Հայոց Անմահների գունդը խորագրի արխիվներ

Նամակ զոհված ընկերոջս

Գրում եմ այն ժամանակ, երբ գիտեմ, որ չես պատասխանելու։ Չեմ սկսում բարևով, որովհետև անպատասխան բարևներ չեմ սիրում։ Բառերս տառերի խղճուկ կույտի են վերածվել ու դադարել են իմաստ արտահայտել։ Կապտականաչավուն աչքերիդ խորը երանգը, կարծես, ուղիղ դիմացս է։ Մտերիմ ընկեր կորցնելը ցավոտ է… Մեկ ամիս առաջ կույր գնդակը տեսավ քեզ, քեզ տեսավ, որ մենք այլևս քեզ չտեսնենք։ Կա՞ ավելի ազդեցիկ տեսարան, քան լավագույն ընկերոջդ դիակը եռագույնով փաթաթված տեսնելը։

Թաղմանդ օրը հողը ճաքել էր հպարտությունից, ճաքել էր, որ քո պես հերոսի է գրկելու։ Գիտե՞ս՝ պատերազմը վերջացել է, բայց իմ ներսում է պատերազմ սկսվել, ու այդ պատերազմը մինչև կյանքիս վերջ շարունակվելու է։ Ինքս ինձ հետ եմ պատերազմում, փորձում եմ համակերպվել կորստիդ հետ, բայց պարտվում եմ։ Իմ լավ, իմ ազնիվ, իմ համեստ ընկեր, ինչպե՞ս համակերպվեմ, ինչպե՞ս  հաղթեմ ներսումս սկսված՝ վերջ չունեցող պատերազմում, ինչպե՞ս խաբեմ ինձ։ Բարությունդ  սահմաններ չուներ, հիշո՞ւմ ես՝ ինչքան էի քեզ ասում՝ տղան այդքան բարի չպիտի լինի, դու էլ ժպտում էիր ու թեման փոխում։

Միշտ իմացիր՝ ինչ էլ լինի, դու միշտ իմ լավագույն ընկերն ես լինելու….

 

Նամակիս հասցեատերը Մամիկոն Կասոյանն է, իմ զինվոր ընկերը։ Հավերժ փառք մեր հերոսներին։

Հայկը սիրում էր երկինքը

Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից էր, սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նա զոհվեց հանուն իր սուրբ հողի, հանուն իր Արցախի։

Հայկը ծառայության օրերն էր հաշվում, ամեն անգամ խոսելուց ասում էր մնաց այսքան օր։ Շատ էր սիրում Երևանը։ Միշտ ասում էր. «Ծառայությունս վերջացնեմ, մի ամիս հանգստանամ, գալու եմ շուտ Երևան»։ Կատակներ շատ էր անում։ Երբ խոսում էինք, ասում էր. «Գիտես, Երևանում եմ հիմա»։ Ես էլ դե իհարկե չէի հավատում, բայց ինքը էնպես էր ասում, որ մարդու հավատը կգար։ Ու մի օր էլ հերթական անգամ ասաց, որ Երևան է եկել, չհավատացի։ Պարզվեց, որ իրոք եկել է։ Դեկտեմբերն էր. չէի մտածի, որ դա վերջին անգամն էր, որ տեսնում եմ իրեն։ Հայկը շատ նպատակներ ուներ։ Ուզում էր ուսումը Գերմանիայում շարունակել։ Շատ լավ էր սովորում, պարտաճանաչ էր, սիրում էր ամեն բան անել ըստ հերթականության։ Երկուսս էլ գերմաներենի խմբից էինք։ Չնայած նրան, որ նոր էր սովորում լեզուն, շատ կարճ ժամանակում սկսեց գերմաներենին տիրապետել։ Անգամ եղավ այնպես, որ խմբում ամենաբարձր գնահատականն ինքն էր ստացել քննության ժամանակ։

Ծառայության ընթացքում ասում էր, որ պարապում է, գրքեր կարդում։ Հայկի խոսքը գործ էր, ինչ այդ պահին նրան ասեիր, անմիջապես կաներ։

Հայկի հետ որոշել էինք Արցախով մեկ ճամփորդել։ Ամեն անգամ խոսելուց հարցնում էր՝ երբ եմ գնալու։ Ասում էր. «Ես գիդի դերում կլինեմ», ցույց կտամ քեզ Արցախս։  Շատ լուսավոր մարդ էր, սիրում էր, որ մարդիկ միշտ ժպտում են։

Հայկը ամռանը զորացրվելու էր։ Բայց, ավա՜ղ: Վերջին անգամ խոսելուց շատ ուրախ տրամադրություն ուներ: Հիշում եմ, կարոտից էինք խոսում, ու ես բացատրում էի նրան այդ բառի իմաստը։ Կարոտ նշանակում է` կար ժամանակ, որ մոտ էր։ Մ-ն սղվել է, փոխարենը ավելացել է ր։ Ասացի, որ հայերենի ամենավատ տառը Ր-ն է։ Այն ցանկացած բառի մոտ, երբ դնում ես, անցյալ ժամանակ է դարձնում: Կա-կար, է-էր։ Լսեց ու ասաց «ախ-ախ-ախ»՝ իր սիրելի արտահայտությունը։ Էդպես ավարտեցինք զրույցը։ Ու հիմա  չեմ հավատում, որ իր մասին անցյալով պետք է խոսեմ՝ այդ չարաբաստիկ Ր-ն  օգտագործելով։ Չեմ կարող ասել զուգադիպություն էր մեր զրույցը նման նոտայով ավարտելը, բայց երբ իմացա նրա մահվան բոթը, ակամայից հիշեցի այս խոսակցությունը։ Զուգադիպությունները շատ-շատ են։ Գրեթե միշտ եղել են ու հիմա էլ, երբ մտաբերում եմ, իրոք, հասկանում եմ, որ այդպես է։ Հայկի ամենասիրելի հերոսը, ում մասին միշտ ակնածանքով էր խոսում, Բեկորն էր՝ Աշոտ Ղուլյանը։ Հայկի հուղարկավորությունը տեղի ունեցավ հենց Բեկորի ծննդյան օրը՝  հոկտեմբերի 6-ին։ Այդ օրը քաղաքը նույնպես սգում էր Հայկի մահը։ Ամբողջ գիշեր անձրևեց, ամպերը որոտում էին, կարծես ցավից մռնչալիս լինեին։ Անգամ Հայկի ծննդյան օրն էր պատմական. մայիսի 8-ը, որ ինչպես գիտենք, Շուշիի ազատագրման օրն է։

Հայկը սիրում էր երկինքը՝ աստղազարդ ու լուսավոր։ Երևի մտածեց, որ երկնքում լույսը պակասել ու չի հերիքում ներքևը լուսավորելուն, որոշեց գնալ իրեն հարազատ՝ մաքուր ու լազուր երկինքը։

Ցավ եմ ապրում, որ Հայկը չկա, չեմ ուզում պատկերացնել, թե հիմա նա ինչ կզգար, երբ տեսներ, որ իր Արցախը ում ձեռքում է։ Բայց չեմ ուզում կոտրվել, որովհետև մենք բոլորս պարտք ունենք Հայկի ու իր նման հերոս տղաների առջև։ Այն է. հետ բերել մեր Արցախ աշխարհը…

Հավերժ փառք քեզ, Հերոս ՀԱՅԿ…

Ուղերձ զինվորից

44 օր մենք վախի հետ ենք ընկերացել:

Ապրել

Գետի ջրով,

Ցեխաջրով:

Գլուխներս

Դրել քարին,

Աստղերով ծածկվել:

Անասելի վախ

Ձեռք բերել ամեն

Ճտոց,  չխկոցից:

Կորցրել ենք

մարդկանց, ում հետ

Ուրախացել, տխրել,

Դպրոց ենք քայլել,

աղջկա բազառ գնացել,

Հիշողություններ ստեղծել,

Հաջողությունների հասել,

Թռել,

Ընկել,

Ապրել:

 

Կատու,

Շուն,

Գորտ,

Օձ,

Կարիճ,

Սարդի հետ

Խոնավ պադվալում

հարևանություն արել:

 

Մարդ սպանել

Սովորել,

Արկերի, անձրևի տակ

Պատգարակով մեր

ընկերոջը կիլոմետրեր

ենք վազացրել:

 

Բա

Ցար

Ձակ

Չիմանալով երկու

վայրկյանից ինչ կլինի,

Զանգել ասել ենք.

Լաաաաաավ ա սաղ:

 

Լսողություն կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

 

Բայց

Ժպտում ենք:

Դուք էլ ժպտացեք:

Ու մոտներս էշ-էշ դուրս մի տվեք,

Մենք ձեզ  չենք ընկալում

Ոնց դուք

Էս իրավիճակը:

 

ԵՐԱՆԻ ՉԶԱՐԹՆԵԻ՞Ր…

ԳՆԱ ՍՊԱՆԻ ՔԵԶ։

ԼԻՔԸ ԼԱՎ ՁԵՎ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ,

ՀԱՐՑՐՈՒ` ԿԱՍԵՄ:

 

Որոշի,  դու «դու՞ք» ես, թե՞

«մենք»…

Երկինքը հարստացավ, ես աղքատացա

Մի ժամանակ ես երկինքը շատ էի նկարում:

Հիմա երկինքը ավելի սիրուն է, ավելի տաքուկ ու ավելի շատ:

Ես նեղացած եմ, հա, երկնքից եմ նեղացել: Ես իրեն էդքան շատ սիրում էի, ամեն օր նոր հանդերձանքով նկարում, իսկ ինքը գողացավ ինձնից ամենաթանկերիս:

Ես աշխարհից եմ խռովել, մի երկնքը ի՞նչ է, որ էդքան լույս պահի իր մեջ:

Մանկական խաղերս բերել դրել աչքիս դիմաց, տարել է հետս խաղացողին:

Էն երկինքը, որ ձեռքերը իրեն էին պարզում ու նկարվում սիրելիները:

Էն երկինքը, որ ես օդային համբույրներ էի ուղարկում, երբ անձրև էր տալիս: Անձրև չեմ ուզում էլ, ինձ իմ մանկության Սամին տուր:

Փողոցում լռություն է…

Հոգումս երկրաշարժ է,  թե՞ փոթորիկ, ես էլ չգիտեմ:

Ասում են` կորուստը մարդուն ավելի է կոփում: Դրանք սուտ բաներ են, կորուստը մարդուն ծնկի է բերում, ստիպում է զռռաս, էնքան, մինչև բարձդ քամելու չափ թաց լինի:

Լավ է, որ Աստված ստեղծել է գիշերը, թե չէ` ինչ պիտի անեին այն ձեռքերը, որ մենակ մնացին երկինք պարզված, որ խաղերը եկան առանց խաղացողների մնացին, որ մնացիր մենակ… Երկինքը հարստացավ, դու աղքատացար ու մենակ ես, մեն մենակ…

Մեծ, անծայրածիր աշխարհ, վահանդ կորցրած ռազմիկ ես դու…

Բառերը հոդս են թռչում, կորցում են գինը… Դուք չկաք, մենք էլ չկանք…

Կներեք ինձ, որ շատ էի սպասում աշնանը, ախր ,սիրում ես էս գրողի տարած եղանակը: Բայց ինչո՞ւ ինքը մեզ չսիրեց այնպես, ինչպես մենք իրեն, ինչո՞ւ նեղացրեց, ինչո՞ւ պոկեց մեզ մեզանից…

Ես նեղացած եմ, հա, աշուն, քեզանից էլ… Դու աչքերիս մեջ նայելով, արցունք տվեցիր աչքերիս …

Դու մեզ ստիպեցիր ապրել պատերազմի հետ կողք կողքի… Պատերազմը ապրում է մեր փողոցում, իմ դասընկերն է, կուրսընկերը, կամ ուղղակի մի անցորդ, ում օծանելիքը հրապուրել էր ինձ մի օր:

Պատերազմը տարավ ինձանից թանկերիս ու սիրելի եղանակս…

Դու չկաս, աշուն…

Չէ՞ որ դու Սեյրանն ես

Եկեք առանց երկար-բարակ նախաբանի պարզապես ձեզ պատմեմ Սեյրանի մասին։ Սեյրանին ճանաչում եմ արդեն չորս տարի՝ 17.am-ի` Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարից։ Այն ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ բան է խմբային աշխատանքը, իսկ նա կոլեկտիվի ոգին էր. միշտ պատրաստակամ նոր գործի ձեռնամուխ լինելու կամ կողքինին օգնելու, կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու կամ որպես ուշադիր դիտորդ՝ երբեմն-երբեմն միջամտելու։

Նա այն մարդկանցից է, որոնց ուզում ես լսել, լսել… Որովհետև այնքան լայն մտահորիզոն ունի, որ ամեն հետաքրքրությունների տեր մարդ էլ կարող է գտնել այն, ինչ փնտրում է, կամ այն, ինչ հենց նոր է բացահայտում։ Միտքը կարող է վերածել գաղափարի ու ծրագրի, իսկ իր ծրագրերը կյանքի են կոչվում անմիջապես. հենց որոշեց հարցազրույց վերցնել մեկի հետ, րոպեներ հետո նրա համաձայնությունը ստացած, կազմ-պատրաստ, ճկուն հարցերի տեղատարափով ներկա կլինի պայմանավորված վայրում։

Հիշում եմ, որ շատ լավ պատմություն գիտի։ Պատմության մասին նրա զրույցներն ու բանավեճերը լսելով, ես ոչ միայն խոր ակնածանքով էի լցվում Սեյրանի հանդեպ, այլև նոր կերպարներ ու հերոսներ էի բացահայտում ինձ համար, նոր ուսումնասիրությունների թեմաներ ու հարթություններ սկսում փնտրել։

Արդեն չորս տարի ես ինձ համար բացահայտել եմ այս ուժեղ մարդուն, ով մի հայացքով կարող է մարդուն դաստիարակել, մի մեղմ ժպիտով վստահություն ներշնչել։

Երեկ իմացա, որ մարտում տանկիստները, որոնց թվում էր նաև Սեյրանը, շրջափակման մեջ են հայտնվել, ու Սեյրանը վիրավորում է ստացել։

Այսօրվա հաղթանակ կերտողները մեր ընկերներն են, հասակակիցները, եղբայրները։

Սեյրա՛ն, որքան էլ վերքդ ծանր լինի ու հիշողության սպիները՝ տանջող, պետք է հավատալ, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է և ամեն նոր հնարավորություն իր մեջ հույս ու ակնկալիքներ ունի։ Հավատա, որ քեզ ճանաչողն ու չճանաչողը, մի պահ խորը շունչ քաշելով, իր մտքում քեզ շուտափույթ ապաքինում է ցանկանում։ Իսկ միտքը ուժ ունի, և ինքդ էլ ուժ ունես այնքան, որպեսզի բոլոր խոչընդոտները հօդս ցնդեցնես։ Չէ՞ որ դու Սեյրանն ես։ Չէ՞ որ դու հաղթող ես քո էությամբ։

Էլի ժպտա, շատ ժպտա քո մեղմ ու խոսուն ժպիտով, որովհետև դու արդեն հաղթել ես, մենք արդեն հաղթել ենք…  Ու շուտ ապաքինվիր, ընկերս, բարեկամս, մարտիկս…

Քո բոլոր ընկերները քեզ հետ են:

Երբ լույսը մեռնի, մենք լույս կդառնանք…

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում քաջաբար զոհվել է Շանթ Նավոյանը։ Շանթը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին քաղաք Երևանում։ 2019 թ-ին ընդունվել էր՝ Հայաստանի ֆրանսիական համալսարան, մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ ձմռանը մեկնել էր ծառայության։

Շանթի մասին հիշողություններով կիսվեց ընկերը (անունը չցանկացավ նշել), ով հերոսի մասին մեծ հիացմունքով էր խոսում:

- Շանթը եղել է իմ հին ու անգին ընկերը։ Հիշում եմ նրա ամեն մի բառը, խորհուրդները։ Ցանկացած պահի, երբ դիմում էի նրան, օգնում էր, աջակցում։ Նույնիսկ գաղտնիքներս չէի թաքցնում նրանից։ Յուրաքանչյուր հարց իրար հետ էինք քննարկում, անգամ եթե գիտեր՝ սխալ եմ, մեկ է, ասում էր, որ ուժեղ լինեմ՝ լավ կլինի ամեն բան։ Շատ խելացի էր, մեկ-մեկ էնպիսի մտքեր էր արտահայտում՝ զարմանում էի։

Շանթը ընկերուհի ուներ՝ Էլենը, ում անչափ շատ էր սիրում, մեծ նպատակներ ունեին: Երբ պատմում էր Էլենի մասին, աչքերը փայլում էին։ Շատ ներդաշնակ էին ու տարբերվող։ Նրանց սերը այնքան մեծ էր, որ անգամ այս պատերազմին հաղթեց։ Սակայն ուր էլ լինի Շանթը, միշտ կհիշենք նրան և այն խոսքերը, որը մի առիթով գրել էր. «Երբ լույսը մեռնի հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից մենք, լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»:

Մերօրյա հերոսները կերտում են մի նոր պատմություն։ Հանուն հայրենիքի նրանք զոհաբերում են ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Հոր նամակը սահմանից

«Իմ աղջիկ, նորից շտապում եմ…

Շատ էի կարոտել բոլորիդ: Կարոտել էի իմ ընտանիքը, սիրելիներիս, մտերիմներիս… Սիրում եմ բոլորիդ, բայց ես չեմ կարող ավելի շատ չսիրել իմ հայրենիքը։

Ավելի քան 1 ամիս է` մենք նորից պատերազմի մեջ ենք․ ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում հայության դեմ, այն էլ ինչ պատերազմ, թուրք-ադրբեջանաահաբեկչական ոսոխը նորից փորձեց անցնել այս լեռներով, ներս մտնել մեր դարպասներից ինչպես պտտահողմ, ինչպես ամպրոպն ահավոր։ Անցյալ դարերում մեր թշնամին այսքան նենգ ու վայրագ երբեք չէր եղել, բայց գիտե՞ս, մեր 18-20 տարեկան հզոր տղաները իրենց կենսագրության էջերն են շարունակում գրել Հայոց բանակի զինվորական մատյանում, յուրաքանչյուրն ուզում է դառնալ այս հողի առաջին պարիսպը: ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆԻՎ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ…

Չէ, ընկճված չեմ, այլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր հզոր բանակը տապալում է թշնամու զորքը: Ոչ մի ժամանակի և ոչ մի երկրի զինվոր չի կարող համեմատվել հայ զինվորի հետ իր քաջությամբ ու հայրենասիրությամբ, որովհետև հենց հայ զինվորի արյունով է թաթախված այս հողը, ամեն քարի ու ժայռի մեջ արյան կանչ կա։

Մենք ոչ մի թիզ հող չենք թողնի թշնամուն:

Ահա թե ինչու եմ շտապում, հայրենի հողը կանչում է ինձ, իմ զինակից ընկերները ինձ են սպասում։

Այսօր բոլորիս վիճակված է լինել անկոտրում և Արցախի զինվորն ու տերը։ Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրենիքից։ Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը կստիպի աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՊԱՐՏՔ»:

Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով

Մեկ ամիս… Ուղղակի գոյատևել (սա ապրել կոչել չի լինի)՝ հույս ունենալով, որ  այս օրը կլինի պատերազմի վերջին օրը, երազել, որ այս պատերազմը  կլինի մեր երկրի պատմության մեջ վերջինը, և մենք կլինենք հայոց աշխարհի վերջին սերունդը, որը պատերազմ է տեսնում:

Վերջին օրը, որը մենք իսկապես ապրել ենք, եղել է սեպտեմբերի 26-ը: Դրանից հետո մեզ համար կյանքը կանգ է առել: Եվ ո՞վ գիտի՝ մեկ էլ ե՞րբ կսկսենք իսկապես ապրել: Հիմա ենք հասկանում, թե որքան երջանիկ ենք եղել պատերազմից առաջ: Առաջ «ինչ է իրական երջանկությունը» հարցին գուցե կպատասխանեինք շատ երկար փիլիսոփայելով, բայց հիմա բոլորիս պատասխանը մեկն է` «խաղաղությունը»: Ի՞նչ է մեզ հիմա ավելի շատ պետք, քան խաղաղությունը:

Քանի՞ կյանքի փոխարեն ենք ապրելու, քանի չապրած կյանքերի գնով ենք արժանանում մեր այսօրվան… Ցավալի է գիտակցել, որ դու կաս ուրիշների չլինելու գնով, բայց և անսահման պարտավորեցնող է, որ կարողանանք ապրել այնքան  ճիշտ և գեղեցիկ, որ մեր հերոսների զոհաբերությունը իզուր չլինի, որ արժանի լինենք ապրելու այն հողի վրա, որը վաստակել ենք նրանց արյան  գնով:

Հիմա բոլորս էլ մեր հոգու մի մասնիկով ԶԻՆՎՈՐ ենք` հայրենիքի պաշտպան, հայրենիքով մտահոգված ու հայրենիքով ապրող:

Պատերազմը սովորեցրեց սիրել հայրենիքը սեփական կյանքից առավել, չէ՞ որ առանց հայրենիք չենք լինի մենք, և առանց մեզ էլ` հայրենիք:

Ամենից սարսափելին գիտե՞ք որն է: Այն, որ արդեն ինչ-որ չափով սովորել ու համակերպվել ենք պատերազմին, արդեն չենք զարմանում ոչ մի բանից: Սա իսկապես շատ ավելի վատ է: Բոլորիս կյանքը գլխիվայր շրջվել է, ցերեկն ու գիշերը մեկ են դարձել, իրարից չեն էլ տարբերվում, օրը քսանչորս ժամ լարված ենք, սպասողական, հուզաշատ ու մտահոգ:

Այս օրերին իրար  ավելի շատ ոչ թե «բարև» ենք ասում, այլ «հը՞ն, զանգե՞լ են»: Ու ամեն անգամ սրտի թրթիռով սպասում ենք, որ հանկարծ բացասական պատասխան չստանանք: Հանկարծ մի վատ լուր չլինի, հանկարծ նորից  հեռուստացույցի էկրանին հերոսների հերթական ցուցակը չհայտնվի, մենք միայն կենդանի հերոսներ ենք ուզում:

Բավական է խոսել հանուն հայրենիքի զոհվելու մասին… Հայրենիքի համար ապրել  է պետք… Երջանիկ ապրել, ու մենք ապրելու ենք, ապրելու ենք միշտ, ապրելու ենք՝ մեր ներսում վառ պահելով բոլոր անմահացած հերոսների հիշատակը: Այսուհետ ապրելու ենք նաև նրանց փոխարեն ու կրկնակի անգամ երջանիկ պետք է լինենք: Եվ ինքներս մեզ միշտ գոնե մի փոքր մեղավոր ենք զգալու մեր հերոս եղբայրների կիսատ թողած կյանքի համար: Կներե՛ք մեզ, տղե՛րք:

Թշնամին հիմա էլ նույնն է, ինչպես տարիներ առաջ, միշտ նենգ, անկուշտ, բայց ոչ հաղթող: Եվ մենք էլ նույնն ենք, նույն պայքարող ու ապրող ազգը: Մենք Եղեռն տեսած տատ ու պապի թոռներն ու ծոռներն ենք, չէ՛, չենք ներելու, ու եթե անգամ Եղեռնը ներել կարող էինք, ապա այս մերօրյա պատերազմը՝ ոչ, քանի որ ինքներս ենք ապրում և զգում  այն, իհարկե, ոչ բոլորս ենք մեր սեփական մաշկի վրա զգում պատերազմի հետևանքները, բայց հոգեպես… Հոգեպես բոլորս էլ տանջվում ու «վիրավորվում ենք» անընդհատ, սակայն եթե մարմինը զոհվել գիտի, ապա հոգին երբեք չի զոհվում, այն էլ հայի հոգին:

Շատ բան տեսանք այս օրերին, ու ևս մեկ անգամ հասկացա, որ իսկապես հայը պարտվել չգիտի… Ինչպե՞ս կարող է պարտվել այն զինվորը, որի և՛մայրը, և՛հայրը հերոս են, իսկ հերոսներից հերոսներ են ծնվում:

Մի օր ամեն ինչ կավարտվի, բայց յուրաքանչյուրս մեր հոգում շարունակելու ենք կռիվ տալ թշնամու, անտարբեր աշխարհի, ճակատագրի դեմ: Ամեն ինչ կավարտվի, բայց ոչինչ չի մոռացվի, սրանք ճակատագրական ու բախտորոշ օրեր են, որոնք իրենց դրոշմն են թողնելու մեր հետագա կյանքի վրա:

Շարունակենք հուսալ, որ հնարավորինս շուտ կվերջանան  այս մռայլ օրերը, և լուսապայծառ օրեր կգան հայոց աշխարհում: Ու թող հաջորդ հոդվածս լինի մեր հաղթանակի մասին, որի ժամանակ մեծ հպարտությամբ ասելու եմ, որ, որքան էլ փորձեն, մեր լույսը մարել չեն կարողանալու:

Հավերժ հերոս

Ասում են՝ մանկության ընկերներն ամենաիսկականներն  են։ Կարենը իմ դասընկերն էր, մանկության ընկերը։ Դպրոցական տարիներից էլ պարտաճանաչ էր, իր ասածի տերը, պատասխանատու, կամային։ Ամենից շատ սիրում էր սպորտը։ Ասում էր՝  եթե մի օր չմարզվեմ, չեմ կարող քնել։

Դասարանում քսաներկուսն էինք, տասնհինգը տղաներ էին։ Դպրոցն ավարտելուց հետո տասնմեկը գնացին ծառայության։ Կարենն էլ գնաց։ Ծառայում էր Քարվաճառում, Օմարի լեռներն էր պաշտպանում։ Արժանապատվորեն էր կատարում իր գործը՝ առանց մի անգամ բողոքելու։ Կարենի տեսակը ճանաչող մարդիկ երբևէ չեն կարող կասկածի տակ դնել նրա հայրենասիրությունն ու սեփական կյանքն ընկերոջ համար վտանգելու պատրաստականությունը։

Բայց պատերազմը… տարավ լավագույններից մեկին։ Փամփուշտները լավագույններին էլ սիրահարվում են…

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված արցախա-ադրբեջանական պատերազմի 14-րդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենիքի պաշտպանության համար զոհվեց 19-ամյա Կարենը։ Թշնամին ռմբակոծել էր թաքստոցը, Կարենը վիրավորվել էր թիկունքից։ Ուժեղներին միշտ էլ թիկունքից են հարվածում։

Վերջին անգամ խոսել էր ծնողների հետ։ Ասել, որ շատ ընկերներ է կորցրել, բայց հանգիստ լինեն, ինքը լավ է։
Քույրը պատմում է, որ Կարենի զոհվելուց հետո ընտանիքին ապրեցնում է նրա ծիծաղն ու ձայնը, որ ամեն անգամ լսվում է տուն մտնելիս։ Ասում է՝ հպարտությունը մեծ է, բայց ցավն ավելի քան։

Կարենը տան միակ որդին էր։
Ժպտադեմ, աշխույժ, կյանքով լեցուն և չափազանց անկեղծ. Այդպիսին եմ հիշում Կարենին։

Մենք դասարանում քսաներկուսն էինք, քսաներկուսն էլ մնացել ենք։ Կարենն անմահացավ։ Նա միշտ մեզ հետ է, մեր ամենավառ հիշողություններում։

Նա հայրենիքի սրտում Հավե՜րժ Հերոս է…

Փա՜ռք…

Մի լուսանկարի պատմություն

Էս լուսանկարում են պապաս, հորաքրոջս ամուսինն ու հորեղբայրս… Էս  նկարը ես դնում եմ էջիս պատին,  գլուխ գովալու կամ  PR անելու համար չէ… Ուրիշ է…  Պապաս, ինչքան հիշում եմ ինձ ու իմ մանկությունը, միշտ պատմում էր ու շարունակում է մինչ օրս պատմել, պնդել, բանավիճել ու ապացուցել , թե ինչ լավ  ու յուրաքանչյուր հայ տղայի համար անհրաժեշտ բան է ծառայելը: Երբ որոշ տղաների ծնողները մտահոգվում ու հազար ու մի ճանապարհներ էին փորձում իրենց տղային Արցախ չուղարկելու  (ու իրականում իրենց մեղադրել պետք չի), իմ պապան հակառակը՝  երազում էր  որ եղբայրս Արցախի պաշտպանը լինի (դե, դուք պատկերացրեք մամայիս վիճակը: Անկեղծ ասած, հոգուս խորքում միշտ նախանձել եմ ու ափսոսացել, որ  չունենք աղջիկների բանակ և էդ սուրբ գործին ես չունեմ մասնակցություն:

Երբ պատերազմը սկսվեց, պապաս նոր էր վերադարձել Հայաստան, կարելի է ասել, չհասցրեց նորմալ շունչ քաշել: Մազերիս ծայրով էի զգում, որ ինքը հանգիստ չի նստի ու նայի, թե սահմանում ոնց է կռվում ու նահատակվում մատաղ սերունդը։ Ես գիտեի, որ ինքն ամեն ինչ կանի, որ գնա  18 – 20 տարեկան տղերքին թիկունք լինի: Ու ես չսխալվեցի…Պապաս գնում է էնտեղ, որտեղ իր կարիքը ամենաշատը կա… Ասել, որ ես հպարտ եմ, գրեթե ոչինչ չասել: Ասել, որ վախ չկա, նշանակում է` ստել: Իրականում, բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ սեր, զայրույթ, հպարտություն, վախ, ծնողապաշտություն, վիրավորանք, հայրենասիրություն, տագնապ, հիասթափություն, վճռականություն, ուրախություն…

Պետք է սթափվել… Իրենք գնում են որպես զինվոր – հերոսի մեծ եղբայր: Գնում են, զինվորի կողքին, զինվորի հետ միասին թշնամուն դուրս շպրտելու  էն հողից, որի համար թափվել  ու շարունակում է թափվել անմեղ արյուն… Միտքս ուրիշ բան է ասում, սիրտս` ուրիշ։ Պետք է հավաքվել…

Իրենք գնում են, ու ես գիտեմ, որ հետ են գալու հաղթանակը ձեռքում… Իրենք գնում են Հայրենիքը պաշտպանելու… Իրենք գնում են ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՄԵՐ ՀԱՆԳԻՍՏ ՔՈՒՆԸ հսկելու…

Ես էլ՝ հորս աղջիկը լինելով, իր և մյուս կամավորների թիկունքում սիրով և ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ կշարունակեմ մտովի և հոգեպես վահան լինել հորս և բոլոր մարտի դաշտում կռվողների համար, իսկ հնչեցրածս աղոթքը՝ «բալիստիկ, կասետային, լոռա» հրթիռ, «իսկանդեր» թշնամու համար։

Էս պատերազմը ինձ շատ բան հասկացրեց։ Հասկացրեց մորս խոսքերի իմաստը. «Չես սիրում հայերենը, ուրեմն, չես սիրում ոչ հայրենիքդ, ոչ էլ մորդ»… Հիշեցրեց ՌԴ –ում պապայիս ու հորաքրոջս ամուսնու պարտադրանքը ինձ ու եղբայրներիս՝ տանը խոսել  միայն հայերենով: Ափսոս, որ էն ժամանակ մենք դա անում էինք, երբ իրենք տուն էին գալիս…

Գիտեմ, իրենք բոլորը հետ են գալու… Գիտեմ, որ եթե պապաս  գնում է մի տեղ, էդ տեղում հումորի չափաբաժինը շատ – շատ է լինելու:  Ու երբ հետ գա՝ շարունակելու ենք «գրազով» պարելը և մամայիս ՝ «քանդվիս աշխարհ…» խոսքը  ցիտելը:

Ամեն ինչ ավարտվելու է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅԻ հաղթանակով…

Աստված պահապան բոլորին։

#Հաղթելուենք #Հայաստան #Հաղթելենք