mariam tonoyan

Ես սովորեցի տեսնել

Աշխարհն անսահման է, անծիր, անսկիզբ ու անվերջ, կանխատեսելի ու առեղծվածային… Մարդը, ով աշխարհ է գալիս այն բացահայտելու համար, հաճախ ձեռնունայն էլ վերադառնում է, երբեմն կարողանում է բացահայտումներ անել, իսկ հազվադեպ՝ նրա մի մասնիկն է դառնում։ Մարդը հասկանում է, որ արժե մտածել իր գոյության, կյանքի, աշխարհի, լավի ու վատի, ճշտի ու սխալի մասին, երբ բախվում է մի անլուծելի, անհասկանալի, տանջող խնդրի, որի լուծումն անորոշության մեջ է։ Այդժամ ինքն էլ սկսում է կասկածել թվացյալ դոգմաներին ու աքսիոմներին, կասկածում է տիեզերքի անծայրածիր լինելուն, հարաբերականության տեսությանը, բոլոր ճշգրիտ գիտություններին, հստակ բանաձևերին, չգրված օրենքներին ու կանոններին, բոլոր ընդունված կարծիքներին, անգամ 2+2=4-ի ճշմարտացիությանը։ Իսկ երբ կասկածում ես,  նշանակում է՝ մոտենում ես ճշմարտությանը, այն մեծ իմաստությանը, որը քո ներսում է թաքնված, իսկ քո առաքելությունն է` ողջ կյանքիդ ընթացքում բացահայտել այն։

…Աշնանը Ղրիմի «Արտեկ» ճամբարում էի: Ես նրա հետ այնտեղ ծանոթացա: Մեր առաջին հանդիպման ժամանակ նա անխոս իր ափերի մեջ առավ երկու ձեռքս ու սկսեց շոշափել, հասկանալ ձեռքերիս կառուցվածքը, զգալ ջերմությունն ու ամենայն  նրբանկատությամբ՝ մատնահետքերս մտովի գծագրել։ Ես անշարժ կանգնել էի նրա առջև ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նրա տարօրինակ ու անսովոր այդ շարժումն ինձ շփոթության մեջ էր գցել։ Մատներս առանձին-առանձին ուսումնասիրելուց հետո բաց թողեց ձեռքս և վերջապես խոսեց.

-Ուրախ եմ ճանաչել քեզ, Մարիամ։ Անունս Անաստասիա է։

Նրա ձայնը ցածր էր, բայց հնչեղ ու լսելի։ Այդպիսի ձայն ունենում են ուժեղ բնավորությամբ, համառ ու ազդեցիկ մարդիկ, լավագույն հռետորները։

-Ես չեմ տեսնում,- անսպասելի շարունակեց նա՝ մեղմ ու անկաշկանդ ժպիտով,- երբեք չեմ տեսել։ Մարդկանց ձեռքերն ինձ շատ բան են ասում նրանց մասին, իսկ ձայնի միջոցով նրանց արտաքինն եմ պատկերացնում։

Ես ցանկացա խոսել, ասել ինչ-որ բան՝ պարզապես ասելու համար, որ չլռեմ այդ խոսքերից հետո,  բայց բառեր չգտնելով, ուղղակի բռնեցի նրա ձեռքը։ Ժպտաց։ «Ուժեղ մարդ է»,- մտածեցի ես։

Նրան հասկանալը դժվար չէր, նա չուներ կոմպլեքսներ, ինչպես ես։ Կյանքի մասին նրա պատկերացումներն ավելի հարուստ ու լավատեսական էին, ապրելակերպն՝ ավելի ակտիվ ու բազմաբնույթ։ Անաստասիայի հետ իմ ծանոթությունն ստիպեց ինձ մտածել ոչ թե իրերի կառուցվածքի, այլ էության ու բնույթի մասին։ Աշխարհի կառուցվածքը գուցեև բոլորի համար նույնն է, բայց նրա բնույթն ու ընկալումը միշտ տարբեր է։ Ես հասկացա, որ նրանից շատ բան եմ սովորելու…

Հաջորդ մեր շփումների ժամանակ նա էլ չէր շոշափում ձեռքերս։ Բավական էր կողքին կանգնել, և նա շնչառությունիցդ իսկույն կնկատեր՝ ով է իր կողքին։ Բավական էր դիպչել ձեռքին և հպումդ կմատներ քո ով լինելը։ Բավական էր մի բառ ասել, և նա իսկույն կտար քո անունը։

Նա սիրում էր անվերջանալի հարցեր տալ (երևի այդպիսով լրացնում էր այն ինֆորմացիայի պակասը, որը մարդը տեսնելով է ստանում): Մի անգամ Անաստասիան հարցրեց.

-Դու աղմու՞կն ես նախընտրում, թե՞ լռությունը։

-Լռությունը,-պատասխանեցի ես ու նույն հարցը նրան ուղղեցի։

-Ես աղմուկ եմ սիրում։ Ուզում եմ անվերջ զգալ մարդկանց ներկայությունը, խոսել նրանց հետ, կապվել նրանց…

Կյանքը հոսում էր նրա երակներում, նրա ժպիտից արև էր ծորում։ Նա խմբի հետ և՛ պարում էր անթերի, և՛ մեծ ձեռքբերումներ ուներ թատրոնում (ընկերները պատմում էին, որ մի քանի փորձը բավական է, որ Անաստասիան ճիշտ ժամանակին բեմ դուրս գա և խաղա պրոֆեսիոնալի նման՝ զգացնել չտալով իր տեսողական խնդիրը), իսկ երգեր սովորում էր մեկ անգամ լսելով և երգում սոխակի պես մաքուր ու հնչեղ։ Կարողանում էր ինքնուրույն կարդալ ու գրել բրալյան այբուբենով, հետևաբար՝ զբաղվում էր նաև լրագրությամբ, միայն թե ինչ-որ տեղ գնալու համար, նրան ուղեկցորդ էր հարկավոր։ Այդ հարցում ես միշտ պատրաստ էի, որովհետև գնալով հասկանում էի, որ կյանքը նա տեսնում է այնպես,  ինչպես պետք է որ այն լիներ և ոչ թե այնպես, ինչպես այն կար։ Անաստասիան ինձ սովորեցրեց տեսնել։ Ես տեսա արևը, տեսա ծովը, տեսա բնությունն իր հրաշալիքներով, որոնք քանի որ միշտ մնայուն ու մեր աչքի առաջ են, մենք երբեք չենք տեսնում։ Այո՛, նայում ենք, բայց չե՜նք տեսնում, չե՜նք նկատում։ Նա դարձավ իմ անլուծելի հանելուկը, մտածմունքներիս առարկան, որը պետք է ինձ ինչ-որ կարևոր բացահայտման հանգեցներ։ Ես բացահայտեցի, որ տիեզերքի մասին բոլոր կանխատեսումները, պատմության բոլոր Էյնշտեյններն ու մաթեմատիկոսները, բոլոր օրենքները ստել են մեզ։ Դրանք հղկել, փոփոխել, շրջել են մեր աշխարհը։ Որովհետև աշխարհն այն չէ, ինչն ապացուցված ու կանոնակարգված է, այն չէ, ինչը մենք չափում ենք հազարավոր կիլոմետրերով կամ լուսատարիներով, աշխարհն այլ վայրում է՝ մեր ներսում, որը տեսնում է Անաստասիան, բայց չենք տեսնի մենք, որովհետև մենք տեսնում ենք աչքերով, իսկ նա՝ սրտով։

Lusine ghulyan

Նա գնում է

Պարզ հիշում եմ այդ օրը, որը, սակայն, այն ժամանակ ինձ համար ոչնչով չտարբերվող էր։ Երևի տասը տարեկան էի, երբ դպրոցում ունենում էինք հոգեբանի ժամ։ Անկեղծ ասած, ես միշտ տխրում էի, երբ իմանում էի, որ ընկերներիս հետ խաղալու փոխարեն պետք է զրուցենք հոգեբանի հետ (հետագայում հասկացա, որ դրանք մանկությանս ամենալուրջ զրույցներն էին)։ Այդ օրն էլ նա եկավ։ Փոքրիկ զրույցից հետո հարցրեց, թե ըստ մեզ, ի՞նչն է կյանքում ամենակարևորը։

-Հայրենիքը…
-Սերը…
-Մայրիկը…
Վերջին պատասխանից հետո բոլորը համաձայնեցին, որ, այո, աշխարհում ամենակարևորը մայրիկն է։ Իսկ հոգեբանի երեսին հայտնվեց անչափ բարի մի ժպիտ։
- Դուք ճիշտ եք,-ասաց նա,- մայրիկը շատ կարևոր է, նաև հայրենիքը, նաև սերը, բայց կա մի շատ ավելի կարևոր բան՝ ԺԱՄԱՆԱԿԸ։ Մտածե՜ք այդ մասին։
Լավ խորհուրդ էր, պետք էր իրոք հենց այն ԺԱՄԱՆԱԿՎԱՆԻՑ էլ մտածեի ԺԱՄԱՆԱԿԻ կարևորության մասին, բայց տասը տարեկանում այնքան զբաղված ես լինում, որ նույնիսկ դրա ԺԱՄԱՆԱԿՆ էլ չես ունենում։
Այժմ՝ շատ տարիներ անց, ես դեռ հիշում եմ այս խոսակցությունը, նույնիսկ գտել եմ ԺԱՄԱՆԱԿ ԺԱՄԱՆԱԿԻ մասին մտածելու համար։ Ես մի քիչ մեծացել եմ, լրիվ ուրիշ մտածելակերպ ունեմ, ու փորձում եմ ԺԱՄԱՆԱԿ գտնել ամեն ինչի համար։ Ափսոսում եմ, սակայն, որ չեմ կարևորել այն, ինչն իրոք ամենաարժեքավորն է։ Ես վատնել եմ այն՝ հաճախ փոխարենը ոչինչ չստանալով։ Չեմ գնահատել…
Արդեն հասկացել եմ, ԺԱՄԱՆԱԿԸ վազում է, փախչում մարդկային անտարբերություններից։
Միգուցե այդքան էլ ուշ չէ՞ հասկանալու համար, որ պետք է ԱՊՐԵԼ կյանքի ամեն մի րոպեն, որովհետև ինչ էլ որ անենք, միևնույն է, ՆԱ միշտ գնում է՝ չմտածելով վերադառնալու մասին։

marine ghahramanyan

Մենք սովորում ենք Բերդի պետական քոլեջում

Երեք տարի առաջ, սեպտեմբերի 1: Նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ուսումնական հաստատություն` Բերդի պետական քոլեջ: Չէի մտածում, որ այն կդառնա շատ հոգեհարազատ մի վայր: Անծանոթ մարդիկ, ովքեր կարճ ժամանակում դարձան ամենալավ ընկերներս:

Քոլեջը գտնվում է Բերդ քաղաքից ոչ այդքան հեռու: Քոլեջում կարող են ուսանել ինչպես 12-ամյա կրթություն ստացած պատանիները, այնպես էլ 9-ամյա կրթություն ունեցողները: Ես նույնպես հաճախել եմ 9-ամյա կրթությունով` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ, բացի այս, ունի նաև «Մարքեթինգ», «Տուրիզմ» բաժիններ:

Քոլեջի ամենամեծ խնդիրը շենքն է, որը կարիք ունի կապիտալ վերանորոգման: Ի տարբերություն շենքային պայմանների, ներսում այնքան ջերմ մթնոլորտ է, որ հաճախ չենք էլ նկատում: Քոլեջն ունի բազմապիսի առավելություններ: Մինչ իմ հասակակիցները սովորում են ավագ դպրոցում, ես ու իմ կուրսեցիները հասունության վկայականի հետ ձեռք ենք բերում նաև մասնագիտություն, և կարող ենք քոլեջից հետո աշխատել համապատասխան մասնագիտությամբ: Իսկ նրանք, ովքեր կցանկանան ուսումը շարունակել բուհում, ապա քոլեջն ավարտելուց հետո, բուհում ուսումը նույն մասնագիտությամբ շարունակելու դեպքում կարող են միանգամից 2-րդ կուրս հաճախել:

Հիշում եմ, երբ նոր էինք սկսել ուսումնական տարին, ամաչում էինք նույնիսկ բարևել միմյանց: Մեր կուրսի տղաները հիշում են, որ մենք` աղջիկներս, մեկ ամիս առանց խոսելու անշարժ, նույն դիրքով գալիս նստում էինք մինչ դասերի ավարտը: Իսկ հիմա երբ հիշում ենք, որ ընդհամենը մի քանի ամիս է մնացել ավարտելուն, տխրում ենք:

Քոլեջն ավարտելուց հետո յուրաքանչյուրս արդեն պլանավորել է իր անելիքը: Ես ցանկանում եմ ուսումս շարունակել բուհում նույն մասնագիտությամբ:

Տարիներ անց, համոզված եմ, կհավաքվենք միասին Բերդի պետական քոլեջի այս տարվա երրորդ կուրսեցիներով, կհիշենք մեր քոլեջական տարիները, և թե ով ինչ ճանապարհ ընտրեց: Վստահ եմ, որ բոլորը կնշեն այն կարևոր դերի մասին, որն ունեցավ մեր կյանքում քոլեջը:

anna  andreasyan

Երթուղայինները

Միշտ մտածել եմ, որ երթուղայինները բացի իրենց գլխավոր դերից, որը մարդկանց մի վայրից մյուսը տեղափոխելն է, ունեն նաև մի այլ, ոչ միտումնավոր ձևավորված դեր: Այդ դերը հասարակության հավաքական  պատկերը, բնավորությունը ու տրամադրվածությունը արտացոլելն է մի փոքրիկ տարածքում: Շատերը կարծում են, որ երթուղայինները հարմարավետ չեն, ու շատ ավելի ժամանակ կխնայվեր, եթե մեքենայով երթևեկեին: Նրանք միանշանակ ճիշտ են, բայց մի կարևոր բան են կորցնում՝ հասարակության տիպիկ մի զանգվածի ուսումնասիրելու հնարավորությունը: Ուսումնասիրել ասելով, իհարկե նկատի չունեմ այն ուսումնասիրությունը, որով տատիկներն են փողոցով պատահական անցնողին ուսումնասիրում:

Երթևեկիր Արմավիրից մեր գյուղ` Մայիսյան, տանող երթուղայինով, և չեմ չափազանցնի, եթե ասեմ` կբացահայտես մեր ժողովրդին ներկայումս անհանգստացնող խնդիրները, ժողովրդականություն վայելող մարդկանց, նորությունները, ու ինչու ոչ, նաև մեր ժողովրդի բնավորության շատ գծերը:

Օրինակ, մի քանի օր առաջ երթուղայինում պարզեցի, որ հեղափոխության ոգևորության ալիքը կամաց-կամաց մարում է, ու մարդիկ սկսել են քննադատել մեր նոր կառավարությանը: Մի կին մյուսին ասում էր, թե հույսերը, կապված նոր կառավարության հետ, չեն արդարանում, և երկրի վիճակը լավանալու փոխարեն վատանում է: Այս նույն խոսակցությունից կարելի է նաև հասկանալ, թե ինչքան փոփոխական են մարդկանց հայացքները: Վստահ եմ, այդ նույն կինը մի քանի ամիս առաջ փառաբանում էր հեղափոխությունը: Սովորաբար ամենաեռանդուն փառաբանողները նաև անենաշուտ երես թեքողներն ու քննադատողներն են: Եվ այդ քննադատությունները, ցավոք, ոչ միշտ են հիմնավոր լինում:

Երթուղայինների հետ կապված էլի շատ քննարկելու ու մեկնաբանելու բաներ կան, իհարկե, որը թողնում եմ մեկ ուրիշ անգամվա:

jenya yeghikyan

Լարային ջութակից մինչև ֆրանսերեն

(Ֆելիետոն)

Իմ երաժշտական ընդունակությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ լոգարանի «բեմը» սկսեց ինձ չգոհացնել։ Ծանր հիասթափություն էի ապրում լոգարանից դուրս գալուց հետո. «Դե լավ, երևի համերգի ժամը չգիտեն»,- երբ հյուրերս ուշանում էին` սփոփում էի ինձ։

Տան անդամները սիրտս կոտրում էին, ախր, չէ՞ որ ես երգում էի, ականջակալները ինչո՞ւ են ականջներդ կալել։ Լավ է երաժշտական գործիք նվագել չգիտեմ, թե չէ մեր տանը միակ լավ ձայն հանողը սեղանն է, այն էլ բացի դհոլից ուրիշ կերպ օգտագործել չի լինի։ Դե դհոլը ինձ ի՞նչ, իմը ջութակն է, որի գլխին առանց հարվածելու էլ ձայներ կհանի, այն ջութակը, որի միայն ձայնն եմ լսել:  Ջութակը, որին անգամ չեմ էլ դիպչել, հեռվից հեռու ընդամենը «օդային» եմ արել և ասել` մինչ հանդիպում։ Ասել եմ, որ իրեն կծանոթացնեմ իմ ձեռքերի հետ, շա՜տ մոտիկից, մի քիչ ընկերություն անեն, ի՞նչ իմանաս, մի օր էլ իրենց կողքին նոր գործիք կկանգնի։ Համ կնվագեմ, համ էլ կերգեմ, բա ո՞վ պարի։

Չնայած նրան, որ երեք տարի հաճախել եմ, առիթների ժամանակ տեղում կանգնած օրորվելուց բացի ուրիշ ոչինչ չեմ կարողանում: Հա, մեկ-մեկ էլ ծափ եմ տալիս, իբր դա էլ ինքնուրույն եմ սովորել, առանց պարուսույցի, ընդունակ եմ, չէ՞։

Հասկանալով, որ այդ բոլոր ասպարեզներում ես այդպես էլ ասպարեզ դուրս չեմ գա՝ սկսեցի հետաքրքրվել լեզուներով։ Ֆրանսերենը իմ տարերքն էր, և երբ ինձ հարցնում էին, թե ինչ ես ուզում դառնալ, լեզվաբա՞ն, ես ասում էի, որ արդեն դարձել եմ, ուղղակի լեզվանի, ոչ թե լեզվաբան։ Դա իմն էր, ֆրանսերենը ոտքից գլուխ իմն էր, այ հիմա կարող եմ ասել, որ ինձ զգում էի, ինչպես ձուկը ջրում։
Ես հետաքրքրվում էի բոլոր օտար լեզուներով, անգամ այն լեզուներով, որոնք օտար էին ինձ։ Քիթս շատ էի մտցնում օտար լեզուների մեջ, բայց ֆրանսերենը դեռ «էն գլխեն» իմն էր։ Արդեն հասկացա, որ ֆրանսերեն սովորելով ուրախությունից կարող եմ պարել, կերգեմ ֆրանսերեն երգեր, իսկ ջութակս էլ կսպասի։

Վերջապես բոլորը համատեղեցի։ Ամեն բան սկսվեց ֆրանսերենից, պտտվեց դրա շուրջը և ավարտվեց հենց նույն կետում։ Ես կշարունակեմ ուսումնասիրել քեզ ու ինձնով անել, ուղղակի մտքովս անցար` չհասցրի բռնել, որոշեցի հանձնել թղթին։

valentina chilingaryn

Ան(քննություն)

Երբևէ ունեցե՞լ եք հոգնածության զգացողություն։ Դե, խոսքը ֆիզիկական հոգնածության մասին չէ, այլ մտավոր, երբ կորցնում ես քնելու ունակությունը, բայց երազում Սպիտակաձյունիկի պես ժամանակավոր քնով ընկնելու մասին։ Ու մի տարբերությամբ, որ երբ արթնանաս, ավարտված կլինեն հայկական Նոր տարվա աժիոտաժը, ավարտական քննությունները, պարապմունքները, ընդունելության ոչ թե երկար, այլ շատ երկար ձևաթուղթը, որը լի է բազմաբնույթ տափակ վերնագրերով էսսեներով, ինչ-որ հիմար ֆինանսական թղթաբանությամբ, ու հա՜, գրողի տարած բացակայությունների պատճառով առաջացած տասնյակ առարկայական քննություններով։ Ու էս մոխրագույն ֆոնի մեջ միշտ կհայտնվի մի 60-70 տարեկան դեղին տատիկ ու կասի՝ դու իրավունք չունես հոգնելու, որովհետև դեռ կյանքի 10 տոկոսն ես տեսել։ Ու ես էս վերջերս, ինձ համար նոր լուծում էի հայտնաբերել, մտքիս մեջ հաշվում էի` չգիտեմ ում ոչխարներին։

-1 ոչխար, 2 ոչխար, 3 ոչխար ․․․ 40 ոչխար։

Հենց հասնում էի 40-րդ ոչխարին, չէ՛, չէի քնում, հոգնում էի։ Ու գրողի ծոցն ուղարկում ցանկացած քանակի ոչխարներին։ Հետո որոշեցի քնել հակառակ ուղղությամբ, կամ գետնին, կամ էլ սեղանին։

Մի անգամ իմ տափակ ընկերներիցս մեկին պատմեցի, որ չեմ կարողանում 40-րդ ոչխարից հետո հաշվել մնացած բոլոր ոչխարներին, ասաց՝ դրա համար մի հատ էլ 40-ը շրջան պտտվիր, հետո մի հատ էլ մինչև 40-ի կեսը հաշվիր, 100-ից կքնես։

Չգիտեմ ինչու եմ էս տափակ պատմությունը պատմում, բայց լուրջ հոգնեցի։

***

Քրոջս՝ Նարեի քնի մեջ հատուկ օրինաչափություն եմ նկատել։ Նա քնելուց 2 ժամ հետո 180 աստիճան թեքվում է պառկած դիրքում ( գիտեմ, հիմա կասեք, բա քնած ա, բա պառկած դիրքում պիտի թեքվի, հո կանգնած կամ ծնկաչոք դիրքերում չէ՞ր թեքվի, բայց հավատացեք, յուրաքանչյուր դետալ կարևոր է)  10 րոպե հետո տեղափոխում աջ ձեռքը դեպի գլխավերև, 4 րոպե հետո աչքերի կոպերը անկանոն շարժվում են, որից 1 րոպե 13 վայրկյան հետո կարելի է լսել․ «Ի՞նչ ես խելագարի պես նայում վրաս, քնի՛, թող նորմալ մարդիկ էլ քնեն» արտահայտությունը։ Այս հետաքրքիր առեղծվածը նկատելի է դարձել արդեն 2 շաբաթ, ու վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դետալ իրականացվում է բացարձակ ճշգրտությամբ ամեն գիշեր, բայց ես հավանաբար խելագար չեմ։ Գուցե։

-Ռաֆ, գիտե՞ս, գիշերը հետս տարօրինակ բաներ են կատարվում։ Ինձ թվում ա` գիշերը ազդեցություն ունի վրաս։

-Ու ի՞նչ ա կատարվում։

-Ես գիշերը սկսում եմ սիրել էն մարդկանց, որոնք ինձ չեն հետաքրքրում ցերեկը։ Մտածու՞մ եմ դե, միգուցե, դե սիրով եմ լցվում գիշերը։ Գիշերն էնքան շատ եմ զգում նման մարդկանց կարիքը, որոնց կյանքը ինձ չի հետաքրքրում ցերեկը։

-Չէ, ինձ թվում ա` դու ուղղակի գիշերը պարապ ես մնում, որովհետև պարապ մնալուց միայն մարդ կարող է էդքան երկար խորանալ ու մտածել։ Արի, դու մի մտածի։

-Լավ,- ձևացնելով թե համաձայն եմ, եզրափակեցի Ռաֆի տափակ մտքերը։

-Բա, ֆեյսբուքդ ինչի՞ ակտիվ չի։

-Դե ֆեյսբուքից էլ overtired եղա, դրա համար ջնջեցի։

-Overtired եմ եղել, ես կարիք ունեմ unplugged լինելու կամ I swear ուզում էի հանգստանալ ինֆորմացիաներից, ո՞նց ա  ստացվում, որ էդքան շուտ-շուտ հոգնում ես։ Ախր, անցյալ ամիս ջնջեցիր Instagram-իդ էջը։

-Լսի, հավատա, ես աննորմալ չեմ, ուղղակի ես ժամանակ առ ժամանակ հոգնում եմ։ Դու հասկանո՞ւմ ես, զուտ հոգնում եմ։ Մարդիկ հոգնում են,- ասացի ու մտքիս մեջ կրկնեցի․ «Մարդիկ հոգնում են, տափա՛կ»:

***

Գրողը տանի, էլ չեմ համարձակվի վախենալու ֆիլմեր դիտել։ Ուզում եմ վերմակը քաշել վրաս, որ չմրսեմ, մտածում եմ, երևի կանաչ աչքերով սև անիմոնուսը իր ճանկերով կպած է վերմակիս, ու որ քաշեմ վերմակը, հաստատ կթռնի դեմքիս վրա, հետո ես կբղավեմ, քույրս կարթնանա ու կբողոքի, որ չեմ թողնում քնի։ Ավելի լավ է առանց վերմակ քնեմ, ես հավես չունեմ հա՜, էս աղջկական հիմար կռիվների հետ։ Ուզում եմ բարձս հակառակ ուղղությամբ թեքել, որովետև էդ սառը մասը շատ հաճելի ա, էլի, բայց մտածում եմ` հանկարծ էդ ընթացքում բարձիս միջի փետուրները կսկսեն բարձր ծիծաղել ու աղաղակել և խուտուտ տալ։ Ա՜յ մարդ, ջհանդամ թե խուտուտ կտան, բա որ քույրս արթնանա՞ իմ ծիծաղի ձայնից։ Դե արի ու հիմա բացատրի, որ բարձիդ փետուրներն են բղավում։ Լավ, բայց իմ բարձը փետուրով չի, կարող եմ թեքել, կամ էլ չէ, որովհետև գուցե հենց իմ բարձի տակ է կոտրված Անաբել տիկնիկի կորած կտորը։ Գրողը տանի, ես չեմ ուզում հովանալ։ Ուղղակի ուզում եմ քնել։ Վերջ։

Ոնց կուզեի մահճակալի տակից հանել գուլպայիս մյուս զույգը։ Երանի այնտեղ էլ տիկնիկի հոգին չլիներ, որը կարողանում է դեպի իրեն քաշել ցանկացած մարմին ու դաժանորեն սպանել։

Ինչ լավ է, որ գոնե վերմակը ոտքերիս ծայրերը ծածկել է, թե չէ հիմա արդեն մտածել էի, որ էլեկտրական սղոցով ծաղրածուն սպասում է իմ մերկ ոտնաթաթերին՝ դրանք կտրելու համար։ Միայն պետք է ուշադիր լինեմ, որ վերմակը չընկնի ոտքերիս ծայրերի վրայից, թե չէ` ես հավես չունեմ, որ Նարեն էդ էլեկտրական սղոցի ձայնից արթնանա։ Հետո, դե արի ու բացատրի, որ էդ մարդը զուտ իմ ոտնաթաթերն ա կտրում, ոչ թե եկել ա` դիտմամբ իրեն արթնացնի։ Նարե ու փորձանքից հեռու։ Երբ պիտի լուսանա, աստված գիտի։

***

-Բարև, ի՞նչ կա չկա։

-Բան չէ։

-Լսի, էսօր ․․․

-Մի շարունակի էլի, Վալ ․․․

-Իմ պատմությունները անհետաքրքի՞ր են։

-Դու իմ կյանքի րոպեները խլում ես, էնքան անհետաքրքիր են պատմություններդ։ Մի պատմի։

-Լավ։

Էսօր հոգնած չեմ։ Ոչ մի ոչխար, ոչ մի  սարսափ, ոչ մի պարապմունք։ Էսօր քնում ենք։

***

Հեսա մի ամսից 18 տարեկան եմ դառնում։ Տասնո՞ւթ։ Հլը ասեք` տասնութ։ Ես 18 տարի ա շնչում եմ էս մոլորակի վրա, ես արդեն ապրել եմ 18 ամառ։ Եսիմ, էս տարի մի բան անեմ լրջանամ։ Երբ շատ փոքր էի, ասում էի 18-ս գիտե՞ք ոնց եմ նշելու, բոլոր ընկերներիս ու բարեկամներիս հրավիրելու եմ ու մեծ քեֆ եմ անելու։ Ու դժվարությամբ եմ հիշում մի ծնունդ, որ իմ պատկերացրած քեֆը արել եմ։ Ամիսներ առաջ ընկերներով զանգեցինք, խոսեցինք մի ժամանցային վայրի աշխատակցի հետ, պայմանավորվեցինք, որ փետրվարի 12-ին օր ենք վերցնում ծնունդի համար։ Հետո շաբաթներ առաջ ես փոխեցի որոշումս։

-Պապ, կարո՞ղ եմ փետրվարին գնալ Թբիլիսի։

-Ծնունդիդ համա՞ր։

-Ահան։ Ես, Նարեն, Հովոն ու Հուսոն։ Արդեն պայմանավորվել ենք հյուրանոցի ու տուրի հետ, ամսի 11-ի առավոտյան գնում ենք։

-Բա ի՞նչն ա մնացել։

-Դե, մենք։

-Ուզում եմ հասկանալ, ի՞նչն ա ինձնից կախված։

-Դե, մենք։

-Լավ, մի բան կանենք։

Շաբաթների ընթացքում էլ պլաններ փոխվեցին։ Ամեն ինչ խառնվեց, կամ ավելի ճիշտ, խառնեցի, ու էդ պատճառով ամեն իրիկուն մաման ասում էր․

-Բա ե՞րբ եք գնում Թուրքիա։

-Բա, Թաիլանդ չեք գնո՞ւմ։

-Բա Մոսկվա չե՞ք գնում…

-Բա Աթենք չե՞ք ուզի։

Ու վերջում․

-Որ գնաք, աղբը չմոռանաք։

Հիմա ավելի քիչ ժամանակ է մնացել, բայց ծնունդի վերաբերյալ խոսակցությունները դադարել են։ Արդեն գիտեմ, որ այդ օրը պարապմունքի եմ լինելու, ու զուր էին հատուկ նախապատրաստությունները։ Այսինքն էս տարի յուրովի եմ նշելու՝ ծնունդս չեմ նշելու։

***

Մեծանալով համոզվում եմ, որ մարդկանց երջանկությունը տրվում է հավասարաչափ։ Զուր են էն մարդկանց բողոքները, ովքեր ասում են՝ բա գիտե՞ք, ողջ կյանքս տխուր եմ եղել, միայն սև օր եմ տեսել, իսկ մեր հարևան Լյուդմիլայի աղջիկ ընկերուհու տեգրը միայն երջանիկ է եղել։ Չէ, էլի, չէ՛, ուղղակի չենք հասկանում թե որտեղ սպառեցինք մեր երջանկության վերջին չափաբաժինը։

Եսիմ, երջանկությունն էլ մի փունջ ծաղիկ չի, որ գնես։

Ինձ թվում ա հիմա մեծ-մեծ խոսում եմ ու փիլիսոփայական սահմանումներ փնտրում երջանկության մասին, մինչդեռ մեռնելուց կարծելու եմ, թե սովորական ապուշ էի։ Է՜հ, չգիտեմ։ Էս ի՞նչ ա անում էս տարիքը, ը՜… Դե, 18-ը, էլի, լրիվ ծերացել ենք, ա՜յ մարդ։

***

-Վալ, ոնց կուզեի, որ դու մի քիչ էլ դուխով լինեիր։

-Հավես չունեմ։

-Վալ, մի վախեցիր, որ 19 տարեկանում համալսարան կընդունվես, մի վախեցիր, որ դպրոցի քննությունները կտապալես, մի վախեցի՛ր։ Եթե հիմա էլ որոշել ես իրավաբան դառնալ, գնա ու դարձիր։ Եղա՞վ։

-Բա, սուրճ չես հյուրասիրի՞։

-Ստացում ա էլի միշտ մոտդ։ Լսի, էս լույսից ես նեղվո՞ւմ, ինչի՞ ես աչքերդ թարթում։

-Չէ, հոգնած եմ։ Մկո, ախր երբեմն ստիպված են կորել։ Դու հասկանո՞ւմ ես, չէ՞ ինձ։

-Շատ լավ ես արել։ Հասկանում եմ։ Ես էլ կուզեի։

-Բա ինչի՞ չես երազում կորչելու մասին։

-Արա, ախպեր, ես տղա եմ։ Սիրուն չի, որ տղան կորի։ Ես ընկերություն ունեմ, կարոտում եմ, ուզում եմ կապ պահեմ, ես չեմ կարող քո պես ճգնել։

-Ես էլ եմ կարոտում։

Մկոն իմ ճանաչած ամենաուժեղ մարդն է։ Վստահ եմ, մի օր անպայման կպատմեմ նրա հերոսությունների մասին։ Որ հաճախ ասում եմ․

-Մըկ, դու դեմք ես, մի օր քեզնից ինտերվյու եմ վերցնելու։

-Արա, ախպե՛ր, լավ։ Բայց մենակ անունս կփոխես, էլի։

***

Ես երազում եմ, որ ծննդյանս տարեդարձին, էլեկտրոնային փոստարկղս լցված լինի շատ ու դեղին նամակներով։ Ես երազում եմ, որ ֆեյսբուքը չհիշեցնի ծննդյանս օրը։ Ուզում եմ, որ մարդիկ հիշեն։ Երկու ձեռքերով ու ոտքերով, հասարակ մտածողության ենթակա մարդիկ, ոչ թե նրանց ուղեղում ապրող ֆեյսբուք։

***

1 ոչխար, 2 ոչխար, 3 ոչխար ․․․ 41 ոչխար։

Բարի Գիշեր։

50120753_605435963231093_1755291544044175360_n

Անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում

50644024_2299669560310579_450600635524448256_nՄեր հյուրն է ռեժիսոր-անիմատոր Նաիրա Մուրադյանը

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ անիմատոր:

-Որովհետև նույնիսկ չեմ հիշում երբվանից` նկարում էի: Ծնողներս էլ նկարիչներ էին, ու ես չեմ զգացել, երբ եմ սկսել նկարել, միշտ նկարել եմ: Իսկ մուլտեր, երևի բոլոր երեխաներն էլ սիրում են, ու ես հասկացա, որ անիմացիան այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել: Ծնողներս լուրջ նկարիչներ էին, ու ինձ թվում էր, որ ես չեմ կարող այդպիսինը դառնալ, ու ընտրեցի իմ ուղին՝ որպես անիմատոր: Նաև սիրում էի պատմություններ հնարել: Այդ եկուսն էլ կարևոր են անիմատոր դառնալու համար:

-Որտե՞ղ եք սովորել անիմացիա:

-Անիմացիա սովորել եմ «Մուլտ ցեխ»-ում` Հայֆիլմում: Այն ժամանակ ինստիտուներում չկային առանձին բաժիններ, չկային անիմացիոն խմբակներ: Ավելի շատ խմբերով էին աշխատում, ու գալիս էին նոր մարդիկ, միամում խմբին և սկսում ամենապարզ բաներից: Այդ պարզ բաներից է ներկելը: Այն ժամանակ մուլտիպլիկատից հետո թղթի վրա գծվում էր ուրվագիծը` կոնտուրը, ու դա կատարվում էր անիմատորի կողմից: Գունավորողներն էլ ներկում էին այդ դետալները:50048225_530666694078768_5736916245379284992_n

-Ինչի՞ց է սկսում անիմացիան:

-Անիմացիան սկսվում է պատմությունից: Ինչ-որ մեկին հետաքրքրում է մի թեմա, ու ինքը որոշում է դրա հիման վրա մուլտ նկարել: Ենթադրենք կարդում ես գիրքը և մտածում, թե կարդացածը ինչպես ցույց տալ: Եթե դու ինքդ նկարիչ չես, դու մտածում ես սցենարը ու որոշում նկարելու ոճը. գունեղ ես ուզում, թե գրաֆիկա, դրա հիման վրա էլ, եթե դու ինքդ նկարիչ չես, այլ ռեժիսոր, ընտրում ես քեզ նկարիչ: Նկարչին ցույց ես տալիս որոշ նկարներ, ֆոտոներ,  այսպես ասած, նկարչին «հավեսի ես գցում»: Դրա հիման վրա նկարիչը անում է էսքիզներ: Էսքիզները մի քանի նկարներ են, որոնց վրա պատկերված են հերոսները, տան ձևավորումը և այլն: Եթե ռեժիսորը հավանում է այդ կերպարները, ապա այդ նկարները տալիս է մուլտիպլիկատորին: Մուլտիպլիկատորը շարժում է դրանք: Այսինքն, մուլտիպլիկատորը, ինչ որ իմաստով, և նկարիչ է, և դերասան: Այդ հերոսներին նայելով, նա արդեն պատկերացնում է` հերոսը արագաշարժ է, թե դանդաղաշարժ, ինչ շարժումներն են նրան հատուկ և այլն: Եթե նկարած ֆիլմ է, ինչպես Դիսնեյի, կամ նկարած ռուսական հին մուլտֆիլմերի դեպքում, այսինքն, լավ նկարած պլաստիկ շարժման դեպքում, մուլտիպլիկատորից հետո սկսում է աշխատել «ֆազովչիկը»` փուլավորողը, ով մուլտիպլիկատորի արած հիմնական շարժումների միջև նկարում է մի քանի լրացնող կադրեր: Օրինակ` մարդը կանգնած է և հետո նստեց, այդ կադրերի միջև կան միջանկյալ հինգից յոթ այլ կադրեր, որոնք նկարում է փուլավորողը: Նա թղթի վրայից նկարն անցկացնում է ցելոիդի` թափանցիկ ժապավենի վրա: Հատուկ ներկերի և գրիչների օգնությամբ նկարում է ուրվագիծը: Հետո ուրվագծի հիման վրա նկարում են լրացնող կադրերի ուրվագծերը` «ֆազովկաները»: Նկարիչը որոշում է փուլերի գույները և ուղարկում գունավորողներին:

-Անիմացիոն ի՞նչ տեխնիկաներ կան:

-Շատ են: Նկարածից բացի կա օրինակ, «պերեկլադկայի» տեխնիկա, երբ դետալներով են աշխատում` գլուխը առանձին, թաթիկները առանձին և այլն:  Այդ տեխնիկայով աշխատում է Նորշտեյնը: Դա իմ սիրած ձևն է, ուղղակի ես նույնը անում եմ համակարգիչով: Կա նաև տիկնիկային տեխնիկան, երբ դարձյալ կադր առ կադր շարժում են տիկնիկները և նկարում: Հիմա ամբողջ աշխարհը 3D-ով է անում, և հատուկենտ մարդիկ են, որ կարողանում են հասնել այնպիսի որակի, որ մուլտը ստացվի կենդանի, ոչ թե մահացած մարմիններ լինեն:

Կա նաև անիմացիա ավազով: Այն շատ հետաքրքիր է, ու կատարվում է ապակու վրա: Նաև յուղամատիտներով են անում, ածուխով, այն ամենով, ինչով հնարավոր է նկարել, ու շարժել, ցանկացած բանով կարելի է: Նույնիսկ աղով, խոհանոցում ինչ կա` կարող եք օգտագործել: Օրինակ՝ Նատալյա Միրզոյանը արել էր տարբեր թեյի խոտիկներով, բայց photoshop-ով ներկում էր:50626146_234314490832564_2148662315875041280_n

-Ե՞րբ եք նկարել ձեր առաջին ֆիլմը:

-Որպես ռեժիսոր իմ առաջին մուլտը նկարել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում 2000 թվականին, երբ արդեն շատ մեծ էի: Միշտ աշխատել եմ ուրիշի մոտ: Ամուսնուս` Յուբիկ Մուրադյանի մոտ նկարիչ եմ եղել: Դե այն տարիներին, երբ լույս չկար, շատ ռեժիսորներ «կորցրեցին» իրենց, չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է անիմացիա անել, եթե լույս չկա: Նաև համակարգչին չէին տիրապետում, իսկ ես շատ շուտ սովորեցի համակարգչով աշխատել և «Շողակաթ» հեռուստաընկերությունում շարք սկսեցի հայկական պոեզիայի հիման վրա… Հին ձայներ վերցրեցի ռադիոյից, օրինակ՝ Վահրամ Փափազյանն է կարդում, Հրաչյա Ներսիսյանը: Չարենց, Դուրյան, Սևակ, Լևոն Շանթ և այդպես յոթ ֆիլմ: Պոեզիայով եմ սկսել անիմացիան:

-Պոեզիա նկարելը Ձե՞ր միտքն էր:

-Այո, ես առաջարկեցի: Հավանեցին, բայց ես դեռ այդքան էլ չէի հասկանում համակարգչից, ու թղթերի վրա նկարում ու կտրտում էի: Չէի մտածել, որ կարելի է ուղղակի սքանավորել նկարները: Գրքերից, ամսագրերից կտրտում էի նկարները, քանի որ այդ անիմացիան կոլաժային էր: Անփորձությունից գրքերից տրտում էի կերպարները ու սքանավորում, այնինչ կարելի էր դա անել առանց կտրտելու: Այդպես մեկի հետ էի անում անիմացիան, հետո սկսեցի մենակ աշխատել: Շատ դժվար է մենակ աշխատել, բայց եթե գիտես անել, ավելի լավ է ինքդ անես: Ինքնուրույն սկսեցի աշխատել «Ճանապարհ» ֆիլմի վրա:

-Իսկ ինչո՞ւ է ավելի լավ մենակ աշխատելը:

-Մի կողմից լավ չէ, քանի որ քեզ «խղճում» ես ու բարդ բաներ չես անում: Իսկ հակառակ դեպքում, պետք է բացատրես, թե դու ինչ ես զգում, ինչ ես ուզում, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Եթե մի բան անում է գործընկերդ, ու քեզ դուր չի գալիս, դժվար է նրան դա ասելը, իսկ ինքդ քեզ կարող ես:49914743_392205041346136_5812150199660838912_n

-Ձեր սիրած անիմատորը ո՞վ է:

-Խիտրուկը («Վիննի Թուխը», «Բոնիֆացիուսի արձակուրդները»), Միաձակին («Ուրվականներից քշվածները», «Քայլող ամրոցը»): Իհարկե նաև Նորշտեյնը («Ոզնին մշուշի մեջ»), ով չտեսնված ռեժիսոր է: Որպես չափանիշ այս երեքն են, որոնց կողքին դեռ ոչ ոք չկա կանգնած:

-Մեկ մուլտով մարդը կարո՞ղ է համարվել անիմատոր:

-Այո, իհարկե, եթե ֆիլմը լավն է: Օրինակ՝ Խիտրուկը 36 տարեկան էր, երբ նկարեց իր առաջին մուլտը՝  «Մի ոճրագործության պատմություն» ու դրանով նա դարձավ ամենահայտնի ռեժիսորներից մեկը: Մինչ այդ նա երկար տարիներ աշխ Ատամանովի և այլոց մոտ որպես մուլտիպլիկատոր: Հետո մեկնել է ռազմաճակատ և պատերազմից հետո դարձյալ զբաղվել է մուլտով: Խորհուրդ կտամ, որ կարդաք նրա գիրքը` «Մասնագիտությունը` անիմատոր»: Կարդացեք նաև Նորշտեյնի գիրքը` «Ձյունը խոտի վրա»:

-Ի՞նչ անձնային հատկանիշներ և մասնագիտական հմտություններ են պետք անիմատոր դառնալու համար:

-Շատ տարբեր են անիմատորները, և չես կարող ասել, թե այս որակը ունես, ուրեմն, վերջ, դու անիմատոր ես:  Կարևորը՝  նստելն է, նստելն ու գործ անելը: Խիտրուկը մի խոսք ուներ` անիմատորի չուգունե հետույքը…

Ընդհանրապես անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում:

-Իսկ ի՞նչ ազդեցություն են ունենում փառատոները մուլտիպլիկացիայի զարգացման վրա:

-Փառատոն ունենալը քաղաքում շատ կարևոր բան է: Ոչ միայն ֆիլմեր նայելն է կարևոր, այլև մարդկանց հետ շփվելը: Օրինակ, ինձ շատ է դուր գալիս «Կրոկ» փառատոնը, երբ տասներկու օր նավի վրա հավաքվում են անիմատորները, և նավի անձնակազմից բացի ուրիշ մարդ չկա:

-Ըստ Ձեզ, որո՞նք են աշխարհի լավագույն անիմացիոն ստուդիաները:

-Հիմա ստուդիա հասկացությունն ձևափոխվել է: Առաջ անիմատորները հավաքվում էին խմբով ու անում իրենց աշխատանքը: Իսկ հիմա որտեղ որ էժան է մուլտի այս կամ այն պրոցեսը, ուղարկում են այնտեղ: Օրինակ` Չինաստանում անում են գունավորումը: Խմբային հասկացությունը կամաց-կամաց կորչում է, դառնում է արտադրություն: Իսկ հեղինակային ֆիլմերի դեպքում հավաքվում են մի քանի հոգի` նախկին խմբի ձևաչափով:

milena barseghyan

Վափուշիկը իմ

-Վարդ, դու քո «գժի թուղթը» որտե՞ղ ես պահել:

-Ես պահել եմ մկների թակարդի պանիրի մեջ, բա դո՞ւ:

Դպրոցից տուն գնալիս հինգերորդ դասարանում փակ քննարկվում էր էս արտահերթ խնդիրը. ոչ ոք չգիտեր, որ մենք ունենք «գժի թուղթ», ու ամեն անգամ մեր երևակայությունը գործի էինք դնում, որ ասենք, թե որտեղ ենք պահել։ Երկուսիս տատիկներն էլ աշխատում էին հոգեբուժարանում, ու մենք լավ օգտվում էինք էնտեղի բարիքներից` մասուրի հյութ ու մի բերան մեղր-կարագ:

Ամբողջ թաղը գիտեր, որ եթե Վարդուհի, ուրեմն Միլենան էլ հետը:

Ընդամենը մեկ տարեկան էի, որ ինձ մեկուկես տարեկան Վարդս օրորում էր, ու ես չէի լացում: Էդ ժամանակ ինքը Վարդ չէր, Վափուշիկ էր: Անկախ նրանից, թե ով-ինչ էր սիրում-չսիրում, միևնույնն է, մենք երկուսով նույնն էինք սիրում: Եթե Միլենան ուզում է գնալ պարի, ուրեմն Վարդն էլ է պարուհի, եթե Վարդը ուզում է գնալ նկարչության, ուրեմն Միլենան էլ լավ կնկարի, ինչո՞ւ ոչ:

Նույն վարդագույն ժակետից ունեինք ու միշտ առանց պայմանավորվելու հագնում էինք նույն օրը, գնում մարմնամարզության ու էնտեղ խառնում իրար:

Զանգում էի.

-Վարդ, Միլենն ա, կլինի՞ գամ ձեր տուն՝ խաղանք:

Չէր մերժում: Հազար անգամ նույն տուն-տունիկը, դպրոց-դպրոցը, Հաննա Մոնտանան, ճաշ եփոցին խաղում էինք: Մի օր էլ, չգիտեմ որտեղից, նոր խաղ էինք ներմուծել` «հաղորդում-հաղորդում»: Ու լիքը քեֆեր էինք կազմակերպում 200 դրամներով։

Մի օր, բակի մեր չսիրած աղջկան խաբել էինք, ծաղիկներից քամած ջուր էինք տվել հյութի տեղ: Խմեց, նեղացավ, գնաց: Մենք էլ հո ուրախ չէինք մեր իրականացրած օպերացիայի առիթով:

Վարդը, որ գալիս էր մեր տուն, տատիկս ամեն անգամ ասում էր.

-Վարդուհի ջան, բարև, դու էլ ե՞ս քո տատիկի հետ էդպես խոսում։

Դե, ես մի քիչ լեզվանի էի, տատիկս ուզում էր ճշտել ինձնից է, թե` Վարդ-Միլենա նույնությունն է: Վարդը հերքում էր, իրեն փրկում, ինձ գցում կրակը:

Մենք իրարից չէինք հոգնում, օրը քսանչորս ժամ «օդնոկլասնիկով» խոսում էինք, հեռախոսով խոսում էինք, բակում ման էինք գալիս։ Երկուսով սիրահարվել էինք նույն տղային ու կռիվ անելու փոխարեն, երկուսով հիանում էինք իրենով: Մականունը դրել էինք Դալիթա ու ազատ խոսում էինք բոլորի մոտ Մեր Դալիթայից:

Ամեն անգամ Թումո գնալուց, մզկիթի կողքով անցնելիս ավանդական հարցը`

-Վարդ, մզկիթի ներսը դո՞ւրս ա։

-Հա՛, ես չեմ եղել, բայց նկարով տեսել եմ:

Բարձր ծիծաղում էինք:

Վարդի մաման իմ մաման էր, իմ մաման` Վարդինը: Մեր տասնութ տարվա մտերմության ընթացքում մենակ մի անգամ եմ հիշում, որ կռիվ արած լինենք. չխոսեցինք մի շաբաթ, մի կերպ դիմացանք: Հետո հաշտվեցինք, որովհետեւ «բասեին» էին գնել․ Վարդի մաման կանչեց` լողալու: Շնորհակալ եմ, Քրիստ «մամա»։

Իսկ երբ Վարդին հեռախոս էին գնել, իմ ոգևորությունը աշխարհով մեկ էր, ես դեռ չունեի, բայց գիտեի` Վարդինը իմն էլ է:

Գրքույկ էի սարքել շատ փոքր ու ամեն էջին գրում էի Վարդին սիրահարված տղաների անունները ու հպարտանում, որ ես բոլորի մասին գիտեմ. իսկական ընկերուհի եմ: Նորք-Մարաշի հազար ու մի պատ գիտի` Մ+Վ=ԲՖՖ

Մենք ունենք Հեղինե (Ելենա), Սերանուշ. մեր ընկերությունից էլ չկա աշխարհում. վերացած դինոզավրիկների միություն:

Մենք իրար մասին էնքան գիտենք, որ հանգիստ, շա՜տ հանգիստ ինքն իմ կենսագրականը կարող է գրել, ես էլ` իր:

-Վարդ, ես կասեմ՝ բո, դու ասա` հը՞ն, չվախեցա՞ր:

Էս էլ մեր մյուս պլանավորած օպերացիան էր` մի ուրիշ միամիտի գլխին:

Հիմա էսպես իրարից անկախ պատմություններ եմ տեղավորել էս գրածում, թվում է, իրար չեն կապվում, բայց շա՜տ ամուր կապ կա էդ ամենում. մանկության ընկերներ լինելու համար հենց էդ կապից է պետք, որ մենք ունենք:

Բոլորի ներկայությամբ ասում եմ, Վարդ, տասնութ տարի քո տարեդարձին բոլորից շատ ես եմ սպասում, որովհետեւ գիտակցումը, որ էլի մի տարի է ավելանում. վախենալու չափ երջանկացնող է:

Շնորհակալ եմ, հունվար 16։

Բժիշկ Համբարձումյանները

Ընտանիքում երեք տղա են և մեկ քույր. Անուշը ավագն է, հետո Կարենն է (1983թ), Դավիթը (1985թ) և Խաչիկը (1991թ): Նրանք սովորել են Մ.Հերացու անվան ՊԲՀ-ում և հիմա աշխատում են:

Բժիշկ Կարենը և Խաչիկը ընտրեցին սրտաբանությունը, հիմա աշխատում են Գորիսի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնում:

Իսկ Դավիթն ընտրեց գինեկոլոգիան, աշխատում է Էրեբունի բժշկակական կենտրոնում:

Ես զրույց ունեցա նրանց մայրիկի` տիկին Հասմիկի հետ.

-Կարենը մանկո՞ւց է երազել դառնալ բժիշկ: Եվ ի՞նչ դժվարություններ է ունեցել մինչ համալսարան ընդունվելը:

-Կարենը 2-րդ դասարանում էր, երբ որոշեց դառնալ բժիշկ: Իսկ ինչ վերաբերվում է դժվարությանը. մենք գումար չունեինք, որ մասնավոր պարապեր ընդունելության համար: Բայց նա նպատակ դրեց. դպրոցը ավարտելով ոսկյա մեդալով, իր ուժերով ընդունվեց համալսարան:

-Ինչպիսի՞ն է եղել Դավիթը փոքր ժամանակ:

-Նա շատ հետաքրքրասեր էր: Ամեն քայլափոխի հարց էր տալիս, ամեն ինչ պետք է իմանար, նաև շատ խիզախ պատանի էր: Դպրոցում սովորում էր գերազանց և հիմա նույն ոգով դաստիարակում է իր բալիկներին:

-Ինչպե՞ս Խաչիկը որոշեց դառնալ սրտաբան:

-Խաչիկը այնպիսի մասնագիտություն էր ուզում, որ մարդկանց օգնի: Նրա եղբայրները շատ գոհ էին իրենց ընտրած մասնագիտությունից, դրա համար Խաչիկն էլ որոշեց դառնալ բժիշկ:

Տիկին Հասմիկը հպարտությամբ պատմում է իր զավակների մասին: Ահա այսպիսի ընտանիքներն են իմ և շատերի համար նմանվելու օրինակ:

erika zakinyay

Իմ հայրիկը

Մենք ընտանիքով ապրում ենք սահմանամերձ գոտում` Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Իմ հայրիկը միջին հասակի շատ լավ բնավորություն ունեցող տղամարդ է: Հայրիկս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր տանն է լինում,15 օր կանգնում սահմանին: Հայրիկիս աշխատանքը շատ կարևոր է: Այն օրերին, որ տանն է լինում, նա իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է ինձ և եղբորս` խաղում և կիսվում է իր կյանքի հմտություններով: Ճիշտ է, նա շատ հազվադեպ է ազատ ժամանակ ունենում, քանի որ նրա աշխատանքը այդքան էլ հեշտ չէ: Ես շատ եմ սիրում իմ հայրիկին: Ամեն անգամ երբ հայրիկս վերադառնում է աշխատանքից, մեր տանը տոնական տրամադրություն է տիրում: Մայրիկս պատրաստում է համեղ ուտեստներ, և մենք ամբողջ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջը: Հայրիկս պատմում է սահմանում կատարվող իրադարձությունների մասին, և մենք ուշիուշով լսում ենք նրան: Ես ամեն ամիս սրտի թրթիռով եմ սպասում նրա գալուն: Ես անչափ երջանիկ և հպարտ եմ, որ ունեմ այդպիսի հայր, որ անգամ իր կյանքը չի խնայի հանուն հայրենիքի: