Ինչպես օգտվել ինտերնետից

 

Լուսանկարը՝ Անի Խուդավերդյանի

Լուսանկարը՝ Անի Խուդավերդյանի

Ամեն օր լսում, կարդում կամ տեսնում եմ, որ այսինչը գնում է Բելգիա, այնինչը՝ Անգլիա, երրորդը՝ Բուլղարիա և այլ շատ երկրներ՝ սովորելու, կոնֆերանսների, թրեյնինգների մասնակցելու և այլն: Բայց այս ամենի մասին գիտեմ ես՝ այն քչերից մեկը, ով տեղյակ է այս ծրագրերի մասին, գիտի՝ ինչպես դիմել, ինչպես ֆինանսավորում հայթայթել և այլն: Ես գիտեմ այս ամենի մասին, որովհետև ինձ սկզբում պատմել է զարմուհիս՝ Երևանից: Ցավալի է, երբ քո հասակակիցներին կամ անգամ քեզանից մեծերին պատմում ես նման ծրագրերի մասին և տեսնում, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ ես դու խոսում: Մարզերում ապրող պատանիներն ու երիտասարդները տեղեկատվության պակաս ունեն ու դրանով նրանք կորցնում են իրենց համար լավ ապագա կառուցելու բազում հնարավորություններ: Մեր գյուղում մինչ հիմա շատերը չգիտեն, որ ինտերնետը նույն «օդնոկլասսնիկին» չէ, որ ինտերներտն ավելի լայն հարթակ է, որում դու կարող ես քեզ համար լիքը-լիքը օգտակար տեղեկատվություն գտնել:

Զբոսանք Աշտարակով

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Քաղաք, որի փողոցային լապտերները վառվում են յոթին, բայց անջատվում տասնմեկին, երբ դեռ կեսգիշեր էլ չէ: Գուցե հենց նրա համար, որ այստեղ օրը հենց այդ ժամին էլ ավարտվում է:  Բայց հետո փորձեցի պատկերացնել, թե այստեղ այդ ժամին ուր կարող եմ գնալ, և հասկացա , որ եթե այստեղ քիչ են ժամանցային վայրերը, էլ ում են պետք գիշերային լույսերը:  Չկան շատ ժամանցային վայրեր գուցե հենց այն պատճառով, որ Աշտարակը հեռու է մայրաքաղաքից  ընդամենը քսան կիլոմետր, և մարդիկ կարիք չեն զգում կառուցել առանձին Աշտարակին հատուկ վայրեր:

Ու թեպետ քաղաքը աչքի չի ընկնում նեոնային լույսերով, և թվում է, թե մեռած է, բայց առավոտը այստեղ մաքուր օդով է, իսկ նրանց, ում հաջողվել է ապրել հենց Քասախ գետին շատ մոտ՝ նաև գետի ձայնով: Այստեղ կան փողոցներ, որտեղով կարելի է քայլել, և երկինքը այնքան էլ տեսանելի չլինի, որովհետև երկու կողմերից փակում են հնամյա  ծառերը:

Աշտարակը լեռնային եկեղեցիներով, ասֆալտով, ժամանակակից ավտոմեքենաներով և խանութներով քաղաք է, որտեղ կարելի է լսել նաև աքլորի կանչ:

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Ինչը կփոխեի Կապանում

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Կապանում փոխելու շատ բան կա: Պետք է, որ մարդիկ Կապանում ավելի բարի լինեն, չնայած, այդ ամենը գալիս է մարդու սոցիալական վիճակից, քանի որ բոլորն այսօր մտահոգված են մի հարցով, թե ինչպես օրվա հաց վաստակեն:

Կուզեի փոխել մարդկանց տրամադրությունը, որ նրանք ուրախ լինեն, ժպտան: Կապանում պակասում է ժպիտը:

Արա Հարությունյան

 

Առաջնահերթ կհետևեի քաղաքի մաքրությանը, քանի որ շատ փոշոտ է, ու ամենուր աղբ կա թափված: Քաղաքի բոլոր ծառերը կմշակեի: Ծառերը մեծ են և չորանում են, քանի որ չեն ստանում անհրաժեշտ խնամք, չեն ջրվում, չորացած մասերը չեն հեռացվում: Նաև կբարեկարգեի ճանապարհները:

Գոհար Հայրապետովա

 

Եթե ես հնարավորություն ունենայի ինչ-որ բան փոխելու, այնպես կանեի, որ ողջ տարին մեր համայնքը մաքուր լիներ։ Գումարով կապահովեի որբերին և անապահով մարդկանց։ Կբացեի խաղահրապարակներ, շենքեր կկառուցեի, կասֆալտապատեի ճանապարհները։ Աշխատատեղեր կբացեի։ Կավելացնեի մեր քաղաքի ծառերի քանակը։ Կբացեի հիվանդանոցներ, որտեղ անապահով մարդիկ անվճար կբուժվեին։

Էդգար Գրիգորյան

 

Կցանկանայի Կապանում բացել աշխատատեղեր, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չեն գործել: Դե, եթե աշխատատեղեր լինեն, կկանխվի արտագաղթը:

Սոկրատ Մկրտչյան

 

Կցանկայի վերացնել որսորդությունը: Որսորդությամբ զբաղվող մարդիկ չեն մտածում, որ այդ կենդանին մեղք է, չարժի հաճույքի համար կենդանուն վերացնել:

Արմինե Հովհաննիսյան

 

Կապանում կան մարդիկ, որոնք անտարբեր են ու գրեթե ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում, չեն մասնակցում միջոցառումների: Պատճառաբանում են, որ ժամանակը չի հերիքում: Ես կվերանորոգեի Կապանի ավերված ամրոցները՝ Երիցվանքը, Բաղաբերդը և գյուղերի եկեղեցիները: Գյուղերում եկեղեցիների մեծ մասը գտնվում է շատ վատ վիճակում, և պահանջվում է երկարատև վերանորոգման աշխատանք:

Հրաչ Արզումանյան

 

Առաջին հերթին կփոխեի գյուղապետարանի շենքը և կվերանորոգեի կողքի գրադարանը։ Վերանորոգելուց հետո գրադարանի գրքերը կավելացնեի և կհարստացնեի մարդկանց բառապաշարը։ Համայնքի ճանապարհները կվերանորոգեի, դպրոցը և ջեռուցմամբ կապահովեի համայնքը։ Դպրոցը կապահովեի համակարգիչներով։ Գյուղապետարանին համակարգիչներ կտրամադրեի, որ յուրաքանչյուրը իր համակարգիչն ունենար։ Ջուրը ֆիլտրացած վիճակում կբաժանեի մարդկանց, որ զերծ մնան հիվանդություններից։ Իսկ համայնքի մոտ գտնվող պոչամբարի մոտ ինչ-որ սարք կտեղադրեի, որ այն չվնասեր համայնքին։

Նունե Սարգսյան

 

Մեր քաղաքը խորհրդային ժամանակների քաղաքի տեսք ունի, իսկ ես կկառուցեի ժամանակակից շենքեր: Իսկ մյուս խնդիրը մարդկանց աղքատությունն է: Շատ ընտանիքների հայրեր գնում են արտերկիր՝ աշխատելու, որ կարողանան պահել իրենց ընտանիքները: Եթե այս խնդիրները չլինեին, իմ քաղաքը իդեալական կլիներ:

Ալեքսան Ջհանգիրյան

 

Կապանում առաջին հերթին կփոխեի մարդկանց վերաբերմունքը բնության նկատմամբ: Բնակիչները անխնա ձևով պոկում են ծառի ճյուղերը, ծաղիկները: Ցանկանում եմ այլևս չտեսնել քաղաքի աղտոտված վիճակը: Փողոցը մաքրողները քիչ են, իսկ մարդիկ աղբը թափում են փողոցներում:

Մարիամ Հարությունյան

 

Ես կփոխեի աղբամանները: Դրանք ավելի շատ ու շուտ մաքրել կտայի: Երկրորդ բանը, որ կցանկանայի փոխել, դա դպրոցների ջեռուցումն է: Երրորդը՝ մարդկանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Սակայն գիտակցում եմ, որ գրեթե անհնար բան եմ ցանկանում:

Արինե Մինասյան

 

Համայնքի գրադարանը գտնվում է շատ վատ վիճակում, տեղը շատ փոքր է: Ակումբի բեմը քանդված է, կցանկանայի այն վերանորոգել, որ երիտասարդները գյուղում զբաղմունք ունենան: Դպրոցը պետք է ամբողջությամբ վերանորոգել: Շատ կցանկանայի, որ մեր համայնքում մանկապարտեզ լիներ: Գյուղում փոքր երեխաները շատ են, կան նաև ընտանիքներ, որոնք հնարավորություն չունեն իրենց երեխային հեռու մանկապարտեզ ուղարկելու:

Մերի Գրիգորյան

 

Մեր գյուղի գրադարանն էլ վերանորոգման կարիք ունի: Կփոխեի նաև ակումբի շենքը, որը նույնպես վերանորոգման կարիք ունի: Դպրոցին կտրամադրեի ավտոմատներ, որ երեխաները կարողանան դրանք քանդել ու հավաքել: Մեր Կապան քաղաքն ունի շատ խնդիրներ: Ես կվերանորոգեի հիվանդանոցը, որովհետև շատ վատ վիճակում է գտնվում:

Քնարիկ Զաքարյան

 

Կասֆալտապատեի ճանապարհները, կվերանորոգեի եկեղեցու տանիքը, կբացեի աշխատատեղեր: Այս ամենն անելուց հետո նոր կմտածեի մնացած մանր խնդիրների մասին:

Արտյոմ Ղազարյան

 

Կվերանորոգեի Կապանի հիվանդանոցը, որը շատ վատ վիճակում է։ Կապանում կան զոհված ազատամարտիկների շատ ընտանիքներ, որոնք անապահով վիճակում են գտնվում։ Կապանում ջուրը աղտոտված է, այդ իսկ պատճառով առաջանում են հիվանդություններ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ես շատ եմ սիրում Կապանը և չեմ պատկերացնում կյանքս առանց Կապանի։

Նարե Դավթյան

 

Ես կցանկանայի բարելավել մեր բակի լուսավորությունը և բարեկարգել բակը: Պետք է կազմակերպվեն մի շարք միջոցառումներ, որոնք դուր կգան մարդկանց: Իսկ ամենակարևորը, կվերանորոգեի շենքերի տանիքները, որոնք գտնվում են վթարային վիճակում:

Եվա Գրիգորյան

 

Նախևառաջ, Շինարարների թաղամասերի աստիճանները կփոխեի ճոպանուղով, որպեսզի տարեցները այդքան աստիճան ոտքով չբարձրանան: Այնուհետև կվերանորոգեի գյուղամիջյան ճանապարհները: Հետո կստեղծեի մի կազմակերպություն, որը հոգ կտաներ որբ և անապահով երեխաների մասին:

Ալվարդ Փարսադանյան

 

Ըստ իս՝ փոփոխությունները միշտ էլ գրավիչ են։ Գրադարանները կդարձնեի գրադարան-սրճարաններ և կտեղադրեի հարմարավետ կահույք` ընթերցանության համար։ Կավելացնեի կինոթատրոններ, թատրոններ, խաղացանկը ավելի հետաքրքիր կդարձնեի: Շատ երիտասարդներ ազատ ժամանակը անցկացնում են համակարգչի առաջ, բայց եթե ավելի հետաքրքիր ներկայացումներ լինեն, ինձ թվում է, որ ավելի շատ թատրոն կգնան։ Սահադաշտ կկառուցեի։ Կկառուցեի պահածոների գործարաններ, որ Կապանի մթերքը մինչև Երևան հասնելը չփչանա, այս կերպ կավելանային նաև աշխատատեղեր։ Կապան-Երևան երթուղային տաքսիները կփոխեի ինքնաթիռների հետ. չէ որ մի ժամանակ կար։

Նարե Խաչատրյան

Իմ հայրենի գյուղը

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի

Իմ հայրենի գյուղը՝ Սևքարը, գտնվում է Տավուշի մարզում և սահմանակից է Ադրբեջանին: Այստեղ է ծնվել հայտնի ֆիդայի Սևքարեցի Սաքոն՝ Սարգիս Ծովանյանը: Ես շատ հպարտ եմ, որովհետև ծնվել և մեծացել եմ նրա տանը և համարվում եմ նրա ժառանգներից մեկը: Մեր ընտանիքի բոլոր տղամարդիկ, սկսած իմ պապերից, մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Սևքարեցի Սաքոն մասնակցել է Արևմտյան Հայաստանի բազմաթիվ կռիվների, եղել է հայտնի զորավարներ Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Չաուշի զինընկերը և եղել է պատմական Խանասորի արշավանքի հեծելազորի հրամանատարը: Պապս՝ Երվանդ Ծովանյանը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով: 1963 թվականից մինչև 1982 թվականը եղել է Սևքարի գյուղխորհրդի նախագահը: Հայրս՝ Արտաշես Ծովանյանը, մասնակցել է Արցախյան կռիվներին, Երկրապահ կամավորական միության անդամ է, պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Արցախյան մայրերի կողմից» մեդալով, «Սևքարեցի Սաքո» հուշամեդալով և պատվոգրերով: Հորեղբայրներս՝ Գրիշան, Յուրան, Սերյոժան և Արարատը, բոլորն էլ մասնակցել են արցախյան կռիվներին: 1990-1991 թվականից ստեղծվեց «Սևքարեցի Սաքո» ֆիդայական ջոկատը: Հայրս և եղբայրներս բոլորն էլ անդամագրվեցին այդ ջոկատում և մինչ 1994 թվականը մասնակցեցին Արցախյան գոյամարտին: 1980 թվականից հայրս աշխատում է որպես հեռուստակայանի տնօրեն, որտեղից հեռարձակվում են թվով քսանհինգ համայնքների համար հետևյալ հեռուստաալիքները՝ Հանրային ալիք, Հանրային երկրորդ ալիք, РТР Ռոսիա, Կենտրոն, Հանրային ռադիո և այլն: Դեռևս կռվի տարիներին հեռուստատեսային կայանը աշխատել է հրթիռային կրակոցների տակ: Մեր գյուղի կենտրոնում է գտնվում Սևքարեցի Սաքոյի շքեղ հուշարձանը, որը խորհրդանշում է մեր համայնքի հոգին և ուժեղ կամքը: Նրա կողքին են գտնվում գեներալ Վարշամովի կիսանդրին, ով եղել է ցարական Ռուսաստանի գեներալ,  մի քիչ այն կողմ գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշահամալիրը և Սևքարի դուստերերի կողմից կառուցված կոթողը:

Սևքարը, ինչպես նաև Տավուշի մարզի բազմաթիվ գյուղեր, ունի իր բազմաթիվ խնդիրները և պրոբլեմները: Այդ կարևորագույն խնդիրներից մեկը գյուղամիջյան ճանապարհներն են: Ճիշտ է, գյուղի կենտրոնական ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են, որովհետև վերջին տարիներին մայթերի կողքով կառուցել են ջրահեռացման գծեր, որոնց միջով հոսում են հորդառատ անձրևների ջրերը: Ամեն տարի վերանորոգվում են գրեթե բոլոր գյուղամիջյան ճանապարհները, սակայն որտեղ չկան ջրահեռացման գծեր, այդտեղից ուժեղ և հորդառատ անձրևների ջրերը քշում-տանում են ճանապարհներին փռած ավազի և խճապատված ծածկույթը: Դժվար է հատկապես ձմռան ամիսներին: Ճանապարհները ամբողջովին պատվում են մերկասառույցով, որը անանցանելի է դարձնում մեքենաների երթևեկությունը: Այդ պատճառով գյուղի մեծ մասը, ովքեր կապված են սարերի և յայլաների հետ, զբաղվում են անասնապահությամբ, ունեն ամենագնաց մեքենաներ: Հուսով եմ, որ կանցնեն տարիներ, և իմ հայրենի գյուղի ճանապարհները կասֆալտապատվեն ամբողջությամբ, որովհետև ես լավատես եմ և հավատում եմ լուսավոր ապագային:

Այդ անդունդի անունն է…

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ինձ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են շփվում մարդիկ: Առանձնապես ինձ հուզում և ահավոր զայրույթ է պատճառում մարդկային փոխհարաբերությունների երկու ձև: Առաջինն այն է, երբ օրինակ գյուղից մեկը գնում է քաղաք կամ արտերկիր, ու, կապ չունի, որ այնտեղ իրեն չի զգում օլիգարխ կամ իր երազած մարդը, երբ մեկ-մեկ այցելում է իր ծանոթներին, բարեկամներին, որոնք ապրում են գյուղում, իրեն այնպես է պահում, կարծես թե հոլիվուդյան աստղ է: Նրանց կարծիքով, իրենք արդեն, այսպես կոչված, վերին խավի ներկայացուցիչ են, իսկ գյուղացի ընկերները, մանավանդ նրանք, ովքեր համեմատաբար այդքան էլ բարվոք չեն ապրում, այսպես ասած, ստորին խավն են: Բայց այդ «հոլիվուդյան աստղերը» մոռանում են, որ իրենք էլ են այդտեղից, որ իրենք, հնարավոր է, ոմանցից վատ են ապրում, բայց ամեն դեպքում իրենք են, որ կան: Մեր դպրոցից մեկը գնացել էր ուրիշ դպրոց: Մեր դպրոցում ավանդույթ դարձած մի բան կա, որ Ամանորին դասարանցիներով գնում ենք միմյանց շնորհավորելու: Ու մեր դասարանից հեռացած «հոլիվուդյան աստղը» նույնպես միացավ մեր ընկերներին: Ընկերների շրջանում կար մեկը, ում ընտանիքը համեմատաբար այնքան էլ լավ չէր ապրում, և երբ հասանք նրանց տան մոտ, մեր «աստղը» չցանկացավ տուն մտնել՝ ասելով, որ ինքը դրսում կսպասի: Էլ ոչինչ չեմ հիշում, ավելի ճիշտ՝ պատմեցին, բայց ես չլսեցի, քանի որ շատ էի զայրացել: Տեսնես, ինչու են քիչ այնպիսի մարդիկ, ովքեր «Հոլիվուդի աստղերին» ցած են իջեցնում երկնքից:

Մյուս խնդիրն այն է, որ մեր քաղաքում ապրող, բայց իսկապես հարստությամբ տարբերվող մարդկանց միջև խթան է հանդիսանում փողը:  Ինչո՞ւ: Ախր, բոլորն էլ մարդ են, ախր, բոլորն էլ շփման, ջերմության, սիրո, ընկերության, վստահության կարիք են զգում: Փոքր տարիքում մեր հարուստների բալիկները սկսում են ծաղրել մյուսներին: Սակայն բանն ավելի լրջանում է մեծ տարիքում, երբ հարուստի բալիկը սիրահարվում է արդեն իրեն սիրող մի տղայի: Բայց այստեղ նույնպես հայտնվում է փողը:

Երբ առաջին անգամ կարդացի Նար-Դոսի «Ես և նա»-ն, որը չորս տարի առաջ էր, մինչև հիմա հիշում եմ այս խոսքերը.  «հայրս ասաց՝ մեր միջև անդունդ կա»: Այդ անդունդի անունն է փող: «Մենք վերևն ենք, դու՝ ներքևը»,- ասաց աղջիկը: Տեսնես՝ այդպիսիները չե՞ն մտածում, որ այդ ներքևում գտնվողները կարող են թև առնել ու բարձրանալ վեր, իրենցից էլ վեր: Դրա համար էլ կասեմ մի բան, մարդկանց նկատմամբ մարդ եղեք, մարդիկ:

Մի 57-ի պատմություն

Երկուշաբթի

«Երկուշաբթի օրերը երթուղայինում քիչ մարդ ա լինում»,- մի անգամ ասաց մայրիկս, թե ինչու` չգիտեմ և երբեք էլ չեմ իմանա, որովհետև ոչ մի անգամ չեմ տեսել, որ երկուշաբթի օրը երթուղայինում քիչ մարդ լինի: Բայց, այնուամենայնիվ, ամեն երկուշաբթի ինձ հույս եմ տալիս: Արդեն ութն անց ինը րոպե էր, և ես շնչակտուր վազում էի կանգառ: 57-ս անց տասը պետք է գար: Եկել է, թե ոչ, ես իմանում եմ մինչ կանգառ հասնելը: Ամեն առավոտ, ուղիղ ութն անց ութ րոպե կանգառ է ժամանում սև շորերով մի երիտասարդ, որը ժամացույցից էլ ճշտապահ է: Հեռվից նայում եմ, եթե երիտասարդը  կանգնած է, ուրեմն չեմ ուշացել, իսկ եթե նա չկա, ուրեմն անց տասի 57-ը անցել է: Ահա և նա: Ես ու սև կերպարանքով երիտասարդը մտնում ենք երթուղային: Գրողը տանի, ոնց եմ արդեն անգիր արել այս դեմքերը: Առաջինը տեսնում եմ «Հենզելին ու Գրետելին»: Որ այնքան գեղեցիկ երեխաները, որոնք սովորում են մեր դպրոցի կողքի դպրոցում, գերբնական ձևով նման են իրար, սակայն երևում է, որ տղան մի քիչ ավելի մեծ է: Աղջիկը, որ չգիտեմ ինչու, մտածում եմ անունը Լիլիթ է, բացարձակապես զուրկ է դաստիարակությունից: Միշտ ինչ-որ հրաշքով նստած է լինում և երբեք որ մեկին տեղ չի տալիս: Ինձ թվում է, նրան մոռացել են սովորեցնել, որ մեծերին պետք է տեղ զիջել: Բայց եղբայրը լավն է, միշտ բոլորին տեղ է զիջում, անգամ ինձ: Պատուհանի մոտ ինչպես միշտ նստած է գեղեցիկ հագնված կինը, ես նրան մտքումս «գլամուրիկ» եմ անվանում: Նա ավելի գեղեցիկ կերևար, եթե դեմքի արտահայտությունը գոնե մի քիչ համապատասխաներ գեղեցիկ հագուստներին ու զարդերին:

Երեքշաբթի

Այս օրերին ուղեղս զարմանալիորեն չի տեսնում ոչ մեկին: Ես ոչինչ չեմ մտածում, ոչ մեկին մտքումս չեմ ծաղրում և անուններ չեմ կպցնում: Առաջին ժամը գրականություն է… Ես միայն լսում եմ ականջակալներումս հնչող երաժշտությունը: Ուղեղս անջատված է և մտածում է միայն չուշանալու մասին: Առաջին ժամը գրականություն է…

Չորեքշաբթի

Սևազգեստ արարածը իր տեղում է: Չեմ ուշացել: Գրետելը այսօր բացակայում է, բայց Հենզելը տեղում է: Օ~, հրաշք, վերջում ազատ տեղ կա: Ես շտապեցի այնտեղ և նստեցի 57-ի ուղևորներից իմ ամենասիրելիի կողքը: Ես նրան անվանում եմ «լավ կին», նա շատ բարի դեմք ունի և միշտ վերցնում է պայուսակս, երբ ես կանգնած եմ լինում: Առաջին շրջադարձից հետո 57 է բարձրանում արքայական տոհմից սերող երիտասարդ մայրիկը`իր բացարձակապես ոչ մի բան չարտահայտող և չհասկացող դեմքի արտահայտությամբ երեխայի հետ: Ես նրանց անվանում եմ «Ձերդ մեծությունն իր կարտոֆիլի հետ»: Վեհ և վսեմ այս թագուհին ինչ-որ հրաշքով հայտնվել է մեր օրերում, և մենք բոլորս մոռացել ենք, որ նա մեր թագուհին է և բոլորս պարտք ենք նրան: Անգամ չենք խոնարհվում, պատկերացնո՞ւմ եք: Ես մեկ-մեկ խղճում եմ նրա «կարտոֆիլին»: Երևի հետագայում բանակ էլ մայրիկի ձեռքը պիտի բռնած գնա: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի արքայական այս ընտանիքը, եթե թագուհին ամեն անգամ կռիվ չփնտրեր: Նա մի անգամ կարողացել է կռվել անգամ 57-ի ամենահանդուրժող և դինջ ուղևորի` այսինքն ինձ հետ: Ինձ թվում է մեր ամբողջ 57-ի անձնակազմը վարորդի հետ միասին ատում է նրան: Ահա և երկրորդ շրջադարձը: Ես այստեղ աչքերով փնտրում եմ ընկերուհուս, բայց նա, իհարկե, ինձնից շուտ է դուրս եկել: Այս կանգառում երթուղային է բարձրանում «Божий одуванчик»-ը: Նա շատ բարի և միամիտ  դեմքով կին է և միշտ «անտիկվար» վերարկուներ է հագնում: Ես ուզում եմ նրան զիջել տեղս, բայց չեմ զիջում, որովհետև մի անգամ, երբ կանգնեցի, խեղճ կինը մինչև հասկացավ, որ իրեն տեղս եմ զիջում, այնտեղ նստեց «թագուհին»: Ես, իհարկե, այրվում էի կոշիկիս համարը նրա դեմքին տպելու ցանկությունից, բայց զսպեցի ինձ, որովհետև գիտեի, որ մյուս կանգառում իջնելու է: Այս կանգառում նա մարտնչում է իր հեռախոսի հետ և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ սենսորային հեռախոսը ձեռնոցով չի աշխատում: Մյուս կանգառն իմ ամենասիրելին է: Այստեղ մենք ազատվում ենք թագուհուց և արքայական կարտոֆիլից: Երթուղային է բարձրանում մեկ այլ հրաշք` իմ «սիրելի» «հուրի-փերին»: Նա իր գոտկատեղից ներքև ձգվող շագանակագույնի ոչ այնքան հաճելի երանգ ունեցող մազերը կամ շատ հարթեցնում է, կամ ալիքաձև դարձնում, բայց երբեք չի հավաքում: Նրան միշտ տեղ են տալիս, երևի վախենում են, որ կանգնած մնալով գլուխը հանկարծակի արագ կթեքի և իր մազերով խեղդամահ կանի միանգամից մի քանի հոգու: Նա իր անիմաստ ժպիտով նստում և նայում է բոլորին:

Հինգշաբթի

Օ~, ոչ… Սևազգեստ ավետաբերս տեղում չէ: Ես բաց եմ թողել անց տասի 57-ը: Այսօր չեմ տեսնի իմ «սիրելիներին»: Ինչպես ապրեմ այսօր: Բայց Հենզելն ու Գրետելը հաստատ 57-ում կլինեն: Մենք ինչ-ոչ հրաշքով նույն օրերին ենք շուտ դուրս գալիս, կամ ուշանում: Ճակատագիր է, չես փախչի:

Ուրբաթ

Սևը տեղում է: Ինչ լավ է, չեմ ուշացել, թե չէ կարոտին չէի դիմանա: Այո~, վերջապես նա եկավ, ինչպե~ս էի կարոտել: Արքայական բանջարեղենի իջնելու կանգառում բարձրանում է մի նիհարիկ աղջիկ: Նա միշտ սև է հագնվում և շատ էլեգնատ գլխարկներ է դնում: Ու շատ հաճելի և դրական աղջիկ է: Եթե անկեղծ, ես նրան շատ եմ սիրում:

Օ~, ոչ… Կանգառն անցանք, իսկ Հուրի-Փերին չեկավ… Իսկ ես արդեն ուզում էի հաճոյախոսել նրան իր չքնաղ վարսերի համար: Հաջորդ կանգառում մեզ է միանում իմ սիրելիների շարքից ևս մեկը: Նա բարի տղամարդ է և միշտ տեղ է տալիս բոլոր կանանց և աղջիկներին: Սիրում եմ նրան, թող որ բոլոր տղամարդիկ այդպիսին լինեն: Գոնե 57-ում:

Մյուս կանգառում կանգնած չի կողմնորոշվում մեր դպրոցից մի աղջիկ: Նրան այնքան եմ նմանեցնում ինձ: Երբ բարձրանում է, կամ դուռը չի փակվում, կամ պայուսակն է ընկնում, կամ վարորդը արագ թափ է առնում, և նա ընկնում է: Բայց հիմնականում կանգառում կանգնած մի քայլ առաջ մի քայլ հետ պարում է. չի կարողանում որոշել` գա, թե սպասի 12 ավտոբուսին: Նա չեկավ: Գնացինք առաջ: Քանի որ իմ դպրոցից քիչ հեռու 57-ի վերջին կանգառն է, հետագայում այլևս շատ մարդ չի բարձրանում:

Ես գնահատում եմ շանսերս: «Էն աղջիկը չեկավ, «Առյուծիկը» չկա…»: Ուրեմն հնարավոր է իմ ասելով վարորդը չկանգնի: Քիչ էր մնում մոռանայի, «Առյուծիկը» մեր դպրոցում է աշխատում, երևի ուսուցչուհի է, չգիտեմ: Մեր դպրոցը շատ մեծ է, և հնարավոր է շատերին չճանաչել: Նրա մազերը հետաքրքիր ձևով ցցվում են և հենց առյուծի մորթու գույն ունեն, դրա համար էլ ես նրան «Առյուծիկ» եմ ասում:

-Կանգառում կկանգնեք,- պահանջում եմ ես:

-«Սիթիի» մոտ կկանգնես,- հետևից հրամայում է տղամարդու ձայն:

Եվ, քանի որ «Երևան Սիթի» սուպերմարկետը կանգառից վերև է, վարորդը չի կանգնում, և ստիպված ես էլ եմ իջնում «Սիթիի» մոտ և ոտքով գնում դասի: Դե, իսկ ճանապարհին մտքումս բողոքում եմ վարորդներից, 57-երից, «Սիթին» կառուցողներից, ընդհանրապես ավագ դպրոցներից և ամբողջ-ամբողջ աշխարհից:

Սեւ ու սպիտակ օրս

Էլի նույն երգը։ Էլի էս աղջիկը վեր կացավ անկողնուց ու գժի նման սկսեց այս ու այն կողմ գնալ։ Տեսնես հիմա ի՞նչ է փնտրում։ Յա, կամաց, աղջիկ ջան, գրքերը գլխիս ես թափում։ Էլ ո՞ւր ես շոյում, մեկ ա, արդեն ցավացել է։

Վերջապես արթնացավ իմ նկատմամբ ամենաուշադիր մարդը։ Շուտով թարմ նախաճաշ ու ջուր կունենամ։ Վայ, ինչ լավ է, այս անգամ ճաշս այնքան տաք չի, որ չկարողանամ ուտել։ Համով ճաշից հետո սառը ջուրը շատ հաճելի է։ Էս աղջիկը ամեն օրվա պես այսօր էլ գնաց կանգնեց այն դռան առաջ, որի մյուս կողմում ինձանից մի հատ էլ կա։ Հենց ես այդ դռան առաջ կանգնած հաչում, դռան մյուս կողմինն էլ է ինձ հետ հավասար հաչում։ Ֆու, էս հոտից ինչքան կարելի է փռշտալ, քիչ օգտագործի, էլի, վայ։ Գոնե այս անգամ հասցնի ինձ դուրս տանի, թե չէ հոգնել եմ մենակս բակում շրջելուց։ Չէ, այս անգամ էլ առավոտյան դուրս չեկա, երևի էլի ուշանում էր այնտեղից, ուր շտապում էր։ Էլի տանը գրեթե մենակ մնացի, չկա էնպիսի մեկը, ում հետ հիմա կկարողանամ խաղալ, ում կկարողանամ գժվեցնել կամ հաց ուտելը խանգարել։ Դե որ մենակ եմ, ես էլ կգնամ ու իմ փափուկ աթոռին կպառկեմ։ Վեց ժամ էլ չկա, ինչ պառկել եմ, հիմա էլ սկսվեց մի նոր աղմուկ։ Այս անգամ այնտեղից, որտեղից ինձ ճաշ են տալիս, ու որտեղ իմ ամաններն են։ Այս աղմուկից արդեն զգում եմ, որ ընկերներիս գալու ժամանակն է։ Մեկ էլ հանկարծ այդ նույն ծլնգոցը։ Դե արի տեղիցդ վեր կաց ու առաջինը հասիր դռան մոտ: Չնայած դա էլ իմ պարտականությունն է։ Ահա և եկավ իմ խաղի ընկերը։ Մենք միշտ իրար հետ թավալ ենք գալիս գետնին կամ խաղում ենք գնդակով, բայց տանը։ Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ դիմավորեցի ընկերոջս ու էլի գնացի պառկեցի իմ տեղը։ Հազիվ էի տեղավորվել ու տաքացրել տեղս, երբ հնչեց երկրորդ ծլնգոցը։ Էլի ես անցա իմ պարտականությանը։ Վեր կացա տեղիցս, գնացի դռան մոտ, շարժեցի պոչիկս այնքան, մինչև եկավ ամենահոգատար մարդն ու բացեց դուռը։ Հիմա էլ եկավ իմ զբոսանքի ընկերը։ Միայն նա է ինձ հետ զբոսանքի համար տրամադրում այնքան ժամանակ, որքան ես եմ ուզում։ Նա կարող է ժամերով կանգնել այնտեղ, որտեղ ես հոտոտում եմ, թավալ եմ գալիս։ Իսկ երբ ցուրտ է լինում միայն նա է ինձ գրկած տուն բերում, չնայած, որ ես իրեն կեղտոտում եմ։

Հիմա բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ, որ ընթրեն։ Տեսնես, որ ընթրեն, մեկը կլինի, ով ինձ դուրս կտանի։ Երբ նրանք ընթրում են, ես էլ սովորաբար իմ ճաշիկն եմ ուտում։ Ընթրիքը ավարտելուց հետո հնչեց ինձ համար սպասված բառակապակցությունը.

-Լաքի, դու՛րս։

Այս լսելուց հետո ես միանգամից հասնում եմ դռան մոտ, շարժում պոչիկս ու սպասում, թե երբ ինձ կկապեն ու կտանեն դուրս։ Կապելուց հետո ես իմ զբոսանքի ընկերոջ հետ գնում եմ զբոսնելու։ Զբոսանքից հետո շատ ծարաված եմ լինում, տուն մտնելուն պես ջուր եմ խմում ու սպասում եմ, տեսնեմ, թե ով է առաջինն անկողին մտնում, որ ես Էլ գնամ ու իր կողքին տեղավորվեմ։ Իմ գիշերվա քնի տեղը շատ փոփոխական է։ Քնում եմ այնտեղ, որտեղ շատ տաք ու փափուկ է ինձ այդ պահին թվում։

Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի անդամներին, չնայած ամենքին յուրովի, ինչպես, որ իրենք են ինձ սիրում։

Մանկության հեքիաթի նման

Արդեն մի ամիս էր, ինչ մամայի հետ քննարկում էինք նվերների հարցը.

-Տե՛ս, Վահրամն ինչ ա ուզում, նամակ գրեք:

-Ես գիրք եմ ուզում՝ նոտաների ու ոչ միայն:

-Մանեին ի՞նչ առնեմ, որ դուրը գա:

-Նարեին խաղալիք առ:

Դեկտեմբերի սկզբից մաման սկսել էր ցուցակ կազմել, որի մեջ առանձնահատուկ տեղ էին գրավում մեր նվերները, նախ՝ Ձմեռ պապինը, հետո՝ իր կողմիցը: Վահրամը փոքր եղբայրս է, ինը տարեկան, ամբողջ սրտով հավատում է Ձմեռ պապին, և երբ ինչ-որ մեկը ասում է, թե Ձմեռ պապ չկա, նա սկսում է վիճել և հակառակը պնդել:

-Ախր սենց ինչքա՞ն, արդեն մեծ ա, մի օր պիտի՞ իմանա, թե՞ չէ:

-Ինչքան ուշ իմանա, էդքան լավ: Հենց իմացավ, մանկությունը կվերջանա:

-Էս վերջին տարին ա, դե, կտեսնես:

Մաման ամեն օր մի նվեր էր տուն բերում, իսկ ես զբաղեցնում էի եղբորս, որ չտեսներ մամայի ներս մտնելը, որ շարունակեր հավատալ, որ շարունակեր երեխա մնալ:

-Միամիտ ա, իսկական միամիտ:

-Է՜, մա՛մ:

Մի հարմար օր, երբ եղբայրս տանը չի լինում, նվերները զգուշությամբ տալիս ենք մեր բարի հարևանին, ում շնորհիվ ամեն տարի եղբայրս չի հասցնում Ձմեռ պապին տեսնել: Դա ծանոթ ցանկություն է, մի տարի, երբ դեռ երեխա էի, Ամանորի գիշերը բացել էի դրսի դուռը, կանգնել մուտքի մոտ ու սպասում էի Ձմեռ պապին: Նա այդպես էլ չեկավ, մինչև դուռը չփակեցի: Ես տարիներ հետո հասկացա, որ նրան միշտ էլ տեսել եմ: Մի օր եղբայրս էլ կհասկանա:

Այս տարի Ամանորը տատիկենցս տանը դիմավորեցինք՝ մեր մեծ ու լավ ընտանիքով, և ինչպես մեր հին Ամանորները, այս գիշերն էլ նմանվեց իսկական հեքիաթի:

-Արագացրեք, արդեն նախագահն ա խոսում:

-Էս որ սենց թողնեմ, կվառվի:

-Անջատի՛:

Արդեն տասներկուսն էր, բոլորս շնորհավորում էինք իրար, մեկ էլ դուռը թակեցին: Փոքրերը միանգամից վազեցին դուռը բացելու, մի անգամ էլ զարմացան, թե Ձմեռ պապը ոնց է այդքան արագ փախչում, և իրենց նվերները վերցնելով՝ եկան ներս: Տոպրակների մեջ ես միանգամից ճանաչեցի իմը, վերցրի և մի կողմ քաշվեցի: Սկսեցի հետևել փոքրերին, ովքեր անսահման երջանիկ ուսումնասիրում էին իրենց նվերները և հրճվում: Ես էլ բացեցի իմ տոպրակը, սկսեցի նայել նվերներս, իբր առաջին անգամ էի տեսնում:

-Միլե՞ն, քո Ձմեռ պապը ոնց որ գրադարանում ա աշխատում, հա՞,- ասում է հորաքույրս, որովհետև նվերներս հիմնականում գրքեր էին:

Տանը աղմուկ էր, բայց հաճելի, ինչը ինձ հիշեցրեց իմ մանկության մաքուր ու անկեղծ Ամանորները, երբ էլի Ձմեռ պապ կար, երբ էլի այսքանով էինք ու մի քիչ ավել, երբ էլի աղմուկ էր ու էլի հաճելի…

-Միլենը հուզվել ա՞:

-Վա՜յ, հա:

-Հլը ճիշտն ասա՝ ինչի՞ էր լացում:

-Ուղղակի շատ էր ջերմ:

-Ի՞նչը:

-Ամեն ինչը…

Ապագան գնահատող երիտասարդներին

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Կարծում եմ շատ երիտասարդներ են մտահոգվում բարձրագույն կրթություն ստանալու մասին, ինչն այնքան էլ հեշտ չէ, և անհրաժեշտ է հաղթահարել մի շարք խնդիրներ: Ինքս կանգնած եմ նման խնդրի առաջ և ուզում եմ խոսել այդ մասին:

Հայաստանում երիտասարդների մեծամասնությունը խնդիր ունի բուհ ընդունվելու և սովորելու: Նախ, աշակերտը դպրոցում չի ստանում գիտելիքի այնպիսի պաշար, որով հնարավոր կլիներ ընդունվել բուհ և սովորել անվճար: Այստեղ առաջ է քաշվում մասնավոր պարապելու խնդիրը, ինչի հնարավորությունը ոչ բոլոր ընտանիքներն ունեն: Ըստ իս, սա ամենահիմնական պատճառն է,որի արդյունքում երիտասարդները մասնագիտություն ձեռք չեն բերում:

Բացի այդ, կան այլ բազմաթիվ հարցեր, որոնք ուզում եմ բարձրացնել: Այդպիսիք են, օրինակ, անվճար տեղերի քիչ քանակը, որը նույնպես կրճատում է անվճար սովորելու հավանականությունը: Անվճար սովորելու այլ եղանակներ էլ կան: Օրինակ, ուսանողական վարկերի տրամադրում երիտասարդներին: Սա ողջունելի քայլ է մեր երկրում, սակայն չի համապատասխանում մերօրյա իրականությանը: Շատերն այսօր իրենց մասնագիտությամբ չեն աշխատում,այս դեպքում արդեն խնդիր է առաջանում` ինչպես վճարել վարկը արդեն բուհն ավարտած երիտասարդին:

Այս և այլ խնդիրներն էլ ավելի են բարդացնում և անհասանելի են դարձնում բարձրագույն կրթությունը, երբ խոսքը վերաբերվում է գյուղաբնակ երիտասարդներին: Գյուղում ապրող երիտասարդը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով պետք է տեղափոխվի մայրաքաղաք: Այս դեպքում վերը նշված խնդիրներին գումարվում են նորերը: Նախ, հանրակացարանների բացակայության պատճառով ծնողները պետք է վարձեն բնակարան: Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդը չի կարող վարձել բնակարան, որովհետև չունի կայուն եկամուտ:

Մի խոսքով, ՀՀ կրթական համակարգը շատ է սահմանափակում աշակերտի, դիմորդի և ուսանողի հնարավորություններն ինքնուրույն կայանալու համար:

Կոչ եմ անում բոլոր հասակակիցներիս մտածել այս և այլ խնդիրների մասին և հանդես գալ դրանց լուծման մասին առաջարկություններով: 

Այնտեղ` սահմանին

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Հունվարյան ցրտաշունչ գիշերներից մեկն էր: Բայց լուսնի արծաթափայլ լույսը քողարկում էր մթության սարսափելի տեսքը:

Խրամատում կանգնած գրեթե միայնակ զինվորը լսեց ձայներ, որոնք երբեք չէր լսել գիշերվա այդ ժամին:

Կրկին թշնամու ոտնձգություն ….

Զինվորն իր մեջ ուժ գտավ՝ ուժ գտավ պայքարելու, մեն-մենակ դուրս գալու մինչև ատամները զինված թշնամու դեմ: Դա հայրենիքի, ազգի ու իր ծնողների հանդեպ տածած մեծ սերն էր, որ մարտի կանչեց նրան կռվելու և հաղթելու: Նա կռվեց արիությամբ, և նրան չխանգարեցին նույնիսկ կարկուտի նման թափվող գնդակներն ու ականները և ոչ մի վարկյան ցած չդրեց զենքն ու չհանձնվեց: Այդպես հասկացրեց  թշնամուն, որ ինչքան էլ խլացուցիչ լինի ականների պայթյունը, ինքը հայ է, և հայի ուսադիրը երբեք չի իջնելու իր ուսերից: Մինչև կյանքի վերջը կռվեց քաջաբար և հասկացրեց թշնամուն, որ ուժը պետք է հոգուց բխի և ոչ թե զենքի փողից դուրս գա: Զինվորը զոհվեց հանուն հայրենիքի, հանուն այն սիրո, որ տածում էր իր ծնողների հանդեպ: Նրա վերջին բառը, երբեք չեմ մոռանա «դիպավ»: Դա այն դաժան գնդակն էր, որը մարեց այդ քաջ զինվորի կյանքը, բայց երբեք չի կարող մարել այն անմար կրակը, որ վառվում է մեր սրտերում այդ հերոսի համար:

Թող նրա գործած սխրանքն ու քաջությունն , օրինակ ծառայեն ապագա զինվորներին , որպեսզի միշտ անառիկ պահեն իրենց երկրի սահմանները: