
Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի
Շատերն ասում են, որ ձմեռը հրաշքների ժամանակահատվածն է, և իրոք: Ձմեռը իր կախարդանքով մարդկանց ստիպում է հավատալ հրաշքների, հավատալ սիրուն և հավատալ անհավատալիին: Դուրս ես գալիս փողոց այս սառնամանիքին, և հոգիդ լցվում է սառցե կախարդանքով, հույսով, որ բոլոր երազանքներդ կիրականանան: Իսկ երբ ձյուն է գալիս, կարելի է ժամերով շրջել քաղաքով մեկ: Ձյան փաթիլները, կարծես, երկնային ուրախության և երջանկության սառցե մասնիկներ լինեն, որ շաքարավազի հատիկների նման լցվում են կյանքի թեյի մեջ՝ մարդկանց առօրյան ավելի քաղցրացնելու և կյանքի դառնությունները անտեսել ստիպելու համար: Քայլում ես ձյան վրայով և զգում, թե ինչպես է ձյան ճռթճռթոցը շոյում ականջդ, հանգստացնում հոգիդ ու միտքդ, որ ձգտում էին խաղաղության, սպասում էին ձմռանը, առաջին ձյանը, առաջին ձնագնդիկին: Սպասում էին վերածննդին, նրան, որ ձյունը պետք է մաքրի ու իր հետ տանի այն բոլոր դժվարություններն ու ցավերը, որ կային մինչև ձմռան գալը: Մանկանում ես ձմռան հետ, դառնում ավելի ազնիվ, մտերիմ, ջերմ ու շփվող: Կարծես ինչքան դրսում ձմեռ է, այնքան ամառ է ներսումդ՝ այնքան ջերմ ու մտերիմ: Պետք է վայելել ձմռան ամեն մի ակնթարթը, գնահատել ամեն մի փաթիլի սերը, որը անսահման է մարդկանց նկատմամբ: Նրանք իրենց հետ կյանք են բերում, բայց մնալով այստեղ, իրենք են մեռնում: Մի պահ նայիր դուրս, տես` ինչքան սիրուն է ամեն ինչ: Երանի ձմեռը երբեք չվերջանար:
Երեկ վաղ առավոտից թե հեռուստատեսությամբ, թե սոցիալական ցանցերով, հեռախոսով ու պարզապես փողոցում իրար հանդիպելիս մարդիկ ասում էին. շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր, հա՛յ սպա, անմահացա՛ծ հերոս, հայ քաջորդուն ծնունդ տվող առյուծածին մայր: Ես էլ առաջինը շնորհավորում եմ հայրիկիս: Չէ որ նա էլ այն մարդկանցից մեկն է, ով մասնակցել է ազատագրական մարտերին, ով կռվել է հանուն հայրենիքի: Հայրս «Սևքարեցի Սաքո» կամավորական ջոկատի անդամներից է: Ջոկատը կազմավորվել է 1989 թվականի հունվարին և կոչվել Իջևանի Սևքար գյուղի, այսինքն մեր համագյուղացի, լեգենդար հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի անունով: Կազմված է եղել մոտ 32 հոգուց: Սկզբում միայն մի քանիսն են զենք ունեցել, այն էլ որսորդական հրացաններ: Միայն հետո են ապահովվել անհրաժեշտ զինամթերքով: Դրա հետ կապված ջոկատի անդամները հաճախ են հիշում,թե ինչ է եղել, երբ առաջին անգամ ձեռքներին նռնականետ է հայտնվել: Փորձարկելու ժամանակ առաջին արկով պատ են քանդել:























