aneta baghdasaryan

Հաղորդակցության արվեստը

08:00, երկրորդ չսիրածս մեղեդին ստիպեց ինձ աչքերս բացել։ Ձեռքս գցեցի, որ անջատեմ այդ զզվելի ձայնն ու մի քիչ էլ քնեմ, մինչև 10 րոպեից կմիանար հաջորդը։ Հեչ հավես չկար դասի գնալու։ Երևի դու էլ ես ամեն առավոտ քեզ մի կերպ պահում դասի չգնալու գայթակղությունից։

08։10, չեմ պատրաստվում անկողինս լքել։ 08։20, քունս տանում ա։ 08։30, է, դե, լրիվ մոռացել էի՝ ֆրանսիացի դասախոսն է էսօր գալու, լավ կլինի չուշանամ, տենաս` կի՞ն է, թե՞ տղամարդ, մենակ թե հետաքրքիր պատմի, թե չէ` կքնեմ, 3 լեկցիա իրար հետևից ո՞նց եմ դիմանալու։ Կարո՞ղ է երրորդ դասից պիտի գնամ։

Չգիտեմ՝ ոնց այդպես ստացվեց, բայց դասացուցակով երրորդ ժամից էի դասի։ Նորից քնել մոտս էլ չէր ստացվի, իսկ այ, պառկած մնալու ու ինստագրամով կատուների ու թխվածքների նկարներ նայելու համար մոտ մի ժամ ունեի։

11։40 արդեն իջնում եմ տրոլեյբուսից, մտնում դահլիճ, որ նստեմ իմ տեղն ու ևս մեկ նստարան զբաղեցնեմ Անուշենց համար։ Ոնց ասեմ՝ տեղս զբաղեցրած էր։ Լսարանի մյուս թևից տեսա ինձ՝ ձեռքով անող հուսահատ Մերիին․ հասցրել էր մեզ համար տեղ պահել։ Դե ինքներդ պատկերացրեք՝ նոր առարկա, նոր դասախոս, ֆրանսիացի, ամենայն հավանականությամբ ցածր ձայնով․ կարևոր էինք համարում այդ առարկան, դրա համար ենթադրում եմ, որ ոմանք մոտ կես կամ մեկ ժամ առաջ դեռ առաջին նստարաններին տեղ էին պահել։

-Էս էլ մեր սևամորթ տղամարդ դասախոսը։

Թեքվեցի աջ ու տեսա շիկահեր մի կնոջ, ով համառորեն պայքարում էր նոր տեխնոլոգիաների հետ։

Դասախոսությունը կարծես թե սկսվում է։

-Ի՞նչ ասեց։

-Չգիտեմ, մենակ լսեցի, որ մի քանի րոպեից կսկսենք։

-Բայց ոնց որ պարզ է խոսում, հա՞։

-Դեռ դասը չի սկսվել, մի նավսի։

Հա, մոռացա ասել, այս կինը առաջիկա երեք օրվա ընթացքում մեզ համար կոմունիկացիայի մասին դասախոսություններ է կարդալու։ Բավականին ակտիվ կին էր, երևում էր, որ սիրում է իր մասնագիտությունը։ Երևի կատարյալ ապուշի տպավորություն թողեցինք, համենայն դեպս առաջին րոպեներից, քանի որ «լավ ֆրանսերեն իմացողները թող ձեռք բարձրացնեն»-ից հետո երևաց 5-6 ձեռք։ Ինչքան էլ դասը ֆրանսերենով է գրված, ու թեև սովորում ենք ֆրանսիական համալսարանում, որոշվեց երբեմն օգտագործել անգլերենը, որպեսզի մնացածը նույնպես հասկանան։

-Ֆրանսերենից հետո չեմ հասկանում՝ ինչ է ասում անգլերենով։

-Ինչի՞ է մեր շարքին անգլերենով հարցեր տալիս։ Ֆրանսերենը նորմալ հասկանում ենք։

-Որովհետև մենք չգիտես ինչու ձեռք չբարձրացրինք։

Երևի երբ սկսեցի այս ամենը պատմել, դու չէիր էլ նկատել, որ նստած եմ քո պես՝ ձեռքս դնչիս տակ, խոսում եմ վստահ և ակտիվ ձայնով։ Իհարկե չես նկատի, ինձ չես տեսնում։ Կարող եմ նույն հանգստությամբ պնդել, որ գլխիս զանգակներով գլխարկ է, կամ որ ձայնս կտրված մի բան եմ փսփսում։

Ինչևէ, դասախոսության կեսից մեզ մարտահրավեր նետվեց՝ չօգտագործել խնդիր բառը։ Ինչպես բացատրեց դասախոսը «Խնդիր գոյություն չունի, կա միայն իրավիճակ»։ Այսուհետ ինքներս մեզ պետք է ստիպեինք «խնդիր» բառը փոխարինել «իրավիճակով»։

13։20, լսարանը դատարկվեց, գնացինք թեյերի, սուրճերի ու բրդուճների հետևից։

12։00, երկրորդ մոտեցում, մի քիչ թարմացած։ Խաբում եմ, քունս դեռ տանում էր։ Հազիվ էի ինձ պահում, որ Մարիամի ուսին չհենվեմ ու չքնեմ։ Էլի տեխնիկական խնդիրներ, վայ չէ, իրավիճակներ առաջացան։ Այս անգամ խոսքը գնաց սեփական բրենդի կառուցման մասին։ Օրինակ, եթե ցանկանում ես, որ մարդիկ կարծեն, թե լուրջ մարդ ես, ապա պետք է քո պահվածքով ու գործողություններով նրան դրանում համոզես, ստեղծես կարծիք, որ դու այդպիսին ես։ Երբեք մտքովս չէր անցել, թե ինչ եմ ցանկանում, որ իմ մասին մտածեն։ Իհարկե կցանկանայի լինել ինքնավստահ ու առաջնորդ, հանճար կամ հավասարակշռված մեկը։ Բայց եթե տեսնես, թե ինչպես եմ վիճակագրական տվյալների հետ վիճում, հռհռում Մարիամի հումորների վրա, կամ էլ լսես դողացող ձայնս անգլերենի պրեզենտացիայի ժամանակ, ինձ կվերագրես վերոնշյալ հատկանիշների հականիշները։

-Էլ չեմ կարող, վաղը ո՞նց ենք 4 հատին դիմանալու, թեյս էլ սառավ։

-Էսա մի 5 րոպեից դասամիջոց ա։

15։30, դանդաղ մահանում եմ՝ Մարիամի հետ պարբերաբար կատուների վիդեոներ նայելով։ Երրորդ մոտեցումը շատ ծանր տրվեց ինձ։ Էլ չէի կարողանում ուշադրությունս կենտրոնացնել դասախոսի ասածների վրա։ Նա պատմում էր ոչ վերբալ հաղորդագրությունների մասին, բացատրում էր, թե ինչպես են դրանք ֆիլտրվում ու հասկացվում լսարանի կողմից։ Այս ամենը հենց նոր հորինեցի, գուցե դասախոսությունը խոսողի ինտոնացիայի կամ էլ ազգային առանձնահատկությունների մասին էր, որտեղի՞ց իմանաս։ Չես տեսնում, թե որ ուղղությամբ են նայում աչքերս՝ աջ թե ձախ, վերև թե ներքև, չես կարող հասկանալ ստում եմ, թե ոչ։ Երբեք էլ չես հասկանա, որովհետև չես տեսնում ինձ։

Վերջապես 16։50, տուն եմ գնում։ Տրոլեյբուսի ուղևորներին ուսումնասիրելու և նոր ստացած գիտելիքներս կիրառելու փոխարեն սառած հայացքով նայում էի հակառակ ուղղությամբ շարժվող ծառերին։

-Լավ, ինչպիսի՞ տպավորություն եմ ցանկանում թողնել մարդկանց վրա։ Ինչպիսի՞ն եմ ես։ Լու՞րջ եմ, թե շփվող, խի՞ստ, թե հարմարվող։ Բարդ որոշում է, թող իրենք դա իմ փոխարեն անեն։

mane tonoyan

Նորեկը

ՆԱՄԱԿ

Մի օր եկավ դասղեկը և ասաց, որ մեր դասարան նոր տղա են բերելու: Մի դասաժամ այդ նորությունը բոլորի քննարկման առարկան էր: Աղջիկները կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստեր նորեկը: Բոլորը տեղափոխվում էին և տեղ ազատում նրա համար: Հանկարծ ներս մտավ մեր դասղեկը, իսկ հետևից` մի հաստլիկ տղա: Նրան տեսնելով` բոլորը նորից իրենց տեղերը վերադարձան և վայրկենական մի նստարան ազատեցին: Բոլորն արհամարհանքով էին նայում և ծաղրում նորեկին: Նաև պարզվեց, որ նա շատ վատ է սովորում և անկարգությունների պատճառով հեռացրել էին նախորդ դպրոցից: Նրան չէին հասկանում և չէին էլ փորձում հասկանալ: Նա էլ նեղվում էր դրանից: Բայց մի անգամ մեր տղաներից մեկը անտեղի վիրավորեց Աննային: Նորեկը, որ անցնում էր մեր կողքով, լսելով խոսակցությունը, պաշտպանեց Աննային: Դրանից մեծ կռիվ առաջացավ: Ամբողջ դասարանը դուրս եկավ նրա դեմ, ու նույնիսկ Աննան, ում նա պաշտպանել էր, նույնպես նրա դեմ էր: Մեր նորեկի լավությունը չգնահատվեց, բայց այդ դեպքից հետո էլ նա դարձյալ պաշտպանում է աղջիկներին…

Ս. Մ., 13 տ.

ՊԱՏԱՍԽԱՆ

Սիրա’ն, ձեր դասարան նոր տղա է եկել, և անգամ, եթե դա հաճելի լիներ, միևնույն է, որոշակի լարվածություն է առաջանում թե’ դասարանի, և թե հատկապես նորեկի համար:

Առաջինը, ինչի վրա կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիր, նորեկին ընդունելու ձեր տարբերակն է: Աղջիկները նրա համար տեղ են ազատում, կռիվ են անում, թե ում կողքը պետք է նստի նորեկը: Եվ ահա դասարան է մտնում քննարկման առարկա դարձած հայտնի անհայտը և… Առաջին իսկ պահից փոխվում է ձեր ընդունելության ձևը: Ինչո՞ւ, գուցե պատճառը նրա արտաքին հատկանիշների վերաբերյալ ձեր սպասելիքնե՞րն էին, որոնց չհամապատասխանեց «հաստլիկը»: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ տեսաք նորեկին, դուք կարող եք աղջիկներով առանձին քննարկել դա, նմա՞ն էր արդյոք այդ զգացողությունը հիասթափության:

Դու գրում ես, որ պարզվեց, որ ձեր նորեկը վատ է սովորում ու անկարգությունների պատճառով հեռացվել է նախորդ դպրոցից: Եթե իսկապես ձեզ այդչափ հուզում է որևէ մեկի առաջադիմությունն ու կարգապահությունը, ապա ինչո՞ւ առանց այդ ամենը նախօրոք պարզելու, առանց նրան ճանաչելու դուք պատրաստ եք «կռիվ տալ» նրա կողքը նստելու համար: Մյուս կողմից էլ` եթե կարևորում եք մարդու հատկանիշները, ապա ինչո՞ւ է ձեր աչքից «վրիպում» այն, որ նորեկը պաշտպանեց և շարունակում էր պաշտպանել ձեզ` աղջիկներիդ:

Ամեն մարդ էլ ունի որոշակի չափանիշներ, այդ թվում բացառություն չեք և դուք: Որոշակի չափանիչներ (կամ իդեալական մոդելներ) ունենալը կյանքի և մարդկանց նկատմամբ բնական և, ինչու ոչ, նաև անհրաժեշտ է: Սակայն, դատեք ինքներդ, նորմա՞լ է ուրիշին մերժելը, օտար համարելը զուտ նրա համար, որ չի համապատասխանում ձեր չափանիշներին: Գուցե դուք էլ դիմացինի չափանիշների՞ն չեք համապատասխանում: Եվ, իվերջո, ոչ ոք պարտավոր չէ համապատասխանել ուրիշների չափանիշներին և օտարվել` դրանց չհամապատասխանելու համար:

Փորձեք յուրաքանչյուրդ ձեզ համար պարզել, թե ո՞ր հատկանիշներն են առավել կարևոր մարդուն բնութագրելիս` արտաքի՞ն, թե՞ ներքին: Որո՞նք են այն հատկանիշները, որոնց բացակայության պարագայում մարդը կշարունակվի ՄԱՐԴ կոչվել, և որո՞նք են այն հատկանիշները, առանց որոնց դժվար է տալ ՄԱՐԴՈՒ բնութագիրը…

Նորեկը, որ հեռացել է իր միջավայրից և բոլորովին անծանոթ միջավայր է մտել, ստիպված մենակ է նստում նստարանին, բոլորը արհամարհանքով են նայում նրան, ծաղրում են… Ինչպե՞ս կզգար նա իրեն: Անգամ այս իրավիճակում նա լավ հատկություն է դրսևորում` փորձելով ուժեղ լինել, նույնիսկ եթե դա դրսևորվում է տղաների հետ կռիվ անելու միջոցով: Թուլության դեպքում նա գուցե կարտասվեր… Կարծում եմ դա էլ է տարբերակ, որին կարող էր դիմել նորեկը` առաջացնելով ձեր խղճահարությունը, դառնալ ձեր ընկերը: Սակայն ձեր նորեկը խղճահարություն զարթնեցնելու տարբերակից չի օգտվում, ինչը, իմ կարծիքով, խոսում է հօգուտ նրա ևս մի լավ որակի:

ella mnacakanyan yerevan

Պրևերը՝ իմ շուրթերի լույսով

«Ես ասում եմ կեցցե՛, ամբողջ ուժով ասում եմ կեցցե՛ Ձեր հզոր տաղանդին»:

Վ. Հյուգո

Այս տողերով է սկսվում տասնյոթցիներից մեկի՝ վերջերս հրատարակված նյութը, որում նա ներկայացնում էր ֆրանսիացի գրական տաղանդներից մեկից՝ Շառլ Պիեռ Բոդլերից կատարած իր թարգմանությունները, որոնցից ոգեշնչված՝ ես էլ հիշեցի գրադարակիս խորքերում 4-5 տարվա անհույս մոռացության մատնված իմ մի քանի գրական-թարգմանչական (հաջո՞ղ կամ գուցե շատ էլ անհաջո՞ղ) փորձերի մասին՝ այս անգամ բառախաղերի ֆրանսիացի հզոր վարպետ Ժակ Պրևերի գրչից, որոնք գրադարակիս մութ անկյուններից լույս աշխարհ բերելու որոշումս, ի զարմանս ինձ, կայացրի ակնթարթորեն ու առանց երկմտելու: Գուցե (չ)արժե՞ր…

Փոխադարձ սիրողները

Փոխադարձ սիրողները միմյանց
Գրկում են կանգնած
Գիշերվա բաց դռների դիմաց,
Գրավում անցորդների հայացքները սառած:
Բայց նրանք սիրում են վերացած,
Ստվերների լույսով, փոխադարձ.
Շարժում են հոգիները մարդկանց՝
Նրանց պատելով անհագ ցանկությամբ՝
Սիրո, բերկրանքի կամ կատաղության…
Նրանք սիրում են փոխադարձ,
Լիովին անէացած,
Սիրում են ժամանակը մոռացած
Առաջին սիրո ցնցող պարզությամբ:

Առավոտյան նախաճաշ

Սև սուրճ բաժակում,
Սև մտքեր հոգում,
Եվ սուրճի բույրն էլ թունդ
Չի հանգստացնում:

Ծխախոտ է վառում՝
Հույս ունենալով,
Թե հոգու կայծերը այրում,
Հուշերն է ոչնչացնում:
Ծուխը վերև է ելնում,
Թվում է, թե քողարկում
Արցունքները աչքերում…

Գլխարկով դեմքը փակում,
Մարմնին է գցում վերարկուն,
Իր վերքերը ծածկել փորձում
Եվ դուրս է գնում՝
Առանց խոսելու,
Նայելով հեռու՜ն:

Եվ իմ սառը հայացքից
Լուռ արցունքներ են գլորվում…

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Էլլա Մնացականյանի

davit tizyan

Սովորական սահման

Մի քիչ մեր սովորական աշխարհի անսովոր կյանքից

Մի պահ ձգտում եմ խրամատում էնպիսի տեղ կանգնել, որ հնարավոր չափով ամենամոտիկը լինեմ մեր դիրքի ամենահեռու ու խորը կետին, ու ավելի մոտ «հակառակորդին», ու էդ պահին հասկանում ես, որ քեզ պատկանող 200 մետրում, գումարած դրան կողքի դիրքերի մեջ եղած հեռավորությունը, որոնցից մեկը ավելի քան 600 մետր է հեռու, իսկ մյուսը՝ 300, ընդհանուր առմամբ՝ 900 մետր կտրվածքով քո դիմաց հայ չկա։ Բոլոր հայերը, Հայաստանը, ընկերդ, սիրելիդ, սովորությունները, հայկական տոլման, խորովածը, պարերը, բարբառները ու վանքերը, բոլորը քո հետևում են։

Զուտ մենակ զգացողության մասին

Մի տեսակ եզակի է ու հետաքրքիր, բայց շատերը էստեղ ժամանակ չունեն մտածելու նման՝ երևի անիմաստ բաների մասին։

Ոտքիդ տակ զգում ես, որ հողը զզվել է քեզնից, ու երևի հողը մի հատ մեծ երևույթ է, որը ունի զգայարաններ, ու ամեն անգամ բահը խփելիս ու մի մասնիկ իր վրայից պոկելիս ցավեցնում ես իրեն։

Ու մտածում ես՝ տեսնես կգա մի օր, որ էս հողին չեն անհանգստացնի մարդու ձեռքով սարքած ինչ-որ երկաթե իրերից առաջացած պայթյուններ։ Ու երևի ինձ պես հողն էլ է ուզում թեկուզ մի 100 տարի հետո երեխեքի ձեն ու ջահելների կռիվ տեսնի, դե էդ կռվի մեջ ոնց էլ չլինի՝ մեկը մյուսի հետ ընդհանուր ծանոթ կգտնեն, կգնան մոտակա գարեջրատուն, ծանոթության կենացը կխմեն, կամ ուղղակի մի հաճելի զրույցի կբռնվեն։
Հողը կժպտա, խորը, հանգիստ շունչ կքաշի։

Հնարավոր է էդ ժամանակ դիրքս մեկի տունը կլինի, իսկ հարևան դիրքը՝ հարևանի տունը (ի դեպ, շատ լավ պոտենցիալ ունի տուն դառնալու)։
Ու այսպիսով էս հարուստ հողերը կծառայեն իրենց նպատակին, ոչ թե մենք՝ «հարուստ հողերին»։

Մի քիչ էստեղի աստղերի մասին

Մեզ մոտ աստղերը ավելի շատ են, քան աշխարհի մնացած բոլոր կետերում, բայց հաշվել լինում ա: Ուղղակի երկու տարին, ասում են, քիչ է մինչև վերջին հատիկը հաշվելու համար, բա որ հաշվելուց կողքից շեղում են, ու հաշիվը կորցնում ես, դաժան ա։

Էստեղ՝ մեզ մոտ, 40 աստիճան շոգը 60 աստիճան է լինում, դրա պատճառն էլ էն ա, որ էստեղի արևը սովորական արևից լա՜վ մեծ ա, չնայած՝ չգիտեմ ուրիշ տեղ ինչ չափ ունի, համենայնդեպս, տեսածս ու զգացածս եմ ասում։

Էստեղի գիշերները սովորական չեն, երկար են սովորականից, ու եթե ուրիշ տեղ 8 ժամ ա, մեր մոտ 16 ժամ է լինում, իսկ ձմեռները ցերեկ չի լինում։

Ու էստեղի անձրևը նման է լույսի մարդուն, այ էդքան չես ուզում, որ գա։ Գիտեմ, որ ուրիշ տեղերում դա ռոմանտիկ ա, իսկ էստեղ՝ ուղղակի ցեխ։ Սկսում ես մենակ քո մասին մտածել՝ մոռանալով, որ մի ամբողջ «հող» երևույթ դրա կարիքը ունի, իսկ որ երկնքից նայեմ, հողի վրա իսկի չեմ էլ երևա։

Ու էստեղի բոլոր գրքերը կարդացվել են, շատ չեն չնայած, բայց գոնե բացվել փակվել են, կապ չունի, որ մեծ մասամբ թերթերը բացակայում են, կեսն էլ կաթացած մոմից կպել են իրար։

Լուսի՜նը… Չեմ մոռացել…

Լուսինը նույն էֆեկտը ունի էս հողերի համար, ինչ մոմը՝ փակ սենյակում:

Հավատո՞ւմ եք, որ լուսնի դեմք հիշեցնող հայացքները փոխվում են քո տրամադրությանը համապատասխան, կամ էլ ուղղակի փոխում են քո տրամադրությունը։
Հեչ մտածե՞լ եք, որ լուսինը ձայն ունի։ Գիշերվա ընթացքում գոնե մի քանի անգամ առիթ լինում ա, չէ՞ անհանգստանալու ինչ-որ տարօրինակ, չլսված կամ անհասկանալի ձայնից, դե ինչ կա որ, հնարավոր է՝ լուսինն ա հորանջում՝ հոգնած էս պայքարի տեսարաններից:

Քամի՜ն…

Քամին գիշերը նման է օտար լեզվի բառարանի, հետը տարօրինակ բառեր է բերում ու անծանոթ անուններ, իսկ հետևից եկող քամի՜ն (ժպտում եմ)։
Որ խորը շունչ քաշես, կարող ես անգամ քո շենքի շքամուտքի համով ուտելիքի հոտը զգալ, ու մի պահ դպրոցից սոված տուն գալդ հիշել, ու էն կասկածելի պահը, որ ամեն դեպքում՝ տենաս մեր տնի՞ց ա էս հոտը:

Ու մի պահ աչքերդ փակես ու զգաս, որ սիրածիդ կողքով էլ ա անցել էս քամին, ու փորձես քամու տաք կաթիլների մեջ իր օծանելիքի հոտը ման գալ։

Ու տեսնես, որ լուսինը դեմքի արտահայտությունը փոխեց, ու ոչ մի բան կողքիդ չի անհանգստացնում, իսկ ուշադրությունդ պարտավորված է իրան զգում։

Էհ, դեռ մի քանի թերթ էլ կարելի է խոսել զգացողությունների, իրերի, երևույթների համ ուրիշ, համ նույնը լինելու մասին, գլուխներդ տանել ամեն տեսակ մտքերով, բայց շատերի համար պաթետիկ ու անձնազոհ, իսկ մեզ համար սովորական ու առօրյա դարձած սահմանին կանգնելը սպասում ա։

Փորձելով գտնել սահմանամերձի ու ոչ սահմանամերձի աներևույթ սահմանագիծը

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Ջուջևանցիների պայքարը վաղուց է սկսվել, երբ բոլորը անհատապես բողոքում էին ստեղծված վիճակի արդարացիության անթափանցությունից, մինչ այն պահը, երբ հայրենի գյուղի կարգավիճակի հստակեցման շուրջ համախմբվեցին մի շարք ակտիվ երիտասարդներ, և համագյուղական դժգոհությունը վերածվեց գործնական պայքարի: Կազմակերպվեց ստորագրահավաք, որին ի զարմանս և ի մեծ ոգևորություն մեզ, մասնակցեց գյուղի բնակչության զգալի մասը՝ խորապես հավատալով հարցի արդարացի հանգուցալուծմանը:

Եվ ահա, ստորև ներկայացնում ենք ջուջևանցիների հղած բաց նամակը ՀՀ վարչապետին.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

ՀՀ Կառավարությունը 2014թ.-ի դեկտեմբերի 18-ին ընդունել է օրենք «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին», ըստ որի՝ 2015 հունվարի 1-ից սկսվել է ՀՀ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Ըստ այդ օրենքի՝ ի թիվս ՀՀ այլ մարզերի սահմանամերձ համայնքների, սոցիալական աջակցություն է ցուցաբերվել նաև Տավուշի մարզի մի շարք համայնքներին, որոնք ստացել են սահմանամերձի կարգավիճակ: Տավուշի մարզում աջակցություն է ցուցաբերվել Ն.Կ. Աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջ. շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր համայնքներին:

2017թ.-ի մայիսի 9-ին ՀՀ ԱԺ-ը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ըստ որի՝ տեղի է ունեցել մի շարք համայնքների խոշորացում: Մասնավորապես Տավուշի մարզում Նոյեմբերյան, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Բերդավան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ համայնքները խոշորացվել և միավորվել են մեկ համայնքի՝ Նոյեմբերյանի կազմում: Հիշյալ գյուղերը ստացել են բնակավայրի կարգավիճակ: Այդ օրենքի համաձայն՝ համապատասխան որոշումներ են կայացվել, ըստ որոնց՝ բոլոր 9 բնակավայրերի հողերը միավորվել և ամբողջությամբ տրվել են Նոյեմբերյանի համայնքապետարանի տիրապետմանը:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Փաստորեն այնպես է ստացվել, որ 2014թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ Ջուջևանը չի ընդգրկվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի մեջ, քանի որ չուներ գյուղատնտեսական նշանակության սահմանամերձ հողատարածքներ, որոնք գտնվում են հակառակորդի հրաձգային խոցման տակ: Սակայն 2017թ.-ին միավորվել է մեկ համայնքի կազմում (Նոյեմբերյան), նախկինում Ջուջևանի համայնքապետարանի տիրապետման տակ գտնվող հողերն էլ ամբողջությամբ անցել են Նոյեմբերյանի համայնքապետարանի տիրապետման տակ: Այսինքն՝ Ջուջևանը ստացել է բնակավայրի կարգավիճակ Նոյեմբերյան համայնքի կազմում, ըստ որի՝ այն արդեն որպես Նոյեմբերյան համայնքի մաս, ունի հակառակորդի գնդակոծման հետևանքով չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության սահմանամերձ հողատարածքներ, հետևաբար Ջուջևան բնակավայրն էլ Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերի հետ միասին պետք է ներառվեր վերը նշված օրենքի սոցիալական աջակցության ծրագրում:

Խնդիրն այն է, որ համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակին անցել է առանց հանրային լայն քննարկումների, ինչի պատճառով սույն հարցը արհեստականորեն հիշյալ ծրագրում չի ներառվել: Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի կարգավիճակը չի դիտարկվել մեկ հարթության մեջ, ինչի հետևանքով Նոյեմբերյան համայնքի ութ բնակավայրերը (Նոյեմբերյան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Բերդավան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ) օգտվում են ՀՀ Կառավարության՝ սահմանամերձ համայնքներին տրվող աջակցությունից, իսկ Ջուջևանը օրենքից դուրս է մնացել, այսինքն՝ ներառված չէ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում, ինչը Ջուջևանի բնակիչների տեսանկյունից անընդունելի է և անտրամաբանական: Առավել ևս, որ Ջուջևանի բնակիչները հավասարապես հարկվում են Նոյեմբերյան համայնքի այլ բնակիչների նման: Եթե աջակցություն է տրվում համայնքին (ինչպես նշված է որոշման մեջ), ապա մեր բնակավայրի բնակիչներն էլ՝ որպես համայնքի մաս, պետք է ստանան այդ աջակցությունը: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է, օրինակ, Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրը ընդգրկված այդ ծրագրում, որի տարբեր թաղամասեր նույնպես հեռու են հակառակորդի հրաձգային զենքի խոցումից: Ցանկանում ենք նաև հայտնել, որ մեր գյուղում նույնպես կան տներ, որոնք 90-ականներին խոցվել են հակառակորդի կողմից:

Նախկինում այս անարդարության վերացման համար մեր գյուղի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական պաշտոնյաների, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Այժմ, սակայն, մենք հույս ունենք, որ մեր հասարակությանն ու պետությանը փոփոխություններ խոստացած նորաստեղծ կառավարությունը ուշադրություն կդարձնի և հետևողականորեն լուծում կտա այս խնդրին:

Լուսանկարը` Նանե Ծատուրյանի

Լուսանկարը` Նանե Ծատուրյանի

Խնդրի լուծման համար Ջուջևանի բնակիչներս կազմակերպել ենք ստորագրահավաք: Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը առաջիկա նիստերից մեկում կքննարկի այս հարցը: Որպես լուծում առաջարկում ենք, որ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրը ներառվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում և ստանա համապատասխան արտոնություններ, որոնք ունեն Նոյեմբերյան համայնքի 8 այլ բնակավայրերը: Այլապես անտրամաբանական վիճակ է ստեղծվում. մենք կիսում ենք համայնքի դժվարությունները հավասարաչափ, բայց համայնքին տրվող արտոնություններից զրկված ենք: Այսինքն՝ պարտավորությունները հավասար են, իսկ իրավունքները՝ անհավասար»:

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ գարուն չէր

Այս լուսացույցների ու գովազդների քաղաքում
Մենք սովորել էնք մեզ ազատ կոչել,
Բայց ընդամենը վարժվել ենք մեզ թելադրող փողոցներին,
Ուր մեզ թվում է, թե ընտրություն կա:
Մեկ-մեկ լուսացույցի տակ չեմ ուզում սպասել,
Ուզում եմ երկուշաբթի օրը փակել բանկերը,
Անջատել քաղաքում կապի միջոցները
Ու սպասել մարդկանց՝ իրենց վանդակները հետ պահանջելուն:

Քաղաքում, ուր գարունը սարերից է իջնում,
(Շիրազն ասաց)
Մեկ-մեկ հետը սարերից անհնազանդություն է բերում,
Բայց դե քամու պես չես կարող վազել,
Մենք այստեղ արդեն բարձր շենքեր ենք կառուցել ու երկաթե կարծիքներ,
Գլուխդ կխփես բետոններին կամ
Ավելի կարծր մարդկանց:

Քաղաքում, որտեղ օդ չկար շնչելու,
Մենք շնչում էինք մարդկանց արտաշնչած զգացմունքները,
Ու Գարունը չկարողացավ խցկվել մեր արանքները:

Քաղաքում որտեղ գարունը եկվոր է,
Ես ինձ իրեն ընկեր եմ զգում:
Մենք երկուսս էլ չկանք այս քաղաքի անկանոն ռիթմերի մեջ,
Ուր չես նկատում արևը ոնց ընկավ հորիզոնից,
Ուզում եմ գարնան հետ կորչել սարերի կողմը:

Քաղաքում, որտեղ ես գրում էի էս տողերը
«Տուն» փախչելու մասին,
Մեկը ասաց՝ էդ ի՞նչ ես թփթփացնում մատներդ ստեղնաշարին։
-Գրում եմ, երևի։
-Ծնունդի պիտի՞ գնաս։
Քաղաքում, ուր մենք ազատությունը էինք ման գալիս
Հարցերն էլ էին «պիտի»-ով տալիս:

nelli khachatryan

Թեթև ապրելու մասին

111 տարի 1 օր առաջ կանանց իրավահավասարության համար ցույցեր էին լինում: Հաջորդ տարվանից մինչ օրս այդ օրը նրանց շնորհավորում են: Չխախտեմ ավանդույթն ու մեր ազատ ընտրության իրավունքի մասին ևս մեկ անգամ հիշելու օրը շնորհավորեմ:

Էս տարի ընկերներով որոշեցինք այդ օրը մեզ նվիրել մի քիչ Թիֆլիս:

Նեղ, սիրուն փողոցներ, սիրուն տանիքներ ու սրճարաններ, կոլորիտային շենքեր ու միջավայր, գետ ու ապակե կամուրջ: Բայց էս էն ամենը չէ, ինչի մասին ուզում եմ պատմել:

Մարդիկ: Հավես ու հետաքրքիր: Առանց կոմպլեքսների ու ազատ:

Էնտեղ մարդիկ ուղղակի սիրում են շփվել անծանոթների հետ: Բոլորի մեջ համով ջրիկություն կա:

Մի տղա մոտեցավ, ձեռքին՝ բուկլետներ: Սկսեց վրացերեն, հետո մեր հարցական հայացքներից հասկացավ, որ պետք է շարունակել գոնե ռուսերեն: Սիրուն ժպիտով սկսեց նրանից, որ նախ ներենք իրեն, որովհետև սա իր աշխատանքն է (դե, էսքանից հետո ոնց չլսենք), իսկ հետո սկսեց պատմել, որ նավի վրա պտույտը մարտի ութի կապակցությամբ կես գին է և այլն:

Սրճարանում մատուցողուհին երաժշտության տակտի հետ պարում ու շարժվում էր, ու էդ հավես էր:

Նկարվում ես, մեկ էլ կտեսնես՝ մեկը կողքիդ պատրաստ դիրքով կանգնել է, որ հետդ նկարվի:

Հաց ուտելու վայր ես ման գալիս, մի ակտիվ երիտասարդ գալիս քեզ «էստի համեցեք» է անում, ու դու չես կարողանում չմտնել:

Էսքան անծանոթներ քեզ հավես պահեր ու հիշողություններ են ապահովում: Երիտասարդությունը պոզիտիվ է, ու քո հետ կիսում են պոզիտիվ տրամադրությունը:

Հայաստանում մենք կոպլեքսավորված ենք ու լուրջ: Մեզ սովորեցրել են անծանոթների հետ չխոսել: Մենք չենք նստի անծանոթի մոտ ու կոնֆետ չենք հյուրասիրի, բուկլետներ ամաչելով ու լուռ ենք բաժանում: Մենք հո խելառ չե՞նք՝ ուրիշի կադրում հայտնվենք:

Էդ մեր արյան մեջ է: Մեզ հետաքրքիր ապրելու համար համարձակությունն է պակասում:

Մեր արարքները մեր հուշարձաններն են

«Եվ եթե մի օր ընտրություն լինի ճիշտ կամ բարի լինելու մեջ, ընտրիր բարին…» Ռ.Ջ.Պալացիո

Ամիսներ առաջ ընթերցած գրքերից մեկում մի երկտող կար, որ մեխի պես գամվեց գիտակցությանս մեջ. մեր արարքները մեր հուշարձաններն են։

Անցավ որոշ ժամանակ, ու ես անհրաժեշտություն զգացի ինչ-որ բարի բան անելու։ Ու քանի որ ոչինչ էլ պատահական չի լինում, իմ կյանքում հայտնվեց Կարմիր Խաչը, կամ էլ ես հայտնվեցի Կարմիր Խաչում։ Կամավոր դարձա Արագածոտնի մարզային մասնաճյուղում ու սկսեցի օգնել թիմի անդամներին։ 

Սկսվեց միայնակ տարեցներին օգնության ծրագիրը, ու ես իմ գործունեությունը պիտի ծավալեի հենց այս ծրագրի շրջանակներում։
Աշտարակ քաղաքում բնակվող 70 միայնակ ապրող տարեցներին պիտի օգնեինք տնային գործերում ու փոխանցեինք Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից պատրաստված սննդի փաթեթները։ Երբ արդեն սկսեցինք այցելությունները, իսկ դա մի քանի ամիս առաջ էր, սննդի փաթեթը փոխանցելն ու տնային գործերում օգնելը կարծես թե բավարար չէին ո՛չ մեր, ո՛չ տարեց տատիկ-պապիկների համար. նրանց ջերմություն էր պետք, զրույց, զրուցակից, ում կկարողանային ինչ-որ բաներ պատմել ու խոսել, կիսվել։ Նրանց այնքա՜ն անհրաժեշտ էին մարդիկ, ովքեր հոգում են իրենց մասին, մտածում են, հիշում իրենց…
Նախորդ հոդվածումս Գայանե և Աստղիկ տատիկների մասին էի գրել։ Երբ նրանց տուն մտանք, Գայանե տատն ասաց․

-Ես գիտեի, որ Կարմիր Խաչից անպայման կգան իմ մարտի 8-ը շնորհավորելու…

Սա ևս մեկ անգամ փաստում է տարեցներին ջերմություն տալու անհրաժեշտության մասին։

Մարտի 8-ին չէինք կարող անտարբեր լինել մեր տատիկների նկատմամբ։ Մենք անպայման պիտի այցելեինք ու շնորհավորեինք նրանց։ Ուստի որոշվեց համախմբել բոլոր ուժերը ու մեծ թիմով գնալ նրանց շնորհավորելու։ Հավաքվեց Արագածոտնի մարզային մասնաճյուղի մեծ կամավորական թիմը, նրանց միացան Աշտարակի «Ստարտափ» ակումբի, «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության և Ագարակի Յուրի Գագարինի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի երիտասարդները։ Բաժանվեցին փաթեթները, բաժանվեցինք խմբերի ու գնացինք տատիկներին շնորհավորելու։

Մենք գնացինք Արցախի փողոց, որտեղ Շահսանամ տատն էր ապրում։ Դուռը փակ էր, ու ես ինչ-որ վատ բան զգացի։ Ծեծեցինք դուռը, լուսամուտի մոտ գնացինք, կանչեցինք Շահսանամ տատին, ու ներսից ձայն լսվեց։ Շահսանամ տատը մեզ չէր սպասում, բայց ջերմությամբ մեզ ընդունեց։ Բացեց դուռն ու հրավիրեց ներս։ Շնորհավորեցինք մարտի 8-ի կապակցությամբ ու տվեցինք մրգերը նրան, նստեցինք ու զրուցեցինք երկար… 

Երբեմն-երբեմն Շահսանամ տատի աչքերը խոնավանում էին, ու մենք էլ էինք տխրում, որովհետև այնքան կարոտներ կան, որ տանջում են մեզ…
Շահսանամ տատը հրաժարվեց տնային գործերն անելու մեր օգնությունից, ասաց` ցուրտ է, կմրսենք… Հետ համոզելն անհնար էր, ու մենք որոշեցինք ինչ-որ կերպ տոն դարձնել նրա օրը։

Արմաթի սաները, ովքեր Ագարակի միջնակարգ դպրոցի երգչախմբի անդամներ էին նաև, սկսեցին երգել ու արտասանել Շահսանամ տատի համար։
Նա այնքան ոգևորված էր, այնքան ուրախ ու բավարարված… Երբ նրան համերգի հրավիրեցինք, մերժեց, ասաց` երեխեքս գուցե զանգեն էդ ժամանակ։
Նրանք այնքա՜ն են սպասում ուշադրության ու սիրո…

Մինչև երեկո տարբեր խմբեր կազմած մեր կամավորները այցելեցին տատիկներին ու շնորհավորեցին նրանց։ Ամեն այցելություն մի մեծ ջերմություն է, օգնություն մարդուն, ում իսկապես անհրաժեշտ է դա։ Ամեն այցելություն մի բարի արարք է, իսկ մեր արարքները մեր հուշարձաններն են։ Եվ եթե ընտրության հնարավորություն լինի ճիշտ կամ բարի լինելու մեջ, ընտրիր բարին…

Մինչև թռիչքը

(«Ուղեկիցներ» շարքից)

«Ուղեկիցներ» շարքը ուղևորությունների ժամանակ ինքնաթիռներում կամ օդանավակայաններում ինձ հանդիպած մարդկանց ճեպանկար-գրառումներն են։

Լուսատախտակի առաջին տողը անվստահ թրթռաց ու փոխվեց՝ լուսավորելով թռիչքի փոփոխված ժամանակը՝ ևս մեկ անգամ ուշ։ Սպասասրահում հավաքված փոքր խումբը միաձայն հառաչեց։ Քնատ ու բարկացած ուղևորները ոտքերը քարշ տվեցին դեպի նստարանները՝ անշտապ տեղավորվելով։ Ոմանք շտապեցին պառկել՝ անմիջապես երկու կամ երեք նստարան զբաղեցնելով։

Թափանցիկ պատից այն կողմ վառվեցին ևս մի քանի լուսարձակ՝ փորձառու նկարիչների պես ընդգծելով հեռվում կայանած մեծ ու փոքր ինքնաթիռների ուրվագծերը։ Դեղին լույսի շերտերը որսացին սև օդում անկանոն հետագծերով սուրացող անձրևակաթիլները։

-Պապ, սոված չե՞ս։

Պատուհանների երկայնքով ձգվող նստարանին նստած երիտասարդ տղամարդը գլուխը բարձրացրեց գրքից ու նայեց իր առջև կանգնած ութ-ինը տարեկան աղջկան և ժպտաց․

-Չէ։

-Բայց ախր, ինչ այստեղ ենք՝ բան չես կերել։

Աղջիկը կիտեց հոնքերն ու թույլ օրորեց գլուխը՝ ցնցելով շեկ մազերի փոքիկ պոչը։ Տղամարդն ավելի լայն ժպտաց ու ծալեց գիրքը՝ մատը պահելով էջերի արանքում։

-Բայց սոված չեմ, որ սոված լինեի՝ կասեի։

Նա առաջ թեքվեց ու ձեռքը դրեց մտածկոտ դեմք ընդունած աղջկա փոքրիկ ուսին։

-Բա դու սոված չե՞ս։

-Չէ-է, ես թխվածք էի կերել, չե՞ս հիշում,- շտապեց վտահեցնել աղջիկը,- ես հետս վերցրել էի։

-Ապրես։ Դե նստիր, դեռ սպասելու ենք։

-Չէ, ես հոգնած չեմ։

Աղջիկը լուրջ դեմքով քայլեց նստարանի երկայնքով՝ ուշադիր ուսումնասիրելով պատուհանից այն կողմ շարված ինքնաթիռներին ու պարբերաբար շրջվելով դեպի հայրը՝ վստահանալով, որ նա տեղում է։

Վերջինս մի քանի վայրկյան նայեց դստեր հետևից, հետո կրկին բացեց գիրքը՝ քթի տակ թույլ ժպտալով։ Ընթերցանության ժամանակ նա պարբերաբար բարձրացնում էր աչքերն ու փնտրում աղջկան։ Քիչ հետո նրա աչքերը փակվեցին, ու գլուխն անօգնական իջավ կրծքին։ Գիրքը նույնպես կռացավ ու բաց էջերով պառկեց տիրոջ մոխրագույն, գործած սվիտերին։ Մի քանի րոպե հետո նա կտրուկ բացեց աչքերն ու անմիջապես անհանգիստ հայացքով չափեց սպասասրահը։ Վերջապես տեսնելով պատուհանի մոտ կանգնած դստերը՝ հանգստացած շունչ քաշեց ու հենվեց թիկնակին։

-Պա՞պ,- լսվեց դստեր ցածր, բայց լուրջ ձայնը,- ինչի՞ ես անձնագիրդ թողել դրսում: Բա որ կորի՞։

Աղջիկը վերցրեց անփութորեն նստարանին գցած անձնագիրն ու խնամքով տեղավորեց իր փոքրիկ պայուսակի մեջ, հետո զգուշությամբ նստեց հոր կողքին՝ պայուսակը դնելով ծնկներին։

-Ես գիտեի, որ դու կվերցնես, դրա համար հանգիստ էի,- ժպտաց տղամարդը։

Աղջիկը հազիվ նկատելի վեր բարձրացրեց գլուխը, աչքերը գոհ փայլեցին։ Մի քանի րոպե շարունակ նա հանգիստ հայացքով նայում էր շուրջը՝ հատակին չհասնող ոտքերը օդում ճոճելով։ Հետո վերցրեց կողքի նստարանին դրված մուգ կապույտ ալբոմն ու թերթեց հաստ, դեղնավուն էջերը, որոնց վրա մատիտով էսքիզներ էին արված։

-Պապ, պապ, բա էս մեկը ե՞րբ ես վերջացնելու,- նա փոքրիկ մատով թփթփացրեց էջերից մեկին,- անցած շաբաթվանից նկարում ես։

Հայրը նույնպես կռացավ ալբոմի վրա, մատով տրորեց գծերից մեկը, փչեց էջին։

-Վաղը,- վստահ ասաց նա։

-Էս մեկն ամենաշատն եմ սիրում,- ժպտաց աղջիկը՝ բացելով մեկ այլ էջ ու քնքշանքով նայելով պատկերին։

Հայրը նույնպես նայեց, ժպտաց՝ ասես մի փոքր ամաչելով։

-Պահեմ մոտս, թե չէ դու կկորցնես,- աղջիկը դժվարությամբ տեղավորեց մեծ ալբոմն իր փոքրիկ պայուսակի մեջ,- դու ամեն ինչ կորցնում ես։ Բա հիմա սոված չե՞ս, պապ։ Ես գիտեմ, դու որ սովածանաս, կմոռանաս հաց ուտել․․․

․․․Լուսատախտակի տողը կրկին դողաց՝ վախվորած հայտնելով, որ թռիչքը կրկին հետաձգվում է։ Սրճարաններն ու գրեթե բոլոր խանութները փակվել էին ու անջատել լույսերը։ Ապակե հսկայական պատի առջև նստած էր միայն երիտասարդ տղամարդը։ Աղջիկը քնած էր նրա գրկում՝ կատվի պես կծկված ու շատ փոքր։ Նրա մի ականջին ականջակալ էր դրված, որի մյուս զույգը հոր ականջում էր։ Վերջինս ամուր գրկել էր դստերը երկու ձեռքով ու նայում էր առաջ՝ պատուհանից դուրս։

Ապակուց այն կողմ թանձր գիշեր էր և ուժեղ փոթորիկ։

Սիրիր, սիրիր, բայց գլուխդ մի կորցրու

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Դուռը բացվեց, և փոխտնօրենի հետևից մտավ մի տղա, որն առաջին հայացքից ինձ թվաց գեղեցիկ: Նոր աշակերտին նստեցրին իմ կողքին: Բոլոր աղջիկները շրջվեցին և նախանձոտ հայացքով նայեցին ինձ: Դասամիջոցին մոտեցան և հարցրին նրա մասին:

-Կոպիտ տղա է, ի՞նչ եք վրան աչք դրել:

-Հնարավոր չի, որ այդքան սիրուն տղան կոպիտ լինի:

-Ի՞նչ ես կանգնել դռան մոտ, մի կողմ քաշվի, անցնում եմ,- բղավեց նոր տղան, և բոլոր աղջիկները շրջվեցին:

-Տեսա՞ք,- ասացի ես և նստեցի տեղս:

Տուն գնալիս Աննան համոզված էր, որ նոր տղան իրեն կուղեկցի տուն: Ճանապարհին նա անընդհատ հետ էր նայում` հույս ունենալով, որ կտեսնի նրան: Մեկ անգամ ևս հետ նայեց և տեսավ. տղան վազում էր իր ուղղությամբ, բայց հավասարվելով իրեն` ուշադրություն էլ չդարձրեց: Հաջորդ օրը դասարանի աղջիկները փորձում էին տղայի հետ խոսել, բայց նա միայն կոպիտ պատասխանում էր բոլորին.

-Ուզածդ ի՞նչ ա,- կամ,- դրանով ի՞նչ ես ուզում ասել:

Աղջիկները բարկանում էին և հեռանում, իսկ մեկ շաբաթ հետո դասընկերուհուս հուշատետրի մեջ «սիրած էակ ունե՞ք» հարցին բոլորը պատասխանում էին` ոչ:

Լուսինե Հարությունյան 14տ.

 

Այսպիսի սեր

-Լուս, արի, բան ունեմ ասելու:
-Հա, ասա:
-Լսիր, գիտես, էսօր ինձ մնգոյի Նորոն կոնֆետ տվեց: Կլինի՞, ես էլ իրեն տանեմ տամ,- ասաց քույրս:
-Կլինի, կլինի:
Այդ պահին մտքումս ասացի. «Չորս տարեկան է, էլի»: Հաջորդ օրը նորից.
-Գիտե՞ս, էսօր կողքիս ա նստել, իմ հետևի մահճակալին ա պառկել, ընենց որ…
-Ի՞նչ, ասա:
-Որ ասեմ` չես ջղայնանա՞:
-Չէ:
-Լավ, ոնց որ ինձ սիրում է:
Հիմա քույրս վեց տարեկան է, բայց երբ հարցնում եմ, թե ում է սիրում, ասում է` Նորոյին:

Լուսինե Հովհաննիսյան 11 տ.
Շեքսպիրյան ժամանակների ոճով

-Ինքը քո կյանքում առաջի՞նն ա:
-Չէ, յոթերորդը:
-Պահո, էդ կարո՞ղ ա շեքսպիրական ես:
-Լավ, արդեն կատաղում եմ:
-Լավ, լավ հանգստացիր:
-Խոստացիր, որ էլ ձեռ չես առնելու:
-Հա, հա:
-Թորոս, գիտես, չէ՞, այսօր Էլենի հետ պարելու եմ:
-Գրա՞զ ես գալիս:
-Հա:
Եկավ պարելու ժամանակը: Ռուբենը և Դավիթը միաժամանակ մոտեցան Էլենին և հրավիրեցին պարելու, և իհարկե, կռիվն սկսվեց:
Ես ու ընկերս մոտեցանք, որպեսզի բաժանենք, սակայն Ռուբենը հուժկու հարվածով բաժանվեց առաջին բաժանողից և անցավ ինձ:
-Թորոս, ուրեմն դու էլ ե՞ս սիրում Էլենին:
-Չէ, ես ուզում եմ…
Բայց երկու սիրահարները` Ռուբենն ու Դավիթը, մոռացած Էլենին, հարձակվեցին վրաս: Եվ եթե մեզ չբաժանեին, ապա ինձնից միայն ոսկորներս կմնային:

Թորոս Իսկուդարյան 11տ.

 

Հետաքրքիր բան

Մեր դասարանում իրարանցում էր: Հասմիկը և նրա ընկերուհին, ինչպես միշտ, պատրաստվում էին ինչ-որ հայտարարություն անել.
-Երեխաներ, «Միսս աշակերտուհի» մրցույթ ենք անցկացնում: Տղաներին կբաժանենք թղթեր, որոնց վրա նրանք կգրեն աղջիկների անունները:
Հասմիկը հավանաբար համոզված էր, որ ինքն է ընտրվելու, այլապես չէր կազմակերպի այս մրցույթը: Բոլորս գրեցինք անունները: Եկավ հաջորդ օրը: Հիասթափված դեմքով Հասմիկը մտավ դասարան: Նա իմացել էր, որ դասարանի ամենագեղեցիկ աղջիկը ինքը չի: Իսկ հետո հրապարակեց արդյունքները: Ձայների մեծամասնությամբ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավել էին համապատասխանաբար` Լևոնը, Լևոնը և Լևոնը:

Մուշեղ Բաղդասարյան 15տ. 

 

Ախ, ո՞ւր ես

Սեպտեմբերի մեկն էր: Առաջին անգամ ես պատրաստվում էի գնալ դպրոց: Մենք հավաքվել էինք մեր դպրոցի բակում: Բաց թողեցինք փուչիկները և գնացինք դասարան: Հանկարծ մի աղջիկ վազելով մոտեցավ մեզ: Ես նայեցի նրան և քարացա: Ես դեռ չէի տեսել այդպիսի սիրուն աղջիկ: Մենք մտանք դպրոց, նա նստեց իմ կողքին: Դասատուն խոսում էր, երեխաները մոտենում էին գրատախտակին և ներկայանում, իսկ Ռոզան (այդպես էր նրա անունը) անընդմեջ ինձ էր նայում: Այդ պահին ես հասկացա, որ նրա նկատմամբ անտարբեր չեմ: Դասը վերջացավ: Երկուսով գնացինք տուն: Պարզվեց, որ նա մեր հարևանուհին է: Մեկ տարի մենք միասին էինք: Ապրիլին ես նրան սեր խոստովանեցի և ստացա դրական պատասխան: Մայիսին պարզվեց, որ նրանք Մոսկվա են մեկնում: Ռոզան ինձ տվեց իրենց նոր տան հասցեն և ասաց, որ եթե Մոսկվայում լինեմ, անպայման հյուր գնամ իրեն: Նրանք գնացին: Ուղիղ մեկ տարի մենք նամակ էինք գրում իրար: Իսկ երբ պատրաստվեցինք հյուր գնալ Մոսկվա, պարզվեց, որ նրանք տեղափոխվել են, իսկ ո՞ւր, չգիտեմ:

Տիգրան Մուրադյան 13տ.

 

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Հեռու չես փախչի

Սամը դպրոցից տուն էր գնում: «Վայ, արա…,- ասաց ինքն իրեն և ոտքը հանեց ցեխաջրի միջից: Էս ո՞ւր եմ ընկել»,- բորբոքվեց Սամը և ընկավ ուրիշ ցեխաջրի մեջ: Բայց վայրկենական փոխվեց և հիշեց, թե ինչի համար է այդտեղ: Մինչև ծնկները կեղտոտ էր: Սամը շարունակեց ճանապարհը: «Արդեն ժամը երկուսն եղավ,- անհանգիստ ժամացույցին նայեց նա,- բայց դեռ կեսն էլ չեմ անցել»:

Արդեն մեկ ամիս էր` Սամը դասից հետո տուն էր գնում այդ ցեխոտ և երկար ճանապարհով, և ամեն անգամ ցեխոտ տուն էր վերադառնում: Ամեն առավոտ դասերից ուշանում էր` կոշիկները մաքրելու պատճառով:

Սամը հասավ Լիլիթենց տան մոտ: Լիլիթն այգում նստած գիրք էր կարդում: Սամը կախարդվել էր աղջկա գեղեցկությամբ և ընկել երազների գիրկը: «Հաֆ, հաֆ… »,- հանկարծ լսվեցին շների հաչոցներ: Սամը հանկարծ քար կտրեց: Նա սարսափում էր շներից: Իրար խառնված` սկսեց վազել, ոտքը սայթաքեց և ընկավ հսկա ցեխաջրի մեջ: Նա, ցեխաջրի մեջ խրված, լսում էր հռհռոցներ Լիլիթենց տնից: Լիլիթի փոքր եղբայրները դիտում էին «Թոմ և Ջերրի» մուլտֆիլմը և ծիծաղում Թոմի վրա, թե նա ինչպես էր խելակորույս փախչում կատաղած շներից, որոնց հաչոցը բարձր լսվում էր: «Թոմին էլ նմանվեցի»,- մրթմրթաց Արամը, թափ տվեց շորերն ու գնաց տուն:

Հրանտ Պետրոսյան 14տ.

 

Սպիտակ վերարկու և սև վերնաշապիկ

 

«Հիմա որտե՞ղ գտնեմ ես քեզ, սեր իմ կորած…»

Արսեն Սաֆարյանի երգերը լսելով` ընկերուհիս սկսում էր լաց լինել.

-Այստեղ եմ: Ես այստեղ եմ, իմ սեր:

Եվ եթե մի քանի օր հեռուստացույցով չէին հաղորդում նրա երգերը, բարկանում էր.

-Ինչո՞ւ, այ հեռուստացույց, ես քեզ ի՞նչ եմ արել…

Մի օր էլ նրան մի տղա զանգահարեց.

-Ալո, բարև, Սյուզի, ինչպե՞ս ես:

-Լավ եմ, իսկ ո՞վ է:

-Վանիկը:

-Իսկ ո՞վ է Վանիկը:

-Քո սերը:

-Ոչ, կներես, իմ սերն Արսեն Սաֆարյանն է:

-Ի՞նչ, այն երգի՞չը:

-Այո, այն երգիչը:

Նա լսափողը ցած դրեց: Տղան մի պահ տխրեց, ապա ուրախացավ` հասկանալով, որ Արսեն Սաֆարյանը Սյուզիին երբեք չի սիրի: Վանիկի մազերը երկար էին: Բայց քանի որ նա ցանկանում էր նմանվել Արսեն Սաֆարյանին, կտրեց մազերը, հագավ սպիտակ վերարկու և գնաց Սյուզիենց տուն: Տեսնելով նրա կարճ մազերը և սպիտակ վերարկուն, Սյուզին ասաց.

-Արսեն Սաֆարյանի նման էլ հագնվել ես… Ես էլ նրան չեմ սիրում, Անդրեին եմ սիրում:

Տղան քար կտրեց` գոնե մազերը չկտրեր, հիմա ինչպե՞ս է Անդրեին նմանվելու…

Վիկտորյա Ավետիսյան 13 տ.

 

Իսկ նա կսպասի

Անցյալ ամառ ես գնացի տատիկիս տուն` վեցամյա զարմիկիս տեսնելու, քանի որ հիվանդ էր: Նա առանց բարևելու սկսեց պատմել ինչ-որ մեկի մասին.

-Գիտե՞ս ինչ սիրուն ա, հեսա մենք ամուսնանալու ենք, կգաս, չէ՞, մեր հարսանիքին:

-Ո՞ւմ մասին ես խոսում, Պերճ:

-Վարդուշի:

-Վարդուշն ո՞վ ա:

-Մեզնից մի քանի շենք վերև ա ապրում,- ասաց նա,- էսօր էլ ամուսնանալու ա:

-Քեզ հե՞տ:

-Չէ, իրա ընկերոջ:

-Բա որ ինքը ամուսնանա, ո՞նց ես դու հետն ամուսնանալու, հը՞, Պերճ,- հարցրի ես:

-Հա ի՞նչ անենք, հեսա կբաժանվի, ինձ հետ կամուսնանա: Համ էլ` ես իրան մատանի եմ նվիրել: Ու ասել եմ, որ իրան սիրում եմ:

-Բա ինքը քեզ ի՞նչ ասաց:

-Ոչ մի բան չասաց, տարավ խանութ ու մի կոնֆետ գնեց:

-Բայց ինքը քանի՞ տարեկան ա:

-27:

-Այդքան մե՞ծ, գոնե սիրո՞ւն ա:

-Չէ հա, որ սիրուն լիներ, հո տանը չէ՞ր մնա:

-Բա էն մանկապարտեզի աղջիկը,- հարցրի եղբորս,- նրա հետ չես ամուսնանալո՞ւ:

-Նրա հետ էլ կամուսնանամ:

Այսպես եղբայրս ամեն օր մի նոր աղջկա է հավանում և որոշում ամուսնանալ, բայց նախկին «սերերին» էլ չի մոռանում:

Թագուհի Գևորգյան 12 տ. 

 

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Անսահման սիրո «գերին»

Աղջիկն ուշադիր շուրջը նայեց, ապա փակեց դուռը, դիմացը մի աթոռ դրեց, որպեսզի ոչ ոք չկարողանա ներս մտնել, հետո պահարանի հեռավոր անկյունից մի արկղ հանեց, բանալիով բացեց ու միջից հանեց ծաղիկներով, աստղիկներով ու սրտիկներով զարդարված մի տետր: Այդ պահին միջանցքում ոտնաձայներ լսվեցին: Աղջիկն արագ տետրը շպրտեց մահճակալի տակ, իսկ ինքն ամենաանմեղ տեսքով նստեց գրասեղանի մոտ և կռացավ քիմիայի դասագրքի վրա:

-Արի հաց ուտելու,- լսվեց մայրիկի ձայնը:

-Գալիս եմ,- ստեց աղջիկը:

«Ծերուկ,- ինքն իրեն դիմեց (ինչ-որ ֆիլմի մեջ էր լսել այդ բառը և շատ էր հավանել),- չէ՞ որ չի կարելի մայրիկին խաբել»:

«Սիրո համար ամեն ինչ կարելի է անել»,- մխիթարեց ինքն իրեն, հանեց մահճակալի տակից տետրը և բացելով` հիացած նայեց էջերից մեկի վրա փակցված նկարին: «Երբ մենք ամուսնանանք,- երևակայության գիրկն ընկած` երազում էր նա,- որոշ ժամանակ անց ես նրան ցույց կտամ այս տետրը և կասեմ, որ դեռ փոքր ժամանակվանից սիրել եմ իրեն»:

Դուռը ծեծեցին: Աղջիկը վախեցած թաքցրեց տետրը, բայց իզուր: Դուռը ծեծողը փոքր քույրն էր` միակ մարդը, որին նա վստահում էր իր անսահման, վիթխարի սերը:

-Հենց նոր սիրելիիդ տեսա,- ինքնագոհ հայտարարեց քույրը,- հա, հեռուստացույցով ցույց տվեցին, ասացին` ամուսնացել է ինչ-որ երգչուհու հետ: Ցավակցում եմ:

Քրոջ գնալուց հետո դեռ մի քանի վայրկյան ապշած կանգնեց տեղում, այնուհետև լաց լինելով նետվեց դեպի տետրը, պոկեց էջը, պատռեց նկարը և շպրտեց լուսամուտից դուրս: Հետո սրբեց արցունքները, պահարանի միջի արկղից հանեց մի ուրիշ կինոդերասանի նկար, փակցրեց տետրում և մի քանի րոպե հիանալուց հետո գնաց քրոջը հայտնելու, որ այսուհետև ինքն ուրիշինն է:

Լուսինե Հակոբյան 15 տ.

 

Ծանոթացեք

Նա շատ սիրուն էր, համենայն դեպս, ինձ այդպես էր թվում չորս տարեկանում: Նրա անունը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մեր կողքի շենքից էր: Նա ինձ դուր էր գալիս, որովհետև ուներ գեղեցիկ գանգուր մազեր:

Մի օր ես հրավիրեցի նրան մեր հարևան Նառա մորաքրոջ տուն:

-Ծանոթացեք, իմ ապագա կինն է,- ասացի ես:- Մենք շուտով ամուսնանալու ենք:

Մորաքույր Նառան ասաց.

-Գնացեք սենյակ, ես հիմա կգամ:

Նա գնաց խոհանոց և սկսեց բարձրաձայն ծիծաղել: Քիչ անց եկավ և հյուրասիրեց մեզ թեյով ու խմորեղենով: Մենք կերանք, շնորհակալություն հայտնեցինք և իջանք բակ` խաղալու: Երբ դուռը փակվեց, լսվեց մորաքույր Նառայի ձայնը.

-Ալո, Մագդա, լսիր, Արամը նոր հարսի հետ դուրս եկավ…

Արամ Զատիկյան 11 տ. 

 

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Սիրուց` ատելություն

Մի անգամ, երբ գնացի ընկերուհուս տուն, նա ասաց.

-Չես գա՞ դպրոց-դպրոց խաղանք:

-Կարելի է:

-Իսկ տետր ունե՞ս:

-Հա, բա ո՜նց, հիմա գնամ բերեմ:

Հանկարծ տեսա մի տետր: Տեսնես` ի՞նչ կա մեջը:

Վերցրի, նայեցի, վրան գրված էր Հայկ, և լիքը սրտեր էր նկարած:

-Էլլա, հո սիրահարված չե՞ս:

-Ի՞նչ ես խոսում:

-Ես ամեն ինչ կարդացի:

-Սուտ է:

-Եթե սուտ է, ինչի՞ ես գրել:

-Որ գրած է` սիրում եմ, պարզապես մոռացել եմ «չ» ավելացնել:

-Բա որ չես սիրում, ինչի՞ ես վրան սրտեր նկարել:

-Էդ էլ պիտի «ղառ» դարձնեմ:

-Ասա, խնդրում եմ, ոչ ոքի չեմ պատմի:

-Խո՞սք ես տալիս:

-Հա:

Նա ասաց, որ սիրում է: Հաջորդ օրը, երբ մտա դասարան, բարևեցի նրան, բայց նա չպատասխանեց: Դասամիջոցին ասաց.

-Ախր, դու խոսք էիր տվել, որ ոչ ոքի չես պատմի:

-Մոռացել էի, մենակ Վարդուշին եմ պատմել…

Նա շատ վիրավորված էր ինձնից: Բայց երբ հնչեց զանգը, մենք արդեն հաշտվել էինք:

Էլեն Քամալյան 10 տ.

 

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Մատանու տիրակալը

-Արի ամուսնանանք,- ասաց տղան:

-Արի,- ասաց աղջիկը:

Նրանք երեք տարեկան էին:

Հաջորդ օրը տղան ասաց պապիկին.

-Պապիկ, ես իմ մատանին ուզում եմ, կտա՞ս:

-Չէ, կմեծանաս, այն ժամանակ էլ կտամ:

Բայց տղան նպատակադրվել էր և չէր ուզում նահանջել: Համարձակ բացեց զարդատուփը և վերցրեց մատանին: Շրջվեց դեպի պապիկը և ասաց.

-Պապ, տենց էլ չհասկացա՞ր, էսօր եմ նշանվում:

Մատանին շատ մեծ էր և ծանր, ընկնում էր մատից: Դրա համար էլ քիչ հետո մոռացան մատանու մասին և խորասուզված շարունակեցին խաղը: Տղայի մայրն ու հայրը, տեսնելով, որ մատանին տեղում չէ, մի ուրիշ, սովորական մատանի գնեցին և բերեցին, որ տան աղջկան: Հետո սկսեցին փնտրել ոսկյա մատանին: Զարդատուփի մեջ չէր: Ոչ էլ պահարանի գլխին էր` մյուս թանկարժեք իրերի մոտ: Վերջապես գտան, խաղալիքների մեջ էր: Մատանին դրեցին տեղը, որ սպասի իր տիրոջ մեծանալուն:

Ծովինար Տալյան 15 տ. 

2006 թվական