elada petrosyan

Վերադառնանք իրական աշխարհ

Ամանորյա տոնը գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե մոլորակի համայն մարդկությունը՝ մեծ թե փոքր, սևամորթ թե սպիտակ, առողջ թե հիվանդ, աղքատ թե հարուստ, հաջողակ թե ձախորդ, սիրված թե խռոված, երբ ղողանջում են Նոր տարավա սկիզբն ազդարարող զանգերը, անխտիր բարիանում ու մանկանում է, թեկուզ մի քանի վայրկյան: Բայց այդ, մի քանի վայրկյանի հավաքական բարության պաշարն է երևի, որ պահում է այս մոլորակը՝ չնայած ամեն կողմից հասնող չարագույժ լուրերին՝ մրրիկների ու ջրհեղեղների, հրդեհների ու երաշտների, համաճարակների ու այլևայլ աղետների մասին:

Նոր տարին բազմաթիվ նվերների ու ավելի լավն ակնկալելու հույսեր է բերում: Մեզանից յուրաքանչյուրը ասես երեխա է դառնում. մեզ շրջապատող իրականությունը սկսում ենք մանկան աչքերով ընկալել, թեև վաղուց արդեն հասուն մարդ ենք: Այս օրերին այնպես ես ուզում հավատալ Ձմեռ պապին ու Ձյունանուշին, այնպես ես սպասում, որ իսկապես այցելեն քո տուն:

Եվ այս ամենի պատճառը Նոր տարին է, երբ նորոգվում են ամենաբաղձալի երազանքները: Պետք է միայն հավատալ բարուն, հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, և մեզ ամեն ինչ հաջողվելու է:

Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների, ընկերների, սիրելիների ներկայությունը, մինչդեռ մենք շատ հաճախ շփման նմանակում ենք անում. գրում ենք sms-ներ, զրուցում չաթերում: Ընկերների հետ խոսելու փոխարեն՝ մենք էլեկտրոնային նամակներ ենք ուղարկում: Ախր, ցանցում շփվելու համար աչքերի մեջ նայելու, ժպտալու և ձայնի հնչերանգով շոյվելու կարիք չկա: Այդ ամենը պարզապես պատկերում ենք անհասկանալի նշանների միջոցով: Եթե սմայլիկ, օգտատերը ժպտում է, թարս սմայլիկ՝ օգտատերը նեղացած է: Ցանցում մենք իբր շփվում ենք՝ մոռանալով, որ իրական շփման ընթացքում տեղեկություն փոխանակելուց զատ, նաև փոխանակվում ենք էներգիայով, ջերմությամբ, սիրով, իրականությամբ:

Առանց դրանց մեր շփումը կորցնում է ամենագլխավոր իմաստը:

Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական ընկերություն, իրական տոն: Եվ գոնե Ամանորի գիշերը հրաժարվենք sms-ներ ուղարկելուց. խոսե՛նք և լսե՛նք նրա ձայնը, ով մեզ համար իրոք թանկ է:

elizabet harutyunyan

Սովորեցի

Ամանորյա տրամադրությանը մենակ չդադարող անձրևն էր պակասում։

28 համարի մանուշակագույն ավտոբուսով Կոմիտասից տուն եմ գնում: Չէ, ոչ թե գնում եմ, այլ գնում ենք. ես ու մայրս։ Վարորդի նստարանի հետևում երկու նստարան կա, երևի կհիշեք, եթե չեք հիշում, նստելիս ուշադիր կլինեք։ Հա, հենց էդ երկուսի դիմացը կան ևս 3 թե 4 նստարան, չեմ նկատել, որովհետև ես ու մայրս հենց էդ երկուսի դիմացն էինք նստած, և ինձ չէին հետաքրքրում կողքիս մարդիկ և առավել ևս նստարանների թիվը։ Ես մի ձեռքով թևանցուկ էի արել մորս և գլուխս էլ դրել ուսին, ժամանակ առ ժամանակ գլուխս բարձրացնում էի և նայում նրան։

Ես զգացել եմ, որ երթուղայինում մարդիկ անջատվում են իրականությունից և ընկնում երազանքների գիրկը, կամ էլ հակառակը, սկսում են վերհիշել իրենց թե ուրախ, և թե տխուր պահերը։ Մայրս նայում էր պատուհանից դուրս, երևի անձրևն էր գրավում նրան։ Մեր դիմաց նստած էին մայր և աղջիկ։ Աղջիկը իմ դիմացն էր։ Ուներ գեղեցիկ դիմագծեր, չնայած նրան, որ գլխարկը իջեցրել էր ունքերին, ես կարողացա ընկալել նրա ողջ գեղեցկությունը։ Նա ինձանից փոքր էր երևում՝ դիմագծերով, իսկ մարմնով ինձանից մեծ էր։ Շատ պատահական նկարչի աչքով նկատեցի իր դեմքին ժպիտ, շուրթերը բարակ էին, ուղիղ քիթը՝ ոչ մեծ և ոչ էլ փոքր, աչքերը երջանիկ էին, փնտրում էին կարծես ինչ որ մեկին և իրենց տեղը չէին գտնում։ Մեկ-֊մեկ աչքերը տանում էր պատուհանի կողմ, և կարծես ինչ֊որ բան հիշելով, հրճվում էր։ Ամանորյա հրաշքի սպասող սիրահարված պատանու էր նման։ Նա մորից բավականին հեռու էր նստած, կարծես մագնիսի հակադիր բևեռներ, իրարից հեռացած էին, իմ և մայրիկիս հակապատկերը։
Նրա մայրը հայացքը չէր պոկում մի կետից։ Ինձ թվում էր՝ նրա աչքերը ուղղակի բաց էին փակ չլինելու համար: Ախր, այն, ինչի վրա կանգ էին առել նրա աչքերը, նա չէր տեսնում։ Նա մտքերով գնացել էր հեռու, կամ էլ մոտիկ՝ սպասվող Ամանոր։ Երևում էր, որ ապրում են ոչ այնքան բարեկեցիկ կյանքով, և Ամանորը, ինչպես շատերիս, այնպես էլ իրենց դրամապանակին մեծ հարված էր։ Կնոջ համար դա մեծ ապրումներ էին։ Նրա դեմքին նայելիս կարողանում էի կարդալ մտքերը։ Նա երևի մտածում էր ծախսերի մասին: Չանել կամ անել կիսատ-պռատ, հնարավոր չէր: Ախր, մեծ աղջկա տեր մարդ է, պետք էր լուծում գտնել։ Նրա մտքերի մեջ չէի ուզում խորանալ։ Իմ հայացքը կարծես նկատել էր և նայեց մի պահ ինձ։ Համարյա աղջկա դիմագծերն էին, ուղղակի արդեն ծերացած կյանքի հոգսերից։
Դիմացիս աղջկա դեմքից ժպիտը, որը նա փորձում էր ամեն կերպ թաքցնել, չէր անհետանում։ Նրան չէին հուզում մոր մտքերը, կամ էլ նա չգիտեր հոգսերի մասին, բայց մի պատանի, որը գողացել էր նրա սիրտը, ձգում էր դեպի իրեն աղջկա միտքը։
Մայր և աղջիկ մեկ-մեկ հայացք էին գցում իմ և մորս վրա։ Ես լուռ հետևում էի, իսկ ականջակալներումս ամանորյա սպասումով լսվում էր Ed Sheeran-ի Perfect երգը։ Հենց այս երգով ես ճանապարհեցի նրանց, ուղեվարձը տվեցին և իջան։

Մեր դիմացի տեղերը երկար թափուր չմնացին։ Եկավ մի փոքր տղա, նստեց դիմացս և նկատելով իմ ուշադիր հայացքը, կողքին նստած կնոջ ականջին մի բան ասաց։ Կարծում եմ, նա էլ էր մայրիկի հետ։ Նա ինձ էր նայում մեծ աչքերով և ուտում էր իր կարկանդակը էնպիսի ախորժակով, որ ես էլ սովածացա։ Աչքերի մեջ որևէ միտք չգտա: Նա ուղղակի վայելում էր իր նոր թխված և բավականին տաք կարկանդակը։ Նրա մայրը մի ձեռքով գրկել էր որդուն և աչքը չէր պոկում նրանից։ Սիրող և անհոգ մայր էր երևում։ Հաճախ անձեռոցիկը տանում էր դեպի որդու բերանը և զգուշությամբ մաքրում այն։
Նրանց իջնելուց հետո դիմացս նստեց մի պապիկ։ Շա՜տ պապիկ էր, նրա ծերությունը կարելի էր հաշվել աչքերի շուրջը առաջացած կնճիռներով: Մեկը հավասար է տասը տարվա։ Ես պարզ հիշում եմ, որ ութը հաշվեցի։ Նրա աչքերը անչափ գեղեցիկ կապույտ էին, սկսեցի պատկերացնել, թե ինչքան գեղեցիկ է եղել պատանեկության տարիներին։ Նա իր կնոջը կորցրածի տեսք ուներ։ Ես պատրաստվում էի ավելի ուշադիր զննել ինձ արդեն հարազատ դարձած պապիկին, բայց մեր իջնելու ժամանակն էր։
Մուլտերի աշխարհից մինչև Եղվարդ-Երևան գազելի կանգառը ես հաշվեցի 40 ջրափոս, որոնք միայն լցվում էին ներկա պահին տեղացող անձրևի կաթիլներով։ Դիմացովս քայլում և ջրափոսերն էր հաշվում մի տղա։ Ի տարբերություն ինձ, նա ջրափոսի հանդիպելիս նաև չափում էր խորությունը՝ ոտքը ջրի մեջ ընկղմելով։
Չգիտեմ, ուրախանալ, որ շուտով Ամանոր է, թե՞ տխրել գալիք ծախսերի համար, որի պատճառով երթուղայինում էդպիսի մտամոլոր դեմքեր են հանդիպում։ Ուրախանա՞լ ձմռան ցրտին թե՞ տխրել ձյան բացակայության համար, որի պատճառով տղայի մայրը ստիպված էր այդ կոշիկները և տաբատը նույն օրը երեկոյան լվանալ։

Տարվա սկզբում գրում էի, որ ուզում եմ մտքեր կարդալ, սովորեցի…

Շնորհավոր Նոր՝ 2018

IMG_5638-2Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

Պարույր Սևակ

anush mkrtchyan

Անվերնագիր

Տոնածառը զարդարեցինք երեկ երեկոյան: Այն չի փոխվել քո գնալուց հետո, միայն ծայրի կտորն է պոկվել, բայց հանգիստ եղիր, արդեն ամրացրել ենք:

Առաջին խաղալիքը ես կախեցի, դե, սովորության համաձայն,  որպես տան փոքր: Հարցնում ես, թե Ձմեռ պապից ի՞նչ եմ ուզել, ոչինչ:

Զարմանալի պատահականությամբ քո գնալուց հետո Ձմեռ պապը որոշեց, որ ես արդեն մեծ եմ, կամ էլ համարեց, որ  ունեցածս աման-չամանը բավարար են ողջ կյանքիս համար: Մինչև մեկ տարի առաջ պահում էի դրանք, բայց 15-ում որոշեցի, որ արդեն հոգնել եմ դրանցից:

Գիտես, ես էլ հեքիաթի գրքեր էլ չեմ կարդում, վաղուց մեծ եմ դրանց համար: Լուրջ  գրականություն եմ ուսումնասիրում, դե այն գրքերը, որոնցից մի ժամանակ հոտ էի քաշում:

Կեսգիշերին շամպայնը Հայկն է բացում, արդեն վարպետ է այդ գործում, գիտի առանց ջրհեղեղի բացել:

12-ից առաջ էլի նախագահն ու կաթողիկոսն են խոսում: Չես հավատա, բայց նրանց խոսքերն էլ են նույնը:

Ամեն ինչ նույնն է, բայց առաջվանը չի: Առաջվանը չի, որովհետև ես շատ շուտ բացահայտեցի, որ 12-ին Ձմեռ պապը չէր թակում դուռը, այլ դու էիր երեք անգամ զգուշորեն թխկթխկացնում սեղանի տակ: Ամեն ինչ նույնը չի, որովհետև ես կարոտել եմ այդ ձեռքն ու երեք թխկթխկոցը…

Շնորհավոր Նոր տարի, պա՜ պ:

mariam barseghyan1

Իմ 2017-ը

Նոր տարին նոր կյանքի խորհուրդ ունի: Եվ ամեն տարի մենք ինչ-որ բանի ենք սպասում: Ես, օրինակ, 2018-ից շատ ակնկալիքներ ունեմ: Դե, ճիշտ է, հիմա ուղեղումս բացի միասնական քննություններից ուրիշ բան չկա, բայց ոչ բոլոր ցանկություններս են, որ դրա հետ են կապված: Օրինակ՝ ուզում եմ, որ ինչ-որ մի հրաշքով ատոմային զենքը հօդս ցնդի: Պայթելու իմաստով չէ, այլ ուղղակի անհետանա, ու միայն ատոմայինը չէ, մնացած զենքերն էլ: Լավ կլիներ, չէ՞, մի օր արթնանայիր ու իմանայիր, որ ո՛չ ԻԳԻԼ-ի զորքերը կան, ո՛չ ահաբեկիչները, ո՛չ Ռուսաստանի ու Ամերիկայի բազաները աշխարհի ամեն անկյունում, ո՛չ էլ Ղարաբաղի սահմանից այն կողմ կանգնած թշնամին:

Ինձ փոքր տարիքից սովորեցրել են, որ եթե ինչ-որ բան շատ ես ուզում, կատարվում է: Դրա համար ես անկեղծ, անկախ ամեն ինչից՝ խաղաղություն եմ սպասում Նոր տարուց: Իսկ հետո՝ լուսավոր ու չսառցակալած փողոցներ եմ ուզում, որ հենց սառած փողոցների ժամանակը գա, երեկոյան ուշ տուն գնալիս ո՛չ ես ընկնեմ, ո՛չ էլ մեր բակի տատիկները: Բայց այս մի բանը Ձմեռ պապիկից չէ, որ պետք է խնդրեմ: Փողոցների մաքրման հարցը քաղաքային իշխանությունների գործն է, և հույս ունեմ, որ նախորդ տարվա նման Սուրբ Ծննդյան օրը չեմ վախենա եկեղեցի գնալուց: Հիմա կմտածեք՝ հիշաչար եմ, և ես էլ չեմ հերքի: Այնպես որ, բոլոր Ձմեռ նախագահներ, Ձմեռ մարզպետներ, Ձմեռ քաղաքապետեր, Ձմեռ գյուղապետեր և, իհարկե, սիրելի Ձմեռ պապիկ, քանի որ մենք մեզ լավ ենք պահել այս տարի, դուք ուղղակի պետք է մեզ համար հաջող տարի բերեք:

Լավ մնացեք…

Խմբագրության կողմից- Վերջին ցանկությունդ բնության կողմից արդեն իրականություն է: Դե, համենայնդեպս, առայժմ: Ձյան փոխարեն քեզ անձրև է նվիրում:

tina maqoyan kotayq

Մի նամակի պատմություն, կամ նամակ Մալիշկայից

«Բարև: Արի զրուցենք: Այս անգամ մեկ ուրիշ տարբերակ ընտրեցի քեզ հետ կապվելու: Հետաքրքիր է, չէ՞: Ո՞վ կմտածեր, որ ես ինչ-որ մեկին մի օր նամակ կգրեմ թղթի վրա: Կամ կպատկերացնեի՞ր, որ մի օր ինչ-որ մեկից ձեռագիր նամակ կստանաս: Արի միասին կարոտախտ ապրենք»:

Դասերս էի սովորում ու դրան զուգահեռ երգ էի լսում, կարծեմ՝ The Lumineers-ի Sleep on the floor-ն էր: Հաղորդագրություն էկավ՝ Էլիզան էր.

-Թին, Վահեն ասում ա, որ Աննան քեզ ինչ-որ բան ա ուղարկել:

-Ի՞նձ: Հարցրու՝ ի՞նչ ա:

-Ասում ա՝ մարինադ: Չի երևում՝ բանկան փաթաթված ա:

-Յա, չլինի՞ թթու վարունգ ա ուղարկել,- ինձ հատուկ անհամբերությամբ հարցրի ես (բոլոր մոտիկներս գիտեն, որ թթու վարունգի համար խելքս իմը չէ):

-Ա՞ն: Էդ ի՞նչ ես ուղարկել ինձ:

-Դեռ չի հասե՞լ քեզ: Մոռացա Վահեին զգուշացնեմ, որ մինչև «պայոկը» քեզ չհասնի՝ ձենը դուրս չգա:

-Ան, ասա՝ ի՞նչ ա: Սիրտս կպայթի: Ասա էլի:

-Ոչ մի արտասովոր բան:

-Ասում ա՝ բանկա ա: Մարինադ ա, ինչ ա: Թթու վարունգ ե՞ս ուղարկել:

Աննան մալիշկեցի է, նրա հետ ծանոթացել եմ վիրտուալ: Իմանալով, որ ինքը նույնպես 17-ի թղթակից է՝ նրան ընկերանալու հարցում ուղարկեցի:

«-Բարև:

-Բարև, Աննա ջան:

-Ինձ ճիշտն ասած քո պորտրետը շատ էր դուր գալիս, սիրուն ես:

-Շնորհակալություն: Դու էլ ես սիրուն, Աննա ջան:

-Չէ լավ: Արի ծանոթանանք: Աննա, 17 տարեկան: Սիրում եմ գիրք կարդալ ու ֆիլմեր դիտել, իսկ դու՞:

-Ես էլ 16 տարեկան եմ, ես էլ եմ սիրում գրքեր ու ֆիլմեր, բայց էս ամառը ինչ-որ շատ կարճ ա՝ չեմ հասցնում:

-Մի տեսակ ինձ թվում էր ինձնից մեծ ես ,բայց չէ՝ ավելի լավ, ազատ կշփվեմ: Ո՞րերորդ փոխվեցիր:

-10 փոխվեցի ու մի ամիս անիմաստ ջուրը գցեցի քննությունների պատճառով: (Էս ընթացքում դեռ էն պատմության քննությանը հաջորդած դեպրեսված վիճակն էր)»:

Էսպես սկսեցինք շփվել:

«Դու ինձ ընկերանալու հարցում ուղարկեցիր, ես սիրով ընդունեցի, որովհետև անկեղծ քո նկարն ինձ ամենից շատն էր դուր եկել: Հետո ես գրեցի (որովհետև դու սովոր չես առաջին քայլին), հետո ծանոթություն, ու արդեն իրար համար այն ենք, ինչ կանք»:

 

Մոտ մեկ շաբաթ սպասեցի ուրբաթ օրվան՝ որ Էլիզան «Մանանա» գնա ու բերի «պայոկս»: Ահա և եկավ սպասված ուրբաթ օրը:

-Էլիզ: Բանկաս մոտդ ա՞:

-Բանկա չի: Թուղթ ա:

Բայց պարզվեց, որ մոռացել էր իր հետ բերել, ու ես ստիպված եղա ևս մեկ շաբաթ սպասել:

Ահա և եկավ սպասված ուրբաթ օրը: «Մանանա»: Կարնավալ: Եղվարդ-Երևան ընկած տարածություն: Պատրաստություններ: Ու ես ամբողջ ժամանակ մտածում եմ «պայոկի» մասին:

Արդեն «Մանանայում» ենք: Ներս մտնելուն պես հանձնեցին «պայոկս»: Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր դա: Դե դա էդքան էլ դժվար չէ գուշակել: Նամակ: Հասարակ նամակ: Թղթի վրա գրված ու դրված ծրարի մեջ: Հենց նույն պահին էլ բացեցի ու սկսեցի կարդալ՝ մամայի ասած «ապուշի ժպիտը» դեմքիս: Դե, ժամանակ չեղավ մինչև վերջ ընթերցելու ու մնացածը տանը շարունակեցի:

Հասկանում եմ, գուցե ձեր համար ձանձրալի է սա կարդալը, բայց սա իմ առաջին թղթե նամակն էր: Բայց չէ, մի րոպե: Բա եղբո՞րս նամակները: Դա մոտ 10 տարի առաջ էր՝ երբ զինվոր էր եղբայրս, ու մենք թղթե նամակներ էինք ուղարկում միմյանց: Ես 5-6 տարեկան էի: Հըմ, շեղվեցի թեմայից:

«Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկը քեզ անօգնական ու թույլ համարի: Աշխատիր սեփական խնդիրներիցդ չկորցնել ինքդ քեզ, չփախչել, կամ չշրջանցել դրանք: Էդ քեզ երբեք չի օգնի ու չի տա էն բոլոր հարցերիդ պատասխանները, որոնք կառաջանան մեջդ: Եթե անգամ ներսիցդ ինչ-որ բան կրծում ա, ու դու այլևս անզոր լինես ապրել էս հասարակության մեջ՝ ցույց մի տուր, ցույց մի տուր, որ դու անօգնական ես, որ էլ ուժ չունես՝ դրանով քեզ կվնասես: Համոզված եմ, որ էդպես կանես, ու շատ հարցերում արդեն իսկ արել ես: Դա իրոք մեծ բան ա: Շատերը չեն կարողանում: Հաճախ ես էլ չեմ կարողանում»:

Ան, կհետևեմ խորհրդիդ:

Հա, չմոռանամ ասել, որ ամբողջ օրը նամակը ձեռքիս տան մեջ քայլում եմ, երևի 100 անգամ կարդացել եմ՝ ամեն տառը հատ-հատ, ու իրեն վերաբերվում եմ այնպես, ինչպես «Մատանիների տիրակալը» ֆիլմում՝ մատանուն: «Моя прелесть» (խնդրում եմ էս արտահայտությունը չջնջել):

amalya harutyunyan

Տարին, որն այլևս չի կրկնվի

Չգիտեմ` վազում ես, շատ արագ ես վազում, հասել ես նշանակետին, իսկ ես ձեռքդ բռնել ու չեմ թողնում գնաս: Ախր, չեմ ուզում: Հասկանալ, որ ամենակարևոր տարիներիցս մեկը անցյալում է, չեմ կարող:
Ես չգիտեմ` ինչպես է ստացվում, որ իմ հոգեվիճակը միշտ նմանվում է դրսի եղանակին, բայց 2017-ը իր հրաշքներով, անհավանական պատմություններով ու նորություններով լրիվ ուրիշ էր:
Հա, հիմա ընկերներս էստեղ լինեին, կասեին, որ ամեն մի տարուց հետո նույն արտահայտությունն եմ անում: Դե հա, բայց տարիներն իրոք չեն կրկնվում, իրոք իրարից ձևով կիլոմետրերով հեռու են, ու այս տարին, ինձ համար, ամենասիրելիներից էր:
Ձմեռը սառն էր, երևի էլի եղանակին էի համադրվել: Հիշում եմ` ընդունելության համար էի պարապում, ու էս կյանքս էլ մի տեսակ սառույցի նման սառել ու չորացել էր: Դիմացս միայն շտեմարաններ էին, հաստափոր ինչ-որ նյութեր ու տետրեր:
Էդքան էլ չեմ ուզում հիշել այս ժամանակները: Ինչ խոսք, անտանելի ձանձրալի էր:
Բայց եկավ գարունը, ու գարնան հետ նաև կյանքս նոր շունչ մտավ:
Դե հետո վերջին զանգ, հրաժեշտ դպրոցին, ու մի օր էլ տեսնում ես, որ գարունը վերջանալու շեմին է:
Հունիսը հաղթանակիս ամիսն էր: Երևի այդ ժամանակ ավելի մեծ բան չկար, քան բարձր բալերով ընդունվելը, ապացուցելը, որ ես կարող եմ ավելին, որ իրականում հնարավորությունները ոչինչ են, միայն ցանկությոuն է պետք:
Ընդունվեցի, արդեն ամենամեծ հաղթանակս տարել էի, ու մնում էր ամառը վայելել:
Հունիսին պատանի թղթակիցների մեր դասընթացը տեղի ունեցավ: Եթե իմանայիք, թե այն ինչ շրջադարձային էր իմ կյանքում: Այդ 3 օրվա մեջ ձեռք բերեցի կյանքիս ամենակարևոր մարդկանց, ու չեմ պատրաստվում երբևէ նրանց թողնել:
Ես համալսարանի մասին մեծ երազանքներով ամբողջ օգոստոսի սկիզբը անցկացրի տանը, բայց երազանքներս մի կողմ դրեցի, երբ տեսա, որ անցել եմ Տնակ ճամբարը:
Օգոստոսի 23-28-ը առաջին անգամ Վայոց ձորում, առաջին անգամ հյուրընկալվող ընտանիքով ճամբարում, ու առաջին անգամ հենց այդ ընտանիքում: Ու դրա հետ մեկտեղ ամեն օր հետաքրքիր սեմինարներ, կինոդիտումներ, ու երեխեք, հետաքրքիր, ուրիշ, ջերմ ու տաք երեխեք:
Այսքան բան պատմեցի 9 ամսվա մասին, բայց երևի այս տարվա ամենախառը օրը օգոստոսի 31-ն էր: Ժամեր էին մնացել, որ ես հայտնվեմ համալսարանում, ու իմ մեջ ամեն ինչ խառնվել էր իրար` դե ամեն ինչ նոր էր լինելու: Մարդիկ մի կերպ պիտի սովորեին ինձ` ամենախենթ ցանկություններն ու մտքերը ունեցող, վայրկյանը մեկ կողքինին գրկող, շատ ու մեկ-մեկ էլ անիմաստ ժպտացող Ամալյային:
Սովորեցին: Զարմանալի էր, բայց նույն պահին երջանկացնող:
Հիմա մի մեծ ընտանիք ունեմ համալսարանում, ձեռքբերումներս էնտեղ շատ են: Ու ես առսնց իրենց արդեն չեմ պատկերացնում հետագա տարիներս:
Տես, ինչքան նորություն ու թարմություն ես բերել կյանքումս: Իսկ հիմա վազում ես, անհագ ցանկությամբ ուզում ես թերթեմ էջը: Իսկ ես չեմ կարող, չեմ էլ ուզում վերջ դնել այս տարուն:

Ու հետ ես նայում, նայում ես տարուդ ու հասականում, որ ընկճված օրերդ ոչինչ են ձեռքբերումներիդ դիմաց:
Չեմ ասի, որ միշտ ուրախ եմ եղել, բայց կասեմ, որ երջանկացել եմ Էլիզաբեթին ճանաչելով:
Չեմ ասի, որ համալսարանում ամեն ինչ կարգին է եղել, բայց կասեմ, որ համալսարանիս մեծ ձեռքբերումներից Անահիտն է եղել:
Չեմ ասի, որ միշտ ժպտացել եմ, բայց կասեմ, որ ամեն արցունքիս վրա Մարին ու Սոնան բարկացել են ու ժպտացրել: Եթե իմանայիք՝ ինչքան ուրիշ զգացողություն է, երբ հասկանում ես, որ ընտրել ես լավագույն ֆակուլտետը ու գտել ես կյանքիդ ամենահավես ու հոգատար մարդկանց:
Չեմ ասի, որ կյանքումս միշտ շողացել է արևը, բայց կասեմ, որ ես այն վառ եմ պահել իմ մեջ ու փորձել եմ ամեն կերպ մյուսներինն էլ միացնել:
Չեմ ասի, որ այս տարիս հոյակապ էր, ուղղակի կասեմ, որ միայն այս տարում հասկացա, թե ով եմ ես իրականում:

milena barseghyan

Ամանորը դեկտեմբերի 31-ը չէ

-Ո՞ր գումարտակ, ո՞ր վաշտ

Հայրս այդպես էլ չսովորեց եղբորս ծառայության գումարտակի ու վաշտի համարը։ Դա պետք է գալիս ամեն անգամ ծանրոց ուղարկելիս, երբ արկղի վրա փակցնում ենք հորս ասած «ալբոմի թուղթը» ու վրան գրում, այսինչ գումարտակ, այսինչ վաշտ ու Արտյոմ Բարսեղյան։ Սկզբում եզրագծում է տառերը, պարտադիր տպատառ ու մեծատառ, հետո զգուշությամբ, դանդաղ, մի ժամի նման, չափ, աննկատ, հաճույքով, որպես թե ամենալավ զբաղմունք՝ ներկում է։ Ծանրոցն ուղարկելուց երկու շաբաթ շուտ գնում է չհնացող իրերը, դասավորում, ամեն օր նայում, հաշվում, հանկարծ մի բան շարժված չլինի։ Ախր, հասկացի՛ր, որ զինվորական հագուստեղենը բանակից բացի ուրիշ ոչ մի տեղ շարժվել չգիտի։

Միայն այդքանը չէ ծանրոցի արարողության մասին, բայց մնացածը երևի չեմ կարողանա նկարագրել։ Միայն կասեմ, որ ինչպես աշխարհն է տեղավորվում մայրիկի սրտում, այդպես էլ եղբորս սիրած բոլոր բաները մի ուղղանկյունանիստ արկղում։

Հիմա ուզում եմ պատմել, որ մեր Նոր տարին արդեն եկավ ու գնաց։ Նոյեմբերի 30-ին եկավ մեր տոնը, տոնածառը, Ամանորը, հացը, սեղանը, բլինչիկը, լույսը, ամենասպասված հյուրը և գնաց դեկտեմբերի 4-ին։

Եղբայրս․․․ Եկավ «օտպուսկ», ու մենք նշեցինք այդ օրերն այնպես, ինչպես դուք բոլորդ Ամանորը։ Չէ, խաբում եմ, ոչ բոլորդ։ Արդեն չգիտեմ՝ բոլորն ի՞նչ է։ Այդ օրերին ու միշտ, ինձ համար «բոլոր» կլինի եղբայրս ու մեր լիարժեք ընտանիքը։ Դեկտեմբերի 31-ին մենք կիսատ ենք լինելու, ու դրա համար մեր Նոր տարին իմաստը կորցնելու է։

Ուզում եմ, շատ եմ ուզում, սիրելի ընթերցո՛ղ, որ Ամանորն ընկալես որպես լիարժեքություն, որպես բավարարվածություն, որպես ամենասպասված իրադարձություն, ոչ թե դեկտեմբերի 31։ Ես այդպես եմ ընկալում, դրա համար էլ իմ Նոր տարին արդեն անցել է։ Թող քո Ամանորը պարտադիր նշանակված օր չլինի․ երբ չլինի՝ կհասկանաս իմաստն ու հաճելի լինելու աստիճանը։ Թե չէ ստացվում է խոզի բուդ, ու «Ձերն է՜լ, ձերն է՜լ», որն արդեն սպառել է իր հետաքրքրությունը։

-Պապ, 3-րդ գումարտակ, 7-րդ վաշտ։ Շնորհավոր Ամանոր։

Gayane Avagyan

Իմ 2017-ը

Մինչև պատմությունս կարդալը, ուզում եմ` հավատաս գրածս ամեն բառին: Ես էլ չէի հավատում, որ մարդիկ կարող են միանգամից այսքան մտերիմ դառնալ: Բայց…

Այս տարի երևի ամենահետաքրքիր ու տարողունակ տարին էր իմ ու հազարավոր առաջին կուրսեցիների կյանքում: Ու հիմա, երբ մտքով հետ եմ գնում դեպի սեպտեմբերի մեկ, հասկանում եմ, որ իրականում ոչ այդքան հուզվել էր պետք, ոչ այդքան մտածել: Մինչև համալսարան մուտ գործելը, հազար բան էր անցնում մտքովս: Հիշում եմ, թե ինչքան էի մտածում, թե ում հետ եմ համալսարանում լեզու գտնելու, շփվելու, արդյոք կգտնե՞մ իմ հետաքրքրությունների տեր մարդկանց, ինչպիսի՞ն կլինի մթնոլորտը:

Առաջին օրը ոչ ոքի հետ չեմ խոսել: Երկրորդ օրը գտա հարազատ մարդու, հարազատ Վարդի: Հիշեցի, որ ինչ-որ մի օր մի լավ ընկեր մեզ ծանոթացրել է, ու վերջապես ես գտա հարազատ շունչ, նստեցի կողքին: Ամենաակտիվ մարդը իմ կյանքում հենց նա է: Երևի իր ակտիվ, պարզ բնավորությունից մի փոքր էլ այս շրջանում, ինձ է փոխանցվել: Քիչ մարդկանցից է, ով կարողանում է իր կարծիքը ազատ արտահայտել և հավատում է խոսքի ուժին: Հետո Վարդը ծանոթացրեց Աստղի հետ: Եվ սովորական հարց- պատասխանից հասկացանք, որ ծանոթ ենք միմյանց, որ երկար ժամանակ ճանաչում ենք:

Աստղի բնավորության ամենալավ գիծը բոլորին հասկանալու կարողություննն է: Նա առանց մի բառ ասելու հասկանում է քեզ և առաջինը կարողանում է ձեռք մեկնել և օգնել բոլորին: Նա լավ հոգեբան է, երևի դրանով է պայմանավորված իր բոլորին լավ հասկանալու կարողությունը:

Մինչև համալսարան գալս չէի պատկերացնի, որ այդքան արագ կարող ես մտերմանալ մարդկանց հետ: Բայց հարցը այն չէր, որ ամեն բան ընկերության մեջ հեշտ է, այլ այն, որ կան մարդիկ, որոնք միանգամից են մուտ գործում քո կյանք և հասկանում քեզ:

Կան, չէ՞, մարդիկ, որ կապ չունի` որքան ժամանակ է ճանաչում ես, որքան ժամանակ է՝ գիտես, նա հարազատի նման գալիս է ու մնում կողքիդ: Կարող է օգնել քեզ, քեզ հետ լաց լինել, ուրախանալ, տխրել, մտածել: Թվում է, թե մի քանի տարի է պետք, որ համոզվես , որ ընկերդ հենց այդպիսինն է: Չէ, մենք հասկացանք իրար: Չէի մտածի երբեք, որ նման մարդկանց կգտնեմ հենց համալսարանում: Այս տարի նշանակալից էր, որովհետև կյանքի ամենաբարդ շրջաններից մեկին էլ հասա ու գտա նման մարդկանց:

Lilit Avetisyan

Հայրենիքի պաշտպանը

Գարուն էր, մայիսյան ծիծաղկոտ ու փթթող գարուններից մեկը: Վարար անձրևը մաքրել էր բնությունը, ու նա կարծես ավելի էր դարձել մաքրամաքուր: Բնությունը էլ ավելի է գեղեցկանում մանկական ճիչերից:

1973 թվականն էր, նրանց ձայները կարծես միախառնվեցին, ու էլ ավելի գեղեցիկ դարձավ մայիսյան այդ առավոտը: Մանկիկի մորը հիվանդանոցի բուժքույրերն այսպես էին դիմում կատակով. «Ինչպե՞ս է, որ դու տգեղ ես (բայց նա գեղեցիկ կին էր), բայց քո մանկիկը շատ գեղեցիկ է»: Նրան կնքեցին Վալերիկ անունով: Գարնան բնության պես նա աճեց, հզորացավ, դարձավ մի առնական երիտասարդ: Հզոր բազուկներ ուներ, ծիծաղկոտ էր ու կատակասեր:

1990 թվականն էր, նրա պատանեկան հոգին կռվում էր ինքն իր հետ, շուրջբոլորը կատարվող իրադարձությունները նրա հոգում խռովք էին առաջացրել: Նրան ասում էին՝ գնա գնա: Համբերեց՝ չկարողանալով համբերել: Գիտակցում էր իր դերը հայրենիքի այս պատերազմում: Գրվեց կամավոր՝ առանց ծնողների իմացության, և գնաց պատերազմ: Նա դեռ 19 տարեկան էր: Տարիքով փոքր լինելու համար նրան զինակիցները Ճուտո էին անվանում: Կռվում էր հասակն առած մարդկանց հետ, և սիրում էին նրան՝ նրա տարիքն իմանալով: Ավտոմատը գցած ուսը՝ վերադարձավ տուն: Մարևանդ մայրը՝ իմ տատիկը, նրան ընդունեց գորովանքով և հպարտությամբ լցված հոգով: Տոնեցին նրա վերադարձը պատերազմից:

Անցավ մի քանի ամիս: Նրա փոթորկուն հոգին չէր հանգստանում: Նրան կարծես էլի կանչում էին: Ծնողները նրան ասում էին. «Հերիք է, որդի՛ս, դու գնացել ես, թող ուրիշներն էլ գնան»: Բայց ոչ, նրա հոգու հետ կարծես խոսում էր իր պապերի հոգին: Ու երիտասարդ Վալերիկը նորից ավտոմատը ուսն առավ: Կանգնեց իրենց տան վերևում գտնվող ավերակ եկեղեցու պատի մոտ ու նայեց դիմացը գտնվող դեռ ձյունածածկ սարերին: Երկար նայեց: Կարծես մի ինչ-որ բան նրա հայացքում ասում էր. «Չես տեսնելու, էլ չես տեսնելու»: Երբ հարցրին Վալերիկին, թե ինչու է գնում, նա պատասխանեց:

-Գնում եմ: Կամ կվերադառնամ, կամ չեմ վերադառնա:

Երկու օր անց նրա մայրը երազում տեսավ իրենց բակը, բակում երեք ցայտաղբյուր: Երկուսը ցայտում էին զուլալ ջրով, իսկ մեկը ցամաքած էր: Երազը տեսնելուն պես արթնացավ, վախեցած նստեց անկողնում և չուզեց հավատալ իր մտքերին, սակայն պատերազմը զոհեր էր պահանջում:

Քսան գարուն ոլորեց: Ապրեց քսան տարի: Նրա կյանքը իմաստավորվեց: Նա դարձավ հայրենիքի պաշտպան հերոսներից մեկը: Նրա գեղեցիկ անունը գրվեց հավերժ հիշատակվող քարի վրա: Այժմ ես, երբ այցելում եմ հորեղբորս շիրմին, մի խորը հպարտություն եմ ապրում և խոնարհվում եմ նրա ու նրա հերոս ընկերների շիրիմներին, որոնք իրենց կյանքը գիտակցաբար զոհոցին մեր ու մեր հայրենիքի համար:

-Իմ սիրելի՛ հորեղբայր, թող քո հոգին ազատ ճախրի քո ազատագրած հայրենի հողի վրա: