
Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի
Մեզ դեռ ճամբարի ժամանակ էին ասել, որ նոյեմբերի 17-ին պետք է նկարենք մեզ շրջապատող կյանքը: Սկզբում ես արդեն մտքումս պատկերացնում էի, թե ինչ կնկարեմ: Ես պատկերացնում էի, որ կգնամ այն վայրը, որը մենք անվանում ենք «ակումբ», որտեղ ամեն օր հավաքվում են մեր` Ցամաքաբերդ գյուղի տարեց մարդիկ: Տարբեր խաղեր են խաղում՝ նարդի, բլոտ և այլն: Ես որոշեցի նրանց նկարել, հետո պատկերացնում էի, որ կգնամ խաղահրապարակ, որտեղ հավաքվում են երեխաները, ֆուտբոլ, պահմտոցի և տարբեր խաղեր են խաղում, նրանց էլ կնկարեմ:
Երբ նկարահանման օրվան մնացել էր մեկ օր, հիշեցի, որ իմ ֆոտոխցիկը լիցքավորված չէ: Ես արագ դրեցի լիցքավորման և քնեցի: Առավոտյան արթնացա ու տեսա, որ ձյուն է եկել: Հիշեցի, որ նախորդ օրը համացանցում կարդացել էի, որ ձյուն է գալու, բայց իմ բնավորության համաձայն, ուշադրություն չէի դարձրել: Այդ ժամանակ հօդս ցնդեցին նկարահանման հետ կապված իմ բոլոր պատկերացումները:
Ինչպես ամեն օր, մի կերպ արթնանալով, գնացի դպրոց՝ հետս վերցնելով լիցքավորված ֆոտոխցիկս։ Դասերի ժամանակ մտածում էի, թե ինչ կարելի է նկարել: Դասերն ավարտվեցին, և ես այդպես էլ չորոշեցի, թե ինչ եմ նկարելու: Բոլորս տուն էինք գնում: Դպրոցի ճանապարհը լի էր աշակերտներով: Ես մտածեցի, որ եթե այդ տեսարանը նկարեմ, գեղեցիկ կլինի: Արագ հանեցի ֆոտոխցիկս և նկարեցի։ Հետո որոշեցի գնալ ակումբ՝ մտածելով, որ գոնե մի երկու հոգի կլինեն այնտեղ, և ես նրանց կնկարեմ: Գնացի, մարդ չկար: Գնացի տուն: Ճանապարհին հանդիպեցի մեր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներին: Նրանցից մեկին հարցրեցի.
-Անունդ ի՞նչ է:
-Մարիամ:
-Մարիա՛մ, դու ձնագնդիկով խաղալ գիտե՞ս:
-Հա՛, գիտեմ,-ծիծաղելով ասաց նա:
-Ինձ ձնագնդիկով կխփե՞ս, քեզ նկարեմ:
-Չէ…
-Ինչո՞ւ:
-Չեմ ուզում:
Երկար համոզելուց հետո վերջապես խփեց ինձ, և դա եղավ իմ ամենաստացված նկարներից մեկը:
Ես գնացի տուն, մտածում էի` էլ ինչ նկարեմ: Դրսից ձայներ էին լսվում: Ես գնացի դուրս ու տեսա, որ մի քանի հոգի սահնակով սահում են: Շատ ուրախացա և արագ վազեցի այդ կողմ: Նրանք սարից իջնում էին, ես նրանց նկարում…
Եվ եկավ այն ժամը, որ ես պետք է գնայի պարապմունքի, ճանապարհին նկարեցի թռչուններին, հետո նկարեցի տրակտորով գործ անող մարդկանց և ավարտեցի նկարահանումներս:
Ճիշտ է, ձյան պատճառով ես քիչ նկարներ ունեցա, բայց ամեն մի նկարը մի պատմություն էր պատմում։ Պարապմունքս ավարտելուց հետո եկա տուն և նկարներս արագ ուղարկեցի «17.am-ին»: Պարզվեց՝ ես պիտի վիդեո նկարեի: Շատ տխրեցի, որովհետև շատ գեղեցիկ վիդեոներ կարող էի նկարել: Բայց ինձ 17-ից հուսադրեցին. « Ոչինչ, հաջորդ անգամ կնկարես»: Ավարտվեց իմ օրը, ու ես հասկացա, որ եղանակի տեսությանը անպայման պետք է հետևել, որպեսզի այսպիսի խնդրի առաջ չկանգնեմ։
Շաբաթս հագեցած է անցնում, այդ պատճառով էլ ստիպված եմ լինում երկար քայլել: Լուսանկարելու համար էլ ի՞նչ է պետք. տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Աշուն է, շուրջ բոլորը մարդիկ են: Ամեն մեկը իր հոգսերով, մտքերով քայլում է ու չի նկատում իր շուրջը պտտվող աշնունը, որն արդեն վերջանում է: Ես նրանց շարքին չեմ պատկանում ու իմ ձևով արտահայտում եմ դա` լուսանկարելով։ Փողոցով քայլում ու մարդկանց եմ նկարում, որոնք ինչ-որ ձևով տարբերվում են մյուսներից, որոնք լուսանկարող մարդ տեսնելուց չեն փախչում, այլ ուզում են ծանոթանալ հետդ: Ես էլ իմ հերթին եմ մտերմանում իրենց հետ. լուսանկարչի լեզու` այս տերմինն է գործածվում այսպիսի դեպքերում։
Լուսանկարներով ես փորձում եմ փոխանցել տրամադրություն, քիչ թե շատ ստացվում է երևի։ Լուսանկարչությունը իմ լեզուն է։
Տուն, դպրոց, պարապմունքներ, դրանք են նպաստում, որ լուսանկարչական «ալբոմս» համալրեմ նոր նկարներով, նոր մարդկանցով ու նոր պատմություններով։
Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրես կյանքում, այն ինչ-որ չափով փոխում է էությունդ, ներաշխարհդ: Ամենամեծ ազդեցությունը, սակայն, կարող է ունենալ միայն արվեստը: Առաջին հայացքից անգամ` արվեստագետները տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Չնայած ուշ, բայց ոչ այնքան ուշացած, ես էլ հասկացա, որ արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես միանգամից սիրեցի լուսանկարել ու ոչ պարզապես, այլ մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի այս մասնագիտությանը: Սակայն չէի ցանկանա, որ այն դառնար ինձ համար աշխատանք, երբ ամբողջ օրը զբաղվում ես դրանով, և դրա մասին գիտեն բոլորը: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի գաղտնի անկյուն, մի լքված կառույց, որի մասին միայն ես կիմանայի: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի այնպիսի զբաղմունք, որի համար ես ամեն կերպ կփորձեի ամենազբաղված օրվանից անգամ ժամանակ առանձնացնել, այլ ոչ թե ամեն առիթ փորձեի գտնել դրանից փախչելու: Գուցե սիրեցի այս մասնագիտությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զգացմունքներդ ինչ-որ գերբնական ձևով արտահայտել մյուսների միջոցով: Կամ սիրեցի, որովհետև միշտ վախենում եմ ինչ-որ բան, ինչ-որ մեկին մոռանալուց: Հաստատ չգիտեմ` ինչու, բայց սիրեցի:
Ասում են, եթե ինչ-որ բան իրոք շատ ես սիրում, դժվար է բացատրել, թե հատկապես ինչու ես սիրում: Հավանաբար սրանով է պայմանավորված, թե ինչու չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդքան տարված լուսանկարչությամբ: Պարտադիր կերպով ինքս եմ ընտրում «հերոսներիս»: Նրանք պետք է առանձնանան, տարբերվեն բոլորից (ոչ միայն արտաքնապես, այլև ներաշխարհով), միևնույն ժամանակ, իրենց մեջ ամբողջացնելով բոլորին: Ամենամեծ բանը, որ լուսանկարը մարդուն կարող է տալ` հիշողությունն է, կյանքի անցողիկ միլիվայրկյանը: Սակայն այն ավելին է: Այն հույզ է, զգացմունք է, իր հետևում զգուշորեն թաքցնող մի ամբողջ կյանքի պատմություն է: Նայելով նկարում պատկերված անձին` կարող ես նրա աչքերում տեսնել ավելին, քան կարելի է պատկերացնել. ուրախություն, վիշտ, ցավ, սեր, տխրություն, հուսահատություն, օգնության տենչ, հիասթափություն… Իրական կյանքի իրական արտահայտումը լուսանկարի միջոցով հնարավոր է, երբ այն, ինչ ուզում ես լուսանկարել, լուսանկարում ես առանց նախապես զգուշացնելու: Երբ «հերոսդ» ապրում է իր առօրյայով, իր զգացմունքներով, իսկ դու պարզապես որսում ես այդ պահն ու հեռանում, անհետանում ես նրա կյանքից, և նա անգամ չի էլ իմանում քո մասին, չնայած, դու ամեն օր շարունակում ես հիանալ նրանով` չիմանալով անգամ նրա անունը:
Չգիտեմ, դա լրիվ ուրիշ աշխարհ է: Դա իմ աշխարհն է: Իմ ու իմ «հերոսների» աշխարհը…
Առավոտյան տանից մի պահ դուրս եկա և մոռացա տուն գալու մասին: Անուշ հացի բուրմունքը տարածվել էր փողոցով մեկ: Մեր հարևաններն էին հավաքվել հաց թխելու: Առաջին բանը, որ մտքիս եկավ` գնալ ֆոտո անել, զրուցել, ինչու չէ, նաև համեղ հացից հյուրասիրվել:
-Բարև ձեզ: Էս ի՞նչ լավ գործի եք:
-Բարով եկար, Սոնչկա ջան:
-Ես եկել եմ ձեզ նկարեմ:
-Վայ, աման, էս տեսքով, խայտառակ եղանք…
-Վայ, ի՞նչ եք ասում, հենց էս տեսքն ա համ ու հոտ տալիս ֆոտոներին: Ես «Մանանա» կենտրոնի թղթակից եմ, ու սենց ֆոտոշարքը շատ հավես նյութի հետ կտեղադրեն կայքում:
-Տո դե լավ է, նկարի… Ասա` ի՞նչ անեմ, ո՞նց անեմ:
-Դուք ձեր գործը շարունակեք` ես ընթացքը կնկարեմ:
-Է~, մեզ սենց հաց թխելուց էնքան են նկարել, հասցրել են մինչև Ավստրալիա: Համա` մենակ մենք չենք հասել:
-Հըլը էս հացից մի քիչ կեր, տաք-տաք: Տաթո,հըլը զանգի էն աղջկան` թող պադվալից նորմալ պանիր հանի բերի, բրդուճ անենք:
Թխում էին ու առանձնացնում հարևանների հացերը: Դե, դա սովորույթ է. եթե փողոցում մեկը հաց է թխում` հարևաններին գոնե երկու հաց տալիս է: Ես էլ բացառություն չէի. երեք հատ էլ ինձ բաժին հասավ:

Երեխեք ջան, վերցնում ենք խինգ խատ ցան, կենտրոնում դնում ենք կարտոլ, հետո կարտոլների կողերը շարում ենք չորս խատ ցան, և մի խատն էլ դնում վիրևը, ու վառում ենք: Կարտոլները շատ բարձր ջերմաստիճանի մեջ էփում ա ու համարյա մե կես ժամ ետո խանում ենք, կլպում ու ուտում: