Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Հայաստանի գյուղերը. Բջնի, Կոտայքի մարզ

Ջահել վախտերս խո խորոտ չեմ հելե…

Ասում են, երբ մարդ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով, ուրեմն ծերացել է: Ծերությունը ինքնին կյանքի շարունակականության խորհրդանիշն է, որովհետև, ով ուզում է ապրել երկար, պետք է հարմարվի ծերանալուն և ծերությանը: Մեր տեսակի մեջ առաջնայինը հոգին է: Է՜, հոգի մի ասեք, մի կրակ ու բոց, ինչ ասես, որ չեն բերել գլխիս ծերուկներս` Եղիպատրուշ գյուղի իմ բարի ու միամիտ տատիկներն ու պապիկները:

-Ումուդ ջան, ումու՜դ…

Մտածում եմ ինքս ինձ. «Ի՜նչ հաճոյախոս պապիկ է»: Է՞, բայց մինչև ե՞րբ կարող էի չիմանալ` ինչ է նշանակում ումուդ: Ավելի լավ էր չիմանայի: Բայց պապիկը հո վիրավորելու համար չէր ասում. մի քնքշանքո՜վ, մի նազանքո՜վ, երազանքո՜վ…

Այ, էսպես մաքուր, ազնիվ և միամիտ են մեր ծերուկները: Սիրում եմ նրանց միամիտ-միամիտ հարցերը ու, որ սկսում են իրենց  «սուպերմեն» և «երկաթե լեդի» ժամանակների  մասին խոսել:

Հիշում եմ, երբ փոքր էի, պապիս պատմած լեգենդները, թե ինչպես է մի գերանով  յոթ գլխանի դև տապալել, կամ ինչպես է մի ամբողջ այլմոլորակայինների ջոկատի հետ նրանց լեզվով բանակցել ու հետ ուղարկել իրենց մոլորակ: Դե, փոքր եմ եղել, ինչ ասել են` հավատացել եմ…

-Պրոթեզներս բերեք:

-Օ՜, ոչ, չէ էլի, ոչ իմ ներկայությամբ, ես պատրաստ չեմ 22+ տեսարանին:

-Իյա՜, բա նկարս գեշ ըլնի՞, այ բալա, ջահել վախտերս խո խորոտ չեմ հելե, իշքան աղջիկ-մաղջիկ կար` հմեն ընձի կուզին…

Պապիկներն իրենց երկրպագուհիների, տատիկները իրենց երկրպագուների հոծ բանակներից են անվերջ պատմում ու մի բան էլ մեր սերնդից են բողոքում:

-Էդ, որ նկարես, պտի քցես «Կիսաբաց լուսամուտնե՞ր»:

-«Կիսաբաց լուսամուտնե՞ր», ի՞նչ «Կիսաբաց լուսամուտներ», չէ տատի ջան, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցին եմ թղթակցում:

-Հայաստանի պատանի ինչի՞ն  ա ի՞նչ  կանես…

-Լրագրող եմ, էլի:

-Խա՞, օղո՞րթ, էն ա, որ  միգռաֆոն կառնեն` կմտնեն մարդկանց բերա՞ն:

-Դեռ ոչ:

Սա վերջն  էր, սիրով ներկայացնում եմ ծերուկներիս ֆոտոշարքը:

 

Ամենաաշխատասերների մասին…

Ամենաաշխատասերների ու նրանց աշխատանքի մասին կարելի է պատմել անվերջ ու ամենատարբեր ձևերով: Այսօր մեր աշխատասերների ամբողջ տարվա աշխատանքը հավաքելու և քամելու օրն է: Դե, երևի հասկացաք, խոսքը մեղուների մասին է:

Մեղուների աշխատանքն ինձ համար շարունակում է ամենաառեղծվածայինն ու ամենաանհասկանալին մնալ: Հետաքրքիր է, չէ՞: Ինչ-որ փոքրիկ մեղուներ կարողանում են այդքան համեղ մեղր ստեղծել: Դա համախմբված աշխատանքի արդյունք է:

Բոլորս էլ գիտենք, որ ամենալավ բաների հիմքը համախմբվածությունն է:  Այ, օրինակ մարդկանց դեպքում էլ, լավագույն արդյունքի հիմքը որոշակի մարդկանց խմբի համախմբված աշխատանքն է:

Վա՜յ, ես էլի սովորությանս համաձայն գլխավոր թեմայից շեղվեցի: Ինչի՞ց էինք խոսում: Հա՜, մեղուներից ու իրենց համախմբված աշխատանքից: Ախր, շա՜տ համախմբված են: Նույնիսկ խայթելուց համախմբված են խայթում, որ հանկարծ մեկին սկսեցիր դուր չգալ, թող ու փախի:
Փեթակի մեջ ամեն մեկն իր աշխատանքն ունի: Մի փեթակում 4 տեսակի մեղու կա՝ մայր մեղուն, հայր մեղուն, աշխատող մեղուները ու… վայ, չորրորդի անունը մոռացա: Է, ախր ինչի՞ չեմ հիշում: Մինչև չիմանամ` չեմ հանգստանա, լավ, մի քիչ շունչ քաշեք, գնամ իմանամ, գամ: Այ-այ… Պարզվեց ոչ մի չորրորդ էլ չկա, թե՞ կա: Է, մեկ է, բան չեմ հասկանում: Ոնց երևում է էս մեղուները նույնիսկ հատուկ ջուր բերող մեղու ունեն: Լավ, էդ հետո կճշտեմ, ու անպայման ձեզ էլ կասեմ: Երևի մեղուները խելոքացել են, կանչում են, որ գնամ նկարեմ: Սպասեք, հիմա կգամ…

***
Վա՜յ, շատ ուշացա՞: Կներեք, չէի ուզում շատ սպասեցնել, ուղղակի ես՝ «համարձակս», որոշել էի առանց որևէ պաշտպանական միջոցի մտնել մեղուների տարածք, մերժելով՝ գոնե դեմքս փակելու առաջարկը: Մի քանի կադր անելուց հետո մեղուներից մեկը որոշեց մտնել իմ կիսախուճուճ մազերի մեջ և մոլորվել այնտեղ:  Լավ էլ տեղավորվել էր, հա՜: Մազերիս մեջից դուրս գալու միտք անգամ չուներ: Լավ պրծա, գոնե չհասցրեցին համախմբվել: Էդ մեկից էլ ազատվեցի ու փախա փեթակների մոտից: Բայց, ոնց որ արդեն սկսում են մեղրը քամել, գնամ նայեմ: Համ էլ, էլի բաներ կիմանամ մեղուների մասին ու կգամ ձեզ էլ կասեմ…

***
Ըհը, էլի եկա: Հա՜, համ էլ մեր մեղվապահներից որոշ տեղեկություններ իմացա ամենաաշխատասերների մասին:
Հիշում ե՞ք, որ ասում էի փեթակում 4 տեսակ մեղու կա, հետո ասացի, որ կիմանամ ու ձեզ էլ կասեմ: Օրինակ, մեղվապահ Լևոնը պատմեց, որ փեթակի մեջ բացի մայր մեղուն, հայր մեղուն ու աշխատող մեղուները, գոյություն ունեն նաև ջուր բերող մեղուն, հավաքարարը, մայր մեղվին խնամող մեղուն  ու էլի մի քանի մեղուներ, ընդհանուր՝ միլիոնավոր մեղուներ, որոնց մոտավոր թիվը հաշվվում է քաշի միջոցով: Իմացա նաև, որ չաշխատող մեղուներին փեթակից հեռացնում են, առանց բերքի փեթակ վերադարձող մեղուներին մնացած մեղուները փեթակ չեն թողնում: Այլ փեթակի մեղուն, բերքով վերադառնալու դեպքում, կարող է մնալ մի այլ փեթակի ընտանիքում, բայց դա բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր է, դա տեղի է ունենում միայն 90% դեպքերում: Մեղվապահ Լևոնը նշեց, որ տարիներ շարունակ նույն գործով զբաղվելով, էլ ավելի է հմտանում մեղվապահության մեջ:
Մայրս ու իր ընկերուհին՝  Սոնան, որ նույնպես զբաղվում են մեղվապահությամբ, ասացին, որ մեղվի ձվարկը սկսվում է փետրվար-մարտ ամիսներին, կախված տարվա եղանակից: Այդ ժամանակահատվածում քիչ-քիչ սկսում են մեղվին կեր տալ` 50 գրամից սկսած, աստիճանաբար ավելացնելով մինչև 200-300 գրամ: Մեղվին կեր են տալիս մինչև մայիս ամսվա վերջ, այն աստիճանաբար ավելի է շատացնում ձվարկը, արդեն հունիս ամսին  ձագ է տալիս: Բնական ձագը, որպես փեթակի մեղու, ավելի հաջող է համարվում, քան արհեստականը («նուկլոզ», որն արդեն մեղվապահն է ընտրում): Արհեստական նուկլոզ առաջացնելու դեպքում ընտրում են այնպիսի շրջանակ, որի վրա լինի մեղու, ծաղկափոշի, 1 օրական ձու: Մեղուն նոր փեթակ տեղափոխելուց և արհեստական նուկլոզ առաջացնելուց հետո այն ձվի վրա մայրապտուկ է առաջացնում:

Մեղրը քամում են օգոստոսին: Քամելուց հետո քամած շրջանակները նորից տալիս են մեղուներին, ապա մեղուների բուժում են կատարում և կեր տալիս աշնանային ձվարկի համար: Ավելորդ շրջանակները հանելուց և տաքոցներ դնելուց հետո, ուղարկում են ձմեռանոց:

Հա՜, ու մեկ էլ մի հետաքրքիր բան իմացա՝ ձմեռվա ընթացքում փեթակի մեղուները մի կծիկ են դառնում:
Դե, մի խոսքով, ամենաաշխատասերների մասին կարելի է անվերջ խոսել, խոսել ու էլի խոսել:

Հ.Գ. Ու կապ չունի, թե քանի տարեկան կլինեմ, միևնույն է, ես շարունակելու եմ մտածել փեթակի բոլոր մեղուները հատ-հատ հաշվելու մասին:

Հացի բույրը

-Է՛լ,  վաղը  շուտ կարթնանաս  քնից:

-Է՜, լավ՜  էլի՛, տա՛տ, ինչի՞…

-Հացի  խմոր  եմ արել, որ  ինձ օգնես՝ հացը փռես,  մեկ էլ  գունդ բերես:

-Վա՛խ, ջա՛ն, դե որ էդպես ա, մի քանի հատ ֆոտոներ կանեմ, որ ուղարկեմ 17.am-ին:

-Ինչ ուզում ես արա, հա՛, մենակ ժամանակին գունդը կբերես ու հացերը  սիրուն իրար վրա կշարես:

Առավոտյան  արթնացա  և հանկարծ քթիս հասավ հացի բույրը, և լսվեց տատիկիս ձայնը.

-Արթնացի՛ր, թոնիրն արդեն վառել եմ, արագացրու  կրակը  կիջնի, շուտ  հագնվի, արի, որ օգնես…

Տատիկի  հրամայական  նախադասությունից հետո   լսվեց  մայրիկի ձայնը.

-Ի՞նչ  ես պառկել,  արա՛գ հագնվիր…

-Լա՛վ- լա՛վ, հագնվում եմ:

-Դե մենք գնացինք,   շուտ  կգաս,  որ  հացերը փռես՝  չփշրվեն…

-Վա՜յ, ինչ լավ է` շուտ վերջացրեցինք հաց թխելը:

-Ո՞վ ասաց, որ վերջացրեցինք, բա կլո՞ճը:

-Ո՞նց, տա՛տ, կլոճ էլ ե՞ս արել:

-Հա՛, բա ոնց…

-Ին՛չ լավ ա, շատ եմ կարոտել կլոճի համը:

-Դե շու՛տ գնա խմորը բեր՝ քանի թոնիրը չի հանգել:

Ինձ համար սովորական, բայց ձեզ համար անսովոր իրավիճակ, որը տիրում  է մեր տանը՝  հաց թխելու ժամանակ:

Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Ֆոտո՝ Սոֆյա Աբրահամյանի

Սեպտեմբերի մեկը Հայաստանում

Սեպտեմբերի մեկին Հայաստանի  դպրոցներում եւ բուհերում նշվեց ուսումնական տարվա սկիզբը։ Տարբեր քաղաքներում եւ գյուղերում գտնվող մեր թղթակիցները լուսանկարել են այդ օրվա իրադարձությունները իրենց տեսանկյունից։

Լեռները

Թե կան ազգություններ, տեսակներ ու ենթատեսակներ, որոնց պատկանում են մարդիկ, կենդանիներ, բույսեր, գետեր։ Որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբերվում տեսքով ու բնավորությամբ, աճում տարբեր տեղերում, հոսում տարբեր բարձրություններից, տարբեր թեքությամբ, տարբեր արագությամբ, տարբեր ջրառատությամբ, տարբեր, տարբեր, տարբեր… Ապա կան նաև լեռներ՝ տարբեր բարձրության, տարբեր ծագումով, տարբեր բուսածածկույթով, բայց նույն վեհությամբ։

Նայում եմ շուրջբոլորս։ Կարծես ամեն ինչը կարելի է դասակարգել. սիրել կամ չսիրել, զատել ու խառնել, բայց հասնում եմ լեռներին ու ինքս ինձ հարցնում. լավ, մի՞թե սրանք էլ ազգություն ունեն, թշնամի ունեն… Էսքան ախպեր ուս-ուսի, ո՞նց կարող են առանձին լինել, իրենց հեչ պետքն էլ չի` թե մենք սահման գծենք, մարդ սպանենք ու գոռանք, թե` էս սարն իմն է, էս քարն իմն է…

Չէ, լեռները ազգություն չունեն, լեռները բարձր են ազգությունից, տեսակից ու ենթատեսակից…

Արարատի մարզ, գ. Լուսառատ
Ֆոտո՝ Աստղիկ Քեշիշյանի

Հայաստանի մեկ րոպեն

Օգոստոսի 17-ին, ժամը 17:17 Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մեր թղթակիցները զինվել էին տեսախցիկներով եւ լուսանկարել այն, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Հյուսիսային Ամասիայից մինչեւ Սյունյաց Դարբասը, Մալիշկայից մինչեւ Ստեփանավան, Աբովյանից մինչեւ Լուսառատ. տասնյակ գյուղերի ու քաղաքների կյանքը նույն օրվա նույն րոպեին մի ֆոտոշարքում։

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հաղարծնի ուժը

-Զա՛ռ, արագացրու՛, պատրաստվի՛, շու՛տ-շու՛տ, շարժվում ենք:
-Ու՞ր  ենք շարժվում, եր՞բ:
-Հաղարծին:
-Հաղարծի՞ն, հա էլի Հաղարծին, գնացինք, պատրաստ եմ:

Ճանապարհին մտածում էի՝  հնարավո՞ր է, որ միտքը ուժ ունի, բայց չէ, չէ Հաղարծնի ուժն է, Հաղարծնի:
Այս օրերին Տավուշի թեմում անցկացվում է Հաղարծնի հոգևոր և մշակութային շաբաթ փառատոնը,  և մեր առջև դրված էր հստակ խնդիր` լավագույնս ներկայացնել փառատոնը: Դժվար էր լինելու, բայց մի անգամից  կարծիքս փոխեց  մեզ դիմավորող կամավորների բարձր ու ոգևորող տրամադրությունը: Դրական  միջավայրը  տրամադրեց  աշխատանքի: Առաջին բանը, որ արեցինք,  վանական համալիրը ուսումնասիրելն էր, ընթացքում ծանոթացանք նաև  փառատոնի հյուրերի հետ: Մտածեցի` թեմի առաջնորդին չենք տեսնի, բայց հենց այդ պահին նկատեցի Սրբազանին  ու մի քանի վայրկյան հետո  արդեն բոլորեցինք  Սրբազան  Հոր շուրջը: Օրհնություն ստանալուց հետո, ուզեցա ներկայանալ, բայց չհասցրի. անվանքարտին նայելով  Տ.Բագրատ Եպիսկոպես Գալստանյանը ասաց,  որ հետևում է 17.am-ի թղթակիցներին:

-Մեր աղտոտված մամուլի միակ լուսավոր կետն է, նյութերը գրված խորին մաքրությամբ ու անկեղծությամբ,- ասաց Սրբազան Հայրը:

Ծանոթացա նաև հալեպահայ Շանթ  Խայալյանի  հետ, ում տարիքը գուշակելուց հետո, ինքը  գուշակեց  ապագա մասնագիտությունս: Հաջորդ կանգառում  ինձ հյուրասիրեցին տեղում պատրաստվող ընկույզի և մոշի մուրաբայով: Մի բան էլ հասցրեցի անել. բրուտի  հետ սափորին տեսք տվեցինք. զգալ էր պետք կավի հոտը:

Հիացմունքս  եռապատկվեց, երբ ծանոթացանք Լոնդոնից ժամանած մի կնոջ հետ, ով պատմեց թե ինչպես է ապրում Լոնդոնում` սիրելով Հայաստանը:

Այս ամենից դուրս ու ամենի մեջ նկարահանումները ինձ համար ավարտվեցին հոգևոր մեծ բավարարվածությամբ ու խորը զգացումներով, որի մասին չեմ խոսի:

Իսկ մնացածի մասին հետևություններ կարող եք անել լուսանկարներով:

Խաղողօրհնեքը Խոր վիրապի վանքում

Ամեն տարի օգոստոսի 10-ի մոտակա կիրակի օրը նշվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մեր հեթանոս նախնիները օգոստոսի այս շրջանում խաղողի օրհնության ծես են իրականացրել, այստեղից էլ ժողովրդի մոտ տոնն առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ: Այս օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, օրհնվում է խաղողն ու տարվա ողջ բերքը, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: