valya gasparyan

Աջս ու ձախս

Երբ սկսեցի տարբերել ձեռքերիս աջ ու ձախ լինելը, անգիտակցաբար հատուկ համակրանք սկսվեց ձախ ձեռքիս հանդեպ։

Աջով միշտ գրում եմ քո մասին ու պատմում, աջս շատախոս է, քո դեպքում ու քո մասին՝ առանձնահատուկ շատախոս, ու հենց գրիչ է տեսնում՝ անկախ թանաքի գույնից, գրում է քո մասին՝ առանց հեգնանքի։ Նույն գրիչով ձախս խզբզում է ու կեղտոտում թուղթը, ձախս լռում է քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լռում է։

Երբ ուշ է արդեն, ու ես դրսում եմ, ու հեռախոսս զանգում է, աջս վազում ու պատասխանում է զանգին՝ երևի մտածելով, որ դու կլինես, բայց սխալմամբ ուղարկված զանգ է լինում։ Այդ ընթացքում ձախս մրսած ու կծկված գրպանումս սպասում է։ Ձախս եսասեր չէ, ձախս գիտակցում է, ձախս հասկանում է, որ չես զանգելու ու հասկանում է, որ սխալմամբ ուղարկված զանգեր չեն լինում։

Երբ քեզ ուղարկելու ակնկալիքով նամակներ եմ գրում, աջս ագահաբար սոսնձում է դրանք ու հավատում, որ ուղարկելու եմ։ Ձախս անգամ սոսինձը բացել չի փորձում, ախր, հասկանում է, ախր, ժամանակավոր բաներ ու անհուսություններ տանել չի կարողանում։

Երբ տան զանգն է հնչում, աջս անկառավարելիորեն փախչում է ինձնից, կուլ է տալիս բռնակն ու ողջ ուժով հրում դուռը, ձախս լռում է, որովհետև գիտի, որ մեր աստիճանները շատ են, դու՝ ալարկոտ։

Երբ անձրև է գալիս ու ավտոբուսի պատուհանները վատ տեսանելի են դառնում, աջս մաքրում է ապակին, որ նայեմ դուրս։ Ձախս անգործ է մնում, որովհետև գիտի՝ ինչքան մեծ է լինում տեսադաշտս, այնքան երկար եմ քեզ փնտրում։

Աջով եմ գրում, բռնում, խզբզում ու մեկ-մեկ էլ մաքրում, բայց մտածողությամբ ձախլիկ եմ: Ես լուռ եմ քո մասին, ես ձախիս պես լուռ եմ քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լուռ եմ։

Ֆրանսիացին Հայաստանում

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Էմիլյեն Գոմին աշխատում է ուսուցման, նորարարությունների և արվեստի ոլորտում։ Զբաղվել է ինֆորմացիոն ուսումնասիրություններով, այնուհետև անցել է մշակութային, երաժշտական միջոցառումների կազմակերպմանը։ Այժմ երաժշտական գործիքներ է ստեղծում կամ էլեկտրական մասեր, որոնք ներառվում են գործիքների մեջ։ Նաև աշխատում է մանկավարժական նորարարությունների հետ, փորձում է գտնել ուսուցանելու նոր միջոցներ և մեթոդներ։

-Մի կոլումբիացի ընկերուհի ունեմ, որն այստեղ էր՝ Երևանում։ Գայետանին (արմատներով հայ ընկերս է, որի հետ հիմա Հայաստանում եմ) ասացի, որ ցանկանում եմ իրեն այցելել, նա էլ ասաց, որ պատրաստվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գալ Երևան։

Սկզբում գալիս էի Հայաստան հանգստանալու, Գայետանին տեսնելու և ուղեկցելու համար։ Արդեն տասը տարի է, ինչ գիտենք իրար։ Ծանոթացել ենք համալսարանում մագիստրատուրայի ժամանակ։ Ավարտելուց հետո երկու տարի միասին բնակարան ենք վարձել և հետո էլ պահել ենք կապը, քանի որ մոտ ենք ճաշակներով։

Ինչպես ասացի, սկզբում նպատակս ուղղակի տուրիզմն էր։ Ընդհանրապես չէի պատրաստվել այս ճանապարհորդությանը․ անձնագրիս ժամկետն անցել էր, այստեղ գալուց հինգ օր առաջ միայն ստացա նորը։ Երբ եկա, ոչ մի բան չգիտեի․ ոչ փոխարժեքը, ոչ ինչ-որ մեկի, ոչինչ։ Բայց հետո ես շատ բան իմացա տեղացիների մասին, իսկապես շատ հաճելի մարդիկ են։

Մեր լավ ընկերոջը՝ Ալբերտին (ասում ենք ընկեր, բայց փոքրիկ պապիկ էր), հանդիպեցինք մսամթերքի խանութի մոտ։ Նա մոտեցավ, խոսեց մեզ հետ և ձեռքով տարօրինակ շարժում արեց՝ հասկացնելով, որ կանչում է խմելու։ Սկզբում չէինք հասկացել՝ կեսօրին ու խմելո՞ւ։ Որոշեցինք փոխարենը գնալ հաց ուտելու։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, հաճելի և զվարճալի անձնավորություն էր։ Ամբողջ ընթացքում քայլեց մեզ հետ, որ ուտելու տեղ գտնենք, և ամեն անգամ, երբ ինչ-որ բան էր առաջարկում, մեզ դա շա՜տ էր թվում․ դե, Իջևանը մսի մայրաքաղաքն է։ Այնտեղ միայն միս կար։

Ծանոթացա նաև նորարարական կողմի հետ։ Ֆեյսբուքում տեսա թվային արվեստի և ինձ հետաքրքրող այլ թեմաների շուրջ միջոցառումներ, որոշեցի կապվել կազմակերպիչների հետ։ Երևանում ծանոթացա Arloopa-ի հիմնադիրների հետ, որոնք ասացին, որ ցանկանում են Փարիզում մասնաճյուղ բացել, և միգուցե կկարողանանք միասին աշխատել։ Հետաքրքիր էր տեսնել, թե այդ ամենն ինչպես է աշխատում, և ինչու ոչ, տեսնել մի բան, ինչը Փարիզում չկա։ Սկզբում ներկայացրին իրենց ապրանքը, բայց ես ասացի, որ գնելու նպատակով չեմ եկել, եկել եմ տեսնելու, թե ինչ են անում։ Մեկուկես ժամ անց մենք արդեն խոսում էինք փիլիսոփայությունից, հոգեբանությունից, հասարակությունից։ Իրենք տնտեսապես զարգացող կազմակերպություն են, աշխատում են միջազգային շուկայի համար՝ ԱՄՆ, Ռուսաստան, և երկու ժամ ծախսեցին ուղղակի զրուցելով անծանոթի հետ։ Փարիզում այսպիսի բան չէիք տեսնի, երբե՛ք։ Շատ տարբերություններ և նմանություններ կան այս երկու երկրների միջև։ Օրինակ՝ Իջևանում, մարդիկ միասին գնումներ են անում, միասին ճաշում են, միասին զբոսնում։ Մսի խանութի դիմաց 5-6 հոգի կանգնած զրուցում էին, ինչը Ֆրանսիային բնորոշ չէ։

Փարիզում մի վայր կա՝ hackerspace, որտեղ մարդիկ տեխնոլոգիական ոլորտին են ծանոթացնում մեկը մյուսին, նոր բաներ սովորում և սովորեցնում՝ չվճարելով որևէ գումար։ Այստեղ գտա նմանատիպ մի վայր և մի քանի օր Երևանում ու Իջևանում զբոսնելուց հետո՝ օրական մոտ չորս անգամ հանդիպում էի տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ վիրտուալ իրականությամբ զբաղվողների, Թումոյից եկածների, էքսպերիմենտալ երաժիշտների։ Մարդկանց հետ շփվելու ընթացքում որոշեցինք նաև համագործակցել, միգուցե փառատոններ կազմակերպել, օրինակ՝ Բյուրականում։

Հարցազրույցը վարեցին Անետա Բաղդասարյանը և Անուշ Դավթյանը
mariam yavrumyan

«Սթինգոտ» տրամադրություն

Նորից ավտոբուս: Էս ավտոբուսային տրամադրությունն իսկը ինձ համար է:

Լավ էր, այս անգամ իմ սիրած նստատեղը զբաղված չէր: Դա ամենավերջին շարքի պատուհանի կողմի նստատեղն է: Ծանոթացեք` սա մելանխոլիայի անկյուն է շատերի համար: Էստեղ նստող ամեն մեկի ականջակալներում տարբեր երաժշտություն է: Մեկինը՝ ռոք, մյուսինը` ջազ, այ հա, հենց այդ երրորդինն էլ` Հռիփսիմե Հակոբյան: Այս երրորդի ճաշակը դուրս չեկավ մի փոքր, բայց դե, ճաշակին ընկեր չկա: Նստում են օրեկան հազարավոր մարդիկ, թողնում իրենց հույզերն ու զգացմունքները: Մեկը` ծնողների հետ վիճելը, մյուսը` սիրելիի հետ բաժանումը, այ հա, հենց այդ երրորդն էլ, ճիշտ նկատեցիք, այն մեկը, ում ականջակալներում Հռիփսիմե Հակոբյան է, արևոտ մեկն է ու իր շողերն է թողել նստարանին:

Նստում եմ, ամեն անգամ մտքումս վիճում ծնողներիս հետ ու արև կլանում:

-Որ խնդրեմ՝ Ձեր լսած երգի անունը չէիք ասի՞։

-Առանց խնդրելու, Sting. «Love her when she loves someone else»,- իրականում երգի վերնագիրն այդպես չէր, բայց ես մտքումս իբր կարևոր տողն առանձնացրի։

-Շնորհակալ եմ: Հետաքրքիր է, այս ոճը չեմ սիրում, բայց սա լավն էր, իսկ Ձեր ականջակալների ձայնը շատ բարձր է, կվնասեք Ձեր լսողությունը։

-Ինչ արած, կյանքն է ստիպում,- խոստովանեմ, որ չժպտացի, այլ ուղղակի այտիս ձախ մկանը ձգվեց։

Դե, իսկ մեր չափազանց մտերմիկ զրույցն ընդհատեց նրա «կանգառում կանգնեք»-ը:

Այդ խոսքերը դեռ երկար հնչեցին ականջներումս` որպես իմ լսողությամբ մտահոգված տղայի վերջին խոսքեր: Կամ էլ ուղղակի ուղևորներն էին հաճախ ասում: Ինչևէ:

Թողնում եմ իմ կիսախամրած շողերն ու սթինգոտ տրամադրությունս հաջորդ ուղևորին:

Հանկարծ կանգառում չկանգնեք, այս անգամ դեպի անվերջություն ենք գնում:

meri tutunjyan

Տիեզերանավ A-Z 995 -ի պատմությունը

Տիեզերքը շատ առեղծվածներ ունի, որոնց մի մասը բացահայտված է, մի մասը՝ ոչ: Այն անծայրածիր է։ Գուցե մարդկանց միլիոնավոր տարիներ են հարկավոր, որպեսզի այն ուսումնասիրվի: Ես շատ եմ հետաքրքրվում տիեզերքով, մոլորակներով, տիեզերանավերով: Չեմ ուզում երկարացնել, մի խոսքով՝ այն ամենով, ինչը կապված է տիեզերքի հետ: Գլխավոր պատճառներից մեկը, որ ես սկսեցի ուսումնասիրություններս, պապիկս էր: Նա Հայաստանի լավագույն երկրաբաններից մեկն էր: Դեռ տասը տարեկան էի, երբ պապիկս ինձ նվիրեց մոլորակների քարտեզը. ես ուղղակի հիացած էի դրանով: Այդ օրվանից իմ մեջ անընդհատ հարցեր էին առաջանում տիեզերքի մասին, և այդ հարցում ինձ միշտ օգնում էր պապիկս: Մենք ամեն երեկո պատշգամբում նստում և խոսում էինք աստղերի մասին (մեր պատշգամբից աստղերը շատ պարզ են երևում):

Ամառային մի գեղեցիկ երեկո նստած էինք պապիկիս հետ, և մեծ երկնակամարում լուսինն այնքան մեծ ու պարզ էր երևում, որ ես որոշեցի, անպայման պետք է տիեզերանավ պատրաստենք ու թռչենք դեպի լուսին: Պապիկը ծիծաղեց, բայց ապա լրջությամբ պատասխանեց.

-Մենք վաղվանից պատրաստվում ենք տիեզերանավի կառուցման աշխատանքներին:

Ես հաջորդ օրը առավոտյան շատ վաղ արթնացա, գնացի բակ, հավաքեցի տարատեսակ փայտի ու երկաթի կտորներ ու բերեցի տուն: Սկսեցի տիեզերանավի նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան տիեզերանավն արդեն պատրաստ էր:

-Պապի՛կ, ամեն ինչ պատրաստ է, գուցե չհետաձգե՞նք թռիչքը,- ասացի ես:

Պապիկն ասաց, որ մեր տիեզերանավը շատ փոքր է և անիրական՝ տիեզերք թռչելու համար: Ես մի փոքր հիասթափվեցի: Սակայն դրա փոխարեն նա ինձ պատմեց NASA-ի մասին: Պատմեց, որ հենց այնտեղ են կատարվում գրեթե բոլոր տիեզերական ուսումնասիրությունները, և հիմնականում այնտեղ են նախապատրաստում տիեզերագնացներին: Այդ օրվանից սկսեցի հետաքրքրվել NASA-ով։ Յուրաքանչյուր օր ինձ համար սկսվում էր նրանց կայքէջի նորություններով:

Ես շարունակում եմ հետաքրքրվել անծայրածիր ու անսահման տիեզերքով ու նրա գաղտնիքներով: Պապիկս ինձ նվիրել է մի մասնագիտական հեռադիտակ, որի օգնությամբ ես կարողանում եմ դիտել ամբողջ երկինքը շատ մոտիկից: Գիշերը լուսնին նայելիս ինձ թվում է, թե ես գտնվում եմ լուսնի վրա, հաճախ էլ երևակայությունս թևեր է առնում, և սկսում եմ սավառնել մյուս մոլորակների շուրջը: Վերջին խավարումը գրեթե բոլորն են տեսել. ես ուղիղ չորս ժամ հեռադիտակով հետևել եմ խավարման ամբողջ ընթացքին: Ես հուսով եմ, որ կստեղծեմ իմ երազանքների տիեզերանավը, իհարկե, հատուկ կրթություն ստանալուց հետո:

Շատ եմ ոգեշնչվել նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից, որտեղ պատմվում է խաղաղ և ծաղկող մոլորակի՝ Նաբուի մասին: Ամեն օր պրպտում եմ, մի նոր բան ուսումնասիրում, փորձում մի նոր բան գտնել երկնքում: Այս ամենը ես մեծ հաճույքով եմ անում: Տիեզերքը հեքիաթային աշխարհ է: Ես դառնալու եմ տիեզերագնաց, չնայած այն փաստին, որ մասնագիտությամբ լեզվաբան եմ:

Սպասե՛ք իմ ուղիղ եթերներին Մարս մոլորակից:

nelli khachatryan

Կարևոր հայացքը

Օդը սառն է։ Էլի քեզ վրա ջղայնանում ես, որ շարֆդ չկապեցիր, ու շղթադ բարձրացնում, ուզում ես էլի բարձրացնել, բայց էլ տեղ չկա, հասել է վերջին։ Մրսած քայլում ես, ալարում ջրափոսը շրջանցել, բացում դուռը ու հանում անձը հաստատող փաստաթուղթը։

Հիմա կարող էի տանը թեյ, չէ, «չայ» խմել (թեյը մի տեսակ պետք է սրճարանում խմել)։ Երևի էս մտքերով մարդիկ փողոցում քայլում են, էն ջրափոսի վրայով թռչում ու բացում ընտրատեղամասի դուռը։ Խուճապ։ Ինչքան էլ քեզ բացատրեն կամ տեսանյութով ընտրելու կարգը նայես, մեկ է, մտածում ես՝ երբեք ինքնուրույն չես հասկանա՝ առաջինը որ սեղանին մոտենալ։ Այ էս խուճապն արտահայտող դեմքով մարդիկ մտնում, հետո կանչող ձայներին արձագանքելով՝ մոտենում են սարքին, որ մատնահետք ստուգվի։ Սարքը չի ճանաչում։ Մյուսինն էլ չի ճանաչելու։ Գյուղը, որտեղ դիտորդ էի, ոչնչով չտարբերվելով մնացած գյուղերից՝ ստիպում է մարդկանց էնքան աշխատել, որ մատնահետքը կորցնեն։

Անձը հաստատող փաստաթուղթը, իհարկե, բերել են, որ մոտենան մյուս սեղանին… Չէ, էն տատին ոնց որ չի բերել։ Հիշողություն..․ Ինքն իր վրա ջղայնացավ։ Երևի կգնա, էլ չի գա։ Հազիվ էր քայլում։

-Բայց էսքան թուղթ ինչի՞ եք տալիս, է, էսքանը ի՞նչ եմ անելու, ինձ մեկը հերիք է։

Չէ, դե կարգն է, ինչքան էլ որոշած են գալիս, պետք է բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները վերցնել։ Դե, հիմա հերթ կանգնեք, որ մտնեք քվեախցիկ։ Վայ, էն երեխեքն առաջին անգամ են քվեարկում, նվերը չտվին, կրծքանշան ա, ուրիշ բան չի, առաջ նայեք` Ձեր հերթն եկավ, մտե՛ք, ինչ էլ ուրախ ա դուրս գալիս, սպասեք, է, մի շտապեք՝ դրոշմը կպցնեն։

Էն տատին հետ եկավ, ասում ա՝ անձնագիրս բերել եմ։

Ընտրողների մեծամասնությունը 60-ն անց էին։ Երևի թեյը նրանց էլ չի գրավում, բայց մի տեսակ ուրիշ հայացքով էին տուն վերադառնում․ իրեն կարևորված զգացող մարդու հայացքով։

seda mkhitaryan

Կղմինդրե տանիքներից զրկված գյուղի բնակիչը

Եթե…

Դու մեկն ես, որը ծնվել, ապրել ու ապրում է մի գյուղում, որի ունեցած միակ հարստությունը քարն է, Քարինջում:

Հողեր չկան։ Բերքառատ ծառեր չկան։

Գիտե՞ք` ինչ կա։ Հոգսեր։ Հոգսեր ու էլի հոգսեր։

Եթե…

Մեկ ժամի չափ տեղացած կարկուտի հետևանքով առանց տանիքի ես մնացել։ Տեսածդ միայն ջարդված կտուրներ են, կոտրված ապակիներ, սատկած կենդանիներ, կորած անասուններ։ Հարակատար դերբայներով շարքը կարելի է շարունակել։ Ինչպես ասենք` գլուխը պատռված տարեց կին։

Ու դու, ինչպես բոլորը, ոնց կարողացար` սկսեցիր պաշտպանվել։ Վարկ։ Պարտք։

Տարբեր միջոցներով մի քանի օրում կարգավորեցիր ամեն ինչ։ Բայց կարևորը` այդ միջոցները սեփական էին։ Երիտասարդների հետ փորձեցիր սոցցանցերով տարածել, օգնություն խնդրել։

Քեզ պետք էին միջոցներ, ոչ թե փոխհատուցում։ Բայց այն, ինչ ստացար, փոխհատուցում էր։

Այն էլ միայն բնակելի տարածքների համար։ Կարծես անասունները գոմերում չէին ապրելու, կամ եթե հավաբնի տանիքը չլինի էլ, նորմալ է։

Կամ, օրինակ, ջարդված խնձորենիները ոչ մի օգուտ չէին տալու։ Ժամանակից շուտ ջրափոսերում լողացող ընկույզներն էլ բանի պետք չէին լինելու։ Դրանց մասին ոչ ոք չխոսեց։

Փոխհատուցված գումարը ստացար, թողեցիր բանկերում ու հետ եկար գյուղ` կղմինդրե տանիքներից զրկված գյուղ։

Հայտարարեցին` ընտրություններ են։

-Ո՞ւմ է պետք։ 10000 դրամը տան` կգնամ:

-Իմ մի ձենը ոչ մի բան չի փոխելու:

-Ինձ ոչ մեկդ մի ասեք` ում ընտրեմ:

-Չէ։ Էդ լավություն անելը պրծավ։ Ես թոռներիս ապագան չեմ վաճառում:

Արտահայտություններ, որ լսեցիր տնից ընտրատեղամաս ճանապարհին։

Ընտրություններն ավարտվել են։ Անընդհատ կարդում ես լրահոսը, հետևում` ինչ պիտի լինի։

Կարծում եմ` կամ թռիչքաձև կզարգանաս, կամ հակառակը, երևի։ Կամ էլ ոնց որ դու ես կարծում` ոչինչ էլ չի փոխվի։

Եթե այս ամենը քո մասին էր, ուրեմն դու միջին վիճակագրական քարինջեցի ես, ու սա քո ապրած վերջին երկու-երեք ամսվա նկարագիրն էր։

Լավ եղիր, ընկե՛ր…

Այն, ինչ մոտ է երակներումս հոսող արյանը

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

1924 թվականն էր, ցեղասպանությունից հետո տատս ու պապս Թուրքիայից փախել էին Հունաստան և ամերիկյան նավերով պատրաստվում էին շարունակել ճանապարհը դեպի Նյու Յորք։ Երկար ճանապարհից հետո, երբ նավը հասավ ինչ-որ նավահանգիստ, պապս իր ուսերին վերցրեց տատիկիս, որ նա զննի տարածքը։ Տատս մի բարձր արձան տեսավ և կարծելով, որ դա Ազատության արձանն է՝ ասաց, որ հասել են Ամերիկա։ Իրականում, Մարսելում էլ կա նմանատիպ արձան, և նավից իջնելուց հետո միայն պարզ դարձավ, որ նրանք Մարսելում են։

Պետք էր արդեն ապրելու վայր գտնել, և քանի որ քաղաքից դուրս ավելի էժան էր ապրուստը, քան հենց քաղաքում, նրանք նստեցին ավտոբուս, որ գյուղ գնան։ Հունաստանում պապս մի քիչ ֆրանսերեն էր սովորել։ Վարորդին փորձում էր բացատրել՝ ինչ է ուզում, բայց միայն «գյուղ» բառը գիտեր։ Վարորդը գլխի է ընկնում, որ հայեր են, և ասում է, որ կտանի իրենց հայկական թաղամաս։ Սակայն ընթացքում մոռանում է և ուղղակի ինչ-որ տեղ իջեցնում։

Հայրս շատ քիչ բան է ինձ փոխանցել․ նրանք տանը խոսում էին թուրքերեն, իսկ տնից դուրս՝ ֆրանսերեն՝ հասարակությանը հեշտ ինտեգրվելու համար։ Այդ պատճառով հայրիկիցս միայն հայկական խոհանոցի մասին եմ մի փոքր սովորել։ Ազգանունս հայկական է, չնայած՝ շատ քիչ բան գիտեմ Հայաստանի և հայկական արմատներիս մասին։ Բոլորն ինձ ամեն անգամ ասում են, որ հայ եմ, իսկ ես ասում եմ՝ չէ, ինչ-որ չափով՝ այո, բայց մեջս հայկական ոչ մի բան չկա։ Բայց մշակույթը, հատկապես՝ հայկական երաժշտությունը, ինձ միշտ հուզել են։ Միշտ սիրել եմ սմբուկը, համեմը և հայկական սննդամթերքը առհասարակ։

Ի դեպ, ես Գայետան Պարսեհյանն եմ, ֆրանսիացի եմ՝ հայրիկիս կողմից հայկական արմատներով։ Ես զբաղվում եմ ձայնային ստեղծագործություններով՝ էլեկտրոակուստիկ երաժշտությամբ, որը Ֆրանսիայում անվանում են «կոնկրետ երաժշտություն»։ Այն օգտագործվում է առանց նկարի ֆիլմերի համար, այսինքն՝ երբ պատմությունը ներկայացվում է ոչ թե նկարների, այլ ձայների համադրությամբ։ Դրանք կարող են լինել ինչպես հասարակ իրերի ձայներ, այնպես էլ, օրինակ, երգող մարդիկ։ Մի խոսքով՝ ցանկացած ձայն կարող է օգտագործվել։

Երկար ժամանակ էր, ինչ ինքս ինձ հարց էի տալիս հայկական արմատներիցս, որոնք բավականին հեռու էին թվում։ Մտադրվել էի մի ծրագիր իրականացնել, որ առերեսվեմ դրանց։ Այդ պատճառով էլ եկա Հայաստան, որ ձայների միջոցով պատմեմ իմ նախնիների պատմությունը։ Արդեն մեկ ամիս է՝ այստեղ եմ, համագործակցում եմ տեղի երաժիշտների հետ, ձայնագրում եմ դրսի, փողոցի, բնության, անգամ եկեղեցու ղողանջների ձայները, որ ինչ-որ չափով ներծծեմ հայկական մշակույթը։

Ծրագիրը դեռ սզբնական փուլում է։ Հավաքել եմ դրա պարունակությունը՝ այն, ինչից կազմված է լինելու, և մնում է Ֆրանսիայում շարունակել գրելու գործընթացը։ Սակայն նախ պետք է որոշեմ՝ կոնկրետ ինչ եմ պատրաստվում անել։ Դեռ շատ հստակ չէ, ինձ ժամանակ է հարկավոր մտածելու, կարդալու բոլոր նշումները, որոնք ճանապարհորդելիս եմ արել, այն, ինչ սովորել եմ այստեղ։ Պետք է վերջնական որոշեմ և ինքս ինձ ասեմ, որ սա հենց այն է, ինչ պիտի անեմ։ Դրա հիման վրա պատմություն եմ գրելու, արտահայտելու եմ այն ձայնագրածս ձայներով։ Միգուցե զգամ, որ ինչ-որ բան պակասում է, որ պետք է վերադառնամ և նոր հնչյուններ ձայնագրեմ։ Դեռ շատ բան պետք է անեմ վերջնական արդյունքին հասնելու համար։

Ֆինանսապես ինձ ոչ ոք չի աջակցում։ Սակայն հաճախ դիմում եմ նախկին դասախոսիս օգնությանը, որ ուղղորդի ինձ, հուշի՝ ինչ անել։ Բարդ է մենակ գլուխ հանելը։

Առաջին հերթին՝ ինքս ինձ համար էի անում այս ծրագիրը։ Ցանկանում էի գտնել այն, ինչ մոտիկ է երակներումս հոսող արյանը, և միավորել գլխումս եղածի հետ։ Հետո փորձելու եմ, իհարկե, սրանով կիսվել, տարածել, միգուցե խոսել ներգաղթից, մարդկանցից, ովքեր ստիպված են բնակության վայրը փոխել և մնալ այդ ուրիշ երկրում, մարդկանցից, ովքեր որոշ չափով արմատախիլ են եղել։ Նաև պատմել, թե ինչպես է այդ ամենը եղել, զուգահեռներ տանել այսօրվա իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, սիրիացի փախստականների դեպքում։

100 տարի առաջ հայերը փախել, եկել են Ֆրանսիա, գաղթել են շատ իսպանացիներ ու պորտուգալացիներ դարի սկզբում, որոնք բոլորը հիմա ֆրանսիացի են, լիովին ինտեգրվել են հասարակությանը։ Սակայն մեր օրերում, երբ սիրիացիներն են գաղթում, նրանց չեն ընդունում։ Չեմ կարողանում հասկանալ դա։

Ցանկանում եմ այս ամենով իրենց մտածելու տեղիք տալ, որ գաղթը նորմալ երևույթ է, հազարավոր տարիներ գոյություն է ունեցել։ Մարդիկ միշտ տեղափոխվել են մի վայրից մյուսը՝ խառնվելով իրար, ինչը նպաստել է էվոլյուցիային։ Հակառակ դեպքում մենք չէինք զարգանա, կմնայինք նույն տեղում, առաջընթաց չէր լինի։

Ես ինձ ասացի, որ ավելի հեշտ կլինի հանդիպել Հայաստանի հայերին, քան Թուրքիայի։ Հատկապես հիմա՝ Էրդողանի կառավարման ժամանակահատվածում, Թուրքիա գնալու կարիքը չեմ զգում։ Նույնիսկ եթե մի օր ցանկանայի այցելել այն քաղաքները, որտեղ ընտանիքս է ապրել, հիմա ես չեմ ուզում գնալ և գումար ծախսել Թուրքիայում, որովհետև Էրդողանի կառավարությունն ինձ շատ է նյարդայնացնում։ Չնայած դրան՝ սիրում եմ թուրքերին, շատ թուրքերի եմ ճանաչում, որոնք անկասկած հրաշալի մարդիկ են։ Ինչ վերաբերում է ծրագրիս, ավելի հեշտ էր շատ հայերի գտնել այստեղ՝ Հայաստանում։

Լեզուն այն հիմնական դժվարությունն է, որին հանդիպել եմ։ Ես հայերեն չգիտեմ, կարողանում եմ ասել «բարև», կարող եմ հաշվել, մի քիչ հաղորդակցվել թվերով, բայց ոչ ավելին։ Լեզուն, որովհետև Երևանում շատ են անգլերեն իմացողները, նույնիսկ կան մարդիկ, ովքեր ֆրանսերեն գիտեն, բայց Երևանից դուրս մարդիկ խոսում են միայն հայերեն կամ ռուսերեն։ Իսկապես դժվար է խոր թեմաների շուրջ զրույց վարել։ Կարող ենք մի կերպ իրար հասկանալով ուտելիք կամ քնելու տեղ գտնել, ժպիտներ փոխանակել, բայց սոցիալական վիճակի, քաղաքականության, մշակութային թեմաներից դժվար է խոսել։ Կարողացել եմ բացատրել, որ հայրս հայ է, ընտանիքս ապրել է Լիոնում և Մարսելում, նման փոքր բաներ։ Ոմանք էլ պատմեցին, որ իրենց երեխաներն ապրում են Ռուսաստանում։ Եթե վերադառնամ, առաջին հերթին կսկսեմ հայերեն սովորել։

Հայաստանը հիանալի երկիր է։ Այստեղ բոլորը, ում հանդիպեցինք, հոյակապ մարդիկ են։ Տեսարանները նույնպես շատ գեղեցիկ են։ Միգուցե այդքան էլ լավ ժամանակ չեմ ընտրել․ ծառերը տերևաթափ են եղել, ամեն ինչ շագանակագույն է, բայց ես պաշտում եմ սարերը և ուզում եմ ավելի շատ ոտքով քայլել Հայաստանով։ Բնությունը շատ գեղեցիկ է։

Ֆրանսիայի հետ համեմատելիս՝ ամենաակնհայտ տարբերությունը, կարծում եմ, կյանքի մակարդակն է։ Հայերը ավելի աղքատ են, քան ֆրանսիացիները, սակայն դրան հակառակ՝ տպավորություն է ստեղծվում, որ հայերը շատ ավելի լավ կյանքով են ապրում։ Այն սնունդը, որ այստեղ օգտագործում են, ավելի առողջարար է, մրգերն ու բանջարեղենը առանց պեստիցիդների ու քիմիկատների են։ Այստեղ կարողանում են վայելել պահը։ Ֆրանսիայում բոլորը զբաղված են միայն աշխատանքով և ժամանակ չեն գտնում նստարանին նստելու և իրենց շրջապատող մարդկանց հետ քննարկումներ անելու կամ էլ փողոցում մեկին հանդիպելով՝ հրավիրելու միասին սրճելու։ Ցավոք, մենք ունակ չենք նման բան անել։

Ինչպե՞ս ասեմ, այստեղ ինձ շատ-շատ-շատ-շատ լավ են ընդունել։ Հանդիպել ենք մարդկանց, ովքեր առաջին հայացքից շատ ջղային ու լուրջ են թվացել, բայց պարզվել է, որ իրականում շատ բարեհամբույր են։ Եվ ամեն անգամ, որ Երևանից դուրս էինք գտնվում, մեզ հյուրընկալողներն ամեն ինչ անում էին, որ մեզ լավ զգանք։

Մի օր գնացինք Բյուրականում զբոսնելու, ուզում էինք աստղադիտարան այցելել։ Փնտրում էինք ներս մտնելու ավելի էժան տարբերակներ, երբ մի ծերունի իր որդու հետ մոտեցավ։ Նա անմիջապես մեզ հրավիրեց իրենց տանը սրճելու։ Դե, հայկական սուրճն էլ միայն սուրճ չէ․ մրգեր, սուջուխ, շոկոլադ, հյութ ու էլի, ու էլի նոր բաներ են ավելացնում սեղանին։

Շատ ենք այսպիսի մարդկանց հանդիպել, ամենաքիչը երեք անգամ հրավիրել են սուրճ խմելու այդ օրը։ Հանկարծակի, բայց հանճարեղ պահեր էին։ Սա Հայաստանի հիանալի հյուրընկալությունն է։

Իմ պատմության մաս դարձավ նաև Գրիգոր պապիկը Բյուրականից, որն իր երիտասարդ տարիներին հարսանիքներին դուդուկ է նվագել։ Երբ հանդիպեցինք նրան, այգում գործ էր անում, 93 տարեկանում առանց դժվարության աստիճան էր բարձրանում։ Երբ ասացինք, որ երաժիշտ իրանացի ընկեր ունենք, անպայման ուզեց նվագել մեզ համար, դե՜, մի քանի անգամ խնդրելուց հետո։ Վերջին անգամ 15 տարի առաջ էր դուդուկը ձեռքը վերցրել, բայց նույնիսկ այդ տարիքում հաջող նվագեց։

Բայց էլի նման շատ պատմություններ եղան, հաճելի հանդիպումներ, զվարճալի և գեղեցիկ դեպքեր։ Սա առաջին երկիրն է, որտեղ ինձ ամենուրեք ապահով եմ զգում, ինչը չեմ կարող ասել Մարսելի և Հարավային Ամերիկայի երկրների մասին, որտեղ պետք է միշտ ուշադիր լինես իրերիդ ցանկացած վայրում։ Աստեղ նման բան չես տեսնի։

Հարցազրույցը վարեցին Անուշ Դավթյանը և Անետա Բաղդասարյանը

aniharutyunyanarm

Աթոռների բարձրությունն ու սեղանների մեծությունը

Փոքր տարիքում ես լաց էի լինում, երբ ինչ-որ բան էի ցանկանում, ու լացում էի այնքան, մինչև տալիս էին ցանկացածս։ Դա ամենասովորական, ամենահասարակ խաղալիքն էր, կոնֆետը, ափսեն, որը ջարդելու անհագ ցանկություն ունեի։ Հետո հասկացա, որ արդեն ոչ թե պետք է լացեմ, այլ ինքս գնամ ու վերցնեմ այն, ինչ ուզում եմ։ Ես, կարծես, մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ոչ թե հեշտությամբ պետք է գնամ ու հենց այնպես վերցնեմ ցանկացածս, այլ ճանապարհին ինչ-որ բաներ պետք է հաղթահարեմ՝ բարձր աթոռների տակով անցնել, սեղանները շրջանցել։ Բայց, անկախ ամեն ինչից, ես միշտ հասնում էի ցանկացածիս։ Փոքր տարիքում, իրոք, հեշտ էր։

Ամենածանրը, թերևս, այն օրն էր, երբ ես, հաղթահարելով բոլոր փորձությունները, հասա ու չկարողացա վերցնել կոնֆետները, որովհետև դրանց եղբայրս ինձնից շուտ էր հասել։ Չգիտեմ՝ որն է եղել քո առաջին հիասթափությունը, բայց դու կհասկանաս ինձ, եթե հիշես դա ու կներես, որ հիշեցնում եմ քեզ դրա մասին։ Ես գիտեմ, որ մանկությունն էլ չի լինելու ու չի լինելու նաև նպատակիս հասնելու ամենահեշտ տարբերակը՝ գնալ ու վերցնել։ Ճանապարհին միշտ բարձր-բարձր աթոռներ կհանդիպեն, մեծ սեղաններ, որոնց շրջանցելու համար կոշիկներ կմաշվեն ու մազեր կսպիտակեն, մարդիկ, որոնք ավելի շուտ կվերցնեն իմ նպատակը, բայց կլինեն նաև մարդիկ, որոնք լացող երեխային հանգստացնող մոր պես կգրկեն ինձ, ու ես նորից ինչ-որ տեղից ուժ կգտնեմ։ Ես գիտեմ, որ ճանապարհները սարսափելի երկար են լինում, ճանապարհները՝ դեպի լույսը տանող։ Լույսը, բայց իմ ներսի, որովհետև մութ թունելի վերջի լույսին սպասելու կարիք չեմ ունենա, եթե հասնեմ ու դուրս հանեմ իմ ներսի լույսը։ Բայց ես կշարունակեմ քայլել մութ թունելով, քայլել ու կոշիկներ մաշել այնքան, մինչև հասնեմ այդ լույսին, ու բոլոր նպատակների վերջում, բոլոր հաղթանակների ու պարանոցիցս կախված ոսկե «մեկերի» վերևում՝ ամենա-ամենա բարձրում, փոքր լույսը կդնեմ, որ հետո՝ վերջում, արդեն անցնելիք ճանապարհի փոխարեն լուսավորեմ անցածս ճանապարհը, որովհետև ես գիտեմ, որ ավելի շատ բարձր աթոռներ ու մեծ սեղաններ հաղթահարելուց հետո նպատակին հասնելն անտանելի հաճելի է։

Ես գիտեմ, որ երբեմն ամենադժվարը հասկանալն է այն, որ արդյոք նպատակը, որի համար ճանապարհներ պիտի անցնեմ, իրո՞ք պետք է ինձ, միգուցե դա մանկական քմահաճույք է՝ ափսե ու բաժակ կոտրելու նման։ Ես պիտի կյանքում իմ կոնֆետն ու իմ լույսին տանող ճանապարհը գտնեմ, որ վերջում մոռանամ անգամ ճանապարհի աթոռների բարձրության ու սեղանների մեծության մասին։

seroj araqelyan1

Վեր կաց, հերիք քնես

-Վեր կաց, շուտ արա, օրը ճաշ դառավ, դու դեռ քնած ես: Սաղ աշխարհը ընտրեց, դու մնացիր: Շուտ արի դպրոց:
- Ալո:
-Մի ժամ ա` խոսում եմ, ասում ես` ալո՞:
Ահա այսպիսին էր իմ առավոտը ընտրության օրը, երբ ընկերս զանգում ու մուննաթով պարտադրում է, որ գնամ ընտրության: Չնայած, ի՞նչ առավոտ: Քանի որ չեմ կարողանում խաբել, պետք է անկեղծ գրեմ՝ ժամը 13:30 էր, իսկ ես դեռ քնած էի: Բայց հաշվենք Երևան-Բաղանիս ավտոճանապարհի երկարությունը ու իմ գիշերվա տասնմեկին տուն մտնելը: Բայց դե հանուն իմ բարեկեցիկ ապագայի ամեն ինչ մի կողմ դրեցի և կտրվեցի իմ տաք անկողնուց, համարձակորեն կանգնելով սառը հատակին: Հիշեցի, որ արդեն չափահաս եմ: Իմ ընտանիքի անդամները միշտ քվեարկում էին բացի ինձնից: Իսկ էս քվեարկության ժամանակ, երբ պետք է քվեարկեի, չկա պապիկս՝ Սերյոժա Առաքելյանը, մեր տան մեծը: Հիմա արդեն ես եմ քվեարկում ու կարծես թե իր փոխարեն ու էլի նույն անուն-ազգանունով՝ Սերյոժա Առաքելյան: Դե ինչ շարժվեցինք դեպի դպրոց: Նայելով հեռուստացույցով և տեսնելով գոյացած հերթերը, չես ուզում գնալ, բայց էլի լավ ապագայի և արդար ընտրության համար գնում և կատարում ես քո քայլը:
- Պապ, ավտոն կտա՞ս, ավտոյով գնամ, եղանակը վատն ա:
-Չէ ընտրության օր ա, ու ոստիկաններ կան: Դու էլ պռավա չունես:
- Լավ,- ասացի ես ու, ցեխերի տակից դուրս եկած քարերի վրայով ցատկոտելով գնացի դեպի դպրոց:

Մտա դպրոց, էլի ինձ վաղուց չտեսած դեմքեր, նույն հարցերը, և և այս անգամ ավելացած «Ում ես ընտրելու» հարցը:
Շուտով մտնում եմ քվեասենյակ: Այստեղ արդեն ուրիշ մթնոլորտ է:

-Բարև, Սերյոժա ջան, ո՞նց ես, դասերդ լավ ե՞ն,- հարցնում են հանձնաժողովի անդամներից,- ձևը գիտես, չէ՞:
- Հա, իհարկե:
-Դե, շնորհավորում ենք առաջին անգամ ընտրության մասնակցելու համար, էս շքանշանը վերցրու ու գնա վերցրու թղթերը:
Հա~, փաստորեն սա են ծանոթներս նկարում ու գցում ֆեյսբուք, որ այսպիսի բան են ստացել որպես առաջին անգամ մասնակցող:

Մինչ ընտրությունները ես որոշել էի, թե ում պետք է ընտրեմ, ավելի ճիշտ որ կուսակցությանը, բայց մինչ ընտրությունները, բացահայտելով մի շարք վատ արարքներ տվյալ կուսակցության հետ կապված, հիասթափվել էի: Ու շատը հիասթափվեցի, երբ արդեն մաքուր արդար մեր Հայաստանում էլի փորձում էին անարդարություններ անել, ու հենց այդ կուսակցությունը:

Բայց դե, ինչպես նշեցի, մեր նոր Հայաստանում, որտեղ էլ աչք չեն փակվի վատ արարքների վրա, և այո, հենց այդպես էլ եղավ: Էն հիասթափությունը, որը ապրեցի, արդեն ջրի երես է ելել և բացահայտվում է: Այդ իսկ պատճառով գնում ենք արդարության հետևից, անում ենք մեր արդար քայլը:

Ես ընտրել եմ, արել եմ իմ քայլը հանուն լավ ապագայի, ու ամենակարևորը, արդար և ոչ թե մեկի պարտադրանքով, կամ կաշառքով: Կատարեցի իմ ընտրությունը ու հերթս տվեցի իմ հետևում կանգնած տարեց կնոջը:

Հ. Գ. Ճիշտ է ընտրությունները ավարտվել են, բայց արդար քայլ անելու համար պարտադիր չի ընտրություն լինի:

juli abrahamyan

Ակորդներն ակտուալ են

«Լյա մաժոր, չէ, ոնց որ մի մաժոր էր»:

Լինելով մեր ընտանիքի միակ քաղաքականության հետևողը` այսօր ես հանգիստ եմ: Շատ հանգիստ:
Լույսերն անջատել եմ, հեռուստացույցի ձայնն անջատել եմ ու նվագում եմ ինձ համար:
Իսկ մաման… Իսկ մաման լինելով մեր տան միակ մարդը, ով քաղաքականությունից շատ-շատ հեռու է` վերջին դեպքերից հետո դարձել է իսկական քաղաքական գործիչ:

-Դրանք պիտի չանցնեն…
-Տեսնենք, մա…

Պապային ընդհանրապես դա չի հետաքրքրում: Մեր տան քաղաքական չեզոք գոտին է:

Մի խոսքով, մոտավորապես հասկացաք մեր տան կառուցվածքը քաղաքական դեպքերի ժամանակ:

-Արա, դե սրանք էլ մի բան չեն, է,- մոռացա նշել բակում հանգրվանող ինտելեկտուալ ու քաղաքական տիտաններին, որոնք, անկախ թեմայից, գիտեն «որը որից հետո ա»:
-Ռուսը ոնց ասի` տենց ա:

«Երբ բամբասանքները շատ են` լրագրողի աշխատանքն է… Թե` դո մինոր էր…»

-Մի հատ ձայնը բարձրացրու` տեսնենք ` ինչ ա կատարվում:
-Մամ, դիագրամը ներքևն ա`  նայի:

-Դե որ ասում էի` վստահել պետք չի, նույն բանն են, արա…
-Դու էլ հո չասի՞ր:
-Հա, հա: Էն կոալիցիոն ա ինչ ա` դրանից են հեսա կազմելու

-Կոալիցիա,- քթիս տակ խոսում եմ հինգ հարկ ներքև և երկու մետր աջ գտնվող մարդկանց հետ ու փորձում եմ ճիշտ ակորդը գտնել:

«Դրանց ցրելն է նրա աշխատանքը: Չէ, հաստատ չպիտի անցնեն: Հազար եմ ասել` չեզոք լինել է պետք: Բայց չէ, հաստատ չպիտի անցնեն, է…Գտա` ֆա է, հաստատ ֆա բեմոլ է»:

Հասկանո՞ւմ եք` ակորդները միշտ էլ ակտուալ են:
Քաղաքականությո՞ւն` ակտուալ է:
Երաժշտությո՞ւն` բա առանց դրա՞:
Լեզունե՞ր` ակտուալ է:

-Հը՞ն, քանի՞ տոկոս է:
-Նայի, էլի, գրված է…

-Հիմա ո՞վ անցավ,- մոռացա ասել, որ իմ շրջապատի միակ քաղաքականությունից հասկացողն էլ եմ ես, իսկ սա ընկերուհուս կողմից նամակ է:

«…որը ես կանտեսեմ: Երևի նյութ գրեմ, չնայած` շատ խառն եմ գրում` խեղճ Մարիամ, ինչքա~ն կետադրական է ուղղում ամեն անգամ իմ նյութերը կարդալիս:
Հիմա ո՞վ անցավ…»

-Ըհըն, հեսա սրանք էլ կանցնեն` նույն բանը կլինի:
-Տո, որ ուզում ես իմանաս` լավ էլ կանեն, որ անցնեն:
-Հո դու էլ չասի՞ր,- բավականին գրագետ ու թեժ բանավեճ էր տիրում մեր քաղաքատիտանների միջև:

-Մամ, չե՞ս տեսել նոտաներս:
-Իհարկե, չեմ տեսել:
-Լավ…

«Չմոռանամ` երեքշաբթի գնամ «Մանանա»: Երևի երեխեքից մի քանիսին էլ կտեսնեմ էնտեղ: Շատ լավ կլինի… Շատ լավ կլինի, որ այ, էն մեկը չանցնի: Չեզոքություն է պետք, չեզոքություն: Ամեն անգամ որոշում ես չեզոք լինել` չի ստացվում»

Էլ ոչինչ չի ստացվում, ոչինչ` կանցնի:

-Մա՞մ:
-Թղթերդ չգիտեմ, թե ուր են:
-Չէ, մամ, ուրիշ բան եմ ասում: Չանցան…
-Այ, սա ուրիշ բան…