Վերջին ամիսը

Տարին ունի 12 ամիս և 4 եղանակ, և պետք է յուրաքանչյուր եղանակին բաժին հասնի 3 ամիս, բայց բոլորս էլ նկատել ենք, որ ամիսների կեսն անցնում է ձմեռային սպիտակ ծածկոցի տակ: Ու հիմա բոլորը դժգոհում են այս ցրտաշունչ ձմռան մատուցած անակնկալներից:

Արդեն ձմռան երրորդ ամիսն է`փետրվարը, ու այնպիսի տպավորություն է, թե նոր է սկսում ձմեռը…

Ձմեռն իր հետ բերում է շատ դժվարություններ: Հոգսերը շատանում են, հաց վաստակելու հնարավորությունները՝ քչանում: Չեմ սիրում ձմեռը և գուցե երբեք էլ չսիրեմ: Արդեն մի քանի օր է, ինչ եղանակը հուշում է գարնան գալստի մասին: Եվ ես ինքս էլ սպասում եմ գարնան զարթոնքին: Մնում է, որ ցուրտ հոսանքները կրկին չթափանցեն Հայաստան:

Ձմեռային զբոսանք

Մուլտֆիլմերի հեքիաթային ձմեռ հիշեցնող մի օր, երբ արևն արդեն թեքվել էր հորիզոնից՝ ինձ համար հանգիստ տանը նստած եմ և նույնիսկ չեմ էլ մտածում դուրս գալու մասին, մայրս հանկարծ կանչում է։

-Լիլ, կգնա՞ս խանութ։

Մտքումս. «Աh, էս ձնո՞վ։ Բայց մի րոպե, չբռնեմ` ապարատս հետս տանեմ, մի երկու ֆոտո անեմ»…

-Լիլի՜թ, կլինի՞ ես էլ գա՜մ,- ձայնը կատվի պես երկարեցնելով հարցնում է քույրս, ավելի ճիշտ համոզում։

-Հա, բա ոնց Դար։

Այսպես ուրախ-ուրախ ես ու քույրս վերցրինք ապարատն ու սահնակը և գնացինք խանութ։ Նախընտրեցինք խանութ հասնել անտառի միջով անցնող ճանապարհով։ Դե, եթե հիշում եք, ես Ստեփանավանում եմ ապրում, չորս կողմն անտառ է: Այդպես կկարողանայի քիչ թե շատ լավ լուսանկարներ անել, համ էլ Դարուշիկին սահնակով ման կտայի։ Մենք հնարամտորեն երեքը մեկում համատեղեցինք։ Ճիշտ է, հետ գալուց ցուրտը մի քիչ մեր երեսները «քերեց», բայց ոչինչ, այդպես էլ է պատահում։

Ձմռան գեղեցկությունն ու դժվարությունը

Այս տարի, ինչպես տեսնում ենք, ձմեռը այնքան էլ չի շտապում հեռանալ: Հատկապես Արարատյան դաշտում այն դրսևորվեց առանձնակի դաժանությամբ: Իհարկե, շատ ցուրտ է, ու մեզ մի լավ տանջում է: Համարյա բոլորն իրենց վառելիքի պաշարները սպառել են, որը նախատեսել էին օգտագործել ամբողջ ձմռան ընթացքում: Բայց, ինչ խոսք, վերջին օրերի տեղումները կրկնապատկեցին ձմռան գեղեցկությունը: 

Ձմռան սկզբին մենք այնքան էլ լավ չվայելեցինք ձյունը և որոշեցինք «տեղը հանել»: Ամբողջ դպրոցով այնքան ձնագնդի խաղացինք, որ ամբողջ ձմռան տեղը լրացրինք: Մնում էր միայն ձնեմարդը: Դա էլ պատրաստեցինք: Բայց միևնույն է, այդքան ուրախանալուց և ձյունը վայելելուց հետո, ես նայում էի այդ ամենին հասուն մարդու աչքերով ու տեսնում, թե ինչքան դժվար է մարդկանց համար վառելիք հայթայթել՝ այս ցրտին դիմակայելու համար:

Ձմռան ավարտին մնաց 15 օր, դիմացեք:

Լուսանկարը` Թամարա Գալստյանի

Տյառնընդառաջը Մրգավետում

Այսօր փետրվարի տասներեքն է, հայոց եկեղեցին նշում է Տյառնընդառաջ տոնը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի այս տոնին մեր՝ Արարատի մարզի Մրգավետ գյուղի դպրոցում դասերից հետո բոլորս դուրս ենք գալիս բակ, որպեսզի ներկա լինենք կրակի վառելու գործընթացին: Հետո սկսում ենք մեծ շրջան կազմել և շրջել կրակի կողքով, հետո սկսում ենք թռչել կրակի վրայով: Սկզբում թռչում են երեխաները, այնուհետև մեծերը:

Բոլորս շատ ոգևորված էինք, և թեև դրսում շատ ցուրտ էր, կրակն ասես կոտրում էր ցուրտը և կարծես ասում, որ սաստիկ ձմեռն արդեն ավարտին է մոտենում:

Սպիտակ թիկնոցավորը

Ձմեռը, կարծես թիկնոց դարձած, ընկել է կտուրներին, մեր ուսերին:
Արագածոտնի մարզ, գյուղ Վարդենիս(Գյուլուջա):

Հրեշտակների աշխարհում

Էլի հայացքներ` բարի, զարմացած, հետաքրքիր: Ինձ էին նայում ուշադիր ու ժպտում: 

-Բա՜րև, էրեխեք: Ես եկել եմ, որ ձեզ հետ խաղամ, ու ով իրեն խելոք պահեց, սիրուն նկարներ կանեմ:

Ես մանկապարտեզում էի, իմ մանկապարտեզում: Ամեն ինչ նույնն էր: Միայն տարիներն էին անցել-գնացել: Ճաշի նույն հոտն էր, նույն աղմուկը, դաստիարակներիս նույն ժպիտները, նույն հարազատ պատերը: Զարմանում եմ, թե ինչու չէի ուզում մանկապարտեզ գնալ: Հիշում եմ՝ ամեն օր մի պատճառ էի հնարում, որ չգնամ, լաց էի լինում, բայց իզուր:

-Էլ մի՛ խաբի, հա՞, Շուշան, արագացրու, հագնվիր, գնում ես մանկապարտեզ:

Ո՛չ դաստիարակներս, ո՛չ էլ ես չենք մոռանում, թե ինչպես էի փախուստ կազմակերպել մանկապարտեզից:

Մի օր դաստիարակը մի քանի րոպեով դուրս էր եկել խմբից, ու մենք մենակ էինք մնացել: Որոշեցի պահը բաց չթողնել, ու բոլոր երեխաներին համոզեցի, որ չմնանք մանկապարտեզում: Մենք կազմ-պարտաստ էինք փախուստի համար:

-Վե՛րջ, էրեխեք, գնացինք: Չվախենաք: Ախր, մենք «մանկոն» չենք սիրում, ինչի՞ մնանք ստեղ: Գնացինք:

Արդեն մանկապարտեզի դռան մոտ էինք, ձեռք-ձեռք բռնած, երբ մեզ նկատեցին ու հետ տարան խումբ: Ինձ, իհարկե, չպատժեցին: Ու ես դրանով չբավարարվեցի: Մի քանի անգամ էլ միայնակ եմ փորձել փախչել: Խեղճ դաստիարակներ, ինչքան էին վազում հետևիցս:

Կանգնել եմ ու ամեն պահը աչքիս առաջ է: Մեկ էլ մի քանիսը ուզում են հետս խոսել:

-Գիտե՞ս, մամաս էսօր տորթ ա թխել: Հեսա գնալու եմ, ուտեմ:

-Բա ինձ չե՞ս նկարում: Ինձ մոռացել ես նկարես:

-Բա դու գիտե՞ս, մոտս ռումբ կա, բերել եմ, հեսա քցում եմ, «մանկոն» տրաքի:

Նայում եմ, հայացքներ են՝ պարզ ու մաքուր: Նայում եմ, ու ես հրեշտակների աշխարհում եմ:

Լճափ գյուղի ձնառատ հունվարը

Հայաստանի քաղաքները. Սպիտակ, Լոռու մարզ (մաս 2)

Հայաստանի քաղաքները. Սպիտակ, Լոռու մարզ