Media moving forward, Ավստրիա, օր 4

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

IT-ն ամենևին էլ գումար աշխատելու մասին չէ…

-Ի՞նչ եք դուք պատկերացնում, երբ ասում եք Սիրիա` պատերազմ, մահ: Հուսով եմ, որ այս ծրագրիը կօգնի ձեզ, որ դուք Սիրիան պատերազմի փոխարեն արվեստի և ազգային հին մշակույթի հետ ասոցացնեք:

Եթե Դիանայի օրագիրը արդեն կարդացել եք, երևի գիտեք Shaqi shop –ի մասին, թե ինչպես են Հորդանանից սիրիացի և հորդանանցի տաղանդավոր արհեստավորների աշխատանքները հավելվածի միջոցով վաճառում: Բայց կարևորը գիտե՞ք որն է, որ այս և մնացած բոլոր «European Youth Award»-ի մասնակից ծրագրերը ուղղակի բիզնես չեն: Դրանցից յուրաքանչյուրը իր մեջ որոշակի ուղերձ է պարունակում, որը միտված է մեզ շրջապատող միջավայրը ավելի լավը դարձնելու: Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը Shaqi shop-ի պրեզենտացիայից հետո, Սիրիան երեք տաղանդավոր երիտասարդների հետ կկապի, տղաների, ովքեր իրենց երկրի մշակույթի կրողներին հնարավորություն են տալիս աշխատելու, և իրենց արվեստը ամբողջ աշխարհում տարածելու համար: Հենց սա է նորարարությունը ինձ համար: Անել այնպիսի բան, որը կհեղափոխի մարդկանց աշխարհայացքը:

Այսօր սովորելու և սեփական մտքերը ավելի ամփոփ  դարձնելու օր էր:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նորարար գաղափարներով որգեշնչված երիտասարդներ շրջանաձև նստում են կողք- կողքի և փորձի  փոխանակում են անում: Յուրաքանչյուր շրջանում նստում ես ընդամենը 10 րոպե, փորձելով մի մեծ ինֆորմացիոն բազա պահել գլխումդ: Ու իրականում դա անելը ահագին բարդ էր, որովհետև յուրաքանչյուր խոսնակ տարբեր պրոյեկտների մասին էր պատմում: Հաջորդ քայլը սեմինարներն էին, որտեղ մենք ընտրության հնարավորություն ունեինք` մասնկացել այն սեմինարին, որին ուզում ենք: Ես «UX Design Tactics Bootcamp» սեմինարին մասնակցեցի, ծանոթանալով Գերմանիայում տեղի ունեցած ֆուտբոլային առաջնության համար արված աշխատանքներին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Սեմինարից հետո վերադարձանք մեծ դահլիճ, որտեղ մասնակիցները պետք է իրենց ծրագրերը ներկայացնեին: Չնայած նրան, որ բոլոր ծրագրերին արդեն ծանոթ էի, միևնույնն է, օրվա այս հատվածը ամենատպավորիչն էր: Որովհետև միայն այստեղ ու այդ պահին կարող էի Boxwise ծրագրի հեղինակի` բարձրահասակ հույն տղայի, անհանգիստ շունչը լսել, որովհետև ժյուրիի անդամները հարցեր էին տալիս, ու այդ բավականին վստահ թվացող երիտասարդը շատ անհանգիստ էր ու մտքերը պետք է իմի բերեր, որ պատասխաներ: The ifs-ի խաղալիքների ցուցադրությունն էր շատ հետաքրքիր: Այդ խաղալիքները իրենցից ռոբոտներ են ներկայացնում, որոնց միջոցով 3-4 տարեկան երեխաները կարող են ծրագրավորում սովորել: Իրականում The ifs-ը ամենահետաքրքիր ծրագրերից մեկն էր ինձ համար:  Ու վերջապես,  կարևոր էր UMix Music App-ի աշխատանքը գործնակում տեսնելը, որովհետև նախորդ օրը հենց այս հավելվածի հեղինակի՝ Kenneth Au-ի հետ էի հարցազրույց արել: Եթե The ifs-ը ամենահետաքրքիրներից էր, ապա UMix Music App-ը մասնակից ծրագրերից ամենասիրելին դարձավ: Սա լավ հնարավորություն է երաժշտություն գրելու մասին երազողների համար: Եթե սովորական պայմաններում, երաժշտություն գրելու համար պետք է ինչ-որ երաժշտական գործիքի տիրապետես, ապա այս հավելվածը հարթակ է դառնում երաժշտական կրթություն չունեցող, բայց տաղանդավոր երաժիշտների համար: Կարևոր է միայն այն, որ երաժշտությունը գլխումդ հնչի, մնացած աշխատանքը հավելվածը վերցնում է իր վրա: Մտածում եմ, որ այս հավելվածը ներբեռնելու դեպքում ես մի շաբաթում ամբողջական սկավառակ կարող եմ թողարկել, որովհետև անընդհատ տարբեր երաժշտություններ են գլխումս պտտվում: Լավ, գովազդ էլ չեմ անում, ուղղակի ուզում եմ ասել, որ վաղը Հոնկոնգի տղաների հաղթանակին եմ սպասելու…