Եթե ինձ հարցնեն, թե որ ժամանակներում կուզեի ապրել, կպատասխանեի` այնքան հեռավոր, ինչքան հնարավոր է: Այն ժամանակներում, երբ չկար Ամերիկա, ուր մնաց թե` ամերիկյան երազանք: Երբ կար անգամ հայկական երազանք: Երբ Հայաստանում կառուցվող շենքերը սև էին, բայց ոսկի էին շնչում: Երբ չկային ինքնաթիռներ, ու ճանապարհները մեռնում էին գնացքների քաշի ճնշումից, ու երբ մյուս մայրցամաքներ կարելի էր միայն ճամփորդել նավով: Ու երբ մարդիկ սիրահարվում էին գնացքում, նավի վրա, նավահանգիստներում կամ հրուշակեղենի խանութի դիմաց, ոչ թե… Երբ երազանքը ազգություն չէր ճանաչում, ու Հայաստանը զարգանում էր: Երբ Երևանի շենքերի պատուհաններին ծաղիկներ էին աճեցնում, իսկ դռները փայտյա էին: Իսկ ինչի՞ց է բաղկացած այդքան բաղձալի ամերիկյան երազանքը: Իրականում այն անձի ազատություն է: Մեր ամեն ինչից բաղկացած, ազատությամբ փաթեթավորված հայկական երազանքը քանդեցինք, հիմա էլ…




-Ինչ գեղեցիկ ծառ է, իսկ որտե՞ղ է գտնվում…Չեմ նկատել,-հաճախ նայելով նկարներին, հարցնում են մարդիկ, ու ես այդ պահին մտածում եմ. «Հետաքրքիր է, չէ՞, դուք ամեն օր անցնում եք այդ ծառի կողքով և չեք նկատում դրա գեղեցկությունը, և միայն, երբ ինչ-որ մեկը նկարում է կամ ուշադրություն հրավիրում դրա վրա, հասկանում եք, որ գեղեցիկ է ձեր շրջապատը»:
Քայլում էի փողոցով: Դրսում շատ ցուրտ էր և մառախլապատ: Մարդիկ շտապելով ցանկանում էին շուտ հասնել տուն… Ախ, եթե նրանք բարձրացնեին իրենց հայացքները և տեսնեին` ինչ գեղեցիկ էր այդ պահին շուրջբոլորը: Ինչպես էր մշուշի միջից երևում եկեղեցու գեղեցիկ ստվերը: Ինչպես էին ջրի փոքրիկ կաթիլները խտանալով` ծածկել ամբողջ երկինքը, հրե արևից թողնելով միայն մի սպիտակ փոքրիկ գունդ: Ինչպես էր այգում մեջ կանգնած մի գեղեցիկ ծառ, որն ի տարբերություն իր եղբայրների, դեռ պայքարում էր, և ոչ մի կերպ չէր ցանկանում տերևները քամուն տալ:
-Այժմ ձեզ կբաժանեմ խմբերի, և ամեն խումբ կպատրաստի մեկական գովազդ,- ասաց մեր հասարակագիտության ուսուցչուհին: Լուրը շատերն ընդունեցին տրտնջալով, քանի որ չգիտեին ինչ գովազդել: