anush epremyan

Աշխատասեր տատս

Ամառ է արդեն:

Չհաշված այս վիրուսները՝ կարծես ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ամսի 2-ն էր, ինչպես բոլոր գյուղացիները, այնպես էլ տատիկս զբազվում էր իր առօրեական գործերով: Կարճ ասած՝ ամսի երկուսը մեզ համար վատ օր էր։

77-ամյա տատիկս շատ անհամբեր էր իր առօրյա գյուղական գործերի հարցում։ Առավոտյան վաղ, երբ մենք քնած էինք, եղբայրս վազեց մեր ննջասենյակ և վախեցած ասաց.

-Անո՜ւշ, Արև՜, զարթնեք, տատին հորթը դուրս ա հանել, հորթը տատիին քաշել քցել ա գետնին, ոտը ջարդել ա։

Եղբորս խոսքից հետո այնպես դուրս եկանք տանից, մենք ինքներս անգամ չհասկացանք՝ ինչպես:

-Տատի, ի՞նչ ա եղել, ո՞նց եղավ։

-Սուս, այ բալա, լինելու բանը պիտի լինի:

Շտապեցինք հեռախոս վերցնել, եղբայրս զանգահարեց հորեղբորս կնոջը, քույրս՝ մայրիկին, իսկ ես հանգստացնում էի տատիկին՝ ասելով, որ բան չկա, կանցնի, պարզապես ընկել է։

-Տո չէ, այ բալա, ես լսել եմ ձենը՝ ջարդվել ա, շխկոցն առել եմ:

Առաջինը եկավ հորեղբորս կինը, մայրս աշխատանքի էր, ու այնտեղից էլ միացել է իրենց։

Արագ տաքսի կանչեցինք ու տատիկին տեղափոխեցինք «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունք։ Պարզվեց, որ տատիկս ստացել է աջ ազդրոսկրի, միջին ստորին 3-ականի փակ կոտրվածք և բեկորների տեղաշարժ։ Նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն, ոսկրաբեկորների համադրում պտուտակներով։ Նույն օրը կատարվեց բարդ վիրահատական միջամտությունը։ Այժմ տատիկս գտնվում է բժիշկների և իրեն հարազատ մարդկանց հսկողության տակ։

Նյութը գրել եմ հիվանդանոցում, խնամակալության ժամանակ, երբ տատիկս արդեն քնել էր:

20200531_144519

Գյուղ Լանջաղբյուր․ Իլիկավանք

Ծնվելով, մեծանալով և մի մասը լինելով այն տարածքի, որտեղ ապրում ենք, մենք հաճախ չենք ճանաչում ամեն մի անկյունը, քարը և կառույցը, որոնք մեզ շրջապատում են։ Վերջերս բացահայտեցի Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան մասում լեռների կատարին իր գեղեցկությամբ առանձնացող Իլիկավանք կամ Պառվի վանք կոչվող ամրոցային համալիրի ավերակները և 9-10-րդ դար թվագրվող եկեղեցին։

20200531_144519

Տեղացիներից մեկը պատմեց, որ ըստ ավանդույթի՝ մի պառավի շնորհիվ է կառուցվել եկեղեցին։ Ասում են՝ պառավը տարիներ շարունակ իլիկ մանելով գումար է հավաքել, որպեզսի եկեղեցի կառուցի՝ որպես իր շնորհակալությունը Աստծուն պատերազմի ընթացքում իր որդիների կյանքի փրկության համար։ Այս է պատճառը, որ եկեղեցին անվանվել է Իլիկավանք։

IMG-20200531-WA0022

Հետագայում ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա 1-2-րդ հազարամյակներ, անվանվել է Իլիկավանք կամ Պառվի ամրոց։

IMG-20200531-WA0027

Իլիկավանքը կիկլոպյան ամրոց է և կան բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձրադիր հատվածում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Ամրոցը իր բնակատեղիով զբաղեցրել է շուրջ 70 հեկտար տարածություն։

IMG-20200531-WA0051

Nare Hovhannisyan

Գնում եմ, որ էլ չմնամ

Եկել եմ, որ թեթև հպվեմ մատներիդ, որ անցնեմ ու հրեմ կողոսկրերդ, որ մի պահ շունչդ կտրվի, որ թթվածնի ծարավ հայացքով վազես բաց դաշտով մեկ ու մոլորվես։ Եկել եմ, որ մազերդ խառնեմ, խառնեմ այնպես, որ հանգույցներ առաջանան, այնպիսին, որ քանդել չկարողանաս, չնայած դու շա՜տ հանգույցներ ես քանդել, հատկապես՝ այնպիսիք, որոնք գոյացել էին մեր ճանապարհին, մեր կյանքի խաչմերուկին։ Եկել եմ, որ ներսի ու դրսի արևը ցրեմ, որ փակեմ նրանց ամպերի հետևում, որ մրսես ցրտից ու հոգուդ դատարկությունից, որ ցնցվես ամբողջ մարմնով։ Եկել եմ, որ հոգիդ ու մտքերդ խառնեմ, որ մոռանաս ու էլ երբեք չհիշես։ Եկել եմ, որ պատուհանիդ վերևում այն մշտարթուն լուսատուին, այն փայլող աստղին մոլորեցնեմ, որ էլ չնայես, որ էլ չփնտրես, ու որ մոռանաս։ Եկել եմ, որ խառնեմ մեր կարդացած գրքերը, այն գրքերը, որոնց հերոսներին ինձնից շատ էիր սիրում, այն գրքերը, որոնց կազմերն արդեն հազար տակ նորոգել էիր ու նրանք հենց քո նորոգումից էին մաշվել։
Եկել եմ… բայց գնում եմ, գնում եմ, որ հոգիդ խաղաղվի, որ մտքերդ վերհիշես, որ մազերդ թափվեն ուսերիդ այն ծովի հանդարտ ալիքների պես, որի ափին էդպես էլ միասին չնստեցինք, գնում եմ, որ հանդարտ շնչես, որ էլ չվազես, որ էլ չպայքարես, գնում եմ, որ վերադառնաս մեր գրքի հերոսներին ու նորոգածդ կազմերին, գնում եմ, որ լուսատուիդ փայլը վերականգնվի, որ շողա առաջվա պես։ Գնում եմ, որ էլ չմնամ, որ էլ չմնանք…

noya karapetyan

«Ոչ մի ժպիտ երբեք չի կրկնվում, մի՛ վախեցեք լինել անկրկնելի»

Արտակարգ դրությունը, ցավոք, բոլորիս առջև փակեց շատ ու շատ կարևոր դռներ, ուստի այն հնարավորություն տվեց ուսումնասիրել հայ ժամանակակից գրականությունը և կարծիք ձևավորել արդի գրողների ստեղծագործությունների մասին։

Այսօր վիրտուալ և նաև այլ հարթակներում իր ստեղծագործություններով առանձնանում է ժամանակակից գրող, բանաստեղծ, էսսեիստ Մհեր Արշակյանը։ Բանաստեղծի հետ ունեցած փոքրիկ զրույցը և վերջինիս ստեղծագործությունների մոգական քաղվածքներից մի քանիսը՝ ստորև։

-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը։

-Իմ առաջին ստեղծագործությունը «Սիրող մարդը» վիպակն էր, որը գրվել է Կամյուի «Անկումի» մոտիվներով։

-Ըստ Պարույրի Սևակի՝ բանաստեղծը ծնվում է խոսելու իր բերանով, բայց բոլորի անունից, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության և դարաշրջանի։ Դո՞ւք էլ եք այդպես մտածում։

-Գիտե՞ք, Սևակը ամենաճիշտ տարբերակը չէ բանաստեղծի և բանաստեղծության էությունը հասկանալու համար։ Բանաստեղծը չի ծնվում, որ խոսի բոլորի անունից, և բանաստեղծը որևէ կոչում չունի, բանաստեղծությունը ընդամենը ներսից չպայթելու մի ձև է։ Արվեստը, ընդհանրապես, իր էությամբ մարդու հրաբուխն է։ Որպեսզի ներսից մարդը չքանդվի այն զգացումներից ու մտքերից, որոնք ունի, արտահայտվում է, եթե չարտահայտվի, կոչնչանա։ Իսկ մյուսները այդ արտահայտություններում գտնում են այն, ինչը իրենց օգնում է չքանդվել՝ առանց արտահայտվել կարողանալու։

-«Բառերը ծուղակ են՝ ամենակարևորն ասելու մտքի մեջ»։ Դուք կարողանո՞ւմ եք առանց որևէ մեկին ծուղակը գցելու՝ հասկացնել ամենակարևորը։

-Ես չեմ փորձում ծուղակը գցել, որովհետև բառերն արդեն ծուղակ են և ես մարդուն մոտենում եմ ծուղակով: Այլ հարց է, որ ես իմ էությունն եմ ավելի բացում՝ զանցելով բառերի «քչախոսությունը»:

«Էությունը՝ զանցելով բառերի քչախոսությունը…

Իսկական բառերն ասելու համար չեն, այլ իմաստավորելու։

Ես քեզ սիրեցի, որովհետև դու նման չէիր ոչ մեկին: Հիմա դու նման ես բոլորին, որոնց չեմ սիրում:

Մի՛ ապրեք կյանքի հաշվին, ապրեք նրա հետ, նրանով։

Երբ դատապարտված ես թողնել լավագույնին, ստիպված ես լինել ավելի լավը…»։

-Կասե՞ք ինձ՝ ո՞րն է հաղթանակի ամենատհաճ զգացումը:

-Առանց սիրո զրուցել մեկի հետ, որին երբևէ սիրել ես:

«Աստված գալիս է հավերժ կյանքի խոստումով: Սատանան՝ հաջորդ կյանքի: Բնականաբար, հաղթում է երկրորդը:

Բանաստեղծությունն ու բանաստեղծն այդպես էլ ընդհանուր լեզու չգտան մուսայի հարցում»:

Անհագ ցանկությամբ ու մեծ սիրով կարելի է ընթերցել մերօրյա գրողներին։

seda mkhitaryan

Անհասցե նամակներ

Կանաչ դաշտերի գեղեցկությունը
Դաշտերի կանաչ ազատությունն ու
Քո հավիտենական բացակայությունը
Իրար չեն սազում։
Գարնան սպիտակ ծաղկաթերթերը,
Ծաղկաթերթերի սպիտակ բույրն ու
Քո օծանելիքի մոռացումը
Իրար չեն սազում։
Գետերի կապույտ վարարումները,
Վարարումների կապույտ ձայներն ու
Քո հավիտենական լռությունը
Իրար չեն սազում։
Ծառերի յասամանագույն ճյուղերը,
Ճյուղերին ծաղկած յասամաններն ու
Քո հավիտենական սառնությունը
Իրար չեն սազում։
Գոնե աշուն լիներ…

***

Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ,
Ես քեզ կասեմ, որ առանց դու,
Ու առանց քեզ
Ես քայլում եմ անհայտ ուղով։
Որ առանց դու,
Ու առանց քեզ
Եսը չկա, իմը չկա։
Եթե մի օր չվախենամ,
Համարձակվեմ խոսել հետդ
Երևի թե ես կլռեմ,
Ու կնայեմ աչքերին քո։
Դրանց ներսում կգտնեմ
Եսը, իմը
Ու կլռեմ։
Միակ համարձակությունս փնտրելը կլինի։
Վախս` գտնելը։

***

Տեսությունը իմ հորինած
Դու ես ժխտել։
Տեսությունը իմ ստեղծած,
Քեզանով է ապացուցվել։
Տեսությունը իմ երազած
Քո մասին էր։
Տեսությունը իմ հորինած
Քեզանից գողացված էր։
Տեսությունից իմ ու քո
Մենքը հանիր։
Ես մենակ եմ այստեղ կանգնած`
Իմ հորինած ստի առջև։
Տեսությունը իմ հորինած
Դու ես ստել,
Բայց սուտը այդ տեսության
Դու էիր հենց։

marat sirunyan

Ինքն էլ ժպտաց

Մեկը հեռվից ձայն էր տալիս. անունը մեկ ուժգին լսվեց, ու մեկ էլ խլացավ ամեն ձայն: Քար լռության մեջ հանկարծ մի բոց չգիտես` որտեղից հայտնվեց ու մի ակնթարթում իր մեջ առավ իրենց փոքրիկ տունը… Հետո նույն արագությամբ ամեն ինչ խաղաղ տեսք ստացավ. հայրը եզան խոփից բռնած արտն էր վարում ու երբեմն ժպտացող հայացքն իրեն ուղղում… Մի պահ հանկարծ աչքերը մթնեցին. մեկը մյուսին սկսեցին հաջորդել սարսափի ու եղեռնի տեսարանները… Վեր թռավ… Էրգիրն էր երազի մեջ… Արևի շողերն արդեն պատուհանի ապակին տաքացրած ու վարագույրի փոքրիկ բացվածքից ներս ընկած փայլփլում էին՝ նրա աչքերից հոսող արցունքներին հպվելով: Վեր կացավ, հագնվեց, բայց ոտքերում ուժ չգտավ կանգնելու: Անկողնու կողքի հնաոճ դարակից, որը տարիներ շարունակ փոշին ներծծել էր իր մեջ, հանեց նույնքան հին մուշտուկն ու երազի սարսափազդու տեսիլներն էլ մեջը լցնելով ու վառելով՝ մտքերի մեջ ընկավ… Մեկ էլ ե՞րբ էր հորը ժպտալիս տեսել… Հիշե՜ց… Մեկը դեռ էրգրում էր, մյուսը՝ էրգիր գնալիս… Տեսնես հիմա ինչո՞ւ էր ժպտում… Մինչև մտքերից սթափվեց, մուշտուկից երկու մուխ հասցրեց քաշել. հանգավ… Ուժերը տեղն եկան, կանգնեց, առանց մուշտուկը ձեռքից ցած դնելու՝ դուրս եկավ սենյակից, հետո՝ տնից: Մուշտուկի մեջ եղած մնացորդը դատարկեց ու դրեց գրպանը, քայլերն ուղղեց խնձորենուն: Ճյուղերը կախվել էին, կարմրաթուշ խնձորներն այս ու այն ճյուղից ժպում էին, աչքով անում… Բանատեղ դնող չկար… Այգում էր կանգնած, իսկ աչքերի առաջ նորից իրենց տունն ու արտն էր… Սթափվում էր, ձեռքը մեկնում, մեկ-երկու խնձոր քաղում, դնում գրպանն ու նորից մտքերով տարվում… Կոստյումի գրպաններում էլ տեղ չկար: Նստեց պատի տակի կոճղին ու հայացքը գյուղին ուղղեց: Քաղածը երեք-չորս խնձոր էր, բայց հասցրել էր քրտնել, իսկ քրտինքն էլ՝ սառչել ճակատին: Տաբատի գրպանից հանեց ճմռթված թաշկինակն ու սրբեց ճակատը: Տարիների դարդ ու ցավերի կեսը մուշտուկին էր տալիս, մյուս կեսը թաշկինակին տված՝ սահեցնում էր ճակտով, թողնում այնտեղ. իսկ այդ ցավերից արդեն տարիների ընթացքում խորը ձորեր էին գոյացել… Վեր կացավ ու ճամփա ընկավ… Բարև-բարի լույս, խոսք ու զրույց մուշտուկի հետ գրպանն էր դրել ու իր մտքերի հետ ընկած՝ քայլում էր, հանդիպողին գլխով անում ու զարմացած հայացքները ետևում թողած՝ անցնում: Քայլելուն զուգահեռ գրպանից հերթով հանում էր խնձորները, ցամաքած ձեռքերով մաքրում դրանք, նորից տեղավորում գրպանում: Վերջապես հասավ որդու տանը. նրան հանդիպեց բակում: Որդին զարմացավ, բայց ուրախացած ներս կանչեց.

-Էսքան ճամփեն ո՞նց ես եկել, ա՛յ մարդ, բայց ի՜նչ լավ է, որ եկար, հայրի՛կ, թե չէ ես ժամանակ չեմ ունենում. ահա, քիչ հետո էլ նորից քաղաք պիտի գնամ,- արդարանալու փորձ արեց որդին:

Որպես պատասխան՝ խոսելու փոխարեն խորը հոգոց հանեց, որի մեջ այնքան ցավ կար, որքան որդուն մեծացնելու ընթացքում ծխած մուշտուկների մեջ էր դրել երևի… Փոքր թոռը երկու-երեք ամսական էր, ինքը հազիվ երկու-երեք անգամ տեսած լիներ… Մոտեցավ օրորոցին, գրպանից հանեց խնձորներն ու դրեց երեխայի կողքին, իսկ փոքրիկը ուրախացած սկսեց խաղալ դրանց հետ: Մյուս թոռները գյուղում չէին. հորաքրոջ տուն էին գնացել՝ քաղաք: Մի քանի րոպե լուռ հետևում էր փոքրիկին, արցունքները դանդաղ հոսում էին փոս ընկած այտերով, հասնում շուրթերին, բայց անգամ դրանց աղի համը չէր զգում. բերանի համն էլ էր կորցրել, թեև կյանքի համը դեռ կարգին չէր առել…

Արցունքները սրբեց, օրհնեց թոռանն ու անմիջապես դուրս եկավ տանից, որդին էլ ետևից, ու վերջինիս՝ մի փոքր էլ մնալու խնդրանքներին ականջալուր չեղավ: Շոյեց որդու գլուխը, համբուրեց ճակատն ու գնաց… Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց դեպի որդին ու դառնաժպիտը դեմքին՝ լսելի շշնջաց.

-Լաո, մանչուդ լավ նայէ. դու լը գմենձնաս…

Որդին սառած մնաց տեղում, ինքն անհետացավ հորիզոնում… Չհասկացավ էլ ինչպես հասավ տուն…

Գրպանից մուշտուկը հանեց, մի կերպ՝ մեջքի ցավին մեջքով կանգնած կռացավ, մի բուռ հող վերցրեց ու թութունի փոխարեն հողը սկսեց լցնել մուշտուկի մեջ: Այդ միջոցին հարևանը հասավ ու զարմացած մնաց.

-Էդ ի՞նչ բանի ես, այ մարդ, հո՞ չես խելռե…

-Ա՜խ զիմ հեր հող գվարեր, ես էս հող թոկերով զգալ գուզիմ, զիմ ցավ էդ հողի մեջ թաղել գուզիմ, տո՝ խելռե՜լ գուզիմ…,- դողացող ձեռքից հողով լցված մուշտուկն ընկավ… Աչքերի առաջ հայրն էր ժպտում…

Հարևանը թևանցուկ արած ներս տարավ նրան, պառկեցրեց անկողնու վրա ու շտապեց մեկին օգնության կանչելու: Արևի շողերը դողդողում էին պատուհանին դիպած. ներս չէին համարձակվում մտնել: Աչքերի առաջ մե՛կ այրվող տունն էր, մե՛կ ճյուղակոտոր խնձորենին. ականջներում էլ՝ հեռվից իրեն կանչող ձայները… Հորը հիշեց… ժպտում էր… Ինքն էլ ժպտաց…

davit shahbazyan

Մեր սեփական ընտրությունը

Բոլորս էլ կյանքում հաճախ ենք կանգնում ընտրության առաջ, ու հաճախ չենք ընտրում այն, ինչը իրոք մենք էինք ուզում, այլ ընտրում ենք այն, ինչը ուզում են մեր ծնողները, ընկերները, բարեկամները։

Արդյոք ճի՞շտ է դա. հիմա կհասկանանք։
Ավարտվեց 2019-20 ուստարին, և մենք՝ դպրոցը ավարտածներս, դեռ վաղուց կանգնած ենք եղել այդ ընտրության առջև․ արդյոք սովորե՞լ բուհում, թե՞ ոչ, կամ եթե սովորել, ապա ի՞նչ մասնագիտությամբ։ Եվ հենց այս փնտրտուքների ժամանակ է, որ մեր գլխին տեղատարափի նման թափվում են հազարավոր, իբր թե լավ ու բարեսիրտ խորհուրդներ, որոնք ապակողմնորոշելուց բացի ուրիշ ֆունկցիա չեն կատարում մեր կյանքում։
Ամենասարսափելին այն է, երբ մենք, դեռ մեր սեփական ընտրությունը չկատարած, տրվում ենք այդ բազում խորհուրդներից մեկին ու գնում այնտեղ, որտեղ բոլորովին մեզ չէին սպասում, և ահա, խնդրեմ՝ դու չես լինի այն, ինչի մասին երազել ես միշտ։

Մենք սիրում ենք մեր ընկերներին, ծնողներին ու բարեկամներին, բայց մենք ենք ապրելու մեր կյանքը և ոչ թե նրանք, ու եկեք ապրենք այնպես, ինչպես մեր սիրտն ու հոգին են ցանկանում։
Ես կատարել եմ իմ ընտրությունը այնպես, ինչպես իմ հոգին է ցանկացել, վստահ եմ, որ հաջողությունը, նկատելով, որ դեպի իրեն եմ վազում, ինձ ընդառաջ կգա։