«Անհայտ հասցեի» անակնկալ այցը Կալավան

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Վերջերս կրկին Կալավան էին եկել «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Կազմակերպել էին հետաքրքիր համերգ, բերել էին իրենց հետ ծաղրածու և վագրիկի կոստյումով խաղավարի։ Ուրախացրին փոքրիկ երեխաներին, կազմակերպեցին հետաքրքիր խաղեր, հաղթողներին բաժանեցին փափուկ խաղալիքներ:

Նրանք իրենց հետ բերել էին գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ: «Անհայտ հասցե» հեռուստախաղի պրոդյուսեր Սահակ Ասատրյանը բերել էր իր գիրքը, որը կոչվում է «Հոգուս մտորումները»։ Այդ գրքից հաջորդ օրը տնօրենը բոլորիս բաժանեց։ Ի դեպ, ասեմ, որ Սահակ Ասատրյանը շատ գեղեցիկ է գրում:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Ասացին, որ անպայման էլի կգան Կալավան, քանի որ շատ էին կապվել մեր գյուղին: Ու նաև ասացին, որ նման միջոցառումներ էլի ու էլի են կրկնվելու: Հա, ի դեպ, մոռացա նշել՝ նրանք պատվոգիր հանձնեցին «Time land» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանին, շնորհակալություն հայտնեցին, որ միշտ եղել է իրենց կողքին և օգնել է ամեն հարցում, պատվոգիր տվեցին նաև Հովիկ Ղուկասյանին։

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Հիանալի արկածներով ու անմոռաց օր ունեցանք «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցների հետ, անչափ շնորհակալ ենք նրանց նման հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար, միշտ կհիշենք նրանց ու կկարոտենք:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Սակայն սա դեռ ամենը չէ: Օրեր առաջ Կալավան էին եկել Ջուլիետա Բաբայանը և Գոռ Հարությունյանը՝ Գրողների միությունից: Մեզ համար կազմակերպել էին ասմունքի երեկո։ Գոռ Հարությունյանը բերել էր իր գիրքը, որը կոչվում է «Միջանկյալ զրույց»: Բարձր դասարանի երեխաները նաև հինգ բջջային հեռախոս նվեր ստացան։

mariam nalbandyan

Հայաստանը և Ֆրանկոֆոնիան։ Ֆրանկոֆոն ավան

Մի կերպ աջ ոտքս ծալելով՝ երեկոյան ժամը իննին ընկա բազկաթոռիս։ Նոր եմ տուն եկել Ֆրանկոֆոն ավանից։ Ինչպես համարյա բոլոր ֆրանսախոս երիտասարդները, ես էլ այժմ կամավոր եմ։ Աշխատանքս այսօր է սկսվել, հյուրանոցի ու օդանավակայանի ընկերներիցս մեկ օր ուշ, մեկ օր էլ ես եմ բաց թողել թեթև սխալի պատճառով։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այսօր առավոտյան ժամը 11-ին ես ստացա իմ շապիկը, բեյջը ու միանգամից անցա աշխատանքի, քանի որ ֆրանսախոս կամավորները շատ պահանջված էին։ Ու այդպես ոչ մի րոպե չնստեցի մինչև ժամը երեկոյան 8-ը, անգամ մեկ-մեկ հեռախոսիս չնայեցի։ Պատմեմ, թե ինչ է կատարվում առհասարակ Ֆրանկոֆոն ավանում։

Ֆրանկոֆոն ավանը տեղակայված է Օպերայի բակում և կազմված է տարբեր երկրների ու կազմակերպությունների տաղավարներից։ Այստեղ այդ կազմակերպությունները ներկայացնում են իրենք իրենց, իրենց երկիրը ու Ֆրանկոֆոնիան։ Իսկ բակում անընդհատ տարբեր կատարումներ, երգեր, պարեր ու հետաքրքիր այլ բաներ են կատարվում։ Ընդհանրապես, համեմատելով իմ օրը հյուրանոցում նստած ձանձրացող ընկերուհուս օրվա հետ, կարող եմ հաստատ ասել, որ ամենահետաքրքիրը մեզ մոտ է անցնում։ Իսկ հնչող երաժշտությունը ամենահոգնած պահին էլ նոր ուժ է տալիս։

Եթե «Կարմիր Գլխարկի նոր պատմությունը» մուլտֆիլմը տեսել եք, ասեմ, որ այսօր ես ճիշտ դրա միջի Ճտպտիկն էի՝ սկյուռը։ Չեմ հիշում վերջին անգամ երբ էի այսքան ակտիվ եղել։ Ես այսօր աշխատում էի Քվեբեկի տաղավարում։ Քվեբեկը, ինչպես գիտեք, երկիր չէ, այլ շրջան Կանադայում, բայց այն միակ շրջանն է, որտեղ ֆրանսերեն են խոսում։ Հետևաբար, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Քվեբեկը միշտ ընդունվում է որպես առանձին երկիր, ինչն էլ շատ կարևոր է այս շրջանի ժողովրդի համար։ Կարող եմ առանց չափազանցնելու նշել, որ Քվեբեկի տաղավարում ամենահետաքրքիրն էր, որովհետև այդքան շատ մարդ միայն մեզ մոտ կար։ Մենք երեք կետ ունեինք՝ առաջինում լսում եք շատ գեղեցիկ երաժշտություն և վիրտուալ իրականության միջոցով հայտնվում եք Քվեբեկի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Ես դեռ ինքս չեմ հասցրել նայել դա, բայց բոլորն ասում են՝ շատ գեղեցիկ է։ Վաղը փորձեմ հարմարեցնել։ Մյուս կետում կարող եք ծանոթանալ Lojiq կազմակերպության հետ, իսկ երրորդում՝ նկարվել որպես ձկնորսներ։ Ես ամբողջ օրը աշխատել եմ երրորդ կետում։ Հագնում եք տաք գլխարկ, վերարկու, ծածկվում եք ծածկոցով, նստում կոճղին ու կառթով ձուկ բռնում սառույցի մեջ բացված անցքից, ինչպես Քվեբեկում։ Եվ իզուր չէ, որ ես ձեզ այդքան տաք եմ հագցնում, մի մոռացեք, որ Քվեբեկում՝ այդ շրջաններում, որտեղ սառույցից ձուկ են բռնում, -40 աստիճան է։ Նկարվում եք այդպես, և մենք անմիջապես ուղարկում ենք նկարը ձեր մեյլին։ Դե, իսկ ես այսքան մարդուն հագցնում էի, նստեցնում, հետո վերցնում շորերը, հագցնում նախապատրաստում մյուս նկարվողներին, բացատրում ամեն ինչ։ Ինձ պետք էր մի քանի զույգ ձեռք ավել ունենալ, մի քանի լեզու էլ՝ ավելի, որովհետև երբեմն, երբ մենյուս էի առաջարկում՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն, մարդիկ կային, որ բացասաբար շարժում էին գլուխը։ Դե, իսկ այդ ժամանակ արդեն բոլորին հայտնի «ձեռուոտով» էինք խոսում։

Հազար հոգու եմ այսօր հագցրել, դասավորել կադրի մեջ, հանել հագցրածս շորերը, հազարավոր հարցերի պատասխանել այնքան, որ հիմա բազկաթոռիս ընկած, զգում եմ, որ չեմ կարողանում մորս հարցերին պատասխանել, որովհետև այնքան բարեհամբույր ու շփվող եմ եղել այսօր, որ շփման լիմիտս սպառվել է, էլ խոսել չեմ կարողանում։

Դե, իսկ Քվեբեկում մի տեղ հիմա երկու վանդակավոր վերարկուներով տղամարդիկ նստած սառցակտորի վրա թերմոսից տաք թեյ են խմում, ձուկ որսում ու ֆրանսերեն խոսում Հայաստանի մասին։

Հայաստանը և Ֆրանկոֆոնիան։ Հյուրանոցում

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Արդեն երրորդ օրն է, ինչ սկսվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, դե, երևի արդեն լսել եք, կամ Օպերայի բակում, օդանավակայանում կամ էլ ուղղակի փողոցով քայլող երիտասարդների եք տեսել՝ կապույտ շապիկով, վրան էլ գրված «Ժը սուի բենեվոլ» (je suis bénévole- ես կամավոր եմ), հա ու անբաժան մաս կազմող և բոլոր դռները բացող բեյջով: Դե լավ, չափազանցրի, քեզ՝ հյուրանոցի խղճուկ կամավորի բեյջով, Համալիր ոչ ոք չի թողնի:

Եվ արդեն երրորդ օրն է, ինչ ժամը 2-ին գալիս եմ հյուրանոց, նստում իմ «պոստին» ու համակ ուշադրությամբ նայում մուտքի պտտվող դռանը, որ գոնե մի հոգի մեր հյուրերից գա, ու ես իմ ցուցակում իր անվան դիմաց + դնեմ: Իսկ եթե բախտդ բերում է, ու հյուրը որևէ հարց ունի, ապա վերջ, միանգամից քեզ կարևոր ես զգում և մաքսիմալ գրագետ ֆրանսերենով փորձում ես պատասխանել և ինչ-որ ձևով նրան օգնել:

Դե ինչ, ասեմ, այս երեք օրվա ընթացքում ամենաշատ օգտագործվող բառերից են՝ «բարև ձեզ», «ցտեսություն», «ինչպես եք» և «շատ լավ»։ Ինչպես հասկացաք, այդքան էլ հետաքրքիր չի անցնում օրս, շատ բան չեմ պատմում, այդ իսկ պատճառով փորձում եմ ժամանակս սպառել «Լեդիբագ»-ի խաղի աշխարհները անցնելով և «չարերին» հաղթելով կամ էլ ինչպես հիմա՝ նյութ գրելով:

Երևի ամենահետաքրքիր դեպքը եղել է առաջին օրը, երբ երեկոյան ժամին այստեղ հավաքվեցին մի քանի երկրի պատվիրակության ուղեկցողները: Եվ հենց այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա օգտագործելու ֆրանսերենս. հեռախոսով խոսեցի Կոնգոյի դեսպանի հետ, ումից պետք էր իմանալ Կոնգոյի նախագահի Երևան ժամանման օրը: Եվ արդեն 100% վստահությամբ կարող եմ ասել, որ աֆրիկացի կնոջ հեռախոսով ասածն ավելի հեշտ էր հասկանալ, քան ԴԵԼՖ-ի (ֆրանսերենի միջազգային քննություն) քննության լսողական հանձնարարությունը:

Հիմա նստած գրում եմ նյութս, կողքիս թիմիս անդամները «Ռիսկ թե ճշմարտություն» են խաղում:

-Ըհը, ծառայողական մեքենա եկավ, հաստատ պատվիրակություն ա:

Anush margaryan

Արտևանունքներ՝ գունավոր երազանքնե՞ր

-Արտևանունքները աչքի օժանդակ ապարատի մեջ են մտնում,- վեհ ձայնով կարտաբերեն ճերմակ խալաթներով մարդուկները, այդ ընթացքում էլ մի լավ կթարթեն:

-Արտևանունքներ, թարթիչներ, թերթերունքներ… Չքնաղ բառեր են, ա՜խ, այս նոր սերունդը ինչպե՞ս չի գնահատում,- կաղաղակեն լեզվի տեսչության աշխատակիցները:

-Թարթիչավորնե՜ր, թարթիչնե՜ր,- մտքում կկրկնեն ու հերթական ինֆուզորիային մանրադիտակի տակ կզննեն բրիտանացի գիտնականները:

Դե, իսկ գուգլում դու անպայման կգտնես «Ինչպես ունենալ ավելի փարթամ թարթիչներ», «Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչպես կարելի է երկարացնել ձեր թարթիչները ընդամենը 1 վայրկյանում» վերնագրերով անթիվ-անհամար հոդվածներ՝ միմիայն Ձեր թարթիչների բարօրության համար:

Ը՜, իսկ եթե հարցնեք ինձ նման Նոստրադամուսին, ապա անպայման ձեզ խորհուրդ կտամ եռացնել ձեր թարթիչը, ավելացնել կես թեյի գդալ շաքարավազ ու կակաո: Չէ՜, իրականում կատակում եմ: Դուք չեք էլ հասցնի նկատել Ձեր այտի վրա ընկած թարթիչը, քանի որ ես արդեն ձեզ հիշեցրած կլինեմ այդ փոքրիկ էակի մասին ու դուք, ամենայն հավանականությամբ, երազանք պահելու ճանապարհին կլինեք:

Դասընկերներս կարծում են, որ իմ ամենասիրելի զբաղմունքը թարթիչներ փնտրելն է ու մարդկանց ստիպելը, որ ցանկություններ ու երազանքներ պահեն: Դե՜, ինչ արած, ես էլ թարթիչաբան կլինեմ ու կհիմնադրեմ «Թարթիչալոգիա» գիտությունը:

-Անո՜ւշ, շուտ երազանք պահիր ու ասա՛, թե որ այտիդ է թարթիչը,- բղավեց Նարեն՝ ընկերուհիս, մինչ ես փորձում էի ստամոքսումս տեղավորել բուլկու վերջին մասնիկը:

Նարեն իմ ապագա նոր գիտության հետևորդներից է:

-Ա՞ջ,- սրտատրոփ ու անհանգիստ պատասխանեցի ես:

-Է՜, սխալվեցիր, որ ասեիր` ձախ, ի՞նչ կլիներ,- զայրացավ Նարեն ու այտիցս վերցրեց թարթիչը:

-Ո՜ւֆ, չգիտեմ, Նարե, արդեն երկրորդ անգամն է, որ նույն երազանքն եմ պահում, բայց մեկ է, սխալ եմ գուշակում: Բա որ չկատարվի՞: Ա՜խր…

-Ոչ մի ախր, երազանքները թարթիչների շնորհիվ չէ, որ կատարվում են. երազանքների համար պայքարում են, աշխատում ու իրագործում…

Հը՜մ, գիտե՞ս, այ հիմա քո այտին մի փոքրիկ ու սիրուն թարթիչ կա, չգիտեմ` ասեմ քեզ դրա մասին, որ երազանք պահես, թե՞ լսեմ Նարեին ու լռեմ… Ըըը, դե ասա՝ ո՞ր այտիդ է…

Sargis Melkonyan

Վերածնվի՛ր, Ագարակ

Շատ դժվար է խոսել նրա մասին, որին սիրում ես անչափ, որով ապրում ես ամեն օր, ու որը ապրեցնում ես ինքդ։ Նրա մասին, որ քեզ հետ է ծնվելուդ օրվանից, ու դառնում է քո վերադարձի բոլոր նախադասությունների վերջակետը։ Չգիտես նրա սկիզբն ու վերջը, բայց գիտես նրան ամբողջովին՝ ամեն մասնիկ, ամեն քար, ծառ, թուփ, տուն, բնակիչ․․․ Իմ գյուղը Ագարակն է, որ հազարամյակների պատմություն ունի իբրեւ բնակավայր, ու պարբերաբար ամայացել է, որ 1918-ին վերաբնակեցվել է Վանի շրջանից գաղթած հայերով, ու որ վերածնվում է այսօր։

Ես փոքր էի, այդքան լավ չեմ հիշում, բայց նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես էր առաջ։ Ինչպես էր գյուղն ապրում առանց մատուռի, ինչպե՞ս էր հիշում իր հերոսներին ու քույր-եղբայրներին, ովքեր նահատակվեցին 1915-ին, որտե՞ղ էին խաղում երեխաները․․․ Այս ամենի մասին ես լսել եմ իմ ավագ ընկերների պատմություններից, որովհետեւ երբ 5-6 տարեկան էի, գյուղս սկսվեց վերածնվել մի մարդու շնորհիվ, ով իմ տարիքից (15-16) հեռանալով հայրենի գյուղից ու երկրից, սկսեց կերտել սեփական ճակատագիրը, բայց անգամ հեռվում գտնվելով, իր կյանքը կապեց հայրենի Ագարակի հետ։

Տարիներ անց նա եկավ Ագարակ ու սկսեց շենացնել գյուղը։ Հայոց Ցեղասպանության նահատակների, Մեծ Հայրենականի եւ Արցախյան Ազատամարտի մասնակիցների հուշահամալիր, Մատուռ-եկեղեցի ու Զանգակատուն, խաղահրապարակ, Արարատ 73-ի հաղթանակի հուշարձան, դպրոցի վերանորոգում, սպորտդահլիճի կառուցում, նախակրթարանի ստեղծում, Ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկեր-խճանկար, խաչաղբյուր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ու դեռ ավելին, ստեղծվեցին գյուղում հենց այս մարդու շնորհիվ։ Նրա անունն է` Հրաչյա Պողոսյան, բոլոր գյուղացիների համար՝ բարեկամ եւ ընկեր։

2008 թվականին հենց նրա նախաձեռնությամբ կառուցված եւ Գարեգին Բ-ի կողմից օծված եկեղեցու բացմամբ սկիզբ դրվեց Ագարակի վերածննդի ժամանակաշրջանին։ Ամեն տարի հոկտեմբերին Ագարակ գյուղը մեծ շուքով նշում է իր տոնը, իր Վերածնունդը, որովհետեւ հիմա էլ առաջվանը չէ, որովհետեւ փոփոխությունները, որ փոքր քայլեր են գուցե, թռիչք են ագարակցիների համար։ Ու բոլորը դա գիտեն Ագարակում։ Զգում են։

Ագարակի Վերածննդի տասնամյակին բարերարի շնորհիվ գյուղ բերվեց Թավշյա հեղափոխության օրերին տիեզերքում գտնված ՀՀ դրոշը, որը հանձնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ագարակում էին նաեւ տիեզերագնաց Անտոն Նիկոլայեվիչը, Արարատ 73-ի ֆուտբոլիստները, ՀՀ պատվարժան գործիչներ ու վաստակավոր արտիստներ․․․

Անասելի կարեւոր է հիմա, որ ագարակցին չի ամաչում ասել, որ գյուղում է ապրում, որովհետեւ Ագարակը վերածնվել է, որովհետեւ հիմա Ագարակից չեն հեռանում, եւ որովհետեւ Ագարակը դարձել է մեր բոլոր վերադարձների վերջնակետը։

ofelya hovhannisyan

Երկու տարի «Մանանայի» հետ

Երկու տարի առաջ էր, երբ «Մանանա» թիմի անդամները եկան մեր դպրոց։ Մասնակցելով դասընթացին՝ մտածում էի՝ ինչու ես էլ չդառնամ այդ պատանի թղթակիցներից մեկը։ Երբ եկա տուն, արագ գրեցի այն հոդվածները, որոնք հանձնարարված էին։ Ես երբեք չեմ փոշմանում դրա համար, դեռ ավելին, իմ շրջապատում շատերի մոտ ես պատվով եմ նշում, որ ես «Մանանայի» մի մասնիկն եմ։ Ես շատերին եմ պատմում 17.am-ի մասին և հորդորում, որ իրենք էլ փորձեն նյութեր գրել, լուսանկարներ անել, միգուցե իրենք էլ կարողանան, ինչպես ես կարողացա։ Սկզբում շատ դժվար էր նյութեր գրելը, բայց ես հաղթահարեցի, սկսեցի գրել տարբեր թեմաներով։ Ես շնորհակալ եմ 17.am-ին սխալներս ուղղելու, այլ ոչ թե քողարկելու համար։ Ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման համար։ Ես երբեք չեմ մտածել լրագրող դառնալու մասին, բայց խորանալով այս բնագավառում՝ զգացի, որ հենց սա է իմը։ Այո, իսկապես, 17.am-ը իմ երկրորդ ընտանիքն է, որտեղ ես խոսում եմ ինձ հուզող հարցերի մասին՝ ինչպես իմ ընտանիքում, պատմում եմ իմ նախասիրությունների, հետաքրքրությունների, նպատակների մասին՝ ինչպես կպատմեի ընկերներիս։ Գալիս է մի պահ, երբ ես ինձ մենակ եմ զգում, բայց այդ պահին բարձրաձայն ասում եմ.

-Հոպ, դու մենակությունի՞ց ես խոսում, բա 17.am-ը՞։

Այո, գուցե ստացվի այնպես, որ ընկերներիդ հետ չկարողանաս կապվել կամ էլ այդ հարցի շուրջ չցանկանաս խոսել՝ մտածելով, որ կձանձրացնես քո անիմաստ պատմություններով, սակայն իմ «Մանանան» ոչ միայն լսում է իմ անհեթեթ, միգուցե նաև հետաքրքիր պատմությունները, այլ նաև հորդորում, որ պասիվ չլինեմ։

Ես շնորհակալ եմ «Մանանային» ինձ օգնելու, լսելու և քաջալերելու համար։ Ընտանիք, որի հիմքը անկեղծությունն է, միմյանց օգնելը և ամենակարևորը՝ սխալները ուղղելով մեծ հաղթանակների հասնելը։

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը

Հոկտեմբերի 7-ը շատերիդ համար թերևս սովորական, ոչինչ չասող ամսաթիվ է, մի հերթական կիրակի, որին ուշադրություն էլ չէիք դարձնի, եթե հանկարծ ճանապարհին չընկնեիք խցանման մեջ ու չհասկանայիք, որ պատճառը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի կամ մի քանիսի փակ լինելն է: Իսկ դրանք երբեմն-երբեմն փակ են, որովհետև ամսի 7-ից քաղաքը սկսել է ապրել նոր, անսովոր ու մի քիչ խենթ ռիթմով. Հայաստանը մեկ շաբաթով ֆրանկոֆոնիայի սիրտն է, կամ գուցե, հակառակը, Ֆրանկոֆոնիան է մեկ շաբաթով Հայաստանի սրտում՝ Երևանում: Ֆրանկոֆոնիան Հայաստանի սրտում է, որովհետև Երևանի փողոցները չափչփող կապույտ վերնաշապիկով երիտասարդները տարիներ ի վեր սովորում են ֆրանսերեն ու պիտի այն իրենց հայրենիքում օգտագործելու հնարավորություն ունենային, որովհետև օտարերկրյա դիվանագետները, քաղաքական գործիչները, լրագրողներն ու թեկուզ հասարակ քաղաքացիներն ի վերջո պիտի տեսնեին Հայաստանը ներսից՝ իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով, իր արևոտ փողոցներով ու ջերմ մարդկանցով, որովհետև Ազնավուրը պիտի լիներ ու պիտի երգեր Հանրապետության հրապարակում՝ ոտքերի տակ զգալով իր արմատների հողը, իսկ օդում՝ ողջ աշխարհի սերն իր արվեստի նկատմամբ: Ազնավուրը հիմա էլ կա ու հիմա էլ է երգում՝ սկսած երևանյան ամենափոքր կրպակից, հրապարակի երգող շատրվաններից մինչև Ազատության հրապարակ, որտեղ արդեն երեկվանից Ֆրանկոֆոնիայի ավանն է գործում: Ազնավուրը երգում է, իսկ մարդիկ գալիս են ու շրջում տաղավարներով՝ Ռուանդայից մինչև Քվեբեկ, Լեհաստանից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Երևան, մինչև անգամ մեր համալսարան, որի շողքը, թվում է, ինձ ամենուր է ուղեկցում, նույնիսկ եթե համալսարանական դասերն այս շաբաթ հանվել են, ու համալսարանը մեզ «նվիրել է» Ֆրանկոֆոնիային՝ ճիշտ է, դժվարությամբ ու, համոզված եմ, մեր ձմեռային արձակուրդը կրճատելու գնով, բայց սիրով ու «բաց ձեռքերով»: Դե՜, մենք էլ մեր հերթին նվիրվել ենք Ֆրանկոֆոնիային ու փորձում ենք գլուխ հանել ազգային, կրոնական, արժեհամակարգային ու մարդկային այս բազմազանության մեջ, որին միավորել է երկու բան՝ Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը:

Քեզ համար, Երևան

Հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գեղարվեստական ցերեկույթ, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։

Մինչ միջոցառումն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը։
Այնուհետև հնչեց նրա «Քեզ համար, Հայաստան» երգը։
Միջոցառումն սկսվեց Էրեբունի-Երևանի կառուցման պատմությամբ։
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, հանրապետության մշակութային, գիտական կենտրոնը։ «Հաղթանակ» զբոսայգուց նայելիս՝ Երևանը վարդագույն քարե ծաղիկ է թվում, դիմացդ հառնում է Արարատը։ Այնտեղ՝ հեռվում ուրվագծվող բլուրների վրա, դարեր շարունակ եղել են բնակավայրեր, իսկ Ավանի ձորի լանջերը և Հրազդանի քարայրները կացարաններ են եղել դեռևս մարդկության պատմության արշալույսին։ Պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում ներկայիս Երևանի տարբեր մասերում հայտնաբերվել են դամբարաններ, նյութական մշակութային բազմաթիվ մնացորդներ։ Երևանի տարածքի հնագուն բնակավայրերից է Շենգավիթը, որին հաջորդել են Ծիծեռնակաբերդի, Վարդաձորի բլուրի բրոնզեդարյան բնակավայրերը։
Միջոցառման ընթացքում ասմունքող երիտասարդների շուրթերից ներկաները լսեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ նվիրված մայրաքաղաք Երևանին։
Երևանին նվիրված գովքեր են գրել գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները։
Վայոց Ձորի տաղանդաշատ երեխաները՝ Անահիտ Գևորգյանը և Մհեր Մհերյանը, որոնք գրադարանի լավագույն ընթերցողներն են և այս տարի մասնակցում էին մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլերին («1+1» անվամբ), ներկա էին Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկան դուետով։

Հաղթանակած կալավանցիները

Սովորական առավոտ էր, երբ վեր կացա անկողնուցս, որ գնամ դասի: Դասը սկսվեց, եկավ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ Ստելլա Բարսեղյանը, և ասաց.

-Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի է ունենալու սպորտային մեծ փառատոն, տարիքը՝ անսահմանափակ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:

Դասամիջոցի զանգը հնչելուն պես տնօրեն տիկին Քեշիշյանը մեզ բոլորիս հավաքեց և ասաց․

-Պետք է անպայման մասնակցենք և հաղթենք:

Մենք ոգևորված համաձայնեցինք, ընտրեցինք մեզ համապատասխան սպորտաձևը և տրամադրվեցինք մարտական:

Հաջորդ օրը ժամը 10։00-ին եկավ համապատասխան մեքենան, և մենք ուղևորվեցինք դեպի Ճամբարակ: Այնտեղ մեզ դիմավորեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, ոգևորեց ու ասաց.

-Պետք է անպայման հաղթենք: 

Մենք մասնակցեցինք բազկամարտին, շախմատին, հազար մետր վազքին և նարդիին: Բոլորը հիացած էին Կալավանի և Այգուտի դպրոցներով, ուսուցչուհին ցնծում էր:

Մենք մասնակցեցինք սպորտային մեծ փառատոնին, ծանոթացանք նոր մարդկանց հետ, բարձր պահեցինք թե՛ դպրոցի պատիվը, թե՛ գյուղի: Ուրախ, հաղթանակած վերադարձանք գյուղ:

Ես անչափ ուրախ եմ, որ ապրում եմ փոքրիկ, բայց արդեն մեծ անուն ունեցող Կալավանում:

elada

Ուսանողական կյանք

Ուղիղ մեկ ամիս առաջ էր, երբ հասկացա, որ պետք է Երևանի փողոցների անունները սովորեմ, խորապես ուսումնասիրեմ Երևանի քարտեզը, կամ` թե որ տրանսպորտը քաղաքի որ մասն է գնում… Զուտ նրա համար, որ արդեն ուսանող եմ։

Ուսանողական կյանքս սկսվեց սեպտեմբերի 3-ին ժամը 6:00-ին, արթնացա առանց տրտնջալու: Չէ՞ որ առաջին օրն էր, որ պետք է մուտք գործեի Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին։

Առավոտյան պատրաստվեցի, շտապեցի կանգառ: Կանգառը գտնվում է գյուղամիջյան գլխավոր ճանապարհահատվածի վրա՝ մեր տան մոտակայքում։ Այն գյուղում հայտնի է Արզականի կանգառ անվամբ, քանի որ միայն տվյալ կանգառի վրա է դարբնանախշ տառերով գրված Արզական, մյուսները փոքրիկ սպասասրահներ են:

Կանգառում ինձանից և մի քանի ծլվլացող ծիտիկներից բացի ոչ ոք չկար, անգամ մեքենաների շարժը չէր նկատվում:

7:10-ին ուսանողական տրանսպորտը հայտնվեց կանգառում, նստեցի ու հենց այդ պահից «ուսանողական տրանսպորտ» անվանումն ինքս ինձ համար փոխեցի «շուկայագնաց տրանսպորտ», քանի որ ուսանողներից բացի տրանսպորտում կային մրգերով և բանջարեղենով լի պարկեր և արկղեր: Տրանսպորտը, սլանալով դեպի Երևան, իր ներսում միանգամից հավաքեց այնքան մարդ, որ հաշվելն անհնարին էր։ Ամեն անգամ փորձում եմ հաշվել, հաշիվս կորցնում եմ…

Նշեմ, որ առաջին օրը մի քանի «բարի» մարդկանց օգնությամբ կանգ առա Նար-Դոս փողոցի վրա, և ստիպված էի մոտ վեց կանգառ քայլել՝ մինչև համալսարան հասնելս։

Երբ հասա ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ, արդեն հասկացա, որ կարող եմ ինձ համարել ուսանող:

Կուրսընկերներով հավաքվեցինք, և ուղեկցեցին մեզ դեպի դահլիճ, որտեղ առաջին կուրսեցիներիս իր ողջույնի խոսքն ասաց ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկան պարոն Թադևոսյանը, այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը:

Մի շարք ողջույնի խոսքերից հետո եկավ մեզ համար մի պատմական պահ․ ամբողջ դահլիճով մեկ ասացին, որ լրագրողները կանգնեն ոտքի և հետևեն Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ պարոն Գալստյանին:

Մենք մեր փոքրիկ 8 հոգանոց կուրսով վստահ կանգնեցինք ոտքի, բոլորը ուշադիր մեզ էին նայում…

Իսկ մենք մեզ արդեն լրագրող էինք երևակայում… Ինչո՞ւ ոչ։

Սակայն, փոքր-ինչ հետո իմացանք, որ մենք դեռ «շնիկներ» ենք:

Հետևեցինք պարոն Գալստյանին, նա մեզ ուղեկցեց 205 լսարան, որը, ինչպես հայտնի դարձավ մեզ, անվանակոչված է Ստեփան Պողոսյանի անունով:

Պարոն Գալստյանի հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացանք, որ մենք այստեղ դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու, ուսումնասիրելու:

Ծանոթացանք մի քանի դասախոսների հետ, կիսվեցինք մտահոգություններով, ստացանք պատասխաններ:

Եվ այսպիսով, արդեն առաջին օրը մենք հասկացանք, որ դասարանը փոխարինել ենք լսարանով, դասղեկը՝ կուրսղեկով, և սա մեր նոր կյանքի առաջին հրաշք օրերից մեկն էր՝ մի փոքր արկածային, մի քիչ մտահոգ, առավել հիացական…

Ամեն ինչ դեռ առջևում է։