Տանջանքի պտուղները

Իսկ դու եղե՞լ ես գյուղում: Տեսե՞լ ես, թե ինչպես են մշակում բազուկը, սոխը, խաղողը և մյուս մրգերն ու բանջարեղենը: Հիմա ասեմ ավելին: Ես ոչ միայն տեսել եմ, այլ նաև մասնակցել եմ այդ ամենին:

«Ալաղել» սոխը, լոլիկը, սմբուկը, գազարը… Տալ պարարտանյութեր, ջրել և հետևել, որ նրանք հանկարծ «չհիվանդանան»: Սոխը չդեղնի, լոլիկն ու պղպեղը չչորանան: Հատկապես ռիսկային խմբում է պղպեղը՝ չգիտեմ թե ինչու: Իսկ հիմա քեզ ցույց կտամ, թե ինչ տեսք ունեն այդ բոլորը, երբ նրանց կյանքի համար տանջվում ու պայքարում է մի ամբողջ ընտանիք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր:

Ձախորդ օրերը ամռան նման կուգան ու կերթան

«Ձեզի ի՞նչ վնաս ա եղել»: Հանապազօրյա «բարև»-ի փոխարեն այս արտահայտությունն էր հնչում ագարակցիների շուրթերից: Մի քանի շաբաթ առաջ երեկոյան սկսված կարկուտը, անձրևն ու քամին բառիս բուն իմաստով ավերել են ագարակցիների տանիքներն ու բերքը, արմատախիլ արել ընկույզի ծառերը:  Ձեզ եմ ներկայացնում ֆոտոշարք՝ աղետի վնասները Ագարակից:

Գյուղի երեխաներով  էլ հայտնի «Աշտարակի պոպոքը» երգը այսպես են երգում.

Եկեք Ձեզ մեր գյուղ տանեմ,
Մեր ավերված բաղ տանեմ,
Ժուռնալիստ ջան:

 Ագարակի պոպոքը,
Հագել է իր սապոգը,
Մտել բախչան:

 Տփել է տակ ծիրանը,
Լոբին ու պոմիդորը,
Ժուռնալիստ ջան:

 Ո՞վ է տալու փողերը,
Ավերված են գոմերը,
Ժուռնալիստ ջան:

Այս խոսքի վրա եկավ գյուղապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը: «Մանանայից» ստացած լրագրողական հմտություններս գործի դնելով անցա գործի և մի քանի հարց տվեցի նրան:

-Պարոն Կարապետյան, Դուք կարծես  թե առավոտից շրջում եք գյուղով: Ի՞նչ էիք անում:

-Ինչպես գիտեք, երեկ տեղացած ուժեղ կարկուտն ու անձրևը, որոնց ուղեկցում էր ուժգին քամին, ավերեցին Ագարակի հողամասերը, այգիները, տները… Առավոտյան գյուղապետ Վահան Խաչատրյանը ավագանու նիստ հրավիրեց, որին մասնակցեցին գյուղապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, գյուղացիները: Սերգո Կարապետյանի հրահանգով կազմվեցին հանձնաժողովներ, որոնք պիտի պարզեն վնասի չափը: Ես էլ իմ կոլեգաների հետ հաշվարկում եմ վնասները:

-Ձեր կարծիքով, ի՞նչ աստիճանի վնաս է հասցրել աղետը:

-Իմ հաշվարկներով երեկվա աղետը բավականին վնաս է հասցրել գյուղացիներին: Պտուղ-բանջարեղենի 80 տոկոսն ավերվել է, ցանքատարածությունների՝  ցորենի, գարու բերքի 70 տոկոսն է ավերվել: Արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր՝  հիմնականում ընկուզենու:  Հասցրել է նաև վնաս տանիքներին ՝ 15-20 տոկոսի չափով:

-Լավ, իսկ ո՞վ է փոխհատուցելու վնասը:

-Հավանաբար կառավարությունը:

-Իսկ ե՞րբ:

-Դեռ պարզ չէ:

Պարզ չէ: Պարզ է միայն մի բան` անորոշություն: Ուրեմն, պետք է ինքնուրույն գործել ու հավատալ,  որ  «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…»: 

Միայն թե ձախորդ օրերն այս տարի ամռանը եկան:

Վերջապես

Առավոտից մեր փողոցում տարօրինակ եռուզեռ էր, աղմուկ: Արթնացա: Դուրս եկա փողոց ու անկախ ինձնից ժպտացի: Վերջապես ասֆալտապատում են մեր փողոցը, վերջապես մենք էլ ձմռանը առանց ցեխոտվելու դասի կգնանք, վերջապես հանգիստ կքայլենք ու կկարողանանք ֆուտբոլ խաղալ:
Ուզում եմ մի օր էլ արթնանալ ու տեսնել, որ ամբողջ մեր փողոցը լուսավորում են:

Վարդենիս. Ապարանի սարահարթի ու մարդագող ձորերի միջև

Գյուղը, որի մասին պատմելու եմ, և որի ծնունդն է նաև մայրս` Անուշ Համբարձումյանը, դեռ շատ վաղուց է ապաստանել Ապարանի սարահարթի ու մարդագող ձորերի միջև: Խոսքը Վարդենիս գյուղի մասին է: Հին անվանումն է` Գյուլուջա կամ Քյուլուջա, ինչպես ասում են տեղացիները:

Գտնվում է Ապարանից 5 կիլոմետր հարավ-արևելք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ և ձախ ափերին։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին բնակիչները տներ են կառուցել ներկայիս բնակավայրի հյուսիս-արևելյան, արևելյան հարթություններում և կամաց-կամաց անցել են գյուղամիջյան առուն ու մոտեցել Քասաղ գետին, անցել գետի ձախ ափը։
Ի դեպ, իմ հեքիաթ պապը այս գետում սիրում է ձկնորսությամբ զբաղվել, երբ մենք` թոռներս, հյուընկալվում ենք նրա տանը:
Վարդենիսի կլիման ցամաքային է՝ ցուրտ ձմեռներով ու զով ամառներով։ Բայց դե մեզ ինչ. միշտ այնտեղ ենք` լինի ամառ, թե` ձմեռ: Նամանավանդ, երբ զմրուխտյա թփերի միջից աչքով են տալիս ազնվամորին ու հաղարջը:

Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն։ Ցավոք, դպրոցը անմխիթար վիճակում է: Ամռանը, պարզ է, աշակերտները հանգիստն են վայելում, իսկ այ ձմռանը դժվար է: Երեխաները ստիպված են վերարկուներով նստել դասարանում, որովհետև հերիք չէ` ցուրտ է, հետն էլ պատուհաններն են կոտրված (ես կասեի`ընդհանրապես չկան): Ջեռուցման վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել:
Ինչևէ, անցնեմ առաջ ու ասեմ, որ գյուղի` քարով և կրով առաջին տունը կառուցել է Ջանիբեկ Պետրոսյանը, առաջին երկթեք շիֆերածածկ կտուրը՝ Մնացական Պետրոսյանը, առաջին խնձորի այգին տնկել է Պողոս Հովհաննիսյանը, առաջին հեռուստացույցը միացրել է Մնացական Հայրապետյանը, առաջին սառնարանը ունեցել է Մնացական Պետրոսյանը, առաջին երկհարկանի տունը կառուցել է Կարապետ Ղազարյանը…

1930-2000-ական թվականներին ավելի քան 700 վարդենիսցիներ Հայաստանի և արտասահմանի ուսումնական հաստատություններում ստացել են բարձրագույն և մասնագիտական կրթություն։ Նրանցից Տիգրան Թորոսյանն ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի և քաղաքագիտության դոկտորի, իսկ Վարդգես Հայրապետյանը, Յուրի Մարգարյանը, Հասմիկ Պետրոսյանը, Սոս Պետրոսյանը, Սիմոն Թորոսյանը, Գոհար Ավագյանը գիտության թեկնածուի աստիճան, Մանուկ Պետրոսյանը ՝ դոցենտի գիտական աստիճան։ Վարդենիսցիներ Կառլեն Աղաբաբյանը, Սերգեյ Պետրոսյանը, Օֆելյա Պետրոսյանը, Էթերի Պետրոսյանը, Լյովա Եղիազարյանը (իմիջիայլոց նրա եղբայրը պապիս ու տատիս հարևանն է), Ռուզաննա Ազիզյանը ղեկավարել ու ղեկավարում են Երևան քաղաքի տարբեր դպրոցներ, Ռաֆիկ Աղաբաբյանը, Կարինե Ավետիսյանը դպրոցներ են ղեկավարել Էջմիածնի շրջանում, Ռաֆիկ Ներսիսյանը՝ Աշտարակ քաղաքում, Սամվել Սեդրակյանը՝ Քաշաթաղում, իսկ Կարինե Մանուկյան-Զոհրաբյանը՝ Թբիլիսի քաղաքում։

Ինչպես հարակից գյուղերը, այնպես էլ Վարդենիսը ունի տեղեկատվություն ստանալու իր միջոցները: Դե երևի հասկացաք` բամբասկոտ կանայք ամենուր են, բամբասանքն էլ հաճախ է գյուղի մի փողոցից մյուսը գլորվում… Մեկի թոռանն են նշանում, մյուսի աղջկան` փախցնում…

Պատմություններն ու հետաքրքիր մարդկանց անունները կարելի է անվերջ թվարկել, սակայն կբավարարվեմ այսքանով ու կհուսամ, որ այս Վարդենիսը այլևս չեն շփոթի Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի հետ, քանզի այն ևս ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, բնակեցված է անչափ հետաքրքիր ու բարի մարդկանցով և իր ուրույն տեղն ունի Հայաստանում ու հատկապես ` Արագածոտնի մարզում:

«Թող լը մե ատ զարգեմ». մեկ օր Վանեվան գյուղում

Գյուղ Գեղարքունիքի մարզում, որտեղ հավի ձուն դա «խավտիք» -ն է,  գոմը՝ «թալվա»-ն,  իսկ աքլորը՝ «ճետ»-ը։
Արևամուտին բարձրանալով տանիս (գոմի տանիք),  կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ողողված արևի արնագույն ու ծիրանագույն ջերմ շողերով։

Երբ ծանոթ մարդ տեսնի քեզ, անպայման կասի.

-Գյա, օր էկել ես ըստի,  հորի՞ մեր օջախ չիս էկե։

Հասկացա՞ք, թե ինչ է նշանակում։  Եկեք թարգմանենք միասին:

«Գյա»-ն դա «ախպերն» է,  «օր»-ը՝ որ,  «ըստի»՝ այստեղ, «հորի»՝ ինչու։  Դե, մնացածն էլ, իմ կարծիքով, հասկացաք։
Անցնելով Պավելի մետաղի ջարդոն դարձած տրակտորների ու կոմբա յնների համար վերջին հանգրվան հանդիսացող քանդված շենքի մոտով՝ կհանդիպես Արտիզան կոչվածին, որը իբրև թե փոքր լողավազան է։

Մի փոքր ավելի խորանալով կհանդիպես խիտ ծառերի մեջ գտնվող մի տան,  որտեղ ապրում է մի ծեր պապիկ։ Տեղացիների ասելով,  մե աշխարհ խնձորի ծառ ունի,  բայց «Ոչ մեկի չի տա:  Հըմա կուզեն քյաղեն,  փետ կ’առնի,  գընգի կետև»։

Դե, իսկ վերջում վայելենք գյուղական կյանքի «համն ու հոտը» ֆոտոշարքի միջոցով։

Վարդավառը Այգեհովիտ գյուղում

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հուլիսի 24-ին նշվեց Վարդավառի տոնը: Այստեղ տոնը նշվում է յուրովի: Տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է: Ավանդույթի մասն է կազմում նաև գառան եփված արյունը, որը չուտելը տան տիրոջ համար վիրավորանք է, և նաև փռի մեջ թխված հացը:
Լսելով և ականատես լինելով պարզ դարձավ, որ այս տոնին պատրաստվում են այնպես, ինչպես Ամանորին:
Ամբողջ գյուղը միահամուռ կերպով նշում է տոնը, նրանց են միանում բարեկամները՝ տոնը դարձնելով էլ ավելի հետաքրքրական:

Դըբա լավը

Ուզեմ թե չուզեմ՝ ամառ է: Հա, ես ամառը չեմ սիրում, բայց խոսքը մեր մեջ՝ էս մեկին սպասում էի: Թարսի պես հուլիսից սկսվեց, դե գիտեք՝ քննություն, բան…

Գյուղի ճանապարհը երկար է կամ էլ երկար չէ, չգիտեմ: Մեկ, երկու, երեք թե՞ չորս: Հա, չորս ժամ: Չորս ժամը քիչ բան չէ, բայց նաեւ հակադարձ համեմատական է սպասմանը: Էդպես է, չէ՞, կարոտը կրճատում է հեռավորությունը, երբ գիտես, որ մի ամբողջ փողոց էնտեղ քո գալուն է սպասում:

Երեւանից Ապարան, Ապարանից Սպիտակ, Սպիտակից Վանաձոր, Վանաձորից… Այ էստեղ սկսվում են էն սարսափելի խաչմերուկները, որոնք ամեն ինչ անում են քո սրտխառնոցն ու գլխապտույտը ապահովելու համար, եւ ոչ կարողանում ես կարգին զրուցել, ոչ էլ պատուհանից դուրս նայել, իսկ էնտեղ չքնաղ Լոռին է, որը միշտ գրկաբաց ընդունում է քեզ:

Մեր գյուղը Թեղուտն է, էն նույն Թեղուտը, որի մասին անվերջ խոսակցություններ են շրջանառվում: Պղնձամոլիբդենային հանքապաշարներով Քաջարանից հետո երկրորդն է Հայաստանում, իսկ շահագործման արդյունքում առաջացած վնասներով… Այ, դա չգիտեմ, բայց որ վնասները քիչ չեն, հաստատ է:

-Բա, ափսոս չե՞ն մեր սարերը, ձորերը:

-Ոնց որ վերքեր բացեն բնության սրտում:

Իրականում դրանք վերքեր են մարդկանց սրտում, հենց գյուղացու սրտում, ով հերիք չէ՝ տեսնում է ամբողջն իր աչքերով, դեռ մի բան էլ ապրում է դրա մեջ՝ վնասելով իր իսկ առողջությունը, իսկ սա արդեն կատակ բան չէ:

Այս անգամ գյուղի ճանապարհը մի քիչ երկարեց, ավելի ճիշտ կլինի ասել՝ երկարեցրինք: Մտանք Օձուն, Օձունի եկեղեցի, հետո նաեւ՝ Ախթալա՝ Ս. Մարիամ Աստվածածին: Իսկ կեսօրին արդեն գյուղում էինք: Աչքերս լայն բացած մեքենայի պատուհանից նայում էի հավաքվածներին, ովքեր լայն ժպիտներով կանգնել ու սպասում էին, որ իջնեինք մեքենայից, որ գրկեին մեզ, մի քանի բառ խոսեին: Մի քանի բառ՝ միայն սկզբի համար, մնացածը՝ սեղանի շուրջ, իսկ էդ սեղանը ամեն տեղ լայն բացված սպասում է իր հյուրերին:

Թեղուտում եւ ընդհանրապես Լոռու որոշ հատվածներում Վարդավառը ավելի ուշ են տոնում, մենք էլ, առիթից օգտվելով, միշտ Վարդավառին ենք գնում: Տոնի առթիվ բոլոր տներում գառ են մորթում, նազուկ ու ագդակ են թխում, իրար ջրում ու մի լավ ուրախանում:

-Նրա հըմար, որ միշտ իրուր հետ ական ըլնինք ստոլի չորս կուռը:

Սա սովորական կենաց է, որ խմվում է նրա համար, որ իրար հետ միշտ հավաքվենք սեղանի շուրջ, որ անկախ ժամանակից ու հեռավորությունից միշտ սիրով լինենք ու հիշենք իրար:

-Իբր եկաք, արդեն գնո՞ւմ եք:

Ամեն անգամ լսում եմ էս խոսքերը ու տխրում, որովհետեւ ամեն անգամ էլ շուտ ենք վերադառնում աշխատանքի, զբաղվածության պատճառով: Բայց էս անգամ տխրությունս կարճ տեւեց, որովհետեւ առիթը բաց չթողեցի եւ հասնելով Վանաձոր՝ հանդիպեցի նաեւ ընկերներիցս մեկին՝ Անահիտին, իսկ դա արդեն մեծ տոն էր մեզ համար… Կարոտի մի տեսակ կա, որ ձգվում է քաղաքից քաղաք, ու քեզ մշտական սպասման մեջ պահում, այդ նույն սպասումն է անմնացորդ երկարում քո եւ քո միջեւ, քո եւ նամակընկերիդ՝ խոստանալով անեզր հեռվության կրճատում, մի հանդիպում, գրկախառնություն, զրույց կամ էլ…

-Էս էլ մեր դըբա լավը:

Հայաստանի քաղաքները. Բյուրեղավան, Կոտայքի մարզ

Եղիպատրուշ գյուղի հրաշամանուկները

Մարդու համար ոչինչ այնքան անհասանելի չէ, որքան մարդը: Առավել անբացահայտելի է մարդուկների էությունը: Ամեն մի երեխա առանձին մի աշխարհ է: Սիրում եմ նրանց անկեղծությունը: 

Հիշում եմ` վերջերս աղվեսիկներից մեկի պատկերացումները, ինչպես էի անփութորեն կոտրել: Աղվեսիկս մտավ սենյակ ու տեսավ, որ ռոք երաժշտություն եմ լսում ու կոտրված հայացքով ասաց.

-Իսկ ես մտածում էի, որ դու նուրբ աղջիկ ես, տենց երգեր չես լսի…

Ա՜խ, այդ ճստիկ հրաշամանուկները:
Երեխաները ձգտում են նմանվել մեծերին, բայց եթե հակառակը լիներ, այ դուք՝ մեծերդ, կսովորեիք ապրել ներկայով: Ինձ միշտ բարկացնում է նրանց աղմուկը, բայց լռությունը խորհրդավոր և կասկածելի է թվում: Նրանք գործում են ներքին հանճարով, գործում են այնպես, ինչպես մի փորձառու արվեստագետ: Աշխարհում ամենահաճելի պահը այն է, երբ մի մոծակից ստանում ես քո դիմանկարը իր պատկերացումներով: Երբ նկարում եմ, ամեն մի աղվեսիկի, որքան էլ ճանաչեմ կամ չճանաչեմ, յուրովի եմ բացահայտում: Հաճույքով լսում եմ նրանց կարծիքը իմ մասին, կոնֆետներ եմ նվիրում:
Մանկությունիցս մինչև հիմա պաշտում եմ, երբ ինձ կոնֆետներ են նվիրում, չնայած որ ուտել չեմ սիրում: Հիշում եմ, երբ ժամանակին ես էի նկարվողի դերում:  Երազում էի ոչ թե շուտ մեծանալ, որ ես էլ նկարեմ, այլ մի քիչ բոյովանալ` «ի կանյեց» (и конец):
Մոծակներս էլ էին բոյովանալ ուզում:
Ահա և իմ հրաշամանուկներից մի քանիսի լուսանկարները: