Ինձ զենք տվեք

- Ինձ զենք տվե’ք:

- Յա, այ տղա՞, էդ ի՞նչ էղավ, զենքն ինչի՞դ է:

- Պետք է, տո’ւր:

- Լավ, լավ, հասկացա. քո համար փայտե հրացան կսարքեմ:

- Փայտե հրացանը քեզ պահիր. ինձ զենք է պետք, հասկանու՞մ ես, որ թուրքին կրակում է, այ էդ տեսակ:

- Հա՜… Պապդ հիմա ո՞ւմ դեմ է կռիվ ելել:

- Է՜, ասում եմ՝ զենք տուր, դու հարցե՞ր ես տալիս:

- Է՜, գժվեցի՞ր, ինձ որտեղի՞ց էդ տեսակ զենք: Գնա՝ թող պապդ էլ տա:

- Կգնամ… Փայտե հրացանդ էլ թուրքին կտաս…

* * *

- Պապ, քանի Ապոյին չեն զարկել, զենքդ տուր:

- Ի՞նչ զենք, լաո՜:

- Է՜, քո զենքը, հորդ զենքը. դու մեծացել ես, հիմա ինձ տուր:

- Է՜, Լա՜ո, չկա՜…

- Ո՞նց չկա, բա ու՞ր մնաց:

- Թուրքը տարավ:

- Ինչու՞ տվիր:

- է՞, ի՞նճ էնիյ, քզի ղուրբան:

- Կրակեիր:

- Պատրոն չկար:

- Ճարեիր:

- Հուստե՞:

- Թուրքը ո՞նց էր ճարում:

- Թուրկին մենձ երգրներ կիդային:

- Դու էլ ուզեիր:

- Դո՞ր գածիր-եգար:

- Հորիցս զենք ուզելու:

- Է՞, տվե՞ծ:

- Չէ, փայտե հրացան էր ուզում տար, չվերցրի, դրանով Ապոյին ո՞նց պաշտպանեի:

- Մենձ երգրներ լը մըզի համեն ինչ փեդե կիդայն՝ փեդե զենք, փեդե խոստում, փեդե հույս… Երևի մեր փայ Աստվաձ լը փեդե էր… Ըդոր համար լը թուրկի տվուգ կրագներու մեջ վառվան, պարբան… Դու խելոկ իս, հա՜, որ փեդե բան չսվերծի…

- Հետո՞:

- Մանուգ Ապոյի պադմուտյան վե՞րջ քարծուս, ըսիմ…

- Չէ, չպատմես… Մինչև զենք չճարես չպատմես: Ես անզենք ի՞նչ խղճով ու նամուսով Ապոյի աչքերին նայեմ:

- Զի՜մ ծուռ, սկզբուց պադմի՞մ: Ապոն լը քզի պես մանչ մեր…

- Մի՜, մի՜, մի’ պատմի՜ր… Ապոյին ասա դիմանա, ես հիմա եկա՜…

- Էդ դո՞ր, լա՜ո, կեծի՜:

- Զենք ճարելու՜, Ապոն մենակ է, ես ի՞նչ խղճով նայի՞մ…

- Տո, ծո՜ւռ, Մանուգ Ապոն զարնվա՜վ, Ապոն էլ չկա՜, տղա՜…

- Չէ՜, չէ՜, դու էդ պատմությունը լավ չգիտե՜ս, մի պատմիր… Ապոն էնտե՜ղ է, էնտեղ կռի՜վ է, Ապոն դեռ կռիվ կենե, հիմա՜, հիմա եկա՜…

* * *

Ինձ զե՜նք տվե՜ք…

Մի օր կհանդիպենք

2020-ը մի քանի օրից կավարտվի։ Ես անհամբեր սպասում եմ 2020-ի ավարտվելուն, որովհետև շատ բան խլեց մեզնից, անջնջելի հետք թողեց բոլորիս սրտերում։ Ես երկու ընկեր կորցրեցի վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Լևոնը` մեր արցախցի Լյովը։ Ասում են, չէ՞, որ մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ ճանապարհ գնալ։ Հիշում եմ։ 2019 թվականի ապրիլի 6-ն էր։ Դպրոցի մի քանի աշակերտներով Աքորի էինք գնում։ Ճանապարհը երկար էր, որպեսզի ժամանակը հետաքրքիր անցկացնեինք, «Փոխանցիր նրան» էինք խաղում։ Հերթը Լյովինն էր։ Ասացին.

- Փոխանցիր ներկաներից նրան, ով կցանկանայիր հարազատ քույրդ լիներ։

Շրջվեց և ձեռքի պատյանն ինձ տվեց, ասելով.

-Վերջ, սրանից հետո դու իմ քույրիկն ես։

Լյովը իսկական ընկեր էր։ Երբ տեսներ, որ օգնության կարիք կա, երբեք անտարբեր չէր անցնի, մինչև ինչ որ բանով չօգներ` չէր հանգստանա։

Շատ հիշողություններ ունենք կապված Լյովի հետ։ Մինչև երեկ հույսներս չէինք կորցնում, որ կգտնվի, բայց եղավ ամենասարսափելին։ Լյովը գտնվեց, բայց քնած էր… Մինչև հիմա քնած է, քնած է լինելու և վաղը։

Լյովի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ մեր համեստ ու ՀԵՐՈՍ ընկեր։ Վաղ թե ուշ, կրկին կհանդիպենք:

Կյանքը՝ բազում անհայտներով հավասարում

Երբ մեծերը զրուցում են, մենք հաճախ ենք մեջ ընկնում, փորձում արտահայտել մեր կարծիքը, առաջ տանել մեր ես-ը: Այո՛, երբեմն մեզ թվում է, թե լիովին տարբերում ենք սխալն ու շիտակը, հստակ ու կայուն համոզմունքներ ունենք ու անհրաժեշտ խիզախություն՝ սեփական տեսակետը պաշտպանելու…

Երբեմն մեր ու նրանց կարծիքները համընկնում են, բայց որքա՜ն հաճախ ենք լսում.

-Բալե՛ս, դու մինչև վերջ մի՛ պնդիր քո ես-ը, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինեն քո հաջորդ վայրկյանը, գալիք օրը… Մի ամբողջ կյանք ունես՝ կշռադատելու, մտորելու, սուտը ճշտից զատելու, փորձությունների ենթարկվելու համար: Դեռ շատ բան կփոխվի. և՛ մտածելակերպդ, և՛ կարծր կարծիքներդ: Չէ՞ որ աշխարհը լի է պատասխաններ պահանջող հարցերով ու անորոշությամբ, անքննելի են ուղիները, անկանխատեսելի՝ ճակատագրերը…

Հիմա եմ հասկանում, թե նրանք որքան իրավացի էին: Ավաղ, մեզանից ոչ ոք չգիտի, թե իր հետ ինչ է բերելու վաղվա օրը: Օրինակ՝ ո՞վ կմտածեր, որ մի օր կարթնանաս ու կլսես, որ պատերազմ է: Այո՛, այո՛, ամենաիսկական ու ահազդու պատերազմ: Այս ինչերի՜ միջով անցանք…

…Սեպտեմբերի 27: Այսուհետ սա ուղղակի օր չէ, սա բոթաբեր պատերազմի առաջին օրն է: Տագնապ, զորահավաք… Ցավոք, ոչ բոլորին էր վիճակված վերադառնալ… Ես նոր զգացի, թե ինչ ասել է, երբ օրը տարի է թվում: Ամենքիս թվում էր, թե օրվա վերջանալուն պես պատերազմն էլ կավարտվի: Հայերի օջախներն ասես համրացել էին. շշուկ չէր լսվում, ամեն ոք մի անկյունում կուչ եկած աղոթում էր՝ աղոթում էին իրե՛նց զինվորի, ուրիշի՛ զինվորի ու սահմանում կանգնած ամե՜ն զինվորի համար: Իսկ ի՜նչ սրտատրոփ ահով էինք հեռուստացույցի էկրանին կարդում զոհերի անունները… Մենք վախենում էինք այդ էկրանին պատկերացնել անգամ այն մարդու անունը, ում անչափ կարոտում էինք, ում վերադարձն այնքա՜ն էինք տենչում…

Սա իսկապես համերկրային ողբերգություն էր, որը նկարագրելն անհնար է: Որքա՜ն երեխաներ անհայր մնացին: Իրենց առաջին բառերը թոթովող փոքրիկները այլևս չեն արտասանելու «հայրիկ» բառն ամեն օր, կարոտող ձեռքերով չեն ձգվելու դեպի հայրը… Անդարձ հեռացան մեր հայորդիները, որոնք պետք է վայելեին իրենց երեխաների առաջին ծիծաղը, բառն ու քայլը… Իսկ մայրերը պարզապես խելագարվեցին այս ընթացքում: Նրանք սրտակոտոր աղոթում էին… Միայն թե… Միայն թե բան չպատահի իրենց որդուն… Ավաղ… Շատերին պատուհասեց կորուստը: Շատերն էլ դեռ պատուհանի մոտ նստած սպասում են իրենց որդիներին, որ գեթ մի ակնթարթ փարվեն նրանց: Այլևս դա է նրանց բաժի՛նը, ճակատագի՛րը, միա՜կ փափագը…

Մեր սուգը եռօրյա՛ չէ, այն ողջ կյանքի տևողությամբ է… Բոլորիս հայացքը սառել է, ժպիտները կորսվել են: Մեր աչքերում ցավն է լճացել ու վրեժն է մորմոքում: Վրեժ՝ հանուն անմահացած հարազատի…

Շուտով նոր տարի է: Ասում են՝ իբր աշխարհում ամեն ինչ նորովի է սկսվում այդ օրը: Բայց հայ ազգը իր հետ հավերժություն է տանելու այս ցավը, սուրբ հուշն ու արթուն վրեժը:

«Կանթեղ» գրական խմբակ

«Պատերազմը ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ»

«Պատերազմը ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ». Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից՝ Էրիկ Սոլոմոնյան: 

Մենք ապրեցինք պատերազմի յուրաքանչյուր ակնթարթը։ Առաջնագծում  կռվող տղերքի հետ հավասար ապրեցինք ցավն ու տառապանքը, սգացինք ընկերոջ ու եղբոր կորուստը…

44 օր մենք հպարտացանք մեր եղբայրների, հայրերի ու  ընկերների կատարած սխրանքներով ու անձնազոհությամբ։ Մենք, գուցե, չենք գիտակցում, բայց  ապրեցինք նոր պատմություն կերտող ժամանակահատվածում։

Երկարաձիգ պատերազմից հետո պատիվ ունեցա զրուցել Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից մերօրյա հերոս էրիկ Սոլոմոնյանի հետ։

-Ինչպե՞ս հայտնեցին պատերազմը սկսելու մասին լուրը, և ինչպե՞ս արձագանքեցիք դուք՝ զինվորներդ։

- Լուրը մեզ հասավ սեպտեմբերի 27-ի առավոտյան։

Իրականում մենք այսպիսի մեծամասշտաբ պատերազմ չէինք սպասում: Մենք մտածում էինք, թե հերթական տագնապն է, որի մասին շատ ժամանակ մարդիկ տեղյակ էլ չեն լինում։

- Ինչպիսի՞ն էր Ձեր մարտական ոգին։

- Զինվորները ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն ամեն ինչի:

Հայ զինվորի մարտական ոգին և պատրաստությունը միշտ շատ բարձր է։

- Ո՞րն է պատերազմի թողած ամենավատ հիշողությունը։

- Պատերազմից հիմնականում ծանր ու դաժան հիշողություններ է թողնում, բայց ամենավատը, որ տպավորվել է, ընկերներիս՝ մեքենայի մեջ այրվելն էր…

Ամենադժոխային տեսարանն էր, որ երբեք չեմ մոռանա։

- Ի՞նչ փոխեց պատերազմը։

- Պատերազմն ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ։ Հիմա ավելի սառնասիրտ եմ դարձել, առավել նվիրված ընտանիքիս։ Պատերազմից հետո հասկացա, որ հետագայում երևի չեմ ունենա այնպիսի դժվարություն, որ անհաղթահարելի լինի։

- Ի՞նչ կասես պատերազմի ավարտի մասին։ Ինչպիսի՞ ավարտ էիր ակնկալում։

- Եթե անկեղծ, այսպիսի ավարտ չէի ակնկալում… Մենք կռվի էինք դուրս եկել միայն հաղթանակի համար… Այսպիսի ավարտ նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել։ Բայց ես վստահ եմ, որ մենք ի վերջո հետ ենք բերելու մեր կորցրած տարածքները, որովհետև էդ հող-հայրենին մերն է։

- Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա զինվորներին։

- Ապագա զինվորներին կասեմ միայն, որ պետք չէ ոչնչից վախենալ. ոչինչ չպիտի կոտրի նրանց, նույնիսկ մահին դեմ դիմաց կանգնելը։

- Ի՞նչ է քեզ համար հայրենիքը։

- Հայրենիքն ինձ համար ամենա – ամենան է: Այն ինձ համար վեհ է ամեն ինչից, անգամ ընտանիքից, որովհետև առանց հայրենիքի ո՛չ ընտանիք կլինի, ո՛չ էլ ուրիշ ոչինչ։

- Մեզ համար հերոսը դու ես, իսկ ո՞վ է քո հերոսը։

- Ես ինձ հերոս չեմ համարում, յուրաքանչյուր մարդ պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը։ Դա իմ պարտականությունն էր, որ պետք էր կատարել։

Իսկ իմ հերոսը Քառօրյա պատերազմի անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանն է։

- Ըստ քեզ, մենք հաղթեցի՞նք, թե՞ հակառակը։

- Մենք՝ զինվորներս, հաղթել ենք այս կռվում, որովհետև արել ենք ամեն բան` պաշտպանելու ու պահելու մեր հայրենիքը։

Հայրենական մեծ պատերազմի հերոսը

Դեկտեմբերի 11-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ Գագարին գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գագիկ Եղիազարյանը։ Գագիկ Եղիազարյանը ծնվել է 1925 թվականին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ Դպրոցը դեռ չավարտած՝ իր խնդրանքով զորակոչվել է բանակ։17 տարեկան պատանին  ծառայության անցավ 336-րդ հրաձգային գնդում և, ստանալով սերժանտի կոչում,   1943 թվականին մեկնեց ռազմաճակատ ու մասնակցեց Կուրսկի  ճակատամարտին։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին մասնակցեց նաև Դնեպր գետի անցմանը՝ Գոմելի մարզում։ Հենց այդ ճակատամարտի ընթացքում էլ  ծանր վիրավոր լինելով հանդերձ, չի լքում առաջնագիծը և մինչև վերջ մարտնչում է։ Դնեպրի աջ ափում գրաված դիրքերը ամրապնդելու համար Գագիկ Եղիազարյանին շնորհվեց Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանը։ Սակայն մարտերը դեռ շարունակվում էին, և հերոսը չէր նահանջում։ Պարգևատրվեց նաև Փառքի երրորդ աստիճան շքանշանով ու մեդալներով, քանի որ մասնակցել էր մի շարք բնակավայրերի ու քաղաքների ազատագրմանը։

1945 թվականին Գագիկ Եղիազարյանը զորացրվեց բանակից, բայց այսքանով չէր ավարտվում իր սկսած մեծ ու արժանապատիվ գործը։ 1951-1955 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո  սկսեց մանկավարժական աշխատանք կատարել Սևանի շրջանի դպրոցներում, սկսած իր հայրենի գյուղից՝ Դդմաշենից։ 1958 թվականին, երբ Գագարին ավանում (գտնվում է Գեղարքունիքի մարզում) բացվեց դպրոց, հայրենի գյուղից  Գագիկ Եղիազարյանը տեղափոխվեց Գագարին և դարձավ դպրոցի տնօրենը։ Նրա երկար ու անխոջ աշխատանքը բազմաթիվ անգամ են գնահատվել պատվոգրերով և շնորհակալագրերով։

Լինելով նույն բնակավայրից, շատ հաճախ էի տեսնում ընկեր Եղիազարյանին (գյուղում բոլորը այսպես էին դիմում նրան)։ Նրան միշտ կարելի էր գտնել իր այգում։ Ակամայից հիշեցի մի դեպք: Մի օր, երբ անցնում էի այգու մոտով, խնձոր էր քաղում և անցորդների հետ էլ երկար-բարակ զրուցում։ Երբ  բարևեցի, ուզում էի գնալ,  ասաց.

-Բարև, Նան ջան (գրեթե բոլորին այսպես էր դիմում): Նայի` հենց նոր եմ էս խնձորներից քաղել, վերցրու: Եթե կուզես` տես, ինչքան ծառեր կան, արի քաղիր, նստիր էն սիրուն ծառի տակ ու կեր։

Կյանքից հեռացավ, բայց թողեց մեծ ժառանգություն։

taguhi aghasyan

Ուզում եմ

Երևույթներն ուշ ընկալելու պատճառով հաճախ դասընկերներս ինձ մի օտար բառով էին կոչում, որի հայերեն համարժեքը «ուշահասն» է: Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ ես ուշահասի պես նոր եմ «քնից» արթնանում:

Այս Նոր տարին, ավելի քան երբևէ, պետք է նոր լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև այլևս շքեղ սեղանները չեն խամրեցնի բառերի արժեքը:  Փուչիկներով չեմ ուզում զարդարել տունը: Դրանք մի տեսակ «փուչ» են: Ազնվությամբ եմ զարդարելու տունը, որովհետև այն, ի տարբերություն փուչիկի, չի կարող պայթել կամ թսկել:

Տոնածառի լույսերը փոխարինելու եմ բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք:

Խաղաղությունն էլ թող փոխարինի հրավառություններին, որ հետո երկինքը «կարկատելու» կարիք չլինի:

Միայն մի բան եմ ուզում նույնը մնա: Ուզում եմ շատ կոնֆետներ լինեն սեղանին, որ բոլորիս նոր կյանքը քաղցրությամբ սկսվի ու նաև… Ուզում եմ դիտենք «Տանը մենակ» ֆիլմը, որն Ամանորի լավագույն խորհրդանիշն է, ու վերըմբռնենք, որ ընտանիքը պետք է սիրել. հայրենիքը սկսվում է հենց ընտանիքից…

Առանց քեզ, բայց քեզ հետ

Այսօր Տավուշ գյուղը մռայլ է, սպիտակ ձյան վրայից սև շղարշ է հագել։ Չկա գյուղի ուրախ առօրյան, չկան անհոգ մարդիկ։ Քայլում են՝ գլուխները կախ ու սրտներում բազում հերոսներ պահած։ Գյուղը շատ հերոսներ ունի, բայց ցավալի է, երբ հերոսի մասին խոսում ես անցյալով…

Գյուղի ժայռերից մեկի ստորոտում ապրում էր մի խաղաղ ընտանիք. հայրը, մայրը, երկու որդիները և պապը։ Կյանքը հիասքանչ էր, երեխաները մեծանում էին, փոխվում էր նաև գյուղի առօրյան։ Անցնում էր ժամանակն իր հետ ավելի ակներև դարձնելով կյանքի փոփոխությունները։

Ավագ տղան՝ Հայկը, երկու տարով էր մեծ կրտսերից՝ Վարուժանից։ Հայկի բանակ զորակոչվելուց մեկուկես տարի հետո զորակոչվեց նաև Վարուժանը։

- Շուտ գնամ, որ շուտ էլ հետ գամ,- ասում էր Վարուժանը, ով այդ տարվա առաջին զորահավաքի զորակոչիկներից էր։ Ասաց ու գնաց։ Ծառայում էր Արայի լեռան վրա, հաճախակի մոր հետ էր խոսում։

Պատերազմի սկսվելու օրվանից Վարուժը եղել է Ջաբրայիլի մարտերի ծանր հատվածներում։ Կռվել է արիաբար ու մինչև վերջին շունչը։ Ընկերը պատմում է նրա սխրագործությունների մասին՝ ինչպես է զոհված ընկերների ու հրամանատարի դին հանել մարտադաշտից և սխրանքներ գործել մարտի դաշտում։ Սակայն, ցավոք, հոկտեմբերի ութը չարաբաստիկ օր դարձավ բոլորիս համար՝ մարտական գործողությունների ընթացքում արիաբար զոհվեց 18-ամյա Վարուժանը։

Վարուժանի մասին անվերջ կարելի է խոսել։ Մայրն ասում է.

-Վարուժս կատու շատ էր սիրում, մի անգամ կատուն գրկին տուն եկավ ու խնդրեց պահել նրան, կատուն արդեն ձագեր է հանել, տղաս շատ էր ուրախացել, ասաց. «Մայր, կպահես մինչև գամ»։

Վարուժը շատ նախասիրություններ ուներ, սիրում էր դաջվածքներ անել, կարող էր ամբողջ օրը երգ լսել, սպորտով շատ էր զբաղվում, առնական կազմվածք ուներ։ Պարզ տղա էր, սիրում էր օգնել մարդկանց։ Նաև շատ աշխույժ էր, դպրոցում հաճախ արժանանում էր ուսուցիչների նախատինքին, բայց դրա հետ մեկտեղ ուսուցիչներն իրենք  էին խոստովանում, որ Վարուժը շատ խելացի է։

Իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ հիշելու եմ իրեն։ Մանկության ընկերներ էինք, չեմ էլ հիշում որ տարիքից։ Խաղերն ու դասերն անցնում էին միասին։ Ես էի, եղբայրս ու նրանք երկու եղբայրներով։ Ընկերացել էինք մանկապարտեզի տարիներից։ Հիշում եմ մեր խաղերը՝ պահմտոցին էր հիմնականում։ Դասերն իրար օգնելով էինք անում։ Ընկերներ ենք եղել տարիներով ու մինչև հիմա էլ ընկերներ ենք, ու մեզ չի խանգարում նրա բացակայությունը։ Նա միշտ մեր ընկերը կլինի։

Շիրիմին այցելելով ու նկարին նայելով կարծես զգում ենք նրա ներկայությունը։ Նա ներկա է մեր սրտերում ու հոգիներում…

Ես ինձ միայն չօգնեցի…

Ժամկետային զինծառայող Արմեն Մինասյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Արմենը ծնվել է 2001 թվականի հուլիսի 6-ին Վարդենիկ գյուղում։ Մանկուց եղել է աշխույժ։ Սովորել է տեղի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1  հիմնական դպրոցում, ապա Վարդենիկի կրթահամալիրում։

-Եղբայրս շատ էր ուրախացել բանակ զորակոչվելու առթիվ, ոգևորված էր։ Հիշում եմ՝ ընկերներով ասում էին, որ ցանկացած տղա անպայման պիտի ծառայի։ Մեխակավանում (Ջեբրաիլ) էր ծառայում։ Ամեն օր զանգում էր, բայց ծառայությունից  համարյա ոչինչ չէր պատմում, միշտ ասում էր, որ «ամեն ինչն էլ տղու համար ա»։ Ամբողջ ծառայության ընթացքում միակ օրը, որ չի զանգել, հոկտեմբերի 29-ն էր․․․,- հիշում է Արմենի եղբայրը՝ Խաչիկը։

Չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին․

-Իրենց ուզեցել են Ջեբրաիլից  տեղափոխել կա՛մ Ստեփանակերտ, կա՛մ Շուշի։ Քառասուն հոգի են եղել, տասական խմբերով նստել են մեքենաները, որ գնան, հենց այդ պահին էլ ԱԹՍ-ն նկարել ու հարվածել է։ Ամբողջ քառասուն հոգանոց խմբից  երկուսն են ողջ մնացել»,- մանրամասնում է Խաչիկը։

Եղբոր խոսքերով՝ Արմենը շատ նպատակասլաց էր, բազում նպատակներ ուներ, որոնք այդպես էլ անկատար մնացին․

-Նպատակադրվել էր բանակից գալուն պես ավտոէլեկտրիկ դառնալ։ Բացի դա էլ, ընկերոջ հետ որոշել էին կահույքի արտադրամաս բացել։

Ընկերուհի ուներ, շատ էին սիրում իրար։ Ասում էր. «Դատարկ գրպանով ի՞նչ ամուսնանալ, սկսեմ աշխատել` կնշանվեմ»։ Այս ու մի շարք այլ նպատակներ եղբայրս իր հետ վերև տարավ,-եզրափակեց Արմենի եղբայրը։

Արմենի դասընկերները ցավով, բայց հպարտությամբ են հիշում․

-Արմենը շատ ընկերասեր էր։ Բոլորին օգնության ձեռք էր մեկնում, ինչքան բարդ իրավիճակ էլ, որ լիներ, այնպես էր անում, որ ճիշտ լուծում տրվի։ Շատ ուշադիր էր հատկապես դասարանի աղջիկների հանդեպ, ասում էր, որ իր քույրերն են ու ամեն հարցում աջակցում էր նրանց։

Այն խոսքը, որ ասում են․ «Տարիքը միայն թիվ է», Արմենի մասին էր։ 19 տարեկան էր, բայց շատ մեծահասակներից  հասուն էր դատում։

-«Վերջին զանգ»-ին Արմենը  մեր դասարանի հոգին էր,-փաստում են դասընկերները,- ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին էր վերցրել ու պատվով կարողացավ տակից դուրս գալ։ Մինչև հիմա մեր դասարանի ելույթը հիշելիս, ցանկացած մարդ, ով ներկա է եղել, առաջին հերթին Արմենին է հիշում, հետո՝ մնացածիս։

Մեր վերջին էքսկուրսիայի գիշերը՝ տուն վերադառնալիս, հասանք Սևանավանք, իր ձեռքով խարույկ վառեց։ Հենց այդ խարույկի շուրջն էլ բոլորին հարցրեց, թե ինչպես են դասավորելու իրենց կյանքը դպրոցից հետո։ Երբ հասավ իր խոսելու հերթը, ասաց, որ կծառայի, կգա ու էլի իր ընկերների կողքին կլինի։ Տղաներին էլ՝ առանձնահատուկ դիմելով, հորդորեց, որ բանակում ամեն քայլը մտածված անեն։

Հետո դառնալով մեր դասընկերուհուն՝ Լիանային, խնդրեց, որ իր սիրելի բանաստեղծությունը՝ Պ․Սևակի «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի․․․»-ն ասմունքի։

Եզրափակելով Արմենի մասին զրույցը, նրա  դասընկերուհին՝ Նաիրան, ընդգծեց․

-Ուսուցիչները Արմենին շատ էին սիրում, Արմենն էլ՝ դպրոցն ու ուսուցիչներին։

Շատ խելացի էր, արագ էր ընկալում։ Մեկ անգամ կարդալով կարողանում էր իրեն հանձնարարված նյութը վարժ ու հստակ ներկայացնել։ Ուսուցիչները հենց դրա համար էլ էին բարկանում, ասում էին, որ եթե կարողանում է, ինչու՞ անընդհատ չի սովորում։ Ինքն էլ իր հերթին շատ էր ամաչում իր՝ չսովորելու փաստից, մինչև ասում էր, որ դասին պատրաստ չէ, հոգին դուրս էր գալիս։ Արմենի նման եղբայր, դասընկեր ու մարդ չկար, Արմենի նման երկրորդը չկա։

Շնորհավոր ծնունդդ, որտեղ էլ որ լինես

….կարևոր չի, թե հիմա սա ով կկարդա, կարևորը` որ հետո դու կարդաս:

Դատարկ խաչմերուկում ոչ ոք չկա: Միայն երբեմն ինչ-որ կանայք են անցնում: Ձեր տուն են գնում գալիս: Ես չգիտեմ նրանք ինչպես են նայում ձերոնց աչքերին, չգիտեմ ինչ են խոսում նման դեպքերում, ինչ են հարցնում: Ես միայն մի բան գիտեմ, ու մի բան եմ տեսնում` խաչմերուկը դատարկ է, դատարկ, ինչպես լինում էր ամառվա կեսօրին:

Գիտե°ս, շունդ երբեմն հայտնվում է էս դատարկ ու տխուր բակի փողոցներում: Գալիս ուղղակի պտտվում ու հետ է գնում: Առաջ միշտ հենց շունդ գալիս էր, հասկանում էինք, որ ուր որ է` դու էլ կհայտնվես: Գալիս էիր քո ծանր քայլվածքով, ու ոչ ոք չէր ենթադրի, որ էս բակում ամենալավը դու ես վազում, որ էս գյուղում ամենալավը դու ես ֆուտբոլ խաղում, որ էս գյուղում միայն դու ես կարող բրեյք դանս պարել: Գալիս էիր ու սուր խոսքերովդ ամեն մեկին բարևի հետ մի մակդիր կպցնում ու ոգևորված պատմում, թե երեկվա ֆուտբոլը ոնց վերջացավ, թե քաղաքական դաշտում ինչ կա-չկա, թե գիտնականները նոր ինչ են բացահայտել:

Նոր եմ հասկանում` ինչքան բանից էիր խոսում: Գիտե՞ս, երբ խոսում էինք, բոլորին տալիս էիր իրենց պատասխանը: «Լեզվով օձին բնից կհանի», մայրդ էր ասում: Մենք էլ սուսուփուս համաձայնվում էինք, որովհետև դա ճիշտ էր այնքան, ինչքան այն, որ այսօր ծնունդդ է:

Դու ձեր տան միջնեկն ես, միջնեկներից միշտ ավելին են պահանջում, որովհետև նրանք պիտի անեն այն, ինչ մեծերը չեն արել, ու լինեն այն օրինակը, որին ուզում են հասնել փոքրերը: Դու իսկական միջնեկ ես, որ կաս: Բոլորն ասում են` հատուկ ես, դրա° համար հատուկջոկատային դարձար…

Գիտե°ս, մենք բոլորս ունենք դեռ այն, ինչ կոչվում է հույս, ինչ որ տեղ, բոլորս պահել ենք մեր հույսը: Եղբայրդ աղոթում է: Ասաց, որ բարկանում է այն երեխաների վրա, որոնց թվում է, թե եկեղեցում վառված մոմը տորթի վրայի մոմ է, ու փչում են: Երեխա են` չեն հասկանում, իսկ դու եղբորդ մեծ դարձրեցիր ավելի, քան կար:

Գիտե°ս, ես չեմ ուզում, որ մեր խաչմերուկում հավերժ այրի արևը, ու այն դատարկ մնա, չեմ ուզում շանդ տեսնել ու մտածել թե չես գալու նրա հետևից:

Մենք սպասում ենք:

Այս գյուղը, այս թաղը լուռ է, տներից միայն թանձր ու սպիտակ ծուխ է բարձրանում, բարձրանում է սպիտակ ցուրտը ու խառնվում սպիտակ լռության հետ: Այս գյուղում, այս բակում սպիտակ սպասում է:

Գիտե°ս, ուզում եմ, որ այս ամենը մեր խաղի նման լինի, ուղղակի` հալամոլա, ու դու, ինչպես միշտ` լավ թաքնված լինես, փնտրենք անընդհատ, հետո, ինչ որ տեղից դուրս թռչես, փախչես բոլորից ու գաս, ձեռքի ափով խփես պատին ու գոռաս` հալամոլա, Արման:

Շնորհավոր ծնունդդ, որտեղ էլ որ լինես:

Արի’, իմ սոխակ

Հավանաբար այս պատերազմը մեզ ինչ-որ մեկից խլեց, ինչ-որ մեկից կտրեց, չէ՞: Մենք, այնուամենայնիվ, մտածում ենք նրանց մասին: Մեր՝ պատերազմի մասին մտքերը, նրանցով սկսվում և նրանցով էլ ավարտվում են: Մեր այդ մտքերն առանց նրանց չեն կարող լինել: Նրանք են մեր «պատերազմը»:

Ես կարոտում եմ Ռուստամին, թերևս ամենաշատը: Նրան կորցրի պատերազմում, ում չէի էլ հասցրել լիովին գտնել: Նա այն մարդկանցից էր, ով խորհուրդ տվեց ընդունվել Հայ-ռուսական համալսարան: Ես հիմա ուզում եմ ասել նրան, որ ընդունվել եմ, որ նրա բոլոր խորհուրդները անգիր եմ արել: Ասում էր, որ ոչինչ չթողնեմ քննության վերջին օրվան: Ես հիմա ուզում եմ ասել նրան, որ ես նախօրոք պատրաստվում եմ: Նա հարցնում էր՝ արդյո՞ք սարքել եմ տեսախցիկս: Ես ուզում եմ երկար «չէ»-երից հետո ասել «այո»:  Ես ուզում եմ ասել, բայց նա չի լսում կամ էլ լսում է:

 

Ես ամեն օր մեր նամակներն եմ կարդում, և եթե մի ժամանակ դրանք ուղղակի նախադասություններ կամ բառեր էին, հիմա էդպես չի:

Համբուրում էի նրա շիրմաքարը,  այնինչ մտորումներիս մեջ պատկերացնում, որ ես կամաչեի նրան գրկել, երբ դեմ առ դեմ հանդիպեինք:

Կարճ ասած՝ մենք կարոտում ենք նրան:  Նա, հավանաբար, կբարկանար մեր այս չափից դուրս սենտիմենտալությունից:

Ես ուզում եմ, որ նա ների մեղավորներին, որ նա մեզ ների: Մենք չենք հասկանում, թե ինչու նա այս անարդարության զոհը դարձավ, ինչու պատերազմը տարավ նրան, երևի միայն ինքն է հասկանում…

Գիտե՞ս՝ ես նեղվում եմ: Նեղվում եմ, որ քեզ ավելի լավ չեմ ճանաչել, ավելի շատ չենք շփվել: Ես մտածում եմ, որ դու լավ ես և որ մի ազնիվ, մաքուր ու կապույտ տեղում ես,     որտեղ հնչում է. «Արի’, իմ սոխակ»-ը, և որ դու ձայնակցում ես դրան:

Անկեղծ ասած, այս երկիրը խեղդվում է այդ սև ժապավեններից…