Իմ կրթօջախը

Ես սովորում եմ Էջմիածնի պետական քոլեջում բանկային գործ մասնագիտությամբ: Քոլեջում կա մոտ 600 ուսանող: Սկզբում ես չէի ուզում գնալ այնտեղ և նույնիսկ լացելով էի գնում, որովհետև տանել չէի կարողանում այդ քոլեջը, ուսանողներին էլ չէի սիրում: Բայց հետո սկսեցի հարմարվել և հիմա նույնիսկ սիրում եմ իմ կրթօջախը: Մեր դպրոցում շատ լավ են սովորեցնում, և դասախոսներն էլ տիրապետում են իրենց մասնագիտությանը: Հիմա արդեն ավարտական կուրսում եմ: Մեր կուրս քչերն են եկել սովորելու համար. մի մասը եկել է ժամանակ անցկացնելու, մյուսները` դիպլոմ ունենալու, և միայն մի մասն է ուզում լավ մասնագետ դառնալ: Բոլորն էլ ցանկանում են շարունակել կրթությունը բուհում (շատերի համար դա հեղինակության հարց է), իսկ ես ցանկանում եմ լավ մասնագետ դառնալ:

Կարմրի և դեղինի խառնուրդ

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Շուրջս այլևս կանաչ չէր, ինչպես որ ամիսներ առաջ, սակայն այն ստացել էր ավելի գեղեցիկ երանգավորում: Կարմիր էր, չէ, դեղին, դա էլ չէր, բա , այդ դեպքում… Այն ուներ կարմրի և դեղինի խառնուրդի նուրբ երանգ: Ծառերից պոկված արդեն ծեր ու ցամաքած տերևները փշուր-փշուր են լինում, երբ մարդիկ կոխոտում են առանց հասկանալու, որ ցավ են պատճառում, որ նրանք նույնպես շնչելու և աճելու ունակություն ունեն: Բայց… Ավաղ…Նրանք չունեն խոսելու և իրենց հույզերն արտահայտելու ունակություն, և իրենց կոկորդը խեղդող վիշտը մնում է հենց այնտեղ: Նրանք էլ մեզ պես մի կյանք են ապրում, և պատկերացնում եք, որ մեզ հետ վարվեին այնպես, ինչպես տերևների հետ ենք վարվում՝ճզմեին ու անցնեին, աղբը լցնեին մեզ վրա, որպես գերեզմանահող:

Աշուն, այն գեղեցիկ եղանակներից մեկը, որը իմ սրտում թողել է գեղեցիկ, գունագեղ հրաշալի և ամենա-ամենա տպավորություն: Սիրում եմ աշունը իր թե՛լավ, և թե՛ վատ կողմերով: Այն ինձ համար հանդիսանում է կատարյալ, և չեմ կարծում, որ ունի բացասական կողմեր: Թեպետ մարդիկ աշնան փոփոխական բնույթը չեն սիրում, բայց հենց ինքը՝ աշունը, այդպես է գեղեցիկ: Իր անձրևային եղանակները ստիպում են մարդկանց մնալ տանը և տանից դուրս գալ միայն շատ կարևոր գործերի դեպքում:

Մի անձրևային առավոտ արթնացա և շատ էի տխրել, որ անձրև է, և չեմ կարող տանից դուրս գալ: Մտածեցի այսօր օրս դարձնեմ տնային: Վերցրի մի բաժակ տաք թեյ, ծածկոց և գիրք, կուչ եկա տան մի անկյունում և բացեցի գրքի առաջին էջը: Սկզբում անհետաքրքիր էր: Սակայն կամաց-կամաց գիրքն ինձ գրավեց, և ես սկսեցի կլանված կարդալ, կարդալ… Հանկարծ զգացի, որ այլևս չեմ կարողանում կարդալ , աչքերս փակվում են, և ես միանգամից փակեցի գիրքն ու գնացի քնելու: Դեռևս կարդում եմ այդ գիրքը և չեմ վերջացրել:

Աշնանային տրամադրությունը միանգամից փոխվեց մի պատմության, որը կատարվել էր ինձ հետ մի որոշ ժամանակ առաջ:

Աշունը քեզ տրամադրում է այնպես, որ թեկուզ լինի մռայլ ու թախծոտ եղանակ, միևնույն է, մնում ես երջանիկ:

Անընդհատ շարժում

Կյանք… Մահ` «կյանքի ժամացույցի սլաքի» մեկ պտույտ:

Իրարից տարբեր, բայց միևնույն պահին իրար հետ կապված բառեր:

Ոմանք մահը հասկանում են որպես կյանքի իմաստ, ոմանք` անարդարություն: Բայց հայտնի է մի պարզ ճշմարտություն, որ մարդ ծնվելու պահից քայլ առ քայլ մոտենում է մահին:

Ես… Ես, մահը…

Գիտեք, ես հինգ տարեկան էի, երբ պապիկս մահացավ: Այն ժամանակ ես այնքան էլ շատ բան չէի հասկանում: Պապիկիս հետ կապված հիշողությունները նման են փչացած կամ վնասված սկավառակի: Երբ ուզում եմ դիտել, աղավաղվում է ու կանգ առնում: Պապիկիցս մահվանից հետո ասես դժբախտությունները սկսեցին մեզ հետապնդել:

Հինգ տարի անց մահացավ հորաքույրս: 2012 թվականին մահացավ տատիկս, իսկ երեք շաբաթ առաջ` հորեղբայրս:

Ես միշտ մտածել եմ, որ կյանքում յուրաքանչյուր ոք ունի իր դերը: Մարդիկ ծնվում են, որ ինչ-որ բան ավելացնեն, իրենց ներդրումն ունենան կյանքի անիվը շարժման մեջ պահելու մեջ, որը հավերժ կգործի:

Առատ տեղումներ տերևի տեսքով

Երևի չսկսեի անընդհատ կյանքի իմաստի ու երջանկության մասին մտածել, եթե չլիներ երեքշաբթի օրերը, կամ ավելի ճիշտ երեքշաբթի առաջին ժամ դասավանդվող «Փիլիսոփայություն» առարկան: Այդ ժամը կարելի է անվանել սթափեցնող կամ կատալիզատոր-ժամեր. երբ կողքից նայում ու քննում ես, թե ո՞վ ես դու, ի՞նչ ես անում կամ կլինի իմանալ՝ ճի՞շտ է, երբ մենք գլխավոր նպատակին հասնելու համար զոհում ենք ժամանակ կամ չենք նկատում մեր կողքին կատարվող գեղեցիկ երևույթները:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

-Ի՞նձ  էիր սպասում, թե՞ երթուղայինին:
-Երկուսիդ էլ, բայց դու շուտ եկար:
Մեր դասարանի Արամն էր, սկսեցինք միասին քայլել:
-Ծակող արևով ձմեռ է:
-Առանց արև:
-Վայքում ձյունն արդեն մոռացել է իր բուն նպատակը:
-Երեխաների մոտ ձյունը արդեն ասոցացվելու է ձնախառն ինչ-որ մասսայի հետ: Աղետ է:
-Աղետը երեկ գիշերն էր: -2 աստիճան է եղել աշուն օրով:
Պատասխանելու ժամանակ էլ չեղավ, քանի որ մենք տեսանք գիշեր տերևի տեսքով տեղի ունեցած տեղումները: Վայքում իմ ամենասիրած երևույթը ծառուղիներն են, որոնք աշնանը սկսում են տարբեր գույներով իրենց պրոեկցիան կառուցել խախուտ մայթերի վրա: Եվ քանի որ գիշերը ցուրտ է եղել, բոլոր տերևները և´ կանաչ, և´ դեղին ամբողջովին թափվել էին մայթերին: Մենք էլ երեխայի պես սկսեցինք քայլել տերևների միջով և կույտեր անել: Կային տեղեր, որտեղ «տեղումների բարձրությունը» մինչև ծնկներս էին հասնում: Ծիծաղելով մեր երեխայության վրա՝ քայլում էինք:
-Ժամը քանի՞սն է:
-9:04:
-Ուշացել ենք:
-Բան չկա:
-Էսօր ի՞նչ է:
-Երեքշաբթի, հաշվարկդ էլ ես մոռացել:
-Ընկեր Թադևոսյանն է, չի ջղայնանա:
Մի պահ պատկերացրի, որ այդ տերևները մի կույտի մեջ հավաքեին. դասերից ոչ թե կուշանայի, այլ ընդհանրապես չէի գնա:
-Կներեք , կարելի՞ է նստել:
-Ինչո՞ւ եք ուշանում:
-Խաղում էինք:
-Նստե՜ք, նստե՜ք:
-…Երջանկության սահմանը յուրաքանչյուր ոք ինքն է տալիս, մարդ կա ուրախանում է փողոցում գտած 10 դրամանոցի, մյուսը տխրում միլիոններ չգտնելու համար,- շարունակեց ընկեր Թադևոսյանը,- օրինակ՝ ի՞նչ է պետք քեզ երջանկության համար, Լուսինե´:
Սովորաբար առաջին հարցը ուշացողներին էր բաժին ընկնում:
-Առատ տեղումներ տերևի տեսքով:
Ինչ լավ է Արամը երթուղայինից շուտ եկավ:
Երեկոները ստիպված ուշ եմ վերադառնում տուն: Դե, պարապմունքների պատճառով: Երթուղայինը չի աշխատում, ինձ տուն են հասցնում ականջակալներս ու լավ երաժշտությունը: Փողոցներում մարդ չի լինում այդ ժամին: Երեքշաբթի օրերն էլ բացառություններ չեն, բայց մարդիկ հասցրել էին կույտել տերևները: Ամենամեծ կույտը իմ հասակից մի քիչ էր ցածր: Թե ինչ արեցի` ես գիտեմ, բայց տուն վերադարձա  մազերիս միջից տերևներ մաքրելով:

Այս դարի մարդ չեմ

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

-Էսօր իմ էջը կմտնես ու կտեսնես, թե քանի ընկեր ունեմ: Ծանոթ-անծանոթ կապ չունի, խոսում ենք ամբողջ օրը, ոչ թե քո նման,- ասում էր դասընկերուհիս:

-Հետաքրքիր է, ի՞նչ եք գտել դրա մեջ: Ամբողջ օրը նստած եք համակարգչի առաջ ու խոսում եք, չե՞ք ձանձրանում: Ավելի լավ չի՞ դրա փոխարեն իրական կյանքում փորձես էդքան ընկեր ունենալ և ոչ թե վիրտուալ: Համաձայն եմ, ինտերնետը շատ լավ բան է նրա համար, որ հնարավորություն ունես շփվել արտերկրում ապրող հարազատներիդ ու ընկերներիդ հետ կամ կարող ես ստանալ ցանկացած քեզ հետաքրքրող տեղեկություն…,- ինձնից գոհ պատասխանում էի ես:

-Ու~ֆ հերիք ա, հա՞,- ընդհատեց նա,- մեկ ա, բան չես հասկանա մինչև ինքդ չփորձես: Ոնց որ էս դարից չլինես:

Լեզվակռիվը կշարունակվեր, թե մեր ճանապարհները չբաժանվեին:

Ի՞նչ է նշանակում՝ էս դարից չես: Չեմ հասկանում, էս դարից լինել կամ չլինելը որոշվում է նրանով,  թե քանի ընկեր ունես վիրտուալ կյանքում կամ կաս ինտերնետում թե ո՞չ: Չէ, ես պառավ տատիկ չեմ, որ ամեն ինչից բողոքում եմ, ուղղակի ինձ համար ավելի հետաքրքիր է ինտերնետով հետևել լուրերին և փնտրել ինձ հետաքրքրող տեղեկությունը… Այսպես ինքս ինձ համոզելով ու կռվելով հասա տուն: Առանց անգամ վերարկուս հանելու բացեցի դասընկերուհուս ֆեյսբուքի էջն ու…

-Ի՞նչ, 500 ընկե՞ր,- զարմանքից գոռացի ես,- ախր, նրա հետ միայն ես եմ ընկերություն անում:

-Ի՞նչ եղավ,- սրտապատառ հարցրեց մայրս:

-Հեչ, մամ, ուղղակի աղջիկդ էս դարի մարդ չի,- ծիծաղելով պատասխանեցի ես ու վերարկուս հանելով վազեցի հաց ուտելու:

Լույսեր, հույսեր, երազներ…

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

Գիշեր է…

Աստղալից ու լուսավառ…

Նստած եմ լուսամուտի մոտ նայում եմ աստղերին: Երազում, մտածում պայծառ ու լուսավոր ապագայի մասին: Պայծառ ապագա, պայծառ աստղերի ընկերակցությամբ, ինչ լավ է հնչում, չէ:

Մեկ էլ ահա, աստղ ընկավ, պահեմ արագ երազանք պահեմ: Օ՜… հասցրեցի:

Փորձում էի էլի ընկնող աստղ տեսնել, բայց չտեսա: Ափսոս…

Փայլում են աստղերը հույսերիս պես: Փայլում են ու լուսավորում խամրած ու լույս չտեսած իմ երազանքները: Տխրեցի, բայց պետք չէ տխրել, աստղերը ինձնից կնեղանան ու կլքեն ինձ, լույս չեն տա հոգուս:

- Մանե, Մանե, այ Մանե:

Հանկարծ լսեցի քրոջս ձայնը:

- Ի՞նչ ես քեզ կոտորում: Լույսն անջատի, կորան, աստղերս կորան:

- Խելագարվել ես, ի՞նչ է:

Հնչեց խլացնող պատասխանը:

Աշուն

-Ինչ գեղեցիկ ծառ է, իսկ որտե՞ղ է գտնվում…Չեմ նկատել,-հաճախ նայելով նկարներին, հարցնում են մարդիկ,  ու ես այդ պահին մտածում եմ. «Հետաքրքիր է, չէ՞, դուք ամեն օր անցնում եք այդ ծառի կողքով և չեք նկատում դրա գեղեցկությունը, և միայն, երբ ինչ-որ մեկը նկարում է կամ ուշադրություն հրավիրում դրա վրա, հասկանում եք, որ գեղեցիկ է ձեր շրջապատը»:

Քայլում էի փողոցով: Դրսում շատ ցուրտ էր և մառախլապատ: Մարդիկ շտապելով ցանկանում էին շուտ հասնել տուն… Ախ, եթե նրանք բարձրացնեին իրենց հայացքները և տեսնեին` ինչ գեղեցիկ էր այդ պահին շուրջբոլորը: Ինչպես էր մշուշի միջից երևում եկեղեցու գեղեցիկ ստվերը: Ինչպես էին ջրի փոքրիկ կաթիլները խտանալով` ծածկել ամբողջ երկինքը, հրե արևից թողնելով միայն մի սպիտակ  փոքրիկ գունդ: Ինչպես էր այգում մեջ կանգնած մի գեղեցիկ ծառ, որն ի տարբերություն իր եղբայրների, դեռ պայքարում էր, և ոչ մի կերպ չէր ցանկանում տերևները քամուն տալ:

Հետաքրքիր է, որ մարդ կարող է շփվել մեկ ուրիշի հետ տասը տարի շարունակ և չիմանալ` ինչ գույն ունեն նրա աչքերը: Հետաքրքիր է, որ մարդիկ հաճախ նայում են, բայց չեն տեսնում…

Մեր պատմական ժամացույցը

-Այժմ ձեզ կբաժանեմ խմբերի, և ամեն խումբ կպատրաստի մեկական գովազդ,- ասաց մեր հասարակագիտության ուսուցչուհին: Լուրը շատերն ընդունեցին տրտնջալով, քանի որ չգիտեին ինչ գովազդել:

Ահա նստած ենք մեր խմբով, և մտածում ենք` ինչ կարելի է գովազդել:

-Ամեն ինչ կարելի է գովազդել, մենք պետք է ինչ-որ հետաքրքիր բան վերցնենք, որպեսզի տարբերվենք,- ասաց մեր խմբի Տաթևը։

-Ճիշտ է, ամեն ինչ… նույնիսկ… մեր անշուշա ժամացույցը,- ասացի ես, դեմքիս տալով այնպիսի արտահայտություն, ասես նոր մոլորակ եմ հայտնաբերել: Այո, մեր դասարանի ժամացույցը զրկվել է իր ապակուց մեր դասարանի Արգիշտիի շնորհիվ, որն էլ դարձավ մեր գովազդի թեման: Ահա մեր գովազդի նյութը.

«Անշուշա ժամացույց»

Տեսնո՞ւմ եք այս հրաշալի հնաոճ իրը… Այո, այո… Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, սա այն ժամացույցն է, որը ջարդվել է Մեծն Արգիշտիի կողմից:

Մ.թ. 2 օր առաջ: Առավոտ էր: Ճամբարակի ոչ այնքան լուսապայծառ առավոտներից մեկը: Այս ժամացույցը, որը գերբնական ուժերի ազդեցությամբ ազդարարում էր դասերի սկիզբը և ավետում դասերի ավարտը, ընդմիջման ժամանակ մի ահարկու հարվածով ավերվում է Արգիշտիի կողմից և զրկվում ապակուց:

Հոգ չէ, թե այն առանց ապակի է: Այն ձեզ հնարավորություն է տալիս առանց ավելորդ ջանք գործադրելու` ետ կամ առաջ տալ սլաքները…

Գնեք այս պատմական, գաղտնիքներով լի ժամացույցը, և դուք հնարավորություն կունենաք ձեր հյուրերի մոտ գլուխ գովել, որ այդ ժամացույցը կոտրվել է Արգիշտիի կողմից»:

Ստացվել էր շատ հետաքրքիր և զվարճալի, և ուսուցչուհին էլ գոհ մնաց: Այժմ ժամացույցը իր վայրկյանաչափից նույնպես զրկվել է, և դասարանում նրա տեղը գրավել է նոր` ապակով ժամացույց, բայց  մեր դասարանը դեռ աչքի լույսի պես պահում է այն ժամացույցը, պատմական ժամացույցը, Անշուշա Ժամացույցը:

Վերնաշեն

Ես ծնվել եմ քաղաք Եղեգնաձորում, բայց բնակվում եմ գյուղ Վերնաշենում: Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Վերնաշեն համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելյան հատվածում: Հեռավորությունը մարզկենտրենից հինգ կիլոմետր է: Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մետր է: Գյուղի նախկին անվանումը եղել է Սրկողովք: Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, գյուղի անվանումը ստացել է «վերին շեն» բառերից: Գյուղի բնակիչների նախնիները եղել են Սալմաստ գավառից: Այժմ գյուղն ունի 1329 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքներն են խաղողագործությունը, անասնապահությունը: Գյուղի տարածքը կազմում է 523 հա: Գյուղի տարածքով անցնում է Սրկղունք գետը: Համայնքի հյուսիսային մասում գտնվում են Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում` Թանադե վանքը, Արկազ Սբ. Խաչ վանքը: Համայնքում է գտնվում նաև Գլաձորի համալսարանը: Սպիտակավորում է հանգչում Գարեգին Նժդեհի աճյունը: Վերնաշենցիների անվանել են «մատերիալիստներ», քանի որ շատ են հետաքրքրվել ուրիշների կյանքով և շատ էին բողոքում ուրիշներից:

Պապիկները

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Երբ հինգ-վեց տարեկան էի, շատ էի վախենում ծեր պապիկներից, որովհետև երբ չարություն էի անում, միշտ ասում էին, որ Մեշոկ պապին կգա ու ինձ կտանի մի մութ սենյակ: Այդ արտահայտությունից հետո ես մտածում էի, որ բոլոր պապիկներն են այդքան դաժան: Մի օր բակում խաղում էի, մեկ էլ մի ծեր պապիկ մոտեցավ ինձ: Ես տեսնելով նրան, սկսեցի լացել ու վազել դեպի տուն: Մայրս վախեցած դուրս եկավ, և ես նրան գրկեցի ու ասացի, որ մի պապիկ ուզում էր ինձ ծեծել: Այդ պահին շենքի դռնից ներս մտավ այդ պապիկը և քայլեց դեպի մեր կողմ:

-Բալիկ ջան, ինչի՞ ես վախենում, ես ընդամենը ուզում էի հարցնել, թե որտեղ է ապրում Արթուրը:

Ես ներս փախա: Մայրս ու պապիկը զրուցում էին, իսկ ես դռան ետևից լսում էի:

-Հայրիկ ջան, ի՞նչ է Ձեզ պետք,- ասաց մայրիկս:

-Աղջիկս, տղաս ընկերոջը նամակ է ուղարկել բանակից, ես էլ բերել էի, որ տայի նամակատեր Արթուրին:

-Բարձրացեք հինգերորդ հարկ, այնտեղ է ապրում Արթուրը:

Լսելով խոսակցությունը, ես հասկացա, որ այդ մարդը բոլորովին էլ վտանգավոր չէ, ընդհակառակը, շատ բարի ու հաճելի պապիկ էր: Այդ պապիկին հանդիպելուց հետո ես սկսեցի սիրել ծերերին, որովհետև նրանք ինձ համար աշխարհում ամենաբարի մարդիկ են: