Anna Andreasyan

17 առանց «-+»-ի

Արդեն երկու ամիս է անցել, ինչ Ամերիկայում եմ։ Չէի գրում, որովհետև զբաղված էի շատ։ Բայց, ամենայն անկեղծությամբ, անհամբեր սպասում էի, երբ կկարողանամ գրել։ Երբ շատ ասելիք ունես, և դա կուտակվում է առանց արտահայտվելու, մի տեսակ գրելը դարձել է անհրաժեշտություն՝ թեթև ու հանգիստ, բավարարված զգալու համար։ Եվ իհարկե, ինչքան էլ զբաղված լինեմ, չեմ կարող չգրել 17 տարեկան դառնալուս մասին։ 1 տարի 17 առանց «-+»-ի…

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 16 դարձա (դե, տրամաբանական է, չէ՞) ու նույնիսկ պատկերացում չունեի, որ մեկ տարի հետո լինելու եմ այստեղ։ Այնքան անսովոր է շնորհավորանքներ ստանալ ընտանիքի անդամներից Ֆեյսբուքով և ոչ դեմ առ դեմ կանգնած։ Մյուս կողմից՝ շնորհավորանքներ ես ստանում ամերիկյան ընտանիքիդ անդամներից՝ դեմ առ դեմ։

Գիտե՞ս, ինչն է հետաքրքիր: Երբեք այսքան շատ շնորհավորանքներ չէի ստացել ծննդյանս օրը, որքան այս տարի։ էլ ի՞նչ կա դրանից ավելի հաճելի՝ զգալ, որ սիրված ես ընկերներիդ ու մտերիմներիդ կողմից։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ պետք է իրարից հեռանան տարածության առումով, որ հասկանան, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, հասկանան, թե ինչքան կապված են ընկերների ու մտերիմների հետ։

Լավ, հերիք փիլիսոփայեմ։ Մի քիչ համառոտ պատմեմ՝ ինչպես եմ և ինչ եմ անում։ Արդեն հարմարվել եմ ամերիկյան կյանքին ու զգում եմ, թե ինչպես են շատ բաներ դառնում սովորական, մինչ առաջ շատ անսովոր էին։ Արդեն չեմ զարմանում, երբ չիպսը, մրգերը սեղանին են լինում ընթրիքի ժամին ու նման բաներ։ Երկու երկրներ աշխարհի երկու ծայրերից, նրանցից յուրաքանչյուրի մշակույթը զարգացել է յուրովի, այնքան տարբեր, միևնույն ժամանակ, որոշ նմանություններով։ Բայց մի բան հաստատ է, որ ինչքան էլ տարբեր լինենք, մեզ կապում է մի շատ կարևոր բան. մենք բոլորս երկիր մոլորակի բնակիչներն ենք՝ մարդիկ, և ունենք նույն զգացումները։

Հ․Գ․ Դե ինչ, ծնունդս շնորհավոր։ Սպասեք նոր հոդվածներիս։

syuzanna kharatyan

Երանի գիշեր չգար

Գիտե՞ս՝ ես շատը ինչի մասին եմ մտածում: Ինչի՞ համար է գիշերը, որ քնե՞նք, բայց ինչի՞ համար: Միջինում մարդը քնում է ութ ժամ, իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչեր կհասցնեինք անել, եթե գիշերը չգար, ու չքնեինք:

Սեպտեմբերի 16-ն էր: Թորոսգյուղում դասընթացի էի մասնակցում, երբ մասնակիցներով որոշեցինք՝ քնել չկա: Նստել էինք բուխարու կողքը՝ երգում էինք, արտասանում, զրուցում: Լուսացավ հաճելի միջավայրում: Դասընթացի ավարտից արդեն 15-20 օր է անցել, և մնացել են այդ լավ հիշողությունները: Իսկ եթե մեր այդ ոսկի ժամանակը վատնեինք քնելու վրա, ի՞նչ հիշողություններ էինք ունենալու:

Բոլորս ունենք նպատակներ՝ դառնալ այս կամ այն մասնագետը, կամ հասնելու տարբեր բարձունքների: Ու այդ ամենին մենք ավելի շուտ կհասնեինք, եթե գիշեր չգար: Երանի կարողանայինք և՛ գիշերը, և՛ ցերեկը, և՛ ժամանակը մենք կառավարել, որքա՜ն բան կհասցնեի անել:

Nelli Khachatryan

Ցավոտ մի հարց

Մինչ սկսելը ուզում եմ մի հարց տալ. քո պատկերացրած ապագայում դու որտե՞ղ ես: Չէ, էդ հավես փայտից կամ շքեղ տները մի կողմ թող: Խոսքս բնակավայրի՝ քաղաքի, գյուղի կամ թեկուզ երկրի մասին է: Եթե ամեն դեպքում ոչ երևակայությունից զուրկ լինելու պատճառով, այլ գիտակցության մակարդակից ելնելով՝ քեզ չպատկերացրիր օտար երկրում՝ շարունակենք:

Հերթական անգամ դասընկերոջս հետ «պաթոս-պաթոս» վիճում էի ու ասում, թե ինչքան լավ է Ճամբարակում, ու ինչքան եմ այն սիրում, երբ նա ինձ նույն հարցը տվեց: Հա, ու ես այդպես էլ չպատասխանեցի: Դե, հիմա, կարելի է ասել, ապրում եմ Երևանում, կավարտեմ, եթե ամեն ինչ իմ պլանավորածով լինի (վերևում, ներքևում կամ իմ ներսում ինչ-որ մեկին ծիծաղեցրի), կգնամ ծրագրավորման դասերի, կսովորեմ ու աշխատանքի կտեղավորվեմ:

Կներես, Ճամբարակ, բայց այս պլաններում կարծես թե չկաս, այդպես նեղացած հայացքով էլ մի նայիր: Մտածիր՝ դու ինձ աշխատանքով կապահովե՞ս: Դե, եթե ծրագրավորող դառնամ, ցանկալի է իմ մասնագիտությամբ: Երևի չէ, չէ՞:

Հետո կարո՞ղ ես այնպես անել, որ զարգանամ: Ախր, դու էլ, ոնց որ չաշխատող, տանը նստած մեկը լինես, որ հասարակությունից կտրվում, սոցիալապես չի զարգանում, աշխարհից ու կյանքի ռիթմից հետ է մնում:

Մեղադրում եմ ու մտածում, որ մենք հետ գանք ու փոխենք: Ես էլ իրավունք ունեմ մեղադրելու քո ծնողներին: Ի՞նչ անեմ, որ քո մեծ քրոջը՝ Երևանին, ավելի շատ են սիրել, ամեն ինչ նրան են տվել ու զարգացրել:

Եսասեր եմ… Դու էլ:

Տվածս հարցի շուրջ մտածեցի՞ր: Դո՞ւ էլ թաքուն Երևան պատկերացրիր: Չէ, մի արդարացիր: Գիտեմ, որ համայնքդ շատ ես սիրում: Ես էլ եմ շատ սիրում Ճամբարակը:

Բայց դու էլ դեռ մի պատասխանիր, գիտեմ, որ ցավոտ է:

artyom safaryan

Երկու էկրանավորում, բազմաթիվ կարծիքներ

Թեթև վերարկու, դասական անգլիական գլխարկ և ծխամորճ։ Սառը բնավորություն, անգերազանցելի վերլուծական միտք: Եվ ո՞վ է այս հերոսը, որը իր քաջ ընկեր Վաթսոնի հետ փորձում է լուծել տարատեսակ խորդուբորդ և վտանգավոր հանցագործությունների առեղծվածը։ Ինչպես բոլորս էլ հասկացանք, խոսքը անկրկնելի Շերլոկ Հոլմսի մասին է, որը համարվում է բոլոր ժամանակների լավագույն խուզարկուն։ Բայց այսօր ես խոսելու եմ ոչ թե գրքի, որի հետ ճիշտն ասած, «մտերմացել եմ» բանակում, այլ Հոլմսի էկրանավորումների մասին։

Ընթերցելով գիրքը՝ ես որոշեցի, որ պետք է տեսնել, թե ինչպիսին է Հոլմսը կինոէկրանին։ Առաջ ընկնելով ասեմ, որ Շերլոկը նվաճել է նաև կինոմանների փխրուն սրտերը։ Նա հայտնվել է կինոյում 200-ից ավելի անգամ, իսկ նրա դեբյուտը մեծ կինոյում գրանցվել է դեռ հեռավոր 1900 թվականին։ Մինչ այսօր էլ այդ հերոսը համարվում է իսկական լեգենդ՝ հիմնականում երկու կինոադապտացիաների շնորհիվ։ Առաջինը Մասլեննիկովի ադապտացիան է 1980 թվականին, որտեղ գլխավոր դերը հոյակապ կատարում է Վասիլի Լիվանովը, իսկ երկրորդը «Բի-Բի-Սի»-ի ադապտացիան է, որտեղ Շերլոկին մարմնավորել է Բենեդիկտ Քեմբերբետչը՝ 2010 թվականից ընթացող սերիալում։

Ես, ճիշտն ասած, սխալ եմ համարում համեմատել այս երկու սերիալները, քանի որ երկուսն էլ հոյակապ են թե՛ սյուժետային պահով, թե՛ օպերատորական, բայց ես մի քիչ նեղացած եմ ներկայիս սերնդից, քանի որ նրանք գովում են բրիտանական տարբերակը՝ մոռանալով, թե ինչ հեղափոխություն արեցին Լիվանովը և Սոլոմինը հեռավոր 1980 թվականին։ Հարկ կհամարեմ շեշտել, որ Լիվանովը արժանացել է ասպետի կոչման հենց Անգլիայի թագուհու կողմից: Նույն կոչումից ունի նաև Քեմբերբետչը, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Լիվանովը իր դերը հոյակապ կատարել է սովետական ժամանակներում, իսկ այդ ժամանակ նման գնահատականի արժանանալը հենց Հոլմսի ծննդավայրում թվում էր անհասանելի բարձունք։ Ինձ թվում է՝ Կոնան Դոյլը շատ կհավաներ հենց Մասլեննիկովի ադապտացիան: Սովետական տարբերակում հերոսները ավելի մարդկային են և հասարակ, այլ ոչ թե «մեգաուղեղներ» են, որոնք ուղղակի մի ակնթարթում կարող են լուծել ամենադժվար խնդիրները։ Եվ հետաքրքիրն այն է, որ Լիվանովի Հոլմսը, ի տարբերություն անգլիական կոլեգայի, չի կենտրոնացնում հանդիսատեսի ուշադրությունը իր «գերուղեղի» վրա, չնայած, որ փայլում է իր գիտելիքներով ոչ պակաս, այլ հակառակը՝ նա ավելի մարդկային և ջերմ է վերաբերվում իր ընկեր Վաթսոնին և գնահատում իր տան տիրուհի միսիս Հադսոնին։ Խորհրդային օրինակում ձգում է հենց այդ փոխհարաբերությունների քիմիան, ինչը բացակայում է անգլիական օրինակում։ Ի տարբերություն անգլիական օրինակի՝ Հոլմսը և Վաթսոնը խորհրդային տարբերակում ընկերներ են, որոնք ճիշտ է, կարծես երկու տարբեր մոլորակներից իջած լինեն, բայց հարգում են միմյանց տեսակետները։ Վաթսոնը այստեղ ուղղակի առարկա չէ, որին Հոլմսը իր հետ քարշ է տալիս ամեն տեղ, իսկ նա էլ ուղղակի հաստատում է հանճարեղ խուզարկուի յուրաքանչյուր բառը, այլ Հոլմսին հավասար կերպար, որը կարող է առաջարկել իր սեփական կարծիքը և ինչ-որ տեղ նաև հակաճառել Հոլմսին: Իսկ Հոլմսը այստեղ չի փորձում պատեհ-անպատեհ ցուցադրել իր ինտելեկտուալ առավելությունները շրջապատի և, հատկապես, Վաթսոնի հանդեպ։ Նա, ընդհակառակը, փորձում է ամեն կերպ ընդգծել իր ընկերոջ կարևորությունը իր հաջողության մեջ։ Սովետական Հոլմսը հիշեցնում է ընկերների հետ բուխարու շուրջը սուրճի և ծխախոտի ընկերակցությամբ վարվող ջերմ զրուցող ընկեր է, ի տարբերություն իր բրիտանական կոլեգայի։

Առանձին հարգանքի են արժանի դերասանները, որոնք փաստացի խաղում էին հանուն գաղափարի, այլ ոչ թե 16-19 տարեկան աղջիկների կուռքը լինելու։ Նկատվում է նրանց եռանդը և նվիրումը, ինչը, ցավոք սրտի, շատ քիչ է հանդիպում ներկայիս կինոարվեստում։ Այս յուրահատուկ ջերմությամբ ողողված ֆիլմը շատ արագ տեղ գրավեց իմ սիրելի ֆիլմերի ցուցակում։ Իսկ ինչ վերաբերվում է անգլիական տարբերակին, ես այն նույնպես շատ սիրում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում վեր դասել սովետական տարբերակից։

Բայց միևնույնն է՝ երկուսն էլ հոյակապ են։

Հ.Գ. Գուցե ես սխալվո՞ւմ եմ, գուցե դու գերադասում ես բրիտանական տարբերակը: Այդ դեպքում գրիր և հիմնավորիր քո տեսակետը:

Բերքի տոնը Վանաձորում

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Ամեն տարի Լոռու մարզում նշվում է բերքի տոնը: Այս տարի այն անցկացվեց Վանաձորում, որտեղ հավաքվել էին Լոռու մարզի տարբեր գյուղերի բնակիչները:

Այդպիսի իրարանցում դեռ չէի տեսել: Գյուղացիները այնպիսի ոգևորությամբ էին պատրաստվում, որ անկախ ինձնից՝ ես էլ էի ուզում մասնակցել: Սեղաններին կարելի էր տեսնել զանազան ուտեստներ՝ միրգ, բանջարեղեն, թխվածք, հաց, պանիր՝ ձևավորված յուրահատուկ մոտիվներով:

Վանաձորի Հայքի հրապարակը մի տեսակ գյուղի էր վերածվել, նույնիսկ կովեր ու հորթեր կային: Բայց իսկական իրարանցումը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին օգտվել սեղանների ուտելիքներից: Մարդկանց մի ձեռքում փուչիկներ էին, մյուսում՝ ուտելիք: Ես էլ հետ չմնացի, անցնում էի սեղանների կողքով և հյուրասիրվում:

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Չնայած իրարանցմանը՝ ամեն ինչ գեղեցիկ էր ու հաճելի, և դրան նպաստում էին նաև երգն ու գեղեցիկ պարային համարները: Տոնին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Բերքի տոնն իսկապես յուրահատուկ է, այնքան շատ մարդիկ ու գույներ կան, այնպիսի թարմություն, որ այլևս ոչնչի մասին չես մտածում: Առաջին անգամ էի մասնակցում Բերքի տոնին և այնպիսի հաճույք ստացա, որ մյուս անգամ անպայման նորից մասնակցելու եմ:

julieta stepanyan kotayk

Իմ Հրազդանը

Հրազդան քաղաքի իմ թաղամասում չկան գեղեցիկ շինություններ, գրադարաններ, կինոթատրոններ, սրճարաններ կամ այլ ժամանցի վայրեր: Չկան առևտրի կենտրոններ, խաղահրապարակներ: Փոխարենը կա այն հատվածը, որտեղից ես ու Լիանան փոքր տարիքում ծաղկի թերթիկներ ու տերևներ էինք հավաքում, որպեսզի «ճաշ եփենք»:

Կա այն նստարանը, որտեղ թե՛ տխուր, և թե՛ ուրախ պահերին ես ու Աննան կիթառ էինք նվագում: Ու երբ նվագում, երգում էինք Սեմ Սմիթի երգերից, Արմինեն պարտադիր ասում էր.
-Երեխեք, նենց բան երգեք, որ մենք էլ իմանանք, էլի:
Միգուցե Արմինեն Սմիթի դեմ ինչ-որ բա՞ն ունի: Ո՞վ իմանա:
Կա այն պատը, որի մոտ տասնյակ ժամեր էինք անցկացնում ու Արմինեի պատկերացրած լուսանկարը ստանալու հազարավոր փորձեր էինք անում:
Կա այն բանջարանոցը, որի կողքին միշտ մեծ զգուշությամբ էինք գնդակով խաղում, որ գնդակը չընկներ այնտեղ, ու Քնար տատիկը չծակեր այն:
Կա այն տանիքը, ուր միշտ ուզում էինք բարձրանալ ու նայել աստղերին, բայց էդպես էլ համարձակություն չունեցանք: Եվ վերջապես կա այն աստիճանը, որի միջոցով պիտի բարձրանայինք տանիք, բայց մնաց մեզ սպասելով:
Այս ամենը ավելի շատ են գեղեցկացնում իմ թաղամասը, քան դա կանեին զվարճանքի կենտրոնները:
Մեր թաղամասը այնքա՜ն պինդ կապերով է մեզ կապել, որ ազատվելն անհնար կլինի: Ու այդ կապերից մեկը հենց մեր ամուր ընկերությունն է:
Հենց իմ թաղամասում են լինում ամենագեղեցիկ մայրամուտներն ու լուսաբացները:

Մալիշկայի անծուխ ծխնելույզները

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

-Բա վայոցձորցուն հարի՞ր ա գազի փեչը: Բա մի հատ չգնա՞ս՝ փեչը գրկես, նստես ու մի բան էլ՝ վրեն կարտոշկա ժարիտ անես:

Ամեն տարի մեր գյուղի տներից առնվազն մեկի ծուխը մարում է: Հեռանո՞ւմ են, թե՞ գազի վառարան են դնում, ո՞վ իմանա: Բայց կային ժամանակներ, երբ Մալիշկայի բոլոր տներից ծուխ էր դուրս գալիս: Այնքան գեղեցիկ էր: Այդ ժամանակ տնից դուրս եկած ծխով էին հաշվում, թե քանի ընտանիք է մնացել գյուղում, ու քանիսը գնացել: Գուցե անվերադարձ:

Ամեն ծխի մարելու հետ հեռանում են նաև մեր բարեկամներն ու ընկերները: Անտեր են մնում տները, որոնք այնքան մեծ սիրով էին կառուցվել, որոնք դեռ պատրաստ էին իրենց մեջ մեծացնել մի քանի սերունդ ևս: Բայց լքվեցին ժամանակից շուտ: Գյուղս բավականին մեծ է այսքան քիչ ժողովրդի համար:

Տնից դուրս եմ գալիս այն հույսով, որ դրսում շատ մարդ կլինի, կտեսնեմ Էմմա տատիկին, Սվետ տատիկին կամ գոնե ընկերներիցս մի քանիսին: Բայց Էմմա տատիկն էլ էստեղ չի, Ռուսաստանում է, Սվետ տատիկը քաղաք է գնացել, ընկերներս էլ վերմակներով փաթաթված համակարգչի կամ բջջայինի առաջ են: Գյուղս դատարկվել է: Այնքան քիչ մարդիկ են մնացել, և ում էլ հարցնես իր ապագայի մասին, կասի, որ այստեղ չի տեսնում իր ապագան, որ ինքն էլ է գնալու:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Սիրտս լցվում է, երբ իմանում եմ, որ շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց դատարկվի նաև մեր փողոցն ամբողջովին: Դե, մեր փողոցում միայն մենք ենք հիմա ապրում, հարևան համարյա չունենք:

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Գյուղս էլ ձմռանը ծխով պատված չի լինի, ու իր ծխնելույզից էլ ծուխ չի բարձրանա, կամ քիչ կբարձրանա: Գնում են ու թողնում են մեզ մենակ՝ իրենց անտեր դարձած տների հետ:

Սպարապետի օր

Հոկտեմբերի 5-ին էր, ֆեյսբուքով շրջում էի, մեկ էլ մի միջոցառման հրավեր տեսա, ասացի՝ բացեմ, մանրամասն ծանոթանամ: Հոկտեմբերի 7-ին «Սպարապետի օր» խորագրով միջոցառում կար, որն անց էր կացվելու Խնձորեսկում, այն էլ առաջին անգամ: Մտածեցի. «Չպետք է ձեռքիցս բաց թողնեմ, ես անպայման պետք է գնամ»:

…Հասանք Գորիս, մնում էր նստել ավտոբուս, շարժվել Խնձորեսկ:
10 րոպե սպասեցինք ավտոբուսին, վերջապես եկավ, ու մենք մի կերպ խցկվեցինք:
Վերջապես հասանք Խնձորեսկ, այստեղից էլ պետք է ուրիշ ավտոբուս նստեինք, որ իջնեինք կամուրջի մոտ: Մի կերպ ավտոբուսներից մեկի մեջ տեղավորվեցինք, այնքան շատ մարդ կար, որ քույրս ասաց.
-Եկեք պայմանավորվենք, որ հանկարծ կորցնենք իրար, գնանք նույն տեղը: Ավտոբուսի մեջ մի պապիկ ուշադիր լսում էր մեր խոսակցությունը, մեկ էլ որոշեց կատակ անել, ասաց.
-Երեխեք ջան, բա ձեր հետ կծիկ չե՞ք վերցրել:
Մենք էլ ծիծաղեցինք: Մինչև հասանք կամրջի մոտ, այնտեղ նախատեսված միջոցառումը վերջացել էր: Չեմ կարող նկարագրել մեր տխրությունն ու ափոսանքը: Սակայն միջոցառումները շարունակվում էին, և մենք էլ բոլոր մասնակիցների հետ շարժվեցինք դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Վերադարձին մեզ հաճելի անակնկալ էր սպասվում՝ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
Մի երկու անգամ էլ նրանց հետ պարեցինք, բարձրացանք վերև, որ գնանք դպրոցի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցենք: Հասանք զորամասի մոտ, որտեղից մի խումբ զինվորներ դուրս եկան: Մենք էլ որոշեցինք նրանց հետևից գնալ: Հասանք դպրոցի բակ, որտեղ մեծ բազմություն էր հավաքվել: Լուսանկարիչները, ամեն մեկը իր չափին մի ուսապարկ էր գցել ուսին, էլ չասեմ՝ լուսանկարչական ապարատների չափսերը և անընդհատ լուսանկարում էին:
Մոռացա ասել, որ կազմակերպված էր նաև նետահարման մրցաշար: Հենց նույն տեղում էլ Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ պատրաստվում էին տեղական կերակրատեսակներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը և ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Վերջում կազմակերպվել էր մեծ համերգ, ելույթ ունեցան` Շուշան Պետրոսյանը, Պարի պետական անսամբլը, «Կարին» համույթը, Արսեն Գրիգորյանը (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը (Արմեն Պողոսյանի ղեկավարությամբ):
Ինչ ասեմ, միջոցառումը շատ հագեցած էր, անմոռանալի օր ունեցանք:

Հ.Գ. Եթե կարդացիք այս հոդվածը, ապա մյուս տարի եկեք և մասնակցեք միջոցառմանը: Հաստատ չեք փոշմանի:

liana grigoryan

Անցյալի քաղաքը

Քայլում ես հին փողոցներով ու քեզ թվում է, թե հայտնվել ես տարիներ առաջ նկարահանված ֆիլմում, որտեղ այդ ժամանակներից ոչինչ էլ չի փոխվել: Քարերը, փողոցները, շենքերը կարծես խոսում են հին ու իսկական Հայաստանի լեզվով: Սև քարե կիսաքանդ շենքեր, դռներ, որոնց տարիներով մարդկային ձեռք չի դիպել: Երևի թե այդպես լավ է. գոնե անցյալի քաղաքից մի քանի կտոր պահպանվել է:

Գնացքն արդեն հասնում է կայարան: Հնամաշ ու փոշոտ լուսամուտներից ներս է թափանցում զով աշնանային օդը: Դուրս ենք գալիս ոչ պակաս հին ու գունաթափված գնացքից և հյուրընկալ մարդիկ մեզ դիմավորելով՝ ուղեկցում են դեպի հին քաղաքը:

Քայլելով փողոցներով՝ մի տեսակ դատարկություն ու տխրություն ես զգում: Հազվադեպ փողոցով անցնում են արդեն բոլորի կողմից մոռացված «24» կոչված մեքենաները: Երբեմն մարդկանց կարող ես հանդիպել, որոնք փոքր-ինչ զարմացած, բայց և հուզված աչքերով նայում են քեզ. երևի զգում են, որ հյուր ես: Շատ տաք են ու մարդամոտ, ուզում են մի բանով պարտադիր օգնած լինել:

Շարունակելով ճանապարհը՝ կրկին տեսնում ենք դատարկ փողոցներ, հին ու գործունեությունը վաղուց դադարեցրած խանութներ ու գործարաններ, որոնց վրա անցյալից գրություններ են պահպանվել: Մի փոքր գնալով հին քաղաքի խորքերը՝ գտնում ես ամայություն ու մռայլություն: Անխնամ ճանապարհներ, կիսաքանդ շենքեր, հայտնի պատշգամբ, որն իր աուրան անփոփոխ է պահել, սակայն տեսքը շուտով միայն նկարով կլինի հիշել: Քաղաքում հայ մեծեր կան, որոնք ուշիուշով հետևում են քաղաքի անցուդարձին, ամեն մի հյուրի հետ նկարվում ու ժպտում նրան:

Անցյալի քաղաք Գյումրիում աչքիդ առաջ են գալիս հայկական մշակույթն ու դրա ճյուղերը: Այստեղ տեսնում ես մեր իրական ճարտարապետությունը, տեսնում ես իրական մարդկանց՝ մաքուր ու պարզ: Քաղաքը գնալով դատարկվում է՝ թողնելով հինն ու անցյալից եկածն այնպես, ինչպես որ կա:

aneta baghdasaryan

Հավանականությունն ու մենք

Սովորականից ուշ արթնացա, նախաճաշեցի ու գնացի համալսարան: Հա, մենք շաբաթ օրերին էլ ենք դասի գնում: Համալսարանից համարյա մեկ կանգառ ներքև եմ ապրում, բայց այսօր, չգիտեմ՝ ինչու գնացի կանգառ: Կանգնած փորձում էի հիշել այդ օրը տեսած երազս, երբ կանգառում հայտնվեց 58 համարի երթուղայինը:

-Նստի, աղջիկ ջան, լիքը տեղ կա:

-Ոչինչ, մի կանգառից իջնում եմ:

Միայն տեսնեիք երթուղայինում նստածներին, երբ հասկացան, որ ալարել եմ մի կանգառ քայլել: Հասանք համալսարան: Առաջին ժամի համար եկածներն արդեն տուն էին գնում: Բողոքում ենք, որ մի դասի համար եկել ենք համալսարան: Բա իրավաբանականի երեխեքը ի՞նչ անեն. 4 դաս իրար հետևից ֆրանսիացու լեկցիա են լսելու: Եկավ հավանականության տեսության դասախոս պարոն Գևորգյանն, ու սկսեցինք գործնական պարապմունքը: Կասկածելի հասկանալի էր երկրաչափական հավանականությունը, համենայնդեպս՝ անհասկանալի «քսին» և «օմեգան» էլ չկային: Ուրախությունս երկար չտևեց, երբ հասկացա, որ այս տարի էլ ենք ինտեգրալ օգտագործելու: Երբեք չէի մտածի, որ կհաշվեմ Հայկի ու Անիի հանդիպելու հավանականությունը՝ այն էլ երկրաչափորեն: Եթե հետաքրքիր է, ասեմ, որ եթե նրանք պայմանավորվել են հանդիպել 19:00-20:00-ի սահմաններում, և հանդիպանն առաջին եկողը 15 րոպե սպասելուց հետո կհեռանա, ապա նրանց հանդիպելու հավանականությունն է՝  7/16, եթե նրանց հանդիպման գալու պահերը տարբեր են: Գիտեի՞ք, որ Հին Հունաստանում մարդիկ երկրաչափական մարմիններն ու դրանց միջով անցնող հատույթներն ավելի լավ պատկերացնելու համար հանում էին իրենց աչքերը: Թե ինչ էր ակնարկում պարոն Գևորգյանը սա պատմելիս, կարելի է ենթադրել:

Գործնականը շուտ անցավ, գնացի տուն: Տատիկս ջերմություն ուներ, եթե հիվանդանում է, ապա շատ ծանր: Մի կերպ համոզեցի, որ թեյ խմի: Թեյ պատրաստելիս փորձում էի հաշվել, թե որքան կլինի իմ՝ տատիկից վարակվելու հավանականությունը, երբ լսեցի մլավոց: Մեր բակի կատուներից մեկն էր, որը միշտ մեր պատուհանի տակ պառկած է: Այնքան գեր է, որ ալարում է տեղից վեր կենալ:

-Ո՞նց ես, փիսո, կներես, մոռացել էի կերակրել քեզ: Սպասի՝ մի բան տամ:

Հավանականությունն այստեղ էլ ինձ հանգիստ չթողեց: Հիմա էլ սկսեցի մտածել, թե ինչքան է հավանական, որ փիսոն ինձ կսպասի, մինչև կերը տանեմ ներքև:

Կատվի հետ երկխոսությունից հետո տատիկին թեյ տարա, ու երբ քնեց, նստեցի բազմոցին՝ գիրքս շարունակելու: Դե, Հոլդեն, տեսնենք քո ու Սալլիի հանդիպման հավանականությունն ինչքան է: