Ամանորյա սեղանից մինչև ամանորյա զվարճանքները

 

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Հարցում Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում

-Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին և ինչպե՞ս եք անցկացնում այն

-Ամանորը սիրըմ եմ, որ մարդ չգա էդ օրը, բայց գալիս են: Հենց էդ գիշերը, հենց 12-ը խփըմ ա, մեկ էլ գալիս են, բայց ասենք՝ շատ ցանկալի կլներ, որ մենք մեր ընտանիքով ըլնեինք: Է, դե լավ, հաջորդ օրը թող գան, բայց էդ պահին մեկ էլ տենըմ ես՝ գալիս են (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

-Սովորական, ոնց որ բոլորը: Ընտանեկան սեղանի շուրջ: Սիրում եմ, որ բոլորը էդ պահին ներկա լինեն, անակնկալներ մատուցեն մեկը մյուսին՝ թեկուզ փոքրիկ նվերների ձևով, թեկուզ անակնկալ հյուրեր ունենանք, մենք ինքներս այցելենք որևէ մեկի տուն: Անակնկալ պահեր: Մենք միշտ գնում ենք առաջին հերթին պապիկին շնորհավորելու: Սիրում ենք մեծին հարգել, մտածում ենք, որ մեծերը շատ-շատ մեր կարիքը ունեն: Ոչ թե նյութապես, այլ հոգեպես: Քանի դեռ մենք մեծ ունենք՝ առաջինը այցելում ենք ինքներս (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Ընտանիքում, հետո՝ ընկերների շրջապատում: Տանը սպասում ենք, մինչև ժամը 12-ը խփի, կենացներ ենք ասում, Նոր տարին ենք շնորհավորում, ուրախ տարի ենք իրար մաղթում, հետո դուրս եմ գալիս ընկերներիս հետ (Արթուր Ասատրյան, աշակերտ):

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

-Օյ, Ամանորը շատ եմ սիրում, շատ-շատ: Ամանորյա հեքիաթին մինչև հիմա հավատում եմ: Ձմեռ պապիին չէ, հեքիաթին: Ամենաշատը սիրում եմ էն պահը, որ Ամանորի գիշերը ձյուն ա գալիս: Դա ամենաիրական հեքիաթն ա: Շատ սիրում եմ զանգեր, գույներ, տոնածառ, զարդարանքներ, ամեն ինչ շատ սիրում եմ (Գայանե Մարտիրոսյան, մանկավարժ):

-Սովորական, առաջինը չի: Հնարավորության սահմաններում: Հա, մերը տենց ա՝ տանը (Վարդան Մեջլումյան, մանկավարժ):

-Աշխատում եմ ուրախ դիմավորել, որովհետև հունվարի 2-ին փոքր տղայիս ծննդյան օրն է: Այս տարի առաջին անգամ առանց նրա ենք դիմավորելու, հայոց բանակի սպա է, Մատաղիսում է ծառայում: Այս տարի չգիտեմ՝ ինչպես կդիմավորեմ: Կաշխատեմ ուրախ դիմավորել (Անժելա Աղայան, մանկավարժ):

-Ամանորը ես միշտ անցկացնում եմ տանը՝ իմ ընտանիքի հետ: Երբեք չեմ մտածել Ամանորին, ինչպես հիմա ընդունված է, մոդայիկ է դարձել, տարբեր տեղեր գնալ, հանգստանալ, տանը չանցկացնել: Ես սիրում եմ ընտանիքիս՝ իմ ամուսնու, երեխաների, թոռնիկների հետ նշել: Սեղան ենք դնում, ինչպես բոլոր սովորական ընտանիքներում, հայկական օջախներում: Սիրում եմ թոռնիկներիս նվերներ տալ (Հասմիկ Այվազյան, մանկավարժ):

-Անցած տարի եմ ամուսնացել, մի տարի արդեն նշել ենք միասին: Դե, տարբերվում էր էնքանով, որ արդեն կինս էլ էր ներկա: Ամանորի գիշերը անցկացնում ենք ընտանիքով՝ քուր, ախպեր, ծնողներ (Վարդգես Սիմոնյան, ծրագրավորող):

-Ընտանիքով: Պարտադիր բոլորը պիտի ներկա լինեն: Դա մեզ համար շատ կարևոր բան է: Փորձում ենք հիշել՝ ինչ կարող էինք անել, որ չենք արել ու ինչ պիտի անենք մյուս տարի, ինչ ձեռքբերումներ ենք ունեցել ու ինչ ենք ակնկալում ունենալ մյուս տարի:

-Ամանորյա ծախսերը չհաշված՝ ինչպիսի՞ էմոցիաներ է առաջացնում Նոր տարվա գալը:

-Հա, ծախսերը, դե սթրեսի մեջ ենք ընգնըմ, հազիվ ուզըմ ենք դուրս գանք, նորից նույնն ա: Ընդհանուր, դե դա էլ ա պետք: Մի քիչ տխրըմ եմ, մի քիչ սթրես եմ տանըմ, բայց շուտ դուս եմ գալի (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

-Ամանորը, ընդհանրապես, լավ տոն է: Եթե մարդ չունենա նյութական հոգսեր՝ տոնելը բոլորիս համար շատ հաճելի է: Ես հիշում եմ՝ իմ մանկության տարիներին, պատանեկության, ինչպես նաև՝ երիտասարդության, Ամանորին մենք անհամբեր սպասում էինք, Ամանորը մեր սիրած, ամենալավ տոներից մեկն է եղել: Տարիքի հետ, ինչ-որ տեղ՝ նյութական, ընտանեկան հոգսերի պատճառով էլ առաջվա պես նվիրումով չեմ սպասում տոնին (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Ես շատ սիրում եմ Ամանորը: Սիրում եմ գույները, տոնածառը, տոնական առևտուրը: Հնարավոր է, որ մարդիկ կարծում են՝ դա ավելորդ է հայ իրականության մեջ, բայց ես մեծ բավականություն եմ ստանում (Լիլիթ Ղազարյան, հոգեբան):

-Չգիտեմ, լավ: Սիրում եմ, երբ ձյուն ա գալիս: Հետո, որ ցուրտ ա, ու ճանապարհները չեն մաքրվում, շատ դժվար ա քայլելը՝ դա արդեն բարդություններ ա առաջացնում (Գայանե Մարտիրոսյան, մանկավարժ)

-Դե, անկեղծ ասած, ես Նոր տարին սիրում եմ: Սիրում եմ եփել-թափել: Ես հյուրասեր մարդ եմ՝ շատ եմ սիրում մարդիկ ընդունել, ճանապարհել, հյուր գնալ: Ամանորը ինձ համար նաև ընկերներին, հին ծանոթներին, բարեկամներին հանդիպելու ամենալավ ժամանակն է: Ամբողջ տարվա ընթացքում դու կարող է ժամանակ չունենաս ընկերներին տեսնելու, բայց Ամանորին հավաքվում ենք ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում (Անժելա Աղայան, մանկավարժ):

-Ես սիրում եմ Ամանորը: Էն փոքր երեխաների նման սպասում եմ դրան: Սիրում եմ տոնածառը զարդարել, ամեն տարի գեղեցիկ խաղալիքներ գնել, իմ 4 թոռնիկների հետ զարդարել տոնածառը (Հասմիկ Այվազյան, մանկավարժ):

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

-Ամանորին սպասում եմ, որովհետև ամբողջ ընտանիքս հավաքվում ա: Սպասման մեջ եմ անընդհատ, որովհետև տարիներ են եղել, որ հենց դեկրեմբերի 31-ին են պապաս ու եղբայրներս եկել: Ու շատ եմ սիրում Ամանորյա նվերներ գնել, իմ ամենասիրած զբաղմունքն ա (Ալիսա Քոչարյան, 16տ., աշակերտ):

-Միշտ վատից եք, հա՞ սկսում: Իրականում ձմեռը, հենց Ամանորը ես սիրում եմ՝ անկախ ծախսերից, որովհետև դա ընտանիքի տոն է, որի ժամանակ բոլոր մարիկ, ովքեր իրարից հեռու են, հավաքվում են, հանդիպում են: Ինձ համար դա շատ կարևոր է (Լաուրա Թումասյան, մանկավարժ):

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

-Տանը քանի՞ երեխա կա: Ինչպե՞ս են տրամադրված Ամանորին: Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ են:

-Ունեմ 2 երեխա՝ տղա, աղջիկ, 28 և 30 տարեկան (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Տանը 2 երեխա ենք, բայց քույրս ամուսնացած ա (Արթուր Ասատրյան, 17տ., աշակերտ):

-Իմ երեխաները մեծ են: Չէ, ինչի՞ չեն հավատում, ես ինքս նույնպես հավատում եմ Ձմեռ պապիկին: Բնականաբար, էդ նվերները պարտադիր պայման ենք համարում: Կարևոր չի՝ երեխան որ տարիքում է, բոլորն էլ Ձմեռ պապիկին հավատում են, ակնկալիքներ բոլորն էլ ունեն: Հաճելի է փոքրիկ նվերով ուրախացնել դիմացինին (Մարգարիտա Հովհաննիսյան, մանկավարժ):

-Երկու բալիկ ունեմ: Երկու աղջիկ, մեկը՝ 6 տարեկան, մյուսը՝ 2: Արդեն մեծ աղջիկս տառերը սովորում ա, որ Ձմեռ պապիկին նամակ գրի: Դե, փոքրը դեռևս չի հասկանում, բայց էդ գույների հետ բավանակին մեծ ուրախություն ա ունենում: Տոնածառ դեռ չենք դրել, երևի 20-ից հետո, երբ երեխաները կցանկանան (Լիլիթ Ղազարյան, հոգեբան):

-Երկու, եթե 24, 20 տարեկաններին կարելի ա երեխա համարել: Թոռներ՝ առայժմ ոչ, բայց կարող ա էդ ճանապարհին լինենք (Գայանե Մարտիրոսյան, մանկավարժ):

-Տանը ես եմ երեխա, բայց ընդհանրապես՝ 3: Եղբայրներս 25, 28 տարեկան են (Հեղինե Վասիլյան, 15տ., աշակերտ):

-Դեռ չկա: Դե, էս 18 թիվը կարող ա արդեն լավ ըլնի, էլի (Վարդգես Սիմոնյան, ծրագրավորող):

-Տանը 3 երեխա ենք: Մեկը 13 տարեկան է, դեռ հավատում է Ձմեռ պապիկին, մյուսը 3 տարեկան է, շատ է նեղվում Ձմեռ պապիկից, որ ամեն օր նվեր չի բերում (Սուսաննա Գրիգորյան, 15տ., աշակերտ):

-Պետք էլ չի իմանաս: Որ իմանա՝ կգա կասետդ կճղի, կտանի: Կասի՝ գնացել ես տելեվիզր ես ընգել: Ա, դե կատակ ենք անըմ, այ բալա ջան, ձերն էլ ա կատակ, դու գիդես ի՞նչ ա: 3 հատ: Կարա՞մ հիշեմ: Ես թոռ չունեմ, չեմ պսակվել, որ մի հատ էլ պսակվեմ՝ թոռ կունենամ: Երեսչորս, երեսուն, քսանութ: Հա, ուրիշից չեն՝ սեփական են: Ամուսնացած չեն, չեն էլ ուզում: Սպասում են Եվրախորհուրդ մտնեն՝ նոր (Վարդան Մեջլումյան, մանկավարժ):

-Երեք՝ 17, 15 և 8 տարեկան: Շատ լավ, երեքն էլ շատ սիրում են Ամանորը: Մեծերը՝ արդեն չէ: Իրենք ասում են՝ ինչ ուզում եք, բերեք: Իսկ աղջիկս մինչև էդ գրում էր, իսկ հիմա հայտարարեց, որ մեկ ա՝ չկա (Լաուրա Թումասյան, մանկավարժ):

 

-Արդյոք մտածե՞լ եք Ամանորը դրսում նշելու մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում Ամանորը, երբ դուք երկրում, կամ հարազատ քաղաքում չեք:

-Երբեմն մտածում ենք, բայց միևնույնն ա, գալիս ա օր, որ մտածում ես՝ քանի դեռ մեծեր կան քեզ շրջապատող՝ տատիկ, պապիկ, պիտի իրենց կողքին լինես: Դա էլ ենք մտածում՝ ընտանիքներով գնանք, բայց մեծերին դժվար ա համոզելը, տնից հանելը: Եթե կարողանանք իրենց տնից հանել, հաստատ մենք էլ միասին ինչ-որ մի տեղ կգնանք: Մի քիչ անհոգ կարող ես էդ պահին լինել, խոհանոցային էդ պահերը չի լինի, էդ հոգնած վիճակը (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Հա, մտածել եմ: Մտածել եմ, որ ընկերների հետ նշեմ, բայց հետո եկել եմ էն եզրահանգման, որ ամենալավը ընտանիքի հետ անցկացնելն ա (Արթուր Ասատրյան, 17տ., աշակերտ):

-Ամեն տարի էլ մտածում եմ, բայց հնարավորություն չկա: Հիմա, որ տեսնում եմ, ամբողջ ժողովուրդը նեղվում ա Ամանոր դիմավորելու համար, ֆինանսական պահն ա իհարկե դա, ավելի վատ եմ զգում, ընկճված ու չեմ ուզում որևէ այլ քայլ անել: Բնականաբար, կուզենայինք ավելի թեթև անցկացնել (Մարինե Նալբանդյան, մանկավարժ):

-Հա, իհարկե: Ես երազում եմ հյուսիսային երկրներում անցկացնել՝ Շվեդիա, Նորվեգիա: Նորվեգիայում Ամանոր նշել՝ ինձ թվում է ուղղակի ֆանտաստիկ կլիներ, բայց Նորվեգիայում ամեն ինչն է ֆանտաստիկ՝ գների առումով, դրա համար դեռ չի իրականացել այդ երազանքը: Բայց, օրինակ, չեմ ընդունում Նոր տարուն ամառային երկիր գնալը, ծովափին դիմավորելը: Այ, ինձ թվում է՝ Ամանորը պիտի լինի էդ տրամադրության մեջ, ձյունը պիտի լինի անպայման (Անահիտ Վարդանյան, մանկավարժ):

-Տան ամանորյա զարդարանքով ո՞վ է զբաղվում

-Առաջինը՝ ես, երեխեքի հետ: Իրանք շատ սիրըմ են, որովհետև տարբեր հասակի երեխեք ունենք: Շատ սիրով, զարդ ու ֆնդուֆլուշկեքը առնըմ են, շատ լավ, սիրուն խաղալիքներ ունենք, տոնածառը զարդարըմ ենք միասին (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

-Տան զարդարանքով զբաղվում ենք ես և մայրիկս: Լինում է, որ ընտանիքով երեկոյան ժամերին հավաքվում ենք ու մտածում ենք՝ ինչ կարելի ա անել (Մարգարիտ Կարապետյան, 15տ., աշակերտ):

-Ճիշտն ասած՝ այս տարի չեմ զարդարի, հիվանդ մեծեր ունեմ տանը: Տատիկն ու պապիկը վատառողջ են, էս տարի տրամադրված չեմ զարդարելու տունը: Իսկ ընդհանրապես, սիրում եմ տոնածառը զարդարել: Հատկապես մեծ տղաս էր սիրում տոնածառը զարդարել: Երբ բանակում էր, էնտեղից զանգում, ասում էր՝ տոնածառը դրե՞լ եք, ասում էի՝ չէ: Ասում էր՝ բա դրեք, ո՞ւմ եք սպասում: Էնտեղից պարտադրում էր, որ տոնածառ պիտի լինի տանը (Անժելա Աղայան, մանկավարժ):

-Թոռնիկներիս հետ, երեխաներիս հետ: Այ, հիմա արդեն հարս էլ ունեմ տանը: Դե, երիտասարդները հիմա ավելի շատ են, չէ,՞ սիրում ամեն ինչը ավելի ճոխ, գեղեցիկ, ավելի նոր բաներով զարդարել (Հասմիկ Այվազյան, մանկավարժ):

-Աղջիկս էր զբաղվում հիմնականում: Մենակ ենք հիմա, բայց կգա, կզարդարի, կգնա: Խոստացել ա (Սոֆյա Սիմոնյան, մանկավարժ):

-Արդեն կինս: Մինչև էդ՝ մաման: Հա, ես էլ բա: Ասենք՝ տոնածառը «կռիշից» իջացնելն էլ ա զարդարանք (Վարդգես Սիմոնյան, ծրագրավորող):

-Ես, որովհետև ես ամենաշատն եմ դա սիրում: Ինձ համար էդ առանձին ծես ոնց որ լինի: Միշտ Նոր տարվա երաժշտություն եմ միացնում, որ տրամադրություն ստեղծի: Ու ամեն տարի պարտադիր պետք ա մի նոր բան լինի՝ կամ տոնածառի խաղալիք, կամ ինչ-որ պատուհաններին սոսնձելու բան: Ամեն տարի պարտադիր մի նոր բան առնում եմ ու մեծ հաճույքով զարդարում եմ տունը (Ալիսա Քոչարյան, 16տ., աշակերտ):

-Ամանորյա զարդարանքների բացումը անում եմ միշտ ես: Հիմնականում մեր տանը դրա պատճառով պատերազմի նման փոքր բան ա լինում, որովհետև ինձ ասում են, որ հետո անեմ, բայց ես հենց էդ պահին, միանգամից՝ հենց մտքովս անցավ, վերցնում եմ ու անում եմ: Փոքր եղբայրս անընդհատ ջարդում ա խաղալիքները (Սուսաննա Գրիգորյան, 15տ., աշակերտ):

-Հայրիկը: Ես ժամանակ չունեմ: Հայրիկը՝ երեխաների հետ (Հայարփի Սահակյան, մանկավարժ):

-Տղաները օգնում էին: Հիմա հասկացան, որոշեցին, որ ես ավելի լավ եմ անում: Դե, տենց հեշտ ա իրանց համար: Աղջիկս հետո վերադասավորում ա (Լաուրա Թումասյան, մանկավարժ):

-Ինչ-որ հետաքրքրաշարժ պատմություն՝ կապված ձմռան, Ամանորի հետ

-Փոքր էր աղջիկս՝ 3 տարեկան, Ամանորը ինքը վարեց՝ բաժակաճառով, հարևաններին հյուր գնալով: Բոլորի համար նվերներ էր վերցրել՝ փուչիկներ կամ մի փոքր սիմվոլիկ նվեր: Ձյունանուշիկի շորերով էր (Հայարփի Սահակյան, մանկավարժ):

-Շատ տարիներ առաջ դասղեկական դասարան ունեի, և իմ երեխաները փոքր էին՝ մեկը 4 տարեկան էր, մյուսը՝ 6: Մենք գնացել էինք, մոտիկ էինք էլի՝ կեսրարիս տուն, գիշերը Նոր տարի շնորհավորելու: Մհերը զանգեց՝ բա. «Ընկեր Ստեփանյան, բարև Ձեզ, ո՞նց եք: Շնորհավոր: Տա՞նն եք, թե՞ տանը չեք»: Ասացի. «Չէ, տանը չենք, բայց մի քիչ հետո տանը կլինենք»: Մի քիչ հետո եկանք տուն: Ուրեմն՝ Մհերը՝ Ձմեռ պապի շորերով, Մարինեն էր, թե Թամարիկը՝ Ձյունանուշիկի շորերով: Մենք նկարներ ունենք մինչև հիմա: Տոպրակը շալակներին, նվերներով եկել էին մեր տուն: Իսկ իմ երեխեքը իմացան, թե իրենք իրոք Ձմեռ պապի, Ձյունանուշիկ են: Իմ սիրելի աշակերտներն են եղել:

-Գիտե՞ք ինչ կա: Ձնագնդի խաղալը սիրում եմ: Խաղում եմ մեկ-մեկ: Մենք մեծ այգի ունենք, որ ձյունը սկսվում ա, դուրս ենք գալիս, խաղում ենք: Թոռներ չունեմ, ցավոտ տեղս է: Ամուսնացած չեն: Երեխաների հետ, եղբորս թոռների հետ, տեգորս թոռների հետ: Տանը երեխեքի հետ երեխա եմ: Սենց չնայեք խիստ, էլի: Երեխեքի հետ կարող ա վազվզեմ: Սիրում եմ երեխաներին (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Մանկությունս շատ լավն ա ըլե, շատ անհոգ մանկություն ա ըլե, ոչ հմիգվա նման: Երևի թե ձեր տարիքին էինք, դուրս էինք գալիս դաշտը դահուկ էինք բան անըմ: Տանն էլ ունեի իսկական դահուկներ, հիմա չեմ մանըմ՝ տենց լավը կա՞: Դուրս էի գալի, աղբերս ինձանից 3 տարի էր մեծ, ու աղբորս հետ դահուկ էինք քշըմ՝ ամբողջ Եղվարդով: Հետո էն ժամանակ լավ ձուն էր գալիս, երեխեք: Ես էլ մի քիչ տղավարի բան ունեի: Աղբորս հետ պտի էթայի ֆուտբոլ խաղալու: Հմի կարող ա աղբերը չթողի, բայց ես իրա ընգերների հետ դաշտը ֆուտբոլ էի խաղըմ: Դարբասապահ էի, որ հիշըմ եմ, աղջի, զարմանըմ եմ: Հմի որի՞ն կթողենք էթա: Տունն էլ, ասենք, տենց բան չկար՝ հերս չէր սիրըմ տենց բան, ասըմ էր՝ Մայրամին ամեն ինչ կարելի ա, պատկերացրա՝ Հայկին կարելի չէր, բայց ինձ կարելի էր: Դահուկներ շատ քշել եմ գիշերը, ու շատ սիրուն էր: Թաղից թաղ էթըմ էինք դահուկ քշելու: Ոչ մի պրոբլեմ չկար, վախ չկար: Կարող ա էթայինք էն մի մայլեն: Հերս ու մերս էլ չէին անհանգստանըմ (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

Հարցումն անցկացրին Թինա Մաքոյանը և Էլիզաբեթ Հարությունյանը

sona mkhitaryan

Իմ 2017-ը

2017թ.-ն ինձ տվեց և խլեց ինձնից շատ թանկ բաներ: Ես ավարտեցի դպրոցը՝ կորցնելով այն դպրոցական, դասարանական ջերմ միջավայրը, որից թվում էր, թե անբաժան էի: Տվեց ուսման մեջ նոր հնարավորություններ, նոր շրջապատ, հետաքրքիր առօրյա: Խլեց պապիկիս, չնայած, որ չեմ կարողանում հավատալ: Տվեց ինձ հնարավորություն՝ թեկուզ մեկ, բայց ոչ վերջին անգամ աշխատելու սեփական գումարս: Տվեց ինձ՝ քրոջս և իր երեխաներին տեսնելու, գրկելու, գրեթե մեկ ամիս նրանց հետ անցկացնելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, խլեց մյուս քրոջս ու իր երեխային տեսնելու հնարավորությունը (հույս ունեմ նրանց 2018թ.-ին տեսնել): Տվեց ինձ շատ մեծ ցավ (հայրիկիս առողջությունը շատ թանկ է ինձ համար), որը կհաղթահարենք: Տվեց փորձություն ու այդ փորձությունը հաղթահարելու համար այնպիսի մեկին, ով ձեռքս բռնեց ու տարավ առաջ (մինչև հիմա ձեռքս բռնած է): Տվեց քննություններ, որոնք բավականին լավ կարողացա հանձնել:

Հիմա ես եմ խնդրում, որ տա ինձ ուժ, որ գալիք քննություններիս նույնպիսի արդյունք ստանամ:

syuzanna kharatyan

Լոռվա բարբառը

Դասընթացների մասնակցելը դարձել է կյանքիս ուղեկից: Գրեթե ամեն ամիս մի տեղ գնում եմ ու ձեռք եմ բերում գիտելիքներ տարբեր ասպարեզներից ու թեմաներից։ Բայց առավել շատ եմ սիրում, երբ դասընթացը մի քանի օրով է՝ տնից հեռու, տարբեր մարզերի ու համայնքների երիտասարդներով։ Գնում ես դասընթացի, ոչ մեկին չես ճանաչում, համենայն դեպս առաջին մեկ ժամը, իսկ հետո կյանքդ բաժանվում է երկու փուլի՝ մինչև դասընթացը և դասընթացից հետո։ Իրականում, հա, շատ գիտելիքներ ենք ստանում, բայց այսօր չեմ խոսելու գիտելիքի մասին։

Շիրակ-Լոռի. ինչ հետաքրքիր է, չէ՞, տարբեր սովորույթների, տարբեր բարբառների ու հետաքրքրությունների մարդիկ են հավաքվել, սկզբի մեկ ժամի մասին մոռանանք՝ արդեն հարազատ մարդիկ, որոնց յուրաքանչյուրի հետ կապը յուրովի է։ Պատմածս օրվանից արդեն 4 ամիս է անցել (անգամ դրա մասին էլի եմ գրել):  Ընկերներիցս մեկը՝ Էմման,  ով Շիրակից է, ցանկություն է հայտնել սովորել Լոռվա բարբառը՝ սովորում է, և գիտեք, չէ՞, վատ չի ստացվում, իսկ ես փորձում եմ սովորել նրանց բարբառը (ճիշտ է,  ընդամենը սովորել եմ ՝ ինչղ եք, հըբը, քիչմ ու այսպիսի մի քանի բառ ևս, բայց չի ստացվում)… Էն հետաքրքիր պահը, որ դասից հոգնած գալիս եմ տուն, միացնում եմ հեռախոսս. ընկերուհիս է գրել, Գյումրու ընկերուհիս՝ Լոռվա բարբառով, այնքան հաճելի է ու հետաքրքիր։

Էմմ ջա՜ն, խոստովանում եմ. սկզբից շատ էի ծիծաղում նամակներիդ վրա, ծիծաղս ոչ մի կերպ չէի կարողանում զսպել, քանի որ դու ոչ թե բառերն էիր խառնում, այլ «խառներն էիր բառնում»: Այ, էդ վիճակն էր, բայց հիմա արդեն ստացվում է շնորհիվ ընկեր Շախկյանի (ինքն էլ մեր Լոռվա մասնակիցներից է,  ով Էմմային սովորեցնում է Լոռվա բարբառը, հետևաբար, նրան ընկեր Շախկյան ենք ասում՝ կատակով):

Մի խոսքով, սովորեք Լոռվա բարբառը, հա՜մ հետաքրքիր է, հա՜մ էլ սովորեք, էլի:  Դա էլ կիմանաք, չեք փոշմանի, սովորե՜ք Հայաստանի բոլոր բարբառները. Դրանք այնքան գեղեցիկ ու յուրօրինակ են:

MYcorner, տոնավաճառ ու Հրազդան

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Վերնագիրը կարդալով՝ հրազդանցիները հաստատ զարմացան: Հըմ, դե տոնավաճառ ու Հրազդան բառերը մի փոքր անհամատեղելի են: Մենք՝ հրազդանցիներս, տոնավաճառ, վերջին անգամ չենք էլ հիշում՝ երբ է եղել, իսկ չենք հիշում, որովհետև չի էլ եղել:

Անցնեմ օրվա, այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեգանորությանը: Մեկ՝ մեծ ու տաքուկ անկյունում՝ MYcornerում են հավաքվել Հայաստանի Հանրապետության տարբեր ընկերություններ, որովհետև ամանորյա տոնավաճառ է:

Ամանորյա տոնավաճառին միացել են Etre, Ծիրանէ, Lusine Harutyunyan , Նուռիկ և Apricote Armenian ընկերությունները։

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Քանի որ մենք՝ հրազդանցիներս, ամեն օր չենք լինում Երևանում, Երևանն էլ սիրում է մեզ, որոշել է Լևոնի ու MYcorner-ի միջոցով նվերներ ուղարկել: Է՛լ տեսակ-տեսակ զարդեր, է՛լ կտավներ, է՛լ ձեռագործ աշխատանքներ ու խաղալիքներ ու այսպես շարունակ։ Մնացածը չեմ ասի, որովհետև անձամբ պիտի տեսնեք:

Ինչո՞ւ եմ այսքան ուրախ: Ուրախ եմ, որովհետև այն, ինչը չէի գտնում մեր քաղաքի խանութներում, գտա տոնավաճառի ժամանակ: Ուրախ եմ ու այն էլ շատ, որովհետև տոնավաճառը, կարծես բոլոր հրազդանցիներին համախմբել է, ու բոլորը շրջում են տաղավարների կողքով, գտել են ընդհանուր որևէ թեմա՝ քննարկում են խնդիրներ, լուծումներ են փնտրում, որոշում են՝ ինչ ու ինչպես անել: Հրազդանցիները խոսում են: Այսպիսի երևույթ, տոնական տրամադրություն քիչ է լինում Հրազդանում, որովհետև փողոցում բոլորը շտապում են աշխատանքի, դասի, պարապմունքի, ու ոչ ոք չի խոսում:

Բառերի կարոտ են քաղաքիս շենքերը:

Այս մի քանի օրվա ընթացքում երջանիկ աչքերս հասցրել են հազարավոր ընտիր ու զարմացած հայացքներ ֆիքսել: Հրազդանցիները սիրում են իրենց քաղաքը, ու ինչքան էլ ես կամ Վարդուշ տատը բողոքում ենք քաղաքի անգույն լինելուց ու բողոքում ենք նաև մեր բողոքելուց ու հոգնում ենք, որ բողոքում ենք նաև բողոքելուց, միևնույնն է, շատ ենք սիրում մեր անկյունը: Հրազդանցիներին լուսավորություն է պետք, կյանքից չկտրված լինել է պետք: Հրազդանին, անշուշտ, Երևանից մի քանի գրախանութ է պետք, մի քանի սրճարան, մի քանի վերանորոգված մանկապարտեզ ու Լևոններ են պետք: Քչություն է անում կյանքը:

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Լուսանկարը՝ Միլանա Գեւորգյանի

Քանի որ Ամանոր է, ու ես էլ գրել եմ քաղաքիս մասին, մի երազանք ունեմ Հրազդանի հետ կապված։ Շատ եմ ուզում, որ 2018 թվականին ակտիվ երիտասարդների թիվը մեծանա։

Միացե’ք մեզ: Եկե՛ք գունավորենք քաղաքը: Մենք ներկա սերունդն ենք, ու չեմ էլ ուզում մտածել, որ ապագա սերունդը անգույն երկրում ու քաղաքում պիտի ապրի: Մեզանից հետո թեկուզ ջրհեղե՞ղ: Չէ՛: Մեզանից հետո պիտի լուսավորություն լինի:

iza Astsatryan

Իմ 2017-ը

Ինձ համար 2017 թ.-ը հիշարժան և նշանակալից դարձավ նրանով, որ մասնակցեցի մի շարք փառատոների, որոշներին էլ՝ որպես կամավոր: Բացի դրանից՝ մասնակցեցի տարբեր դասընթացների, նիստերի, որոնց շնորհիվ կարող եմ ավելի ու ավելի լավ հասկանալ ցանկացած իրավիճակ, դրանից զատ՝ նաև կողմնորոշվել տվյալ իրավիճակում:

Ամփոփելով 2017 թ.-ը՝ ինքս ինձ և բոլորին ցանկանում եմ 2017-ի պես ձեռքբերումներով լի տարի, եթե ոչ ավելին: Այո, 2017-ից ինչ ակնկալում էի, այն էլ իրականություն դարձրի: Այնպես որ, մի մտածեք, թե ոչինչ չեք կարող անել, հիշեք՝ Մահաթմա Գանդին ասել է. «Ունեցիր նպատակ, միջոցներ կգտնվեն»: Թող այս տարին տարբերվի մնացած տարիներից:

Mane Minasyan

Իմ 2017-ը

2017-ը նոր կյանքի սկիզբ էր, կամ էլ, այսպես ասած, հրաժեշտ մանկապատանեկան ու անհոգ կյանքին:

Իմ 2017-ը սկսվեց տևական բաժանումով՝ եղբայրս բանակ գնաց: Դրան հաջորդեց կյանքում առաջին այցս Ղարաբաղ, որին շատ էի սպասել: Ինձ համար այնտեղ ամեն բան հետաքրքիր էր ու հարազատ: Այնտեղ ակամա ուժ ստացա, որովհետև Արցախում չես կարող ուժեղ չլինել:

Մյուս ամիսներին պարապում էի ընդունելության քննությունների համար: Դիմորդ էի, շրջանավարտ: Վերջին զանգի փորձեր, վերջին դաս, ավարտական երդում ու վերջին անգամ դպրոցի դահլիճում կանգնած՝ թաց աչքեր: Հունիսի 30-ին գնացի վերջին քննությանս և ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Համալսարան, նոր կյանք ու նոր ընկերներ: Այս կյանքի ընթացքին շատ արագ հարմարվեցի ու 12 տարվա վաստակավոր աշակերտից դարձա նորաթուխ ուսանող: Տես, աչքս թարթեցի, ու արդեն ավարտվում է առաջին կիսամյակը:

Դե ինչ, սիրելի 2017, գնա, միևնույնն է՝ միշտ էլ մնալու ես որպես նոր կյանքի սկզբի տարեթիվ:

anahit badalyan (kapan)

Մի բան այն չէ

Բարև՜: Իսկ դու արդեն զարդարե՞լ ես տոնածառը, գնե՞լ ես նվերներ ընտանիքիդ անդամների համար, գրե՞լ ես հերթական նամակդ Ձմեռ պապիկին: Ես՝ չէ: Ու վախենամ՝ էդպես էլ չանեմ ոչինչ: Գիտե՞ս՝ ինձ մոտ էլի են պահեր եղել, երբ տրամադրություն չեմ ունեցել, ինչ-որ բան չեմ ցանկացել կամ պատրաստ չեմ եղել տոնին: Բայց քաղաքի գունավոր լույսերը տեսնելուց ու խանութների բակերում վաճառվող եղևնիների մոտով անցնելուց հետո՝ ամեն ինչ անցնում էր: Իսկ հիմա՞: Հիմա էդպես չի: Համարյա ամեն օր անցնում եմ փայլերով զարդարված խանութների մոտով, տեսնում եմ Կապանի մեծ տոնածառը, վառվող լույսերը, հակառակի պես, քաղաքն այս անգամ իրոք հրաշալի է զարդարված: Բայց ոչինչ չի բարձրացնում տրամադրությունս: Գիտե՞ք՝ ինչից եմ հասկանում դա: Ամեն տարի, երբ դեկտեմբերը կիսվում էր, մոտենում էր Ամանորը, միտքս ամբողջությամբ տարվում էր ամանորյա միջոցառումներով, երգերով, նոր հագուստ գնելով, տոնածառ զարդարելով, մոռանում էի դասերիս մասին, ուզում էի՝ հնարավորինս շուտ ավարտվի կիսամյակը, մի կողմ դնեմ գրքերն ու տետրերը ու վայելեմ տոնը:

Ես դպրոցում լավ եմ սովորել, լավ եմ սովորում, բայց չնայած դրան՝ ինձ մոտ էլ էր երբեմն հասունանում դասերը թողնելու ու տոնին տրվելու այդ մեծ ցանկությունը: Այդ ժամանակ ես զգում էի՝ ինչքան ուժեղ եմ սիրում Ամանորը: Իսկ հիմա՞: Հիմա հաշվարկում եմ մտքումս. ամսի 21-ին կգնամ Ամերիկյան անկյուն, 22-ին կգնամ մաթեմի, հետո շաբաթ-կիրակի անգլերեն կանեմ, մի լավ գեղարվեստական գիրք կա, երկուշաբթի օրվանից դա կկարդամ, ամսի 25-ին մաթեմի շտեմարանից կսկսեմ պրոգրեսիաները, երևի հունվարի 7-8-ին արդեն ավարտած կլինեմ թեման ու կանցնեմ ֆունկցիաներին:

Նկատո՞ւմ եք, էնքան տարօրինակ սառնությամբ եմ մտածում գալիք օրերի մասին, ասես մի հերթական ամիս եմ գլորում: Մարտից սպասում եմ Ամանորին, որ նախորդ Ամանորին պահածս չիրականացած երազանքը նորից պահեմ ու այս անգամ ավելի հավատամ: Բայց ի՞նչ Ամանոր, ի՞նչ բան… Անցյալ տարի էս ժամանակվա իմ մտքերն էին. «Ամսի 23-ին կավարտենք դասերը, նույն օրը դպրոցական միջոցառումը կլինի, էլի երևի կերգեմ Mariah Carey-ի All I Want For Christmas-ը (դե, ամեն տարի էդ եմ երգում, շատ եմ սիրում էդ երգը), 25-ին դասարանով կհավաքվենք, մի լավ կուրախանանք, էդ ընթացքում համ էլ տոնածառը կզարդարենք ու… հավես կլինի»:

Ախր, ես հիմա էլ կարող եմ էսպիսի պլաններ ունենալ, առաջին հայացքից խանգարող ոչինչ չկա: Բայց ներսումս էդ բոցկլտացող լույսը չկա: Չգիտեմ, քաղաքի լույսերը մեջս ոչինչ չեն փոխում, մաթեմի գրքերը «չեն խնդրում», որ իրենց մի կողմ դնեմ ու գնամ տոնածառ զարդարելու: Ահավոր անհավես եմ: Տեսնես՝ ինչի՞ց է:

Ինչո՞ւ Նոր տարին մեջս զգացնել չի տալիս: Ասում եմ՝ կարո՞ղ է մեծացել եմ…

Ձմեռային հոգսեր

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Հարցում Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում ձմեռվա լավ ու վատ կողմերի, բոլոր հետևանքների ու լուծումների մասին:

-Սիրու՞մ եք ձմեռը: Ինչո՞ւ:

-Ձմեռը չեմ սիրում, որովհետև մենք լավ պայմաններում չենք ապրում, բարեկեցիկ վիճակում չենք, բայց ձմռան հետ կապված տոները շատ սիրում եմ՝ Ամանորը, Զատիկը: Հատկապես՝ Փոքր Զատիկը շատ սիրում եմ, ու սիրում եմ, որ էդ օրը շատ ճոխ սեղան դրված չլինի: Ինձ արարողակարգն է դուր գալիս (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

-Ձմեռը սիրում եմ, որովհետև այն իր հետ բերում է մաքրություն, պարզություն, ինձ համար նաև ինչ-որ տեղ արդարություն: Սպիտակ գույնը ինձ համար արդարության նշան է, անմեղության, ազնվության: Տեսեք, շատերն ասում են, որ չեն սիրում ձմեռը, ցուրտ է, բայց չէ՞ որ դա էլ տարվա սովորական եղանակ է: Դա բնության եղանակների հերթափոխություն է: (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Ձմեռը սիրում եմ շատ, յուրովի եմ սիրում, տարվա եղանակների մեջ հատուկ տեղ եմ տալիս ձմռանը (Մարգարիտ Կարապետյան, 15տ., աշակերտ):

- Ձմեռը ամենահետաքրքիր եղանակն է: Ձմռան հիմնական երևույթը ձյուն գալն է, որը ես շատ եմ սիրում: Գեղեցիկ տեսարան է, հաճելի (Արթուր Ասատրյան, 17տ., աշակերտ):

-Ձմեռը սիրում եմ Նոր տարվա համար, բայց դժվարությունների համար՝ ոչ (Էդգար Դանիելյան, 16տ., աշակերտ):

-Սիրում եմ, երբ ձյուն է գալիս, պարզ է երկինքը: Սիրում եմ էդ պահերը (Մարգարիտա Հովհաննիսյան, մանկավարժ):

-Բոլոր տարվա եղանակներն էլ սիրում եմ՝ իրենց երևույթներով, բնականաբար: Որ ասեմ շատ եմ սիրում ձմեռը՝ չէ, որովհետև ֆինանսական վիճակն է տուժում միշտ ձմռանը (Մարինե Նալբանդյան, մանկավարժ):

-Ինչպես տարվա բոլոր եղանակները՝ ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի: Եվ, իհարկե, եթե երազող մարդ եք՝ նայել ձյան փաթիլներին ու չհիանալ նրանց գեղեցկությամբ՝ անհնար է, ինձ թվում է: Հայաստանյան պայմաններում՝ հոգսերի հետ կապված, մի քիչ դժվար է ձմեռը սիրելը, բայց որպես տարվա եղանակ, իհարկե, շատ գեղեցիկ եղանակ է (Անահիտ Վարդանյան, մանկավարժ):

-Շատ էի սիրում երիտասարդ ժամանակ, բայց հիմա որ վառելիք չունեմ՝ չեմ սիրում: Եղա՞վ (Վարդան Մեջլումյան, մանկավարժ):

-Ես սիրում եմ տարվա բոլոր եղանակները, բայց ձմեռը՝ երևի թե ավելի շատ, որովհետև ձմռանն են իմ ծննդյան օրը և Ամանորը: Ամանորը ես շատ-շատ եմ սիրում: Ու բացի այդ՝ ձմեռը երևի թե ձյան համար եմ շատ սիրում (Հեղինե Վասիլյան, աշակերտ):

-Ոչ, չեմ սիրում ձմեռը, որովհետև շատ ցուրտ է: Իմ նախընտրած եղանակները՝ աշուն և գարուն (Անժելա Աղայան, մանկավարժ):

-Ձմեռը սիրում եմ մաքրության, ճերմակության համար: Մանկուց սիրել եմ Նոր տարին: Նոր տարին ինձ համար մի ուրիշ տոն է եղել, յուրահատուկ, անհամբեր սպասել եմ: Հիմա էլ, կարելի է ասել՝ էլի սպասում եմ, որովհետև էդ Նոր տարին մանուկ օրերի հուշեր է արթնացնում: Դրա համար գերադասում եմ էդ ճերմակության մեջ նշել Նոր տարին: Ձյուն լինի, անպայման ձյուն լինի (Սոֆյա Սիմոնյան, մանկավարժ):

- Ձմեռը սիրում եմ, որովհետև ոնց որ էլի երեխա դառնամ: Ոնց որ առաջին ձյուն տեսնելիս հինգ տարի առաջ ուրախանում էի, թռվռում, նույն ձևով էլ հիմա եմ ուրախանում: Ու միշտ հրաշքի էի սպասում, հատկապես՝ Նոր տարվա գիշերը: Բայց ինչքան մեծանում ես, էդքան էդ զգացողությունը Նոր տարվա, հրաշքի զգացողությունը քիչ-քիչ պակասում, մարում է (Ալիսա Քոչարյան, 16տ., աշակերտ):

-Սիրում եմ ձմեռը, որովհետև աշնան չոր ծառերից հետո գալիս է սպիտակ ձյունը, ու ինչ-որ նոր կյանքի շունչ է տալիս, թարմություն (Լաուրա Թումասյան, մանկավարժ):

-Ինչպե՞ս եք ջեռուցում տունը: Գո՞հ եք

-Փայտով, փայտի վառարան: Ուղղակի՝ ջեռուցման համակարգ է (Մարիամ Արշակյան, մանկավարժ):

-Տունը ջեռուցում ենք սովորական մարտկոցներով: Որպես վառելիք օգտագործում ենք բնական գազը (Կարինե Ստեփանյան,  մանկավարժ):

-Ջեռուցման համակարգով, բայց ցախի փեչը ավելի լավ ա (Էդգար Դանիելյան, 16տ., աշակերտ):

-Ջեռուցման համակարգով՝ գազով: 45-50 աստիճանի սահմաններում (Հեղինե Վասիլյան, 15տ., աշակերտ):

-Վառարանով, բայց ինձ հաճելի է, որովհետև ոչ ես եմ վառում, ոչ էլ… (Էլեն Խաչատրյան, 15տ., աշակերտ):

-Փայտի վառարանով: Փայտի ջերմությունը, անկեղծ ասած, բոլորովին ուրիշ է, և այս ցրտաշունչ ձմռանը շատ տեղին է: Ամբողջ առաջին հարկը ջեռուցում է: Ցախի ուժը, այ դա է (Անժելա Աղայան, մանկավարժ):

-Բնական գազով: Մեր դպրոցում շատ տաք է: Հիմա, եթե անկեղծ ասեմ՝ ոչ մեկիս տանը երևի դպրոցի նման ջերմ, տաք, էսքան բարձր ջերմաստիճան՝ 23, 24, 25 աստիճան չի լինում: Մեր տներում հազիվ մի 20 աստիճանի հասցնենք (Հասմիկ Այվազյան, մանկավարժ):

-Գազի վառարանով: Գոհ եմ, բայց որ ներքևում հարևան ունեինք, իրենք էլ էին գազ վառում, մեր հատակն էլ էր տաքանում: Հիմա Ռուսաստան են գնացել, ոտքերս սառում են (Ալիսա Քոչարյան, 16տ., աշակերտ):

-Ջեռուցման համակարգով: Դժգոհ եմ, որովհետև բյուջեն ճեղքվածք է տալիս (Հայարփի Սահակյան, մանկավարժ):

-Գազով: Դե, իրականում ձմեռը Հայաստանում շատ դժվար է, ծախսատար է: Ուղղակի դժգոհել մի բանից, որ արդեն կա, չեմ սիրում: Գոհ եմ էնքանով, որ բոլոր սենյակներն են տաքանում, բայց աշխատավարձը չի հերիքում: Ձմռանը մոբիլիզացվում ենք մի հատվածում, ամբողջ տարածքը չենք օգտագործում (Լաուրա Թումասյան, մանկավարժ):

-Կա՞ն տարվա այս շրջանը չսիրելու պատճառներ:

-Հայաստանում հոգսն է շատ: Տաքացնելու խնդիրը: Ինձ թվում է, եթե մեծահասակները չեն սիրում ձմեռը, միայն դրա համար չեն սիրում (Անահիտ Վարդանյան, մանկավարժ):

-Ավելի շատ երևի մասնագիտական, կենսաբանության մասնագետ եմ: Ձմռանը բույսերի մի մասը մահանում է, քուն է մտնում: Ճիշտ է՝ բազմամյա բույսերի արմատային համակարգը մնում է, բայց, այնուամենայնիվ, էդ կենդանությունը չկա: Բնությունը կարծես, չեմ ուզում էդ «մահացած» բառն ասել, բնությունը չի մահանում, բայց ժամանակավոր քուն է մտնում: Այ, երբ գարունը գալիս է, ձյունը հալվում է, էլի արևը ժպտում է, ջերմացնում ամեն ինչ, ու մեղուների բզզոցն եմ լսում, թռչունների ծլվլոցը, դա կյանք է արդեն: Բնությունը վերակենդանանում է, արթնանում է, դա եմ սիրում (Հասմիկ Այվազյան, մանկավարժ):

-Տրանսպորտային կամ ճանապարհային խնդիրներ կա՞ն:

-Տրանսպորտը՝ չէ: Իմը մի գծի վրա է, էդ գիծը բռնած՝ գալիս եմ դպրոց, էդ գծով էթըմ եմ տուն: Շատ-շատ մանկապարտեզ եմ էթըմ, էրեխուն վերցնըմ եմ, ըտեղ էլ, դե շատ ծանոթներ կան, անմիջապես ասըմ են, նստըմ ենք, ավտոյով էթըմ ենք տուն: Կամ քայլըմ ենք: Քայլել սիրըմ եմ ես: Նախընտրըմ եմ քայլել(Մարիամ Արշակյան, մանկավարժ):

- Ունենք մեքենա, բայց ես ինքս սիրում եմ քայլել՝ նույնիսկ ձմռանը, մաքուր օդ շնչել: Սիրում եմ դրսում լինել: Դա առողջ ապրելակերպի մի մասն է կազմում ՝ քայլել և թարմ օդ շնչել (Կարինե Ստեփանյան, մանկավարժ):

-Չէ, չունեմ: Տունը մոտ է, գնալ-գալու խնդիր չունեմ: Ոտքով եմ տեղաշարժվում, էդ խնդիրը չկա (Սոֆյա Սիմոնյան, մանկավարժ):

-Միակ խնդիրը էն է, որ շատ երկար ենք սպասում տրանսպորտին: Ուշ-ուշ է գալիս: Սպասելուց սառում եմ մեկ-մեկ: Հիմա որ ցուրտ է, ամեն օր գազելով եմ գալիս դասի (Ալիսա Քոչարյան, 16տ., աշակերտ):

Հարցումն անցկացրին Թինա Մաքոյանը և Էլիզաբեթ Հարությունյանը

Գիրքը մի սերնդի կտակն է մյուս սերունդներին

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Գրադարանները մարդկային հոգու գրեթե բոլոր հարստությունների գանձարանն են: Գրքերի հավաքածուն նույն համալսարանն է, այն գաղափարների սեղան է, որի շուրջ հավաքվում են բոլորը: Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել:

Այս խոսքերը ես լսեցի Եղեգնաձորի Մշակույթի տան գրապահոցի աշխատակցուհի Սուսաննա Հարությունյանի շուրթերից այն ժամանակ, երբ փնտրում էի ինձ անհրաժեշտ գիրքը:

-Տիկի՛ն Սուսաննա, պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին, ինպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքը գրապահոցում: Մինչ գրապահոցում աշխատելը որտե՞ղ եք աշխատել

-Ես, մինչև գրապահոցում աշխատելը, աշխատել եմ Աղնջաձորի դպրոցում որպես դասվար: Հինգ տարի այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեցի Եղեգնաձոր և 1977 թվականին ընդունվեցի գրադարան՝ որպես շրջիկ բաժնի վարիչ: Սկզբում ունեինք ավտոգրադարան, որի միջոցով գործարաններ գիրք էինք տանում, հանդիպում էինք աշխատողների հետ, նրանց տալիս էինք իրենց պատվիրած գրքերը: Հետո փակվեց այդ բաժինը, 1981 թվականին բացվեց գրապահոցը, և ես տեղափոխվեցի գրապահոց: Ունեցանք նաև այլ աշխատակիցներ, որոնց հետ աշխատել եմ և շարունակում եմ աշխատել:
Մեր բաժնի դերը կայանում է նրանում, որ եթե սպասարկման բաժնում անհրաժեշտ գիրքը չկա, ընթերցողին ուղարկում են գրապահոց: Գրապահոցն ունի միջգրադարանային աբոնեմենտ, այսինքն՝ հնարավորություն ունենք ընթերցողներին անհրաժեշտ գրքերը պատվիրելու:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Ինչպիսի՞ հատկություններով պիտի օժտված լինի գրադարանավարը

-Առաջին հերթին պետք է շատ գրքեր ընթերցած լինի, սիրի ընթերցանությունը, հետո պետք է կարողանա նաև լավ վերաբերվել ընթերցողներին, կարողանա ուղղություն ցույց տալ նրանց: Մենք ունենք ընթերցողներ, որոնք գալիս և միայն թեման են ասում գրքի, որը ցանկանում են կարդալ, պետք է հստակ իմանաս, թե ընթերցողին անհրաժեշտ թեմայով ինչ գրքեր կան, որ կարողանաս ճիշտ խորհուրդ տալ:

-Պակասե՞լ է ընթերցողների քանակը՝ համեմատած սովետական տարիների հետ

-Մի պահ շատ պակասեց, մենք շատ քիչ ընթերցողներ ունեցանք, իսկ հետո, երբ դպրոցներում երեխաներին պարտադրեցին կարդալ գրականություն, նրանք սկսեցին հաճախել գրադարան: Հիմա արդեն գոհ ենք, բավականին ավելացել են ընթերցողները:

-Իսկ կա՞ն գրքեր, որոնց պակասը շատ եք զգում

-Այո, իհարկե, կան գրքեր, որոնց պակասը գրադարանում շատ է զգացվում, բայց մենք եռամսյակը մեկ պահանջարկ ունեցող գրքերի ցանկ ենք կազմում: Կան հատուկ տեղեր, որտեղ մենք այդ ցանկը ներկայացնում ենք, և գրքերը բերում են:

-Ի՞նչ ժանրի գրականություն է նախընտրում երիտասարդությունը

-Դպրոցական երեխաներին հիմնականում ծրագրային գրականությունն է անհրաժեշտ լինում, ուսանողներն իրենց մասնագիտական գրքերն են ուզում, իսկ մյուս ընթերցողներից յուրաքանչյուրը նախընտրում է իր սիրած թեման: Վերջին շրջանում շատ գրքեր են լույս տեսել, որոնք երիտասարդներին հետաքրքրում են, պահանջարկը կա, և մենք ունենք այդ գրքերը:
Անցած տարի մենք շատ ենք ստացել Ցեղասպանության թեմայով գրականություն: Հիմա երիտասարդները շատ են ընթերցում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը:

-Ի՞նչ խնդիրներ կան գրադարանում, որ լուծումներ են պահանջում

-Մինչ վերանորոգումը շատ խնդիրներ կային, հատկապես՝ ջեռուցման, գրականության ֆոնդի համալրման: Բայց հիմա արդեն գոհ ենք: Ե՛վ համալրման հարցն է լուծվել, և՛ ջեռուցման խնդիրն է կարգավորվել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին

-Խորհուրդ կտամ գրքեր կարդալ, որովհետև գիրքը շատ մեծ նշանակություն ունի, համակարգիչն ու հեռախոսները չեն կարող փոխարինել գրքին:
Գրքերը զորացնում են մարդուն, նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումները, չկա միտքն ավելի լավ թարմացնելու միջոց, քան հին դասականների ընթերցումը: Բավական է գիրքը վերցնես ձեռքդ, անմիջապես քեզ զգում ես թարմացած, թեթևացած: Ով չի ծանոթացել նախնիների ստեղծագործություններին, ուրեմն նա ապրել է՝ չճաշակելով գեղեցիկը: Առանց գրքի չենք կարող ո՛չ պայքարել, ո՛չ հաղթել: Գիրքը մի սերնդի կտակն է մյուս սերունդներին:

sona zaqaryan

Սերը և բարությունը ամենուր նույնն են

Ջերմ բարևներ օվկիանոսի այն կողմից։ Իսկ ձեզ հետաքրքի՞ր է՝ արդյոք ինչպես եմ, դասերս ինչպես են, հարմարվե՞լ եմ, թե՞ ոչ։ Դե, հետաքրքրվողների համար պատասխանեմ.

-Լավ եմ, դասերս լավ են, հարմարվել եմ, ամեն ինչ կարգին է։

Այս խոսակցությունը շատ հաճախ եմ ունենում ընկերներիս ու հարազատներիս հետ։

Շատերը ուղղակի հարցնում են.

-Լա՞վ է ԱՄՆ-ում ապրելը։

Իսկ իմ պատասխանը.

-Ուղղակի տարբեր է։

Փոխանակման ծրագրի աշակերտ լինելը ինձ հնարավորություն է տվել ուսումնասիրել տարբեր մշակույթներ և զուգահեռներ տանել ու համեմատել դրանք հայկականի հետ։

Այսօր ուզում եմ մի քիչ պատմել կրոնի ու եկեղեցու մասին։ Երբ այստեղ առաջին անգամ եկեղեցի այցելեցի, շոկի մեջ էի։ Դե, միանգամից պատկերացրի հայկական եկեղեցին և սկսկեցի համեմատություններ անել։

Երբ մենք եկեղեցի ենք ասում, առաջինը մեր մտքում պատկերացնում ենք հայկական եկեղեցին։

Այստեղ եկեղեցին կարող է ուղղակի տան նման մի կառույց լինել։ Եկեղեցիները հիմնականում այնպիսի շքեղություն չունեն, որը մենք սովոր ենք տեսնել։ Ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ։ Չկա խունկ, չկան եկեղեցական արարողություններ։ Բեմում խոսափողն է դրված, որպեսզի քահանան խոսի, դե իհարկե, քահանան նույնպես մեր պատկերացրած քահանան չէ։ Քահանան չունի որևէ հոգևորական հանդերձանք, ներկայանում է սովորական հագուստով, ինչպես մնացած բոլոր մարդիկ։

Ամեն կիրակի հյուրընկալ ընտանիքիս հետ գնում եմ եկեղեցի։ Ամեն ինչ սկսվում է երգով, բոլորը կանգնում են և սկսում երգել տարբեր երգեր։ Այս երգերը նույնպես մեր իմացած երգերը չեն, որոնք սովոր ենք պատարագներին ունկնդրել։ Այս երգերը կարող են լինել տարբեր ժանրերի։ Երգելուց հետո գալիս է քահանան, և բոլորը աղոթում են, դրանից հետո փոքր երեխաները գնում են առանձին սենյակ, որտեղ նրանց տարիքին համապատասխան կրոնական դասեր են անցկացվում։ Մնացածը մնում են հիմնական սրահում, և քահանան սկսում է օրվա քարոզը։ Այնուհետև բոլորը ճաշակում են Քրիստոսի մարմինն ու արյունը հացի և խաղողի հյութի տեսքով։ Վերջում բոլորը երգում են, և սա էլ համարվում է ավարտը։ Այս ամենը կարելի է ասել, որ տևում է ընդամենը մեկ ժամ։ Այնուհետև մարդիկ սկսում են զրուցել ծանոթների ու անծանոթների հետ և տարբեր թեմաներ քննարկել։

Թեև այսքան տարբերություններին, մի բան   նույնն է՝ գաղափարախոսությունը։ Այն ամենը, ինչը մեզ քարոզվում է հայկական եկեղեցում, քարոզվում է նաև այստեղ։ Թեև այստեղ ապաշխարության կարգ չի կատարվում, բայց մարդիկ, մտածում են, զղջում իրենց մեղքերի համար և ճաշակում Քրիստոսի մարմինն ու արյունը։ Երբ մտնում եմ եկեղեցի, միշտ տրամադրությունս բարձրանում է, որովհետև մարդիկ շատ դրական են, բարի և ժպտերես։ Իսկ մի փոքրիկ ժպիտը կարող է փոխել մարդու տրամադրությունը։

Այս ամենից մի պարզ բան կարելի է եզրակացնել։ Կապ չունի, թե ինչ տարբերություններ կան եկեղեցու շինության, արարողակարգի, աղոթքի մեջ, կարևորը հավատն է, բարությունը և միմյանց սիրելու ու հարգելու կարողությունը։