
Ամենօրյա կյանք խորագրի արխիվներ


Պարապություն
Նստել եմ տանը, բազմոցի վրա ու չգիտեմ` ինչ անեմ: Շուրջս լռություն է, ճանճի տզզոցն անգամ լսվում է ու նյարդայնացնում: Ձանձրույթից քիչ է մնում խեղդվեմ: Մի պահ ուզում եմ մայրիկիս հարցնել, մի գուցե նա հուշի, թե ինչով կարելի է զբաղվել: Բայց «ստոպ», ես ռիսկի չեմ դիմի: Գիտեմ, ասելու է` մի գիրք բաց, կարդա: Կարդա՞մ, չէ՛ , ոչ այս անգամ:
Ամառ է, և ուր որ է արևը մայր կմտնի: Դուրս եմ գալիս տանից թաղ, ու ոչ ոք չկա: Միայն, ինչպես միշտ, հարևան Հենո պապն է նստած իրենց նստարանին: Ուֆ, էլի մարդ չկա: Ինչ արած, կնստեմ Հենո պապիկի կողքը: Հենո պապիկին էլ մարդ էր պետք, որ անցյալից պատմի: Պատմեց. է՛լ ծնվելուց, է՛լ մանկությունից, ինչ է արել, ում է սիրել, ինչ է կոտրել, ինչ է նորոգել: Հատ-հատ թվարկում է` որտեղ ծառայեց, թվարկեց ծառայակիցներին, մի քանիսին հիշում եմ, ուրեմն` Կոլյա, Վիտալի, Բոնդր, Ռավշամ, Միհմեդ: Այսպես հասցրեց մինչև այն պահը, թե ոնց եղավ, որ հիմա նստած է իմ կողքին:
«Տունը նստուկ էմեր, մեկ էլ լոսերը կնացին, ասիմ` ես ծեր… Մե պան չեն թողնի ըշկամ, ըտենց խալիվոր հալով էլամ նստամ տուսը»: Հազիվ վերջացրեց, չնայած ես շատ ուշադիր լսում էի նրան:
Մի քանի րոպե հետո եկավ Այծրուն պապիկը: Հենո պապը ինձ արդեն բանի տեղ չէր դնում: Որոշեցի գնալ տուն, մի քիչ հեռուստացույց դիտել: Ահա, երբ մի բան ուզենամ անել, մի բան կխանգարի: Տեխնիկական խնդիրներ, և հոսանք չկա: Չգիտեմ` ինչ անեմ: Գնամ գիրք կարդա՞մ: Չէ հա, ի՞նչ գիրք:
Սեղանին մի գիրք եմ նկատում, բայց հայացքս թեքում եմ ուրիշ կողմ: Մեկ ա, էդ գիրքն ինձ անդադար «աչքով ա անում»: Ա~… Դե արի ստեղ, է: Բացում եմ գիրքը ու հայտնվում Ժյուլ Վերնի «Խորհրդավոր կղզու» ինչ որ խոնավ քարակույտի մեջ:Եվ չեմ էլ նկատում, որ արդեն մի ուրիշ աշխարհում եմ…

Իմ չսիրած, բայց հաճելի դասաժամը` հասարակագիտություն
Այս դասաժամին մենք ուսուցչուհու հետ զրուցում ենք օրենսդրության, մարդու իրավունքների և այլ հարցերի շուրջ: Իմ չսիրած դասաժամն է: Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ: Որովհետև ես չեմ հասկանում այս առարկայի իմաստը, չեմ հասկանում, թե ի՞նչ է մեզ սովորեցնում: Այս առարկան, իմ կարծիքով, երեխաներին տանում է ավելի շատ քաղաքականության դաշտի կողմը: Հաճելի է, որ դասի քննարկման ժամանակ կատակներ ենք անում: Ինձ հետ պատահեց այս դեպքը: Ուսուցչուհին դասը բացատրելու համար
որպես օրինակ ինձ բերեց և ասաց.
-Դավի՛թ, եթե դու ՀՀ քաղաքացի ես ու…
Անմիջապես միջամտեցի և ասացի.
-Քաղաքացի չէ, գեղացի։
Եվ բոլորը սկսեցին ծիծաղել
Ես ժամանակ առ ժամանակ չեմ սովորում հասարակագիտության դասերը: Մի անգամ հասարակագիտության ժամը վերջին ժամն էր, և ես հոգնած գլուխս դրել էի պայուսակիս և քնել: Մի 2-3 րոպե էր անցել, և հանկարծ մեկը հրեց: Ես կարծում էի, թե տղաներից է, և ասացի.
-Ա՜ դե, տղե՛ք, թողեք քնեմ էլի:
Եվ գլուխս նորից դրեցի պայուսակիս վրա: Այս անգամ մի փոքր ուժեղ հարված եղավ: Ես վեր կացա, շրջվեցի և … Ուսուցչուհին էր: Ներողություն խնդրեցի և նստեցի:
Էս մի ժամն էլ սենց անցավ:
Սիմոյի սարում
Վերջապես եկավ բոլորիս կողմից այդքան սպասված տարվա եղանակը՝ ամառը: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, կարոտել էինք բակային խաղերը, ցերեկույթները ու բամբասանքները:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի
Ամառն այս տարի նույնպես իր հետ բերեց ջերմություն, արևոտ օրեր ու ամենակարևորը` բարձր տրամադրություն: Ողջ օրը երեխաները դրսում են, վայելում են կատարյալ հանգիստ:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի
Բացվել է տատիկների ու պապիկների «գործի սեզոնը», ամբողջ օրն անցկացնում են հողամասերում, այգիներում: Ես, Հասմիկն ու Անին որոշեցինք վերցնել ֆոտոապարատը և բարձրանալ «Սիմոյի» սար: Այդ սարը, ինչպես մեր գյուղում են ասում՝ յալը, հենց տարածքի սեփականատիրոջ անունն է կրում:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի
Երբ գյուղում բնակիչներին բաժանվել են հողատարածքներ, ընտանիքիս բաժին է ընկել հենց այս բարձր կետում գտնվող տարածքը: Հետո այստեղ պապիկս ու նրա եղբայրը կառուցել են տներ, որոնք միացած են իրար: Տան վերեւում սարն է: Բարձրանալով այնտեղ, նկարում էինք այն, ինչ տեսնում էինք շրջապատում: Անին անընդհատ նկարվում էր, իսկ ես ու Հասմիկը ֆոտոներ պատրաստում նյութի համար:

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
Հանդիպեցինք շանս՝ Լեսիին, նա ինչպես միշտ կողքիցս չէր հեռանում, անգամ մի րոպեով: Նա իմ պահապանն է: Այնուհետև նկատեցինք Կասանդրային: Երևի հարց առաջացավ, թե ով է նա:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի
Կասանդրան կով է: Կովն իրեն կարծես սիրված զգար, քանի որ նրան նկարում էինք: Ասեմ, որ շատ ֆոտոգենիկ կով էր:

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի

Հեռուստացույցի առաջ
Կարծում եմ ես այն քչերից եմ, ովքեր դեռ հեռուստացույց են դիտում: Այսօր շատերը նախընտրում են ֆիլմերը, հաղորդումները դիտել ինտերնետի միջոցով: Դե իրականում այդպես ավելի հարմար է: Չես սպասում քո սիրելի ֆիլմին, քեզ չեն խանգարում գովազդային հոլովակները, բայց այնուամենայնիվ ես նախընտրում եմ հեռուստացույցը: Սիրում եմ ժամերով նստել հեռուստացույցի առջև, նայել, թե ինչպես են իրար հաջորդում գովազդները: Չեմ կարող ասել, որ ամբողջ օրը նայում եմ, բայց նայելիս մոտ 5-7 ժամ կարող եմ անցկացնել բազմոցին նստած: Զարմանալի է, չէ՞: Ես էլ եմ ինքս ինձ վրա զարմանում: Լինելով հավատարիմ հեռուստադիտող` որոշել եմ վերջապես բարձրաձայնել ինձ անհանգստացնող թերությունները, որոնք մեծ ազդեցություն են ունենում մարդկային գիտակցության և հեռուստատեսությունների որակի վրա: Հայկական հեռուստատեսությունում շատ են հեռուստասերիալները` «Դժվար ապրուստ» (չգիտեմ, դեռ ցույց են տալիս, թե` չէ), «Բանակում»…
Ես դրանց սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ ալիքները «թերթելու» ժամանակ մեկ- մեկ հանդիպում եմ: Առաջին բանը, որ միանգամից ուշադրություն է գրավում, ժարգոնն է: Չէ, ես նրանցից չեմ, որ ոսկեղենիկ հայերեն են պահանջում, բայց կարելի էր գոնե որոշ բառեր չօգտագործել: Կան արտահայտություններ, որոնք ընդգծում են ժարգոնի օգտագործումը և վիրուսի նման տարածվում են, նամանավանդ իմ հասակակիցների շրջանում: Հաղորդումներ, ռեալիթի շոուներ, այ, սա համաշխարհային հեռուստատեսության խնդիրն է: Այս հեռուստահաղորդումներում եզակիներն են, որ հետևում են իրենց արտահայտվելու ձևին: Էկրանից այս կողմ ամեն մի սխալ արտահայտություն շատ տհաճ և վատ է հնչում: Շատ եմ նկատում ռուսական (ТНТ) ալիքում ու դա մի տեսակ նորմալ եմ ընդունում: Հայկական հաղորդումներում դեռ չեմ նկատել, և հուսով եմ չեմ էլ նկատի: Չեմ կարծում, որ արժե այդ վատ գիծը ընդօրինակել օտարերկրյա ալիքներից: Հայկական հաղորդումներից սիրում եմ դիտել «Գուշակիր մեղեդին»: Մի տեսակ զվարճալի է հաղորդման մասնակիցների հետ միասին փորձել գուշակել տարբեր մեղեդիներ: Ուզում եմ ասել, որ ես մեղեդի գուշակելուց հեչ լավ չեմ: Եվ վերջապես, դա-դա-դա-դամ… Իմ ամենասիրելի մասը` գովազդ: Գովազդը երևի միակ բանն է, որ ինձ պահում է հեռուստացույցի առջև: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես: Ուղղակի սիրում եմ դիտել դրանք, համեմատել հների հետ և գտնել դրանց մեջ թերություններ: Ժամանակի ընթացքում ես հասկացա մի պարզ բան` դրանք միշտ նույնն են: Փոխվում են միայն շլացուցիչ ժպիտով դերասանները: Նկատե՞լ եք լվացքի փոշիների գովազդը: Միշտ մի երեխա կեղտոտում է իր վերնաշապիկը, մայրը չի կարողանում մաքրել այն, և այդ պահին հայտնվում է այն շլացուցիչ ժպիտով տղամարդը կամ կինը ու երեխայի մորը առաջարկում է ամենալավ լվացքի միջոցը:
-Թիվ մեկ փոշին աշխարհում…
Չիփսի և նմանատիպ ուտելիքների գովազդներում համարյա միշտ նկարահանվում են Ռոնալդոն և Մեսսին: Պաղպաղակի գովազդում մեկի ձեռքում եղած պաղպաղակը ուրիշները փորձում են խլել: Ատամի մածուկի գովազդի վերջում միշտ մի ատամնաբույժ հավաստիացնում է, որ նրանք փորձարկել են այդ մածուկը, և այն աշխարհի համար մեկ մածուկն է: Եվ հիմա ուշադիր հարցը` քանի՞ ատամի մածուկ է համարվում առաջինը: Կա երկու տարբերակ կամ` ոչ մի, կամ բոլոր մածուկները: Ու նմանատիպ օրինակները շատ են: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ կան լավ և’ հեռուստասերիալներ, և’ հաղորդումներ, և’ գովազդներ: Ու հենց դրանք էլ փրկում են հեռուստատեսությունը: Դե ինչ այսքանը, հիմա հեռուստացույց նայելու ժամանակն է…

Բերքահավաք
Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավան գյուղում: Մեր գյուղը փոքր է, ունի քիչ բնակիչներ, բայց մենք հայտնի ենք մեր աշխատասիրությամբ: Իզուր չէ մեր գյուղի անունը Մրգավան: Գյուղի բոլոր տների բակերում կան մրգատու ծառեր, գրեթե բոլորն ունեն այգիներ և մրգավանցիների սեղաններին՝ գարնանից մինչև ուշ աշուն կտեսնեք թարմ մրգեր, իսկ ձմռանը՝ դրանցից պատրաստված հատընտիր չրեր:
Արարատի մարզը հայտնի է իր ծիրանով: Եվ ինչպես գիտեք, հիմա գրեթե ամեն տեղ ծիրանը հասունացել է, սկսվել է բերքահավաքը: Նրանք, ովքեր չեն մասնակցել ծիրանի բերքահավաքի, թող դիտեն այս փոքրիկ ֆիլմը:

Գրքի հետևից
Ուսումնական տարվա սկիզբն էր: Բոլորս բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց: Ասեմ, որ ապրում և սովորում եմ Տավուշի մարզի Կոթի գյուղում: Ուսումնական տարին մի մասի համար առաջին անգամ էր, մի մասի համար` վերջին, մի մասիս համար էլ ուղղակի նոր ուսումնական տարի էր` ոչ առաջինը, ոչ վերջինը:
Ահա եկավ դասագրքերը բաժանելու պահը: Պարզվեց, որ Հայոց Լեզվի դասագրքերի քանակը սահմանափակ էր, և Հայոց Լեզու սովորելն այդքան էլ հեշտ չէր լինելու: Ինձ և ընկերուհուս բաժին ընկավ մեկ դասագիրք: Երբ գնում եմ գիրքը նրանից վերցնելու, մենք ունենք մի վայր, որտեղ իրար հանդիպում ենք, նստում ենք, քննարկում տնային առաջադրանքները, և սկսում զրուցել… Զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ: Զրուցում ենք, չենք էլ հասկանում` ժամանակը ոնց է անցնում: Սթափվում ենք հեռախոսի ձայնից:
-Հա, մամ, ասա:
-Գալիս չե՞ս տուն: Մթնըմ ա…
-Հա, մթամ նոր եմ եկել, էլի, կգամ…
-Արդեն 6:30 ա, շուտ արի:
-Հա, լավ, մի կես ժամից ըտի եմ:
Հաջողություն եմ մաղթում ընկերուհուս, ու…
-Մայ…
-Ասա:
-Մայ, գիրքը մոռացա:
Եվ այսպես էլի ենք կանգնում, հիշում ենք դեպքեր մեր դպրոցական տարիներից, այնքան ժամանակ ենք զրուցում, մինչև մայրս նորից է զանգում, բայց երկրորդ անգամ վերջապես հասնում ենք տուն…
Իսկ զրույցը հաջորդ օրը շարունակվում է դպրոցում: Մեր դասարանը դպրոցի ամենաչարաճճի դասարանն է, դա դեռ 1-ին դասարանից: Բայց անկեղծ ասած, այս տարի փոխվել ենք, լուրջ ենք վերաբերվում սահմանում կատարվող իրավիճակին: Երբ կրակոցներից հետո այցելում ենք դպրոց, ընկերուհուս հետ քննարկում ենք գյուղում ինչ վնաս եղավ, և այլն:
Մի անգամ, երբ կրկին անգամ գնացի դպրոց, նորից ընկերուհուս հետ քննարկում էինք կրակոցների հարցը, լսեցի դասընկերոջս խոսքերը.
-Էրեխերք, ոնց որ պլիմոտ ըլիք, էտ ի՞նչ եգին-եգին եք զրից անըմ…
-Հա, բա իմանա՞մ ոչ րիգունը ինչ ա ելել ներքի թաղերըմը,- ասում եմ ես ու շարունակում զրույցս: Մեկ էլ լսեցինք մի անսովոր աղմուկ:
-Վայ~, նորից կրակոց,- վախեցած ասաց ընկերուհիս:
-Չէ, մի վախեք, երեխերք, պատահական թևս կպավ, աթոռը վեր գցեցի,-ասաց մյուս ընկերուհիս:
-Հա, բան չկա, ուղղակի գիդեցա` կրակոց ա:
Ուզում եմ, որ մենք չունենանք նման խոսակցություններ դասարանում: Ուզում եմ, մեր մանկության հուշերում չլինեն նման հիշողություններ: Ուզում եմ…

Արագիլներն են գարուն բերում
«Մի ժամանակ կարծում էի` արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում: Սկզբում պտույտների շրջանը մեծ էր: Կկոցում էի աչքերս` գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ: Հետո շրջանը փոքրանում էր… Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում, կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը: Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջը:
Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր` նրանք ոտքեր չունեն: Ոտքերը կարմիր էին, տանիքը` նույնպես: Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, հարդարում գզգզված, կեղտից փոշոտված փետուրները: Իսկ արուն գործարար տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը` որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում: Այդ օրվանից ճերմակում էին ծիրանենիները, կարճահասակ բալենիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ, թափանցիկ ծաղիկներով:
Այդ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մըռմըռ կատուները: Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը:
Այսպես էր գարունը գալիս: Արագիլներն էին բերում»:
Ռուբեն Հովսեփյան «Արագիլները վերադարձան»
Այս հիանալի գարունը Բաղանիսում չի լինում: Գարուն, որը լինում է Արարատ լեռան ստորոտում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Լուսառատում, որտեղ բնակվում է հորաքույրս: Ես գարնան առաջին 2-3 օրը անց եմ կացրել այնտեղ: Ես նստած թշնամու դիրքերից 100 մետր հեռավորության վրա հետևում էի անասուններին և մտածում էի, թե ինչ նյութ կարելի է գրել և հանկարծ հիշեցի այն 3 օրը, որ անց էի կացրել Լուսառատում ու գրեցի այս նյութը:
Ես նոր եմ հասկանում գարնան գալը:
Մեր հացը
Ամեն երկու շաբաթը մեկ մեր թաղի կանայք մեր բակում հաց են թխում: Հավաքվում են մեր նկուղում և սկսում հաց թխելու գործընթացը: Ջուջևանում լավաշ չեն թխում, որովհետև չկա թոնիր: Գյուղի մեծ մասը փռի մեջ է հաց թխում:
Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
Տատիկս առավոտ շուտ վեր է կենում, որովհետև իր հետևից դեռ թխելու են Անահիտ ձալոն և մեր հարևանուհի ընկեր Անժելան:
Տատիկս սկզբում վառում է վառարանը, հետո ջուրը դնում վառարանին, ալյուրը բերում ու սկսում է մաղելը:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
- Բարի օր ձեզ:
Ներս է մտնում իմ ձալոն` Անահիտը:
-Հազար բարին,- ասում է տատիկս ու հարցնում:
-Ի՞նչ կա-չկա գեղերըմ:
-Գիդեմ ոչ, մթամ ո՞վ ա գեղ դուս գալի: Գարունքացել ա, վար ու ցանքը սկսել ա, պարապ ժամանակ չենք ունենում:
-Անահիտ, կոֆե դնեմ:
-Չէ, չէ, հենց նոր խմել-եկել եմ, հանկարծ չդնես:
-Դե որ խմում չես, ալիր բի մաղե, ես էլ գնամ` փուռը վառեմ:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
Հետո Անահիտ ձալոն կապում է գլխաշորը ու սկսում խմոր հունցելը: Որոշ ժամանակ անց խմորը արդեն պատրաստ է, ու սկսում են խմորը գնդել: Փուռը թեժ է, և հաց թխելու բոլոր պայմանները կան:
Սկսում են հացի գնդերը լցնել փռան մեջ և փակում են փռան բերանը: Մինչ հացի թխվելը նստում են փռան առաջ ու քննարկում գյուղի նորությունները:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
-Անահիտ, բա իմացա՞ր, Հրանդիկը հիվանդացել ա:
-Հա, երեկ Սիրաժին վիկալ ա, գնացինք տենող:
-Հետո՞, ո՞նց էր:
-Տատի, տատի, հացը վառվեց,- գոռացի ես:
-Վայ, այ շան տղա, տեհա՞ր, խոսքով ընգանք, հացը վառվեց:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի
Ճիշտ է, հացը վառվեց, բայց շատ համով է ստացվել: Հետո ես էլ գնացի բերեցի տնական համով պանիր և սկսեցինք ուտել տաք հացը:
Աշխարում չկա մեր փռան հացից համով հաց:
Իմ «պարտեզը»
Հոբբին յուրաքանչյուր մարդու կյանքի ամենահետաքրքիր զբաղմուքն է: Դա այն երևույթն է, որով զբաղվում եմ նույնիսկ հոգնած ժամանակ, բայց չեմ հոգնում: Ես հստակ կարող եմ ասել, որ տարբերվում եմ իմ հասակակիցներից, քանի որ կարողանում եմ սովորական նյութերից պատրաստել «փոքրիկ հրաշքներ», որոնք կոչվում են ծաղիկներ: Կարողանում եմ ստեղծել իմը: Այս յուրօրինակ հոբբիիով ինձ «վարակեց» մայրիկս, որն ազատ ժամանակ ձեռքն էր առնում մատնահարդարման լաքերն ու տարբեր իրեր ու սկսում «կախարդել»: Մի օր էլ ես էլ միացա նրան, հետո, երբ պատրաստ էր իմ առաջին ծաղիկը, նկատեցի, որ աշխատելու ընթացքում թե հոգնածությունս է անցել, թե վատ տրամադրությունս:

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի
Իմ ծաղիկները շատերը շփոթում են ուղղակի արհեստական ծաղիկների հետ: Բայց, ամեն ծաղիկ ստեղծելիս, փոխանցում եմ իմ տրամադրությունը նրանց և ոգեշնչվում իմ իսկ ստեղծածով: Ծաղկի ստեղծումը բարդ գործընթաց է, և դրա հետ զուգահեռ, շատերը անհնարին են համարում դրանց ձեռքի աշխատանք լինելը: Դժվարությունը կայանում է նրանում, որ ամեն աննշան դետալին տրամադրում եմ մեծ ուշադրություն և ժամանակ:
Երբ ես պատրաստեցի իմ առաջին գործը, ձեռքիս տակ ունեի ընդամենը մի քանի իր: Ես այդ ժամանակ չէի էլ մտածում, որ ծաղիկները կդառնան իմ հիմնական աշխատանքը:
Ծաղիկներ պատրաստելը ինձ համար պարզապես ինքնաարտահայտման միջոց էր: Հետո եկավ մի ժամանակահատված, երբ ես սկսեցի պատրաստել նաև զարդեր, և զբաղվել ուլունքագործությամբ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն իմ գործում վարպետ էի և կրում էի իմ պատրաստած զարդերը, տարբեր առիթների ժամանակ նվիրում էի իմ ծաղիկներից, ծառերից և զարդերից: Մարդիկ զարմանում էին` տեսնելով իմ յուրօրինակ ոճը: Իսկ այսօր արդեն ընդունում եմ պատվերներ և աշխատում եմ ոչ թե մի քանի հասարակ իրերով, այլ բազմաթիվ գործիքներով:
Նշեմ նաև, որ ստեղծագործելիս ինձ շատ են օգնում պատվիրատուները: Պատվերներ ստանալով հասկանում ես, որ կարող ես պատրաստել այն, ինչի մասին չես էլ մտածել: Այդ պատվերներից հատկապես առանձնացավ «հայկական տարազը» զարդի տեսքով, նոր բողբոջած ծառերը, ինչպես նաև Զատկի տոնին պատրաստվող ծառերն ու ճյուղերը: Իմ աշխատանքի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանցից ամեն մեկը մեկ օրինակով է, եզակի: Ես չեմ կրկնում ինքս ինձ: Իսկ հիմա էլ փորձում եմ իրականություն դարձնել գնորդի պատկերացումները:
Եվ այսպես, փորձում եմ համատեղել դասերս և արդեն աշխատանք դարձած հոբբին:
Իսկ հիմա նայեք իմ «ծաղկած պարտեզից» մի քանի լուսանկար: Մ՞իթե ձեր տրամադրությունն էլ չբարձրացավ:

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի

Լուսանկարը՝ Սեդա Սամվելյանի