Nelli Khachatryan

Ամեն բան իր ժամանակին

«Դինոտոպիան» տեսե՞լ ես: Ինչ հզոր ֆանտազիա էր… Մեջը դինոզավրեր կային, այնքան մեծ էին, այնքան բնական: Չէ, իրականում ծիծաղելի էին: Ոնց որ խաղալիքներ: Էֆեկտները ահավոր անբնական:  Եթե փոքր ժամանակ չես նայել, հիմա էլ պետք չի նայել, հասկանո՞ւմ ես:

Իրականում մեր հիշողությունների մեջ պահպանվում են միայն տպավորությունները:
Այդ տպավորությունների սենյակում «Դինոտոպիան» ֆանտաստիկ լավն է…

Այդ սենյակում Արազ Դարեի երգերը շատ հուզիչ են: Այդ սենյակում բացովի-փակովի հետախոսներ կան, ու ճպպացնելով բացելը լավ զգալու առիթ է…

Արամեի երգերը խորն են այդ սենյակում…

Իմ տպավորությունների սենյակում փակցված է Արսեն Սաֆարյանի պաստառը:
Այդ սենյակ մութը սողալով է գալիս, որովհետև փոքր ժամանակ մութը ինչ-որ տեղից իրոք սողալով էր գալիս։

Այդ սենյակում ես կարող եմ «հոլիդե» ջինս, կախված վզով սվիտեր հագնեմ, ու ես մեկ է, սիրուն եմ։

Այդ սենյակում որպես հանգստացնող նյութ ջուր ու հող կա`ցեխ սարքելու համար։
Այդ սենյակի հեռուստացույցով հիմա սարսափ-մուլտֆիլմ է միացրած` «Ուրվականներից քշվածները»:

Այդ սենյակում ուսուցիչները ամեն ինչ գիտեն:
Այդ սենյակում պապիկս ճաղատ է, որովհետև գիշերը կովը եկել կերել է մազերը:
Այդ սենյակում սարդերին չեն սպանում: Մարդ ես, բախտդ բերեց՝ կկծի, ու սարդ-մարդ կդառնաս:
Այդտեղ ձեռքիս սպին այնքան մեծ ու վախենալու է:
Այդ սենյակում Շակիրան պարուհի է:
Այդ սենյակի օրացույցը միշտ 2008 թվականն է ցույց տալիս:
Այդ սենյակում ամեն ինչը իրական է, հասկանո՞ւմ ես…

Այդ սենյակի ցանկացած իր, որ տեղափոխես քո նոր կահավորած սենյակը, նույնը չի մնա: Իրենք ձևափոխվելու հատկություն ունեն ժամանակի մեջ տեղափոխվելիս, բայց գիտե՞ս, ամենասիրունը իրենց համար նախատեսված ժամանակում են:

Ութսուներկուամյա մանուկիս

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

«Մանանայի» դասընթացների վերջին օրն էր, ու հենց այդ օրն էլ հավանության արժանացավ առաջին նյութս՝ տեղադրվելով կայքում: Նյութիս մեջ տեղ էր գտել տատիկիս պատմած պատմություններից մեկը: Այդ պատմությունը ինձ հաջողություն բերեց. ես արժանացա առաջին ընթերցողների ծափերին: Դա երբեք չեմ մոռանա:

Ինձ խորհուրդ տվեցին գրել տատիկիս պատմած պատմությունները, բայց քանի որ խոսքը մայրական տատիկիս մասին է, և նա մեզ հետ չի ապրում, կդժվարանամ մանրամասն հիշել նրա պատմությունները, որոնք պատմել է տարիներ առաջ, երբ հյուր էր եկել մեզ:

Հիմա ես ուզում եմ գրել տատիկիս մասին, բայց ոչ թե իր պատմությունը, այլ թե ինչքան եմ սիրում ու կարոտում իրեն: Կարոտում, որովհետև Նոր տարուց Նոր տարի հազիվ տեսնեմ, թե՝ չէ:

Ամանորյա տոներին գնացել էինք տատիկին տեսնելու՝ մորեղբորս տուն: Սենյակ մտնելուն և տատիկին ամուր-ամուր գրկելուն պես, նա ասաց.

-Մեռնիմ անընիդ, բալես, երկու օր առաջ դարձար քառասուն օրական, ու պապդ մահացավ:

Ան, թզբեխի վրա հաշվում եմ անընդհատ, դարձար տասնհինգ տարեկան քառասուներկու օրեկան:

Այս լսելուն պես էլի ամուր գրկում եմ տատիկիս ու նայում մորս: Մի պահ մտածեցի՝ երևի մոռացել է քառասունքիս լրանալու օրը, բայց հետո՝ չէ, հաստատ չէր մոռանա պապիկիս մահը, պարզապես, սովորության համաձայն, իր վիշտը երբեք չի բարձրաձայնում:

Տատիկս ոտքից գլուխ զննում էր ինձ:

-Իմ օրիորդ բալա: Հասմո, քու երեխեքուց խորոդ ա,-դիմում է մորաքրոջս, միասին ծիծաղում ենք,- գլուխս էլ հաստատ էս անտեր նաուշնիկներից ու ռադիոյից ա սկսել ցավալ,- բողոքեց տատս ու հանեց ականջակալները. նա լավ չի լսում:

Երկար զրուցելուց ու տոնը շնորհավորելուց հետո հեռացանք:

-Կտեսնվենք երևի մյուս Նոր տարի,- արցունքներս զսպելով ցածրաձայն ասացի դուրս գալուց առաջ:

Տա՜տ, իմ խորհրդատու, հիշում եմ մեր տան այն առավոտը, երբ արթնացա բարձի հարվածից: Գլուխս բարձրացրի՝ ինչ-որ մեկին նախատելու մտադրությամբ, ու զարմացա՝ տեսնելով, որ հարվածի հեղինակը դու ես: Ախր, ո՞նց էիր էդ ծանր բարձը այդ տարիքիդ բարձրացրել, մի բան էլ՝ նետել մահճակալիս:

-Հելի, մեռնիմ արևուդ, աղջիկն երկար չքնի, հելի՝ մե հատ կոֆե դիր:

Տատ, կհիշես հաստատ մեր ժեստերի լեզուն, որն օգտագործում էինք, երբ հյուրեր էին գալիս քեզ տեսնելու, ու քանի որ ցածր էին խոսում, իսկ լսողությունդ այն չէր, չէիր կարողանում պատասխանել նրանց պարզ հարցերին. «Բարև, Նազո տատ, ո ՞նց ես, ի ՞նչ կա-չկա, հո հիվանդ չե ՞ս», ու ես հյուրերի մեջքի հետևում փորձում էի ժեստերով բացատրել քեզ, ու դու խորամանկ ժպիտով անսխալ հասկանում էիր ցույց տվածներս:

Տատ, ես երբեք չեմ մոռանա, որ երբ ծնվել եմ, դու բացարձակ կույր վիճակում՝ շրջապատից հարցուփորձ անելով ու օգնություն խնդրելով, հասել ես խանութ ու ինձ համար ծածկոց գնել:

Ես այդ ծածկոցով տիկիկներիս էի ծածկում փոքր տարիքում, իսկ երբ մեծանամ՝ ծոռներիդ եմ ծածկելու:

Տատ, ես վախենում եմ…

Վախենում եմ կորցնել քեզ, այլևս չլսել աղոթքներդ ու խրատներդ, չլսել պատմություններդ, հատկապես, մամայի ամուսնության մասին: Տատ, ես վախենում եմ, իսկ դու, կարծես դիտմամբ, անընդհատ խոսում ես մեծ լինելուդ, վատառողջությանդ ու պապիկի մոտ գնալու ցանկության մասին: Տատ, ախր, գիտես, որ իմ միակ տատիկն ես, ես պապիկ էլ չունեմ, ու շատ ունեմ քո կարիքը…

Ես համոզվել եմ, որ մեծանալով՝ մարդիկ հոգեպես մանկանում են, և դու՝ իմ ութսուներկուամյա մանուկ, իմացիր, որ քեզ երբեք չեմ մոռանում, և որ դու իմ միակն ես:

Չգիտեմ, կկարդա՞ն քեզ համար այս հոդվածս, կամ կլսե՞ս արդյոք, երբ կարդան, բայց կարծում եմ, ինչ-որ պահ կզգաս ներկայությունս կողքիդ, ինչպես զգում ես, երբ վատառողջ եմ լինում, զանգում ես, հարցնում.

-Բալա ջան, երազիս քեզ տեսել եմ, խո հիվանդ չե՞ս:

Ու ես նույնիսկ հիվանդ ժամանակ պատասխանում եմ.

-Չէ, տատ, հիվանդ չեմ:

Ազգային ոգի ներարկողները

Ձմեռային լուսապայծառ առավոտներից մեկի ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ տնից և գնալ դպրոց, Սոնան՝ քույրիկս, ինձ ընդառաջ գալող տվեց մի փաթեթ և ասաց, որ իրենց դասարանի Նարեկը դասերի ընթացքում կգա դրա hետևից (նրանք արդեն երեք տարի է, ինչ ավարտել են դպրոցը, բայց գրեթե միշտ իրար կողքի են, և ոչ միայն Նարեկը, այլ նաև Աննան ու Հասմիկը): Դասերի վերջում, երբ արդեն հույսս կորցրել էի, որ Նարեկը կգա, մեկ էլ նա եկավ, ու տարավ փաթեթը: Հետո ինձ ասաց, որ սպասեմ, քանի որ Սոնային փոխանցելու բան ունի: Այո, դու ճիշտ նկատեցիր, ես ժամանակավոր փոստատարի դերն էի խաղում: Հետո նա մոտեցավ ու տվեց մի թուղթ, թե բա՝ սա կտաս Սոնային, բայց երկուսիդ համար է: Հրավիրատոմս էր: Սևով սպիտակի վրա գրված, որ հրավիրում են դեկտեմբերի 9-ին «Ազգային ոգով» բաց դասին:

-Էս ամսի 9-ին ազգային բաց դաս կա, իրականում չգիտեմ՝ ինչ ա լինելու, բայց պետք ա անպայման գնանք, մերոնք են գալու:

Ու ես մինչև էդ օրը մեղվի պես տզզում էի երեխաների ականջների տակ, որ պետք է գնանք: Օրը եկավ, Աննան, Հասմիկը ու Նարեկն էլ հետը: Իսկապես այդ օրվա բարին նրանք էին:

09/12/2017 Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Ազգային ոգով» խորագիրը կրող ազգագրական երգերի և պարերի ուսուցողական առաջին բաց դասը:

Մտնելով դահլիճ, միանգամից հասկացանք, որ նրանք եկել են նոր սերնդի ազգային ոգին բարձրացնելու և «Հայերեն պարելու» համար: Նրանց հագուստն արդեն իսկ տրամադրող էր: Այնքան հաճելի մթնոլորտ էր տիրում: Նրանք մեզ սովորեցնում էին ազգային պարեր ու երգեր, իսկ հետո բոլորս միասին պարում ու երգում էինք հայերեն: Տղաների խրոխտ յարխուշտան հիշեցնում էր մեր հայորդիքի առյուծ ոգու մասին: Իսկ աղջիկների նուրբ մատների շարժը՝ հայուհու հեզության մասին:
Իսկապես, նրանք կարողացան ազգային ոգի ներարկել սերնդին, այն սերնդին, որը կողմ է կորցնելու իր ազգային դիմագիծը, որը կողմ է ուրիշի լծի տակ լինելուն ու լեզուն փոխելուն (իհարկե, ոչ բոլորը):

Նրանք են մեր ավագները, և ես վստահ կարող եմ ասել, որ հենց նրանցից պետք է օրինակ վերցնենք: Հենց այսպիսի հայեր են պետք մեր ազգին: Հենց այսպիսի ոգով երիտասարդներ:

Anush margaryan

Հարրի Փոթերը և մագլների բանտարկյալը

-Անուշ, վառի՛ր լույսը:

-Լավ, մամ… «Լյու՛մուս»…

-Աստվա՜ծ իմ, կրկին այդ «Հարրի Փոթերը», այս անգամ որքա՞ն եք պատրաստվում Ձեզ Հարրի Փոթեր զգալ ու ամեն վայրկյան «կախարդել»:

-Է՜, մա՛մ, ա՜խր, մագլները ոչինչ չեն հասկանում կախարդական աշխարհից:

Երբ փոքր էի, ամեն անգամ հեռուստացույցով Հարրի Փոթերի ձայնը լսելիս, տան որ ծայրում էլ լինեի՝ հիվանդ կամ տխուր, միանգամից՝ մինչև ականջներս ձգվող ժպիտով ու շողացող աչքերով, վազում էի հյուրասենյակ: (Չնայած՝ մինչև այժմ էլ ոչինչ չի փոխվել):

-Պապի՜կ, Հարրին է, վազի՜ր:

Պապիկիս հետ էի սիրում դիտել. ֆիլմի ամեն վայրկյանը մի աշխարհ էր ինձ համար:

Այսօր, երբ պապիկս հյուր եկավ, դիտում էի Հարրի Փոթերը:

-Անուշ ջան, անիրական հեքիաթ է: Քանի՜ տարի է նույն բանն ես դիտում:

-Պապ, լսի՛ր, օրինակ, «Ձյունե թագուհին» հեքիաթը 7 տարեկանում կարդալիս նո՞ւյնը կզգաս, ինչ, եթե կարդաս այն 67 տարեկանում:

-Չէ՛, ճիշտ ես, աղջիկս, տարիքի հետ փոխվում է մարդու մտածելակեպը, փոխվում են հայացքները: Նույնն է թե՝ դեռ չհասած ծիրանն ու արդեն հասունը ուտելիս նույն համը զգաս:

-Տես, պապ, այդպիսին է նաև Հարրի Փոթերը: Երբ 8 տարեկան էի, ինձ համար ֆիլմի գլխավոր իմաստն այն էր, որ բարին միշտ հաղթում է չարին: Իսկ այժմ… Օ՜հ, բառերով չեմ կարող բացատրել:

Հարրի Փոթերը լոկ մի տղայի մասին պատմող պատմություն չէ: Երբ դու հանդիսավոր երդվում ես, որ «մտքիդ լավ բան չկա» և հրամայում հայտնել գաղտնիքները, քո առջև բացվում է մի ամբողջ կախարդական աշխարհ: (Դե, եթե դիտել ես «Ազկաբանի բանտարկյալը», կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը): Այստեղ ամեն մի կերպար՝ ավտոբուսի վարորդից սկսած մինչև Լալկան Միրթլը, իր հոգում ունի յուրօրինակ ու անչափ հետաքրքիր աշխարհ: Երբ դու, ինչպես փոքրիկ նավակ, լողում ես կախարդանքի ծովում, զգում ես՝ որքա՜ն գունավոր ու պայծառ է ամեն բան: Օրինակ, հենց սկզբում, Հարրիի և Ռոնիի առաջին զրույցի ժամանակ՝ աշխարհը քո աչքերում 180 աստիճան շրջվում է… Շոկոլադե գորտեր, որոնք կարողանում են թռչել պատուհանից, կոնֆետներ՝ անհավանական համերով, նկարներում շարժվող մարդիկ… Խոստովանիր, որ չտեսնվա՜ծ է:

Բացի կախարդանքը, այն նաև օգնում է ծանոթանալ բրիտանական մշակույթին: Օրինակ, 16 տարեկան աղջիկը, ով ապրում է Հայաստանում, որտեղի՞ց պետք է իմանար երկհարկանի ավտոբուսների մասին և ողջ հոգով երազեր դրանք մոտիկից տեսնել, եթե չլիներ այս պատմությունը:

Լավագույն պատմությունները նրանք են, որոնք ստիպում են քեզ լաց լինել և ծիծաղել միաժամանակ: Այսպիսին է նաև «Հարրի Փոթերը»: Խենթ Ուիզլի երկվորյակները, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում հումորը. նույնիսկ այն ցավալի պահին, երբ վնասվում է Ջորջի ականջը, նրանք չեն դադարում անել կատակներ ականջների մասին:

Ի վերջո, այս պատմությունն օգնում է քեզ հասկանալ, թե որն է իսկապես կյանքի իմաստը: Հերմիոնայի անսահման խելքը, Հարրիի քաջությունն ու Ռոնիի հավատարմությունը յուրաքանչյուր ակնթարթ հետևում են քեզ, նրանց ընկերությունը դառնում է քո երազանքը:

Ի դեպ, մամ, լույսի հետ կապված, մոռացա ասել. նույնիսկ ամենամթին ժամանակներում կարելի է երջանկություն գտնել՝ հարկավոր է միայն լույս վառել: Դամբլդորի խոսքերն են, մամ, հիմա կվառեմ լույսը:

Երբեք մի դադարեք հավատալ կախարդանքներին…

anna sargsyan malishka

Ոչինչ էլ չկար

Խոսելու եմ ձեզ հետ ներկայիս ամենաարդի թեմայի շուրջ՝ 2017-2018 թթ. Ամանորի մասին: Ու հա, համարձակորեն էլ գրել եմ. ոչինչ էլ չկար: Հիմա ինչ ասես մտքովդ անցավ, չէ՞, որը չկար էս Ամանորին: Ինչ անշունչ էր բայց, համաձայնվիր հետս, որովհետև դու էլ ես ընկերներիդ կամ բարեկամներիդ հետ խոսելիս ասել, որ Նոր տարվա տրամադրություն չկա: Թե՞ կա: Չէ, է, ես էս տարի չունեի:

Մինչ Նոր տարին, երբ նախորդ տարիներին գնում էի նվերներ գնելու, էնքան հետաքրքիր էր ամեն ինչ, մարդիկ շատ, հետաքրքիր զրույցներ, ժպիտներ: Դեկտեմբերի 15-ից, կամ մի քիչ ուշ, սկսում էին ամանորյա գովազդները, ֆիլմերի անոնսներ էին ցույց տալիս, որոնք Նոր տարուն լինելու են, ու նույն թեմային վերաբերվող ֆիլմեր էին: Հաճախ կլսեինք՝ «Ոնց եմ սպասում Նոր տարուն», «Ձյունն ինչ էլ գեղեցիկ օր եկավ, լրիվ համահունչ ա» և այլն: Հա, ես հիշում եմ, որ ասել եմ՝ ձյուն չեմ սիրում, բայց գոնե մի քիչ գար Ամանորի գիշերը, որ հիշեցներ ձմռան մասին, նայեինք ու ժպտայինք:

Բոլորս էլ գիտենք, ու մեր շրջապատում էլ անընդհատ նշում ենք, որ Նոր տարին ուտելու համար չի, բայց որ շրջում ենք տներով, մենակ միաեղջյուրի բուդն էր պակասում:

Մենք այս տարին շատ քիչ ծախսով դիմավորեցինք, ամեն ինչից քիչ, հետո էլ՝ ո՞վ նկատեց, որ խմիչքների մեջ շան շշով կոնյակ կամ գինի չկար: Կամ ո՞ւմ էր հետաքրքիր, որ սեղանին հավ էր, այլ ոչ թե խոզի բուդ: Չգիտեմ՝ փողի պակասությունն էր, թե ինչ, բայց ինձ էսպես դուր եկավ: Ինչո՞ւ փող ծախսել ամանորյա հրթիռների վրա, եթե կարող ենք ուղղակի դուրս գալ, ու նայել, թե ինչպես են ուրիշները փող ծախսել և հրավառություն արել:

Ճիշտ է, թեմայից շեղվեցի, բայց սա էլ էր պետք: Տանն առաջարկեք հաջորդ տարի թեթև նշել Ամանորը, հո դեմ չե՞ն լինի:

Այս օրերին էլ, երբ դուրս էի գալիս մտերիմներիս տներ այցելելու նպատակով, դրսում մարդ չկար, ես բարձր All I want for Christmas-ը երգելով գնում էի, իսկ ոչ ոք չէր ասում, որ ես գժվել եմ, որովհետև ոչ ոք չկար դրսում: Ինչևէ, ձեզ ուրախ տարի: Ասում են տարին ինչպես սկսում ես, այդպես էլ շարունակվում է: Հիշեք, թե ոնց սկսեցիք, որ հետո չբողոքեք:

anahit gasparyan charencavan

Երջանկության սպասելիս

Երջանկության սպասումը հենց ինքը երջանկություն է:

Գոթհոլդ Էֆրաիմ Լեսսինգ

Նոր տարվա եռուզեռի ժամանակ շատ հաջող կերպով հանդիպեցի գերմանացի գրողի այս խոսքերին: Ակտուալ թեմա է՝ սպասումը յուրաքանչյուրիս կյանքում:

Մի քանի օր առաջ մենք բոլորս սպասում էինք Նոր տարվան, բայց ամեն ոք յուրովի: Մեկը սպասում էր Նոր տարվա գալուստին, մյուսը՝ հենց «նոր» հասկացությանը, չէ՞ որ սա հրաշալի հնարավորություն է հեղինակել կյանքիդ նոր գլուխը՝ փորձելով չկրկնել նախորդ տարվա սխալները:

Սպասում ես ուղիղ կեսգիշերին, որպեսզի շնորհավորես այն ամենակարևորներին կամ ստանաս շատ կարևոր շնորհավորանքներ, ընտանիքի անդամներով «չը՜խկ» անես բաժակները ու տան մեծի օրհնանքով սկսես տարին:

Սպասում ես Նոր տարվա հրաշքին, երբ կախում ես տոնածառի առաջին խաղալիքը ու աչքերդ փակ երազանք պահում: Իսկ երբ հարցնում են, թե ինչ ես պահել, պատասխանում ես.

- Չեմ կարող ասել, այլապես երազանքս չի իրականանա:

Ու ամուր փայփայելով երազանքը, որը մեկ էլ հիշելու ես ծննդյանդ մոմերը փչելիս, սպասում ես դրա իրականացմանը:

Միշտ սպասում ես եղանակի կանխատեսումներին: Երբ ձմեռվա կեսին արև է, ու Սյունիքում մանուշակ է ծաղկում, սպասում ես ձնագնդիկների ու ձնեմարդուկների եղանակին, իսկ երբ ձյուն է գալիս, սպասում ես գարնանը, թե երբ է տաքանալու, որ հանես այդ տաքուկ ու ծանր մուշտակը, սպասում ես, որ տատիկդ անընդհատ չասի.«Չե՞ս մրսում, տաք հագնվի»: Ու կարևոր չի, որ 4 կիլոգրամ հագուստ ես կրում այդ պահին:

Սպասում ես Ձմեռ պապին, չգիտեմ Ձյունանուշին սպասո՞ւմ ես, բայց հրաշքի այս մարմնացումներին պետք է սպասես ամեն տարիքում: Ու եթե «մեծացել ես» ու այլևս չես հավատում  նրանց, ուրեմն ուղղակի չգիտես, որ Ձմեռ պապը իրական կերպար է՝ իր եղնիկներով, Լապլանդիայով ու սահնակներով հանդերձ, քանի որ այն գոյություն է ունեցել երևակայությանդ մեջ, քո սրտում: Իսկ ինչը դու անկեղծ ստեղծել ես ու ինչին անկեղծ հավատացել ես, թեկուզ մանկության տարիներին, անպայման գոյություն ունի:

Ես միշտ սպասում եմ տարվա վերջին անգլերենի պարապմունքին, երբ սիրելի ուսուցչուհիս բերում է «կախարդական գուլպան»: Գրում ենք, թե հաջորդ տարում ինչ սպասելիքներ ու երազանքներ ունենք ու գցում գուլպայի մեջ: Ընկեր Դալլաքյանը տանում է այդ գուլպան եկեղեցի, գմբեթի տակ աղոթում մեր երազանքների կատարման համար, իսկ քահանան Աստծո օրհնությունն է տալիս: Նաև շատ եմ սպասում տարվա առաջին պարապմունքին, երբ բոլորիս աթոռների տակ դրված է լինում, թե ինչ է լինելու մեզ հետ այդ տարի:

Նախորդ տարի ում ինչ ընկել էր, այդպես էլ կատարվեց: Ինձ ընկել էր նոր հաղթանակներ, ու 2017-ը առանձնացավ ինձ համար հենց հաղթանակներով, Եվային՝ Flex ֆինալիստ, Գայանեին՝ նոր ընկերներ, շատերին՝ անվճար ընդունելություն, ուսուցչուհուս՝ նոր աշխատանք: Չես հավատա, բայց բոլորը իրականացել են, բա էլ ինչպե՞ս չսպասես…

Սպասում ես դպրոցներին, սպասում ես դասարանով հավաքվելուն ու մի կուշտ թափառելուն, սպասում ես այն հարազատներին, որոնց միայն Նոր տարուց նոր տարի ես տեսնում, սպասում ես այդքան երկար ընտրածդ նվերի արձագանքին, սպասում ես նոր նվաճումների ու նոր մարտահրավերների, սպասում ես լավատեսորեն ու հավատում սպասումիդ:

Եվ վերջում մեզ՝ 17-ցիներիս, կապում է մեկ ընդհանուր սպասում: Մենք բոլորս «Մանանա» կենտրոնի շնորհիվ կարողանում ենք արտահայտվել, ստեղծագործել, սովորել, ձեռք բերել նոր ընկերներ ու նոր հմտություններ, զբաղվել մեր սիրած գործով ու ամեն օր սպասել նոր հոդվածների ու արձագանքների: Ու Լեսսինգի խոսքը շատ ճիշտ է հենց այս պարագայում, մենք ամեն օր սպասում ենք 17-ին ու այդ սպասումը հենց երջանկությունն է:

arman arshak

Հաղթահարել վերջնագծերից մեկը

Այս հոդվածս գրում եմ կյանքի ճանապարհին դրած վերջնագծերից մեկը հաղթահարելու մասին։

Կյանքիս ճանապարհը բաժանված է մասերի, ու յուրաքանչյուր մասի ավարտին կա մի վերջնագիծ՝ ֆինիշ, որին ամեն կերպ փորձում եմ հասնել։ Եվ այսպես, օրեր առաջ զանգ ստացա և իմացա, որ մեկնելու եմ Վրաստան՝ մասնակցելու երիտասարդական փոխանակման ծրագրի։ Գիտակցել, որ հենց նոր դու հաղթահարեցիր քո կյանքի վերջնագծերից մեկը, պարզապես հրաշալի է։

Եվ այսպես, մի քանի օրից Վրաստանում էի, այնտեղ էին նաև Ուկրաինայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Խորվաթիայից և Վրաստանից ևս 30 երիտասարդ։ Փոխանակման ծրագիրը հավասարության մասին էր: Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, վստահ եմ, կիրառելի կլինեն ողջ կյանքի ընթացքում։ Ներկայացրեցինք մեր երկրի տարբեր ոլորտներում խտրականության ցուցաբերման վիճակագրական տվյալներ և ծանոթացանք այլ երկրների վիճակագրական տվյալներին ու խնդիրներին։

Անչափ հետաքրքիր էին մշակութային երեկոները։ Հետաքրքիր էր ծանոթանալ այլ երկրների մշակույթին և, ինչու ոչ, պարտավորեցնող էր ներկայացնել քո մշակույթը։ Սակայն ամենատպավորիչն ինձ համար դա Հայաստանի մշակութային երեկոյի ժամանակ «Կիլիկիա» երգն էր, որի ընթացքում շատ մասնակիցներ արտասվեցին։

Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ամփոփեցինք նկարահանելով փոքրիկ տեսահոլովակներ։

Փոխանակման ծրագրի արդյունքում ձեռք բերած հմտությունները վստահ եմ, որ կիրառելի են։ Սակայն այնտեղ անցկացրած ժամերը նոր ընկերների հետ անմոռանալի էին։ Ամենաթանկը, որ ձեռք բերեցի, դրանք ընկերներն էին, հատկապես Ուկրաինայի թիմը, հատկապես Դմիտրին, ում հետ ամենաշատը մտերմացա:

Այդ ողջ ընթացքում գիտակցում էի, որ այժմ ես իմ մեկ նպատակին հասել եմ, իսկ այդ զգացողությունը միայն առաջ շարժվելու ձգտում է առաջացնում։

vrezh sargsyan

Մի կտոր իմ 2017 թվականի կյանքից

Սա իմ առաջին նյութն է: Ու ես ցանկանում ազնիվ լինել: 2017 թվականը իմ կյանքում ժամանակի անիմաստ կորուստ էր: Չիրականացված երազանքներ, կորցրած ընկերներ, ձանձրույթի պահեր և անկում: Վերլուծելով տարին հասկացա, որ իմ առաջ դրված նպատակների 99%-ը այդպես էլ նպատակ մնաց: 2017-ի առաջին ամիսները շատ վատ անցան, միակ բանը, որ անում էի՝ երեկոյան աղոթելն էր, ու անիմաստ ծրագրեր իրականացնելու իմ փորձերը: Որպես ապագա ռեժիսոր փորձեցի նոր գիտելիքներ ձեռք բերել, սակայն դա ապարդյուն անցավ, ինչ-ինչ պատճառներով:

Գարնանը մի փոքր աշխուժություն մտավ իմ կյանք: Մի քանի առաջարկ ստացա, բայց ցավոք, դրանք բավարար մակարդակ չունեին ինձ գրավելու համար: Եկավ ամառը, իմ 2017 թվականի ամենասթերսային, ամենաէմոցիոնալ, ամենատխուր և ուրախ ամառը: Ամռան առաջին ամիսը փորձում էի պատրաստվել ընդունելության քննությանը հոգեպես: Մի քանիսն ինձ խոստացել էին օգնել այդ հարցում, բայց ավաղ, կյանքի ինչ-ինչ պահերի պատճառով, չկարողացան ինձ օգնել:

Հուլիսին առաջին քննությունս էր: Ես մինչև ինստիտուտ հասնելը սարսափած էի: Մտածում էի, որ ինձ նման շատ-շատ մարդիկ պիտի լինեն ինստիտուտում, որոհետև շատ են ռեժիսոր դառնալ ցանկացողները, բայց սխալվեցի: Մենք 10 դիմորդ էինք: Ճիշտն ասած, ես վերջին համարն էի ու վերջում պիտի մտնեի քննության: Երբ մի փոքր ժամանակ անցավ, սարսափը վերածվեց հանգստության: Բայց ներս մտնելու պահին հասկացա, որ ես պատրաստ չեմ ստեղծագործելով, բառերից կախվելով, իմպրովիզացիաներով տակից դուրս գալ, բալերս չգոհացրեցին: Երկրորդ օրը նույն ձևով անցավ, առանց փոփոխության: Իսկ երրորդ քննությանս նախորդող օրը զանգ ստացա Գյումրիից, ինձ հետ կանչեցին: Մի խոսքով չընդունվեցի: Անիմաստ տարի:

Իհարկե, պետք է լավատես լինել: Մարդը կարող է ինքնակրթությամբ շատ բաների հասնել: 2018-ը բարդ տարի է լինելու. եռանդուն, ռիթմիկ, նպատակներով լեցուն: Իսկ ես ավելի վճռական կլինեմ, և ուժեղ:

2018 թվականը լավն է լինելու, բարին ընդ ձեզ:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գրեննիի նոր կացարանը

Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթն էր: Հենց այս ժամանակ էր, երբ հասկացանք, որ հյուրընկալ ընտանիքիս տատիկին (Գրեննիին) ծերանոց տանելու ժամանակն էր: Հոսթ մայրս ու նրա քույրը վերջապես ընդունեցին դրա անհրաժեշտությունը, և մենք սկսեցինք մեր տատիկի տեղափոխման գործընթացը:

Բայց նախ ուզում եմ բացատրել «ծերանոց» երևույթի մասին ամերիկյան ու հայկական պատկերացումների տարբերությունը:

Ըստ հայկական պատկերացումների՝ ծերանոցը վայր է, որտեղ ապրում են լքված ու միայնակ տարեց մարդիկ, ովքեր չունեն իրենց մասին հոգ տանող որևէ մեկին: Ծնողին ծերանոց տանելը զավակի կողմից անպատվաբեր քայլ է համարվում:

Ծերանոցի մասին ամերիկյան պատկերացումները ճիշտ հակառակն են: Էստեղ հավաքվում են տարբեր կյանքի պատմություններ ունեցող տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ սեփական կարիքները և ունեն օգնության կարիք: Ծերանոցը նոր ընկերներ ու ապրելու ցանկություն ձեռք բերելու լավագույն հնարավորություններից է:

Հա, ուրեմն, ժամանակն էր Գրեննիին ծերանոց տեղափոխելու: Նրա հիվանդությունը հիշողության ու տեսողության կորստի պատճառ էր դառնում, ինչը բարդացնում էր ինքնուրույն ապրուստն անգամ ամուսնու օգնության դեպքում: Նրա ամուսինը համաձայնվեց ապրել ծերանոցում՝ հանուն իր կնոջ կողքին լինելու և նրա մասին հոգ տանելու:

Սկսեցինք տեղափոխման ծանր գործընթացը: Պետք էր ծերանոց տեղափոխել նրանց սիրելի կահույքն ու այն բոլոր իրերը, որոնք կհիշեցնեին տան մասին և կօգնեին ավելի հեշտ հարմարվել օտար միջավայրին:

Մոտենում էր Սուրբ Ծննդյան տոնը: Գրեննին արդեն ծերանոցում էր իր ամուսնու հետ, ու մենք որոշեցինք նշել տոնը նրանց հետ՝ ծերանոցում: Հավաքեցինք նվերներն ու վաղ առավոտյան գնացինք ծերանոց: Գրեննիի ուրախությանը չափ չկար, փայլող աչքերով բացում էր նվերներն ու շնորհակալության խոսքեր կրկնում: Երբեմն մոռանում էր, թե որն ումից է, կամ բողոքում, որ տեսողությունը թույլ չի տալիս գնահատել նվերի ողջ հմայքը:

Իսկ մենք երջանիկ էինք, հենց միայն այն փաստից, որ մեր ներկայությունն այս փոքրամարմին, բայց անսահման բարի հոգով կնոջ երջանկության պատճառն էր:

arxiv

Մանյակը

Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու է մայրիկը բարկանում: Ես ու Մուշը ընդամենը գնացինք մինչև փողոցի ծայրը, որպեսզի Դավիթին ճանապարհենք: Ուղղակի հինգ րոպեով: Իսկ երկու ժամ հետո, երբ մենք վերադառնում էինք, մայրիկը տակնուվրա էր անում դպրոցը:

Նա մեզ էր ման գալիս, իսկ Մուշի ընկեր Հովիկը հոգեառ հրեշտակի նման գնում էր նրա հետևից: Նա առանց դադարի բուլկիներ էր խժռում և խոսում:

-Կորե՞լ են, Ռուզան մորաքույր: Դե, ոչինչ, մանյակն է տարել, էլի՜: Դրա մասին լսե՞լ եք:

Մայրիկս մի պահ քարանում է, նայում Հովիկի խոշոր, արագ-արագ շարժվող թշերին, փորձում է հասկանալ նրա ասածը: Իսկ Հովիկը շարունակում է:

-Էդ մանյակի վզի վրա մի մեծ ծակ կա: Էհ, Մուշի բախտը չբերեց, լավ տղա էր…

-Հովիկ, սուս մնա, էլի, ի՞նչ մանյակ:

-Ո՞նց թե՝ ինչ: Որ գողացավ՝ վերջ: Էլ չեք տեսնի: Էլ ման մի եկեք:

Մայրիկս փորձում է փախչել, բայց չի ստացվում:

Հովիկը կարծես թե լռեց, բայց մի պահ, ուղղակի պատառն էր կուլ տալիս:

-Դե լավ, Հովիկ: Մնա այստեղ, ես գնամ Մուշի հայրիկին զանգեմ: Որ Մուշենք գան, թող սպասեն:

-Չէ, էլ չեն գա: Մանյակից ո՞վ է փրկվել, որ իրենք փրկվեն: Մեր հայերենի ուսուցիչն էլ չկա, երևի մանյակի գործն է:

Մայրիկիս ոտքերը թուլացան:

-Զգույշ կլինեք,- նրա հետևից բղավեց Հովիկը,- մանյակը գուցե փրկագին ուզի: Բայց երևի բանը դրան չի հասնի: Մանյակներին փող պետք չէ:

Չգիտեմ, մայրիկը վերջին «խելամիտ» խորհուրդները լսեց, թե ոչ: Քիչ անց դպրոց էր սլանում հայրիկը, մեղմ ասած, գլուխը կորցրած:

Երբ ես ու Մուշը վերադառնում էինք, Հովիկը դեռ նստած էր դպրոցի բակում և մեծ ոգևորությամբ ուտում էր:

-Ա՜, եկաք: Դե, էլ արդեն վերջ, ուշացաք: Մամայիդ տարան հիվանդանոց, էլ չեք տեսնի: Հայրիկդ ոստիկանների հետ ձեզ ման է գալիս քաղաքում: Բայց այնքան հուզված էր, որ երևի… Խեղճ երեխեք, ձեզ երևի մանկատուն տանեն: Տատիկդ հո երեք երեխա չի՞ պահի: Հիմա ամեն բան այնքան թանկ է, որ: Մանկատունն իր դպրոցն ունի, երևի հենց էնտեղ էլ սովորեք: Մուշ, քո էն խաղը ինձ կտաս, չէ՞: Մանկատանը մեկ է, ձեռքիցդ կվերցնեն: Գոհ եղեք, որ ձեր ընտանիքից գոնե դուք կենդանի եք մնացել, թե չէ…

Լավ է, մայրիկը ժամանակին եկավ, թե չէ հիմա այս տողերը գրող չէր լինի: Ինչ մեծ երջանկություն, մենք գնում ենք տուն, մեր տուն…

Իսկ Հովիկը դեռ գալիս էր մեր հետևից, ախորժակով կուլ տալով հերթական բուլկին.

-Այս անգամ ձեր բախտը բերեց, բայց մյուս անգամ, որ փողոցային խուլիգանները բռնեն, էլ չեք պրծնի…

Գոռ Բաղդասարյան, 10տ.
1998 թ.