aniharutyunyanarm

Կյանքը սուրճի բաժակում

- Տո, ա՛յ Անուշ, էս ո՞ւր ես: Աչքներս ջուր կտրեց: Երկու բաժակ կոֆե խմեցինք, մինչև եկար, – ասում է Գայանը բաժակ նայող հարևանուհուն: – Դե գնա՛, գնա՛, Լիլի՛թ ջան, մեզ էլի կոֆե դիր, հազիվ Անուշն եկել ա:

Բաժակ նայելը հին արհեստ է, Անուշին էլ որ հարցնես` արվեստ է: Բայց ինքը չգիտի` որտեղի՞ց են արմատները, ո՞վ է հորինել: Ըստ վարկածներից մեկի` ալարկոտ հարսները մի ժամանակ ջան չեն արել բաժակները լվանալ, ցանկացել են սուրճի սեղանի մոտ երկար նստել ու զրուցել, բաժակ նայելը սարքել են մահանա, փորձել են պատկերներ գտնել: Սկզբում զուտ զվարճության համար, հետո կամաց-կամաց որոշել են իմաստավորել ու հարևանների մոտ գլուխ գովել, թե բա` բնատուր շնորհք է, Աստծուց է ուղարկված: Ու էդպես` տարիների մեջ տեղափոխվելով, վարկածը կրճատվել, փոփոխվել, հասել է մեր օրեր ու մարդկանց գիտակցության մեջ մտել է որպես, իրոք, Աստծու կողմից տրված շնորհ: Կանայք էլ են սկսել հավատալ իրենց գերբնական ուժերին ու փողոցում կամ երբեմն ամբողջ գյուղում դարձել են հեղինակություն:

- Լիլի՛թ, էդ խաշն ի՞նչ եղավ: Երեք բաժակ կոֆեն քանի՞ ժամ ես եփում:

- Հերիք ա խոսես էդ երեխու վրա, Գայա՛ն: Գործիդ անունն ի՞նչ ա. սպասի էլի:

Գայանը ոչ սուրճին էր սպասում, ոչ էլ Անուշի` բաժակ նայելուն: Գայանը ամուսնուն էր սպասում Ռուսաստանից, որ ամեն ամիս վերադառնալը հետաձգում էր: Ամեն անգամ, երբ խոստացած հերթական օրն էր անցնում, ու ամուսինը չէր հայտնվում, Գայանը կանչում էր Անուշին ու անհամբերությամբ սպասում, որ Անուշն ասի` բաժակիդ մեջ ճանապարհ կա, վերջում` տղամարդ է կանգնած: Էսպես Գայանն իր նվիրական ցանկություններն ու նպատակները վստահում է սուրճի մրուրին ու Անուշի երևակայությանը: Անճար մարդու սովորական միամտությամբ մոռանում է, որ Անուշն իր մասին ամեն ինչ գիտի, իր ընտանիքի կյանքին ու սպասումին տեղյակ է, որ Անուշի գուշակությանը հավատալը, թե` ամուսինը շուտով վերադառնալու է, շարքային ինքնախաբեություն ու միջին վիճակագրական ժամանակավոր սրտհովանք է: Բայց անճար մարդիկ հիմնականում հանձնվում ու իրենց ցանկությունները սուրճի բաժակներին ու երազահաններին են վստահում:

Ասում են նաև, որ երբ շրջում ես բաժակը ափսեի մեջ լցրած մրուրի վրա, սպասում, որ չորանա ու այբուբենի ամեն տառն ասելու հետ խփում բաժակին, որ տառի վրա պոկվեց բաժակն ափսեից, ուրեմն այդ տառով սկսվող անունն ունեցող մարդը կարոտում է քեզ:

Գայանի ամուսնու անունը Լևոն է: Գայանը սուրճը դառն է խմում: Դառը մրուրին հատկապես բաժակը երբեք այնքան ուժեղ չի ամրանում, որ 12 հարվածին դիմանա, ու Գայանը գոնե հուսա, որ ամուսինն իրեն կարոտում է:

Ասում են, որ բաժակում հայտնված ձին մուրազ է, սլացող ձին` լավ լուր սիրելիից, իսկ ձիու գլուխը` հանդիպում սիրելիի հետ: Գայանը ճանապարհից բացի նաև ձիուն էր սպասում իր բաժակում: Անուշն ամեն անգամ ձի ու ճանապարհ էր տեսնում, Գայանն էլ, մյուս կանանց նման, չէր համոզում, որ Անուշը ցույց տա ձին, բացատրի, թե ինչպե՞ս տեսավ: Խաբված լինելն ընդունում էր խոնարհաբար, երջանկանում ու ասում էր` Աստված ձայնդ լսի, Անուշ ջան: Անուշը, առաքելությունը կատարածի դեմքով, մի քանի բան էլ ասում էր Լիլիթի համար, որ արդեն ամուսնանալու ժամանակն էր, մի քիչ փողից, մի քիչ հաջողությունից, ու այդ շաբաթվա հույսի չափաբաժինը Գայանի համար պատրաստ էր:

Պատահում էր նաև, որ սուրճի ժամանակը համընկնում էր Գայանի սկեսրայրի՝ դաշտից վերադառնալուն։ Մտնում էր խոհանոց Գևորգը, բայց Անուշն ուշադրություն չէր դարձնում Գայանի նշաններին, թե` սուս արա, ու շարունակում էր աչքերը կկոցած նայել ու ճանապարհը նշմարել։ Գևորգը երբեք չէր հավատում բաժակի պատկերներին։ Ամեն անգամ թարս նայելով իր ջուրն էր վերցնում, բայց չէր շտապում դուրս գնալ։ Ինքն էլ արդեն հոգու խորքում ձիու հայտնվելուն էր սպասում։ Ինքն էլ ակամա ուրախանում էր, չհավատացողի համառությանը անճարի անկարողությունը մի պահ հաղթում էր։ Ու ձին ու ճանապարհը կամ ձին ճանապարհին իր համար էլ հույս էին դառնում։

Դե բեր, բեր, Լիլի՛թ ջան, արագ նայեմ ու գնամ, գործերս մնացին, – ասաց Անուշն ու տաք սուրճը` լեզուն այրելով, մի կերպ խմեց: Ինքն իր բաժակը երբեք չէր նայում, ինքն իրեն դժվարանում էր խաբել: Շտապելով վերցրեց Գայանի բաժակն ու գազի վրա թողած ճաշի մտքերով մոռացավ ասել, որ ձի ու ճանապարհ կան բաժակում: Շտապելուց չնկատեց էլ Գայանի շփոթված հայացքը` սովորության խախտման անակնկալից:

Դե, գնացի, ժողովուրդ ջան, վաղը կհավաքվենք, – վեր կենալով ասաց ու շտապելուց պատահաբար գցեց գետնին ու կոտրեց Գայանի օժիտի սուրճի բաժակը: Ներողությունների մեջ լսեց Գայանի հեծկլտոցը:

Դե լավ, մա՛մ, բաժակ էր, էլի, նորը կառնենք, – հանգստացնում էր Լիլիթը: Իսկ Գայանը չէր հասկանում` բաժակի՞ համար էր լաց լինում, թե՞ Անուշի շտապելու, ձին ու ճանապարհը մոռանալու: Չգիտեր` ամուսնուն իրո՞ք այդքան սպասում էր, թե՞ գյուղի ձանձրալի օրերում սպասումն արդեն ինչ-որ հետաքրքրություն էր դարձել:

Արցախում այլ կերպ ես շնչում…

Հիշում ե՞ք այն ավանդազրույցը, որտեղ Արշակ Բ հայոց թագավորը հենց ոտքը դնում էր հայկական հողի վրա, կերպարանափոխվում էր, ըմբոստանում, ավելի համարձակ դառնում։ Արցախյան հողն ինձ վրա լրիվ նույն ազդեցությունն ունեցավ։ Չնայած նրան, որ ես այնտեղ նախկինում երբեք չէի եղել, ինձ սեփական տանն էի զգում, կարծես ամեն սար ու ծառ մանկուց ծանոթ էին։ Ու այդ մթնոլորտի հաղթական, անկոտրում և ուժեղ տրամադրությունը, որ կա թե՛ մարդկանց, թե՛ հողի ու ջրի մեջ, չի կարող քեզ ուղղակի թույլ դարձնել։ Կարծում եմ հենց դա է մեր առավելությունը, հենց դա է սահմանին կանգնած մեր զինվորներին ուժեղ դարձնում։

Շուշիի ճանապարհին մեր տաքսու վարորդը կանգնեցրեց մեքենան մի տանկի մոտ և իր արցախյան անուշ բարբառով պատմեց Տ-72-ի մասին։ Տ-72-ը հաղթանակ կանխորոշող տանկ էր, առաջինը, որ դուրս եկավ թշնամու դեմ։ Հաղթահարելով դեպի Շուշի տանող ճանապարհը, Տ-72-ը ոչնչացրել է թշնամու երկու տանկ, իսկ երրորդի հետ մարտի ժամանակ ռմբակոծվել։ Տանկի հրամանատար՝ Գ․ Ավշարյանը, մեխանիկ- վարորդ՝  Ա․ Ավանեսյանը, նշանառու- հրետանավոր՝  Շ․ Սարգսյանը, երեքն էլ մարտի ժամանակ զոհվել են։ Տ-72-ից սկսեց Շուշիի ազատագրման հաղթական ընթացքը, իսկ հիմա տանկը որպես հուշարձան կանգնեցված է հենց այն նույն տեղում, որտեղ և ռմբակոծվել է, որպես հարգանքի տուրք և հիշատակ հաղթանակի համար պայքարած բոլոր մարտիկների։

Շնորհավոր հայոց բանակի և բոլոր զինծառայողների տոնը։

margarita ghazaryan

Հայոց բանակն իմ ընտանիքն է

Մենք հայ քաջ զինվորին ենք պարտական մեր ամեն բացվող առավոտի համար, ապրելու,  արարելու, երազելու, հույսով դեպի ապագան նայելու, մեր պատմությունը կերտելու համար:

Այժմ բանակում ծառայող երկու եղբայր ունեմ ` Միքայելը և Խաչատուրը: Ավագ եղբայրս` Միքայելը, գտնվում է ծառայության 18-րդ ամսում, իսկ կրտսեր եղբայրս` Խաչատուրը, 6 ամսվա ծառայող է: Ներսումս  անասանելի հպարտություն կա, որը բառերով անկարող եմ նկարագրել: Իմ հոգատար եղբայրները` մանկության ամենամտերիմ ընկերներս, արդեն մեծ տղաներ են, հայրենի արժանի պաշտպաններ, կա՞ սրանից ավելի մեծ հպարտություն: Նրանք երկուսն էլ իմ լավագույն ընկերներն են, այն մարդիկ են, որոնց կարող եմ վստահել և չվախենալ: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ վիճել եմ, նեղացել, սակայն երբեք երկար չի տևել, քանի որ ես լավ գիտեմ.  որքան էլ վիճենք, միևնույնն է, նրանք միշտ իմ կողքին են, հարկ եղած ժամանակ հենց նրանք են ինձ պաշտպանելու, հուսադրելու, օգնելու, որ առաջ քայլեմ, հաջողություններ ունենամ, երջանիկ լինեմ:

Եղբայրներս երկուսն էլ բնավորությամբ հանգիստ են և լի հային բնորոշ հումորով: Փոքր ժամանակվա խաղալիք զենքերին այժմ փոխարինել են իրականները: Ավագ եղբայրս հենց այս պահին էլ գտնվում է սահմանին, զենքը ձեռքին: Այսքան ժամանակ եղբայրներիցս երբեք չեմ լսել հուսահատ խոսքեր: Նրանք, եթե նույնիսկ դժվարությունների առջև են կանգնում, միևնույնն է, միշտ էլ ասում են, որ լավ են, և ամեն ինչ կարգին է: Այստեղ է հայ զինվորի ուժը…

Հայոց բանակն արդեն իր 28-րդ տարեդարձն է նշում: Հունվարի 28-ը նաև հայրիկիս` Մայիս Ղազարյանի վերածննդի օրն է, քանի որ իր պարտքը հայրենիքին տալիս` 1994 թվականի հունվարի 28-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ նա վիրավորվել է, որին անդրադարձել եմ նաև մեկ այլ հոդվածով: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, պա՛պ ջան: Դու  ինձ համար հայրենասեր մարդու առաջին օրինակն ես: Շնորհավոր ձեր տոնը, հա՛յ զինվորներ, իմ քա՛ջ եղբայրներ, թող բարօրությունն ու խաղաղությունն իշխեն հայոց աշխարհում: Անհուն երախտագիտությամբ խոնարհվում ենք ձեր առջև, հա՛յ զինվորներ, զինվոր ծնած մայրե՛ր, զինվորին ուժ ու կորով տվող հրամանատարնե՛ր: Փա՛ռք քեզ, Հայո՛ց բանակ:

anna vardanyan

Եղբայրս զինվոր է

Օրեր առաջ ճանապարհեցինք եղբորս բանակ` մաղթելով լինել արժանի զինվոր հայրենիքի համար։Առանց հուզմունքի հնարավոր չէր ճանապարհել զինվորին: Նախորդ օրը, որ պետք է բանակ ճանապարհեինք քեռուս տղային, հավաքվեցինք իրենց տանը, հայրենասիրական երգեր երգեցինք, ոգևորեցինք, հուզվեցինք… Երգում էինք` հուզմունքը հաղթահարելու համար: Մինչ այդ խորությամբ չէինք զգացել, թե որքան շատ ենք սիրում Գառնիկին: Երբ խոսք բացվեց, թե ով պետք է գնա հավաքակայան, բոլոր տղամարդիկ կտրականապես դեմ էին, որ կանանցից որևէ մեկը գար: Ուստի այդ օրն էլ հաջողություն մաղթեցինք և գնացինք տուն:  Հաջորդ օրը մայրս սովորականից շուտ տուն եկավ դպրոցից, բոլորս միաբերան հարցրեցինք.

-Մամ, Գառնիկից ի՞նչ կա:

-Ղարաբաղ…

Ոչ ոք տրամադրություն չուներ: Քիչ-քիչ սկսեցինք համակերպվել: Քեռակնոջս հետ խոսելիս մի քանի հարց տվեցի:

-Եթե տղա ունենք, ուրեմն պիտի սպասեինք էս օրվան:

-Ի՞նչ զգացողություններ ունեիր ճանապարհելիս:

-Համ հուզված էի, համ էլ հպարտ էի, որ զինվոր տղա ունենք: Բացակայությունը զգալի է տանը: Միայն թոռնիկս է, որ մի քիչ լրացնում է իր բացը, զբաղվում ենք, ցրվում ենք, բայց դե չէ, ամեն մեկը իր տեղը ունի։

-Ի՞նչ ես մտածում, ոնց պիտի անցնի էս երկու տարին:

-Մեր ուզածն էն է, աշխարհը խաղաղ լինի, մեր զինվորներն էլ ծառայեն ու վերադառնան։

-Վերադարձը ինչպե՞ս ես պատկերացնում:

-Հուզվում եմ, Աննա, չեմ կարող ասել, չկա այնպիսի օր, որ տանը չխոսենք կամ չմտածենք իր մասին…

Զինվոր եղբայր ունենալը հպարտություն է… Նոր եմ հասկանում, բանակի տոնի իմաստը: Շնորհավո՜ր հայոց բանակի օրը, շնորհավոր տոնդ, իմ զինվոր եղբայր:

Ֆրանսիական օրագիր: Մաս 2: Հայի ստեղծած ֆրանսիական ընտանիքը

Երկրորդ շաբաթն էր, որ մենք Փարիզում էինք։ Կարծես թե հարմարվել էինք․ դե, ոնց ասեմ, դեռ Երևան ենք ուզում։ Արդեն սովորել ենք առավոտյան տրամվայ-մետրո-մետրո-ոտք կոմբինացիային, էլ չենք նայում հեռախոսին կամ էլ ցուցանակներին, անգիր գիտենք՝ որտեղ թեքվել ու որտեղից նստել։ Մեզ լրիվ տեղացի ենք զգում։ Չէ լավ, խաբեցի, երբեք չեմ կարող տեղացի լինել։ Որովհետև փարիզեցիները այդքան էլ տրամաբանական չեն։ Օրինակ՝ երբ դու մի կերպ փորձում ես կենդանացնել սառը քամուց փայտացած մատներդ, այս ժողովուրդը բարակ կոշիկով ու առանց բաճկոն հանգիստ դուրս կգա փողոց, և հավատա, դու հիվանդանալու ավելի մեծ շանսեր կունենաս։ Կամ էլ ամենաանհարմար պահին, տեղում և պայմաններում այս մարդիկ կհանեն իմ բոյի մի գիրք և կսկսեն այն կարդալ կամ էլ ֆիլմ նայել հեռախոսով։ Ախր, մետրոյում հազիվ խցկվելով ու մի մատով մի տեղից բռնվելով շունչս պահած մի կերպ հասնում եմ իմ կայարան, ուր մնաց` կարողանամ դրան զուգահեռ գիրք կարդալ կամ էլ առավել ևս ֆիլմ նայել։ Ո՞նց է ստացվում, չեմ հասկանում։ Հա, մի բան էլ կա․ չեմ կարող անդադար բոլորին բարևել, ներողություն խնդրել դեռ չարած անշնորհքությանս համար, կամ էլ լրիվ անծանոթ մարդու մաղթել լավ երկո։ Այս ամենի չափազանց շատ լինելը ձևական և անիմաստ է թվում, հատկապես, երբ այդ մարդուն տեսնում ես առաջին և վերջին անգամ։ Իհարկե, կան էլի փաստեր, որոնք առաջին իսկ օրվանից զարմացրել են մեզ՝ հացն առանց տոպրակ տուն տանելը, կարմիր լույսի տակ փողոց անցնելը, փնթիությունը և այլն։ Բայց դե պարզ է, որ ոչ բոլորն են այդպիսին։ Ասեմ, որ փարիզեցիների այն փոքր մասը, ում հետ անցկացնում եմ 5 օր շաբաթվա մեջ, հաճելի և հետաքրքիր մարդիկ են։ Խոսքս այն կազմակերպության աշխատակիցների մասին է, որտեղ անցկացնում եմ իմ մասնագիտական պրակտիկան։

Ճիշտն ասած, ամենասկզբում մի քիչ նեղվել էի, որ այդքան հեռու տեղում եմ գնում աշխատանքի։ Սակայն ընդմիջման ժամին քայլելով 17-րդ թաղամասի փողոցներով, հասկացա, որ ոչ միայն կազմակերպության, այլ նաև թաղամասի հարցում է բախտս բերել։ Եվ չնայած այն կենտրոնից բավականին հեռու է, ընդհանրապես չի զիջում իր աննկարագրելի գեղեցիկ շենքերով, դրանց կոկիկ պատշգամբներով և փողոցի ամեն անկյունում գտնվող այգիներով, չէ որ, ինչպես երեկ իմացա, 17-րդը համարվում է Փարիզի ամենագեղեցիկ թաղամասը։ Ու հենց այդտեղ էլ գտնվում է այն համեստ շինությունը, որի երկրորդ հարկում աշխատում է մի մեծ ձեռնարկության անձնակազմ։ Բոլորը ֆրանսիացի են, կազմակերպության սեփականատիրոջից բացի, ով հայ է։ Ինչպես ես էի առաջին օրն ուրախ այդ օտար երկրում հայրենակցի հանդիպելուն, այդքան էլ նա էր ոգևորված մի հայ ուսանողի հյուրընկալելու իր հոր ստեղծած կազմակերպությունում։ Մանկական ուրախություն կար այդ մարդու աչքերում և աննկարագրելի ջերմություն, երբ ներս մտա և հարցրեցի, որ փնտրում եմ պարոն Զելվեյանին։ Հենց առաջին վայրկյանից խոստովանեց, որ շատ վատ է հայերեն խոսում, ուստի իր հետ նույնպես շփվում եմ բացառապես ֆրանսերենով։ Եվ ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մտնում այդ շենք՝ իմանալով, որ տեսքից համեստ, բայց նշանակությամբ կարևոր այդ կազմակերպության հինադիրն իմ հայրենակիցն է։ Ու երբ հարցնում են, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը, «իրենք»-ի փոխարեն ակամա ասում եմ «մենք», քանի որ արդեն առաջին օրվանից այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ես ինձ իրենց ընտանիքի մի մասը զգամ։ Ձեզ էլ ասեմ՝ մենք արտադրում ենք մետաղյա, կերամիկայից, պլաստիկից և այլ նյութերից գնդիկներ և գլաններ՝ տարբեր տրամաչափերի, որոնք հետագայում օգտագործվում են մեքենաշինության, սարքավորումների պատրաստման, բժշկության և նույնիսկ օծանելիքի պատրաստման մեջ։ Եվ չնայած նրան, որ ամեն առավոտ մոտ մեկ ժամ եմ ծախսում այնտեղ հասնելու համար, երբեք չեմ զղջում, որ ընտրությունս ընկել է հենց այս կազմակերպության վրա։

Աշխատանքային ամեն շաբաթվա ավարտին հաջորդում են երկու մշակութային օր, որոնց ընթացքում փորձում ենք այցելել որքան հնարավոր է, շատ թանգարան կամ ցուցադրություն։ Ու հավատացեք, երկու օրը շատ քիչ է այդ ամենի համար։ Մեկ օրում չհասցրինք տեսնել այստեղի ամենահայտնի Օրսե թանգարանի բոլոր կտավներն ու քանդակները։ Այդ ահռելի շինությունը նախկինում եղել է կայարան, որը հետագայում դարձրել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Օգյուստ Ռենուարի և մի շարք այլ նկարիչների գործերի ցուցադրության վայր։ Իսկ թանգարանի դիմաց՝ Սենայի մյուս ափին, գտնվում էր մեկ այլ պատկերասրահ Օրանժերի անունով, որտեղ տեսանք Կլոդ Մոնեյի «Ջրաշուշաններ» նկարաշարը։ Աննկարագրելի զգացողություն է կանգնել կտավի դիմաց ու հասկանալ, որ հենց այս պահին տեսնում ես այդ գլուխգործոցը։ Ու ամեն անգամ վախենում ես, որ կմոռանաս այն, չես հիշի ամենակարևորը։ Այցելեցինք նաև «Հայտնագործությունների պալատ», որտեղ շրջեցինք մի շարք սրահներում, իմացանք ամեն ինչ լույսի, մագնիսական դաշտի, ձայնի, կենսաբանության և քիմիայի մի շարք երևույթների մասին, տեսանք պլանետարիումի ցուցադրությունը։ Այս երկու օրն անցնում են շատ արագ ու տպավորություններով լի։

Ու չնայած ամեն օրվա երեկոն անցկացնում եմ ընկերներիս հետ, միևնույնն է, վաղը երեկոյան, երբ գործից հետո նստեմ հետդարձի մետրոն, էլի կսկսեմ փնտրել մի ծանոթ հայացք, աչքեր, խոսք, ինչու ոչ, քիթ։ Մի նշան, որն ինձ կհուշի, որ դիմացինս հայ է։ Երբեք չէի մտածի, որ կարոտը կարող է այսպես դրսևորվել։ Ամեն անգամ փորձում եմ ճանապարհս այնպես գծել, որ անպայման անցնեմ հայ ուսանողների հանրակացարանի մոտով, որ կարդամ հայերենով գրված «Հայ ուսանողների տուն» գրվածքն ու ինձ էլի մի քիչ մոտ զգամ հայրենիքիս։ Դժվար է տնից հեռու ապրելը։ Համենայնդեպս, ես շատ եմ կարոտում։

Ըհը, այս շաբաթն էլ վերջացավ։ Մնաց հինգը։

nane exiazaryan

Առաջին կուրսեցու անսովոր կյանքը

Սովորական  է դարձել արդեն առավոտյան ուրիշ քաղաքում արթնանալը (ես Ջերմուկից եմ և հիմա սովորում եմ Երևանում), մեկ ուրիշի տանը մնալը, ուրիշ ծանոթ ու ամեն անգամ նորը բացահայտող փողոցների երկայնքով քայլելը, ամեն օր տասնյակ անծանոթ ու մեկ-մեկ էլ ծանոթ մարդկանց տեսնելը, բարև փոխանակելիս երբեմն հարցական հայացքներ ընդունելը, ուրիշ ընկերները ու շրջապատը… Հանկարծ հասկանում ես, որ արդեն ունես պատասխանատվության զգացում ինքդ քո ապագա ես-ի առաջ ու մեկ էլ հոպ` արդեն ոնց որ թե չցանկանալով, բայց ինքդ քեզ խոստովանում ես, որ մեծացել ես, ու ամենավատն էլ այն է, որ միայն դու չես մեծացել, ընկերներդ էլ են մեծացել ու ամեն մեկն իր անձնական գործը, զբաղմունքը, մի շարք նոր ընկերներ ու գլուխ ցավեցնող առօրեական դարձած խնդիրներ ունի: Անգլերեն պարապելիս շտեմարանում մի տեքստ կար, ու հիմա էլ կա երևի, որը պատմում է մարդկանց մոտ միջավայրը փոխելուց հետո առաջացող սթրեսի տարբեր փուլերի մասին: Մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես այդ նույն փուլերով անցել ու արդեն վերջին փուլում ես:

Երբ դեռ առաջին դասարանից, դպրոցի առաջին իսկ օրից չես սիրում դպրոցը ու ավարտելիս էլ լիակատար ուրախություն ես զգում, անկասկած դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ կկարոտես այդ նույն դպրոցը: Դե հա, պատկերացնում ես դասընկերներիդ ու առհասարակ, մարդկանց կարոտելը, բայց ոչ երբեք այդ դպրոցի շենքը, միջանցքներն ու քո աթոռ-սեղանը: Դա գիտակցելու պահին էլ ինքդ քեզ քննադատում ես. «Չէ, դու հաստատ ցնդել ես»:

Սիրում եմ Երևանը, մանավանդ գիշերային այս քաղաքը, քամոտ մետրոն, անցումն անցնելիս մարդկանց գրկախառնությունը և ուղղակի ճանապարհները: Բայց գիտե՞ք, տխուր է, երբ հիշում ես, թե ոնց էիր քո փոքրիկ, բայց ջերմ քաղաքում գրեթե ամեն անցորդի ճանաչում, բակի տատիկներին տեսնելիս մեկ-մեկ հետները նստում ու պատասխանում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին (ի դեպ, ընդդիմանալն անիմաստ էր, իսկ ուղղակի իրենց «ռադարի» մոտով չանցնել երբեք չէր հաջողվի), հարևաններին առանց առիթի տուն էիր կանչում սուրճ խմելու ու մամայի` էս մի անգամվա սարքած խմորեղենը փորձելու, իսկ երբ բան չկար անելու, ինքդ էիր հյուր գնում նրանց: Ի՞նչ հարցնել, ի՞նչ բան, միանգամից մխրճվում էիր իրենց առօրյայի մեջ ու դառնում էդ պահին իրենց տան մի մասնիկը: Նոր տարվա մասին էլ չեմ խոսում… Ինձ համար այն յուրահատուկ տոն է` կախարդական, երբ բոլորը բոլորի հանդեպ բարի ու ջերմ են, հյուրընկալ ու երջանիկ: Երևանում այդ տոնը նշելը սկզբում հետաքրքիր էր, ու մեծ սպասումներ կային, բայց ինչպես միշտ, իմ բախտը չբերեց, ու սպասումներս նորից չարդարացրին իրենց:

Մի խոսքով, գրեցի առաջին կուրսի ուսանողի կարոտի մասին, որ երևի զգում են շատերը: Գրեցի նրա մասին, որ ինձ նման մարդկանց համար դժվար է իրենց փոքրիկ գյուղից, կամ հեքիաթային քաղաքից հետո սիրել Երևանը ու հարմարվել նրա ռիթմին, նրա ամեն օրվա նորության ու ոչ միշտ ժպտերես ու բարև տվող մարդկանց հետ: Վերջ:

 

Հ.Գ. Այնքան կուզեի տեսնել իմ ուսուցիչների դեմքերը, երբ կարդան, որ ես կարոտել եմ դպրոցը (դա ֆանտաստիկայի ժանրից էր)…

Anna Sargsyan ashtarak

Ամենաթանկս

Հերթական նամակս եմ գրում, որ կարդալու են շատերը, բայց չես կարդալու դու, որովհետև  արդեն վերադարձած կլինես զինվորական ծառայությանդ։ Իմ տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ… Թերևս նախընտրեմ այս երեք բառերով սահմանափակվել, այլապես բոլոր բառարանները թերթելու դեպքում էլ չեմ կարողանա զգացածս արտահայտել բառերով, որովհետև հայերենի և աշխարհիս ոչ մի լեզվի մեջ հպարտությունն ու հավատարմությունը, սերն ու կարոտը մեկ բառով հանդես չեն գալիս։

Ամանորյա նվերս դու էիր, սպասածիցս ուշ եկար, բայց գալդ կարգավորեց տոնական տրամադրությունս։ Իմ ողջ կյանքը քիչ չէ՞, որ հիշեմ քեզնից ամիսների կարոտս առնելու րոպեները. քեզ տեսնելուն պես պարզապես դուրս թռա մեքենայից, արցունքների մեջ կորած մոռացա դուռն անգամ փակել ու գրկեցի, գրկեցի քեզ մի այնպիսի ջերմությամբ, որով երբևէ գրկած չկայի։ Վերջին ժամանակներս երևի թե այդքան ուրախ չէի եղել, ու հենց այդ պահին էր, որ կարող էին ինձ հարցնել` ինչպե՞ս ես, ու առանց երկար-բարակ մտածելու կասեի` լավ եմ, որովհետև քեզ տեսնում եմ ո՛չ նկարների մեջ, այլ հենց իմ աչքերով, իմ առջև կանգնած։

Հիմա էլ արցունքներս գլորվում ու ընկնում են ծրարի վրա։ Դեռ շատ ու շատ նամակներ պիտի գրեմ ու շատ արցունքներ են թափվելու։  Հա, ես նույնն եմ մնացել, բայց դու փոխվել էիր, կապույտ աչքերիդ մեջ  ընթեռնելի էր «կարոտ» բառը։ Իմ փոխված, բայց և նույն տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ…

Արդեն կարոտում եմ։

margarita voskanyan lori

Մեզ համար ապրած կյանք

Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց,  կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ  գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:

Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:

Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:

Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:

Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:

Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:

Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:

Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։

Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է:

tatevik haroyan

Կրթության միջազգային օրը

Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է:

Արիստոտել

Միջազգային օրերը առիթ են հանդիսանում լայն հասարակությանը կրթելու հուզող հարցերի շուրջ, մոբիլիզացնելու քաղաքական կամքն ու ռեսուրսները գլոբալ խնդիրները լուծելու համար, ինչպես նաև նշելու և ամրապնդելու մարդկության նվաճումները:

2018 թ․ դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից միաձայն ընդունված որոշմամբ հունվարի 24-ը հռչակվել է որպես կրթության միջազգային օր։ Որոշման հիմք է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ներկայացված 206 EX/35 որոշումը, որի համահեղինակ է հանդիսացել նաև Հայաստանը։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում` նվիրված կրթության միջազգային օրվան։ Սրա նպատակն էր` ևս մեկ անգամ խոսել կրթության դերի ու նշանակության մասին։

Ուսանողները իրենց խոսքում մասնավորապես գնահատեցին մի քանի երկրների կրթական համակարգերը, այդ թվում նաև ՀՀ-ի կրթական համակարգը, որոնք մի շարք առումներով առանձնանում էին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Հայաստան)։

Նաև մի շարք փաստեր ներկայացվեցին այն մասին, թե աշխարհում կրթությունն ինչքանով և ում է առավել հասանելի կամ ոչ հասանելի։ Նշենք միայն այն, որ աշխարհի շուրջ 265 միլիոն երեխաներ և դեռահասներ հնարավորություն չունեն դպրոց մտնելու կամ ավարտելու. 617 միլիոն երեխաներ և դեռահասներ չեն կարող կարդալ։ Սահարական Աֆրիկայի աղջիկների մինչև 40%-ն են ավարտում   միջնակարգ դպրոցը, իսկ չորս միլիոն երեխաներ և երիտասարդ փախստականներ դպրոցից դուրս են մնում: Խախտվում է նրանց կրթության իրավունքը, և դա անընդունելի է:

Տեղեկանալ, թե ինչպիսին է կրթական վիճակը աշխարհում, բավական չէ, այլ կարծում եմ նաև մեզ` երիտասարդներիս, պետք է խթանի ամեն բան անել լավագույն կրթություն ստանալու համար: