Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի ճոճանակին, ու հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են անրջային մտքեր: Վերջալույսի արևի վերջին ճառագայթները ծառերի տերևների միջով թափանցելով շոյում են դեմքս՝ կարծես օրհնելու իմ այդ խաղաղ թռիչքը: Ներքին մի մղումով հանկարծ զգացի, թե որքան օրհնված է երկիրս, թեկուզ իր այդ ժայռային կերպարանքի մեջ: Որքա՜ն բերկրանք կա արևի մեջ ու այդչափ խոստում՝ հողի: Ինչքա՜ն նպատակ ջրի և որքա՜ն խենթություն օդի մեջ: Ի՜նչ շնորհված եմ, որ հենց այստեղ եմ ծնվել՝ այս հողի վրա, և հիմա ընկղմված եմ այս ճոճանակի մեջ ու…
Ինձ մի պահ շոյված զգացի իմ այդ մտքերից, ու ձեռքս կողքիս սկսեց փնտրել գրիչս՝ պատմելու տատիցս լսած այն հին հեքիաթներից այդ օրհնված երկերում ապրող-ապրած այն պարզ, հասարակ մարդկանց ու նրանց խաղաղ, անվրդով կենցաղի մասին: Ամփոփման նման մի պահ ուղեղիս միջով անցավ օրս. հրաշալի էր, վաստակած, խաղաղ…խաղա՞ղ…
Մտորումներիս թելը հանկարծ կտրեց գնացքի վագոնների անվերջանալի վարգը. «Տգլին, տգլին, տգլին…», և տատիս հին-հին հեքիաթների մասին մտքերը աներևութացան արդի տպավորությունների քողի տակ, անրջայինը փոխվեց իրականի:
Երբ ես փոքր էի, այդ գնացքն էլի գնում էր, երբ մեծացա իմ մանկության «պու՜ չըք-չըք»-ը էլի անցնում էր մեր տան մոտով, երբ տխուր էի, էլի գնացքը գնում էր, երբ մեծացա, նա նորից կար: Երբ ես չկայի, ասում են՝ նա անցնում էր այստեղով: Հիմա ես կամ ու արդեն երկար տարիներ է, ինչ նրան ամեն օր՝ նույն ժամին, հավատարիմ կերպով դիմավորում եմ այս նույն ճոճանակին նստած: Եվ այդ գնացքները, որ միշտ գնում-գալիս են մեր տան մոտով, մի տեսակ այնքան հարազատ էին դարձել ինձ: Բայց վերջին ժամանակներս այդ գնացքները շատ հաճախ են սկսել անցնել այստեղով: Նույնիսկ գիշերները երբեմն վեր եմ թռչում գնացքների շչակների ձայներից ու հասկանում, որ էլի զենք են տեղափոխում: Եվ այն գնացքն էլ, որ մի քիչ առաջ անցել էր դիմացովս ու խռովել էությունս, նույնպես բեռնված էր տանկերով և այլ ռազմական տեխնիկայով: Հիմա, երբ այդ գնացքն ամեն անգամ անցնում է այստեղով, երակներիս մեջ մի պահ կանգ է առնում արյունս, որպես պատերազմի ցավը ժառանգած ու խաղաղության գինն իմացող ժողովրդի զավակ:
Մենք ասում ենք, թե ապրում ենք խաղաղ Հայաստանում: Ու մենք ասում ենք դա այն ժամանակ, երբ ցանկացած պահի միացնում ես հեռուստացույցը, լսում ես, որ էլի մի երիտասարդ զոհվեց սահմանին, որ նա ընկավ հերոսի մահով, բայց ի՞նչ կապ ունի: Նա երևի երազանքներ ուներ, չէ՞, քույր, եղբայր, ծնողներ, սիրելիներ, որոնց ոչ մի հետմահու տրված մեդալ երբեք չի մխիթարի: Հնարավոր է՝ նա այս երկրի ապագա մեծ գիտնականն էր կամ արվեստագետը, կամ էլ թեկուզ շարքային մեծ քաղաքացին: Միևնույնն է, նրա գոյությունը սովորական չէր կարող լինել այս երկրի համար: Բայց հիմա դա այլևս էական չէ, որովհետև նա այլևս չկա, որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ աչքեր հավերժ արցունքոտ կմնան, թեկուզ այն ժամանակ, երբ հեռուստացույցը էլ մահ չգուժի, որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են խաղաղության ու պատերազմի այս ոլորանում, ովքեր ամեն բացվող օրվա հետ գոյության կռվ են մղում, որովհետև դեռ կան շատ որովհետևներ…
Ես վախենում եմ այս տեսակ խաղաղությունից: Ավելին՝ ես մերժում եմ այսպիսի խաղաղությունը: Եվ սա ասում եմ այն հայի հոգու խորքից, ովքեր խաղաղության արժեքն իրենց ես-ի մեջ ժառանգած են ծնվում: Ու մենք բոլորս այդպիսին ենք ծնվում: Դա հայ տեսակի գենի հենքն է կազմում: Թշնամու այս տեսակ անսանձ լրբությունը ոտնձգություն է հենց այդ գենի նկատմամբ, ոչ թե զուտ զինադադարի խաղտում:
Հազարամյակների այս խաղաղ պատերազմներն արդեն որքան ժամանակ է հոգնեցուցիչ են դարձել: Թվում է՝ բնությունը ամեն ինչով օժտել է այս հողը, որ մարդիկ երջանիկ ապրեն ու արարեն, բայց այս երկիրն անընդհատ տնքում է պատերազմների մեջ: Բնավ հարկավոր չէ մեղքը միայն նախախնամության վրա գցել: Գուցե մենք ինքներս մեր մտածելակերպով, կենցաղով և արարքներո՞վ ենք հասել դրան: Հայրենիքի համար մահը միշտ ամենավեհ արժեքն է համարվել մեր մեջ, իսկ կյա՞նքը, ո՞ւր մնաց կյանքը… Ե՞րբ ենք մենք սկսելու ապրել հայրենիքի համար ապրելու, այլ ոչ թե մեռնելու համար: Ե՞րբ ենք մենք դադարելու տառապել գլոբալիզացիայով ու սկսելու մի քիչ ավելի ազգային մտածել: Մի ընկեր ունեինք. միշտ սարսափելի բարկանում էր, երբ տեսնում էր բրիտանական, ամերիկյան, կամ այլ երկրի դրոշներով հագուստ էինք կրում: Ասում էր. «Ոնց կարելի ա նման բան անել: Քանի հազար տարի ա մեր արժեքների պահպանման համար կռիվ ենք անում, ու դուք գնում եք ուրիշ երկիր եք գովազդում ձեր հագուստի վրա: Երբևէ տեսե՞լ եք ամերիկացիները Հայաստանի դրոշով շորեր հագնեն: Ձեր ախպերները կյանքի գնով սահման են պահում, իսկ դուք ասում եք, որ ձեր ամենասիրած երկիրը Իսպանիան ա, և ուզում եք թողնեք գնաք էս երկրից…»: Մենք ասում էինք նրան, որ իր հայրենասիրությունը երբեմն ազգայնամոլության է հասնում, իսկ ինքը պատասխանում էր. «Փոքր ազգերի համար, ինչպիսին մենք ենք, ազգայնամոլությունը կարևոր պայման ա: Մեր ազգայնամոլությունը երբեք չի կարա աշխարհում որևէ ազգի խանգարի կամ չարիք ստեղծի, բայց կարա մեր նման փոքր ազգերի համար ազգապահպանման հիմք դառնա, խոչընդոտի ձուլմանը»: Հիմա նոր եմ հասկանում ընկերոջս «ազգայնամոլությունը»: Այս և մյուս բոլոր պատերազմներն էլ իրականում մեր արժեքների դեմ են եղել, և գոնե այս խառը ժամանակներում մենք պիտի ավելի ևս փորձենք ազգային մտածել…
…Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի ճոճանակին, ու հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են անորոշ մտքեր: Վերջալույսի արևի ճառագայթները սկսել են ավելի թույլ ջերմացնել: Օդում քիչ-քիչ մարում է հեռացող գնացքի աղմուկը՝ իր հետ տանելով հայացքս դեպի այն վերջին կայարանը, որտեղից պիտի հետ գան գնացքները:
Հ.Գ. Գնացքները երևի միշտ կգնան ու կգան այստեղով: Այն ժամանակ, երբ ուրախ ես կամ տխուր, փոքր ես, թե՝ ծեր, ժամը 3-ն է, թե՝ 12-ը, հեքիաթում ես, թե՝ իրական կյանքում, միևնույնն է՝ գնացքները միշտ գնում են: Ժամանակի մեջ այդ հավերժ ընթացքն իրականում այնքան սովորական է թվում: Բայց կա մի բան, որ ժամանումն ավելի սպասված է դարձնում, թե ի՞նչ կբերեն իրենց հետ այս անգամ գնացքները. խաղաղություն, թե՞ ….



Իմ շրջապատի ամենահետաքրքիր մարդը իմ կիթառի ուսուցիչն է` ընկեր Մայիսը, կամ, ինչպես շատերն են անվանում, մաեստրո Մայիսը: Շատերն ասում են, որ լավ ուսուցիչը սովորեցնում է գտնել ճշմարտությունը: Իմ ուսուցիչը, ճիշտ է, ինձ այբուբենը չի սովորեցրել, բայց նրա ամեն դասը ինձ համար բացահայտել է ճշմարտությունը: Ընկեր Մայիսը բազմակողմանի զարգացած, ազնիվ ու խելացի երաժիշտ է: Շուրջ երկու տարի է, նա ինձ կիթառի դասեր է տալիս, ընկեր Մայիսը իմ լավ ընկերն ու խորհրդատուն է: Բացի կիթառի դասերից, նա նաև սինթեզի դասեր է տալիս և ունի շատ աշակերտներ: Մաեստրոն գրեթե իր բոլոր դասերին մեջբերումներ է անում հին ֆիլմերից: Նա շատ հաճախ ասում է Մհեր Մկրտչյանի խոսքերից. «Սովորեք, երեխաներ, արվեստ սովորեք»: Ընկեր Մայիսը կարողանում է նվագել և ջութակ, և կիթառ, և դաշնամուր: Արամայիս Հակոբյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում: Կապանում բոլորը ճանաչում, հարգում են ուսուցչիս և ասում են, որ նա մեծ անունով մարդ է:
Գարենը, Վարոսը, Գրիգորը` Գնդոն, հարազատ եղբայրներ են, իսկ Վահանը նրանց հորեղբոր տղան է: Դարբնությամբ զբաղվել են նրանց պապը և հայրը, գործը սովորել են նրանցից: Ճանաչված վարպետներ են ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ հանրապետությունում: Բացի նրանից, որ զբաղվում են Գյումրու կոլորիտային դարբնությամբ, իրենց կողմից շատ նորություններ են մտցնում իրենց գործում: Գարենը ավագ եղբայրն է: Նա, սովորելով այս գործը, միշտ աշխատել է դարբնոցում: Կրտսեր եղբայրը` Վարոսը, նույնպես աշխատել և աշխատում է դարբնոցում: Նրանց հորեղբոր որդին` Վահանը, բանակից վերադառնալով մեծերից սովորում է այդ արհեստը և սկսում է եղբայրների հետ աշխատել դարբնոցում: Ամենահետաքրքիրը Գրիգորի պատմությունն է: Փոքր հասակից զբաղվել է թեթև ատլետիկայով, սովորել է Գյումրու մանկավարժական համալսարանի Ֆիզկուլտուրայի և կենսաբանության բաժնում: Նա եղել է շատ լավ մարզիկ և ունեցել է բազում հաջողություններ, բայց նրանց ընտանեկան արհեստը ավելի հոգեհարազատ էր իրեն, և նա, սովորելով այդ գործը, դարձել է հմուտ և տաղանդավոր դարբին: Նրանց դարբնոցը հայտնի է «Երեք եղբայրների դարբնոց» անունով, նրանք մարդամոտ, ընկերասեր և անմիջական վարպետներ են: Հենց այդ պատճառով էլ բոլորը ճանաչում ու սիրում են նրանց:
Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել:
Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.
Ես ունեմ երկու փոքր արջուկներ, որոնք նվեր եմ ստացել, երբ դեռ շատ փոքր էի: Առաջին արջուկս նվեր եմ ստացել երկրորդ դասարանում: Ռուսաց լեզվի ավարտական միջոցառման ժամանակ մեզ բոլորիս նվիրեցին փոքրիկ արջուկներ: Դրանից հետո երկար ժամանակ մոռացել էի նրա մասին և անուշադրության էի մատնել, բայց մի անգամ պատահաբար գտա: Հետո որոշեցի նրան անուն դնել: Ցանկանում էի դնել այն անունը, որը առաջինը «մտքիս կգար», և անվանեցի Ջերեմի:
Երկրորդ արջուկս գրեթե նույն տարիքում եմ ստացել: Երբ փոքր էինք, մեզ փոքրիկ ծանրոցներով բերում և նվերներ էին բաժանում: Մենք ամեն անգամ մեծ անհամբերությամբ էինք սպասում մեր ծանրոցներին և մեր նոր նվերներին: Մի այդպիսի ծանրոցի միջից էլ ես գտա մյուս արջուկիս: Նրա համար ևս անուն որոշեցի: Քանի որ մի քանի իսպաներեն բառ գիտեի, որոշեցի դրանցից մեկով էլ կոչել: Կոչեցի Ֆելիզ, որը թարգմանաբար նշանակում է` ուրախ, երջանիկ: Ուզում էի, որ միշտ իրեն նայելիս ժպտայի, չնայած նրան, որ նրա դեմքին ընդհանրապես ժպիտ չկա: Երբ փոքր էինք, հաճախ էինք տանը կազմակերպում տիկնիկային ներկայացումներ: Իրար էինք միացնում աթոռներ, վրան գցում ծածկոցներ և, ահա, ներկայացումը սկսված էր: Իմ արջուկները ևս անմասն չէին մնում այս փոքրիկ ներկայացումներին` հաճախ նաև դառնալով դրանց գլխավոր դերակատարները: Մենք տարբեր պատմություններ էինք հորինում և դրանք ցուցադրում նրանց միջոցով: Հաճախ էինք հայտնվում ծիծաղելի դրության մեջ, երբ մեր դերակատարներին պատահաբար գցում էինք: Սակայն, առանց ժամանակ կորցնելու, աթոռների տակով վերցնում էինք` փորձելով չերևալ մեր հանդիսատեսին: Այսպիսով, ձեռք բերեցի իմ երկու ընկերներին, որոնք ոչ միայն ինձ կուրախացնեն, այլև կհիշեցնեն այն հիշարժան օրերի մասին, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում:
Ահա կրկին հանդիպեցինք, և ինչպես խոստացել էի, այս անգամ կպատմեմ, թե ինչու է մեր գյուղը կոչվում Խնձորեսկ, իսկ աղբյուրը`Ինը մանուկ: Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել: «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան, այդպիսի հրաշք վայրեր աշխարհում քիչ կան»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների գործերում, իսկ ժողովրդական մեղեդիները և աշուղական երգերը`շատ երգահանների ստեղծագործություններում։
Գիտեք, թե ի՞նչ է կատարվում այս ահռելի ժայռերի ու ահասարսուռ ծերպերի միչև… Վայոցձորյան կյանքն է, ծանոթացի´ր: Այստեղ ժայռոտ ու քարոտ է ամեն ինչ. սարերը քարոտ են, ձորերը՝ նույնպես: Նույնիսկ քամին է քարոտ ու քարհոտ փչում: Բայց երևի սխալվեցի. թերևս մի բան կա այստեղ, որ քարոտ չէ: