Եկավ Ձմեռը, շատ շատերի ամենասիրելի եղանակը: Ես նույնպես շատ եմ սիրում ձմեռը, որովհետև հիանալի է նայել պատուհանից դուրս և զմայլվել ճերմակ բնությամբ: Այսօր ձմռան երրորդ օրն է, և գետինը արդեն իսկ պատված է ձյան սպիտակ շերտով: Հանրապետության ամբողջ տարածքում այսօր պետք է ձյուն տեղար: Բոլորը սպասում էին: Մեր քաղաքում` Վանաձորում, ևս առաջին ձյունն այսօր տեղաց: Ճիշտ է, դրանից առաջ ևս մի քանի փաթիլ էր իջել երկնքից ցած, բայց գետինը չէր ծածկել իր շերտով: Ահա այդ պատճառով է, որ ես ինձ իրավունք եմ վերապահում հենց այսօրվա ձյունը անվանել Առաջին ձյուն: Շուտով գրեթե բոլոր շենքերի բակերում կտեսնենք երեխաների պատրաստած Ձնեմարդերին: Դե, իսկ տոներին գրեթե բան չի մնացել: Եվ այստեղ անկախ քեզնից ցանկանում ես ասել.
-Բարև, Ձմեռ:
Երեկ իմացա, որ ձյուն կսկսի տեղալ արդեն ուշ երեկոյան: Որոշեցի արթուն մնալ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են ձյան փաթիլները մեզ հյուր գալիս: Դեռ այնքան էլ ուշ չէր, երբ երկնքից ընդամենը մի քանի փաթիլ իջավ, շատ կարճ տևեց:
Մինչև գրեթե ժամը 5-ը արթուն էի, որպեսզի տեսնեմ ձյան փաթիլները, բայց ապարդյուն, այդպես էլ ձյուն չտեղաց` ընդամենը մի քանի փաթիլ էր: Այլևս չէի կարողանում արթուն մնալ և որոշեցի քնել, իսկ առավոտյան արթնանալուց հետո, տեսա, որ արդեն ամբողջ բակը պատված էր ճերմակ ձյան շերտով:
Չեք պատկերացնի, թե ինչքան էի ուրախացել: Ճիշտ է, ձմեռն ուղեկցվում է քամիներով, բայց պետք է հասկանալ, որ ամեն եղանակ գեղեցիկ է յուրովի: Արդեն առավոտյան բակի փոքրիկներն ու իրենց ծնողները դուրս էին եկել զբոսնելու, սահնակով սահելու, իսկ որոշներն էլ ձմռան ամենագեղեցիկ ու հաճելի խաղը խաղալու: Դե իհարկե, խոսքը ձնագնդիկով միմյանց հարվածելու մասին է:
Եթե ամեն ինչ այսքան կատարյալ լիներ, շատ հրաշալի կլիներ:
Իսկ ձյունը միայն սկզբում է հրճվանք պարգևում: Ճանապարհները պատվում են մերկասառույցով, ավելանում է ավտովթարների ու կոտրվածքներ ստանալու հավանականությունը: Եվ եթե հանկարծ սահես ու ընկնես սառույցին`ապա միայն հրաշքը կարող է փրկել կոտրվածք ստանալուց: Մերկասառույցի պատճառով փակվում են ճանապարհները, դառնում դժվարանցանելի, նկատվում է ցածր տեսանելիություն, բուք և մառախուղ: Ճանապարհներն էլ բաց են լինում անվաշղթաների կիրառման դեպքում, և հատուկ տրանսպորտային միջոցների համար: Լավ կլիներ, եթե ձմեռը լիներ այնպես գեղեցիկ ու հիասքանչ, ինչպես առաջին հայացքից էր թվում: Մեզ մնում է միայն մնալ տանն ու վայելել տաք թեյ: Եվ թող այս ձմռանը, բոլորիս սրտերը ջերմ լինեն, ինչպես ամռան շիկացնող արևը, և մեզնից հեռու լինեն սառը սրտով մարդիկ, ովքեր տխրությունից բացի ոչինչ չեն տալիս մեզ:
Հարգելի ընթերցողներ և 17.am-ի մեր սիրելի թղթակիցներ, շատ շնորհակալ ենք բոլորիցդ, որ այս տարի մեզ հետ էիք, ճիշտ է, ես ձեր թիմին շատ ուշ միացա, բայց հուսով եմ, որ կարողացա օգտակար լինել: Թող այս Ձմեռը լինի հեքիաթային, թող աշունը իր հետ տանի բոլորիդ թախիծն ու տխրությունը, իսկ ձմռան ամեն մի փաթիլը ավելի երջանկացնի:
Մանե Սիրադեղյան
- Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի, Երևան
- Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի, Երևան
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Տաթևիկ Հարությունյանի, Գյումրի
- Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի, Երևան












Այս նոյեմբերի 27-ն իմ կյանքում տարբերվեց մյուս բոլոր նոյեմբերների քսանյոթներից նրանով, որ վաղ առավոտյան իմ մի քանի ընկերների հետ ճամփա ընկա Եղեգնաձոր` ծառատունկի: Ծառատունկով հիմնվելու էր մի նոր պուրակ, որը կրելու էր Խաղաղության պուրակ անվանումը: Ծառատունկն սկսվեց հետևյալ խոսքերով. «Մեր մոլորակի մեծագույն սպառնալիքներն այսօր թերևս երկուսն են` բնապահպանական խնդիրներն ու պատերազմները, ահաբեկչությունները: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս խնդիրների լուծման համար: Մեր մոլորակը սկսվում է մեր հայրենիքից, մեր բակից, մեր տնից: Մենք հիմնում ենք խաղաղության պուրակ մեր բակում: Թող մեր տնկած ծառերի «խաղաղության» ծիլերը սփռվեն ամբողջ մոլորակով» և ուղեկցվեց մանկապարտեզի երեխաների խաղաղությանն ու հայրենիքին նվիրված երգերով:
Պուրակի հարակից շենքում նույն ժամանակ հարսանիք էր, և ծառատունկի մասնակիցները որոշեցին հարսին ու փեսային հրավիրել ծառ տնկելու հենց իրենց բակում հիմնվող պուրակում:




Սովորական մի օր, սովորական երեկոյան լուրեր: Բայց ահա հաղորդավարը` ավարտելով շախմատի, թենիսի ու մնացած բոլոր սպորտաձևերի մասին լուրերը, հայտնեց, որ վաղը 20:00-ին կկայանա Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:


















Հիմա բոլորիս օրը դժվար է պատկերացնել առանց երաժշտության, այն կարծես մեր կյանքի մի մասն է դարձել: Հատկապես հիմա` 21-րդ դարում, այն դարձել է ավելի հասանելի: Ամեն վայրկյան կարող ենք լսել մեր ցանկացած երգը, մեր ցանկացած երգչի կատարումը: Նախնադարում մարդիկ հավատացել են, որ երաժշտությունը ազդում է մարմնի վրա: Նախկինում ևս երաժշտությունը շատ կարևոր դեր է խաղացել մարդկանց կյանքում: Այ օրինակ` Չինաստանում մահապատժի են ենթարկել այն երգահաններին, որոնք իրենց երգի հնչյունների ներդաշնակությունը խախտել են:


