վրա այդքան գեղեցիկ ու թախծոտ չի իջել, որքան նրանց հրաժեշտի օրը։ Բլրի ճանապարհին տղաների խմբից հետ ընկած Գառնիկը ամուր բռնել է Սոնայի մատները.

-Կգամ, կգամ, հաստատ կգամ։

Ասում են՝ Սոնա մորաքույրը ամեն առավոտ կովերին անտառ տանելուց հետո էդ ճանապարհի քարին նստելիս կիսաձայն ասել է այս խոսքերն ու նայել բլուրների կողմը, որտեղ ճանապարհը երկու մասի է կիսվում ու կորչում բլուրների մեջ։ Էդ ճանապարհով քչերը եկան, շատերը մնացին բլուրներից այն կողմ։ Ճանապարհը մի սառը հայացք դարձավ սպասողների համար։ Սև ու սպիտակ հիշողությունների հայացք։

Սոնա մորաքույրը վաղուց է մահացել խոր ծերության մեջ, ոչ միայնակ․ եղբոր թոռներով, հարսներով շրջապատված։ Ու թվում է՝ օտարության վերջին ու խորը ցավը սրբել տարել է իր հետ, սպասումը ու հոգի մաշող կարոտը՝ ևս։

Թվում է…

mariam yavrumyan

«Սթինգոտ» տրամադրություն

Նորից ավտոբուս: Էս ավտոբուսային տրամադրությունն իսկը ինձ համար է:

Լավ էր, այս անգամ իմ սիրած նստատեղը զբաղված չէր: Դա ամենավերջին շարքի պատուհանի կողմի նստատեղն է: Ծանոթացեք` սա մելանխոլիայի անկյուն է շատերի համար: Էստեղ նստող ամեն մեկի ականջակալներում տարբեր երաժշտություն է: Մեկինը՝ ռոք, մյուսինը` ջազ, այ հա, հենց այդ երրորդինն էլ` Հռիփսիմե Հակոբյան: Այս երրորդի ճաշակը դուրս չեկավ մի փոքր, բայց դե, ճաշակին ընկեր չկա: Նստում են օրեկան հազարավոր մարդիկ, թողնում իրենց հույզերն ու զգացմունքները: Մեկը` ծնողների հետ վիճելը, մյուսը` սիրելիի հետ բաժանումը, այ հա, հենց այդ երրորդն էլ, ճիշտ նկատեցիք, այն մեկը, ում ականջակալներում Հռիփսիմե Հակոբյան է, արևոտ մեկն է ու իր շողերն է թողել նստարանին:

Նստում եմ, ամեն անգամ մտքումս վիճում ծնողներիս հետ ու արև կլանում:

-Որ խնդրեմ՝ Ձեր լսած երգի անունը չէիք ասի՞։

-Առանց խնդրելու, Sting. «Love her when she loves someone else»,- իրականում երգի վերնագիրն այդպես չէր, բայց ես մտքումս իբր կարևոր տողն առանձնացրի։

-Շնորհակալ եմ: Հետաքրքիր է, այս ոճը չեմ սիրում, բայց սա լավն էր, իսկ Ձեր ականջակալների ձայնը շատ բարձր է, կվնասեք Ձեր լսողությունը։

-Ինչ արած, կյանքն է ստիպում,- խոստովանեմ, որ չժպտացի, այլ ուղղակի այտիս ձախ մկանը ձգվեց։

Դե, իսկ մեր չափազանց մտերմիկ զրույցն ընդհատեց նրա «կանգառում կանգնեք»-ը:

Այդ խոսքերը դեռ երկար հնչեցին ականջներումս` որպես իմ լսողությամբ մտահոգված տղայի վերջին խոսքեր: Կամ էլ ուղղակի ուղևորներն էին հաճախ ասում: Ինչևէ:

Թողնում եմ իմ կիսախամրած շողերն ու սթինգոտ տրամադրությունս հաջորդ ուղևորին:

Հանկարծ կանգառում չկանգնեք, այս անգամ դեպի անվերջություն ենք գնում:

meri tutunjyan

Տիեզերանավ A-Z 995 -ի պատմությունը

Տիեզերքը շատ առեղծվածներ ունի, որոնց մի մասը բացահայտված է, մի մասը՝ ոչ: Այն անծայրածիր է։ Գուցե մարդկանց միլիոնավոր տարիներ են հարկավոր, որպեսզի այն ուսումնասիրվի: Ես շատ եմ հետաքրքրվում տիեզերքով, մոլորակներով, տիեզերանավերով: Չեմ ուզում երկարացնել, մի խոսքով՝ այն ամենով, ինչը կապված է տիեզերքի հետ: Գլխավոր պատճառներից մեկը, որ ես սկսեցի ուսումնասիրություններս, պապիկս էր: Նա Հայաստանի լավագույն երկրաբաններից մեկն էր: Դեռ տասը տարեկան էի, երբ պապիկս ինձ նվիրեց մոլորակների քարտեզը. ես ուղղակի հիացած էի դրանով: Այդ օրվանից իմ մեջ անընդհատ հարցեր էին առաջանում տիեզերքի մասին, և այդ հարցում ինձ միշտ օգնում էր պապիկս: Մենք ամեն երեկո պատշգամբում նստում և խոսում էինք աստղերի մասին (մեր պատշգամբից աստղերը շատ պարզ են երևում):

Ամառային մի գեղեցիկ երեկո նստած էինք պապիկիս հետ, և մեծ երկնակամարում լուսինն այնքան մեծ ու պարզ էր երևում, որ ես որոշեցի, անպայման պետք է տիեզերանավ պատրաստենք ու թռչենք դեպի լուսին: Պապիկը ծիծաղեց, բայց ապա լրջությամբ պատասխանեց.

-Մենք վաղվանից պատրաստվում ենք տիեզերանավի կառուցման աշխատանքներին:

Ես հաջորդ օրը առավոտյան շատ վաղ արթնացա, գնացի բակ, հավաքեցի տարատեսակ փայտի ու երկաթի կտորներ ու բերեցի տուն: Սկսեցի տիեզերանավի նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան տիեզերանավն արդեն պատրաստ էր:

-Պապի՛կ, ամեն ինչ պատրաստ է, գուցե չհետաձգե՞նք թռիչքը,- ասացի ես:

Պապիկն ասաց, որ մեր տիեզերանավը շատ փոքր է և անիրական՝ տիեզերք թռչելու համար: Ես մի փոքր հիասթափվեցի: Սակայն դրա փոխարեն նա ինձ պատմեց NASA-ի մասին: Պատմեց, որ հենց այնտեղ են կատարվում գրեթե բոլոր տիեզերական ուսումնասիրությունները, և հիմնականում այնտեղ են նախապատրաստում տիեզերագնացներին: Այդ օրվանից սկսեցի հետաքրքրվել NASA-ով։ Յուրաքանչյուր օր ինձ համար սկսվում էր նրանց կայքէջի նորություններով:

Ես շարունակում եմ հետաքրքրվել անծայրածիր ու անսահման տիեզերքով ու նրա գաղտնիքներով: Պապիկս ինձ նվիրել է մի մասնագիտական հեռադիտակ, որի օգնությամբ ես կարողանում եմ դիտել ամբողջ երկինքը շատ մոտիկից: Գիշերը լուսնին նայելիս ինձ թվում է, թե ես գտնվում եմ լուսնի վրա, հաճախ էլ երևակայությունս թևեր է առնում, և սկսում եմ սավառնել մյուս մոլորակների շուրջը: Վերջին խավարումը գրեթե բոլորն են տեսել. ես ուղիղ չորս ժամ հեռադիտակով հետևել եմ խավարման ամբողջ ընթացքին: Ես հուսով եմ, որ կստեղծեմ իմ երազանքների տիեզերանավը, իհարկե, հատուկ կրթություն ստանալուց հետո:

Շատ եմ ոգեշնչվել նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից, որտեղ պատմվում է խաղաղ և ծաղկող մոլորակի՝ Նաբուի մասին: Ամեն օր պրպտում եմ, մի նոր բան ուսումնասիրում, փորձում մի նոր բան գտնել երկնքում: Այս ամենը ես մեծ հաճույքով եմ անում: Տիեզերքը հեքիաթային աշխարհ է: Ես դառնալու եմ տիեզերագնաց, չնայած այն փաստին, որ մասնագիտությամբ լեզվաբան եմ:

Սպասե՛ք իմ ուղիղ եթերներին Մարս մոլորակից:

juli abrahamyan

Ակորդներն ակտուալ են

«Լյա մաժոր, չէ, ոնց որ մի մաժոր էր»:

Լինելով մեր ընտանիքի միակ քաղաքականության հետևողը` այսօր ես հանգիստ եմ: Շատ հանգիստ:
Լույսերն անջատել եմ, հեռուստացույցի ձայնն անջատել եմ ու նվագում եմ ինձ համար:
Իսկ մաման… Իսկ մաման լինելով մեր տան միակ մարդը, ով քաղաքականությունից շատ-շատ հեռու է` վերջին դեպքերից հետո դարձել է իսկական քաղաքական գործիչ:

-Դրանք պիտի չանցնեն…
-Տեսնենք, մա…

Պապային ընդհանրապես դա չի հետաքրքրում: Մեր տան քաղաքական չեզոք գոտին է:

Մի խոսքով, մոտավորապես հասկացաք մեր տան կառուցվածքը քաղաքական դեպքերի ժամանակ:

-Արա, դե սրանք էլ մի բան չեն, է,- մոռացա նշել բակում հանգրվանող ինտելեկտուալ ու քաղաքական տիտաններին, որոնք, անկախ թեմայից, գիտեն «որը որից հետո ա»:
-Ռուսը ոնց ասի` տենց ա:

«Երբ բամբասանքները շատ են` լրագրողի աշխատանքն է… Թե` դո մինոր էր…»

-Մի հատ ձայնը բարձրացրու` տեսնենք ` ինչ ա կատարվում:
-Մամ, դիագրամը ներքևն ա`  նայի:

-Դե որ ասում էի` վստահել պետք չի, նույն բանն են, արա…
-Դու էլ հո չասի՞ր:
-Հա, հա: Էն կոալիցիոն ա ինչ ա` դրանից են հեսա կազմելու

-Կոալիցիա,- քթիս տակ խոսում եմ հինգ հարկ ներքև և երկու մետր աջ գտնվող մարդկանց հետ ու փորձում եմ ճիշտ ակորդը գտնել:

«Դրանց ցրելն է նրա աշխատանքը: Չէ, հաստատ չպիտի անցնեն: Հազար եմ ասել` չեզոք լինել է պետք: Բայց չէ, հաստատ չպիտի անցնեն, է…Գտա` ֆա է, հաստատ ֆա բեմոլ է»:

Հասկանո՞ւմ եք` ակորդները միշտ էլ ակտուալ են:
Քաղաքականությո՞ւն` ակտուալ է:
Երաժշտությո՞ւն` բա առանց դրա՞:
Լեզունե՞ր` ակտուալ է:

-Հը՞ն, քանի՞ տոկոս է:
-Նայի, էլի, գրված է…

-Հիմա ո՞վ անցավ,- մոռացա ասել, որ իմ շրջապատի միակ քաղաքականությունից հասկացողն էլ եմ ես, իսկ սա ընկերուհուս կողմից նամակ է:

«…որը ես կանտեսեմ: Երևի նյութ գրեմ, չնայած` շատ խառն եմ գրում` խեղճ Մարիամ, ինչքա~ն կետադրական է ուղղում ամեն անգամ իմ նյութերը կարդալիս:
Հիմա ո՞վ անցավ…»

-Ըհըն, հեսա սրանք էլ կանցնեն` նույն բանը կլինի:
-Տո, որ ուզում ես իմանաս` լավ էլ կանեն, որ անցնեն:
-Հո դու էլ չասի՞ր,- բավականին գրագետ ու թեժ բանավեճ էր տիրում մեր քաղաքատիտանների միջև:

-Մամ, չե՞ս տեսել նոտաներս:
-Իհարկե, չեմ տեսել:
-Լավ…

«Չմոռանամ` երեքշաբթի գնամ «Մանանա»: Երևի երեխեքից մի քանիսին էլ կտեսնեմ էնտեղ: Շատ լավ կլինի… Շատ լավ կլինի, որ այ, էն մեկը չանցնի: Չեզոքություն է պետք, չեզոքություն: Ամեն անգամ որոշում ես չեզոք լինել` չի ստացվում»

Էլ ոչինչ չի ստացվում, ոչինչ` կանցնի:

-Մա՞մ:
-Թղթերդ չգիտեմ, թե ուր են:
-Չէ, մամ, ուրիշ բան եմ ասում: Չանցան…
-Այ, սա ուրիշ բան…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կհաղթի, չէ՞, թագավորը

Կյանքիս 18-րդ տարին նշանակալից դարձավ մի շարք նոր, բարդ, եզակի ու խճճված դեպքերով, որոնց ազդեցությունը ինձ վրա կրելը միաժամանակ և’ հետաքրքիր էր, և’ երջանկալի, և’ պարտավորեցնող, և’ հպարտացնող։

Հիմա կուզեի պատմել այդ դեպքերից ոչ պակաս կարևոր ու  զավեշտալի մեկի  մասին։

Ինձ ու ինձ նման շատ երիտասարդներ առաջին անգամ ընտրության մասնակցելու հպարտության զգացումը սրտում,  օրեր առաջ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը’ մասնակցելով ընտրություններին, իրենց փոքրիկ, բայց որոշիչ ընտրությամբ ազդելով ողջ ընթացքի վրա։

Քանի որ Երևանում եմ սովորում, հատուկ ընտրության մասնակցելու համար որոշեցի հասնել Ստեփանավան։

Այսպես այդ օրն էլ ընտրություն կատարելուց հետո  ինձ ասացին, որ  եթե ցանկանամ, կարող եմ, որպես օգնական գրանցվել ու  մի պապիկի օգնել։ Մեծ սիրով համաձայնեցի։

-Ըհը, պապի ջան, հիմա ո՞րին եք ուզում ընտրեք։ Էս ՀՀԿ-ն ա, էս… Ո՞րն եք ուզում` «Իմ քայլը», «Լուսավոր»…

-Ազիզ ջան, x-յանին եմ ուզում, մեկ էլ Փաշինյանին։

-Հա, պապի ջան, բայց մենակ մեկին կարաք ընտրեք, ո՞րն եք ուզում։

-Հաա՞, դե Փաշինյանին ուրեմն։

-Պապ ջան, իրա անունն էլ չկա, ես մոռացել էի, ինքը թեկնածու ա վարչապետի, իրան չենք կարա ընտրենք։

-Հա ՜, դե ուրեմն x-յանին, ազիզ ջան։

-Ըհը, դե էկեք, էս մնացածը դեն գցենք ու ընտրենք։

-Բայց կհաղթի չէ՞, մեր թագավորը, մեր Նիկոլը։

-Հա, բա ոնց, պապի ջան։

-Ըհը՜, ապրե’ս հա, բալա ջան։

Էական ոչինչ չէի արել, բայց այնքան ուրախ էի, որ կարողացա օգնել պապիկին։

Իրականում մեզ շրջապատող մարդկանց մեծ մասը, լինի դա 6 տարեկան երեխա, 18 տարեկան պատանի, թե 80 տարեկան պապիկ, իրենց հույսը դրել են թագավորի վրա, ու մեծ սպասելիքներ ունեն նրա հետ կապված, սակայն շատերս նույնիսկ չենք հասկանում, որ անհատ անձը ինչքան էլ հզոր ու պայքարող լինի, չի կարող միայնակ ամեն ինչ փոխել։

Եկեք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք այդ փոփոխությունը և գնանք դրա հետևից, որովհետև եթե մենք  մեր մեջ հեղափոխություն չանենք, երբեք էլ չենք հասնի երանելի արդյունքի։ Եկեք փոխենք մեր մտքերը, գործողությունները, որոնք դեռևս չեն վերածվել բնավորության, իսկ եթե արդեն ուշ է` պայքարենք դրանց դեմ ու օգնենք մյուսներին հետևել փոփոխությանը։

anahit baghshetsyan

Այսօր մարդու իրավունքների օրն է

Ինչպես 21-րդ դարի բոլոր ներկայացուցիչները, այդպես էլ ես, գուգլի որոնման դաշտում գրում եմ ինձ հետաքրքրող բոլոր թեմաները։ Այսօր գուգլին բախտ է վիճակվել ինձ ցույց տալու «Մարդու իրավունքների միջազգային օր» որոնման արդյունքները։

1950թ. դեկտեմբերի 4-ին Ընդլայնված նիստում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանեց որպես Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին և շահագրգռված կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այս օրը և անցկացնել համապատասխան միջոցառումներ:

Գուգլին ժամանակավորապես թողնում եմ միայնակ։ Փոխարենը էկրանիս օրացույց է երևում։ Դեկտեմբերի տասը երկուշաբթի է։ Եղանակն ամպամած է լինելու։ Դասացուցակումս իմ սիրած դասաժամերից կան։

Առավոտյան հավանաբար կգնամ դասի։ Հանրահաշվի ժամին գրավոր կգրենք։ Քանի որ կիսամյակային է լինելու, շատ վատ կգրեմ։ Մնացած դասաժամերը կանցնեն աղմկոտ։ Ֆիզիկայի ուսուցիչս ինչպես միշտ, նկատողություն կանի երկու դասընկերներիս, որովհետև էլի շատ են խորացել այդ գիտության աշխարհում ու հետաքրքիր քննարկումների մեջ են։ Դասընկերս էլ կհարցնի՝ արդյոք իրավունք չունի՞ դասաժամի թեման քննարկել կողքին նստողի հետ։ Ո՛չ։ Վստահեցնում եմ՝ հենց այսպես էլ հնչելու է։ Կոպիտ ու ահարկու։ Ես էլ, ինչպես միշտ, դասարանից դուրս գալու իրավունք կխնդրեմ, բայց, դե գիտեք՝ կոպիտ ու ահարկու պատասխան կստանամ։ Հաջորդ դասաժամին էլ դասընկերներս ուշացած կմտնեն դասարան։ Բայց դասարանում նստելու իրավունք կունենա՞ն։ Կոպիտ ու ահարկու պատասխան, իհարկե։

Դասից կգամ տուն։ Ինչպես միշտ, Կոմիտաս փողոցի շուկայի մոտ վարորդը ճանապարհ կտա անցնող մարդկանց ու մտքում կասի, որ իրենք իրավունք չունեն այդտեղով անցնելու, մեկը, որ անուշադիր եղավ, պատմական վթար կառաջանա։ Հետո կգամ տուն, էլի կխոսենք արտագաղթող ժողովրդից։ Բայց էս անգամ ես մամային կասեմ, որ Մարդու իրավունքների հռչակագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ բոլորն ունեն իրավունք իրենց երկիրը լքելու և իրենց երկիր վերադառնալու։ Ամենասովորական երկուշաբթին կլինի։ Չնայած․․․ Երկուշաբթի իրավունքներիս համար կպայքարեմ։

Իրավունքներիս տուփիկի մեջ եմ ապրում փաստորեն։ Է՜, ես երեխաների իրավունքների պաշտպանության օրն եմ սիրում։ Լիքը քաղցր բամբակ կա։

marine nikoghosyan

Ես քվեարկել եմ առաջին անգամ

Ողջու՜յն, ես Մարինեն եմ։ Այս տարի առաջին անգամ մասնակցեցի ընտրություններին։ Սպասելիքներս ու իրականությունը մի փոքր տարբեր էին։ Շատ էի ոգևորված, քանզի առաջին անգամ իմ ձայնը որոշիչ կարող էր լինել երկրի կառավարման համակարգում։

Այս մի քանի օրը շրջապատումս շատ էի լսում նմանատիպ արտահայտություններ. «Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնալու եմ ընտրությունների», «Վերջապես արդար և անկողմնակալ ընտրություններ կլինեն» և այլն։ Անկեղծ ասած, այս արտահայտություններն ինձ համար մի փոքր խորթ էին, քանի որ ես այս տարի առաջին անգամ էի մասնակցելու ընտրություններին, և տարբերությունը այս և անցած տարիների՝ դժվար էր ասել։ Չհաշված այն, որ անցած տարիների անարդարությունների մասին շատ անգամներ եմ լսել, սակայն աչքովս չեմ տեսել։

Այս տարի առաջին անգամ ընտրատարածք գնացի եղբորս հետ։ Երեկոյան ժամը 5-ն էր։ Ընտրատարածքում միայն ես և եղբայրս էինք ընտրող։ Գնացի առաջ, ցույց տվեցի անձնագիրս, մի քանի գործողություններ կատարեցի, հետո վերցրեցի քվեաթերթիկները և անցա առաջ։ Քվեաթերթիկների վրա կարդացի բոլոր կուսակցությունների անունները, մի փոքր ժպտացի, հետո վստահ և անվարան կատարեցի իմ ընտրությունը և դուրս եկա, մոտեցա քվեատուփին, ծրարը գցեցի ներսը և հպարտ քայլերով դուրս եկա ընտրատարածքից։ Անկեղծ ասած, սպասում էի գոնե մի փոքր շնորհավորական խոսքերի՝ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ, քանզի գյուղում միայն ես էի առաջին անգամ ընտրող։ Հետո ինքս ինձ քմծիծաղ տվեցի և դուրս եկա։

Ընտրատարածքից դուրս գալուց հետո եղբորս միջոցով ինձ փոխանցեցին մի կրծքանշան՝ «Ես քվեարկել եմ առաջին անգամ» գրվածքով։ Կիսաձայն շնորհակալություն հայտնեցի բոլորին և վերադարձա տուն։

Ընտրի՛ր

Բանական էակը իր կյանքի ընթացքում բազմիցս կանգնում է ընտրության առջև։ Վաղ տարիքում  ընտրում է, թե ինչպիսի հագուստ կրի, տարիներ անց ընտրում է մասնագիտություն, գիտակցաբար ընտրություն է կատարում բարու և չարի, օգտակարի և անիմաստի միջև, հասուն տարիքում ընտրում է կողակցին…

Ընտրության բազմազանությունը և անհատի կողմնորոշումը ձևավորում է հաստատուն բնավորություն։ Չափահաս դառնալով՝ յուրաքանչյուրիս առջև դրվում է մեկ այլ, առավել պատասխանատու ընտրության հնարավորություն. համայնքապետի թեկնածուների, ավագանու անդամների, Ազգային ժողովի պատգամավորների, նախագահի…

Հատկապես պետական մասշտաբի հասնող ընտրություններին պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ դրանցից է բխում երկրի ապագան, ազգի բարեկեցությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, արժանապատիվ ու պահանջատեր սերնդի և ժողովրդավար պետության կերտման դժվարին գործընթացը։

Տարիներ շարունակ հայոց մեջ գերակշռել է այն կարծիքը, որ թեկուզ ընդդիմադիր թեկնածուի ընտրելու պարագայում, ընտրությունների արդյունքում միշտ պարզվելու է, որ ձայների մեծամասնությամբ ընտրվել է այն կուսակցությունը կամ անհատը, որը հովանավորվում է իշխող կուսակցության (այս դեպքում՝  Հանրապետականի) կողմից։ Տարիներ շարունակ մենք վաճառել ենք մեր ապագան 10.000 դրամով, որովհետև ոմանք կարողացել են մեզ համոզել, որ չգիտես ինչի համար շտաբներում արձանագրվող անձնագրային տվյալները, ինչ-որ անհեթեթ հաշվարկները կարող են մատնել քեզ, եթե ընտրես ոչ այն թեկնածուին, ում խոստացել ես ընտրել, այլ նրան, ում առաջարկած ծրագիրն ավելի իրատեսական ես համարում։ Մեզնից շատերը հպարտանում են, որ հաջողացրել են և՛ 10.000 դրամ «շահել», և՛ ընտրել իրենց ուզած թեկնածուին։ 

Բայց արդյո՞ք նրանք այդպիսով իրենց մեջ չեն հասունացրել կաշառք վերցնողի հոգեբանությունը, կամ տեղյա՞կ են արդոք, որ կաշառք տալն էլ, վերցնելն էլ քրեորեն պատժելի են… Ինչևէ, յուրաքանչյուրս էլ կարող ենք գիտակցել ու սեփական վերլուծությունն անել, բայց ո՛չ երբեք կրկնել նույն սխալը՝ օրինակ ծառայելով ապագա սերունդներին։ Ըմբռնելով վտանգի ռիսկայնությունը՝ ընտրությունների կարևորության ու մեծ պատասխանատվության մասին սովորեցնում են ավագ դպրոցներում։ Հասարակագիտության դասագրքերի նյութերը պատմելուց բացի, այս տարի ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց իրականից չտարբերվող Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու։ Գավառի ավագ դպրոցում ևս կազմակերպվեցին դասընթացներ, որոնցից հետո վիճակահանությամբ ընտրվեցին «թեկնածուների», «հանձնաժողովի անդամների», «վստահված անձանց» և «լրագրողների» դասարանները։ Մեկ օրվա պատրաստությունից, քարոզարշավից հետո, դպրոցում կազմակերպվեցին Ազգային ժողովի ընտրություններ։ Հաղթող կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի նիստի։

Ահա թե ինչպես են իրազեկվում և իրենց պատասխանատու, իրավագիտակից ընտրողի դերում պատկերացնելով, խրախուսվում դեռևս ընտրության իրավունք չունեցող, կամ առաջին անգամ ընտրող աշակերտները։

Գոնե այժմ, երբ չկա կաշառք, իսկ բաժանվող մանդարինները ոչ մի դեր չեն խաղում, երբ հնարավորություն ունես հանգիստ խղճով ու գլուխդ բարձր հայտարարել, որ ժողովրդավար երկրիդ համար մի լավ բան ես արել, որ քո պետության տերը դու ես: Բաց մի թող հնարավորությունդ, թող նախկին անարդարությունների արդյունքում ձևավորված անտարբերությունդ, հրաժարվիր չեզոք քաղաքացու, խեղճացած ենթարկվողիդ կարգավիճակից, գնա և ընտրի՛ր՝ վստահ լինելով, որ քո քվեն որոշիչ է։

 Լուսանկարները՝ ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից